Skip to main content

Միակ այլընտրանքի երկընտրանքը

 

Ռուսաստանի աշխարհառազմավարական միակ իրական տարբերակը, որը կարող է Ռուսաստանի համար իրապես դերակատարում ապահովել միջազգային թատերաբեմում, և որից առավելագույն հնարավորությունը կարող է ստանալ իր հասարակությունը վերափոխելու ու արդիականացնելու համար, Եվրոպան է։ Եվ դա ինչ-որ մի սովորական Եվրոպա չէ, այլ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ անդրատլանտյան Եվրոպան։ Այդպիսի Եվրոպան դառնում է շոշափելի, և բացի դրանից՝ այն, ըստ ամենայնի, նախկինի պես մնալու է Ամերիկայի հետ սերտորեն կապված։ Ահա հենց այդպիսի Եվրոպայի հետ է Ռուսաստանը ստիպված լինելու առնչվել, եթե ցանկանում է խուսափել վտանգավոր աշխարհաքաղաքական մեկուսացվածությունից։

Ամերիկայի գործընկեր լինելու համար Ռուսաստանը չափազանց թույլ է, բայց զուտ հաճախորդ դառնալու համար դեռ բավական ուժեղ է։ Ավելի հավանական է այնպիսի իրավիճակ, որի դեպքում Ռուսաստանը խնդիր դառնա, եթե Ամերիկան այնպիսի դիրքորոշում չորդեգրի, որի միջոցով կկարողանա ռուսներին համոզել, որ իրենց երկրի համար լավագույն ընտրությունն անդրատլանտյան Եվրոպայի հետ օրգանական կապերի ամրապնդումն է։ Չնայած ռուս-չինական և ռուս-իրանական ռազմավարական միությունը երկարաժամկետ կտրվածքով քիչ հավանական է, Ամերիկայի համար շատ կարևոր է խուսափել այնպիսի քաղաքականությունից, որը կարող էր Ռուսաստանի ուշադրությունը շեղել իր համար անհրաժեշտ աշխարհաքաղաքական ընտրության հարցից։ Ուստի Չինաստանի ու Իրանի հետ Ամերիկայի հարաբերությունները հնարավորինս պետք է ձևավորել՝ հաշվի առնելով ռուսների աշխարհաքաղաքական հաշվարկների վրա նրանց ունեցած ազդեցությունը։ Մեծագույն աշխարհառազմավարական տարբերակների առկայության շուրջ պատրանքները կարող են զուտ հետաձգել պատմական այն ընտրությունը, որը պետք է անի Ռուսաստանը՝ ծանր հիվանդությունից խուսափելու համար։

Միայն այն Ռուսաստանը, որը պատրաստ է ընդունել թե՛ տնտեսական և թե՛ աշխարհաքաղաքական առումով Եվրոպայի նոր իրողությունները, կկարողանա միջազգային օգուտներ քաղել առևտրի, կապի, ներդրումների ու կրթության բնագավառներում անդրատլանտյան եվրոպական համագործակցության ընդլայնումից։ Այդ իսկ պատճառով էլ Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի մասնակցությունը միանգամայն ճիշտ ուղղությամբ արված քայլ է։ Այն նոր Ռուսաստանի ու ընդլայնվող Եվրոպայի միջև հավելյալ ինստիտուցիոնալ կապերի նախակարապետն է։ Այն նաև նշանակում է, որ Ռուսաստանի կողմից այդ ճանապարհն ընտրելու դեպքում այն ընտրության այլ հնարավորություն չի ունենալու, քան հետևելն է հետօսմանյան Թուրքիայի բռնած ուղուն, երբ վերջինս որոշեց հրաժարվել իր կայսերական հավակնություններից և ամեն ինչի շուրջ մանրակրկիտ կշռադատելուց հետո արդիականացման, եվրոպականացման ու ժողովրդավարացման ճանապարհ բռնեց։

