Հաջողությունը
սահմանում չունի, այն պետք է ինքդ սահմանես։ Հաջողության գնահատման ու սահմանման համար
չկան ճշգրիտ չափանիշներ կամ մոտեցումներ․ այն հիմնականում անհատական ընկալման արդյունք է։
Եթե մի կայացած մարդու խնդրես պատմել իր հաջողությունների մասին, նա իր ներկա կարգավիճակն
ու ձեռքբերումները մատնանշելու կամ գովերգելու փոխարեն կփորձի ներկայացնել իր ջանքերն
ու անցած ճանապարհը։
Երբեմն որևէ երևույթ հասկանալու համար շատ օգտակար է նախ հասկանալ, թե ինչ չէ այն։
Նկատի ունեմ՝ որևէ բան ավելի լավ հասկանալու համար արժե նախ ցրել դրա շուրջ տարածված
թյուրընկալումներն ու միֆերը։
Ուստի, իսկապես, շատ արդյունավետ կլինի նախ բացառել, ֆիլտրել սխալ կամ թյուր մոտեցումները
և ավելի պարզ ֆոնի վրա մտածել բուն երևույթի մասին։
Հաջողությունը շահում չէ։
Հաջողությունը պատահական գտածո չէ։
Հաջողությունը ղեկավար պաշտոն ստանալը չէ։
Հաջողությունը բարձր աշխատավարձ ունենալը չէ։
Հաջողությունն ինչ-որ մեկի բարեհաճությանը արժանանալը չէ։
Հաջողությունը պարզապես տուն, մեքենա, շուն ու ամառանոց ունենալը չէ։
Հաջողությունն ընտրություն է։ Որոշման արդյունք։ Գործողությունների հետևանք։
Համաձայն քեմբրիջյան բառարանի՝ «Հաջողությունը ցանկալի կամ ակնկալվող արդյունքների
հասնելն է»։
Կարող ենք առաջնորդվել ընդունված մոտեցումներով, բայց նույնիսկ այդ դեպքում ամեն
մի հաջողության պատմություն շատ առանձնահատուկ ու ուրույն ծագում ունի։
Հաջողության համար օնլայն կոճակ կամ անվճար կուպոն գոյություն չունի։ Դա գիտակցված
ճանապարհ է։ Ճանապարհ, որը պետք է անցնես, որն արժե անցնել և ամենևին էլ պարտադիր չէ,
որ այն շատ երկար կամ տանջալից լինի։
Այն, ինչ մենք հաջողություն ենք անվանում, դա նախորդիվ կատարված քայլերի արդյունքում
իրականացրած ծրագրերի ամփոփումն է։ Հաջողությունը կանխամտածված քայլերի արդյունքում
սահմանված նպատակներին հասնելն է։
Հաջողությունն այսբերգ է, որի միայն 10%-ը հենց այն է, ինչն էլ սովորաբար մարդիկ
տեսնում են, իսկ 90%-ն այն է, ինչ սովորաբար անտեսում են։
Այդ չերևացող 90%-ը երբեմն ենթադրում է ծանր աշխատանք, համառություն, նպատակասլացություն,
ինքնակրթություն, սովորությունների ու բնավորության վերանայում և շատ ավելին։
Իսկ դրանք պարզապես անտեսելը միջին վիճակագրական տվյալ դառնալու ամենակարճ ճանապարհն
է։
Ի վերջո, ակնկալվող վերջնակետից ոչ պակաս արժեքավոր է նաև այն ճանապարհը, որը քեզ
ուղղորդել է դեպի ցանկալի վայր։ Շատերն են տեսնում լեռան գագաթը, բայց քչերն են ծանոթ
դեպի բարձունք տանող արահետներին։ Երբ գիտես արահետը, ապա բարձունքում հայտնվելը քեզ
համար կարող է դառնալ հաճախ կրկնվող վայելք։
Եթե հաջողությունը մեր B կետն է, այսինքն՝ նպատակը, ապա մեր ներկայիս գտնվելու
վայրը A կետն է՝ մեր որոշումը։ Հայտնի է, որ A և B կետերի միջև ընկած ամենակարճ ճանապարհն
ուղիղ գիծն է։
Թե որն է քո ուղիղ գիծը, այսինքն՝ ամենակարճ ճանապարհը դեպի հաջողություն, ինքդ
ես որոշում՝ ելնելով քո արժեհամակարգից, մտածելակերպից, ձգտումներից ու քայլերից։ Հաջողությունը
կարելի է գնահատել սահմանված նպատակներից ելնելով․ դրանք իրագործվե՞լ են, թե՞ ոչ։
Պարտադիր չէ, որ քո B կետն ու իմ B կետը նույնը լինեն, նման լինեն կամ համընկնեն,
դրանք տարբեր են, քանի որ մենք ենք տարբեր, բոլոր մարդիկ են տարբեր։ Դու ինքդ պետք
է սահմանես քո B կետը։
Շատերիս կողմից սիրված դերասան Ջիմ Քերրին 1987 թվականին ինքն իրեն 10 միլիոն դոլարի
չեկ է գրում։ «Թողարկման ամսաթիվ» սյունակում Ջիմը նշում է․ «Գոհաբանության օր՝ 1995 թվական», իսկ մեկնաբանության սյունակում
ավելացնում․ «Դերասանական ծառայությունների
համար»։ Եվ հետո մի քանի տարի նա համառորեն աշխատում է և փորձում միայն պատկերացնել
նշված գումարը ստանալու բաղձալի պահը, մինչև 1994 թվականը, երբ «Հիմարը և ավելի հիմարը»
ֆիլմում իր կատարած դերի համար նրան վերջապես վճարում են հենց 10 միլիոն դոլար։
Նյութի աղբյուրը՝ Գոռ Կարապետյան- «Հաջողության թաքնված կողմը»

Comments
Post a Comment