Զարգացրեք օգտակար սովորություններ․ բոլոր իրերը, որոնց հետ շփվում եք ողջ օրվա ընթացքում,
պետք է դիտարկել ոչ միայն գործի համար օգտակարության, այլ նաև բարոյական նորմերին համապատասխանության
տեսանկյունից։ Բիզնեսի ոլորտում պրոֆեսիոնալ էթիկան պակաս կարևոր չէ օգուտից․․․
Գոյություն ունի գործարար միջավայրում վարքագծի դրսևորման 5 հիմնական սկզբունք՝
1․դրական տրամադրվածություն
2․գիտակից էգոիզմ
3․կանխատեսելիություն
4․իրավիճակային տարբերություն
5․պատշաճություն
Դրական տրամադրվածությունը ենթադրում է, որ գործընկերների հետ շփման ժամանակ Դուք
պետք է ձգտեք թողնել լավ տպավորություն։
Դրական կերպարի ստեղծման գործում մեծ կարևորություն ունի բացառապես ամեն ինչ՝ ժեստերը
և շարժումները, ձեռքսեղմումները, ձայնի տոնայնությունը, հագուստը և օծանելիքի ընտրությունը։
Օրինակ՝ եթե Դուք խոսակցության ողջ ընթացքում ձեռքերը պահեք գրպանում, ապա Ձեր զրուցակցի
մոտ տպավորություն կստեղծվի, որ անկեղծ չեք նրա հետ։
Գործարար էթիկայի երկրորդ՝ գիտակից էգոիզմի սկզբունքը մեծ դեր է կատարում Ձեր՝
որպես ձեռնարկատիրոջ ընկալման վրա։ Անշուշտ, անհրաժեշտ է ուշադրությամբ լսել զրուցակցին,
բայց համաձայնել նրա արտահայտած ամեն մտքի հետ՝ խելամիտ չէ։ Դեռ ֆրանսիացի լուսավորականները
պնդում էին, որ մարդը իրավունք ունի բանավիճել իր սեփական կարծիքի համար։ Այսինքն,
չպետք է մոռանալ գիտակից էգոիզմ սկզբունքի մասին։
Կանխատեսելիությունը գործարար էթիկայի ոլորտում նշանակում է, որ գործարար շփման
համար կան արդեն իսկ մշակված որոշակի վարքագծային կանոններ, որոնք հնարավորություն
են տալիս ճկուն կերպով շրջանցել անհարմար իրավիճակները։ Օրինակ՝ հայտնի ճշմարտություն
է այն, որ Ձեզ համար լիովին անծանոթ մարդու հետ հանդիպման սկիզբը պետք է ընթանա հետևյալ
կերպ՝ ողջույնի խոսք, ներկայացում, այցեքարտերի փոխանակում։ Սակայն, ամեն ինչ այնքան
էլ պարզ չէ։ Էթիկայի կանոնները մանրամասնում են այս ընթացակարգերից յուրաքանչյուրը։
Իրավիճակային տարբերությունների սկզբունքը ենթադրում է, որ գործարար ոլորտում տարբեր
մարդիկ զբաղեցնում են տարբեր աստիճաններ, և հետևաբար դա ենթադրում է շփման տարբերակված
կանոններ, այդ թվում՝ ղեկավար ենթակա հարաբերությունները։
Ղեկավարի հետ առաջին հանդիպման ժամանակ, որպես կանոն, առաջինը ողջունում է ենթական՝
լինի կին թե տղամարդ։ Ինչպես նաև ենթակաները պետք է զիջեն ղեկավարներին և նրանց հյուրերին
վերելակ նստելիս։ Պատշաճությունը գործարար էթիկայի սկզբունքների տեսանկյունից ենթադրում
է շարժուձևի և անգամ հագուստի համապատասխանություն որոշակի հատուկ իրավիճակներում։
Հագուստի կոկիկությունը հաճախ փոխկապակցվում է աշխատանքում կազմակերպվածության,
իր և դիմացինի ժամանակը գնահատել կարողանալու հետ։ Ոչ կոկիկը խառնաշփոթ առաջացնող,
մոռացկոտ բառերի հոմանիշն է։
Գործարարի հագուստը, լինի կին թե տղամարդ, ընդունված է համարել գործարարական պիջակը։
