Skip to main content

Ադհոկրատիայով կազմակերպություններ

 

Այն կազմակերպությունների կառավարման ձևը, որոնք ունեն օրգանիկ կառուցվածք, բարդ միջավայր, վարքագծի աննշան ֆորմալացում, հորիզոնական նեղ մասնագիտացում՝ հիմնված աշխատակիցների անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների վրա, ընդունված է համարել ադհոկրատիա (հանրային կազմակերպությունների կառավարման ոճ, որը բնութագրվում է աշխատակիցների գործողություններում ազատության բարձր աստիճանով, առավելապես աշխատակիցների փոխհարաբերությունների ոչ ֆորմալ բնույթով): Այն կոնկրետ նպատակների համար ստեղծված կազմակերպություն է, որի անվանումը առաջին անգամ շրջանառության մեջ են դրել Բենիսը և Թոֆլերը 1960-1970թթ.: Ադհոկրատիան կառավարման գործառույթներն իրականացնող պրոֆեսիոնալ աշխատողներից բաղկացած ապարատ է: Սա արագ հարմարվող կառույց է, որը հիմնվում է կոնկրետ խնդիր կյանքի կոչելու նպատակով՝ մասնագիտական տարբեր գիտելիքներ ունեցող մասնագետների խմբերի միջոցով: Սրանք հիմնականում բարդ, ամենաարդիական կառուցվածք ունեցող կազմակերպություններն են, որտեղ բացակայում են կառուցվածքային տարրերը, և որտեղ առաջնային դերը պատկանում է նորարարություններին: Նորարարական գործունեությունը ենթադրում է հրաժարում արմատացած սխեմաներից, հետևաբար համակարգումը չի կարող հիմնվել ստանդարտացման որևէ ձևի վրա: Այն պետք է խուսափի բյուրոկրատական կառուցվածքներից, վարքագծի խիստ ֆորմալացումից: Տոֆլերը նշում է, որ «այսօր ադհոկրատիան հաճախ փոխում է իր ներքին ձևը: Դրանք վերափոխվում են, այնուհետև միավորվում են նոր ձևերի մեջ և կրկին վերափոխվում»: Օրինակ՝ NASA-ն 8 տարիների ընթացքում փոխել է իր կառուցվածքը 17 անգամ: Կառավարման բոլոր ձևերից միայն ադհոկրատիան է, որ հակված չէ մենեջմենթի դասական սկզբունքներին և հատկապես միասնական ղեկավարմանը: Տեղեկատվական գործընթացները, որոշումների ընդունման ոչ ֆորմալ ձևը, նաև նորարարական մոտեցումներով հարցերի լուծումը, այսպիսի կազմակերպությունների հիմնական հատկանիշն է: Կայուն օրգանիկ կառուցվածքը բնութագրական է նաև որոշ չափով նորարարական կարողությունների տիրապետող պարզ կառուցվածքի համար, որտեղ խանգարող հանգամանք է միանձնյա ղեկավարի առկայությունը: Հետևաբար անհրաժեշտ է ամուր կառուցվածք, որը թույլ կտա արդյունավետորեն համատեղել աշխատակիցների գիտելիքների տարբերությունները և հմտությունները: Ադհոկրատիան ներգրավում է փորձագետների խմբեր՝ համապատասխան մասնագիտական հմտություններով, որոնք գիտելիքներ և փորձ են ձեռք բերել հատուկ կրթության և վերապատրաստման շնորհիվ: Սակայն, ի տարբերություն պրոֆեսիոնալ բյուրոկրատիայի, այն չի կարող հիմնվել իր մասնագետների ստանդարտացված գիտելիքների վրա, քանի որ դա չի նպաստում նորարարությանը: Փաստորեն, եթե պրոֆեսիոնալ բյուրոկրատիայի մասնագետները կարող են աշխատել միայնակ, ապա ադհոկրատիայի մաս պրոֆեսիոնալները պետք է միավորեն իրենց ուժերը: Ավանդական կազմակերպությունները կարծում են, թե իրենք ծանոթ են բարդ խնդիրներին ու մեթոդներին և կարող են փորձագիտական գնահատական տալ առանձին մասնագետի կամ գործառութային խմբի: Ադհոկրատիայում ընդհակառակը, տարբեր մասնագետներ պետք է միավորվեն բազմաբովանդակ խմբերում, որոնցից յուրաքանչյուրը ձևավորվում է կոնկրետ նպատակ իրականացնելու համար՝ օգտագործելով նորարարական բոլոր հնարավորությունները: Այս կազմակերպություններում գրեթե բացակայում է հիերարխիան՝ նախապատվությունը տալով մարդկային փոխհարաբերություններին: Ադհոկրատիայում պրոֆեսիոնալները (շարքային աշխատողներ) գրեթե չեն տարբերվում միմյանցից դերերի առումով և միացված են տեխնոստրուկտուրային: Այսպիսի ձևն առանձնանում է նաև մենեջերների բազմաքանակությամբ: Նրանք բաժանված են երկու խմբի. գործառնական մենեջերներ, որոնք պատասխանատու են ինտեգրման համար, և ծրագրերի ղեկավարներ, որոնք բավականին շատ են, քանի որ ծրագրային խմբերը պետք է լինեն փոքրաքանակ, և դրանցից յուրաքանչյուրին անհրաժեշտ է ղեկավար: Հետևաբար, ադհոկրատիայում «կառավարելիության» նորմը բավականին կարևոր է: Մենեջերները ոչ թե հրահանգներ են տալիս ենթականերին, այլ կարգավորում են վերջիններիս փոխհարաբերությունները՝ իրականացնելով միավորումների գործունեության հորիզոնական համակարգումը: Ադհոկրատիան պրոֆեսիոնալ բյուրոկրատիայի պես ապակենտրոնացված կառույց է՝ հիմնված բարձր որակավորված փորձագետների վրա, սակայն յուրահատուկ ձևով. նրանք հատկապես մեծաքանակ են օժանդակ անձնակազմի շրջանում:

Մասնագիտական գրականության մեջ տարբերակում են ադհոկրատիայի երկու ճյուղեր՝ օպերատիվ և ադմինիստրատիվ:

Օպերատիվ ձևն իրականացնում է նորարարական գործունեություն՝ լուծելով ծագած խնդիրներ, որոնք ուղղակիորեն պատվիրվել են իր հաճախորդների կողմից: Նրա բազմաբովանդակ, արհեստավարժ փորձագիտական միավորումներն աշխատում են ըստ պայմանագրերի (օրինակ՝ ընդհանուր բնույթի խորհրդակցական ընկերությունները, գովազդային գործակալությունները), սակայն երբեմն պայմանագիրը որպես այդպիսին բացակայում է: Փաստորեն յուրաքանչյուր գործառնական ադհոկրատիայի համապատասխանում է պրոֆեսիոնալ բյուրոկրատիա, որն իրականացնում է համանման, բայց հարաբերականորեն առավել նեղ կողմնորոշման գործունեություն: Դիտարկելով հաճախորդների խնդիրները՝ գործառնական ադհոկրատիան ձգտում է գտնել ստեղծագործական նոր մոտեցում, իսկ պրոֆեսիոնալ բյուրոկրատիան լուծման ենթակա խնդիրը դասակարգում է ստանդարտ իրավիճակներից մեկի շարքը: Հետևաբար ադհոկրատիային բնորոշ է դիվերգենտ՝ կողմնորոշված դեպի նորարարությունները, իսկ պրոֆեսիոնալ բյուրոկրատիային՝ կոնվերգենտ մտածողությունը, որը սահմանափակվում է խնդիրների լուծման արդեն եղած տարբերակներով: Այսինքն՝ մի կազմակերպություն պատրաստ է դիտարկել իրավիճակների և լուծումների անվերջ քանակություն, իսկ մյուսը սահմանափակվում է մի քանի լուծումների շրջանակում: Երկուսի առաքելությունն էլ նույնն է, սակայն արտադրական կառուցվածքները արմատապես տարբերվում են: Երկուսի դեպքում էլ ապակենտրոնացված իշխանությունը պատկանում է որակավորված մասնագետին, սակայն քանի որ գործառնական ադհոկրատիան ձգտում է ստեղծել ինչ-որ նոր բան, այստեղ մասնագետները կարող են փոխգործակցել նաև ոչ ֆորմալ փոխադարձ համաձայնությունների միջոցով: Ստանդարտ ծառայություններ մատուցող պրոֆեսիոնալ բյուրոկրատիայում, որտեղ յուրաքանչյուր մասնագետ ի վիճակի է գործելու ինքնուրույն, նրանց գործունեությունը մեքենաբար համակարգվում է կոլեգաների աշխատանքի հետ միասին՝ գիտելիքների և հմտությունների ստանդարտացման շնորհիվ: Գործառնական ադհոկրատիայի էական առանձնահատկություններից է վարչական և գործառնական գործունեության միաձուլումը: Ծրագրային «ad hoc» գործունեության մեջ շատ դժվար է ծրագրումը և մշակումը առանձնացնել իրականացումից: Սա պահանջում է հատուկ հմտություններ: Հետևաբար երբեմն գործառնական ադհոկրատիան նույնիսկ չի փորձում սահմանափակել միջին օղակը և նրա օպերացիոն մասը: Միջին օղակի կառավարման մենեջերները և այն աշխատողները, որոնք այլ կազմակերպություններում մտնում են օժանդակ անձնակազմի մեջ, գործառնական ադհոկրատիայում բարձր որակավորմամբ մասնագետներ են, որոնք կարող են ծրագրեր իրականացնել օպերատորների հետ համատեղ:

Ադհոկրատիայի երկրորդ տիպում նույնպես գործում են ծրագրային միավորումներ, որոնց առաջ միանգամայն այլ նպատակ է դրված: Եթե գործառնական ադհոկրատիան իրականացնում է ծրագրեր հաճախորդներին սպասարկելու համար, ապա վարչական ադհոկրատիան՝ սեփական նպատակները իրականացնելու համար: Ի տարբերություն գործառնական ադհոկրատիայի՝ այստեղ վարչական բաղկացուցիչը և օպերացիոն մասը հստակ տարանջատված են: Գործառնական մասը կարծես մեկուսացված է մնացած կազմակերպությունից, այնպես, որ վարչական բաղկացուցիչն առանձին կարող է կառուցվել որպես ադհոկրատիա: Այդ մեկուսացումը կարող է տարբեր ձևեր ընդունել.

·         Երբ կազմակերպությունը կարիք ունի նորարարության, միևնույն է, նրա օպերացիոն մասը պետք է մնա որպես մեխանիկական բյուրոկրատիա, իսկ վերջինս կարող է հանդես գալ որպես առանձին կազմակերպություն: Ինչպես հայտնի է, մեխանիկական բյուրոկրատիայում շարքային աշխատողների շրջանում կարող են ծագել բազմաթիվ խնդիրներ՝ ներթափանցելով այլ մասեր ևս: Այնտեղ առկա է ուղիղ վերահսկողություն, որոնք էլ խոչընդոտում են նորարարական գործունեությունը:

·Կազմակերպությունը, աշխատելով այլ ընկերությունների հետ պայմանագրային հիմունքներով, կարող է ամբողջությամբ հրաժարվել օպերացիոն մասից: Սա նրան տալիս է ազատություն՝ թույլ տալով կենտրոնանալ հետազոտական գործունեության վրա: Այսպես, «Apolon» ծրագրի վրա աշխատելիս NASA-ն զբաղվում էր հիմնականում հետազոտություններով, իսկ արտադրական պայմանագրեր էին կնքվում անկախ ընկերությունների հետ:

·  Օպերացիոն մասի մեկուսացում: Սա իր գործունեությունը համարյա վերացնում է վարչական վերահսկողությունը: Օրինակ՝ արտադրության գործընթացների բարձր մեքենայացումը նավթային ընկերությունները մոտեցնում է վարչական ադհոկրատիային: Կազմակերպության վերին օղակում առանձին ղեկավարների փոխարեն գործում են մշտական հանձնաժողովներ:

Երկու տիպի ադհոկրատիաներում գործառնական մասի և վարչական բաղկացուցչի միջև հարաբերություններն էականորեն տարբերվում են: Վարչական ադհոկրատիայում օպերացիոն մասը մեկուսացված է, սակայն որոշակի դեր է խաղում, իսկ գործառնական ադհոկրատիայում այն մեկ միասնություն է կազմում վարչակազմի հետ: Երկու դեպքում էլ ավանդական ուղիղ վերահսկողության անհրաժեշտությունը մեծ չէ: Մենեջերները այլ աշխատակիցների հանդեպ կոլեգաներ են, և ոչ թե վերահսկողներ: Եվ քանի որ ուղիղ վերահսկողության և ֆորմալ լիազորությունների նշանակությունը նվազում է, գծային և ոչ գծային գործառույթների միջև տարբերությունները վերանում են: Անիմաստ է առանձնացնել անհատներին, ովքեր իշխանություն ունեն և հրահանգներ են տալիս նրանց, ովքեր ոչ ֆորմալ իրավունք ունեն՝ արտահայտելու իրենց կարծիքը: Ադհոկրատիայում որոշում ընդունելու իրավունքը կարող է պատկանել ցանկացած իրազեկ աշխատակցի՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:

Այստեղ կարևոր դեր է խաղում օժանդակ անձնակազմը. փաստորեն սա վարչական ադհոկրատիայի հիմնական մասն է, քանի որ այստեղ կենտրոնացված է մասնագետների մեծ մասը, որոնցից կախված է տվյալ կառավարման ձևը: Գործառնական ադհոկրատիան նույնպես հիմնվում է փորձագիտական գիտելիքների վրա, իսկ մասնագետներն աշխատում են և՛ օպերացիոն մասում, և՛ օժանդակ անձնակազմում: Սակայն երկու դեպքում էլ օժանդակ անձնակազմը խստորեն չի առանձնանում կազմակերպության մյուս մասերից, ի տարբերություն բյուրոկրատական այլ կառավարման ձևերի՝ երկրորդական չէ: Ընդհակառակը, գծային մենեջերների հետ մեկտեղ օժանդակ անձնակազմը մտնում է տաղանդավոր մասնագետների խմբի մեջ, որոնք էլ ձևավորում են աշխատանքային միավորումները: Տեխնոկառուցվածքի դերը նվազում է, քանի որ նրա կողմից մշակվող չափանիշները, որոնք նպաստում են համակարգմանը, այնքան էլ մեծ չեն: Վարչական ադհոկրատիան ներգրավում է վերլուծաբանների՝ արտաքին միջավայրի պայմաններին հարմարվելու, օրինակ՝ մարքեթինգային հետազոտությունների և տնտեսական կանխատեսումների համար: Վերլուծաբանները չեն մշակում վերահսկողական միջոցներ աշխատակիցների նկատմամբ, այլ իրականացնում են իրենց գործառույթները գծային մենեջերների և օժանդակ անձնակազմի հետ զուգահեռաբար: Այսպես, վարչական բաղկացուցիչը օժանդակ անձնակազմի մենեջերների և մասնագետների օրգանիկ ամբողջություն է (օպերատիվ ադհոկրատիայում՝ օպերատորներով հանդերձ): Նրանց միջև հարաբերությունները մշտապես փոխվում են, և միասին աշխատում են «ad hoc» ծրագրերի վրա: Գործառնական ադհոկրատիայում դրա մեջ են մտնում միջին օղակի մենեջերները, օժանդակ անձնակազմը, տեխնոկառուցվածքը, օպերացիոն մասը: Վարչական ադհոկրատիան ներառում է թվարկված բոլոր մասերը՝ բացի մեկուսացված օպերացիոն մասից:

Ադհոկրատիայի հիմնական բաղադրիչները

Համակարգման հիմնական ընթացակարգերը՝ փոխադարձ հարմարվողականություն

Կազմակերպության կարևոր մասը՝ օժանդակող անձնակազմ (վարչական ադհոկրատիայում), օժանդակող անձնակազմ և շարքային աշխատողները (գործառնական ադհոկրատիայում)

Կազմակերպական պլանավորման հիմնական չափորոշիչները

·      մասերի միջև փոխադարձ հարաբերություններ

·  միատարր կազմակերպություն (յուրաքանչյուր հատված պետք է հաշվի առնի մյուսի շահերը)

·      հստակ գործունեության ընտրություն

·      աշխատանքային գործունեության հորիզոնական մասնագիտացում

·     պատրաստվածության բարձր մակարդակ

·    խմբերի ձևավորում, որոնք պետք է լավ աշխատեն, բարձր արդյունավետությամբ՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով շուկայական հարաբերությունները

Բնութագրական տարրեր

·       շարժուն և բարդ միջավայր (որոշ դեպքերում՝ բազմատարր)

·       երիտասարդ (հատկապես գործառնական ադհոկրատիայի համար)

· տեխնիկական համակարգի և համակարգչայնացման բարձր մակարդակ (վարչական ադհոկրատիայում)

Պայմանները

Խոսելով այսպիսի կազմակերպությունների պայմանների մասին՝ պետք է նշել, որ միջավայրը խիստ կարևոր նշանակություն ունի ադհոկրատիայի համար: Ադհոկրատիան գոյատևում է բարդ և դինամիկ պայմաններում. դինամիկ միջավայրը պահանջում է օրգանական, իսկ բարդ միջավայրը՝ ապակենտրոնացված միջավայր: Ադհոկրատիան միակն է, որ համապատասխանում է այս երկու պահանջներին էլ:

Լինելով անկանխատեսելի, ինովացիոն գործունեություն՝ ադհոկրատիան պայմանավորված է դինամիկ շրջակայքով: Իսկ այն փաստը, որ նորարարությունը պետք է լինի բարդ, նշանակում է, որ այն դժվար է հասկանալ. այն արտաքին բարդ միջավայր ունի: Մենք հանդիպում ենք ադհոկրատիայի ամենուր, ուր գերիշխում է դինամիկ բարդությունը: Այսպիսի կազմակերպությունները ձգտում են «ընտրել» գործողությունների իրականացման համար առավել նպատակահարմար արտաքին միջավայր: Այս ձգտումն առավել հստակ երևում է գործառնական ադհոկրատիայի օրինակով: Գովազդային գործակալությունները և խորհրդատվական ընկերությունները, որոնք կառուցված են որպես մասնագիտացված բյուրոկրատիաներ, ձգտում են կայուն պայմանների, իսկ ադհոկրատիան նախընտրող կազմակերպությունները՝ դինամիկ պայմանների, երբ հաճախորդների պահանջմունքներն առանձնանում են բարդությամբ և անկանխատեսելիությամբ:

Հետազոտական կազմակերպությունները՝ լաբորատորիաները, բարձր տեխնոլոգիաների ոլորտի կորպորացիաները ևս ձգտում են ադհոկրատիայի, քանի որ նրանց գործունեությունն աչքի է ընկնում խիստ բարդությամբ, անկանխատեսելիությամբ և շատ հաճախ խթանվում է մրցակցությամբ: Անհավասարությունը կազմակերպության արտաքին միջավայրում նրան մղում է տարբերակված աշխատանքային խմբերի ընտրովի ապակենտրոնացման, այլ կերպ ասած՝ վարչական ադհոկրատիայի: Կազմակերպությունը պետք է ստեղծի տարբեր աշխատախմբեր՝ արտաքին միջավայրի տարբեր բնույթի աշխատանքի համար, իսկ այնուհետև միավորել նրանց աշխատանքի արդյունքները: Հավանաբար հենց այսպես են գործում որոշ ընկերություններ: Տարիներ շարունակ նրանք կիրառել են հիմնականում մեկուսի ձևը՝ խմբավորելով իրենց հիմնական ստորաբաժանումներն ըստ տարածքների և ապրանքատեսակների: Սակայն արտաքին միջավայրի փոփոխությունները գրեթե հավասարակշռեցին խմբավորման այս երկու սկզբունքների ընտրության վրա ազդող գործոնները և դրանով շատ բարդացրին այն: Մատրիցային կառուցվածքի ի հայտ գալով՝ այս ընկերությունները կարողացան տրամաբանորեն լուծել այս երկընտրանքը: Նրանց հաջողվեց տարածքային և ապրանքային ստորաբաժանումները հաստատել աստիճանակարգության նույն մակարդակի վրա: Բազմազգ ընկերությունները, որոնք գիտակցում են տարբեր ապրանքանիշների փոխկապվածությունը, բախվելով արտաքին միջավայրի աճող բարդության և դինամիկության հետ, կսկսեն հակվել դեպի զատված ադհոկրատիայի հիբրիդային ձևին: Մեկուսի ադհոկրատիան կարող է նմանատիպ պայմաններում օգտակար լինել նաև ոչ առևտրային կազմակերպություններին: Որոշ կազմակերպություններ ձգտում են դեպի ադհոկրատիա պայմանների դինամիկայի ուժով, որոնք շատ հաճախ ապրանքային փոփոխությունների հետևանք են: Դրա ամենացայտուն օրինակ է միավոր արտադրանք արտադրողը կամ միայն անհատական պատվերներով աշխատող արտադրական ընկերությունը: Քանի որ յուրաքանչյուր պատվեր նոր ծրագիր է, ապա կազմակերպությունը կառուցվում է որպես գործառնական ադհոկրատիա: Այսպիսի կառուցվածքը բնորոշ է նաև Բոստոնում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ոչ մեծ ընկերություններին: Նրանք իրականացնում են ԱՄՆ կառավարության բարդ ծրագրերի մշակման կամ ատոմային էներգիայի և անվտանգության ոլորտի խոշոր հաճախորդների ուղղակի պատվերները: Այս ընկերությունները գործում են դինամիկ արտաքին միջավայրում, իսկ նրանց արտադրանքն ամբողջովին կախված է նախագծող խմբերում աշխատող մասնագետների որակավորումից և աշխատափորձից: Միաժամանակ նրանք խոշոր չեն և ձեռնարկատերերի սեփականության կազմում են: Այսպես առաջանում է ձեռնարկատիրական ադհոկրատիան, որը միջանկյալ կառույց է գործառնական ադհոկրատիայի և պարզ կառուցվածքի միջև: Միավոր արտադրանքի թողարկման ևս մեկ օրինակ է թերթերի կամ ամսագրերի հրատարակումը: Հրատարակչական առումով յուրաքանչյուր թողարկում նման չէ մյուսին: Բացի այդ, թերթերի և ամսագրերի արտաքին միջավայրն առանձնանում է բարձր դինամիկությամբ և միաժամանակ խիստ բարդությամբ: Այսպիսի արտադրանքը ենթադրում է ադհոկրատիայի առկայություն:

Սպառողական ապրանքների որոշ արտադրողներ շուկայում գործում են այնպիսի բուռն մրցակցությամբ, որ ստիպված են անընդհատ փոփոխել ապրանքատեսականին: Եվ կրկին դինամիկ պայմանները և բարդությունը հանգեցնում են կառուցվածքի ադհոկրատիկ ձևին: Մրցակցային ադհոկրատիայի վառ օրինակ է ձայնագրող ընկերությունը: Նրանց թողարկած արտադրանքը առանձնանում է կյանքի կարճատևությամբ: Մրցակցային ադհոկրատիայի օրինակ են նաև դեղագործական, պլաստմասե և կոսմետիկայի իրերի արտադրանքով զբաղվող ընկերությունները: Հավանաբար կազմակերպման այս ձևին հանգեցնում է մրցակցությունը: Նպատակային և մարքեթինգային մրցակցությունը հեշտ է հասկանալ և վերահսկել, այդ իսկ պատճառով այդ խնդրից հեշտորեն գլուխ է հանում պարզ կառուցվածքը կամ մեխանիկական բյուրոկրատիան: Մյուս կողմից, ապրանքային մրցակցությունը պահանջում է ավելի լուրջ նորարարություններ և ավելի բարդ լուծումներ, որտեղ նախընտրելի է դառնում վարչական ադհոկրատիան:

Ադհոկրատիայի համար կարևոր են նաև արտաքին միջավայրի հետ կապ չունեցող որոշ պայմաններ: Դրանցից մեկը տարիքն է, ավելի ճիշտ՝ կազմակերպության երիտասարդ լինելը, քանի որ ադհոկրատիան աչքի չի ընկնում կայունությամբ: Պահպանել ցանկացած կառուցվածքի վիճակը երկար ժամանակ բավականին դժվար է այսպիսի կազմակերպությունների համար: Ժամանակի հետ ադհոկրատիան շարժող ուժերը բյուրոկրատանում են: Մյուս կողմից՝ երիտասարդ կազմակերպությունները նախընտրում են օրգանական կառուցվածքներ, քանի որ նախարարության նկատմամբ ձգտումը նրանց մեջ առաջացնում է զարգացման սեփական ուղիներ փնտրելու ցանկություն: Ուստի կարելի է եզրակացնել, որ ադհոկրատիան սովորաբար նույնացվում է երիտասարդության, ինչպես նաև կազմակերպչական կառուցվածքի զարգացման վաղ փուլի հետ:

Որոշ դեպքերում ադհոկրատիայի կարևորագույն պայմաններից է տեխնիկական համակարգը: Չնայած գործառնական ադհոկրատիան ձգտում է պարզ, չկառավարվող տեխնիկական համակարգերի, սակայն վարչական ադհոկրատիան վերջինիս լրիվ հակապատկերն է: Շատ կազմակերպություններ կիրառում են վարչական ադհոկրատիան այն պատճառով, քանի որ դրանք օժտված են բարդ, հնարավոր է նաև ավտոմատացված տեխնիկական համակարգերով: Բարդ տեխնիկական համակարգը պահանջում է, որ կազմակերպությունը տեխնիկական համակարգի սպասարկման համար ունենա զարգացած, բարձր որակավորված օժանդակ աշխատակազմ, ինչպես նաև այդ աշխատողներին ընձեռվեն տեխնիկական որոշումներ ընդունելու իրավասություններ: Օժանդակ աշխատակազմն էլ պետք է իր գործունեության համակարգման համար կիրառի փոխգործակցության գործիքներ: Այս ամենի շնորհիվ օժանդակ ախատակազմի անդամները դառնում են կազմակերպության ազդեցիկ անդամներ: Կազմակերպությունն իր կառուցվածքով նմամվում է վարչական ադհոկրատիայի:

Իշխանությունը ինքնին ադհոկրատիայի հիմնական պայման չէ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օժանդակ անձնակազմը վերահսկում է տեխնիկական որոշումները: Սակայն նորաձևությունը միանշանակ համարվում է ադհոկրատիայի հիմնական պայմաներից մեկը: Այսօր շատ ընդունված են ադհոկրատիայի բոլոր բնութագրիչները՝ իրազեկվածություն, օրգանական կառուցվածք, նախագծային խմբեր, մասնագիտացված խմբեր, ապակենտրոնացում, մատրիցային կառուցվածք, բարդ և ավտոմատացված տեխնիկական համակարգեր, երիտասարդություն, բարդ և դինամիկ շրջապատ:

Եթե պարզ կառուցվածքը կամ մեխանիկական բյուրոկրատիան հնացած է, մեխանիկական և պրոֆեսիոնալ բյուրոկրատիաները՝ ներկայիս կազմակերպությունների կառավարման արդիական ձևերը, ապա ադհոկրատիան ապագայի կառավարման ձև է: Այն համահունչ է հասարակությանը, որի անդամների կրթության և որակավորման մակարդակները շարունակ աճում են, բացի այդ՝ մարդիկ անընդհատ ստանում են «համակարգային» մոտեցումների յուրացման ազդակներ: Ադհոկրատիան համապատասխանում է այն միջավայրին, որն աստիճանաբար բարդանում է և համառորեն պահանջում է նորարարություններ: Սակայն, չնայած այս ամենին, պետք է նշել, որ ադհոկրատիան ոչ բոլոր կազմակերպություններին է հարմար: Այսպիսով կարող ենք ասել, որ ադհոկրատիային հատուկ է մի շարք պայմանների առկայությունը՝ մասնավորապես շրջակա միջավայրը, տարիքը, տեխնիկական համակարգերը, նորաձևությունը: Եվ տարբեր կազմակերպություններ, ելնելով վերը նշված պայմաններից և սեփական նախապատվություններից, հակվում են դեպի կառավարման ադհոկրատիկ ձևը:

Խնդիրները

Կազմակերպության կառավարման այս նորագույն ձևին վերաբերող խնդիրները հանգամանորեն ուսումնասիրված չեն: Պարզ կառուցվածքը գոյություն ունի այնքան երկար ժամանակ, որ մեզ շատ լավ հայտնի են նրա բոլոր առավելություններն ու թերությունները: Մեխանիկական բյուրոկրատիայի խնդիրները մասնագիտական գրականության մեջ հանգամանորեն վերլուծված են: Մեծ ուշադրություն է դարձվել նաև պրոֆեսիոնալ բյուրոկրատիային, իսկ ավելի ուշ՝ նաև ստորաբաժանմունքային կառավարման ձևին: Սակայն, ի տարբերություն վերջիններիս, ադհոկրատիան նոր երևույթ է: Ադհոկրատիայի թերություններն ու առավելությունները առավել խորությամբ հասկանալու համար անհրաժեշտ է ժամանակ: Այս ամենով հանդերձ՝ ադհոկրատիայի որոշ խնդիրներ այսօր էլ ակնհայտ են՝ մասնավորապես ադհոկրատիային բնորոշ անորոշությունն ու այդ համակարգում աշխատող մարդկանց արձագանքը նրա անարդյունավետությանը:

Մարդկանց արձագանքն անորոշության նկատմամբ

Շատ մարդկանց, հատկապես արվեստի բնագավառի գործիչներին, տհաճ է այնտեղ առկա կոշտությունը: Այդ իսկ պատճառով, նրանց համապատասխանում է միայն օրգանական և ապակենտրոնացված ադհոկրատիան: Նրանց կարծիքով, այն աշխատանքի հիանալի վայր է: Փաստորեն, ադհոկրատիան ընտրության միակ հնարավորությունն է նրանց համար, ովքեր վստահ են, որ ինչքան շատ է ժողովրդավարությունը, և քիչ բյուրոկրատիան, այնքան ավելի լավ: Սակայն ոչ բոլոր կառուցվածքները կարող են լինել ադհոկրատիա: Կազմակերպությունում պետք է ստեղծվեն վերջինիս համար անհրաժեշտ պայմաններ: Այսպես օրինակ՝ ադհոկրատիայի հիմնում պարզ, կայուն արտաքին միջավայրում անբնական է, այդ իսկ պատճառով չի խրախուսվում կազմակերպության շահագրգռված անդամների կողմից: Բացի այդ, մարդկանցից շատերը ունեն սեփական պատկերացումները իդեալական կազմակերպության վերաբերյալ: Նրանցից ոմանք նախընտրում են մեխանիկական բյուրոկրատիան, կայունությունը, հստակ կանոնակարգված փոխհարաբերությունները: Երբեմն նույնիսկ ադհոկրատիան նախընտրող մարդկանց ևս զարմացնում է նրա մշտական փոփոխականությունը, այնտեղ տիրող խառնաշփոթն ու անորոշությունը: Այսպիսի դեպքերում բոլոր կառավարիչները երբեմն, իսկ ոմանք մշտապես հստակության ու խստության կարոտ են: Անորոշության և փոխկախվածության համադրումը ադհոկրատիան դարձնում է կազմակերպության կառուցվածքային ձևերից «ամենաքաղաքականացվածը»: Կառուցվածներից և ոչ մեկն այնքան չի համապատասխանում Դարվինի տեսությանը, որքան ադհոկրատիան, այն առողջների հարազատ մայրն է այնքան ժամանակ, քանի դեռ նրանք առողջ են, և խորթ մայր է թույլերի համար: Փոփոխական կառուցվածքները շատ հաճախ մրցակցող են և երբեմն նաև՝ դաժան քաղաքական ուժերի համար բարեբեր հող ստեղծող: Հակամարտություններն առաջացնում են քաղաքական խաղեր նաև մյուս կառուցվածքներում, որոնք դուրս չեն գալիս հստակ սահմանված խաղի կանոնների շրջանակներից: Բոլոր բյուրոկրատական կառուցվածքներում հակամարտության և քաղաքականության առարկաները հասկանալի են. գծային իշխանությունը՝ ի հակադրություն մասնագետների իրավասությունների, մասնագետները՝ ընդդեմ ոչ մասնագետների, աշխատակիցների հակադրությունը՝ ամբողջատիրական վերահսկողության մտածելակերպին: Այլ բան է ադհոկրատիան, որտեղ տարբեր մասնագիտությունների տեր անձինք պետք է աշխատեն միասին բազմաբովանդակ խմբերում, և որտեղ կառուցվածքի օրգանական բնույթից ելնելով՝ քաղաքական խաղերի կանոնները գրեթե կարգավորված չեն: Ադհոկրատիան պահանջում է, որ մասնագետը խմբի պահանջմունքները բարձր դասի իր անձնական շահերից և մասնագիտական ստանդարտներից, չնայած այն հանգամանքին, որ նա, ինչպես նաև իր գործընկերները, մնում է պոտենցիալ անհատապաշտ: Օրինակ՝ մեխանիկական բյուրոկրատիայում կառավարումը պետք է մեծ ուշադրություն դարձնի հակասությունների զսպմանը: Սակայն ադհոկրատիայում դա անել հարկավոր չէ: Անգամ եթե հնարավոր է, այդպիսի փորձերը միայն «խեղդում են» ստեղծագործ միտքը: Հակասություններն ու ագրեսիվությունը ադհոկրատիայի անհրաժեշտ տարրեր են: Իսկ կառավարման խնդիրն է դրանք ուղղորդել կառուցողական ուղղությամբ:

Արդյունավետության խնդիրներ

Կազմակերպության կառուցվածքներից և ոչ մեկը չի կարող գտնել բարդ կառուցվածքային խնդիրների լուծումներն այնպես, ինչպես դա կարող է անել ադհոկրատիան: Եվ նրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել ադհոկրատիայի հետ նուրբ նորամուծություններում և նաև դրանց արժևորման հարցում: Նրա գործառութային միջոցը խիստ անարդյունավետ է: Իդեալականորեն համապատասխանելով եզակի նախագծեր ստեղծելուն՝ ադհոկրատիան չի կարողանում անել հասարակ բաներ. նրա կոչումը բացառիկությունն է: Բոլոր բյուրոկրատիաները զանգվածային արտադրություններ են. նրանք հասնում են արդյունավետության՝ շնորհիվ ստանդարտացման: Ադհոկրատիան մասնագիտանում է անհատական պատվերների վրա և ունակ չէ ո՛չ ստանդարտացման և հետևաբար ո՛չ էլ արդյունավետ արտադրության: Անարդյունավետության իրական պատճառը հաղորդակցության բարձր արժեքն է: Նորարարական կառուցվածքներում ընդունված է շատ խոսել, այս է այստեղ փորձի փոխանակման և միաժամանակ նոր գաղափարների առաջացման եղանակը: Սակայն, խոսակցությունների վրա ծախսվում է բավականին ժամանակ: Ադհոկրատիայում որոշումների ընդունման գործընթացին անմիջական մասնակցություն են ունենում բոլոր աշխատակիցները: Հրավիրվում է ժողով, որտեղ որոշվում է, թե ով պետք է ընդունի որոշում: Դրանից հետո նրանք, որոնց վստահվել է որոշում ընդունելու պատասխանատվությունը, սկսում են դրա ընդունման գործընթացը: Խնդիրը ձևակերպվում և վերաձևակերպվում է, քննարկվում են նոր գաղափարներ, ձևավորվում են այս կամ այն որոշման կողմնակիցների դաշինքներ այնքան ժամանակ, քանի դեռ դա չի դառնում ընդհանուրի համաձայնության երաշխիք: Վերջնական որոշումը, անգամ դրա տեսլականը, մեծ հաջողություն է համարվում (որպես կանոն լինում է ուշացած) և պահանջում է հատուկ մշակում: Որոշման փնտրտուքների մեծ ծախսերը մասամբ հատուցվում են դրա իրագործման շնորհիվ: Ընտրության գործընթացին լայն մասնակցությունը երաշխավորում է արդեն ընդունված որոշման բոլորի կողմից հավանության արժանանալը: Ադհոկրատիայի անարդյունավետության մեկ այլ պատճառ է աշխատանքային ծանրաբեռնվածության ոչ համամասնականությունը:

Անհիմն փոխակերպումների վտանգ

Իհարկե, անարդյունավետության և անորոշության խնդրի լուծումներից մեկն էլ կառուցվածքի փոփոխությունն է: Աշխատակիցները, որոնք այլևս ի զորու չեն հանդուրժելու անորոշությունը, անարդյունավետությունից հոգնած, կարող են փորձել կառուցվածքին հաղորդել ավելի կայուն բյուրոկրատական ձև: Գործառնական բյուրոկրատիայում դա անելը բավականին հեշտ է: Կազմակերպությունն ուղղակի ստանդարտացնում է իր լավագույն ծրագրերը և սկսում է մասնագիտանալ դրանցում՝ աստիճանաբար վերածվելով մասնագիտացված բյուրոկրատիայի: Կամ էլ վերջին անգամ ներմուծում է ինչ-որ նորարարություն, նրա օգնությամբ շուկայում գտնում է շահավետ ոլորտ և սկսում է զանգվածային արտադրությունը՝ վերածվելով մեխանիկական բյուրոկրատիայի: Սակայն եթե անգամ փոխակերպումները հեշտորեն են տեղի ունենում, միշտ չէ, որ նպատակահարմար են: Կազմակերպության նախնական առաքելությունն առաջացող խնդիրներին ստեղծագործական մոտեցումն է, այլ ոչ թե ստանդարտների անմիտ կիրառումը: Ոլորտների մեծ մասում գործառում են ավելի շատ զանգվածային արտադրություններ, քան դրանք անհրաժեշտ են հասարակությանը: Իսկ գուշակել, թե ինչի կարիք իրականում ունի հասարակությունը, խնդիրների լուծման իսկական վարպետներին է հասու: Առաջ են գալիս մի շարք հարցեր. անհրաժե՞շտ են արդյոք նորարարական հետազոտական լաբորատորիաները այն դեպքում, երբ պահանջվում են լուրջ բեկումներ: Անհրաժե՞շտ են արդյոք խորհրդատվական ընտրությունները, որոնք կարողանում են առաջարկել միայն ստանդարտ լուծումներ այն հաճախորդներին, որոնք հանդիպել են յուրահատուկ խնդիրների: Անհրաժե՞շտ են արդյոք բժշկական կամ կրթական հաստատությունները, որոնք նոր խնդիրները դիտարկում են հնացած տեսությունների պրիզմայով: Այն դեպքերում, եր պայմանները պահանջում են ադհոկրատիայի ստեղծագործ մոտեցումներ, բյուրոկրատիայի ստանդարտ արդյունքները «կիրառման համար պիտանի չեն»:

Դիտարկենք հեռուստատեսության խնդիրները: Չնայած ստեղծագործական մոտեցումների անհրաժեշտությանը՝ հեռուստաընկերություններում ձգտումը բյուրոկրատիային իսկապես անհաղթահարելի է. արտադրանքը պետք է թողարկել սահմանված կարգով՝ ժամ առ ժամ, օր առ օր, առանց որևէ խափանման: Առաջին հայացքից թվում է, թե հեռուստատեսությունը հակված է դեպի պրոֆեսիոնալ բյուրոկրատիայի կառուցվածքին, սակայն նախկին աշխատակիցների մեկնաբանությունները վկայում են այդտեղ մեխանիկական բյուրոկրատիայի տարրերի առկայության մասին: Արդյունքում առկա է այն, ինչը սպասելի էր այդպիսի կառուցվածքից՝ կարծրատիպային ծրագրեր, ծեծված հումոր, որն ուղեկցվում է ձայնագրված ծիծաղով և ծափահարություններով, հեռուստասերիալներ, ամեն տարի նույն օրը կամ նույն առիթով ցուցադրվում են նույն հին կինոնկարները և այլն: Երկու վառ կետ կա հեռուստատեսությունում՝ նորությունները և հատուկ ծրագրերը: Նորությունների և թերթերի խմբագրությունները բախվում են իրապես դինամիկ արտաքին միջավայրի: Ոչ մի օր մյուսին նման չէ, այդ իսկ պատճառով նորությունները ևս տարբեր են: Իսկ հատուկ ծրագրերն իսկապես ժամանակավոր են, և տվյալ դեպքում դրանք հեռուստաընկերության գիտակցված ընտրությունն են, այդ իսկ պատճառով դրանց արտադրության պայման է դառնում ադհոկրատիային բնորոշ ստեղծագործ մոտեցումը: Սակայն մնացած բոլոր պարագաներում կանոնակարգի ճնշումը չեզոքացնում է ստեղծարար միտքը, ինչի տրամաբանական հետևանքն էլ դառնում է ստանդարտացումը: Այլ կազմակերպություններ ևս հայտնվում են նույնանման երկակի ճնշման ներքո՝ արտադրել պլանավորված կարգով, սակայն ստեղծագործաբար: Համալսարանները և բժշկական հաստատությունները, օրինակ, պետք է ոչ միայն սպասարկեն սովորական հաճախորդներին, այլև իրականացնեն ստեղծագործ հետազոտություններ: Որպեսզի սահմանազատեն հետազոտական և կրթական գործառույթները, որոշ համալսարաններում ստեղծվում են գիտական կենտրոններ, որտեղ բացահայտվում է դասախոսների գիտական ներուժը, որոնք ունեն հակում հետազոտությունների նկատմամբ, սակայն այնքան էլ լավ մանկավարժներ չեն: Այսպիսի տարբերակման բացակայության դեպքում հաստատությունը այդ երկու ստորաբաժանումներում էլ կորուստներ կրելու վտանգի առաջ է կանգնում: Եթե վարչական ադհոկրատիան հակված է դեպի բյուրոկրատիան, ապա այն անպայմանորեն կբախվի մի խումբ խնդիրների: Նրա նպատակը նորարարությունն է հանուն սեփական շահերի, սակայն բարդ նորարարական գործունեության, ինչպես նաև դինամիզմի և բարդության պայմանները կարող են հակասել այլ ընկերությունների շահերին: Ի տարբերություն գործառնական ադհոկրատիայի՝ վարչական ադհոկրատիան ի զորու չէ գտնելու նոր հաճախորդներ և շարունակում է մնալ արտադրության նույն ճյուղի շրջանակներում: Այդ իսկ պատճառով նրա փոխակերպումը մեխանիկական բյուրոկրատիայի, խափանելով նորարարության կարողությունները, ի վերջո կառուցվածքն ամբողջությամբ կործանում է:

Վերլուծելով հանրային կազմակերպությունների մի մասի կառավարման ընդհանուր դասակարգումը, դրանց կառուցվածքային առանձնահատկությունները, միջավայրային պայմանները, նրանց բնորոշ խնդիրները, արդյունավետության մակարդակը՝ կարելի է հանգել հետևյալ եզրակացության. իհարկե, բոլոր դեպքերում չենք կարող բացարձակորեն առավելությունը տալ կառավարման ձևերից որևէ մեկին: Դրանցից յուրաքանչյուրը տարբեր ժամանակահատվածում բավարարել է հասարակության շահեր՝ խթանելով հասարակության, տնտեսության, արտադրության զարգացումը և այլն: Ընդհանուր առմամբ, կոնկրետ կառավարման ձևի արդյունավետությունը առավել լավ պատկերացնելու և գնահատելու համար նախ և առաջ պետք է հաշվի առնել տվյալ կազմակերպության գործունեության ոոլորտը, նպատակները, որոշել, թե որ կառավարման ձևն առավել արդյունավետ կարող է լինել: Բացի այդ, կազմակերպության այս կամ այն կառուցվածքի որդեգրումը չի նշանակում մյուսներից հրաժարում կամ մերժում: Անհրաժեշտ է բոլոր դեպքերում սինթեզել յուրաքանչյուր կառավարման լավագույն կողմերը, հատկանիշները՝ ստեղծելով կազմակերպությունների հիբրիդային ձևեր: Կազմակերպությունների մեծ մասն առաջնորդվում է հենց այդ սկզբունքով, որը բավականին արդյունավետ է ժամանակակից հասարակությունում:

Նյութի աղբյուրը՝ Էդգար Քալանթարյան- «Հանրային կազմակերպությունների տեսություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...