Skip to main content

Գործարար էթիկայի գլխավոր կանոնները

 

Գործարար միջավայրում, ինչպես և աշխարհիկ կյանքում, գոյություն ունեն որոշակի օրենքներ և կանոններ, որոնց ամբողջությունը ստացել է «գործարար էթիկա» անվանումը։ Սա, ըստ էության, մուտքն է գործարար մարդկանց աշխարհ, բիզնես միջավայրում շփման էտալոն։ Գործարար էթիկային չտիրապետելը կամ չիմանալը հաճախ որոշակի իրավիճակներում սայթաքելու պատճառ է դառնում, խոչընդոտ հանդիսանում հաջողակ բանակցություններ վարելու, շուկայում ընկերության և ապրանքի առաջմղման, հաջողակ կարիերայի ստեղծման գործում։ Պրոֆեսիոնալի կերպարը միանգամից չի ձևավորվում։ Գործարար էթիկան՝ փորձառության, փորձագիտության հետ միասին, շատ կարևոր դեր է խաղում այդ գործում։

Մարդուն պետք է դատել ըստ նրա գործերի, պահելաձևի, գործարար միջավայրում հարաբերություններ հաստատելու ունակության։

Կանոն առաջին՝ ժամանակը փող է

Ճշտապահությունը, այլ մարդկանց ժամանակի նկատմամբ հարգանքը և ժամանակի կառավարման հիմունքներին տիրապետելու գրագիտությունը գործարար աշխարհի հիմքերի հիմքն են։

Կարելի է լինել վառ, խարիզմատիկ անհատականություն, հիանալի բանակցող, պրոֆեսիոնալ կառավարիչ, բայց միշտ ուշանալ, խլել ուրիշների ժամանակը, կյանքը ծախսել սպասման, գործին չվերաբերող անիմաստ խոսակցությունների վրա։ Հազիվ թե նման պահելաձևով կարողանաք համագործակցել լուրջ և խոշոր ընկերությունների հետ։

Գործընկերները, գործատուները, աշխատակիցները՝ հասկանալով, որ մարդը միշտ ուշանում է, նրան կարող են տալ այսպիսի պիտակավորում՝ «անվստահելի, ժամանակից, ժամանակակից կյանքի տեմպից հետ ընկնող»։ Արդարացումները, ներողությունները կխորացնեն այս տպավորությունը, քանի որ նման պարագաներում այլոց նկատմամբ հարգանքի և քաղաքավարության կարիք չկա այլևս։

Ելքը միակն է

Յուրաքանչյուր գործարար պետք է տիրապետի ժամանակի կառավարման հիմունքներին, կարողանա պլանավորել իր աշխատանքային օրը, գրագիտորեն առանձնացնել կարևոր և ոչ այնքան կարևոր գործերը, պատվիրակել առօրյա խնդիրները և վերահսկել դրանց իրագործումը։

Կանոն երկրորդ՝ հագուստի համապատասխանություն

Մարդու մասին առաջին կարծիքը կազմվում է ըստ նրա արտաքին տեսքի գործարար պիջակ, կոկիկ սանրվածք, ներդաշնակ ընտրված աքսեսուարներ։

Արտաքին տեսքը խոսում է մարդու կարգավիճակի և հասարակության մեջ ունեցած դիրքի մասին, բնութագրում նրա բնավորությունը և ներաշխարհը ավելի լավ, քան նրա խոսքերը դա կանեն։ Դա արտահայտվում է ոչ միայն խոսքում, այլև հագուստի, սանրվածքի, զուգման պարագաների միջոցով։ Շատ խոշոր ընկերություններում կորպորատիվ վաճառքների գրքում ընդհանուր համազգեստի ձեռքբերման համար կա առանձին հոդված։ Եթե ձեռնարկությունը կամ կազմակերպությունը չունի անձնակազմի արտաքին տեսքի հետ կապված խիստ պահանջներ, ապա անհրաժեշտ է անցում կատարել գործարար աշխարհում ընդունված պահանջներին և կանոններին։

Կանոն երրորդ՝ աշխատանքային սեղանը որպես ներաշխարհի հայելի

«Սեղանի վրա կարգուկանոնը ենթադրում է կարգուկանոն գլխում»։ Այս հին իմաստությունը ոսկե տառերով պետք է գրել յուրաքանչյուր գործնական սենյակի դռան վրա։

Պարտադիր չէ լինել հոգեբան, որպեսզի, նայելով աշխատասեղանին, հասկանալ, թե աշխատակիցներից ով և ինչպես է աշխատում

Թղթերով հեղեղված, փոշու հաստ շերտով սեղան

Կատարյալ մաքուր, առանց ավելորդ որևէ առարկայի սեղան սիրելիների, երեխաների նկարներով, ծաղիկներով, հուշանվերներով

Խիստ կարգուկանոն, թղթերի , թղթապանակների և գրքերի հավասար դասավորություն, ամեն ինչ իր տեղում

Գործատուին առաջին հերթին պետք է հետաքրքրի, թե ինչպիսի աշխատողներ են նշված աշխատանքային սեղանների տերերը։

Կանոն չորրորդ՝ գրագետ խոսք, նամակի գործարար ոճ

Թեպետ մարդու արտաքին տեսքը նրա մասին բավականին տեղեկություն է տալիս, սակայն նրա շփվելու ունակությունը կարող է ստիպել զրուցակցին՝ մոռանալ, թե ինչպես է նա հագնված։ «Չոր, առանց ջրի», առանց լիրիկական զեղումների խոսքի կառուցումը գործարարի պարգևն է։

Ավելորդ բառերի կիրառումը, մեջբերումները, կրկնությունները, արհեստականությունը, ձայնի աղավաղումները, ծաղրը գործարար միջավայրի համար տաբուներ են՝ արգելված են։ Սովորելով գրագետ, գեղեցիկ խոսել՝ դժվար չի լինի մտքերը հանձնել թղթին, սովորել գործարար նամակներ գրել։ Գլխավորը՝ չընկնել ծայրահեղության մեջ։ Պաշտոնական նամակը դասագրքային չոր լեզվով գրելու դեպքում առաջացնում է ձանձրույթ և այն շուտ փակելու, աղբամանը նետելու ցանկություն։

Կանոն հինգերորդ՝ հարգանք հաճախորդի, գործընկերոջ, զրուցակցի նկատմամբ

Եսասեր, միայն իր, իր շահի և եկամտի մասին մտածող մարդուն չեն հարգում ոչ գործարար միջավայրում, ոչ նրա սեփական ընկերությունում

Օրվա վերջում կամ ճաշից առաջ եկած հաճախորդի վրա դուռը շրխկացնող քարտուղար

Աշխատասենյակում, որտեղ աշխատում են նաև այլ մարդիկ, բարձրաձայն հեռախոսով խոսող աշխատակից իր ենթականերին լսելու անընդունակ ղեկավար

Շրջապատի հետ հարաբերություններում կոպիտ բառեր և արտահայտություններ օգտագործող տնօրեն

Նշված բոլոր հոգեբանական կերպարները, որոնք չեն տիրապետում գործարար էթիկային, մարդիկ են, որոնք ունակ չեն հասկանալու, լսելու, օգնելու այլ մարդկանց, լուծելու առաջացած խնդիրները։ Դիմացինի կարծիքը հարգելը գործարար էթիկայի գլխավոր բաղադրիչներից մեկն է։

Կանոն վեցերորդ՝ առևտրային գաղտնիքի պահպանումը

Գրեթե բոլոր ընկերություններում գոյություն ունի գաղտնի տեղեկատվություն, որը չպետք է բացահայտվի։ Նկարչուհի Նինա Վատոլինայի 1941 թվականի հին կտավներից մեկը, որի վրա գրված էր «Не болтай!», այսօր իր երկրորդ կյանքն է առնում և հաճախ կազմում է ժամանակակից ձեռնարկությունների և կազմակերպությունների ինտերիերի բաղկացուցիչ մասը։

Յուրաքանչյուր ղեկավար պետք է աշխատանքային հենց առաջին օրը կարգադրի աշխատակիցներին պահպանել իր ընկերության առևտրային գաղտնիքը, ողջ անձնակազմից վերցնի ստորագրություն այն բանի համար, որ նրանք ծանոթ են դրան։ Հասկանալի է, որ այս քայլը լիովին չի կարող լուծել գաղտնիքի պահպանման խնդիրը։ Սակայն, գործարար էթիկայի այս կանոնը կարող է հանդիսանալ անարդար աշխատակիցների հայտնաբերման միջոց։

Կանոն յոթերորդ՝ աշխատանքի ժամանակ աշխատել

Եթե փորձենք լուսանկարել շատ գրասենյակների և ձեռնարկությունների աշխատակիցների աշխատանքային օրը, լուսանկարը բավականին հուսահատեցնող կլինի։ Աշխատաժամանակի գրեթե 80 տոկոսը ծախսվում է խոսելու, ընդմիջման, թեյ խմելու, սոցիալական կայքեր այցելելու, անձնական հարցերը լուծելու վրա։ Եվ միայն 20 տոկոսն է ծախսվում աշխատանքի վրա, որի համար աշխատակիցը վճարվում է։ Ընկերությանը շահույթ ապահովող աշխատակիցը շատ արագ ապահովում է ապշեցնող կարիերա։ Նրա հաջողության գաղտնիքը պարզ է իր աշխատաժամանակի 80 տոկոսը նա աշխատում է, մինչ մյուսները «հանգստանում են»։

Կանոն ութերորդ՝ լսել օպոնենտին

Բնության կողմից տրված հազվադեպ պարգև է դիմացինին լսելու, հասկանալու ունակությունը։ Բիզնեսում այս ունակությունը ապահովում է միլիոններ։

Դա ունի հստակ բնորոշում՝ փողով լսողություն։ Յուրաքանչյուր հաճախորդ, աշխատակից և բիզնես գործընկեր անպայման կպատմի այն, թե ինչ է իրեն անհրաժեշտ, ինչն է իրեն տանջում, ինչ հարցով իրեն պետք է օգնել։ Կարևոր է միայն կարողանալ լսել նրան և հանդիպման առաջարկություն անել։

Գործարար աշխարհում այս նորույթը չափազանց կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս խնայել բոլորի համար այնքան թանկ ժամանակը։ Թանկ փողից ևս, քանի որ այն անհնար է կուտակել։

Կանոն իններորդ՝ հեռախոսային էթիկան

Գործարար հարաբերությունները անհնար են առանց հեռախոսային խոսակցությունների։

Այս ոլորտում էթիկայի կանոններին տիրապետելը հնարավորություն է տալիս հեշտորեն հաղթահարել առաջացած խնդիրները, պատշաճ կերպով իրականացնել խոսակցությունը։ Շատ համագործակիցներ, հաճախորդներ ընկերության մասին դատում են ըստ հեռախոսային խոսակցությունների և ըստ ընկերության աշխատակիցների կողմից հեռախոսային պատասխանների։ Հեռախոսային երկխոսությանը պետք է նախօրոք պատրաստվել, պատրաստել հարցեր, որոնք անհրաժեշտ է տալ զրուցակցին, հստակեցնել ժամը, անունները և տվյալները, որոնք կարող են պետք գալ խոսակցության ընթացքում։ Աշխատանքի ժամանակ անձնական զանգեր կատարել թույլատրվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Հեռախոսային դատարկ խոսակցությունները խանգարում են մյուս աշխատակիցներին, շեղում են նրանց ուշադրությունը և ձևավորում անլուրջ մարդու կերպար։

Կանոն տասներորդ՝ համացանցային էթիկա՝ համացանցում շփման էթիկան

Այսօր ոչ մի կազմակերպություն չի կարող գոյություն ունենալ առանց համացանցի։ Էլեկտրոնային շփման, գործնական հոդվածներ մեկնաբանելու և հաճախորդների հարցերին ու խնդրանքներին պատասխանելու կարողությունը ցույց է տալիս աշխատակցի գործարար մակարդակը։ Յուրաքանչյուր անդրադարձ պետք է լինի անվանական, անհատական։

Նամակը անհրաժեշտ է գրել՝ նշելով հասցեատիրոջ անունը, տալ լիարժեք կոնտակտային տվյալներ՝

Ընկերության անվանումը

Փոստային հասցեն

Հեռախոսահամարը

Առևտրային կայքի հասցեն

Ձեռնարկության աշխատանքային գրաֆիկը

Կանոն տասնմեկերորդ՝ պատվիրակությունների ընդունելությունը

Պատվիրակության պատշաճ ընդունելությունը գործարար էթիկայի չափազանց կարևոր կետերից մեկն է՝ ներառյալ հանդիպման ողջ ընթացքում նախատեսվող գործողությունների ժամանակացույցի կազմում, տեղաբաշխում, ներկայացում, պատվիրակության անդամների ծանոթացում ընդունող կողմի ներկայացուցիչների հետ։

Գործարար հանդիպումների անցկացման կարգը, պարգևների հանձնումը, գործնական հուշանվերները, ծաղիկները, ընկերության և արտադրանքի ներկայացումը, ֆուրշետի կամ բանկետի ժամանակ պահելաձևը այս բոլոր հարցերը մանրամասնորեն քննարկվում են գործարար ընթացակարգերի մասին գրքերում։

Օտարերկրյա պատվիրակությունների ընդունման ժամանակ ընդհանուր գործարար կանոններին միանում են նաև հյուրերի ազգային էթիկայի առանձնահատկությունները։

Կանոն տասներկուերորդ՝ գործնական բանակցություններ

Գործարար էթիկայի ամենակարևոր բաղադրիչներից մեկը գրագետ բանակցություններ վարելու, այն որոշակի արդյունքի հասցնելու ունակությունն է։

Որպեսզի բանակցություններն անցնեն բարձր մակարդակով, անհրաժեշտ է նախքան դրանք սկսելը սահմանել հստակ նպատակներ, կազմել պլաններ, ընտրել կողմերին հարմար ժամանակ և վայր։ Բանակցությունների անցկացման առաջին փուլում անհրաժեշտ է գրավել զրուցակցի ուշադրությունը՝ ստեղծելով վստահության մթնոլորտ։ Բանակցության ընթացքում անհրաժեշտ է, որ Ձեզ համար նշեք դրանց անցկացման փուլերը և ավարտեք այն հստակ արդյունքի հասնելուց հետո։ Բանակցության բոլոր արդյունքները պետք է ամրագրվեն և վերլուծվեն։

Կանոն տասներեքերորդ՝ ղեկավար-ենթակա փոխհարաբերությունները

Ըստ գործարար էթիկայի կանոնների՝ ղեկավարը բոլոր ենթականերին պետք է վերաբերվի նույն կերպ, հավասար՝ միաժամանակ պահելով տրամաբանական հեռավորություն։

Աշխատակիցներին արվող նկատողությունները միշտ պետք է անել առանձին, ոչ թե ուրիշների ներկայությամբ, ցուցադրաբար բոլորի ներկայությամբ աշխատակցին մեղադրել կարելի է այն դեպքում, երբ նա նկատողությանը չի արձագանքում։ Անհրաժեշտ է հստակ հրահանգներ, ղեկավարին բանավոր առաջադրանքներ տալ, ապահովել հետադարձ կապը, վերահսկել կատարման ընթացքը, իրականացնել արդյունավետության վերլուծություն։ Ենթական պարտավոր է կատարել ղեկավարի հրամանները, ընդ որում՝ նա կարող է արտահայտել իր տեսակետը, առաջարկել այս կամ այն խնդրի լուծման իր խորհուրդը։

Կանոն տասնչորսերորդ՝ հարաբերությունները աշխատանքային անձնակազմում

Շատ ընկերություններում միկրոմիջավայրը կախված է նրանից, թե ինչպիսին է հարաբերությունները աշխատակիցների միջև։ Հավասար, բարյացակամ, հարգալից հարաբերությունները առողջ անձնակազմի հիմքն են։

Եթե ծառայողներից որևէ մեկը ձախողվում է կամ սխալ քայլ է կատարում, մյուսները չպետք է ծիծաղեն նրա վրա, այլ փորձեն օգնել, որ աշխատի իր թույլ կողմերի վրա։

Ծառայողական սիրավեպերը, փոխադարձ ատելությունը, սառը պատերազմները, գրասենյակային միջավայրը, ինտրիգային իրավիճակները խախտում են աշխատանքային օրվա արդյունավետ կազմակերպումը և խոչընդոտում խնդիրների արդյունավետ լուծմանը։

Կանոն տասնհինգերորդ՝ գործարար ժեստեր

Գործարար էթիկայի այս հատվածը պահանջում է մանրամասն նկարագրություն։ Ժեստերը, շարժուձևը մարդու մասին ավելին կարող են ասել, քան խոսքերը։ Աշխատանքի ժամանակ աշխատակցի շարժուձևը պետք է լինի էներգիայով լի՝ ոչ չափից շատ արագ, ոչ դանդաղ։ Քայլվածքը պետք է լինի վստահ, միաժամանակ խորհուրդ չի տրվում քայլելիս օրորել ձեռքերը և անել խոշոր քայլեր։ Ուղիղ կեցվածքը, վստահ հայացքը, շարժումներում անվստահության բացակայությունը ենթադրում են, որ աշխատակիցը գործի մարդ է։

Ձեռքսեղմումը աշխատակցին մոտենալու միակ տակտիկական քայլն է, որը գործարար միջավայրում թույլատրվում է։ Ուսը թափահարելը, ամուր գրկախառնությունները, համբույրները և ընկերական այլ ժեստերը նախատեսված են միայն մոտ գործընկերների և հարազատների հետ շփման համար։ Ձեռքսեղմման ժամանակ ձեռքը չպետք է լինի խոնավ կամ սառը։ Հաճելի չէ երկար թափահարել կամ ուժեղ սեղմել զրուցակցի ձեռքը։

Բառերը, տեքստը կամ մտքերը վերահսկելը այդքան էլ մեծ բարդություն չի ներկայացնում։ Նույնը չենք կարող ասել ժեստերի և շարժումների մասին, ինչն ավելի բարդ գործ է։ Խելացի զրուցակիցը միանգամից կհասկանա զրուցակցի մտադրությունը կամ ստելու փաստը նրա ժեստերից, մարմնի շարժումներից։ Գործարար գրականությունը որպես օգնություն առաջարկում է ընթերցել Ալան Պիզի «Մարմնի շարժումների լեզուն» և Փոլ Հեքմանի «Ստի հոգեբանությունը։ Խաբիր ինձ, եթե կարող ես» գրքերը։

Նյութի աղբյուրը՝ Թամարա Ավանեսյան- «Բիզնեսը և էթիկան»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...