Որևէ ուրիշ ընտրություն չի կարող Ռուսաստանին այնպիսի առավելություններ տալ, ինչպիսին կարող է տալ Ամերիկայի հետ կապված ժամանակակից, հարուստ և ժողովրդավարական Եվրոպան։ Եվրոպան ու Ամերիկան Ռուսաստանի համար որևէ վտանգ չեն ներկայացնում, եթե վերջինս ոչ էքսպանսիոնիստական ազգային և ժողովրդավարական պետություն լինի։ Նրանք Ռուսաստանի նկատմամբ որևէ տարածքային հավակնություններ չունեն, ինչը, ի դեպ, մի գեղեցիկ օր կարող է Չինաստանի կողմից դրսևորվել։ Նրանք նաև չունեն Ռուսաստանի հետ ոչ հուսալի ու պայթյունավտանգ սահմաններ, ինչպիսին, անկասկած, հարավում մուսուլման պետությունների հետ Ռուսաստանի էթնիկ ու տարածքային առումներով անորոշ սահմաններն են։ Հակառակը, թե՛ Եվրոպայի և թե՛ Ամերիկայի համար ազգային ու ժողովրդավարական Ռուսաստանն աշխարհաքաղաքական տեսանկյունից ցանկալի սուբյեկտ է և կայունության աղբյուր հարափոփոխ եվրասիական համալիրում։

Հետևաբար Ռուսաստանը կանգնած է երկընտրանքի առաջ շոշափելի արտոնություններ ստանալու նպատակով Եվրոպայի ու Ամերիկայի օգտին արվող ընտրությունն առաջին հերթին պահանջում է կայսերական անցյալից հստակ տարանջատում, իսկ երկրորդ հերթին անհրաժեշտ է երկիմաստություն չցուցաբերել քաղաքական ու անվտանգային ոլորտներում Ամերիկայի հետ Եվրոպայի կապերի ընդլայնման հարցում։ Առաջին ընտրությունը նշանակում է համաձայնել աշխարհաքաղաքական այն բազմազանությանը, որը հաստատվել է նախկին Խորհրդային Միության տարածքում։ Նման համաձայնությունը չի բացառում տնտեսական համագործակցությունը, որը ցանկալի է, որ հիմնված լինի ազատ առևտրի գոտու հին եվրոպական մոդելի վրա, բայց որը չի կարող ներառել նոր պետությունների քաղաքական ինքնիշխանության սահմանափակում այն պարզ պատճառով, որ նրանք դա չեն ցանկանում։ Այս առումով ամենակարևորը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի առանձին գոյության, նրա սահմանների և ազգային առանձնահատուկ ինքնության հստակ ու միանշանակ ճանաչման անհրաժեշտությունն է։

Ամենայն հավանականությամբ, երկրորդ պահանջին համաձայնվելն ավելի դժվար կլինի։ Անդրատլանտյան համայնքի հետ անկեղծ համագործակցային հարաբերությունները չեն կարող հիմնվել այն սկզբունքի վրա, որ Ռուսաստանի ցանկությամբ կարելի է մերժել Եվրոպայի այն ժողովրդավարական պետություններին, որոնք ցանկանում են դառնալ դրա բաղկացուցիչ մասը։ Չի կարելի այդ համայնքի ընդլայնման հարցում շտապողականություն ցուցաբերել, և ոչ էլ պետք է դրան նպաստել՝ հակառուսական թեմատիկան գործի դնելով։ Այնուամենայնիվ, այս գործընթացը չի կարող և չպետք է դադարեցվի քաղաքական հրամանագրով, որն ինքնին արտացոլում է եվրոպական անվտանգային հարաբերությունների հնացած համակարգը։ Եվրոպայի ընդլայնման ու ժողովրդավարացման գործընթացը պետք է լինի բաց և անավարտ պատմական գործընթաց, որը ենթակա չէ քաղաքական կամայական աշխարհագրական սահմանափակումների։

