Եվրոպան
Ամերիկայի բնական դաշնակիցն է։ Վերջինս դավանում է նույն արժեքները, հիմնականում կրոնական
նույն հայացքներն ունի, նույն ժողովրդավարական քաղաքականությունն է վարում և ամերիկացիների
մեծամասնության պատմական հայրենիքն է։ Որպես ազգ-պետությունները վերազգային տնտեսական
և, ի վերջո, քաղաքական մեկ միության մեջ ինտեգրելու առաջամարտիկ՝ Եվրոպան դնում է հետազգային
կազմակերպչական ավելի լայն ձևերի հիմքերը, որոնք դուրս են ազգայնականության դարաշրջանին
բնորոշ նեղ պատկերացումներից ու ապակառուցողական մղումներից։ Այն արդեն աշխարհի ամենաբազմակողմանի
կազմակերպված տարածաշրջանն է։ Քաղաքական միավորման հարցում նրա հաջողությունը կարող
է հանգեցնել 400 միլիոն մարդ ընդգրկող միասնական կառույցի ստեղծմանը, որի շրջանակում
այդ մարդիկ ապրելու են ժողովրդավարական տանիքի ներքո և ունենալու են Միացյալ Նահանգների
հետ համադրելի կենսամակարդակ։ Նման Եվրոպան անխուսափելիորեն դառնալու է համաշխարհային
տերություն։
Եվրոպան
նաև ժողովրդավարության՝ դեպի Եվրասիայի խորքերն առաջ մղելու ցատկահարթակ է։ Եվրոպայի՝
դեպի արևելք ընդլայնվելը կարող է ամրապնդել 1990-ական թվականների ժողովրդավարության
հաղթանակը։ Այն քաղաքական և տնտեսական առումներով համապատասխանելու է Եվրոպայի քաղաքակրթական
շրջանակին, որը ժամանակին կոչվել է Պետրոս առաքյալի Եվրոպա՝ սահմանված քրիստոնեության
արևմտյան ճյուղի թողած հին ու ընդհանուր կրոնական ժառանգությամբ։
Այդպիսի
Եվրոպա գոյություն է ունեցել ազգայնականության դարաշրջանից և նույնիսկ Եվրոպայի վերջին
բաժանումից առաջ, երբ այն երկճյուղվեց մասերի, որոնցից մեկում հաստատված էր ամերիկյան
տիրապետություն, իսկ մյուսում՝ խորհրդային։ Այդպիսի մեծ Եվրոպան կարողանալու է նույնիսկ
Հեռավոր Արևելքում գտնվող երկրների համար մագնիսական գրավչություն ցուցաբերել, կապեր
հաստատել Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի հետ՝ վերջիններիս ներգրավելով ավելի ամրացող
գործընկերային հարաբերություններում և նրանց գիտակցության մեջ ամրացնելով ժողովրդավարական
ընդհանուր սկզբունքները։ Արդյունքում նման Եվրոպան կարող է դառնալ Ամերիկայի կողմից
հովանավորվող անվտանգության ու համագործակցության ավելի ընդլայնվող եվրասիական կառուցակարգի
կենսական պատվարներից մեկը։
Սակայն
Եվրոպան ամենից առաջ Ամերիկայի կարևորագույն աշխարհաքաղաքական կամուրջն է դեպի եվրասիական
մայրցամաք։ Եվրոպայի նկատմամբ Ամերիկան աշխարհառազմավարական ահռելի հետաքրքրություն
է ցուցաբերում։ Ի տարբերություն Ճապոնիայի հետ Ամերիկայի ունեցած կապերի՝ Ատլանտյան
դաշինքն ամրացնում է Ամերիկայի քաղաքական ազդեցությունն ու ռազմական հզորությունը Եվրասիա
մայրցամաքում։ Ամերիկա-եվրոպական հարաբերությունների այս փուլում, երբ դաշնակից եվրոպական
պետությունները դեռ մեծ կախվածություն ունեն Ամերիկայի կողմից ապահովվող անվտանգությունից,
Եվրոպայի սահմանների ցանկացած ընդլայնում ինքնաբերաբար նշանակելու է նաև ամերիկյան
ուղիղ ազդեցության գոտու սահմանների ընդարձակում։ Եվ, հակառակը, առանց սերտ անդրատլանտյան
կապերի՝ Եվրասիայում Ամերիկայի առաջնությունն իսկույն անհետանալու է։ Ատլանտյան օվկիանոսի
նկատմամբ Միացյալ Նահանգների վերահսկողությունը և ընդհուպ Եվրասիայի խորքերն ազդեցության
տարածման հնարավորությունները կարող են լրջորեն սահմանափակվել։
Խնդիրը,
սակայն, այն է, որ իրական «եվրոպական» Եվրոպան՝ որպես այդպիսին, գոյություն չունի։
Դա կերպար է, հայեցակարգ ու նպատակ, բայց դեռ իրականություն չէ։ Արևմտյան Եվրոպան արդեն
իսկ ընդհանուր շուկա է, սակայն դեռ բավական հեռու է միասնական քաղաքական կառույց դառնալուց։
Քաղաքական Եվրոպան դեռ ի հայտ չի եկել։ Բոսնիայում արձանագրված ճգնաժամը Եվրոպայի շարունակական
բացակայության տհաճ ապացույցն է։ Դառը ճշմարտությունն այն է, որ որ Արևմտյան, ինչպես
նաև Կենտրոնական Եվրոպան էականորեն շարունակում են մնալ ամերիկյան պրոտեկտորատ, ընդ
որում՝ դաշնակից երկրներն էլ առավելապես նման են վասալների ու ենթակաների։ Իրերի նման
դրվածքը նորմալ չէ ո՛չ Ամերիկայի և ո՛չ էլ եվրոպական պետությունների համար։
Վիճակն
էլ ավելի է վատթարանում՝ պայմանավորված Եվրոպայի ներքին կենսունակության նվազմամբ։
Ե՛վ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական համակարգի լեգիտիմությունը, և՛ նույնիսկ արտաքուստ
երևացող եվրոպական ինքնության զգացումը խոցելի են դառնում։ Եվրոպական մի շարք երկրներում
կարելի է տեսնել վստահության ճգնաժամ և ստեղծարար խթանի կորուստ, ինչպես նաև համաշխարհային
ավելի լայն խնդիրներից մեկուսանալու ու փախչելու ներքին հեռանկարներ։ Պարզ չէ՝ արդյոք
գոնե եվրոպացիների մեծ մասն ուզո՞ւմ է Եվրոպան տեսնել որպես խոշոր տերություն, և արդյո՞ք
պատրաստ է ամեն ինչ անել, որ այն այդպիսին դառնա։ Նույնիսկ Եվրոպայում ներկայումս առկա
