Skip to main content

Փորձագիտական վերլուծություն

 

Վերլուծության այս մեթոդի անվանումը հուշում է, որ աշխատանքների իրականացման հիմքը փորձագետների ունակությունների օգտագործումն է։ Ըստ այդմ, կարելի է առանձնացնել փորձագիտական վերլուծության 3 ընդհանուր տարատեսակ

Անհատական՝ փոխադարձ կախվածություն չունեցող վերլուծություն, որի ժամանակ փորձագետը բացառապես իր հնարավորությունների և գիտելիքների հիման վրա ինքնուրույն վերլուծություն է կատարում, առանց ծանոթ լինելու այլ փորձագետների՝ համաժամանակյա աշխատանքի արդյունքների հետ

Փորձագետների խմբային վերլուծություն, որը ենթադրում է տարբեր կարծիքների, մոտեցումների համաժամանակյա ներկայացում և ընդհանուր արդյունքի ձևավորում

Համակողմանի վերլուծություն, որի շրջանակներում օգտագործվում են և՛ անհատական, և՛ փոխադարձ ազդեցության միջոցներ

Փորձագիտական մեթոդները լինում են նաև առկա և հեռակա։

Փորձագիտական վերլուծությունը լայնորեն կիրառվում է քաղաքական գիտությունում։ Օպերատիվ իրավիճակի գնահատման, զարգացումների կանխատեսման, հանրային ու քաղաքական որոշումների կայացման, դրանց իրացման արձագանքների կանխատեսման և մի շարք այլ նպատակների համար փորձագիտական վերլուծությունների մեթոդները ապահովում են մեծ արդյունավետություն։

Քաղաքական գիտության մեջ կիրառվող անհատական փորձագիտական վերլուծության հիմնական մեթոդներն են պատվիրված գիտական և վերլուծական հրապարակումները, հարցազրույցները, անկետավորումը։

Խմբային և համակողմանի մեթոդները տարբերվում են իրենց աշխատատարությամբ և ժամանակատարությամբ։ Այս մեթոդների առկա տարատեսակների շարքում կարելի է նշել

Ուղեղային գրոհ- գաղափարների շղթայական ռեակցիայի խրախուսման միջոցով տարբերակների առաջադրում և լուծման որոնում

Հետադարձ ուղեղային գրոհ- այս դեպքում գաղափարների շղթայական գեներացիան ուղղվում է խնդրի լուծման արգելակման ուղիների փնտրմանը, որին հետևում է դրանցից խուսափելու միջոցների և մարտավարության մշակումը

Սինեկտիկ մեթոդ- տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետներով համալրված խմբի կողմից համատեղ մտքերի գեներացման գործընթաց, որն իրականացվում է սինեկտորի (վարողի) համակարգման ներքո։ Սինեկտորի ընտրությունը հիմնվում է մի շարք առանցքային պահանջների վրա, որոնք հարկավոր են խմբային աշխատանքի՝ անհրաժեշտ հուն ուղղորդման և շեղումները կանխելու նպատակով

Հանձնաժողովների մեթոդ- փորձագետների հետ ընդհանուր համաձայնեցված հանդիպում, որտեղ քննարկումների արդյունքում առաջարկված լուծումները ընդունվում են կոնսենսուսի միջոցով կամ դրվում են քվեարկության

Սցենարների մեթոդ- իրադարձությունների հետագա զարգացման հավանական մի քանի սցենարների մշակման և դրանց ակնկալվող արդյունքների համեմատական ուսումնասիրման միջոցով նպատակին համարժեք որոշումների ընդունում

Ձևաբանական կամ բազմաչափ մատրիցաների մեթոդ- խնդրի հիմնական հատկանիշների զտում, դրանց առանձնացում համապատասխան մատրիցաներում, որին հետևում է այդ հատկանիշների տարբեր խմբերի ուսումնասիրությունը, ազդեցության միջոցների և ուղղությունների դուրսբերումն ու հաշվարկը, լուծումների վերաբերյալ որոշման կայացումը։

Քաղաքական գիտության մեջ կիրառվող փորձագիտական վերլուծության հեռակա մեթոդներից հիշարժան են երկուսը

Դելֆյան մեթոդ- Փորձագետների կողմից գրավոր արդյունքների ներկայացում, որից հետո նախապես ընտրված մասնագիտական խումբը ստացված արդյունքների մշակման հիման վրա ներկայացնում է խնդրի լուծման տարբերակներ։ Համապատասխան ռեսուրսների առկայության պայմաններում նշված գործընթացը կարող է ունենալ մեկից ավելի շրջափուլեր։

Պատտերն- Հիմնական խնդրի բաժանում՝ ըստ հիերարխիկ տրամաբանության, որի արդյունքում ձևավորվում է «նպատակների ծառը»։ Այնուհետև տեղի է ունենում առավել ստորադաս խնդիրների հաջորդական լուծման միջոցով քայլ առ քայլ վերընթաց՝ մինչև հիմնական խնդիրը։

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Ղևոնդյան- «Քաղաքական վերլուծություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...