Երբ
ժամանակը եկավ, պարսից արքայից արքա Դարեհը որոշեց թագավոր կարգել իր 7 որդիներից մեկին:
Նրա ընտրությունը կանգ առավ Քսերքսեսի վրա. հայրն անմիջապես ուղարկեց նրան ճնշելու
պարսիկներին ենթակա Եգիպտոսում ծագած ապստամբությունը: Քսերքսեսը շատ արագ և դաժանորեն
«կարգի հրավիրեց» անհնազանդներին՝ ապացուցելով, որ հայրը չի սխալվել իր ընտրության
մեջ: Իսկ երբ Դարեհը հանկարծամահ եղավ, Քսերքսեսը դարձավ ընդարձակ, հարուստ ու հզոր
կայսրության արքայից արքան: Նա արտակարգ գեղեցիկ երիտասարդ էր: Բայց արտակարգ էր ոչ
միայն նրա արտաքինը: Գերազանց մտավոր և ֆիզիկական պատրաստվածություն, փայլուն հիշողություն,
բնածին վերլուծական ունակություն, ինքնատիպ տրամաբանություն, պետական մտածողություն,
մասշտաբային գործելակերպ, վճռականություն, մոլեգին նպատակասլացություն, սեր դեպի բնությունը
և բուսական աշխարհը, հատկապես՝ ծաղկաբուծությունը: Նա միշտ երազում էր գրավել Եվրոպան՝
տեսնելու համար, թե ինչպիսին է այդ կողմերի բուսականությունը: Սա իհարկե նրա էքսպանսիոնիզմի
ընդամենը գեղագիտական կողմն էր: Նա պետության ծավալման և պետականության ամրապնդման
երդվյալ զինվորն էր: Այդպիսիք էին արքայից արքային բնորոշող դրական հատկանիշները: Դրանց
կողքին նրան հատուկ էին խորամանկությունը, նենգությունը, ուխտադրժությունը, խելացնորությանը
սահմանակցող կասկածամտությունը, գոռոզամտությունը, խառնվածքի երկվությունը, բարոյական
այլասերվածությունը: Քսերքսեսը բոլոր հիմքերն ուներ իրեն համարելու Կյուրոսի ժառանգորդը,
Ահուրամազդայի ընտրյալը: Նա պատրաստ էր և միանգամայն ունակ շարունակելու հոր՝ Դարեհի
կիսատ թողած գործը: Սակայն Քսերքսեսը բոլորովին նոր ուղղություն հաղորդեց Պարսկաստանի
արտաքին քաղաքականությանը և դիվանագիտությանը. որդեգրեց փիլիսոփայական եթե ոչ ուսմունք,
ապա, հաստատ, մի ամբողջ հայեցակարգ, որով առաջնորդվելու էր նա, իսկ նրանից հետո՝ պարսիկները:
Իրեն հռչակելով Մեծ արքա, Արքա Պարսկաստանի և Արքա Տարածքների՝ Քսերքսեսը հայտարարեց,
օրինակ, որ Եգիպտոսում ինքը հաղթել է ոչ թե հասարակ մահկանացուներին, այլ տիեզերական
չարիքին: Զարգացնելով իր մտքերը՝ նա օրենքից դուրս հայտարարեց բոլոր մյուս ժողովուրդներին:
Նրանց հարկ է ուժով հնազանդեցնել: Արքայից արքան պնդում էր, որ այն երկրները, որոնք
ընկել են ստի իշխանության տակ, պետք է նոր հավատ որդեգրեն՝ հանուն ճշմարտության: Եվ
միակ ճանապարհը մոլորվածների համար Ահուրամազդայի սահմանած օրենքին ենթարկվելն է: Այսպես
խոսեց արքայից արքան՝ մոռանալով, որ իր նստած գահը երեսպատված է ողջ մարդկանցից քերթված մաշկով: Հետո, երբ բարձր ոլորտների
մասին դատողությունից Քսերքսեսն իջավ իրական գետին, գծեց կոնկրետ գործողության պլան.Պարսկաստանը
պետք է նվաճի Եվրոպան, որից հետո,քանի որ Ասիան արդեն նվաճված է, նա կսահմանի նոր աշխարհակարգ,
և այնժամ հողագնդում կհաստատվի pax Persica, ասել կուզի՝ խաղաղություն պարսկական ձևով:
Հետագայում մտածելակերպ դարձավ աշխարհը ձևել գերտերությունների չափանիշներով՝ pax
Romana, pax Americana և այլն: Ուրեմն, առաջ՝ դեպի Եվրոպա: Բայց այստեղ առաջանում է
