Գլխավոր
խաղացողների և առանցքային կենտրոնների բացահայտումն օգնում է որոշել Ամերիկայի քաղաքականության
երկընտրանքները և կանխել Եվրասիա գերմայրցամաքում խոշորագույն խնդիրների ի հայտ գալը։
Անհրաժեշտ է առանձնացնել 6 կարևոր հարցադրում․
Ամերիկան ինչպիսի՞ Եվրոպա
է նախընտրում և պատրաստ է նպաստել դրա կայացմանը
Ինչպիսի՞ Ռուսաստանն
է համապատասխանում Ամերիկայի շահերին, և դրան նպաստելու համար ի՞նչ ու ինչպե՞ս պետք
է Ամերիկան անի
Ինչպիսի՞ն է Կենտրոնական
Եվրասիայում նոր «Բալկանների» ի հայտ գալու հեռանկարը, և ի՞նչ պետք է անի Ամերիկան
հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար
Հեռավոր Արևելքում Չինաստանի
ո՞ր դերը պետք է խրախուսել, և որո՞նք են լինելու այդ ամենի հետևանքները ոչ միայն Միացյալ
Նահանգների, այլև Ճապոնիայի համար
Եվրասիական ի՞նչ նոր
դաշինքներ են հնարավոր, դրանցից որո՞նք են առավելագույն վտանգ ներկայացնելու Միացյալ
Նահանգների շահերին, և ի՞նչ պետք է արվի դրանց ձևավորումը կանխելու համար։
Միասնական Եվրոպայի ստեղծման հարցում Միացյալ Նահանգները միշտ
ցուցաբերել է հավատարմություն։ Դեռ Քեննեդու վարչակազմի տարիներից ի վեր «հավասար գործընկերության»
կոչը դարձել է սովորական։ Պաշտոնական Վաշինգտոնը միշտ հայտարարում է, որ ցանկանում
է Եվրոպան տեսնել որպես միասնական, բավական հզոր միավոր, որը կկարողանա Միացյալ Նահանգների
հետ կիսել համաշխարհային առաջնորդության պատասխանատվությունը և բեռը։
Սա սովորական հռետորաբանություն էր։ Մինչդեռ գործնականում Միացյալ
Նահանգներն այնքան էլ հստակ և հաստատուն չէր։ Վաշինգտոնը, ի դեմս Եվրոպայի, իսկապե՞ս
անկեղծորեն ուզում է համաշխարհային գործերում իրական հավասար գործընկեր ունենալ, թե՞,
այդուհանդերձ, նախընտրում է անհավասար դաշնակցությունը։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներն
արդյո՞ք պատրաստ է Եվրոպայի հետ կիսել իր առաջնորդությունը Մերձավոր Արևելքում՝ մի
տարածաշրջանում, որը ոչ միայն աշխարհագրորեն
ավելի մոտ է Եվրոպային, քան Ամերիկային, այլև եվրոպական որոշ երկրներ այնտեղ վաղուց
հետաքրքրություններ ունեն։ Իսկույն ևեթ մտաբերվում է Իսրայելի խնդիրը։ ԱՄՆ-ի և Եվրոպայի
միջև Իրանի ու Իրաքի հետ կապված հարցերում տարաձայնությունները Միացյալ Նահանգների
կողմից ընկալվել են ոչ թե որպես հավասար գործընկերների միջև ի հայտ եկած հարցեր, այլ
աստիճանակարգության խախտումներ։
Եվրոպայի միավորման հարցին Ամերիկայի աջակցության չափի երկակիությունը
տարածվում է նաև այն հարցի վրա, թե ինչպես պետք է սահմանվի այդ միասնությունը, հատկապես
այն հարցի վրա, թե որ երկիրը պետք է գլխավորի միասնական Եվրոպան (կամ առհասարակ արդյո՞ք
պետք է նման երկիր լինի)։ Եվրոպայի ինտեգրման շուրջ Մեծ Բրիտանիայի տարբերվող դիրքորոշմանը
Վաշինգտոնը դեմ չէ, բայց միաժամանակ Վաշինգտոնը հստակ նախապատվություն տալիս է Եվրոպայում
գերմանական, այլ ոչ ֆրանսիական առաջնորդությանը։ Հաշվի առնելով Ֆրանսիայի քաղաքական
ավանդական կողմնորոշումը՝ սա հասկանալի է, սակայն նման ընտրությունը նաև որոշակի հետևանքներ
ունի, որոնք ժամանակ առ ժամանակ դրսևորվում են ֆրանկո-բրիտանական համաձայնություններով,
որոնց նպատակը Գերմանիան ստվերելն է, ինչպես նաև Մոսկվայի հետ Ֆրանսիայի պարբերական
սիրախաղերով, որոնց խնդիրը ամերիկա-գերմանական դաշինքին հակազդելն է։
Իրական միավորված Եվրոպայի կառուցումը, հատկապես եթե դա պետք
է տեղի ունենա ամերիկյան կառուցողական օգնությամբ, էական փոփոխություններ է պահանջում
Ամերիկային և Եվրոպային կապող հիմնական օղակ ՆԱՏՕ-ի կառուցվածքում ու ընթացակարգերում։
ՆԱՏՕ-ն ոչ միայն եվրոպական գործերում ամերիկյան ազդեցությունն ապահովող հիմնական մեխանիզմն
է, այլև հիմք է ապահովում քաղաքացիական առումով առանցքային նշանակություն ունեցող այնպիսի
հարցի համար, ինչպիսին Արևմտյան Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունն է։ Իսկ
ահա Եվրոպայի միասնությունը պահանջելու է, որ այդ կառույցը հարմարվի նոր իրողություններին,
ինչը ենթադրելու է երկու՝ քիչ թե շատ հավասար գործընկերներ, մինչդեռ դաշինքը, եթե առաջնորդվենք
ավանդական եզրույթաբանությամբ, ենթադրում է հեգեմոնի և վասալների առկայություն։ Այս
հարցը մինչ օրս հիմնականում չի արծարծվում, չնայած 1996 թվականին բավական համեստ միջոցներ
ձեռնարկվեցին ՆԱՏՕ-ի կազմում Արևմտաեվրոպական միության (Արևմտաեվրոպական երկրների ռազմական
դաշինք) դերի բարձրացման ուղղությամբ։ Հետևաբար, եթե, իրոք, ընտրությունը կատարվի հօգուտ
Եվրոպայի միասնության, ապա այն պահանջելու է ՆԱՏՕ-ի՝ բավական հեռուն գնացող վերակազմավորում,
ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է դաշինքի շրջանակներում Ամերիկայի առաջնային դերակատարության
նվազմանը։
Եվրոպայում իր երկարաժամկետ աշխարհառազմավարության առումով Միացյալ
Նահանգները Եվրոպայի միասնականության և Եվրոպայի հետ իրական գործընկերության հարցերում
պետք է հստակություն մտցնի։ Իրապես միասնական Եվրոպա, հետևաբար, անկախ Եվրոպա կամեցող
Ամերիկան պետք է իր ամբողջ ներուժով հանդերձ օժանդակի եվրոպական այն ուժերին, որոնք,
իրոք, հանձնառու են Եվրոպայի քաղաքական ու տնտեսական ինտեգրացիայի հարցում։ Այդպիսի
ռազմավարությունը կնշանակի ԱՄՆ-Մեծ Բրիտանիա երբևէ սրբագործված հատուկ հարաբերությունների
վերջին նշանների վերացում։
Միասնական Եվրոպայի ստեղծմանն ուղղված քաղաքականությունը՝ անգամ
եվրոպացիների հետ համատեղ, պետք է անդրադառնա Եվրոպայի աշխարհագրական սահմանների ծայրահեղ
զգայուն հարցին։ Դեպի արևելք որքա՞ն պետք է ընդլայնվի Եվրոպական Միությունը։ Արդյո՞ք
ԵՄ արևելյան սահմանները պետք է համընկնեն ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին։ Այս երկու հարցերից
առաջինի դեպքում որոշումը պետք է կայացվի Եվրոպայում, սակայն այդ որոշումն ուղիղ ազդեցություն
է ունենալու նաև ՆԱՏՕ-ի որոշման վրա։ Երկրորդ հարցի շուրջ որոշումն արդեն պահանջելու
է Միացյալ Նահանգների մասնակցությունը, իսկ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ձայնը նախկինի պես որոշիչ
է։ Հաշվի առնելով Կենտրոնական Եվրոպայի երկրները ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի կազմ
ներառելու հարցի շուրջ աճող համաձայնությունը՝ այս հարցի կիրառական նշանակությունը
ստիպում է կենտրոնանալ Բալթյան երկրների, հնարավոր է նաև Ուկրաինայի ապագա կարգավիճակի
վրա։
Եվրոպական երկընտրանքի և Ռուսաստանին առնչվող հարցերի միջև կարևոր
համընկնում կա։ Ռուսաստանի ապագայի մասին հարցին կարելի է հեշտ պատասխան տալ՝ հայտարարելով,
որ այն պետք է լինի Եվրոպայի հետ սերտորեն փոխկապված ժողովրդավարական Ռուսաստան։ Հնարավոր
է, որ ժողովրդավարական Ռուսաստանը մեծագույն համակրանք տածի այն արժեքների նկատմամբ,
որոնք դավանում են Ամերիկան ու Եվրոպան, և հետևաբար միանգամայն հնարավոր է, որ այն
կրտսեր գործընկեր դառնա ավելի կայուն ու գործընկերության վրա հիմնված Եվրասիայի ստեղծման
գործում։ Սակայն Ռուսաստանի հավակնությունները կարող են շատ ավելի հեռուն գնալ, քան
իրեն որպես ժողովրդավարական ճանաչելն ու հարգելն է։ Ռուսական արտաքին քաղաքական շրջանակում
(մեծապես բաղկացած է նախկին խորհրդային պաշտոնյաներից) մինչ այս պահը պահպանվում է
արմատացած ցանկություն առ այն, որ պետք է ունենալ եվրասիական յուրահատուկ դեր, որն
հանգեցնելու է նորանկախ նախկին խորհրդային հանրապետությունների՝ Մոսկվային ենթարկվելուն։
Այս համատեքստում քաղաքականության մշակմամբ զբաղվող ռուսական
համայնքի որոշ ազդեցիկ ներկայացուցիչների կողմից Արևմուտքի նույնիսկ բարեկամաբար տրամադրված
քաղաքականությունն ընկալվում է որպես Ռուսաստանին համաշխարհային տերության իր օրինական
կարգավիճակից զրկելուն ուղղված քայլ։ Ինչպես նկատել են 2 ռուս աշխարհաքաղաքագետներ՝
«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի երկրները, թեև հնարավորության
սահմաններում հարգում են Ռուսաստանի ինքնագնահատականը, այդուհանդերձ, անշեղորեն և հետևողականորեն
քանդում են աշխարհաքաղաքական այն հիմքերը, որոնք Ռուսաստանին կարող են թույլ տալ գոնե
տեսականորեն հուսալ, որ ձեռք կբերի համաշխարհային քաղաքականության մեջ երկրորդ ուժի
կարգավիճակը, որը մի ժամանակ Խորհրդային Միությանն էր պատկանում»։
Ավելին, նրանց կարծիքով Ամերիկան վարում է այնպիսի քաղաքականություն,
որի շրջանակում՝
«Արևմուտքի կողմից եվրոպական տարածության նորովի կազմակերպումը,
ըստ էության, հիմնված է աշխարհի այս հատվածում նոր, համեմատաբար ոչ մեծ և թույլ ազգային
պետություններին ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և այլ կառույցների հետ քիչ թե շատ մերձեցնելու միջոցով
աջակցելու գաղափարի վրա»։
Վերոնշյալ մեջբերումները, չնայած որոշակի անբարյացակամությանը,
լավագույնս են արտացոլում այն երկընտրանքը, որի առաջ կանգնած է Միացյալ Նահանգները։
Որքա՞ն տնտեսական օժանդակություն պետք է ցուցաբերել Ռուսաստանին, ինչն անխուսափելիորեն
կհանգեցնի վերջինիս հզորացմանը թե՛ քաղաքականապես և թե՛ ռազմական առումով, ու ի՞նչ
չափով օժանդակություն պետք է ցուցաբերել նորանկախ պետություններին՝ իրենց անկախությունը
պաշտպանելու ու ամրապնդելու համար։ Արդյո՞ք կարող է Ռուսաստանը լինել հզոր և միաժամանակ
նաև ժողովրդավարական երկիր։ Եթե այն նորից թափ հավաքի, արդյո՞ք չի փորձի հետ վերադարձնել
իր կորցրած կայսերական տիրույթները, և արդյո՞ք այդ ժամանակ այն կարող է լինել և՛ կայսրություն,
և՛ ժողովրդավարություն։
Ամերիկայի քաղաքականությունն աշխարհաքաղաքական այնպիսի կարևոր
առանցքների նկատմամբ, ինչպիսին Ուկրաինան ու Ադրբեջանն են, թույլ չի տալու շրջանցել
այս հարցը, և Միացյալ Նահանգներն այդ կերպ կանգնում է ուժերի մարտավարական դասավորությանը
և ռազմավարական նպատակներին առնչվող երկընտրանքի առաջ։ Ռուսաստանի ներքին առողջացումը
կարևոր է Ռուսաստանի ժողովրդավարացման և, ի վերջո, եվրոպականացման համար։ Սակայն նրա
կողմից ցանկացած ձևով կայսերական հզորության վերականգնումը վնաս է հասցնելու այս երկու
նպատակներին։ Ավելին, հենց այդ հարցի առնչությամբ կարող են տարաձայնություններ ի հայտ
գալ Ամերիկայի և եվրոպական որոշ պետությունների միջև, հատկապես ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ընդլայնման
դեպքում։ Արդյո՞ք պետք է Ռուսաստանի թեկնածությունը դիտարկել այս երկու կառույցների
հավանական անդամի կարգավիճակում։ Իսկ ի՞նչ անել այդ դեպքում Ուկրաինայի հետ։ Ռուսաստանին
այս կառույցներ չթղնելու գինը (ռուսական գիտակցության մեջ կարմատավորվի Ռուսաստանի
սեփական, հատուկ առաքելության գաղափարը) չափազանց մեծ կարող է լինել, բայց ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի
թուլացման հետևանքներն էլ կարող են ապակայունացնող լինել։
Մեկ այլ մեծ անորոշություն էլ դրսևորվում է Կենտրոնական Եվրասիայի
հսկայական և աշխարհաքաղաքական առումով հեղհեղուկ տարածքում, որն առավելագույն մակարդակի
է հասնում թուրք-իրանական առանցքների պոտենցիալ խոցելիությամբ։
Քարտեզ 10-ում պատկերված տարածքում, որը սկիզբ է առնում Սև ծովում
Ղրիմից և շարունակվում է ուղիղ դեպի արևելք՝ դեպի Ռուսաստանի հարավային նոր սահմաններ,
այնուհետև անցնում է չինական Սինցզյան նահանգի սահմնաներով, հետո՝ իջնում ներքև՝ դեպի
Հնդկական օվկիանոս, այնտեղից շարունակվում է դեպի արևմուտք՝ Կարմիր ծով, որից հետո
բարձրանում է հյուսիս՝ Միջերկրական ծովի արևելյան մասը, և նորից վերադառնում դեպի Ղրիմ՝
ընդգրկելով շուրջ 25 երկիր, ապրում է մոտ 400 միլիոն մարդ, որոնք գրեթե բոլորն էլ ինչպես
էթնիկական, այնպես էլ կրոնական առումով տարասեռ են, նաև գործնականում քաղաքականապես
ոչ կայուն։
Որոշ երկրներ էլ, հնարավոր է, գտնվում են միջուկային զենքի ձեռքբերման
գործընթացում։
Դյուրավառ ատելությամբ պառակտված ու մրցակից հզոր հարևաններով
շրջապատված այս ահռելի տարածաշրջանն ամենայն հավանականությամբ նաև ազգ-պետությունների
միջև պատերազմների և ձգձգվող էթնիկական ու կրոնական բռնությունների մարտադաշտ է։ Արդյո՞ք
Հնդկաստանը հանդես կգա որպես զսպող գործոն, թե՞ Պակիստանին իր կամքը պարտադրելու համար
կօգտվի որոշ հնարավորություններից․ այս հարցը մեծապես
ազդելու է հավանական հակամարտությունների տարածաշրջանային ընդգրկման վրա։ Թուրքիայում
և Իրանում տեղ գտնող ներքին լարվածությունը, ըստ ամենայնի, ոչ միայն ուժգնանալու է,
այլև էապես նվազեցնելու է կայունացնող այն դերը, որն այս երկու պետությունները կարող
են ունենալ պայթյունավտանգ այդ տարածաշրջանում։ Այս գործընթացներն իրենց հերթին դժվարեցնելու
են Կենտրոնական Ասիայի նոր պետությունների՝ միջազգային հանրության հետ ձուլվելու գործընթացը,
ինչպես նաև խիստ բացասական ազդեցություն են թողնելու Ամերիկայի առաջնորդությամբ պահպանվող
Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության վրա։ Ցանկացած դեպքում թե՛ Ամերիկան և թե՛
միջազգային հանրությունն այստեղ այնպիսի խնդրի կարող են բախվել, որի համեմատ նախկին
Հարավսլավիայում տեղ գտած վերջին ճգնաժամն աննշան բան է թվալու։
Այս անկայուն տարածաշրջանից բխող խնդիրներից մեկը կարող է դառնալ
իսլամական արմատականության կողմից ամերիկյան գերակայությանը նետված հնարավոր մարտահրավերը։
Ամերիկյան կենսակերպի նկատմամբ թշնամանք հարուցելով և արաբա-իսրայելական հակամարտությունից
օգուտներ քաղելով՝ իսլամական արմատականությունը կարող է խաթարել Մերձավոր Արևելքի արևմտամետ
կողմնորոշմամբ որոշ երկրների դիրքերը՝ արդյունքում ամերիկյան տարածաշրջանային շահերը
վտանգի տակ դնելով հատկապես Պարսից ծոցի շրջանում։ Սակայն առանց քաղաքական համախմբվածության
և իրապես հզոր իսլամական պետության՝ իսլամական արմատականության կողմից նետված մարտահրավերը
զուրկ է լինելու քաղաքական միջուկից և, ըստ ամենայնի, դրսևորվելու է միայն բռնության
միջոցով։
Աշխարհառազմավարական տեսանկյունից ամենակարևոր հարցը Չինաստանի՝
որպես խոշոր տերության կայացումն է։ Ամենացանկալի արդյունքը կլիներ ժողովրդավարացող
և ազատականացող շուկայով Չինաստանի ներառումն ավելի ընդարձակ ասիական տարածաշրջանային
գործակցության ձևաչափում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Չինաստանը ժողովրդավարական փոփոխություններ
չնախաձեռնի, բայց շարունակի մեծացնել իր տնտեսական ու ռազմական ներուժը։ Այդ դեպքում
կարող է ի հայտ գալ «Մեծ Չինաստան»՝ անկախ վերջինիս հարևանների ցանկություններից ու
հաշվարկներից, իսկ Չինաստանի ձգտումներին խանգարող ցանկացած փորձ կարող է հանգեցնել
Չինաստանի հետ հակամարտության սրմանը։ Նման հակամարտությունը կարող է լարվածություն
առաջացնել նաև ամերիկա-ճապոնական հարաբերություններում, քանզի ամենևին էլ հայտնի չէ,
որ Ճապոնիան կցանկանա հետևել Չինաստանին զսպելու ամերիկյան օրինակին, հետևաբար դա կարող
է տարածաշրջանային մակարդակով հեղափոխական արդյունքներ ունենալ Ճապոնիայի դերակատարման
համար, ինչն էլ կարող է հանգեցնել ընդհուպ Հեռավոր Արևելքում ամերիկյան ներկայության
դադարեցմանը։
Չինաստանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումն իր գինն
է ունենալու։ Ճանաչել Չինաստանը որպես տարածաշրջանային գերտերություն չի նշանակում
զուտ մի կարգախոսի ընդունում։ Տարածաշրջանային մակարդակում նման գերազանցությունը պետք
է էական բովանդակություն ունենա։ Պարզ ասած՝ որքա՞ն լայն է Չինաստանի ազդեցության գոտին,
և Ամերիկան որտե՞ղ պետք է պատրաստ լինի ընդունել այն որպես միջազգային հարաբերություններում
Չինաստանին ներգրավվելու հաջող քաղաքականության մաս։ Ներկա պահին Չինաստանի քաղաքական
գործողությունների շառավիղից դուրս գտնվող ո՞ր շրջանները պետք է զիջվեն նորից վեր հառնող
երկնային թագավորության ազդեցության տիրույթին։
Այս համատեքստում Հարավային Կորեայում ամերիկյան ներկայության
պահպանումը առանձնահատուկ կարևորություն է ստանում։ Դժվար է պատկերացնել, որ առանց
դրա պաշտպանական ոլորտում գործող ամերիկա-ճապոնական համաձայնագիրը կպահպանի իր ներկա
տեսքը, քանզի Ճապոնիան կարող է ռազմականորեն ավելի ինքնաբավ դառնալ։ Սակայն կորեական
պետությունների վերամիավորման ուղղությամբ ցանկացած տեղաշարժ ամենայն հավանականությամբ
քանդելու է Հարավային Կորեայում ամերիկյան շարունակվող ներկայության հիմքերը։ Վերամիավորված
Կորեան կարող է իրեն իրավունք վերապահել հրաժարվելու ամերիկյան պաշտպանությունից, ինչը
փաստացիորեն կարող է դառնալ այն գինը, որը Չինաստանը կպահանջի թերակղզու վերամիավորման
հարցում իր ամբողջական ազդեցության դիմաց։ Կարճ ասած՝ Չինաստանի հետ Միացյալ Նահանգների
հարաբերությունների կարգավորումն անխուսափելիորեն իր ազդեցությունն է թողնելու ամերիկա-ճապոնա-կորեական
«եռանկյան» շրջանակում պաշտպանության ոլորտի հարաբերությունների կայունության վրա։
Եվ, ի վերջո, պետք է հակիրճ անդրադառնալ այն հավանական իրադարձություններին,
որոնք կարող են կերտել ապագա քաղաքական դաշինքները։ Նախկինում միջազգային հարաբերությունների
վրա ազդեցություն էր թողնում այն, որ առանձին երկրներ պայքարում էին տարածաշրջանում
գերակայության հասնելու համար։ Հետայսու, ըստ ամենայնի, Միացյալ Նահանգները պետք է
որոշի, թե ինչպես վարվի տարածաշրջանային այն դաշինքների հետ, որոնք ձգտում են Եվրասիայից
դուրս թողնել Ամերիկային՝ այդ կերպ վտանգելով Ամերիկայի՝ որպես համաշխարհային տերության
կարգավիճակը։ Սակայն հարցը՝ արդյոք այդպիսի դաշինքները մարտահրավեր կնետեն ամերիկյան
գերակայությանը, մեծապես կախված է նրանից, թե Միացյալ Նահանգները ինչ արդյունավետությամբ
կկարողանա լուծել այստեղ մատնանշված երկընտրանքները։
Իրադարձությունների զարգացման ամենավտանգավոր հավանական սցենարը
կարող է լինել Չինաստանի, Ռուսաստանի և, հնարավոր է, Իրանի մասնակցությամբ «հակահեգեմոնիստական»
դաշինքի ստեղծումը, որում վերջիններիս միավորելու է ոչ թե գաղափարախոսությունը, այլ
«համախմբելու են» փոխլրացնող վիրավորանքները։ Իրադարձությունների նման զարգացումն իր
չափերով ու ծավալով նման կլինի այն մարտահրավերին, որը ժամանակին նետվել էր չին-խորհրդային
բլոկի կողմից, չնայած այս դեպքում Չինաստանն արդեն, ըստ ամենայնի, լինելու է առաջնորդի,
իսկ Ռուսաստանը՝ հետևորդի դերում։ Այդ դաշինքի ստեղծումը կասեցնելու համար, որքան էլ
որ քիչ հավանական թվա, ԱՄՆ-ից պահանջվելու է աշխարհառազմավարական վարպետության ցուցաբերում
Եվրասիայի միաժամանակ արևմտյան, արևելյան ու հարավային երկայնքներով։
Աշխարհագրական առումով սահմանափակ, սակայն հավանականորեն նույնիսկ
ավելի կարևոր մարտահրավեր կարող է ներկայացնել չին-ճապոնական «առանցքը», որը կարող
է ի հայտ գալ որպես Հեռավոր Արևելքում ամերիկյան դիրքերի փլուզման և Ճապոնիայի արտաքին
դիրքավորման հեղափոխական փոփոխման հետևանք։ Նման դաշինքը միավորելու է երկու ծայրահեղ
արդյունավեռ ժողովուրդների ներուժը և կարող է որդեգրել հակաամերիկյան միավորող դոկտրին,
օրինակ, ենթադրյալ «ասիականությունը»։ Սակայն քիչ հավանական է թվում, որ տեսանելի ապագայում
Չինաստանն ու Ճապոնիան նման դաշինք կստեղծեն՝ հաշվի առնելով իրենց նախկին պատմական
փորձը։ Հեռավոր Արևելքում էլ ամերիկյան հեռատես քաղաքականությունը, իհարկե, պետք է
ունակ լինի կանխելու այդպիսի ընթացքը։
Չնայած ոչ մեծ, բայց նաև ամբողջովին չբացառվող հավանականություն
կա, որ Եվրոպայում կարող է ուժերի լրջագույն վերադասավորում տեղի ունենալ՝ արտահայտված
կա՛մ ռուս-գերմանական գաղտնի դավադրությամբ, կա՛մ էլ ֆրանկո-ռուսական միության ձևավորմամբ։
Պատմության մեջ կան նման նախադեպեր, և այս երկու դեպքերից յուրաքանչյուրն էլ կարող
է իրականություն դառնալ այն դեպքում, եթե կանգ առնի եվրոպական միավորման գործընթացը,
և խստագույնս վատթարանան Եվրոպայի ու Ամերիկայի հարաբերությունները։ Հիշատակված տարբերակներից
վերջինի իրականություն դառնալու դեպքում փաստացիորեն կարելի է պատկերացնել, որ տեղի
կունենա մայրցամաքից Ամերիկային դուրս մղելու հարցում Եվրոպայի ու Ռուսաստանի միջև
փոխընկալումների մերձեցում։ Այս փուլում բոլոր այս տարբերակներն անհավանական են թվում։
Դրանց իրականություն դառնալու համար Ամերիկան եվրոպական ուղղությամբ ոչ միայն պետք
է վարի ծայրահեղ անարդյունավետ քաղաքականություն, այլև տեղի ունենա եվրոպական հիմնական
պետությունների կողմնորոշումների կտրուկ փոփոխություն։
Ինչպիսին էլ լինի ապագան, ողջամիտ է եզրակացնել, որ Եվրասիա
մայրցամաքում Ամերիկայի գերակայությունը բախվելու է տարատեսակ ալեկոծությունների, իսկ
որոշ առանձին դեպքերում էլ այդ ամենը գուցե ուղեկցվի բռնություններով։ Ամերիկայի գերակայությունը
խոցելի է ինչպես տարածաշրջանային մրցակիցների կողմից, այնպես էլ ուժերի նոր դասավորվածության
արդյունքում ի հայտ եկող նոր մարտահրավերների առաջ։ Ամերիկայի գերակայությամբ և «պատերազմի
վտանգը բացառող» ներկայիս գլոբալ համակարգը կարծես կայուն է միայն աշխարհի այն մասերում,
որտեղ երկարաժամկետ աշխարհառազմավարությամբ ստեղծված ամերիկյան գերակայությունը հիմնված
է համատեղելի ու սոցիալ-քաղաքական հարազատ համակարգերի վրա, որոնք փոխկապակցված են
բազմակողմ ձևաչափերով։
Նյութի աղբյուրը՝ Զբիգնև Բժեզինսկի- «Շախմատային մեծ տախտակ»
Comments
Post a Comment