բավական թույլ մնացորդային հակաամերիկանիզմը զարմանալիորեն ցինիկ բնույթ ունի․ եվրոպացիները դատափետում են ամերիկյան «հեգեմոնիան», բայց իրենց
չափազանց հարմարավետ են զգում՝ պատսպարվելով դրանով։
Եվրոպայի միավորման քաղաքական շարժիչ ուժը ժամանակին երեք հիմնական
ազդակ է ունեցել՝ համաշխարհային երկու կործանիչ պատերազմների ընդհանուր հիշողությունը,
տնտեսական առողջացման ցանկությունը և խորհրդային վտանգից բխող անվտանգության զգացման
բացակայությունը։ 1990-ական թվականների կեսերին, սակայն, այս ազդակներն անհետացան։
Տնտեսական առողջացումն ընդհանուր առմամբ իրականություն դարձավ, բայց խնդիրը, որին մեծապես
շարունակում է բախվել Եվրոպան, սոցիալական ապահովության չափազանց ծանրաբեռնված համակարգն
է, որը խաթարում է Եվրոպայի տնտեսական կենսունակությունը, մինչդեռ հատուկ հետաքրքրվածություն
ունեցող շրջանակների կողմից ցանկացած բարեփոխման դեմ ցուցաբերվող մոլագար դիմադրությունը
եվրոպական քաղաքական ուշադրությունը շեղում է ներքին խնդիրների վրա։ Խորհրդային վտանգն
անհետացել է, բայց որոշ եվրոպացիների՝ Ամերիկայից անկախանալու ցանկությունն այդպես
էլ մայրցամաքային միավորման ազդեցիկ խթանի չի վերածվել։
Եվրոպայի միավորման հարցը մեծապես ընթացել է բյուրոկրատական
ուղղությամբ, որը բխում է Եվրոպական համայնքի և դրա ժառանգորդ Եվրոպական Միության կողմից
ստեղծված ինստիտուցիոնալ մեծ ապարատից։ Միավորման գաղափարը դեռ որոշակի ժողովրդականություն
է վայելում, սակայն դրա արդիականությունը նվազում է․ այն զուրկ է ավյունից և առաքելության զգացումից։ Ժամանակակից
Արևմտյան Եվրոպան առհասարակ դժվարին կացության մեջ հայտնվածի տպավորություն է թողնում,
որը չունի նպատակներ, ունի թեկուզ հարմարավետ ապրող, բայց սոցիալապես անհանգիստ հասարակություններ,
որոնք որևէ մեծ տեսլական չունեն։ Եվրոպայի միավորումն ավելի շատ գործընթաց է, քան նպատակ։
Այդուհանդերձ, եվրոպական առաջատար երկու երկրների՝ Ֆրանսիայի
ու Գերմանիայի քաղաքական վերնախավերը շարունակում են հավատարիմ մնալ այնպիսի Եվրոպայի
ստեղծման գործին, որը, իրապես, Եվրոպա է լինելու։ Ըստ այդմ՝ հենց նրանք են Եվրոպայի
գլխավոր ճարտարապետները։ Համատեղ աշխատանքով նրանք կարողանալու են ստեղծել Եվրոպա,
որն արժանի կլինի իր անցյալին ու ներուժին։ Սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի իր
սեփական, մյուսից ինչ-որ բանով տարբերվող պատկերացումներն ու ծրագրերը, և նրանցից ոչ
մեկն այնքան ուժեղ չէ, որ կարողանա մյուսին դեպի իր կողմը հակել։
Այս վիճակը Միացյալ Նահանգներին վճռական միջամտություն իրականացնելու
յուրահատուկ հնարավորություն է ընձեռում։ Այն անխուսափելի է դարձնում Եվրոպայի միավորման
գործում Միացյալ Նահանգների մասնակցությունը, քանի որ հակառակ պարագայում միավորման
գործընթացը կարող է կանգ առնել և աստիճանաբար անկում ապրել։ Սակայն Եվրոպայի կառուցման
գործում ամերիկյան կողմի ցանկացած արդյունավետ մասնակցություն պետք է ձևավորված լինի
հստակ պատկերացմամբ առ այն, թե ինչպիսի Եվրոպային է նախապատվություն տալիս՝ հավասար
գործընկե՞ր, թե՞ կրտսեր դաշնակից, և որի՞ն է պատրաստ օգնություն ցուցաբերել, ինչպես
նաև այդ մասնակցությունը պետք է ենթադրի հստակ պատկերացում թե՛ Եվրոպական Միության
և թե՛ ՆԱՏՕ-ի հավանական չափերի մասին։ Այն նաև պահանջելու է Եվրոպայի՝ վերը նշված երկու
հիմնական ճարտարապետների գործունեության զգուշավոր համակարգում։
Վեհություն և քավություն
Ֆրանսիան ձգտում է վերստին դառնալ Եվրոպայի մարմնավորումը, իսկ
Գերմանիան Եվրոպայի օգնությամբ քավություն անելու հույսեր է տածում։ Այս երկու տարբեր
շարժառիթները կարևոր դեր են խաղում Եվրոպայի համար Ֆրանսիայի ու Գերմանիայի այլընտրանքային
նախագծերի բովանդակության մեկնաբանության ու բացատրության գործում։
Ֆրանսիայի համար Եվրոպան իր երբեմնի մեծությունը վերականգնելու
միջոց է։ Դեռ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը միջազգային հարաբերությունների
ոլորտի ֆրանսիացի հայտնի հետազոտողները մտահոգված էին համաշխարհային գործերում Եվրոպայի
առանցքային դերակատարման նվազմամբ։ Սառը պատերազմի մի քանի տասնյակ տարիների ընթացքում
այդ մտահոգությունն արդեն վերածվեց Արևմուտքում «անգլոսաքսոնական» տիրապետության նկատմամբ
դժգոհության՝ չհաշված նաև Արևմուտքի մշակույթի «ամերիկանացման» հանդեպ քամահրանքը։
Ինչպես Շառլ դը Գոլն է նշում, իրերի այդ ցավալի դրությունը պետք է փոխվեր իրական՝
«Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալ» ձգվող Եվրոպայի ստեղծմամբ։ Եվ քանի որ նման Եվրոպայի
գլխին Փարիզն է կանգնած լինելու, ապա այն միաժամանակ Ֆրանսիային վերադարձնելու է նաև
այն վեհությունը, որը, ֆրանսիացիների համոզմամբ, դեռ շարունակում է մնալ իրենց ազգի
հատուկ նախախնամությունը։
Եվրոպայի նկատմամբ հանձնառությունը Գերմանիայի համար ազգային
հատուցման հիմքն է, իսկ Ամերիկայի հետ սերտ կապերն էլ անհրաժեշտ են անվտանգության ապահովման
համար։ Հետևաբար Ամերիկայից համեմատաբար անկախ Եվրոպայի տարբերակը չի կարող իրականություն
դառնալ։ Գերմանիան հակված է «հատուցում+անվտանգություն=Եվրոպա+Ամերիկա» բանաձևին։ Հենց
այս բանաձևով էլ սահմանվում են Գերմանիայի դիրքորոշումը և նրա վարած քաղաքականությունը՝
Գերմանիային միաժամանակ դարձնելով Եվրոպայի բարեվարք քաղաքացի և Ամերիկայի եվրոպական
հիմնական աջակից։
Միասնական Եվրոպայի գաղափարի հանդեպ իր բուռն հանձնառության
հարցում Գերմանիան նկատում է թե՛ պատմական մաքրագործման հնարավորություն և թե՛ իր հանդեպ
բարոյական ու քաղաքական վստահության վերականգնում։ Սեփական մեղքերը Եվրոպայի օգնությամբ
քավելով՝ Գերմանիան վերականգնում է իր մեծությունը՝ ստանձնելով Եվրոպայում ինքնաբերաբար
հավաքական զայրույթ և վախ չառաջացնող առաքելություն։ Եթե գերմանացիները ձգտեն Գերմանիայի
ազգային շահերի իրագործմանը, ապա վտանգ կա, որ հեռանալու են մյուս եվրոպացիներից, իսկ
եթե գերմանացիները ձգտեն համաեվրոպական շահերի իրականացմանը, ապա նրանք վաստակելու
են Եվրոպայի աջակցությունն ու հարգանքը։
Սառը պատերազմի օրակարգում առկա առանցքային հարցերի շուրջ Ֆրանսիան
հավատարիմ, նվիրված ու վճռականորեն տրամադրված դաշնակից է եղել՝ դժվարին պահերին Ամերիկայի
հետ ուս ուսի տալով։ Թե՛ Բեռլինի երկու շրջափակումների և թե՛ կուբայական ճգնաժամի ժամանակ
Ֆրանսիայի հաստատակամության հարցում որևէ կասկած չի եղել։ Սակայն ՆԱՏՕ-ին Ֆրանսիայի
կողմից ցուցաբերվող աջակցությունը որոշակի չափավորություն ուներ, ինչը կապված էր Ֆրանսիայի
ցանկության հետ՝ միաժամանակ հաստատել իր քաղաքական ինքնաբավությունը և գործողությունների
էական ազատության դաշտ ապահովել հատկապես Ֆրանսիայի գլոբալ կարգավիճակի կամ Եվրոպայի
ապագային վերաբերող հարցերում։
Ֆրանսիական վերնախավի կողմից շարունակվող հավատամքն առ այն,
որ Ֆրանսիան համաշխարհային տերություն է, կպչուն մոլորության տարր է պարունակում։ Երբ
վարչապետ Ալեն Ժյուպեն, ձայնակցելով իր նախորդներին, 1995 թվականի մայիսին երկրի Ազգային
ժողովում հայտարարեց, որ «ֆրանսիան կարող է և պետք է հաստատի իր կոչումը որպես համաշխարհային
տերություն», հավաքվածների շրջանում ինքնաբուխ ծափահարություն սկսվեց։ Սեփական միջուկային
կարողությունները զարգացնելու հարցում Ֆրանսիայի պնդումները զգալիորեն պայմանավորված
էին այն տեսակետով, որ այդպես Ֆրանսիան կարողանալու է ընդլայնել գործողությունների
ազատությունը՝ միաժամանակ հնարավորություն ստանալով ավելի շատ ազդեցություն ունենալ
Ամերիկայի՝ արևմտյան դաշինքի անվտանգային հարցերով կայացրած կենսական կարևորության
որոշումների վրա։ Ֆրանսիան ձգտում էր մեծացնել իր միջուկային կարգավիճակը ոչ ընդդեմ
Խորհրդային Միության, քանի որ Ֆրանսիայի միջուկային կարողությունները լավագույն դեպքում
ընդամենը աննշան ազդեցություն կարող էին գործել խորհրդային ռազմական ներուժի վրա։ Փոխարենը
Փարիզը կարծում էր, որ սեփական միջուկային զենքը Ֆրանսիային թույլ կտա դերակատարում
ունենալ սառը պատերազմի ընթացքում բարձրագույն օղակներում, հատկապես բավական վտանգավոր
հարցերի շուրջ որոշումների կայացման գործընթացում։
Ֆրանսիացիների կարծիքով միջուկային զենքին տիրապետելը կամրապնդեր
համաշխարհային տերության կարգավիճակի նկատմամբ ֆրանսիական հավակնությունները, իսկ ձայնը
լսելի կդարձներ աշխարհի համար։ Միջուկային կարողությունները շոշափելիորեն ամրապնդեցին
Ֆրանսիայի՝ որպես վետոյի իրավունք ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ միջուկային զենք
ունեցող 5 անդամներից մեկի դիրքերը։ Ֆրանսիայի պատկերացմամբ բրիտանական միջուկային
կարողություններն ընդամենը ամերիկյանի շարունակությունն էին, հատկապես, եթե հաշվի առնենք
Ամերիկայի հետ Մեծ Բրիտանիայի հատուկ հարաբերությունները և անկախ Եվրոպա ստեղծելու
գաղափարից վերջիններիս անջրպետվածությունը։ (Այն, որ Ամերիկան էական գաղտնի օժանդակություն
է ցուցաբերել Ֆրանսիայի միջուկային ծրագրին, ֆրանսիացիների կարծիքով, իրենց ռազմավարական
հաշվարկների վրա որևէ հետևանք չի թողնում)։ Միջուկային կարողությունները ֆրանսիացիների
գիտակցության մեջ նաև արմատավորել են գաղափար, որ Ֆրանսիան մայրցամաքային առաջատար
տերություն է, միակ իրական եվրոպական պետությունը, որը նման միջոցներ ունի։
Ֆրանսիայի գլոբալ հավակնությունները նաև ակներև են դարձել նրա՝
աֆրիկյան ֆրանկոֆոն երկրների մեծ մասի անվտանգությունն ապահովելուն ուղղված վճռական
ջանքերով։ Չնայած երկարատև պայքարից հետո Վիետնամի ու Ալժիրի կորստին, ինչպես նաև կայսերական
ընդարձակ տարածքներից հրաժարվելուն՝ անվտանգությունն ապահովելու այս առաքելությունը,
ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան առանձին կղզիների նկատմամբ հսկողության ապահովումը (որոնք
վերածվել էին Ֆրանսիայի համար բազմաթիվ վեճերի առիթ դարձած միջուկային փորձարկումների
վայրի) ամրապնդել են ֆրանսիական վերնախավի համոզվածությունը, որ Ֆրանսիան, իսկապես,
շարունակում է դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում, չնայած իրականում
Ֆրանսիան, ըստ էության, ընդամենը հետգաղութային միջին կարգի եվրոպական տերություն է։
Վերոնշյալ բոլոր պարագաներն ամրապնդում ու շահագրգռում են Ֆրանսիային
Եվրոպայում հավակնել առաջնորդության։ Հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան ինքն իրեն հեռացրել
է, և, ըստ էության, ԱՄՆ հավելուկն է, իսկ Գերմանիան սառը պատերազմի մեծ մասի ընթացքում
բաժանված էր երկու մասի և դեռ շարունակում է սահմանափակված մնալ 20-րդ դարի իր պատմությամբ,
ապա Ֆրանսիան կարող է սեփականացնել Եվրոպայի գաղափարը, իրեն նույնականացնել դրա հետ՝
միանձնաբար կիրառելով այն որպես Ֆրանսիայի՝ ինքն իր մասին ունեցած պատկերացում։ Երկիրը,
որն առաջինն է հայտնագործել սուվերեն ազգ-պետության գաղափարը և ազգայնականությունն
էլ հասցրել է քաղաքացիական կրոնի մակարդակի, բնական է, որ ի դեմս իրեն, տեսնում է անկախ,
բայց միավորված Եվրոպա, ընդ որում՝ այն նույն զգացական հանձնառությամբ, որը երբեմն
ներդրված էր հայրենիք հասկացության մեջ։ Ֆրանսիայի առաջնորդությամբ Եվրոպայի վեհությունն
այդ ժամանակ լինելու է նաև Ֆրանսիայի վսեմությունը։
Խորը արմատավորված պատմական նախախնամության զգացմամբ պայմանավորված
ու սեփական մշակույթի հանդեպ բացառիկ հպարտությամբ ամրապնդված այս հատուկ կոչումը քաղաքական
մեծ իմաստ ունի։ Գլխավոր աշխարհաքաղաքական տարածությունը, որտեղ պետք է Ֆրանսիան իր
ազդեցությունը հաստատի կամ ծայրահեղ դեպքում թույլ չտա որևէ այլ ուժեղ պետության տիրապետության
հաստատում, քարտեզի վրա կարելի է կիսաշրջանի տեսքով պատկերել։ Այն ընդգրկում է Իբերական
թերակղզին, Արևմտյան Միջերկրականի հյուսիսային ափը և Գերմանիան՝ մինչև Կենտրոնական
Եվրոպա։ Դա ոչ միայն ֆրանսիական անվտանգային նվազագույն շառավիղն է, այլ նաև քաղաքական
հետաքրքրությունների հիմնական գոտին։ Ֆրանսիայի գլխավորությամբ միասնական ու անկախ
Եվրոպայի կառուցումը հնարավոր է միայն հարավային երկրների և Գերմանիայի աջակցության
երաշխավորմամբ։ Եվ ակնհայտորեն աշխարհաքաղաքական այդ ուղեծրում ամենադժվարը լինելու
է ուժեղացող Գերմանիայի հետ հարաբերվելը։
Ըստ Ֆրանսիայի տեսլականի՝ միասնական և անկախ Եվրոպայի ստեղծման
գործում գլխավոր խնդիրը կարող է լուծվել Ֆրանսիայի ղեկավարությամբ Եվրոպան միավորելու
ու միաժամանակ մայրցամաքում Ամերիկայի առաջնությունն աստիճանաբար նվազեցնելու միջոցով։
Բայց եթե Ֆրանսիան ցանկանում է ուրվագծել Եվրոպայի ապագան, ապա այն կարիք ունի թե՛
ներգրավելու և թե՛ զսպելու Գերմանիային՝ զուգահեռ փորձելով աստիճանաբար սահմանափակել
եվրոպական հարցերում Վաշինգտոնի քաղաքական առաջնորդությունը։ Այս ամենի արդյունքում
Ֆրանսիայի համար առաջ եկող առանցքային քաղաքական երկընտրանքներն հիմնականում երկակի
են․ ինչպե՞ս պահպանել Եվրոպայի
անվտանգության ապահովման հարցում Ամերիկայի հանձնառությունը՝ ընդ որում՝ անշեղորեն
նվազեցնելով ամերիկյան ներկայությունը, և ինչպե՞ս պահպանել ֆրանս-գերմանական գործընկերությունը՝
որպես Եվրոպայի միավորման քաղաքատնտեսական մեխանիզմ՝ միաժամանակ բացառելով Եվրոպայում
Գերմանիայի առաջնորդությունը։
Եթե Ֆրանսիան իրապես համաշխարհային տերություն լիներ, ապա իր
գլխավոր նպատակներին հետամուտ այս երկընտրանքների լուծումը գուցե դժվար չլիներ։ Եվրոպական
մյուս պետություններից ոչ մեկը նման հավակնություններ և իր նշանակության մասին նման
ընկալում չունի։ Հավանական է, որ նույնիսկ Գերմանիան կարող էր գայթակղվել միասնական,
բայց անկախ (Ամերիկայից) Եվրոպայում Ֆրանսիայի առաջնորդության ընդունմամբ, եթե զգար,
որ Ֆրանսիան իրականում համաշխարհային տերություն է և կարող է այդ կերպ Եվրոպայի անվտանգությունն
ապահովել․ մի բան, որն ինքը չի
կարող անել, բայց Ամերիկան ունակ է։
Ինչևէ, Գերմանիան գիտի Ֆրանսիայի հզորության իրական սահմանները։
Ֆրանսիան տնտեսապես բավական թույլ է Գերմանիայից, իսկ ռազմական կարողությունն էլ (ինչպես
ցույց տվեց Պարսից ծոցի 1991 թվականի պատերազմը) առանձնապես աչքի չի ընկնում բարձր
մրցունակությամբ։ Այն ունակ է աֆրիկյան արբանյակային պետությունների ներսում ներքին
հեղաշրջումները ճնշելու համար, բայց չի կարող ո՛չ Եվրոպան պաշտպանել և ո՛չ էլ իր ազդեցությունը
տարածել դրա սահմաններից դուրս։ Ֆրանսիան ոչ ավել, ոչ պակաս միջին կարգի եվրոպական
տերություն է։ Այդ իսկ պատճառով էլ միասնական Եվրոպայի կառուցման համար Գերմանիան պատրաստ
է աջակցել ֆրանսիական ինքնասիրությանը, բայց Եվրոպայում իրական անվտանգություն ապահովելու
համար Գերմանիան չի ցանկանում Ֆրանսիայի կույր հետևորդի դերում լինել։ Գերմանիան շարունակում
է պնդել, որ եվրոպական անվտանգային միջավայրում կենտրոնական դերակատարում պետք է ունենա
Ամերիկան։
Ֆրանսիայի ինքնագնահատականի տեսանկյունից չափազանց անհարգալից
այս իրողությունն ավելի արտահայտիչ դարձավ հատկապես Գերմանիայի վերամիավորումից հետո։
Մինչ այդ ֆրանս-գերմանական հաշտությունն ուներ Գերմանիայի դինամիկ տնտեսության վրա
հենված Ֆրանսիայի քաղաքական առաջնորդության տեսք։ Իրավիճակի նման ընկալումը երկու կողմերին
էլ ձեռնտու էր։ Այն խլացրել էր Եվրոպայում Գերմանիայի նկատմամբ ավանդաբար ունեցած մտահոգությունները,
ինչպես նաև ամրապնդել ու բավարարել էր Ֆրանսիայի երևակայությունները՝ ստեղծելով տպավորություն,
թե Եվրոպայի կառուցման գործընթացի գլխին կանգնած է Ֆրանսիան, որին սատարում է տնտեսապես
դինամիկ Արևմտյան Գերմանիան։
Ֆրանս-գերմանական հաշտությունը, նույնիսկ դրա ոչ ճիշտ մեկնությամբ,
դրական երևույթ է դարձել Եվրոպայի կյանքում, իսկ դրա նշանակությունն էլ հազիվ թե հնարավոր
լինի թերագնահատել։ Այն Եվրոպայի միավորման դժվար գործում ներկա պահին որոշ հաջողությունների
հասնելու ամուր հիմքեր է ստեղծել։ Այդ առումով այն ամբողջությամբ համընկնում էր նաև
ամերիկյան շահերին և նպաստել է Եվրոպայի հետ բազմակողմ գործակցության առաջմղման ամերիկյան
հինավուրց հանձնառությանը։ Ֆրանս-գերմանական գործակցության դադարեցումը ճակատագրական
հետընթաց է լինելու Եվրոպայի համար և աղետալի հետևանքներ է ունենալու Եվրոպայում Ամերիկայի
դիրքերի համար։
Ամերիկայի լուռ աջակցությունը Ֆրանսիային ու Գերմանիային թույլ
տվեց առաջ մղել Եվրոպայի միավորման գործընթացը։ Գերմանիայի միավորումն էլ ամրացրեց
Ֆրանսիայի՝ այդ երկրին եվրոպական խիստ շրջանակների մեջ դնելու ձգտումը։ Այդ կերպ
1990 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը հայտարարեցին
դաշնային Եվրոպայի ստեղծման իրենց հանձնառության մասին, իսկ 10 օր անց քաղաքական միության
հարցերով Հռոմի միջկառավարական խորհրդաժողովը, չնայած Մեծ Բրիտանիայի ներկայացրած վերապահումներին,
Եվրոպական համայնքի 12 արտաքին գործերի նախարարներին լիազորեց նախապատրաստել Քաղաքական
միության մասին պայմանագրի նախնական տարբերակը։
Գերմանիայի վերամիավորումը, սակայն, նաև կտրուկ փոխեց եվրոպական
քաղաքականության բնույթը։ Այն դարձավ աշխարհաքաղաքական պարտություն միաժամանակ թե՛
Ռուսաստանի և թե՛ Ֆրանսիայի համար։ Միավորված Գերմանիան ոչ միայն դադարեց լինել Ֆրանսիայի
կրտսեր գործընկերը, այլ նաև ինքնաբերաբար վերածվեց Արևմտյան Եվրոպայի անվիճելի կարևոր
տերության, ավելին՝ ինչ-որ առումով նաև համաշխարհային տերության, հատկապես առանցքային
միջազգային կառույցներում ունեցած ֆինանսական ներդրումներով։ Այս նոր իրողությունը
Ֆրանսիայի ու Գերմանիայի հարաբերություններում որոշակի փոխադարձ հիասթափությունների
պատճառ դարձավ, քանի որ Գերմանիան այժմ ի վիճակի էր և պատրաստ էր հստակորեն ձևակերպել
ու բացահայտորեն խոսել Եվրոպայի ապագայի շուրջ իր տեսլականի մասին արդեն որպես ոչ թե
Ֆրանսիայի պաշտպանյալ, այլ որպես գործընկեր։
Քաղաքական ազդեցության կրճատումը Ֆրանսիայի համար անհետևանք
չմնաց։ Ֆրանսիային պետք էր ինչ-որ կերպ ՆԱՏՕ-ում կրկին մեծագույն ազդեցություն ձեռք
բերել (որին իր մասնակցության աստիճանը, ի նշան ԱՄՆ գերակայության դեմ բողոքի, էականորեն
նվազեցրել էր)՝ միաժամանակ փորձելով դիվանագիտական ավելի ծավալային խուսանավումներով
փոխհատուցել իր հարաբերական թուլությունը։ Վերադարձը ՆԱՏՕ կարող էր Ֆրանսիային թույլ
տալ ավելի մեծ ազդեցություն գործել Միացյալ Նահանգների վրա․ ժամանակ առ ժամանակ Մոսկվայի կամ Լոնդոնի հետ տեղ գտնող սիրախաղերն
էլ կարող էին ներսից ճնշում գործել ինչպես Ամերիկայի, այնպես էլ Գերմանիայի վրա։
Արդյունքում իր վարած խուսանավման քաղաքականության և ոչ թե վիճարկման
հետևանքով Ֆրանսիան վերադարձավ ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածք։ 1994 թվականի դրությամբ
Ֆրանսիան փաստացիորեն արդեն դարձել էր քաղաքական ու ռազմական ոլորտներում կառույցի
կողմից ընդունվող որոշումների գործընթացի ակտիվ մասնակից, իսկ 1995 թվականի վերջերին
Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները սկսեցին կանոնավոր մասնակցել
ՆԱՏՕ-ի նիստերին։ Ոչ անշահախնդրորեն և լիովին ներգրավվելով դաշինքի կազմում՝ նրանք
վերահաստատեցին ամերիկյան առաջնորդության և եվրոպական մասնակցության միջև ավելի մեծ
հավասարակշռություն հաստատելու համար դաշինքի կառուցվածքում բարեփոխումներ անելու իրենց
հաստատակամ վճռականությունը։ Նրանք ցանկանում էին, որ հավաքական եվրոպական բաղադրիչն
ավելի ակտիվ դիրք զբաղեցնի և ավելի կարևոր դերակատարում ունենա։ Ինչպես հայտարարեց
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Էրվե դե Շարետը 1996 թվականի ապրիլի 8-ին, «Ֆրանսիայի
համար գլխավոր նպատակը դաշինքի կազմում եվրոպական ինքնության հաստատումն է, որը լինելու
է գործնականապես վստահելի ու քաղաքականապես տեսանելի»։
Ընդ որում՝ Փարիզն ամբողջությամբ պատրաստ էր օգտագործել Մոսկվայի
հետ ունեցած իր ավանդական կապերը՝ զսպելու համար եվրոպական ուղղությամբ ամերիկյան քաղաքականությունը,
ինչպես նաև նպատակահարմար լինելուն պես վերականգնելու Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի
միջև վաղուց գոյություն ունեցած համաձայնությունը, որպեսզի հավասարակշռի Եվրոպայում
Գերմանիայի առաջնությանը։ Այդ մասին գրեթե բաց տեքստով 1996 թվականի օգոստոսին ասել
է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը՝ հայտարարելով․ «Եթե Ֆրանսիան ցանկանում է միջազգային թատերաբեմում դերակատարություն
ունենալ, ապա պետք է օգնի Ռուսաստանին վերահաստատվել որպես ուժեղ տերություն, քանի
որ նրան ձեռնտու է լինելու այդպիսի Ռուսաստանի գոյությունը»՝ այսպես դրդելով Ռուսաստանի
արտգործնախարարին անել փոխադարձ հայտարարություն առ այն, որ «համաշխարհային բոլոր առաջնորդներից
միայն ֆրանսիացի ղեկավարներն ունեն Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ
ամենակառուցողական դիրքորոշումը»։
Ի սկզբանե ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման գործընթացին Ֆրանսիայի
ցուցաբերած ոչ եռանդուն աջակցությունը (իրականում դրա անցանկալիության շուրջ կասկածները
դժվարությամբ էին ճնշվում) որոշակի մարտավարական քայլ էր, որը նպատակ ուներ ուժեղացնելու
Ֆրանսիայի ազդեցությունը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Քանի որ Ամերիկան
ու Գերմանիան ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցի հիմնական կողմնակիցներն էին, Ֆրանսիային ձեռնտու
էր գործել շրջահայացորեն, զուսպ, մտահոգություն հայտնել, որ այդ նախաձեռնությունը կարող
է ազդեցություն թողնել Ռուսաստանի վրա, և ըստ այդմ էլ՝ հանդես գալ Մոսկվայի հետ հարաբերություններում
որպես եվրոպական ամենանրբանկատ զրուցակիցը։ Կենտրոնական Եվրոպայի որոշ ներկայացուցիչների
նույնիսկ թվացել էր, որ Ֆրանսիան հասկացնել է տալիս, որ դեմ չէ Արևելյան Եվրոպայում
ռուսական ազդեցության ընդլայնմանը։ Այդ կերպ ռուսական խաղաքարտի խաղարկումը ոչ միայն
հակակշիռ էր Միացյալ Նահանգներին և հստակ ուղերձ էր Գերմանիային, այլև Միացյալ Նահանգների
մոտ ամրացրեց մտայնությունը, որ պետք է հավանության արժանացնել ՆԱՏՕ-ն բարեփոխելու
ֆրանսիական առաջարկները։
Ի վերջո, ՆԱՏՕ-ի ընդլայնումը պահանջելու է դաշինքի բոլոր 16
անդամների միաձայն համաձայնությունը։ Փարիզը գիտեր, որ իր լուռ համաձայնությունը ոչ
միայն խիստ կարևոր էր այդ միաձայնությանը հասնելու համար, այլև Ֆրանսիայի իրական աջակցությունն
անհրաժեշտ էր դաշինքի մյուս անդամների կողմից ստեղծվելիք խոչընդոտները չեզոքացնելու
համար։ Այդ իսկ պատճառով էլ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ընդլայնմանն իր աջակցությունը բացահայտորեն
վերածում էր երաշխիքի առ այն, որ ի վերջո Միացյալ Նահանգները հավանություն կտա ինչպես
դաշինքի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելուն, այնպես էլ դաշինքի կազմակերպական
հիմքերը փոխելուն միտված ֆրանսիական կողմի վճռականությանը։
Սկզբում Ֆրանսիան դժկամորեն էր աջակցում Եվրոպական Միության՝
դեպի արևելք ընդլայնմանը։ Այս հարցում առաջնությունը հիմնականում Գերմանիայինն էր,
որին աջակցում էր Միացյալ Նահանգները, սակայն շատ ավելի քիչ ներգրավվածությամբ, քան
ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում էր։ ՆԱՏՕ-ում Ֆրանսիան հակված էր պնդելու, որ Եվրոպական
Միության ընդլայնումը նախկին կոմունիստական երկրների համար ավելի ընդունելի պաշտպանություն
կլինի, բայց հենց Գերմանիան սկսեց պնդել Եվրոպական Միության էլ ավելի արագ ընդլայնման
և այդ գործընթացում Կենտրոնական Եվրոպայի երկրներին ներառելու հարցը, Ֆրանսիան սկսեց
մտահոգություններ հայտնել տեխնիկական ձևականությունների մասին՝ պահանջելով, որ Եվրոպական
Միությունը նույնպիսի ուշադրություն հատկացնի Եվրոպայի՝ առանց պաշտպանության մնացած
Միջերկրածովյան հարավային թևին (դիրքորոշումների այս տարբերություններն ի հայտ էին
եկել դեռ 1994 թվականին տեղի ունեցած Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովի ընթացքում)։ Շեշտադրումները,
որոնք այս հարցում անում էր Ֆրանսիան, վերջինիս օգնեցին վաստակել ՆԱՏՕ-ի անդամ հարավեվրոպական
երկրների աջակցությունը՝ այս կերպ առավելագույնի հասցնելով բանակցություններ վարելու
ֆրանսիական կողմի կարողությունները։ Սակայն արդյունքում էլ ավելի մեծացավ Եվրոպայի
շուրջ Ֆրանսիայի և Գերմանիայի աշխարհաքաղաքական պատկերացումների միջև առկա խզվածքը,
որը, այդուհանդերձ, կիսով չափ հաջողվեց նեղացնել այն բանից հետո, երբ 1996 թվականին,
թեկուզ և ուշացած, բայց Ֆրանսիան հավանություն տվեց Լեհաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
և ԵՄ-ին։
Այդ խզվածքն անխուսափելի էր հատկապես փոփոխվող պատմական համատեքստի
պարագայում։ Դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ժողովրդավարական Գերմանիան
ընդունելի էր համարում Եվրոպայի արևմտյան մասնատված հատվածում եվրոպական համայնքի կառուցման
համար ֆրանս-գերմանական հաշտեցման անհրաժեշտությունը, ինչը ծայրահեղ անհրաժեշտություն
էր նաև Գերմանիայի պատմական առողջացման գործընթացի տեսանկյունից։ Այդ իսկ պատճառով
էլ Ֆրանսիայի առաջնորդության ընդունումն արդար գին էր, որը պետք է վճարեր Գերմանիան։
Միևնույն ժամանակ պահպանվող խորհրդային վտանգի նկատմամբ Արևմտյան Գերմանիայի խոցելիությունը
պատճառ դարձավ, որ Գերմանիան, գոյատևման կենսական անհրաժեշտությունից ելնելով, էլ ավելի
նվիրվի Միացյալ Նահանգներին, ինչն ընդունելի էր նույնիսկ ֆրանսիացիների համար։ Սակայն
Խորհրդային Միության կործանումից հետո ընդլայնված և էլ ավելի մեծ չափով միավորված Եվրոպայի
ստեղծման հարցում Ֆրանսիային ենթարկվելը ո՛չ անհրաժեշտություն էր և ո՛չ էլ նպատակահարմար։
Ֆրանս-գերմանական իրավահավասար գործընկերությունը, որտեղ Գերմանիան արդեն, ըստ էության,
ավելի հզոր գործընկեր էր, Փարիզի համար ավելի քան արդար գործարք էր․ այդ իսկ պատճառով էլ ֆրանսիացիները ստիպված էին հաշտվել այն
իրողությանը, որ անվտանգության ապահովման հարցում Գերմանիան նախընտրությունը տալիս
է իր անդրատլանտյան դաշնակցին ու պաշտպանին։
Սառը պատերազմի ավարտից հետո Ամերիկայի հետ ունեցած այս կապերը
Գերմանիայի համար էլ ավելի կարևոր դարձան։ Նախկինում դրանք Գերմանիային պաշտպանում
էին արտաքին, բայց անմիջական վտանգից և անհրաժեշտ պայման էին երկրի վերջնական միավորման
համար։ Խորհրդային Միության փլուզումից և Գերմանիայի միավորումից հետո Ամերիկայի հետ
կապերը դարձան «հովանոց», որի ներքո Գերմանիան ավելի վստահորեն կարող էր իրեն դիրքավորել
որպես Կենտրոնական Եվրոպայի առաջնորդ՝ որևէ վտանգ չներկայացնելով իր հարևանների համար։
Ամերիկայի հետ ունեցած կապերն ավելին էին, քան զուտ բարեվարքությունը․ դրանք Գերմանիայի հարևաններին ցույց տվեցին, որ Գերմանիայի
հետ սերտ հարաբերություններն իրենց հերթին նշանակում են սերտ հարաբերություններ Ամերիկայի
հետ։ Այս ամենը Գերմանիային թույլ տվեց էլ ավելի բացահայտորեն ձևակերպել սեփական աշխարհաքաղաքական
գերակայությունները։
Եվրոպայում ամուր արմատավորված, իր հարևանների համար վտանգ չներկայացնող,
ամերիկյան ռազմական ներկայությամբ անվտանգ Գերմանիան ներկայումս արդեն կարող է աջակցել
Կենտրոնական Եվրոպայի նոր ազատագրված երկրներին դառնալու եվրոպական կառույցների մասը։
Դա լինելու է ոչ թե գերմանական կայսերականության ժամանակների նախկին Կենտրոնական Եվրոպա,
այլ գերմանական ներդրումներով ու առևտրով խթանված տնտեսական վերածնման համայնք, որտեղ
անդամ երկրներն ավելի բարեկամական հարաբերություններ կունենան միմյանց հետ, իսկ Գերմանիան
էլ հանդես կգա որպես նոր Կենտրոնական Եվրոպա ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ
ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու վերջնական գործընթացի կազմակերպիչ, քանի որ ավելի վճռորոշ
դերակատարման հնարավորություն ընձեռող ֆրանս-գերմանական դաշինքի առկայությամբ իր հատուկ
հետաքրքրությունների ուղեծրում հաստատակամորեն գործելու հարցում Գերմանիան այլևս կաշկանդվածության
կարիք չունի։
Եվրոպայի քարտեզի վրա Գերմանիայի հատուկ հետաքրքրությունների
գոտին կարելի է պատկերել օվալաձև՝ արևմուտքում, բնականաբար, ներառելով Ֆրանսիան, իսկ
արևելքում՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ազատագրված հետկոմունիստական երկրները՝
Բալթյան երկրները, Ուկրաինան, Բելառուսը՝ հասնելով ընդհուպ մինչև Ռուսաստան։ Շատ առումներով
այս գոտին համընկնում է գերմանական կոնստրուկտիվ մշակույթի ազդեցության պատմական շառավղին,
որը ձևավորվել է նախաազգայնական դարաշրջանում Արևելակենտրոնական Եվրոպայի և Բալթյան
հանրապետությունների գերմանացի քաղաքային և գյուղատնտեսական գաղութարարների կողմից
և հետագայում ոչնչացվել երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Կարևոր է նաև այն
փաստը, որ եթե ֆրանսիացիների ու գերմանացիների առանձնահատուկ հետաքրքրությունների գոտիները
քարտեզի վրա միասին դիտարկենք, ապա, ըստ էության, դրանք սահմանում են Եվրոպայի արևմտյան
և արևելյան սահմանները, իսկ դրանց համընկնումներն էլ ընդգծում են ֆրանս-գերմանական
կապերի՝ որպես Եվրոպայի կենսական առանցքի վճռական աշխարհաքաղաքական կարևորությունը։
Կենտրոնական Եվրոպայում Գերմանիայի ավելի բացահայտ դիրքավորվելու
հարցում շրջադարձային պահ դարձավ 1990-ական թվականների կեսերին գերմանա-լեհական հաշտությունը։
Չնայած ի սկզբանե ցանկության բացակայությանը՝ միավորված Գերմանիան (ԱՄՆ դրդմամբ), այդուհանդերձ,
Օդեր-Նեյսը ճանաչեց որպես Լեհաստանի հետ մշտական սահման՝ այդ քայլով Լեհաստանի համար
վերացնելով Գերմանիայի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու հետ կապված ամենակարևոր
վերապահումը։ Երկուստեք բարի կամքի դրսևորման ու ներողամտության մի քանի շարունակական
ժեստերի շնորհիվ այդ հարաբերություններն էական փոփոխությունների ենթարկվեցին։ Գերմանիայի
ու Լեհաստանի միջև կտրուկ աճեց առևտուրը (1995 թվականին Լեհաստանը փոխարինեց Ռուսաստանին
որպես արևելքում Գերմանիայի ամենախոշոր առևտրային գործընկեր), բացի այդ՝ Գերմանիան
ահռելի ջանքեր գործադրեց ԵՄ-ին և (ԱՄՆ աջակցությամբ) ՆԱՏՕ-ին Լեհաստանի անդամության
հարցում։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ 1990-ական թվականների կեսերին լեհ-գերմանական
հաշտեցումը Կենտրոնական Եվրոպայի համար այնպիսի նշանակություն ձեռք բերեց, ինչն ավելի
վաղ Արևմտյան Եվրոպայի համար ունեցել էր ֆրանս-գերմանական հաշտեցումը։
Լեհաստանի միջոցով Գերմանիայի ազդեցությունը կարող է տարածվել
դեպի հյուսիս՝ Բալթյան պետություններ, և դեպի արևելք՝ Ուկրաինա ու Բելառուս։ Բացի դրանից՝
գերմանա-լեհական հաշտեցման շրջանակներն ինչ-որ առումով ընդլայնվել են նաև այն բանի
շնորհիվ, որ Լեհաստանը մի քանի անգամ մասնակցություն է ունեցել Եվրոպայի ապագային նվիրված
ֆրանս-գերմանական կարևոր քննարկումներին։ «Վայմարյան եռանկյունին» (անվանումը ստացել
է ի պատիվ գերմանական այն քաղաքի, որտեղ առաջին անգամ անցկացվել են ֆրանս-գերմանա-լեհական
եռակողմ բարձր մակարդակի խորհրդակցությունները, որոնք հետո արդեն մշտական բնույթ ձեռք
բերեցին) եվրոպական մայրցամաքում ստեղծեց կարևոր ներուժով աշխարհաքաղաքական առանցք,
որն ընդգրկում է 3 ազգերի պատկանող ու ազգային բարձր ինքնագիտակցությամբ շուրջ 180
միլիոն մարդու։ Մի կողմից, սա էլ ավելի ամրապնդեց Կենտրոնական Եվրոպայում Գերմանիայի
գերակա դերը, բայց մյուս կողմից էլ այդ դերը հավասարակշռվում է եռակողմ երկխոսության
ձևաչափում Ֆրանսիայի և Լեհաստանի մասնակցությամբ։
Եվրոպական առանցքային ինստիտուտները դեպի արևելք առաջ մղելու
գերմանական ակնհայտ հանձնառությունն օգնեց Կենտրոնական Եվրոպայի երկրներին, հատկապես
ամենափոքրերին, հեշտությամբ ընդունել Գերմանիայի առաջնորդությունը։ Նման պարտավորություններ
ստանձնելով՝ Գերմանիան պատմական առաքելություն ձեռնարկեց, որն էականորեն տարբերվում
էր բավական կարծր արմատներ ունեցող արևմտաեվրոպական դիրքորոշումներից։ Ըստ այդ դիրքորոշումների՝
Արևելյան Գերմանիայում և Ավստրիայում տեղի ունեցած իրադարձություններն ընկալվում էին
որպես ներկայիս Եվրոպայի հետ կապ չունեցող։ Այդ մոտեցումը, որը ձևավորվել է 18-րդ դարասկզբին
Լորդ Բոլինգբրոկի կողմից, որը պնդում էր՝ Արևելքում տեղի ունեցող քաղաքական բռնությունը
նշանակություն չունի Արևմտյան Եվրոպայի համար, իր դրսևորումը գտավ 1938 թվականի Մյունխենյան
ճգնաժամի ժամանակ, ինչպես նաև աղետալիորեն արտացոլվեց 1990-ական թվականների կեսերին
Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի՝ բոսնիական հակամարտության վերաբերյալ դիրքորոշումներում։
Այն կարող է նաև արտացոլվել Եվրոպայի ապագայի շուրջ ներկայումս ընթացող քննարկումներում։
Ի հակադրություն դրա՝ Գերմանիայում միակ իրական բանավեճը վերաբերում
էր այն հարցին, թե սկզբում ո՞ր կառույցը՝ ՆԱՏՕ՞-ն, թե՞ Եվրոպական Միությունը պետք է
ընդլայնել։ Պաշտպանության նախարարը հակված էր առաջինի, իսկ արտաքին գործերի նախարարը՝
երկրորդի ընդլայնմանը։ Արդյունքում Գերմանիան սկսեց ընկալվել որպես ընդլայնման քաղաքականության
և էլ ավելի մեծ ծավալով Եվրոպայի միավորման գաղափարի կողմնակիցը։ Գերմանիայի կանցլերը
խոսում էր այն մասին, որ 2000 թվականը պետք է դառնա Եվրոպական Միության՝ դեպի արևելք
ընդլայնման տարի, իսկ Գերմանիայի պաշտպանության նախարարն էլ առաջիններից մեկն էր, ով
առաջարկեց, որ ՆԱՏՕ-ի կազմավորման 50-ամյակը խորհրդանշական առումով հարմար առիթ է դաշինքի՝
այդ ուղղությամբ ընդլայնվելու համար։ Ըստ այդմ՝ ապագա Եվրոպայի գերմանական հայեցակարգը
չէր համընկնում Գերմանիայի գլխավոր դաշնակիցների պատկերացումներին․ անգլիացիները հօգուտ Եվրոպայի ընդլայնման էին արտահայտվում,
քանի որ դրանում Եվրոպայի միասնականության թուլացման հնարավորություն էին տեսնում,
ֆրանսիացիները մտավախություն ունեին, որ Եվրոպայի ընդլայնումն ուժեղացնելու է Գերմանիայի
դերը, այդ իսկ պատճառով էլ նախընտրում էին ավելի նեղ հիմքերով ներգրավումը։ Գերմանիան
աջակցում էր թե՛ մեկին, թե՛ մյուսին՝ այդ կերպ իր ուրույն տեղը զբաղեցնելով Կենտրոնական
Եվրոպայում։
Նյութի աղբյուրը՝ Զբիգնև Բժեզինսկի- «Շախմատային մեծ տախտակ»

Comments
Post a Comment