Ռուսներից շատերի համար այս միակ այլընտրանքի շուրջ երկընտրանքի լուծումը սկզբում, ինչպես նաև առաջիկա տևական ժամանակահատվածում, կարող է բավական բարդ թվալ։ Լուծման համար անհրաժեշտ է քաղաքական ահռելի կամքի դրսևորում, ինչու ոչ, նաև այդ ընտրությունը կատարելու ու ժողովրդավարական, ազգային, իրապես ժամանակակից եվրոպական Ռուսաստանի տեսլականը ձևակերպելուն ունակ, ակնառու առաջնորդ։ Սակայն դժվար թե այդ ամենը մոտ ապագայում իրականություն դառնա։ Հետկոմունիստակա և հետկայսերական ճգնաժամերի հաղթահարման համար ավելի շատ ժամանակ է պահանջվելու, քան Կենտրոնական Եվրոպայի հետկոմունիստական վերափոխման համար պահանջվեց, բացի դրանից՝ պահանջվելու է հեռատես ու կայուն ղեկավարության առկայություն։ Ներկա փուլում հորիզոնում ոչ մի ռուս «Աթաթուրք» նշմարելի չէ։ Ի վերջո, ռուսները ստիպված են լինելու խոստովանել, որ Ռուսաստանի ազգային վերաիմաստավորման գործընթացը ոչ թե կապիտուլյացիա է, այլ ազատագրման գործողություն։ Ռուսները ստիպված են լինելու համաձայնել, որ 1990 թվականին Կիևում Ելցինի կողմից Ռուսաստանի ոչ կայսերական ապագայի մասին արված հայտարարությունները միանգամայն տեղին էին։ Եվ, իրապես, ոչ կայսերական Ռուսաստանը կմնա որպես աշխարհի ամենամեծ տարածքային միավորը հանդիսացող, Եվրասիան կամրջող մեծ տերություն։

Ամեն դեպքում «Ի՞նչ է Ռուսաստանը, և որտե՞ղ է այն գտնվում» վերաիմաստավորման գործընթացը հավանաբար տեղի կունենա միայն աստիճանաբար՝ Արևմուտքից պահանջելով իմաստուն ու հաստատուն դիրքորոշում։ Ամերիկան ու Եվրոպան էլ իրենց հերթին ստիպված կլինեն օժանդակել նրան այդ հարցում։ Նրանք պետք է Ռուսաստանին առաջարկեն ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ հատուկ պայմանագիր կամ խարտիա կնքել, այլև Ռուսաստանի հետ միասին սկսել անվտանգության ու համագործակցության հնարավոր միջմայրցամաքային համակարգի ապագա ձևի ուսումնասիրման գործընթաց, որը նշանակալի չափով դուրս է լինելու Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության անորոշ կառուցվածքի սահմաններից։ Եվ եթե Ռուսաստանը կարողանա ամրապնդել իր ներքին ժողովրդավարական ինստիտուտները և շոշափելի առաջընթաց գրանցի ազատ շուկայի վրա հիմնված տնտեսական զարգացման գործում, ապա չպետք է բացառել վերջինիս էլ ավելի սերտ համագործակցության հնարավորությունը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ։

Միևնույն ժամանակ Արևմուտքի և հատկապես Ամերիկայի համար կարևոր է այնպիսի քաղաքականություն վարելը, որը կերկարաձգի Ռուսաստանի համար միակ այլընտրանքի երկընտրանքը։ Հետխորհրդային երկրների քաղաքական ու տնտեսական կայունությունն այն գլխավոր գործոնն է, որն անհրաժեշտ է դարձնում Ռուսաստանի պատմական ինքնավերաիմաստավորումը։ Ուստի նախկին խորհրդային կայսրության շրջանակում աշխարհաքաղաքական բազմազանության ապահովման համար նոր պետություններին օժանդակության ցուցաբերումը պետք է դառնա այն քաղաքականության հիմնական բաղկացուցիչ մասը, որը նպատակաուղղված է Ռուսաստանին դեպի Եվրոպա հստակ ընտրություն մղելուն։ Այդ նորանկախ պետություններից երեքը հատուկ կարևորություն ունեն դրանք են Ադրբեջանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան։

Անկախ Ադրբեջանն Արևմուտքի համար կարող է դառնալ դեպի էներգետիկ ռեսուրսներով հարուստ Կասպյան ավազան և Կենտրոնական Ասիա մուտքի միջանցք։ Եվ, հակառակը, ենթակա Ադրբեջան ունենալը նշանակելու է արտաքին աշխարհից Կենտրոնական Ասիայի մեկուսացման հնարավորություն և քաղաքական խոցելիություն վերաինտեգրման նպատակով Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումների նկատմամբ։ Ուզբեկստանը, որն ազգային տեսանկյունից ավելի կարևոր և միաժամանակ նաև Կենտրոնական Ասիայի ամենախիստ բնակեցված պետությունն է, դիտարկվում է որպես այդ տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի կողմից վերահսկողության վերականգնման գործընթացի գլխավոր խոչընդոտ։ Կենտրոնական Ասիայի մյուս պետությունների գոյության համար Ուզբեկստանի անկախությունը վճռորոշ նշանակություն ունի, իսկ մյուս կողմից էլ այդ պետությունն ամենախոցելին է ռուսական ճնշումների առաջ։

Այդուհանդերձ, ամենակարևոր նշանակությունն ունի Ուկրաինան։ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ընդլայնման առումով Ուկրաինան ի վերջո կարող է որոշել, թե այդ կառույցներից որի անդամն է ուզում դառնալ։ Հավանական է, որ իր առանձին կարգավիճակն ուժեղացնելու համար Ուկրաինան ցանկություն կհայտնի անդամակցելու երկու կառույցներին էլ, քանի որ դրանք սահմանակից են իրեն, իսկ երկրի ներսում տեղի ունեցող ներքին փոփոխություններն էլ նրան նման ցանկություն ունենալու իրավունք են տալիս։ Չնայած այդ գործընթացի համար բավականաչափ ժամանակ է պահանջվելու, սակայն Արևմուտքի համար վաղ չէ, Կիևի հետ տնտեսական ու անվտանգային հարաբերությունների հետագա ամրապնդմանը զուգահեռ, 2005-2015 թվականների տասնամյակը սահմանել որպես Ուկրաինայի աստիճանական ներգրավումը նախաձեռնելու ընդունելի ժամանակահատված՝ նվազեցնելով ուկրաինացիների շրջանում այն մտահոգությունների ռիսկայնությունը, ըստ որոնց՝ Եվրոպայի ընդլայնման գործընթացը կարող է սահմանափակվել լեհ-ուկրաինական սահմանով։

Չնայած առկա դիմադրությանը՝ հավանական է, որ Ռուսաստանը կարող է 1999 թվականին համաձայնել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և դրա կազմում Կենտրոնական Եվրոպայի որոշ պետությունների ներառմանը՝ հաշվի առնելով այդ երկրների ու Ռուսաստանի միջև կոմունիզմի անկումից ի վեր նկատվող մշակութային ու սոցիալական անդունդի խորացումը։ Եվ, հակառակը, Ռուսաստանի համար անհամեմատ ավելի դժվար է լինելու համաձայնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, քանի որ դա իր հերթին նշանակելու է Ռուսաստանի կողմից այն փաստի ընդունում, որ Ուկրաինայի ճակատագիրն այլևս օրգանապես կապված չէ Ռուսաստանի ճակատագրի հետ։ Սակայն, եթե Ուկրաինան ցանկություն ունի պահպանելու իր անկախությունը, ապա ստիպված է մաս կազմել Կենտրոնական Եվրոպային, այլ ոչ թե Եվրասիային, և եթե նման ցանկություն հայտնի, ապա ամբողջապես մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ Կենտրոնական Եվրոպայի ունեցած բոլոր տիպի հարաբերություններին։ Այդ ժամանակ Ռուսաստանի կողմից այդ կապերի ընդունումը նաև նպաստելու է Ռուսաստանի ինքնուրույն որոշմանն առ այն, որ ինքը ևս ցանկություն ունի դառնալու Եվրոպայի օրինական մասը։ Իսկ այդ ամենից հրաժարվելը նշանակելու է, որ Ռուսաստանն ընտրություն է կատարում ոչ թե հօգուտ Եվրոպային մերժելու, այլ մենակյաց «եվրասիական» ինքնության ու գոյության։