մի փոքր արգելք, ոտքի տակ է ընկնում Հելլադան: Դե ինչ, արգելքը ենթակա է վերացման:
Սկսած այդ պահից՝ Հունաստանը դառնում է Պարսկաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը,
նրա գլխավոր թշնամին, նրա աշխարհառազմավարական պլանների հիմնական թիրախը: Քսերքսեսի
ձգտումները, ենթարկվելով սոցիալ-փիլիսոփայական և կրոնագաղափարախոսական վերլուծության,
դառնում են ազգային հիմնադրույթ: Արդյունքում նա արտաքին քաղաքականությանը հաղորդեց
հստակ զավթողական բնույթ՝ ուղղելով այն դեպի Արևմուտք: Եվ չարաչար սխալվեց:
Պատմությունը
գալիս է ասելու, որ կայսրությունների սահմաններն ունեն որոշակի չափեր, որոնց շարունակական
ընդարձակումը կործանարար է հենց այդ կայսրության համար: Ճնշման և շահագործման մեխանիզմների
չարաշահումը օտար երկրներում վերջիվերջո դրսից և ներսից քանդում է կայսրությունը: Հռոմ,
Մեծ Բրիտանիա, ԽՍՀՄ և այլն: Քսերքսեսի մտքով անգամ չէր անցնում, որ իր ճանապարհին ընկած
Հունաստանը կարող է լուրջ խոչընդոտ լինել: Սակայն հենց Հելլադան խափանեց արքայի պլանները,
մահացու հարված հասցրեց նրա վարդագույն երազների իրականացմանը: Եվ, վերջին հաշվով,
փրկեց քաղաքակրթությունն ասիական հորդաների ասպատակությունից:
Ի
դեպ, աշխարհը նվաճելու խելացնոր ձգտումներն այս կամ այն տարբերակով հանդես են բերել
հին և նոր պատմության մեծ ու փոքր բռնակալները՝ Ալեքսանդր Մակեդոնացի, Չինգիզ խան,
Նապոլեոն, Լենին և ուրիշներ: Նրանք բոլորն էլ կրկնել են արքայից արքայի նվաճողական
նկրտումները՝ ամեն մեկն իր ձևով, իր չափով, իր փիլիսոփայությամբ: Եվ ճիշտ չէ, որ պատմությունը
չի կրկնվում: Օրինակ՝ բոլոր բռնակալները տառապել են մեծապետական հովերով: Դատեք ինքներդ:
Ասիայից Եվրոպա անցնելու համար արքայից արքան Հելեսպոնտոսում 2 կամրջանավ կառուցելու
հրաման տվեց: Առաջին փորձն անհաջող անցավ՝ փոթորիկը քանդեց այն: Այնժամ արքան «պատժեց»
ծովը, մտրակել տվեց այն և սպառնաց, որ միևնույն է, կամուրջը գցվելու է: Գլխատել տվեց
ինժեներական ողջ կազմը և նոր մասնագետներ կարգեց, որոնք ռեկորդային կարճ ժամկետներում
կառուցեցին 2 կամուրջ՝ հրաշքի նման մի բան այն դարերի տեխնիկայի պայմաններում: Արքայից
արքան շատ էր զայրանում, երբ բնությունը չէր ենթարկվում իրեն, քանի որ ինքը տիրակալն
էր ոչ միայն մարդկանց, այլև ամեն ինչի՝ շնչավոր կամ անշունչ: Արշավանքի ժամանակ Թեսալիայում
Քսերքսեսին դուր չեկավ Պենեոս գետի հունը և կարգադրեց փոխել այն: Խորհրդային Միության
վերջին տարիներին քաղբյուրոյի զառամախտով տառապող ղեկավարների գլխում ևս ֆանտաստիկ
պլաններ էին ծագել Սիբիրի գետերի հունը փոխելու վերաբերյալ, որոնք այդպես էլ մնացին
թղթի վրա: Պենեսի հունը ևս հնարավոր չեղավ փոխել: Իսկ եթե ինչ-որ հրաշքով պլանն իրագործվեր,
ողջ Թեսալիան մնալու էր ջրի տակ: Այդ հանգամանքն ամենից քիչ էր մտահոգում արքային.
մարդը նրա համար ոչինչ չարժեր: Թեսալացիները՝ առավել ևս, քանզի նրանք առաջին հելլեններն
էին, որ հպատակվել էին պարսիկներին: Այդպիսին են տիրակալները, և ոչ միայն նրանք: Ենթարկվողին
պարզապես արհամարհում են:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment