Skip to main content

Վեստֆալյան խաղաղությունը

 

Վեստֆալյան խաղաղությունը

Մեր օրերում Վեստֆալյան խաղաղությունն ընդունված է համարել հետագայում ամբողջ աշխարհում տարածված աշխարհակարգի նոր հայեցակարգի իրականացման առաջին քայլը: Սակայն խաղաղություն կնքելու համար հավաքված մարդկանց հետաքրքրում էին ոչ թե երկարաժամկետ հեռանկարները, այլ արարողակարգն ու կարգավիճակը:

Մինչ Սրբազան հռոմեական կայսրությունն ու նրա երկու գլխավոր հակառակորդներ Ֆրանսիան ու Շվեդիան խաղաղության կոնֆերանս հրավիրելու հարցն էին համաձայնեցնում, զուգահեռաբար հակամարտությունը 23 տարի շարունակվում էր: Ճակատամարտերը տևեցին ևս 2 տարի, մինչև որ պատվիրակությունները վերջապես հանդիպեցին: Ըստ որում՝ կողմերից յուրաքանչյուրը խուսանավում էր, որպեսզի սեփական դաշնակիցների հետ կապերն ամրապնդի ու հաղթահարի ներքին հակասությունները:

Ի տարբերություն նշանակալից այլ համաձայնությունների, ինչպես 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսն էր կամ 1919թ. Վերսալի պայմանագիրը, Վեստֆալյան խաղաղությունը չի ձևակերպվել մեկ խաղաղ կոնֆերանսի ընթացքում, նիստերն էլ նման չէին այդպիսի կոնֆերանսներին բնորոշ բանակցություններին, երբ պետական գործիչները հավաքվում ու աշխարհակարգի հետ կապված վերացական հարցեր էին քննարկում: Արտացոլելով Իսպանիայից մինչև Շվեդիան՝ ողջ Եվրոպան, ընդգրկած պատերազմի մասնակիցների բազմաքանակությունը՝ խաղաղությունը հաստատվեց վեստֆալյան երկու տարբեր համեստ քաղաքներում ստորագրված բազմաթիվ առանձին համաձայնագրերի արդյունքում: Կաթոլիկ տերությունների ներկայացուցիչները, որոնց թվում էին Սրբազան Հռոմեական կայսրության մեջ մտնող պետությունների 178 պատվիրակներ, հավաքվել էին կաթոլիկ Մյունստեր քաղաքում: Բողոքական պատվիրակները հավաքվել էին Մյունստերից 30 մղոն հեռավորության վրա գտնվող Օսնաբրյուք քաղաքում, որն ուներ խառը՝ կաթոլիկ և լյութերական բնակչություն: 235 պատվիրակներն ու իրենց պատվիրակության անդամները երկու քաղաքներում էլ զբաղեցրել էին օգտագործման ենթակա բոլոր տարածքները, քանզի այդ քաղաքներից ոչ մեկը մասշտաբային միջոցառման վայր, առավել ևս՝ եվրոպական երկրների ներկայացուցիչների համագումարի անցկացման տեղ երբեք չէր դիտարկվել: Շվեյցարացի պատվիրակը «տեղավորվել էր մանածագործական արհեստանոցի վերևի մի սենյակում, որտեղից երշիկի ու ձկան յուղի հոտ էր գալիս», իսկ Բավարիայի պատվիրակությունն իր կազմում եղած 22 հոգու համար կռվով միայն կարողացավ 14 անկողին գտնել: Կոնֆերանսի լիազորված նախագահողի կամ միջնորդի, ինչպես նաև հերթական նիստերի բացակայության պայմաններում պատվիրակները պայմաններ քննարկելու համար միմյանց հետ հանդիպում էին որտեղ պատահի ու հանդիպման համար նույնիսկ ուղևորվում էին երկու քաղաքների միջև ընկած չեզոք տարածքներ, երբեմն էլ պանդոկներում ոչ ֆորմալ խնջույքներ էին անում: Որոշ խոշոր տերություններ երկու քաղաքներում էլ պատվիրակություններ էին տեղակայել: Միաժամանակ շարունակվում էին ռազմական գործողությունները Եվրոպայի տարբեր հատվածներում, ու ռազմական դինամիկան ազդում էր բանակցությունների ընթացքի վրա:

Պատվիրակների մեծ մասը կոնֆերանսի էր եկել բացառապես սեփական ռազմավարական շահերի վրա հիմնված գործնական հրահանգներով: Նրանք բարձրաձայն արտաբերում էին վերամբարձ, երբեմն նմանատիպ խոսքեր՝ «հանուն քրիստոնեության հաստատել խաղաղություն», մինչդեռ հայեցակարգային ու քաղաքական միասնության այդ բարձր նպատակի իրականացման համար չափազանց շատ արյուն էր թափվել: Բոլորն էլ փայլուն հասկանում և որպես անհրաժեշտություն էին ընկալում այն, որ խաղաղությունը հնարավոր է, եթե հիմնված լինի բոլոր մրցակիցների համար ուժերի ընդունելի հավասարակշռության վրա:

Այս չափազանց մշուշոտ քննարկումներից ծնված Վեստֆալյան խաղաղությունը, թերևս, Եվրոպայի պատմության մեջ ամենահաճախ մեջբերվող դիվանագիտական փաստաթուղթն է, չնայած որ պայմանագրի պայմանները մարմնավորող որևէ միասնական փաստաթուղթ իրականում գոյություն չունի: Պատվիրակներն էլ չեն հանդիպել մեկ ընդհանուր նիստում, որպեսզի նման փաստաթուղթ ընդունեն: Այդ խաղաղությունը տարբեր ժամանակ ու տարբեր քաղաքներում առանձին-առանձին ստորագրված երեք փոխլրացնող համաձայնագրերի արդյունք էր: 1648թ. հունվարին կնքված Մյունստերի պայմանագրով Իսպանիան ճանաչեց Հոլանդական հանրապետության անկախությունը, և դրանով ավարտվեց 80 տարի տևած հոլանդական ապստամբությունը, որի եզրափակիչ փուլը համընկել էր երեսնամյա պատերազմի հետ: 1648թ. հոկտեմբերին երկու տարբեր հավաքներում պատվիրակների կողմից առանձին-առանձին ստորագրվեցին Մյունստերի և Օսնաբրյուքի խաղաղության պայմանագրերը, ըստ որում՝ այդ պայմանագրերի պայմաններն ու առանցքային դրույթները համընկնում էին:

Բազմակողմ հիմնական երկու պայմանագրերն էլ հռչակում էին «Աստծո փառքի ու քրիստոնեական աշխարհի անվտանգության» համար «քրիստոնեական, համընդհանուր, անքակտելի, ճշմարիտ ու անկեղծ խաղաղություն ու բարեկամություն» հաստատելու ձգտում: Առանցքային ձևակերպումները չէին տարբերվում այդ ժամանակվա այլ փաստաթղթերի համապատասխան հոդվածներից: Մինչդեռ դրանք կյանքի կոչելու մեխանիզմներն աննախադեպ էին: Պատերազմը ոչնչացրել էր ունիվերսալ կամ նույնիսկ կրոնական համերաշխության նկրտումները: Սկսվելով որպես կաթոլիկների ու բողոքականների բախում՝ հատկապես Սրբազան հռոմեական կայսրության դեմ Ֆրանսիայի հանդես գալուց հետո այն վերածվեց խորամանկ խարդավանքների ու հակասական դաշինքների շղթայի: Ինչպես մերօրյա մերձավորարևելյան հրդեհի դեպքում, այդ ժամանակ ևս կրոնական պատկանելությունը պետք է լիներ պատերազմում շահագրգռվածության ու համերաշխության պատճառ, բայց աշխարհաքաղաքական շահերի կամ նույնիսկ առանձին ականավոր անհատների հավակնությունների բերումով դա հաճախ անտեսվում էր: Պատերազմի այս կամ այն փուլում խմբավորումներից յուրաքանչյուրը ճաշակում էր «բնական» դաշնակիցների դավաճանությունը: Ոչ ոք դաշնակցային պայմանագիր չէր կնքում՝ պատրանքներից ելնելով: Սեփական շահերն ու սեփական հեղինակությունը սպասարկելուց բացի, այլ բան չէր արվում:

Զարմանալի է, բայց ընդհանուր հյուսվածությունն ու ցինիզմը պատվիրակներին հնարավորություն տվեց մեկ առանձին պատերազմն ավարտելուն ուղղված գործնական միջոցները դարձնել աշխարհակարգի հայեցակարգ: Զենքի ուժով նվաճված հաջողությունն ամրապնդելու նպատակով ճակատամարտերում կոփված բազմաթիվ մարտիկների տասնյակ հանդիպումների արդյունքում նախկին հիերարխիկ տարբերություններն աննկատ վերացան: Հաստատվեց ինքնիշխան պետությունների անկապտելի հավասարություն՝ անկախ նրանց հզորությունից ու կառավարման ձևից: Եվրոպական թատերաբեմի նոր խաղացողները, ինչպիսիք էին Շվեդիան ու Հոլանդական հանրապետությունը, արարողակարգով հավասարվեցին այնպիսի հարգված խոշոր տերությունների, ինչպիսիք էին Ֆրանսիան ու Ավստրիան: Բոլոր միապետերին անվանում էին «Մեծություն» իսկ դեսպաններին՝ «գերազանցություն»: Հավասարության ձգտումն այնքան հեռուն էր գնացել, որ պատվիրակությունները, ձգտելով բացարձակ հավասարության, որոշել էին բանակցությունների սենյակ մուտք գործել առանձին դռներից (ինչի պատճառով սենյակում դռներ էին սարքվում՝ ըստ մասնակիցների քանակի) և իրենց աթոռին մոտենալ հավասար քայլերով, որպեսզի որևէ մեկի արժանապատվությունը չտուժի. չէ՞ որ նա, ով արագ էր քայլում, ստիպված էր սպասել ավելի դանդաղաշարժին:

Վեստֆալյան խաղաղությունը ազգերի համար շրջադարձային դարձավ, քանզի պայմանագրի դրույթները միաժամանակ և՛ պարզ էին, և՛ համընդգրկուն: Այսուհետ եվրոպական կարգերի շինաքար ճանաչվում էր պետությունը, ոչ թե կայսրությունը, արքայատոհմը կամ կրոնական համայնքը: Մշակվեց պետական ինքնիշխանության հայեցակարգը: Պայմանագիրը ստորագրած յուրաքանչյուր կողմի՝ այլոց միջամտությունից զերծ ներքին կառուցվածք հաստատելու ու կրոնական կողմնորոշում ունենալու իրավունքն ամրագրվեց ֆորմալ եղանակով, իսկ հավելյալ պայմաններով արձանագրվեց, որ կրոնական փոքրամասնություններն իրավունք ունեն դավանել սեփական հավատքն ու չվախենալ բռնի, հարկադրված կրոնափոխությունից: Կողմերի անմիջական պահանջներից բացի, այդ պահին պայմանագրերն արձանագրում էին նաև աշխարհամասում տոտալ պատերազմի կրկնությունը կանխելու համընդհանուր ցանկությունից բխող սկզբունքներ, ինչն էլ հիմք դրեց «միջազգային հարաբերությունների» համակարգին: Դիվանագիտական փոխանակման պրակտիկան, այդ թվում՝ այլ մայրաքաղաքներում մշտական հիմունքներով դեսպանությունները (մինչ այդ նման պրակտիկա միայն վենետիկցիներն ունեին) կոչված էին կարգավորելու հարաբերություններն ու նպաստել խաղաղության արվեստի զարգացմանը: Կողմերը վեստֆալյան մոդելով ապագա կոնֆերանսները դիտում էին որպես հնարավոր պատերազմի պատճառ հանդիսացող վեճերը լուծելու գործիք: Պատերազմի ժամանակ եվրոպացի լուսավոր իրավաբանները, ինչպիսին էր, օրինակ, Հուգո դե Հրոցիոսը, մշակեցին միջազգային իրավունքը՝ որպես համաձայնեցված դոկտրինների՝ ընդլայնում ենթադրող տարածություն, որը պետք է ներդաշնակություն ապահովի՝ հիմքում ունենալով վեստֆալյան պայմանագրերը:

Այդ համակարգի հանճարեղությունն ու ողջ աշխարհում դրա տարածման պատճառն այն էր, որ նրանում ամրագրված դրույթներն ընթացակարգային էին, ոչ թե առարկայական: Եթե պետությունն ընդունում էր այդ հիմնարար պահանջները, ապա ճանաչվում էր միջազգային քաղաքացի, որն իրավունք էր ընձեռում ունենալ արտաքին միջամտությունից միջազգայնորեն պաշտպանված սեփական մշակույթ, իշխանություն, կրոն ու ներքին քաղաքականություն: Կայսերական կամ կրոնական միասնության իդեալը, որ աշխարհակարգի հիմք էր Եվրոպայում ու այլ տարածաշրջաններում, ենթադրում էր, որ լիարժեք լեգիտիմ կարող է համարվել միայն մեկ իշխանության կենտրոն: Վեստֆալյան համակարգը ելակետ համարեց նմանատիպ բազմաթիվ կենտրոնների գոյությունը և ընդունելով երկրների բազմազանությունը՝ այն դարձրեց կարգերի որոնումների հիմք: 20-րդ դարի կեսերին միջազգային այդ համակարգն առկա էր բոլոր աշխարհամասերում ու շարունակում է մնալ այն աշխարհակարգի հիմքը, որին ականատես ենք այսօր:

Վեստֆալյան խաղաղությունը դիմակայող դաշինքների որոշակի դասավորում չարձանագրեց ու ոչ էլ համաեվրոպական քաղաքական մշտական կառույց հիմնեց: Միասնական եկեղեցու՝ որպես լեգիտիմության հիմնական աղբյուրի դիրքի կորստի, ինչպես նաև Սրբազան հռոմեական կայսրության դիրքերի թուլացման հետևանքով Եվրոպայում որպես կարգերի հիմք՝ ընտրվեց ուժերի հավասարակշռությունը: Այն, ըստ սահմանման, ենթադրում էր գաղափարական չեզոքություն ու փոփոխվող իրողություններին հարմարվելու ունակություն: 19-րդ դարի բրիտանացի պետական գործիչ լորդ Պալմերսթոնն այդ խաղաղության հիմնական սկզբունքը ձևակերպել է այսպես. «Մենք չունենք հավերժական դաշնակիցներ ու հավերժական թշնամիներ: Մեր շահերն են հավերժական, և մեր պարտքն է մեր շահերին հետամուտ լինելը»: Այդ շահերն ավելի կոնկրետ՝ պաշտոնական «արտաքին քաղաքականության» տեսքով ձևակերպելու խնդրանքներին ի պատասխան՝ բրիտանական տերության մեծն ջատագովը պատասխանել է. «Երբ մարդիկ ինձ հարցնում են…՝ ինչ բան է քաղաքականությունը, միակ պատասխանը սա է. մենք ձգտում ենք անել հնարավոր լավագույնը, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում երբ այն հաջողությամբ է պսակվում, հիմքում մեր երկրի շահերն են» (իհարկե, այս պարզ ու խաբուսիկ մոտեցումը Բրիտանիայի պարագայում մասամբ արդյունավետ գործեց, քանի որ այդ երկրի կառավարող դասը գրեթե ինտուիտիվ կերպով էր հասկանում, թե որոնք էին երկրի շահերը):

Վեստֆալյան այս հայեցակարգերն այսօր հաճախ մեղադրվում են ուժը ցինիկաբար շահարկելու ու բարոյական սկզբունքների հանդեպ անտարբեր լինելու մեջ: Այնուամենայնիվ, վեստֆալյան խաղաղությամբ ստեղծված համակարգն իրենից ներկայացնում էր միջազգային կարգերի ինստիտուցիոնալացման առաջին փորձը, որ հիմնված էր մի կողմից համաձայնեցված կանոնների ու սահմանափակումների, իսկ մյուս կողմից՝ ուժային կենտրոնների բազմազանության, և ոչ թե նրանցից որևէ մեկի գերիշխանության վրա: Նորահայտ raison d'etat և «ազգային շահ» հասկացությունների ներքո հասկացվում էր ոչ թե ուժի փառաբանումը, այլ դրա կիրառությունը սահմանափակելու, ռացիոնալիզացնելու ձգտումը: Մի քանի սերունդների կյանքի ընթացքում Եվրոպայում ընթանում էին պատերազմներ՝ հանուն ունիվերսալ (ու հակասական) բարոյական սկզբունքների: Ի վերջո մարգարեներն ու նվաճողները տոտալ պատերազմ ձեռնարկեցին՝ հանուն իրենց անձնական, դինաստիական, կայսերական ու կրոնական հավակնությունների: Պետական շահերի տրամաբանված ու կանխատեսելի փոխգործակցությունը տեսականորեն կոչված էր հաղթահարելու աշխարհամասը պատուհասած քաոսը: Բռնի արտաքսումներով ու կրոնափոխություններով, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը ոչնչացնող տոտալ պատերազմով աչքի ընկած մրցակցող ունիվերսալիզմին փոխարինելու եկան սահմանափակ պատերազմները, որոնք մղվում էին հանուն հաշվելի խնդիրների:

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ ուժերի հավասարակշռման համակարգն առաջընթաց էր կրոնական պատերազմների սարսափի համեմատ: Բայց ինչպե՞ս հաստատել ուժերի հավասարակշռություն: Տեսության մեջ այն հիմնվում է իրողությունների վրա, հետևաբար եվրոպական թատերաբեմում բոլորն այդ իրողությունները պետք է ընկալեն նույնական: Բայց հասարակություններից յուրաքանչյուրն իր սեփական կառուցվածքը, մշակույթն ու պատմությունն ունի ու բազմիցս համոզվել է, որ ուժի բաղկացուցիչներն օբյեկտիվորեն մշտական շարժման մեջ են գտնվում: Ուստի ուժերի հավասարակշռությունն անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ճշգրտել: Այդպես ծնվում էին պատերազմներ, որոնց ծավալները հենց ուժերի հավասարակշռությամբ էլ սահմանափակվում էին:

Վեստֆալյան համակարգը գործողության մեջ

Վեստֆալյան խաղաղության արդյունքում պապականության իրավասությունների տիրույթում մնացին բացառապես կրոնական հարցերը, իսկ միջպետական հարաբերություններում ամրապնդվեց ինքնիշխան հավասարության դոկտրինը: Քաղաքական ի՞նչ տեսություն կարող էր բացատրել աշխարհիկ քաղաքական կարգերի ծագումն ու հիմնավորել դրա գործառնումը: Վեստֆալյան խաղաղությունից 3 տարի անց՝ 1651թ. հրատարակված «Լևիաթանում» Թոմաս Հոբսն այդպիսի մի տեսություն ներկայացրեց: Նրա կարծիքով՝ նախկինում եղել է ինչ-որ «բնական վիճակ», երբ իշխանության բացակայությունը հանգեցրել է «բոլորը բոլորի դեմ պատերազմի»: Եվ որպեսզի այդուհետ չլինի նման վտանգված իրավիճակ, նրա տեսության համաձայն՝ մարդիկ իրենց ինքնիշխան իրավունքները փոխանցել են իշխանությանը, որի դիմաց ինքնիշխանի կողմից պետության սահմանների շրջանակներում երաշխավորված անվտանգություն են ստացել: Ինքնիշխան պետության իշխանության մենաշնորհը դարձավ բռնի մահվան ու պատերազմի վախը հաղթահարելու միակ միջոցը:

Ըստ Հոբսի տրամաբանության՝ սոցիալական դաշնագիրը պետության սահմաններից դուրս չի տարածվում, քանզի չկար վերազգային ինքնիշխան, ով կկարողանար կարգեր սահմանել, ուստի «ինչ վերաբերում է մեկ ինքնիշխանի հարաբերությանը մյուսի հետ, դրանք պայմանավորվում են այն օրենքով, որն անվանում են ազգերի օրենք, և հիմա ես դրա մասին ոչինչ չեմ ասի, քանի որ ազգերի օրենքն ու բնական օրենքը նույն բանն են: Յուրաքանչյուր ինքնիշխան սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու այն նույն իրավունքն ունի, ինչպես յուրաքանչյուր անհատ օժտված է սեփական մարմնի անվտանգությունն ապահովելու իրավունքով»:

Միջազգային թատերաբեմը «բնական վիճակում» էր և անարխիկ, քանի որ չկար համաշխարհային ինքնիշխան, ով անվտանգության երաշխիքներ կտար ողջ աշխարհին, ավելին՝ գործնականում նման ինքնիշխան ունենալն անհնար էր: Հետևաբար աշխարհում, որտեղ ուժն էր առաջնային գործոնը, յուրաքանչյուր պետություն իր սեփական ազգային շահերն ամեն ինչից վեր կդասեր: Կարդինալ Ռիշելյեն, հավանաբար, հաճույքով կհամաձայներ այս թեզին:

Նախնական շրջանում վեստֆալյան համակարգը Հոբսի մոտեցումն էր իրացնում: Ինչպե՞ս կարելի էր կանոնակարգել ուժերի այդ նոր հարաբերակցությունը: Անհրաժեշտ էր տարանջատել ուժերի հարաբերակցությունը՝ որպես փաստ և որպես համակարգ: Յուրաքանչյուր աշխարհակարգ, որ արժանի է այդպիսին կոչվելու, վաղ թե ուշ պետք է հասնի հավասարակշռության, հակառակ դեպքում աշխարհը մշտական պատերազմի մեջ կհայտնվի: Քանի որ միջնադարյան աշխարհում տասնյակ իշխանապետություններ կային, գործնականում հաճախ էր ուժերի փաստացի հավասարակշռություն ձևավորվում: Վեստֆալյան պայմանագրից հետո ուժերի դասավորությունն արդեն համակարգ դարձավ. այսինքն՝ հիշատակված հավասարակշռությունը հռչակվում էր արտաքին քաղաքականության առանցքային նպատակ, իսկ դրա խախտումը հավասարակշռությունը պաշտպանելու նպատակով կոալիցիայի ձևավորման էր հանգեցնելու:

18-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայի՝ ռազմածովային տերության վերածվելը հնարավորություն տվեց ուժերի հավասարակշռության փաստը դարձնել համակարգ: Ծովերին տիրանալը Բրիտանիային հնարավորություն տվեց ընտրելու աշխարհամասի գործերին միջամտելու ժամանակն ու մասշտաբները, հանդես գալու ուժերի հավասարակշռման մրցավարի դերում՝ երաշխավորելով, որ Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը կպահպանվի: Քանի դեռ Բրիտանիան իր ռազմավարական կարիքները ճիշտ էր գնահատում, ի վիճակի էր մայրցամաքում ընթացող հակամարտությունների ժամանակ սատարել ավելի թույլ կողմին՝ ընդդեմ ուժեղ կողմի, ու այդպիսով կանխել Եվրոպայում որևէ մեկի գերիշխանության հաստատումը՝ խոչընդոտելով, որ որևէ մեկը կհամախմբի մայրցամաքի ռեսուրսներն ու բրիտանական ծովային գերիշխանությանը մարտահրավեր կնետի: Մինչև առաջին աշխարհամարտի մեկնարկն Անգլիան հանդես էր գալիս եվրոպական հավասարակշռությունը պահպանողի դերում: Այն մասնակցում էր եվրոպական պատերազմներին, սակայն հաճախակի փոխում էր դաշնակիցներին՝ ոչ թե հետամուտ լինելով կոնկրետ ազգային շահերի, այլ այդ շահերը սահմանելով ուժերի հավասարակշռության համատեքստում: Բրիտանական սկզբունքներից շատերը ժամանակակից աշխարհում կյանքի է կոչում Ամերիկան:

Վեստֆալյան խաղաղությունից հետո Եվրոպայում փաստացի ուժերի երկու հավասարակշռություն հաստատվեց. ընդհանուր հավասարակշռությունը համաեվրոպական կայունության գրավականն էր, որի երաշխավորն Անգլիան էր: Իսկ Կենտրոնական Եվրոպայի հավասարակշռությունը, որ հիմնականում հսկվում էր Ֆրանսիայի կողմից, կոչված էր կանխել Գերմանիայի միավորումը, այլապես վերջինս աշխարհամասի ամենազորեղ երկիրը կդառնար: Ավելի քան 200 տարիների ընթացքում այս երկու հավասարակշռությունները Եվրոպային ապահովագրում էին երեսնամյա պատերազմի ժամանակներին բնորոշ պառակտումներին վերադառնալուց: Դրանք պատերազմ չէին կանխում, բայց սահմանափակում էին դրա ազդեցությունը, քանզի նպատակը հավասարակշռության պահպանումն էր, ոչ թե լիակատար նվաճումը:

Ուժերի հավասարակշռությունը կարող է վիճարկվել երկու եղանակով: Առաջինը՝ եթե որևէ խոշոր երկիր այնքան ուժ կուտակի, որ սպառնա գերիշխանությամբ: Երկրորդը՝ մինչ այդ երկրորդական որևէ երկիր մեծ տերությունների շարքը համալրելու փորձ կատարի ու նոր հավասարակշռություն սահմանելու կամ համընդհանուր հակամարտություն հրահրելու նպատակով առկա կարգերի սրբագրմանն ուղղված գործողություններ իրականացնի: 18-րդ դարում վեստֆալյան համակարգը նշված երկու մարտահրավերներին էլ բախվեց. այն ստիպված էր նախ Ֆրանսիայի գերիշխանության ձգտող թագավոր Լյուդովիկոս 14-րդի հավակնություններին դիմադրել, իսկ հետո՝ հարմարվել Պրուսիայի միապետ Ֆրիդրիխ Մեծի պահանջներին, ով այլոց հետ հավասար կարգավիճակ էր պահանջում:

Լյուդովիկոս 14-րդը բացարձակ միապետ դարձավ 1661թ. ու կարողացավ Ռիշելյեի կառավարման հայեցակարգը հասցնել կատարելության: Ֆրանսիայի թագավորները երկիրը նախկինում կառավարում էին ավատատերերի միջոցով, որոնք ունեին ժառանգական իրավունքի վրա հիմնված ինքնուրույնության ձգտումներ: Մինչդեռ Լյուդովիկոսը սկսեց կառավարել արքունական բյուրոկրատիայի միջոցով, որը լիովին կախված էր միապետից: Նա արքունիքի ազնվականներին հեռացրեց իրենից, իսկ բյուրոկրատիայի դերը բարձրացրեց: Նշանակություն ուներ միայն ծառայությունը թագավորին, իսկ դիրքն ու ազնվական ծագումը հաշվի չէին առնվում: Ֆինանսների փայլուն նախարար Ժան Բատիստ Կոլբերին՝ գործվածքների գավառական առևտրականի որդուն, հանձնարարվեց միասնականացնել հարկային վարչարարությունն ու անդադար պատերազմների համար միջոցներ հայթաթել: Այդ սոցիալական փոխակերպումների ականատեսի տխուր դիտարկումներ են ժառանգական իրավունքով դուքս և գրականագետ Սեն-Սիմոնի հուշերը. «Նա (Լյուդովիկոսը) փայլուն հասկանում էր, որ իր կողմից շնորհազրկումը կարող է ընկճել ազնվականին, բայց չի վերացնի նրան ու նրա ընտանիքին, մինչդեռ պետքարտուղարին կամ նույն դիրքն ունեցող մեկ այլ պաշտոնյայի պաշտոնանկ անելով՝ նրան ու նրա հարազատներին կմատնի ոչնչության, որտեղից էլ հանել էր: Ոչ մի հարստություն կամ գույք ի վիճակի չեն լինի փրկել նրան: Հենց դա էր պատճառներից մեկը, որ նա սիրում էր իր մինիստրներին օժտել ավելի մեծ իշխանությամբ, քան ունեին նույնիսկ արյամբ ազնվատոհմիկները»:

1680թ. Լյուդովիկոսը, կարծես ընդգծելով իր բացարձակ իշխանության համընդհանուր բնույթը, ի լրումն անձամբ միապետի կողմից սահմանված նախկին «Արև Արքա» տիտղոսին, ստանձնում է նաև «Մեծ» տիտղոսը: 1682թ. Հյուսիսային Ամերիկայում Ֆրանսիայի ունեցած տարածքները «Լուիզիանա» անունը ստացան՝ ի պատիվ Լյուդովիկոսի: Նույն թվականին արքունիքը տեղափոխվեց Վերսալ, որտեղից էլ Լյուդովիկոսը կառավարում էր՝ առավելագույն ուշադրություն դարձնելով «թատերականացված միապետությանը», ինչը կոչված էր փառաբանելու նրա մեծությունը:

Թագավորության միավորումը թույլ տվեց վերջ տալ ներքին ջլատումների աղետալի հետևանքներին, իսկ որակավորված բյուրոկրատիայի ու բոլոր հարևան պետություններին բազմիցս գերազանցող բանակի առկայությունը Ֆրանսիայի համար Եվրոպայում միաժամանակ գերիշխող դիրք ապահովեցին: Լյուդովիկոսի կառավարումն իրենից ներկայացնում էր գրեթե անդադար պատերազմների շղթա: Բնականաբար, ցանկացած նոր նվաճում «դժգոհ» ազգերի կոալիցիա ստեղծելու առիթ էր տալիս, ինչը կրկնվում էր նաև եվրոպական գերիշխանության հետագա այլ հավակնորդների դեպքում:

Սկզբնական շրջանում Լյուդովիկոսի հրամանատարներն ամենուրեք հաղթանակներ էին տոնում, բայց արդյունքում ջախջախվեցին կամ առնվազն՝ պարտության մատնվեցին. առավել ցուցադրականն այն «քոթակն» էր, որ նրանք 18-րդ դարի առաջին տասնամյակում ստացան հետագայում Մալբորոյի դուքս դարձած Ջոն Չերչիլից՝ 20-րդ դարի մեծագույն վարչապետ Ուինսթոն Չերչիլի նախապապից: Ստացվեց այնպես, որ Լյուդովիկոսի լեգեոնները չկարողացան ճեղքել վեստֆալյան համակարգի ելակետային ամրությունը:

Ռիշելյեի մահվանից տասնամյակներ անց աշխարհիկ արտաքին քաղաքականություն ու կենտրոնացված կառավարում իրականացնող համախմբված ու կենտրոնացված պետության արդյունավետությունը ոգեշնչեց ընդօրինակողներին, որպեսզի հակակշռեն Ֆրանսիայի գերիշխանությանը: Անգլիան, Հոլանդիան ու Ավստրիան ձևավորեցին «Մեծ դաշինքը», որին հետագայում միացան Իսպանիան, Պրուսիան, Դանիան ու մի քանի գերմանական իշխանապետություններ: Պետք է նկատել, որ Լյուդովիկոսի հանդեպ գաղափարական կամ կրոնական ընդդիմության մասին խոսք լինել չէր կարող. Եվրոպայի մեծ մասի համար ֆրանսերենը շարունակում էր մնալ դիվանագիտության ու բարձր մշակույթի լեզու, իսկ դաշնակիցների շրջանում կաթոլիկների ու բողոքականների միջև տարաբաժանում չկար: Ավելի շուտ պետք է խոսել վեստֆալյան համակարգի՝ իբրև փայլուն դրսևորած բնույթի մասին, որն է՝ եվրոպական կարգերի բազմազանության պահպանումը: Վերջինի առանձնահատկությունը փոխանցում է ժամանակակից պատմաբանների կողմից դարաշրջանին տված բնութագրումը՝ Մեծ անդորր: Լյուդովիկոսը հանուն Ֆրանսիայի փառքի գերիշխանությանը նմանվող տիրապետության հասավ, սակայն սեփական կարգերը բազմազանության մեջ փնտրող Եվրոպային նա պարտվեց:

18-րդ դարի առաջին կեսն աչքի ընկավ Ֆրանսիային զսպելու համաեվրոպական մղումներով, իսկ երկրորդ կեսը՝ մեծ տերությունների շարքում տեղ գտնելու ուղղությամբ Պրուսիայի ձեռնարկած ջանքերով: Մինչ Լյուդովիկոսը պատերազմներում հաղթում էր՝ իր իշխանությունը գերիշխանության վերածելու համար, Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ը նետվել էր մարտի՝ իր թաքնված թուլությունը մեծ տերության կարգավիճակի վերածելու մղումով: Ձգվելով Վիսլայից մինչև Գերմանիայի արևմտյան սահմաններ հասնող դժնդակ հյուսիսգերմանական հարթավայր՝ Պրուսիան պաշտամունքի առարկա էր դարձրել կարգուկանոնն ու հանրային ծառայությունը: Դրանք նա ներկայացնում էր որպես առավել ապահովված երկրների մեծ բնակչության ու հարուստ ռեսուրսների բացակայությունը փոխհատուցող գործոն: Բաժանված լինելով երկու չսահմանակցող մասերի՝ Պրուսիան վտանգավոր կերպով հավասարակշռում էր ավստրիական, շվեդական, ռուսական ու լեհական ազդեցությունները: Այն համեմատաբար նոսր էր բնակեցված, և նրա առավելությունը կարգուկանոնն էր, որի միջոցով էլ կառավարում էր սահմանափակ ռեսուրսները: Պրուսիայի գլխավոր հարստությունը քաղաքացիական ակտիվությունը, պետական բյուրոկրատիայի արդյունավետությունն ու լավ պատրաստված բանակն էին:

Երբ 1740թ. Ֆրիդրիխ II-ը գահ բարձրացավ, հավանականությունը քիչ էր, որ նա կհասնի այն ամենին, ինչին ի վերջո հասավ: Թագաժառանգ արքայազնի կենսաձևը համարելով խիստ կանոնակարգված՝ նա փորձեց ընկերոջ՝ Հանս Գերման ֆոն Կատտեյի ուղեկցությամբ փախչել Անգլիա: Փախստականներին բռնեցին: Միապետը հրամայեց Ֆրիդրիխի աչքի առաջ գլխատել Ֆոն Կատտեյին, իսկ արքայազնին դատեց թագավորի գլխավորած ռազմական տրիբունալը: Հայրը որդուն 178 հարց տվեց, որոնց Ֆրիդրիխն այնքան հնարամիտ ու ճարպիկ պատասխաններ տվեց, որ արդարացվեց ու վերականգնեց իր իրավունքները:

Նման ողբերգական փորձը կարելի էր վերապրել միայն պարտքի հանդեպ հոր խստաբարո կեցվածքն ընդունելու ու մարդկային բնույթի մասին մարդատյաց հայացքներ որդեգրելու պարագայում: Ֆրիդրիխն իր անձնական իշխանությունն ընկալում էր աբսոլյուտիստական, բայց հասկանում էր, որ քաղաքականությունը սահմանափակված է դեռ 100 տարի առաջ Ռիշելյեի առաջ քաշած raison d'etat-ի սկզբունքներով: «Կառավարիչները սահմանափակված են իրենց ռեսուրսներով,-ասում էր նա, իսկ պետության շահերն արտահայտվում են օրենքում, ու այդ օրենքը չի կարող խախտվել»: Լինելով համոզված կոսմոպոլիտ (Ֆրիդրիխը խոսում և գրում էր ֆրանսերեն, սենտիմենտալ ոտանավորներ էր գրում նույնիսկ զինված արշավների ժամանակ: Իր ստեղծագործություններից մեկը նա վերնագրել է «Մեծ ճակատամարտի նախօրեին այնքան էլ վատ չէ»)՝ նա մարմնավորում էր «լուսավորյալ կառավարման» նոր դարաշրջանը՝ բարեգութ բռնապետությամբ, որ լեգիտիմացվում էր ոչ թե գաղափարախոսությամբ, այլ արդյունավետությամբ:

Ֆրիդրիխը համարում էր, որ մեծ տերության կարգավիճակը պահանջում է Պրուսիայի տարածքային միասնականություն, այսինքն՝ երկրի սահմանների ընդլայնում: Քաղաքական կամ բարոյական որևէ արդարացման կարիք չկար: «Մեր զորքերի գերազանցությունն ու դրանք ժամանակին կիրառելու ունակությունը մեր հարևանների նկատմամբ առավելություն են ապահովում»,- սա էր միակ արդարացումը, որով Ֆրիդրիխը 1740թ. նվաճեց հարուստ ու ավանդաբար ավստրամետ Սիլեզիա մարզը: Հարցը լուծելով ոչ թե իրավական կամ բարոյական, այլ աշխարհաքաղաքական հարթության մեջ՝ Ֆրիդրիխը դաշինք կնքեց Ֆրանսիայի հետ (այն Պրուսիային դիտարկում էր որպես Ավստրիայի հակակշիռ) ու 1742թ. խաղաղության պայմանագրով պահպանեց Սիլեզիան՝ փաստորեն կրկնակի ավելացնելով Պրուսիայի տարածքն ու բնակչությունը:

Եվրոպան ապրում էր խաղաղ 1713 թվականից ի վեր, երբ Ուտրեխտի պայմանագրով վերջ տրվեց Լյուդովիկոս XIV-ի նկրտումներին, բայց Ֆրիդրիխի հավակնությունների պատճառով կրկին պատերազմի մեջ հայտնվեց: Ուժերի առկա հավասարակշռությանը նետված մարտահրավերը գործի դրեց վեստֆալյան համակարգի մեխանիզմները: Եվրոպական պետությունների հանրություն մտնելու, եվրոպական կարգերի նոր անդամ դառնալու գինը 7 տարվա ավերիչ, համարյա աղետալի պատերազմներն էին: Նախկին դաշինքներն ուժը կորցրել էին, քանզի Ֆրիդրիխի նախկին դաշնակիցները ձգտում էին նրան կասեցնել, իսկ երբեմնի հակառակորդները փորձում էին պրուսական կարգապահ բանակն օգտագործել իրենց նպատակների համար: Հեռավոր ու խորհրդավոր Ռուսաստանն առաջին անգամ մասնակցեց եվրոպական ազդեցության մրցավազքին: Պարտության եզրին, երբ ռուսական զորքերը կանգնած էին Բեռլինի դարպասների մոտ, Ֆրիդրիխը փրկվեց Ելիզավետա թագուհու հանկարծամահ լինելու հետևանքով: Նոր ցարը՝ Ֆրիդրիխի երկրպագուն, ավարտեց պատերազմը (1945թ. ապրիլին շրջափակված Բեռլինում պաշարված Հիտլերն ակնկալում էր «Բրանդենբուրգյան տան հրաշքի» նման մի իրադարձություն ու Յոզեֆ Գեբբելսից լսեց, որ հրաշքը տեղի է ունեցել. մահացել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը):

Սրբազան հռոմեական կայսրությունը դարձավ անուն՝ առանց բովանդակության, ու եվրոպական տերություններից ոչ ոք չէր ձգտում համընդհանուր իշխանության: Գրեթե բոլորը պնդում էին, որ կառավարում են Աստծո կամոք, ինչը ոչ մի խոշոր տերություն կասկածի տակ չէր դնում, բայց ստիպված էին խոստովանել, որ Աստված բարեգութ է նաև այլ միապետերի նկատմամբ: Ուստի պատերազմները ձեռնարկվում էին սահմանափակ տարածքային ձեռքբերումների, այլ ոչ թե գործող կառավարություններն ու ինստիտուտները տապալելու կամ միջպետական հարաբերությունների նոր համակարգ սահմանելու համար: Ավանդույթը թույլ չէր տալիս կառավարիչներին հավաքագրել հպատակներին ու կտրուկ նվազեցնում էր հարկերը բարձրացնելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է քաղաքացիական բնակչությանը, ապա նրա տառապանքները ոչ մի կերպ համադրելի չէին երեսնամյա պատերազմի սարսափների կամ այն աղետի հետ, որ տեխնոլոգիաներն ու գաղափարախոսությունները կստեղծեն երկու հարյուրամյակ անց: 18-րդ դարում ոժերի հավասարակշռությունն իրենից ներկայացնում էր մի թատրոն, որտեղ «շքեղության, ճոխության, սիրալիրության ու ինքնավստահության զիլ ներկայացումներում ի ցույց էին դրվում կյանքն ու արժեքները»: Ուժի կիրառումը սահմանափակվում էր փաստով, որ համակարգը չի հանդուրժի որևէ գերիշխանական նկրտում, և բոլորը հաշվի էին նստում դրա հետ:

Կայուն միջազգային կարգերի առավելությունն այն էր, որ դրանք միանման էին ընկալվում: 18-րդ դարում եվրոպական կարգերը ձևավորած պետական գործիչներն ազնվականներ էին, որոնք ոչ նյութական ակտիվներին (արժանապատվություն, պարտքի զգացում) տիրապետում էին ճիշտ նույն հմտությամբ, ինչ հմտությամբ որ պայմանավորվում էին հիմնարար սկզբունքների շուրջ: Նրանք պատկանում էին էլիտար նույն խավին, որը խոսում էր նույն լեզվով՝ ֆրանսերեն, այցելում էին նույն սալոններն ու սիրավեպեր էին հյուսում այլ երկրների մայրաքաղաքներում: Ազգային շահերն, իհարկե, փոփոխվում էին, բայց մի աշխարհում, որտեղ արտաքին գործերի նախարար կարող էր լինել մեկ այլ միապետի հպատակը (օրինակ, Ռուսաստանում մինչև 1820թ. արտաքին գործերի նախարարներին դրսից էին հրավիրում), իսկ տարածքն իր ազգային պատկանելությունը կարող էր փոխել ամուսնական կապի կամ հաջող ժառանգության արդունքում, ընդհանուր նպատակի տպավորությունն ակներև էր: 18-րդ դարում ուժի հաշվարկները որոշվում էին լեգիտիմության ընդհանուր զգացումով ու միջազգային վարվելակերպի չգրված կանոններով:

Այդ փոխհամաձայնությունը միայն վարվելակերպի արդյունք չէր, այն նաև արտացոլում էր համաեվրոպական աշխարհընկալման բարոյական համոզմունքները: Եվրոպան երբեք ավելի համախմբված և երբեք այդքան հախուռն չի եղել, որքան այն ժամանակահատվածում, որը ստացել է լուսավորականության դարաշրջան անվանումը: Եվրոպայում գիտության ու փիլիսոփայության նոր նվաճումներն աստիճանաբար վերացնում էին ավանդույթով ու հավատքով պայմանավորված տարաձայնությունները: Ռացիոնալիզմի կտրուկ առաջխաղացումը տարբեր ուղղություններով՝ քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն, պատմություն, հնագիտություն, քարտեզագրություն, ամրապնդեց նոր՝ աշխարհիկ հավատքն առ բանականություն՝ կանխագուշակելով, որ բնության բոլոր գաղտնիքների բացահայտումն ընդամենը ժամանակի հարց է: «Աշխարհի ճշմարիտ արարումը վերջապես բացահայտվեց. այն ճանաչողության զարգացող, գնալով ավելի կատարելագործվող համակարգն է»,- ամփոփելով դարաշրջանի ոգին՝ 1759թ. գրեց ֆրանսիացի էնցիկլոպեդիստ Ժան Լե Ռոն դ՛Ալամբերը. «Երկրի մասին պատկերացումներից մինչև Սատուրնի մասին պատկերացումներ, երկնքի պատմությունից մինչև միջատների պատմություն՝ բնագիտությունը լիովին կերպարանափոխվել է: Նրանից հետո մյուս գիտությունները ևս ձևափոխվեցին… Փիլիսոփայելու նոր մեթոդի բացահայտումն ու կիրառությունը ոչ միայն ոգեշնչում են առաջացնում, որն ուղեկցվում է մեծ հայտնագործություններով, այլև գաղափարների համընդհանուր թռիչք են ծնում: Այդ խմորումը բոլոր ուղղություններով է ու ափերից դուրս եկած, ամբարտակներ խորտակող հեղեղի նման ազդել է այն ամենի վրա, ինչը նրա ճանապարհին է հայտնվել»:

Այդ «խմորումը» հիմնված է նոր, վերլուծական ոգու և բոլոր վարկածների ու պնդումների մանրազնին հետազոտության վրա: Գիտելիքի ուսումնասիրությունն ու համակարգումը մի ձեռնարկ էր, որի մարմնավորումը 1751-1772թթ. դ՛Ալամբերի մասնակցությամբ հրատարակված ու 28 հատորից բաղկացած «Հանրագիտարանն» էր: Այն թույլ էր տալիս խոսել ճանաչելի, ապամիֆականացված տիեզերքի մասին, մարդու՝ որպես այդ տարածության հիմնական գործչի ու գաղտնիքները բացահայտողի մասին: Դ՛Ալամբերի գործընկեր Դենի Դիդրոն գրում էր, որ ծավալուն գիտելիքները կմիավորվեն հանուն «մարդկային մտքի ջանքերի ընդհանուր պատկերի»: Բանականությունը ստին դեմ կտա «անսասան սկզբունքներ» ու կլրացնի «գիտությանն ու մշակույթին բաժանող դատարկությունը», ինչի շնորհիվ այդ աշխատանքը «կնպաստի մարդկային գիտելիքի հավաստիությանն ու առաջընթացին և… բազմապատկելով ճշմարիտ գիտնականների, տաղանդավոր վարպետների ու լուսավորյալ սիրողների թիվը՝ հասարակության վրա նոր ու օգտակար ազդեցություն կթողնի»:

Մտածողության ու վերլուծության այս նոր կերպն անխուսափելիորեն պետք է կիրառվեր կառավարման, քաղաքական լեգիտիմության ու միջազգային կարգերի հայեցակարգերի նկատմամբ: Քաղաքական փիլիսոփա Շառլ Լուի դե Սեկոնդան՝ բարոն դե Մոնտեսքյոն, ընդլայնեց ուժերի հավասարակշռության սկզբունքն ու այն տարածեց ներքին քաղաքականության վրա, նկարագրեց զսպումների ու հակակշիռների համակարգը, որը հետագայում ինստիտուցիոնալացվեց ԱՄՆ սահմանադրության մեջ: Հետագայում նա անդրադարձավ պատմության փիլիսոփայությանն ու սոցիալական փոփոխությունների մեխանիզմներին: Ընդհանրացնելով տարբեր հանրույթների պատմությունը՝ Մոնտեսքյոն հանգեց եզրակացության, որ իրադարձությունները երբեք պատահական չեն լինում: Միշտ էլ ինչ-որ ելակետային պատճառ կա, որը բանականությունը կարող է բացահայտել, իսկ հետո օգտագործել հանուն բոլորի բարօրության. «Ճակատագիրը չէ, որ կառավարում է աշխարհը… Ցանկացած միապետությունում առկա են մտավոր ու ֆիզիկական ընդհանուր պատճառներ, որոնք վսեմացնում են նրան, պաշտպանում են ու տապալում: Բոլոր (ենթադրյալ) պատահականությունները ենթարկվում են այդ պատճառներին. ամեն անգամ, երբ պատահաբար պարտված ճակատամարտը, այսինքն՝ մասնավոր պատճառը, կործանում է պետությունը, կնշանակի, որ դրա համար ընդհանուր պատճառ կար, որի հետևանքով այդ պետությունը պետք է կործանվեր ընդամենը մեկ ճակատամարտի արդյունքում: Մի խոսքով՝ բոլոր մասնավոր պատճառները կախված են ինչ-որ մի ընդհանուր սկզբից»:

Գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը՝ լուսավորականության դարաշրջանի, հավանաբար, խոշորագույն փիլիսոփան շարունակեց Մոնտեսքյոյի ջանքերն ու հարատև ու խաղաղ աշխարհակարգի տեսությունն առաջ քաշեց: Պրուսիայի նախկին մայրաքաղաք Քյոնիգսբերգում խորհելով ու հիմնվելով յոթնամյա պատերազմի, հանուն անկախության Ամերիկայի մղած պատերազմի ու ֆրանսիական մեծ հեղափոխության պատմության վրա՝ Կանտը հանդգնեց համաշխարհային ցնցումների մեջ նկատել նոր՝ ավելի խաղաղ աշխարհակարգի առաջին նշանները:

Ըստ Կանտի՝ մարդկությանը բնութագրում է մեկ առանձնահատկություն՝ «անբարյացակամ մարդամոտությունը»՝ «հասարակության ներսում համատեղվելու միտումը, ինչն էլ իր հերթին սպառնում է մասնատել այդ հասարակությանը»: Կարգերի, հատկապես միջազգային կարգերի հիմնախնդիրն «ամենադժվարն է ու մարդու կողմից լուծվում է միայն վերջին հերթին»: Մարդիկ պետություն էին հիմնում, որպեսզի զսպեն իրենց ցանկասիրությունը, բայց ինչպես անհատը բնական վիճակում, ցանկացած պետություն ցանկանում էր պահպանել բացարձակ ազատությունը նույնիսկ «օրինազուրկ վայրենի վիճակի» գնով: Բայց միջպետական բախումների այդ հետևանքները՝ «ամայացումները, ավերումներն ու նույնիսկ ուժերի ներքին սպառումները», ժամանակի ընթացքում մարդկանց կստիպեին այլընտրանք որոնել: Մարդկային ցեղը դատապարտված էր հանգստություն գտնել կա՛մ «մարդկության ահռելի գերեզմանոցում», կա՛մ էլ ողջամիտ կերպով կառուցված խաղաղության մեջ:

Կանտի կարծիքով՝ լուծումը կարող էր լինել այն հանրապետությունների ինքնակամ դաշնությունը, որոնք կխոստանային խուսափել թշնամությունից ու իրենց ողջամիտ պահել թե՛ ներքին, թե՛ միջազգային հարաբերություններում: Նրանց քաղաքացիները խաղաղություն կպահպանեին, քանի որ, ի տարբերություն բռնակալ կառավարիչների, ռազմական գործողությունների մասին հաշվի կառնեին՝ արժե՞ արդյոք «կրել պատերազմի ողջ տառապանքը»: Ժամանակի ընթացքում այդ համաձայնության գրավչությունն ակնհայտ կդառնար, ու այդպես կսկսվեր խաղաղ աշխարհակարգի աստիճանական ձևավորումը: Բնությունը խնդիր ուներ, որպեսզի մարդկությունն ի վերջո գտնի «միավորված ուժի համակարգին… այսինքն… հանրային պետական անվտանգության համաշխարհային համակարգին» ու «մարդկության կատարյալ քաղաքացիական միասնությանը» տանող ճանապարհը:

Բանականության ուժի հանդեպ հավատքը մասամբ այն երևույթի մեջ է արտահայտված, որին հին հույներն անվանում էին hubris` հոգևոր հպարտության մի վիճակ, որը սեփական կործանման սերմեր է պարունակում: Լուսավորականության շրջանի փիլիսոփաներն անտեսում էին առանցքային մի հարց.կարո՞ղ են արդյոք պետական կարգերը գրասենյակային մտավորականների կողմից ստեղծվել զրոյից, թե՞ ընտրության հնարավորությունը սահմանափակ է՝ պայմանավորված օրգանական ու մշակութային իրողություններով (ինչպես Բյորքն էր ենթադրում): Արդյո՞ք գոյություն ունի տրամաբանված կերպով բոլորին միավորող որևէ հայեցակարգ ու մեխանիզմ, որը կարելի է հայտնաբերել ու ուսումնասիրել (ինչպես պնդում էին դ՛Ալամբերն ու Մոնտեսքյոն), թե՞ մեր աշխարհը չափազանց բարդ է, իսկ մարդիկ էլ չափազանց բազմազան են, որպեսզի այդ հարցը լուծվի բացառապես տրամաբանության միջոցով, և չպահանջվեն պետական կառավարման գրեթե էզոթերիկ արվեստն ու ինտուիցիան:

Ողջ աշխարհամասում լուսավորականության շրջանի փիլիսոփաները քաղաքական էվոլյուցիայի դեպքում ընդհանուր առմամբ նախապատվությունը տալիս էին ռացիոնալիստական, այլ ոչ թե օրգանական մոտեցմանը: Նրանք, իհարկե, ակամա նպաստեցին այն իրադարձությունների ծավալմանը, որոնք տասնամյակներ շարունակ ցնցեցին Եվրոպան, և որոնց հետևանքները զգացվում են մինչ օրս:

Նյութի աղբյուրը՝ Հենրի Քիսինջեր- «Աշխարհակարգ»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...