Առանցքային պահը, որն անհրաժեշտ է նկատի ունենալ, հետևյալն է Ռուսաստանը չի կարող լինել Եվրոպայում, եթե այնտեղ չէ Ուկրաինան, մինչդեռ առանց Ռուսաստանի՝ Եվրոպայում լինելու, Ուկրաինան կարող է լինել Եվրոպայում։ Եթե ենթադրենք, որ Ռուսաստանը կայացնում է Եվրոպայի հետ իր ճակատագիրը կապելու որոշում, ապա դրանից հետևում է, որ արդյունքում Ուկրաինայի ներառումն ընդլայնվող եվրոպական կառույցների կազմ համապատասխանում է հենց Ռուսաստանի շահերին։ Եվ, իրոք, Եվրոպայի նկատմամբ Ուկրաինայի վերաբերմունքն ինքնին կարող էր շրջադարձային կետ լինել Ռուսաստանի համար։ Բայց դա նաև նշանակում է, որ Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների որոշիչ պահը դեռ ժամանակ է պահանջելու «որոշիչ» այն իմաստով, որ Ուկրաինայի ընտրությունը, հօգուտ Եվրոպայի, Ռուսաստանին ևս ստիպելու է իր պատմական զարգացման հաջորդ փուլի շուրջ ի վերջո որոշում կայացնել՝ դառնալ կա՛մ Եվրոպայի մաս, կա՛մ եվրասիական վտարանդի, այսինքն՝ իրապես չպատկանել ո՛չ Եվրոպային և ո՛չ էլ Ասիային՝ ներքաշված լինելով «մերձավոր արտերկրի» երկրների հետ հակամարտություններում։

Պետք է հուսալ, որ ընդլայնվող Եվրոպայի ու Ռուսաստանի միջև գործընկերային հարաբերությունները պաշտոնական երկկողմ կապերից կարող են վերաճել տնտեսության, քաղաքականության և անվտանգության ոլորտներում ավելի օրգանական ու պարտավորեցնող կապերի։ Այդ կերպ հաջորդ հարյուրամյակի առաջին երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանը կարող է ավելի ակտիվորեն ինտեգրվել Եվրոպային, որն արդեն ներառելու է ոչ միայն Ուկրաինան, այլև հասնել ու նույնիսկ անցնել Ուրալը։ Ռուսաստանի միանալը եվրոպական ու անդրատլանտյան կառույցներին և դրանցում անդամության որոշակի ձևաչափը միաժամանակ բացելու էին այդ կառույցների դռները նաև անդրկովկասյան հանրապետությունների՝ Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջ, որոնք այսքան հուսահատորեն ձգտում են դեպի Եվրոպա։

Հնարավոր չէ կանխատեսել, թե որքան արագ կընթանա այս գործընթացը, բայց մի բան ակնհայտ է գործընթացն արագ կընթանա, եթե ձևավորվի Ռուսաստանին դեպի այդ ուղղություն տանող և ցանկացած գայթակղություններից զերծ աշխարհաքաղաքական իրավիճակ։ Եվ որքան Ռուսաստանը արագ շարժվի դեպի Եվրոպա, այնքան ավելի հապճեպորեն կլցվի Եվրասիայի սև խոռոչը ավելի արդիական ու ժողովրդավարական հասարակությամբ։ Իսկապես, Ռուսաստանի համար մեկ այլընտրանքի երկընտրանքը այլևս ոչ թե աշխարհաքաղաքական ընտրության, այլ իր գոյատևման հրամայականին դիմակայելու հարց է։

Նյութի աղբյուրը՝ Զբիգնև Բժեզինսկի- «Շախմատային մեծ տախտակ»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...