Ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի կյանքն ու գիտական ժառանգությունը
Վլադիկ
Ներսեսյանցի խմբագրությամբ հրատարակվել են իրավունքի վերաբերյալ բազմաթիվ դասագրքեր,
որոնք ժամանակի ընթացքում դարձել են դասական աշխատություններ։ Սակայն Ներսեսյանց ազգանունը
պարզապես դասագրքի վերնագիր չէ, նա իրական մարդ էր, մեր անվանի հայրենակիցներից ու
իրավագիտության ոլորտի մեծություններից մեկը, ում մասին հայ հասարակությունը, հատկապես
երիտասարդ սերունդը դեռևս ամբողջական պատկերացում չունի։
Վլադիկ
Սումբատի Ներսեսյանցը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում։ Նա իրավունքի
փիլիսոփայության, քաղաքական և իրավական ուսմունքների ոլորտների մեծագույն մասնագետ
է, հանդիսանում է ազատական-իրավաբանական ու ցիվիլիզմի հայեցակարգերի մշակողն ու հիմնադիրը
և դասվում է իրավունքի փիլիսոփայության համաշխարհային դասականների շարքին։
Վլադիկ
Ներսեսյանցը մանուկ հասակում զրկվում է հորից, վերջինս ժամանակի բռնաճնշումների զոհ
է դառնում․ 1941 թվականին ձերբակալվել է և հավանաբար
գնդակահարվել։ Ներսեսյանցի կենսագրությունն ուսումնասիրողներից ոմանք կարծում են, որ
իրավունքի փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է եղել հոր ձերբակալությամբ,
որին հայրենիքի դավաճան են որակել։
Ինչպես պատմում է Ներսեսյանցի եղբայրը՝ Վազգենը, Ներսեսյանցի ծնվելուց դեռ տարիներ
առաջ հայրը կարծիք է հայտնել, որ իրենց ընտանիքն առանձնապես ոչնչով երբևէ աչքի չի ընկնի։
Իսկ երբ ծնվում է Վլադիկի որդին, հայրն ասում է՝ նա կփառավորի մեր ընտանիքը։ Հայրը
նույնիսկ որդու ազգանվանը հավելում է ց՝ Ներսեսյանց։
Վլադիկ Ներսեսյանցը 1955 թվականին Երևանում ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, իսկ
1961 թվականին՝ գերազանցությամբ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական
ֆակուլտետը։ Նախքան ասպիրանտուրա ընդունվելն Իվանովո քաղաքում որոշ ժամանակ զբաղվել
է փաստաբանությամբ։
1965 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝
«Марксова критика гегелевской философии права: в период перехода Маркса к
материализму и коммунизму» թեմայով։ Նրա գիտական ղեկավարը գիտության վաստակավոր գործիչ,
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Քեչեկյանն էր։
1975 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտում
Վլադիկ Ներսեսյանցը հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, թեման՝ «Политико-правовая
теория Гегеля и ее интерпретация»։ Թեմայի ընտրությունը պայմանավորված էր նրանով,
որ Ներսեսյանցը Հեգելի տեսությունը համարում էր արևմտյան փիլիսոփայական մտքի գագաթնակետը։
1970 թվականից մինչև կյանքի վերջ գիտնականն աշխատել է Պետության և իրավունքի ինստիտուտում։
1970-1980 թվականներին եղել է այդ ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1985 թվականին Ներսեսյանցին
շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1980-2005 թվականներին Վլադիկ Ներսեսյանցը եղել է ինստիտուտի պետության, իրավունքի
և քաղաքական ուսմունքների պատմության բաժանմունքի վարիչ, իսկ 1992 թվականից ինստիտուտում
ղեկավարել է պետության և իրավունքի տեսության ու պատմության կենտրոնը։
Լինելով իրավունքի տեսության, քաղաքական և իրավական ուսմունքների ոլորտի ականավոր
մասնագետ՝ երկար տարիներ եղել է Սոցիալական և իրավական փիլիսոփայության միջազգային
ասոցիացիայի ռուսական բաժնի նախագահը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահին
կից գիտահամակարգող խորհրդի անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետության
և իրավունքի ինստիտուտի կենտրոնի գիտական խորհրդի նախագահ, Ռուսաստանի գիտությունների
ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի գիտական և մասնագիտացված խորհուրդների
անդամ, «Փիլիսոփայական ժառանգություն» մատենաշարի խմբագրակազմի անդամ։
Վլադիկ Ներսեսյանցի գիտական աշխատությունները նվիրված են հասարակության զարգացման
պատմական և տեսական հիմնախնդիրներին, անցյալի վերլուծությանը՝ ներկան իմաստավորելու
համար։ Նա իր հետազոտությունները նվիրել է իրավունքի ամենաբարդ փիլիսոփայական և տեսական
հիմնախնդիրների լուսաբանմանը։
Ներսեսյանցը 1994 թվականի մարտի 31-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և իրավունքի բաժանմունքի թղթակից-անդամ,
իսկ 2000 թվականի մայիսի 26-ին՝ ակադեմիկոս։
Ակադեմիկոս Ներսեսյանցը պատրաստել է 10 իրավաբանական գիտությունների թեկնածուներ,
եղել է մի շարք դոկտորական ատենախոսությունների գիտական խորհրդատու։
Հեղինակել է շուրջ 400 գիտական աշխատանք, մի շարք կոլեկտիվ աշխատանքների համահեղինակ
և խմբագիր է, որոնց թվում՝ 16 մենագրություն և դասագիրք, մասնավորապես՝
1․ «Իրավունքի հեգելյան
փիլիսոփայություն․ պատմություն և արդիականություն»
2․ «Հին Հունաստանի քաղաքական
ուսմունքները»
3․ «Հեգել»
4․ «Անձը և պետությունը
քաղաքական ու իրավական մտքում»
5․ «Իրավունք և օրենք»
6․ «Պլատոն»
7․ «Իրավունքը սոցիալական
կարգավորման համակարգում»
8․ «Մեր ուղին դեպի իրավունք․ սոցիալիզմից դեպի ցիվիլիզմ»
9․ «Իրավական պետականության
գաղափարների պատմություն»
10․ «Քաղաքական և իրավական
ուսմունքների պատմություն»
11․ «Սոկրատես»
12․ «Իրավունքն ազատության
մաթեմատիկան է»
13․ «Իրավունքի փիլիսոփայություն»
14․ «Իրավագիտություն․ իրավունքի և պետության ընդհանուր տեսության դասընթացի ներածություն»
15․ «Իրավագիտություն»
16․ «Հեգելի իրավունքի փիլիսոփայություն»
17․ «Իրավունքի և պետության
ընդհանուր տեսության հիմնահարցեր»
18․ «Իրավունքի և պետության
ընդհանուր տեսություն»
19․ «Ռուսաստանի ազգային
գաղափարը հավասարության, ազատության և արդարության համաշխարհային-պատմական առաջընթացում,
ցիվիլիզմի մանիֆեստը»
20․ «Իրավունքի և պետության տեսություն․ համառոտ ուսումնական դասընթաց»
21․ «Քաղաքական և իրավական
ուսմունքների պատմություն»
Ակադեմիկոս Ներսեսյանցն իրավական հավասարությունը համեմատում էր մաթեմատիկական
հավասարության հետ։ Նա հեղինակել է «Իրավունքն ազատության մաթեմատիկան է» գիրքը, ինչն
ամենևին էլ պատահական չէ։ Նա հետաքրքրված էր մաթեմատիկայով և շախմատով։ Դրանից զատ՝
նա գրում էր փիլիսոփայական բնույթի բանաստեղծություններ․ հրատարակել է 3 ժողովածու։ Դրանք են՝
1․ «Անժամանակության խաչմերուկներում»
2․ «Տրամադրություններ»
3․ «Ստեղծագործություններ»
Կինը՝ Վալենտինա Վիկտորի Լապաևան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի գլխավոր
գիտաշխատող։ Ունի 1 դուստր՝ Աննա Ներսեսյանց՝ իրավաբանական գիտությունների թեկնածու։
Վլադիկ Սումբատի Ներսեսյանցը վախճանվել է 2005 թվականի հուլիսի 21-ին Մոսկվայում։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտում մինչ
օրս անցկացվում են ակադեմիկոսի հիշատակին նվիրված փիլիսոփայաիրավական ընթերցումներ։
Ներսեսյանցի կյանքը նույնքան բարդ էր, որքան իր գաղափարները, սակայն միաժամանակ նույնքան լուսավոր, որքան իր հայեցակարգերը։ Մի առիթով նա իր կնոջն ասել է, որ մեծ գաղափարի հեղինակին իր ողջ լինելը խանգարում է, որպեսզի ժամանակակիցներն ընդունեն այդ գաղափարի իրական մեծությունը։ Հետագա հուշերում Վալենտինա Լապաևան այս առիթով հավելել է՝ Ներսեսյանցը գնաց, որպեսզի չխանգարի, որ իր հայեցակարգերն ապրեն և հարատևեն։

Comments
Post a Comment