Skip to main content

Հայ-ճապոնական տնտեսական, առևտրական և ֆինանսավարկային համագործակցություն

 

Հայ-ճապոնական տնտեսական, առևտրական և ֆինանսավարկային համագործակցություն

Հայ-ճապոնական առևտրատնտեսական առնչությունները բազմադարյա պատմություն ունեն: Հայաստանը, հանդիսանալով պատմական «Մետաքսի ճանապարհի» ակտիվ մասնակիցներից, դեռևս հնագույն ժամանակներից սերտ առևտրական կապեր էր հաստատել ասիական մայրցամաքի երկրների, այդ թվում նաև Ճապոնիայի հետ: Երբ 20-րդ դարի սկզբում վերականգնվեց հայոց պետականությունը, Ճապոնիայի կառավարությունն ու գործարար շրջանակները շտապեցին համատեղ ծրագրեր իրականացնել: 1920թ. ամռանը մի խումբ ճապոնացի և հայ խոշոր ձեռներեցներ դիմեցին Հայաստանի կառավարությանը էլեկտրական երկաթուղու կառուցման կոնցեսիա ձեռք բերելու նպատակով: Այդ երկաթուղին, կապելով երկրի մայրաքաղաքը հյուսիսային (Երևան-Ելենովկա-Դիլիջան-Աղսթաֆա) և հարավային (Երևան-Նոր Բայազետ-Գորիս) սահմանամերձ շրջանների հետ, ռազմավարական նշանակություն պետք է ունենար Հայաստանի զարգացման գործում: Սակայն Հայաստանի խորհրդայնացումը ի չիք դարձրեց նշված կարևոր ծրագրի իրականացումը:

Ճապոնիայի օգնությունը Հայաստանին 1988թ. երկրաշարժից հետո

1988թ. երկրաշարժից հետո Ճապոնիան նյութական և դրամական զգալի օգնություն է ցուցաբերել Հայաստանին: Ճապոնիան առաջինների թվում օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից տուժած Հայաստանին:

«Մենք փոքր եղբորս և քրոջս հետ որոշեցինք մեր ողջ գումարը նվիրաբերել Հայաստանի երեխաների օգնությանը: Գումարը մեծ չէ, բայց գուցե և այս միջոցները օգնեն փրկել որևէ մեկին: Մենք ուզում ենք, որ հնարավորին չափ շատ մարդիկ կենդանի մնան»: Այս տողերը հասցեագրված էին ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովին Նաոկի Հագեսավայի՝ ճապոնացի 11-ամյա աղջնակի նամակում:

1989թ. փետրվարին Ճապոնիայի կառավարող լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Սինտարո Աբեն այցելեց Ճապոնիայում Խորհրդային Միության դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային մեծ զոհերի համար: Սինտարո Աբեն Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Սոլովյովին հանձնեց 39467483 իեն, որը նախատեսված էր տարերային աղետից տուժածներին օգնություն ցույց տալու և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Այդ միջոցները հանգանակվել էին ամբողջ երկրում կուսակցության ծավալած արշավի շրջանակներում, որին անձնական մասնակցություն էր ցուցաբերել լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարը: Օգնությունը չսահմանափակվեց միայն գումարների տրամադրմամբ: Ճապոնիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ «Չուո կաիկան» համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ Հայաստանի երկրաշարժից տուժածներին օգնելու համար՝ «Քեզ Հայաստան» նշանաբանով: Հնչեցին Ռավելի, Շոպենի, Չայկովսկու, Մուսորգսկու, Ռախմանինովի ստեղծագործությունները ճապոնացի հայտնի երաժիշտներ՝ դաշնակահարներ Յասուսի Հիրոսեի, Ռիոկո Ֆուկուսավայի, Իզումի Շիմուրայի, ջութակահարներ Ասակո Յոշիկավայի, Յոկո Կոբոի, թավջութակահարներ Կեն Իզիրո Յասուդայի, երգիչներ Տաեմի Կոհամայի, Ֆուտորու Կացուբեի, Տադաո Յոշիեի, Միեկո Տակիզավայի կատարմամբ:

1989թ. հոկտեմբերից մեկ շաբաթ շարունակ Տոկիոյում, Օսակայում, Նագոյայում, Սապպորոյում և այլ քաղաքների թատերական հարթակներում անցկացվեցին Լենինականի Սևյանի անվան ժողովրդական անսամբլի համերգները: Ներկայացվեցին նաև ժողովրդական ստեղծագործության այլ նմուշներ, որոնցից առանձնակի սիրով ընդունվեց «Ճապոնիան հայ մանուկների աչքերով» ցուցադրությունը, որը կազմվել էր երեխաների գեղագիտական դաստիարակության կենտրոնի ֆոնդերից: Համերգների ծրագրերը կազմվել էին այդ քաղաքներում բնակվող ճապոնացի երաժիշտների օգնությամբ, որոնցից ստացված ամբողջ դրամամուտքը փոխանցվեց  Հայաստանում տարերային աղետից տուժածների օգնության ֆոնդին: Ճապոնա-խորհրդային բարեկամության ընկերության Սապպորո քաղաքի բաժանմունքի ներկայացուցիչները այնտեղ գտնվող խորհրդային գլխավոր հյուպատոսությանը հանձնեցին գթության շարժման ակտիվիստների հանգանակած 670 հազար իեն գումարը:

Աղետի գոտում շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրեց «Կոմացու», «Հիտաչի», «Կատո» ճապոնական ֆիրմաների 253 շինարարական մեքենա: Հայաստան ուղարկվեց նաև ճապոնացի սեյսմոլոգների խումբ (17 հոգի)՝ Սուեհիրոյի գլխավորությամբ, որոնց հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության բնագավառում հետագա համագործակցության համար:

Ճապոնիայի կառավարությունը օգնություն էր ցույց տալիս Հայաստանին նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այսպես՝ աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման նպատակով Ճապոնիայի կառավարությունը 1 միլիոն ամերիկյան դոլարի չափով նվիրատվություն տրամադրեց Հայաստանին նաև Համաշխարհային բանկի միջոցով՝ բանկի անմիջական վերահսկողությամբ:

Երկկողմ տնտեսական, տեխնիկական, առևտրական և ֆինանսավարկային համագործակցությունը ՀՀ անկախացումից ի վեր

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անմիջապես հետո Հայաստանը միացել է ԱՊՀ երկրներին օգնության կազմակերպման նպատակով Ճապոնիայի հետ ստորագրված «Օժանդակության հանձնաժողովի ստեղծման մասին» համաձայնագրին, որի շրջանակներում 1992թ. հոկտեմբերին ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Ճապոնիայում  կազմակերպված նորանկախ պետություններին մարդասիրական և տեխնիկական օգնությանը նվիրված միջազգային համաժողովի աշխատանքներին:

1992թ. հուլիսին ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանությունում հանդիպում կայացավ դեսպանության պաշտոնյաների և Հայաստանից Մոսկվա ժամանած ՀՀ պատվիրակության անդամների միջև: Քննարկվող հարցերը առնչվում էին հայկական ատոմակայանի գործարկման նպատակով ճապոնական կողմից տրամադրված տեխնիկական օգնությանը, ճապոնական ֆիրմաների մասնակցությամբ քաղաքացիական կարիքների բավարարման համար պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների վերապրոֆիլավորմանը (կոնվերսիա), Ասիական զարգացման բանկին Հայաստանի անդամակցությանը: Ճապոնական կողմը նախնական համաձայնություն տվեց ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովող հետազոտական աշխատանքներն իրականացնելու համար՝ քիչ հավանական համարելով Ճապոնիայի մասնակցությունը Հայաստանում կոնվերսիայի իրականացման ծրագրերին: Ինչ վերաբերում է ասիական զարգացման բանկին Հայաստանի անդամակցությանը՝ ճապոնական կողմը հնարավոր էր համարում Հայաստանի մասնակցությունը ասիական զարգացման բանկին և պատրաստ էր հանդես գալ որպես Հայաստանը ներկայացնող և երաշխավորող երկիր, որը հնարավոր կլիներ իրականացնել ՀՀ-ի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո: Ճապոնական կողմի հետ քննարկվեցին նաև երկու պետությունների միջև երկկողմ համաձայնագրերի կնքման հնարավորությունները, մասնավորապես կարևորվեցին «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության», «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանվածության», «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հարկային հարցերի մասին» համաձայնագրերի կնքումը: Ճապոնական կողմը նշեց, որ նման պայմանագրեր ստորագրվել էին Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև, և քանի որ Ճապոնիան ճանաչել է ԱՊՀ բոլոր պետություններին, իրավահաջորդության իրավունքով այդ պետությունները ճանաչվում են որպես այդ պայմանագրերի գործող և սուվերեն սուբյեկտներ: Նշվեց, որ եթե Հայաստանը գտնում է, որ նշված պայմանագրերը չեն համապատասխանում ՀՀ ներկա դրությանը և շահերին, ապա դրանք կարող են վերանայվել կամ նորից կնքվել, որը հնարավոր կլինի իրագործել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո:

1992թ. հոկտեմբերին Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը այցելեց Ճապոնիա՝ նորանկախ պետություններին մարդասիրական և տեխնիկական օգնությանը նվիրված միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նույն թվականին Հայաստանը միացավ նոր ստեղծված ԱՊՀ երկրներին օգնության կազմակերպման նպատակով Ճապոնիայի հետ ստորագրված «Օժանդակության հանձնաժողովի ստեղծման մասին» համաձայնագրին: Արդյունքում՝ 1993-1994թթ. որպես արտակարգ օգնություն Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին հատկացրեց 4 միլիոն ԱՄՆ դոլար, որից 1 միլիոնը օգտագործեց նավթ գնելու, 2 միլիոնը՝ դեղորայք և բժշկական սարքավորումներ, իսկ մնացած 1 միլիոնը՝ էլեկտրական մալուխների ձեռքբերման համար: Համաժողովի աշխատանքների ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վարչապետ Միազավայի հետ հանդիպման ընթացքում ընդգծվեց երկկողմ կապերի զարգացման և դրանց իրագործման համար կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Արտգործնախարար Վատանաբեի հետ հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվեց ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: Արտգործնախարարին հանձնվեցին երկկողմ տնտեսական համագործակցության համաձայնագրերի նախագծերը: Ճապոնիայի խորհրդարանի անդամ, արտաքին առևտրի և արդյունաբերության փոխնախարար Կոգայի հետ հանդիպման ընթացքում ներկայացվեց Հայաստանում անցկացվող տնտեսական բարեփոխումների նկարագիրը, տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները: Կոգան տեղեկացրեց, որ նորանկախ պետություններին ցույց տրվող տեխնիկական օգնության սահմաններում Ճապոնիայում վերապատրաստվելու է 200 մասնագետ, այդ թվում նաև Հայաստանից: Հայաստանում ներդրումներ իրականացնելու կապակցությամբ փոխնախարարը կարևոր էր համարում օրենսդրական հիմքերի ստեղծումը և Հայաստանի տնտեսությունը բնութագրող ցուցանիշների առկայությունը:

1994թ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն առընթեր Զարգացման օժանդակող կոմիտեի ցանկում Հայաստանի ընդգրկվելու կապակցությամբ Ճապոնիայի կառավարությունը համակողմանի տեխնիկական օգնություն սկսեց ցուցաբերել Հայաստանի զարգացմանն ուղղված Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության ծրագրերի շրջանակներում: Ճապոնիայի տեխնիկական օգնության համակարգին և նրա իրագործման մեխանիզմին ծանոթանալու նպատակով ճապոնական կողմի հրավերով Ճապոնիա մեկնեցին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Դարբինյանը և ՀՀ ԱԳՆ երկկողմ առևտրական հարաբերությունների վարչության պետ Ադոնցը:

1996թ. սկզբին Հայաստան ժամանեց ճապոնական կառավարական պատվիրակությունը, որը ուսումնասիրություններ կատարեց Հայաստանում զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությանն առընթեր Ճապոնիայի միջազգային համագործակցության՝ JICA-ի շրջանակներում օգնության ծրագրերի իրականացման համար: Մեկ ամիս անց ճապոնական «Սումիմոտո» ընկերության հրավերով Ճապոնիա այցելեց Հայաստանի արդյունաբերության նախարարության պատվիրակությունը, որը մանրամասն ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև «Նաիրիտ» ՓԲԸ-ի և Երևանի ավտոդողերի գործարանի մոդեռնիզացման նախագծերը: 1996թ. հուլիսին Հայաստանում էր գտնվում Ճապոնիայի ԱԳՆ պատվիրակությունը՝ նախարարության համագործակցության զարգացման բաժնի վարիչի առաջին տեղակալ Սակաջիի գլխավորությամբ: Ծանոթանալով Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրին և դրա իրականացման համար անհրաժեշտ պայմաններին՝ պատվիրակությունը ներկայացրեց պաշտոնական զարգացման օգնության ծրագրերի աշխատանքների կազմակերպման և օգնության ծրագրավորման սկզբունքներին, ինչպես նաև ուսումնասիրեց այլ դոնոր երկրների կողմից իրականացվող տնտեսական համագործակցության ծրագրերը:

1997թ. դեկտեմբերին Փարիզում կայացած դոնոր երկրների հերթական խորհրդաժողովի ընթացքում ՀՀ-ի և Ճապոնիայի պատվիրակությունների միջև փաստաթղթեր փոխանակվեցին Հայաստանի Հանրապետությանը նոր փոքրածավալ օգնության և երկարաժամկետ վարկեր տրամադրելու վերաբերյալ: ՀՀ վարչապետի և Ճապոնիայի պատվիրակության միջև կայացած հանդիպման ընթացքում շոշափվեցին հայ-ճապոնական տնտեսական կապերի զարգացման հեռանկարները, ստորագրվեց փաստաթուղթ Հայաստանի Հանրապետությանը երկարատև արտոնյալ վարկ տրամադրելու վերաբերյալ: Ի կատարումն այդ որոշման 1998թ.մայիսին «Էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման՝ ցանցերի վերականգնման ծրագրի» շուրջ բանակցություններ սկսելու նպատակով Հայաստան ժամանեց Ճապոնիայի Անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչը: Բանակցությունների արդյունքում ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը սկզբունքային հավանություն տվեցին նախագծին:

Հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացման, գործնական համագործակցության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառավարական և մասնավոր ներդրումների իրականացումը համակարգելու, այդ թվում նաև զարգացմանն ուղղված Ճապոնիայի պաշտոնական օգնության ծրագրերը իրականացնելու նպատակով 2000թ. հուլիսին Երևանում ստեղծվեց հայ-ճապոնական տնտեսական համագործակցության կոմիտեն: Կոմիտեում ընդգրկված են ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ մասնավոր սեկտորը ներկայացնող արդյունաբերողներ և գործարարներ: 2000թ. օգոստոսի 10-ին Տոկիոյում հիմնադրվեց ճապոնա-հայկական տնտեսական համագործակցության կոմիտեն, որի կազմում, ի տարբերություն հայ-ճապոնական կոմիտեի, ընդգրկված են միայն մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Այնուհետև երկու կոմիտեների միջև բանակցություններ ծավալվեցին համատեղ բազմակողմանի գործունեությունը համակարգելու ուղղությամբ: 2000թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում ճապոնա-հայկական տնտեսական համագործակցության կոմիտեի պատվիրակությունը նրա նախագահ Միազակիի գլխավորությամբ: Հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ նախագահի, վարչապետի, այլ բարձրաստիճան անձանց հետ, որոնց ընթացքում քննարկվեցին կոմիտեների գործունեության խնդիրներին և հիմնական ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր: 2000թ. հոկտեմբերին Երևանում տեղի ունեցավ հայ-ճապոնական տնտեսական համագործակցության կոմիտեի նիստը, իսկ երկու կոմիտեների առաջին համատեղ նիստը տեղի ունեցավ Տոկիոյում 2001թ. հունիսի 27-ին: 2001թ. հունիսի 25-29-ը Տոկիոյում «Երեք հարավկովկասյան հանրապետություններ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը, և Զարգացման հայկական գործակալության նախագահ Մովսիսյանը:

Այցելության ընթացքում կայացավ հայ-ճապոնական և ճապոնա-հայկական տնտեսական համագործակցության կոմիտեների անդրանիկ նիստը: Նիստի համանախագահողներն էին Վարդան Օսկանյանը և Միազակին: Իր ելույթում պարոն Օսկանյանը մեծ նշանակություն տվեց համատեղ նիստի անցկացմանը, որը խթան է հանդիսանալու օգնության ծրագրերից փոխշահավետ համագործակցության անցնելու համար՝ նշելով, որ զարգացման փուլում գտնվող Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի Ճապոնիայի գործարարներին և արդյունաբերողներին Հայաստանի շուկայում ներգրավելու համար: Կոմիտեների համատեղ նիստի աշխատանքներին մեծ կարևորություն տվեց Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի տեղակալ Մորին, որն իր ելույթում նշեց, որ կոմիտեների գործունեությունը պետք է նպատակաուղղված լինի երկու երկրների տնտեսությունների մերձեցման «կամրջի» կառուցմանը: Մորին Կովկասը գնահատեց որպես կարևոր ռազմավարական տարածաշրջան՝ նշելով, որ Ճապոնիայի քաղաքականությունը ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարևորվեց ՀՀ նախագահի Ճապոնիա կայանալիք այցի նշանակությունը: Նիստի աշխատանքների ընթացքում քննարկվեցին երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես, ՀՀ-ում ճապոնական ներդրումների խրախուսմանը, առավել հեռանկարային բնագավառներում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, շփումների ակտիվացմանն ու կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Ուրվագծվեցին երկկողմ և բազմակողմ համագործակցության ոլորտները: Հայկական կողմն անդրադարձավ հայ-ճապոնական համագործակցության ուղղությունների և դրանց զարգացման հնարավորությունների, ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտի զարգացման, ինչպես նաև ՀՀ ներդրումային հնարավորությունների և այդ գործում հայկական զարգացման գործակալության դերի մասին:

Հայկական պատվիրակությունը մասնակցեց Տոկիոյում կազմակերպված ներդրումային սեմինարին, որի ընթացքում պարոն Օսկանյանը, ներկայացնելով Հայաստանի քաղաքական և տնտեսական իրավիճակը, այն որակեց որպես կայուն և նպաստավոր՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար: Անդրադառնալով տարածաշրջանային կայունությանը՝ արտգործնախարարը կարևորեց հարավկովկասյան երեք հանրապետությունների տնտեսական զարգացումը և կոչ արեց ճապոնացի գործարարներին հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարածաշրջանում ներդրումներ իրականացնելիս: Նախարարը հանդիպում ունեցավ նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության կառավարական գործակալության նախագահ Սաիտոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ-ի և Ճապոնիայի միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող աջակցությունը Հայաստանին զարգացմանն ուղղված պաշտոնական ծրագրերի շրջանակներում: Ճապոնիայի փոխարտգործնախարար Սուգիուրայի հետ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց հարաբերությունների ընդլայնման և խորացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության և իրավական բազայի ստեղծման անհրաժեշտությունը: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը և առևտրի ու արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպում ունեցան նաև Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ֆուրույայի հետ: Կողմերն ընդգծեցին երկկողմ իրավական բազայի ստեղծման անհրաժեշտությունը առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման նպատակով, ինչպես նաև համագործակցությունը փոքր և միջին ձեռնարկությունների խրախուսման և զարգացման գործում:

2001թ. դեկտեմբերի 19-22-ը կայացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Ճապոնիա, որը քաղաքական բարձր մակարդակով առաջինն էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Այցելության առաջին օրը նախագահ Քոչարյանը հանդիպում ունեցավ Ճապոնիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարար Տակեո Հիրանումայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հիրանուման մասնավորապես նշեց, որ Ճապոնիան մտադիր է սերտացնել և խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների և հատկապես Հայաստանի հետ: Նա հավաստեց Ճապոնիայի օժանդակությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործում: Իր հերթին ՀՀ նախագահը նշեց երկկողմ տնտեսական հարաբերություններում օգնության ծրագրերից համագործակցության և զարգացման ծրագրերին անցնելու անհրաժեշտությունը: Քոչարյանը ընդգծեց Հայաստանի շահագրգռվածությունը ճապոնական մասնավոր ներդրումների ներգրավման հարցում՝ ավելացնելով, որ ներկա փուլում կարևոր և միանգամայն իրական է նկատվում ներդրումային կոնկրետ նախագծերի մշակումն ու իրականացումը, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման և այլ բնագավառներում: Ըստ նախագահի՝ լինելով ամենակազմակերպված և կայուն երկիրը Հարավային Կովկասում՝ Հայաստանը կարող է հուսալի գործընկեր դառնալ Ճապոնիայի համար: Հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը անդրադարձավ երկու երկրների միջև իրավական բազայի ստեղծման անհրաժեշտությանը և այդ կապակցությամբ Հիրանումային փոխանցեց երկու երկրների միջև ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման համաձայնագրի նախագիծը: ՀՀ նախագահը նաև նշեց, որ մենք կողմնակից ենք տնտեսության առավելագույն ազատականացմանը և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Հանդիպման վերջում ճապոնական կողմին հանձնվեց Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման հիմնադրամի ստեղծման և նրա գործունեության ծավալման համար դրամաշնորհային ծրագրի նախագիծը:

Այնուհետև ՀՀ նախագահը ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Տակաո Կավակամիին: Հանդիպման սկզբում ՀՀ նախագահը իր երախտագիտությունը հայտնեց Ճապոնիայի կառավարությանը զարգացմանը պաշտոնական աջակցություն ծրագրի շրջանակներում Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի օգնության համար: Իր հերթին Կավակամին տեղեկացրեց, որ գործակալությունը մտադիր է շարունակել Հայաստանի հետ բոլոր ծրագրերի իրականացումը: Սակայն, ըստ գործակալության նախագահի, անհրաժեշտ է հստակեցնել երկու երկրների համար առաջնային նախագծերը: ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը և Ճապոնիան շատ ընդհանրություններ ունեն, և այդ ուղղությամբ Ճապոնիայի կուտակած հարուստ փորձը չափազանց կարևոր է Հայաստանի համար: Կավակամին ընդգծեց մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև երկրում հզոր մտավոր ներուժի առկայության կարևորությունը Հայաստանի զարգացումն ապահովելու համար: Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը իր պատրաստակամությունը հայտնեց հյուրընկալել Կավակամիին Երևանում: Հանդիպումից հետո Հայաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Կավակամին ստորագրեցին  «Հայաստանի հանքային արդյունաբերության զարգացում» հետազոտական դրամաշնորհային ծրագրի իրականացմանն ուղղված փաստաթուղթը:

Հաջորդ օրը նախագահ Քոչարյանը հանդիպեց Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության նախագահ Նոբորու Հատակեյամայի հետ: Հանդիպման սկզբում ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց իր զրուցակցին 2001թ. հունիսին Տոկիոյում կայացած անդրկովկասյան տարածաշրջանի երկրների տնտեսական նվաճումներին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման համար: Քոչարյանը ընդգծեց հայկական կողմի հետաքրքրությունը զարգացնելու համագործակցությունը JETRO-ի հետ: Այդ կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց 2002թ. Ճապոնիայում կայանալիք ոսկերչական ապրանքատեսակների ցուցահանդեսին հայ արտադրողների մասնակցության վերաբերյալ: Այնուհետև Հատակեյաման ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանի հետ փոխգործակցության սերտացման հեռանկարները: Մասնավորապես նշվեց հայ գործարարներին անվճար 4 ամիս ժամկետով կազմակերպության կողմից Տոկիոյում գրասենյակ տրամադրելու, համակարգչային տեղեկատվական ցանցով գործընկերներ փնտրելու և գործարար կապերի հաստատման համար առկա հնարավորությունները: Հատակեյաման նշեց, որ կազմակերպության տեղեկատվական ցանցում գրանցված են ծխախոտի և կաթի փոշու արտադրությամբ զբաղվող միայն երկու հայկական ընկերություններ:

Նույն օրը նախագահ Քոչարյանը ընդունեց Ճապոնիայի միջազգային զարգացման բանկի նախագահ Կիոսուկե Սինազավային: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի էներգետիկայի և օդային տրանսպորտի բնագավառներում իրականացվող երկու արտոնյալ վարկային ծրագրերի կատարման ընթացքը: Նախագահը տեղեկացրեց ճապոնական կողմին, որ առաջինի իրականացման ձգձգման հիմնական պատճառը կապված էր Հայաստանում սեփականաշնորհման գործընթացի հետ: Քոչարյանը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է նշված ծրագիրը կատարելու, և համոզմունք հայտնեց, որ շահագրգիռ գերատեսչությունները բոլոր ջանքերը կգործադրեն այն արագ ավարտին հասցնելու համար: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերականգնման նախագծի վերաբերյալ ՀՀ նախագահը նշեց, որ վերջերս օդանավակայանի կառավարումը տրվել է հայտնի արգենտինյան ընկերությանը: Այդ կապակցությամբ Քոչարյանը ընդգծեց, որ անհրաժեշտ է նախագծի իրականացման այնպիսի ուղիներ գտնել, որոնք կբավարարեն նրանում ընդգրկված բոլոր երեք կողմերի պահանջները: Նախագահը առաջարկեց հանդիպումներ կազմակերպել տարբեր մակարդակներով, երեք կողմերի մասնակցությամբ՝ հետագա ծրագրերն ու գործողությունները համակարգելու նպատակով:

Քոչարյանի պաշտոնական այցի շրջանակներում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ նաև ՀՀ ֆինանսների նախարար Խաչատրյանի հանդիպումը Ճապոնիայի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ներկայացուցիչների պալատի անդամ, ֆինանսական հարցերով խորհրդարանական քարտուղար Կիյոշի Նականոյի հետ: Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին տրամադրվող օգնության համար, այնուհետև մանրամասներ հայտնեց Հայաստանի էներգետիկայի ոլորտում Ճապոնիայի կողմից արտոնյալ վարկային ծրագրի իրականացման ընթացքի և արդի զարգացումների վերաբերյալ: Խաչատրյանը մասնավորապես նշեց, որ ՀՀ ղեկավարությունը որոշել է ցանցերի արդիականացման նպատակով ստեղծել դոնորների խորհուրդ նախնական որոշալի կապիտալով, ուր կարող է իր մասնակցությունն ունենալ նաև Ճապոնիան: Նականոն խոստացավ, որ ջանքեր կգործադրի Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, չնայած 2002թ. Ճապոնիայի բյուջեում ընդհանուր օգնության ծրագրերի համար նախատեսված գումարների նվազմանը շուրջ 10%-ով:

1997թ. դեկտեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացավ դոնոր երկրների հերթական խորհրդաժողովը: Այստեղ 1997թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ-ի և Ճապոնիայի պատվիրակությունների միջև ստորագրվեց Իենային արտոնյալ վարկերի գծով առաջին փաստաթուղթը: Ի կատարումն այդ համաձայնության՝ 1998թ. դեկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցավ «Էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման ցանցերի վերականգնման ծրագրերի» վերաբերյալ նոտաների փոխանակումը, որի համաձայն՝ ճապոնական կառավարությունը պետք է 5 միլիարդ 399 միլիոն ճապոնական իեն գումարի արտոնյալ վարկով համաֆինանսավորեր Համաշխարհային բանկի համապատասխան ծրագիրը: Այս կապակցությամբ 1999թ. փետրվարի 18-ին Տոկիոյում ստորագրվեց վարկային համաձայնագիր: Հայկական և ճապոնական համապատասխան կազմակերպությունների միջև 2000թ. ապրիլին Միջազգային համագործակցության ճապոնական բանկի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2004-2005 ֆինանսական տարում ավարտել նշված ծրագիրը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ Ճապոնիան մասնակցում է նաև Հայաստանում իրականացվող խոշոր վարկային ծրագրերի նախագծերի կատարման գործընթացին:

Իենային արտոնյալ վարկի մյուս ծրագիրն առնչվում էր «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացմանը, որը, ի տարբերություն առաջին վարկային ծրագրի, նախատեսված էր ամբողջովին իրականացնել ճապոնական կողմի, մասնավորապես, Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ֆինանսավորմամբ: Ճապոնիայի կառավարության կողմից լիազորված խորհրդատվական կազմակերպությունները Հայաստանում բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացնելուց հետո նախնական պատրաստակամություն հայտնեցին ծրագրի իրականացումը սկսել 2001թ.: Հաշվի առնելով «Զվարթնոց» օդանավակայանի արտոնյալ վարկային ծրագրի իրականացման անհնարինությունը՝ պայմանավորված «Զվարթնոց» օդանավակայանի առկա կարգավիճակով, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց կասեցնել վերոնշյալ ծրագրի իրականացումը և առաջնային ճանաչել «Երևանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ տեխնիկական վերակառուցմանն ուղղված վարկային ծրագիրը: Նշված ծրագրի շրջանակներում Երևան այցելեց Միջազգային համագործակցության ճապոնական բանկի պատվիրակությունը:

Պաշտոնական զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի տարեկան ընդհանուր գումարը կազմում է մոտ 7-8 միլիոն ԱՄՆ դոլար, իրականացվում է հիմնականում սարքավորումների տրամադրման ձևով, ընդգրկում են մեծածավալ ընդհանուր, մշակութային, ոչ նպատակային, «Պարենային արտադրության աճ», հետազոտական, ինչպես նաև փոքրածավալ նախագծեր:

1997-2002թթ. ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվել են «Պարենային արտադրության աճ» ծրագրի շուրջ 2 միլիարդ իեն ընդհանուր արժողությամբ տարբեր նախագծեր, որոնց արդյունքում Հայաստան են ներկրվել ազոտային պարարտանյութ, հացահատիկային կոմբայններ և մինի տրակտորներ: 2002-2003 ֆինանսական տարում ծրագիրը չի իրականացվել նախատեսված գործընկերային հիմնադրամի 100%-ը համալրված չլինելու պատճառով: Ոչ նպատակային դրամաշնորհային ծրագիրը, կազմելով 500 միլիոն իեն, Հայաստանում իրականացվել է մեկ անգամ՝ 1997-1998թթ.: Արդյունքում Հայաստան է ներկրվել նավթամթերք, տպագրական թուղթ, մինի տպարան, փշալար, մարդատար միկրոավտոբուսներ և փոքր տարողությամբ բեռնատարներ: Ապրանքների վաճառքից գոյացած միջոցները մուտքագրվել են ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունով բացված հատուկ հաշվին՝ հետագայում համալրելով պետբյուջեն: Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել 1999-2000թթ. համար Հայաստանի Հանրապետությանը հատկացնել ևս 500 միլիոն իեն նշված ծրագրի շրջանակներում: Նախապատրաստական աշխատանքները կատարվել են ՀՀ արտաքին գործերի և ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների կողմից, սակայն համաձայն Մոսկվայում Ճապոնիայի դեսպանությունից ստացված տեղեկատվության՝ Ճապոնիայի կառավարությունը ժամանակավորապես ընդհատել է ծրագրի իրականացումը նրանում ընդգրկված բոլոր երկրների համար: Մինչև 2001թ. Ճապոնիայի կառավարության քննարկմանը ներկայացվել են 3 նախագծեր մշակույթի բնագավառում: Առաջինը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման ծրագիրը, որն իրականացվել է 1999թ.: Երկրորդ՝ Մատենադարանի ձեռագրերի վերականգնման և պատճենահանման բաժինների տեխնիկական օգնության ծրագիր, որի իրականացումը ավարտվել է 2002թ. դեկտեմբերին: Երրորդ մշակութային նախագծի՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեխնիկական սարքավորումների արդիականացման աշխատանքները ավարտվեցին 2003թ. աշնանը:

ՀՀ արտգործնախարարությունը 2001թ. դիմել է ՀՀ կառավարությանը մինչ այդ ներկայացված երկու՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոնի տեխնիկական սարքավորումների արդիականացման և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համար երաժշտական սարքավորումների ձեռքբերման մշակութային նախագծերից մեկը ճանաչել որպես առաջնային՝ 2003-2004 ֆինանսական տարում իրականացնելու նպատակով: ՀՀ կառավարությունը որոշել է առաջնայնությունը տալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային համալիրի տեխնիկական սարքավորումների արդիականացման ծրագրին, որի շրջանակներում 2003թ. սեպտեմբերին Հայաստան այցելեց ճապոնական կառավարության պատվիրակությունը:

1998թ. սկսած Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով իրականացնում է փոքրածավալ «grass-roots» դրամաշնորհային ծրագրեր: Մինչ այժմ իրականացվել են մի քանի նման ծրագրեր, որոնք վերաբերում էին Մարտունի քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի վերականգնմանը (67.000 ԱՄՆ դոլար), հաշմանդամ երեխաներին պրոթեզավորման օգնությանը (50.5 հազար ԱՄՆ դոլար), մանկական բժշկական սարքավորումների տրամադրմանը (46.000 ԱՄՆ դոլար), Գեղարքունիքի մարզի դպրոցների կահավորմանը (79.000 ԱՄՆ դոլար):

Պաշտոնական զարգացման դրամաշնորհային ծրագրերի շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մեծածավալ ընդհանուր նախագծերը, որոնք իրականացվում են ըստ առաջնայնության սկզբունքի՝ առողջապահության, կրթության, սոցիալական, արտադրական և տարածքային ենթակառույցների բնագավառներում: Ընդ որում, մեծածավալ ընդհանուր նախագծերը կազմում են պաշտոնական զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի համար տարեկան նախատեսված գումարի 60-65%-ը: Այդ իսկ պատճառով Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ի համար սովորաբար նախատեսում է տարեկան 1 նման ծրագիր: Մինչդեռ սկսած 1997 թվականից Ճապոնիայի կառավարության քննարկմանն են ուղարկվել արդեն իսկ 13 նախագծեր, որոնցից մի քանիսը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել էին որպես առաջնային:

Սակայն մի շարք օբյեկտիվ հանգամանքների պատճառով նախագծերի իրականացման ծրագրավորված ժամանակացույցը ձգձգվեց: 1998-1999 ֆինանսական տարվա համար նախատեսված «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բուժսարքավորումների արդիականացման ծրագիրն (5395000 ԱՄՆ դոլար) ավարտվեց միայն 2001թ. մարտին հիվանդանոցում համապատասխան սարքավորումների տեղադրմամբ: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից առաջնային ճանաչված նախագծերը վերաբերում են ենթակառույցների զարգացման բնագավառին և պահանջում առավել քան 1 տարի ժամանակ, մեծ բյուջե և նախնական լուրջ ուսումնասիրություններ, մինչդեռ պաշտոնական զարգացման ծրագրի համակարգում առաջնայնությունը հիմնականում տրվում է առողջապահական և կրթական բնագավառներին:

«Երևան քաղաքի ճանապարհների վերականգնման» նախագծի իրականացման շրջանակներում ճապոնացի փորձագետների առաջին պատվիրակությունը Հայաստան է ժամանել 2001թ. սեպտեմբերին: 2003թ. աշնանը ավարտվեց «Երևան քաղաքի ճանապարհների վերականգնման» ծրագիրը: Առողջապահության բնագավառում Ճապոնիայի կառավարությունը իրականացրել է արդեն Հակատուբերկուլյոզային հանրապետական, «Նորք» մանկական ինֆեկցիոն, Երևանի թիվ 3 շտապ օգնության մանկական հիվանդանոցների բուժսարքավորումների արդիականացման հերթական ծրագրերը (շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար): Իրականացման սկզբնական փուլում է գտնվում երրորդ առողջապահական ծրագիրը՝ ուղղված Հայաստանում ծննդօգնության բարելավմանը, որի ավարտից հետո 2005-2006 ֆինանսական տարվա համար ՀՀ կառավարության կողմից առաջնայնություն է ստացել կրթական՝ ՀՀ հանրակրթական դպրոցների վթարավտանգ և անբավարար տեխնիկական վիճակում գտնվող շենքերի առաջնահերթ վերականգնման-ուժեղացման, բարելավման և նոր շինարարության ծրագիրը:

2003թ. ավարտվեց «Հայաստանի հանքարդյունաբերության զարգացում» նախագիծը: 2002թ. հոկտեմբերին ճապոնական կողմին է ներկայացվել ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից պատրաստված «Հայաստանի Հանրապետության երկրաշարժավտանգ տարածքում սողանքային աղետների կառավարում» ուսումնասիրության ծրագիրը, որի շրջանակներում 2003թ. սեպտեմբերին Հայաստանում էր գտնվում առաջին պատվիրակությունը:

Պաշտոնական զարգացման ծրագրերի մյուս հատվածը վերաբերում է տեխնիկական օգնությանը, որն իրականացվում է Ճապոնիայում՝ JICA-ի շրջանակներում, և ընդգրկում է հայ մասնագետների վերապատրաստումը, ինչպես նաև նույն գործակալության կողմից Հայաստանում ճապոնացի փորձագետների խմբերի հետազոտական գործունեությունը:

1995-2003թթ. Հայաստանի կառավարական տարբեր գերատեսչություններից 100-ից ավել փորձագետներ մասնագիտական դասընթացների և սեմինարների են մասնակցել Ճապոնիայում: JICA-ի շրջանակներում վերապատրաստման մեկ այլ ծրագրի և երիտասարդության համար կազմակերպվող ուսուցողական ծրագրերի արդեն մասնակցել են 25 մասնագետներ Հայաստանից:

JICA գործակալության փորձագիտական գործունեությունը Հայաստանում ընթանում է ինչպես հետազոտական խմբերի, այնպես էլ առանձին մասնագետների աշխատանքների ձևով: Մինչև այժմ ճապոնական մի շարք հետազոտական խմբեր են աշխատել Հայաստանում, որոնցից մեկը զբաղվել է մասնավոր հատվածի խրախուսման (1998թ. հունիս), մյուսը՝ ջրամատակարարման (1999թ. մարտ) ծրագրերով: Մեկ այլ խումբ ներգրավված էր Հայաստանի բնապահպանության ոլորտում:

Հետազոտական առաջին խումբն իր գործունեության ընթացքում այցելել է 28 ձեռնարկություններ Երևանում, Վանաձորում, Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում, որի արդյունքում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ու JICA գործակալության միջև ստորագրվել է արձանագրություն Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման վերաբերյալ: Այդ ուղղությամբ 1998թ. դեկտեմբերին կազմվեց Հիմնական նախագիծ, որը հիմք հանդիսացավ ծրագրի հետագա իրականացման համար: Ջրամատակարարման գծով աշխատող փորձագիտական խումբը համագործակցելով ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ, կազմել է բնագավառի զարգացման ծրագիր:

Նոր հեռանկարներ. անցում մարդասիրական օգնության և դրամաշնորհների քաղաքականությունից փոխշահավետ համագործակցության

Հայ ժողովուրդը խորին երախտագիտությամբ է ընդունում Ճապոնիայի կառավարության և ժողովրդի կողմից տրամադրվող օժանդակությունը: Այնուամենայնիվ, կարելի է վստահաբար ասել, որ ժամանակն է եկել Ճապոնիայի կողմից Հայաստանին մարդասիրական օգնության, դրամաշնորհների և վարկերի տրամադրման քաղաքականությանը զուգահեռ ջանքեր գործադրելու երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղղակի փոխշահավետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ ճապոնական կողմի համար հեռանկարային կարող են հանդիսանալ Հայաստանի հանքարդյունաբերության և քիմիական ոլորտները:

Հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, գործնական համագործակցության նոր արդյունավետ ձևերի մշակման ուղղությամբ խթան կարող է հանդիսանալ հայ-ճապոնական և ճապոնա-հայկական տնտեսական կոմիտեների գործունեությունը: Ներկա փուլում կարևոր և միանգամայն իրական են նկատվում տնտեսական կոնկրետ նախագծերի մշակումն ու իրականացումը, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, զբոսաշրջության և այլ բնագավառներում:

Քաջ հայտնի է, որ Հայաստանը Ճապոնիայի նման գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում: Ճապոնիայում ստեղծված է պատկառելի գիտական և գործնական բազա այդ բնագավառում: Հայաստանում նույնպես առկա են մեծ թվով բարձրորակ արտակարգ իրավիճակների մասնագետ-փրկարարներ: Համագործակցության հաստատումը այդ բնագավառներում կարող է նույնպես շահեկան լինել երկու երկրների համար:

Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական սերտ համագործակցության հաստատումը ոչ միայն հնարավոր է, այլև խոստանում է լինել արդյունավետ ու փոխշահավետ:

Նյութի աղբյուրը՝ Նիկոլայ Հովհաննիսյան- «Հայաստան-Ճապոնիա: Քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական հարաբերություններ»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...