Այդ իսկ պատճառով հաճախորդի կամ պաշտոնական ընդունելության ժամանակ պատշաճ չէ կրել
ջինսեր կամ սպորտային հագուստ։
Ահա գործարարական պիջակներ կրելու մի քանի կանոն․
Փորձեք չառանձնանալ Ձեր հագուստով աշխատանքային ժամանակահատվածում
Գործարարի պիջակը, հատկապես ձմռանը և վաղ գարնանը, չպետք է ունենա
շատ բաց գույն։ Առավել տարածված գույներն են՝ սևը, մուգ կապույտը, մուգ մոխրագույնը։
Վերնաշապիկը, որը կրելու եք պիջակի հետ, պետք է ունենա երկար
թևքեր։ Էլեգանտ է համարվում, երբ դրա թևքերը մոտ 1,52 սմ-ի չափով երևում են պիջակի
տակից։ Լավ կլինի ընտրել այնպիսի վերնաշապիկ, որը կրծքավանդակի վրա չունենա գրպաններ։
Եթե Դուք կրում եք պիջակ, ապա միշտ այն համադրեք փողկապի հետ։
Փողկապի երկարությունը պետք է հասնի մինչև գոտու ներքևի հատվածը։
Երբեք մի համադրեք պիջակը սպորտային կոշիկների կամ սպորտային
ոճի պայուսակի հետ։ Այս իրերը իրենց նշանակությամբ անհամատեղելի են։
Որոշ ուղեկցող խորհուրդներ․
Միշտ պատրաստ վիճակում պահեք փոխարինող պիջակը։ Սա նաև վերաբերում
է համապատասխան կոշիկներին, գուլպաներին, ճարմանդներին։
Պաշտոնական հանդիպման ժամանակ պիջակը պետք է լինի կոճկված։ Այն
լրիվ արձակված կարող է լինել միայն ուտելիս կամ թատրոնում նստած ժամանակ։ Կանգնելով՝
անհրաժեշտ է կոճկել պիջակը մինչև վերևի կոճակը։
Մի՛ փորձեք գնալ նորաձևության հետևից։ Ավելի լավ է ունենալ ոչ
մոդայիկ, բայց լավ տեսք, քան լինել մոդայիկ, բայց վատ տեսքով։
Ձեզ մոտ ունեցեք երկու թաշկինակ։ Դրանցից մեկը՝ «աշխատանքայինը», պետք է լինի տաբատի գրպանում։ Երկրորդը՝ պարտադիր միշտ մաքուր, պիջակի կողքի գրպանում։ Առանձնացնենք գործարար կնոջ կերպարի մի քանի առանձնահատկություններ․
Գործարար կնոջ ամենօրյա հագուստը շրջազգեստն է կամ գործարար
պիջակը
Գործարար կնոջ հագուստը չպետք է շեղի նրա զրուցակցի ուշադրությունը։
Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում կրել կարճ կիսաշրջազգեստներ, լայն բացվածքով հագուստներ,
վառ գույներ։ Առավել հաջողակ գույներ են մուգ կապույտը, բաց շագանակագույնը, բեժը,
մուգ շագանակագույնը, մոխրագույնը, բաց կապույտը։ Կարմիր գույնի հագուստը խորհուրդ
է տրվում կրել բազմամարդ միջոցառումների ժամանակ՝ տարբերվելու համար։
Ցերեկը և ամռանը անհրաժեշտ է կրել առավել բաց գույներ ունեցող
հագուստ, երեկոյան և ձմեռը՝ մուգ գույներ ունեցող։
Եթե կինը նախընտրում է կիսաշրջազգեստը կամ զգեստը, ապա գործարար
էթիկայի անփոփոխ կանոն է հանդիսանում տարվա ցանկացած եղանակին կրել մարմնագույն զուգագուլպաներ։
Հաճախակի և կոպիտ բացթողում է հանդիսանում ամռանը դրանց բացակայությունը։
«Օծանելիքի օգտագործման ոսկե կանոնն» է չափավորությունը։ «Գործարար
էթիկա» գրքի հեղինակ՝ Մերի Էն Սաբատը՝ գրում է․ «Եթե գիշերը Դուք զգում եք Ձեր օծանելիքի բույրը, ապա իմացեք, որ մյուս բոլորը
արդեն խեղդվել են»։
Նյութի աղբյուրը՝ Թամարա Ավանեսյան- «Բիզնեսը և էթիկան»

Comments
Post a Comment