2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում
հնչեցին ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին կրակոցները: Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական
վարկածի՝ կիրակի գիշերը հայկական զորքերը շփման գծի ամբողջ երկայնքով իբր կրակ են բացել,
ինչի հետևանքով 14 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ադրբեջանական բանակն անմիջապես սկսել
է հակաահաբեկչական գործողություն՝ դադարեցնելու գնդակոծությունը:
«Երկաթե բռունցք» անվանումը ստացած գործողությունն իրականացվում
էր աշխարհագրորեն միաժամանակ մի քանի ցրված ուղղություններում: Մեքենայացված խմբավորումներին
աջակցում էին հրետանին և անօդաչու թռչող սարքերը: Հարձակումը նման չէր երկրի ղեկավարության
իմպրովիզացիայի կամ հանկարծակի զգացմունքային որոշման. 2020 թվականին Ադրբեջանը և Թուրքիան
երեք համատեղ զորավարժություն էին անցկացրել (վերջինը՝ հուլիս-օգոստոսին), երկու անգամ
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը ստուգել էր ադրբեջանական զորքի մարտունակությունը,
իսկ սեպտեմբերի 22-ին մասնավոր սեփականատերերից սկսել էին բացահայտ առգրավել ամենագնաց
ավտոմեքենաները: Արդյունքում՝ որևէ ապացույց, որ հարձակումը նախաձեռնել են հայկական
կողմը կամ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժերը, այդպես էլ չներկայացվեց:
Պատերազմի առաջին իսկ ժամերին ադրբեջանական զինուժը հաջող
գործողություն իրականացրեց հակառակորդի առաջնագծի ՀՕՊ միջոցների ճնշման ուղղությամբ:
Խիստ հնացած Оса-Ак զենիթահրթիռային համալիրները և հակաօդային պաշտպանության մարտական
այլ համակարգերն անօգնական էին նոր սպառնալիքի՝ հարվածային և հետախուզական անօդաչու
թռչող սարքերի զանգվածային կիրառման դեմ, որոնք գործում էին թևածող զինամթերքի և համազարկային
կրակի հեռահար հրթիռային համակարգերի հետ փոխկապված:
Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել
Բաբայանի խոսքով՝ պատերազմի առաջին իսկ րոպեներին ԼՂՀ Պաշտպանության բանակը կորցրել
է իր ՀՕՊ միջոցների կեսը (ըստ Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության
կենտրոնի՝ 60 տոկոսը) և հրետանու նյութական մասի 40 տոկոսը: Ինքը՝ Ադրբեջանը, հրապարակեց
անօդաչուներից մի քանի Оса զենիթահրթիռային համակարգերի ոչնչացման կադրեր: ԼՂՀ հակաօդային
պաշտպանության՝ նախկինում հետախուզված դիրքերի և ռազմական այլ օբյեկտների մի մասը հրետանային
պատրաստության ժամանակ խոցվեց հեռահար հրետանիով և հրթիռային կայաններից:
Պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ի առավոտյան, մարտական
թռիչքի ժամանակ անհետացավ հայկական ռազմաօդային ուժերի Су-25-ը, զոհվեց օդաչուն՝ մայոր
Վալերի Դանելինը (ամենայն հավանականությամբ, օդանավը բախվել է լեռան լանջին՝ չափազանց
ցածր բարձրության վրա թռչելիս):
Ի տարբերություն օդաչուավոր ավիացիայի՝ ղարաբաղյան երկրորդ
պատերազմի իրական աստղերն իսրայելական Harop թևածող զինամթերքը և թուրքական հետախուզական
ու հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներն էին: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն ուներ մինչև
120 ԱԹՍ և ավելի քան 400 թևածող զինամթերք: ԼՂՀ ՀՕՊ-ում փոքր չափերի ցածր արագությամբ
թիրախների դեմ պայքարի արդյունավետ միջոցների բացակայության պայմաններում անօդաչու
թռչող սարքերը օդում գերիշխող ուժ էին և ամենակարևոր գործիքը ոչ միայն հետախուզության
և կրակի ճշգրտման, այլև ուղղակիորեն հայկական զինտեխնիկայի ոչնչացման համար: Դրանց
գործողությունների արդյունքում խոցված ու հաստատված ավելի շատ թիրախներ կան, քան հրետանու
կրակից կամ ցամաքային զորքերի անմիջական մարտական գործողություններից:
Պատերազմի անակնկալներից էր հենց առաջին օրերից Ադրբեջանի
կողմից Ан-2 օդանավերի օգտագործումը: Ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ ՀՕՊ
համակարգերը խոցեցին շատ բնորոշ սպիտակ ներկով պատված, հին սերնդի մինչև 10 միավոր
բիպլան: Դրանց բեկորների մեջ որևէ անգամ օդաչու չհայտնաբերվեց: Դրանցից մեկում ավիառումբեր
հայտնաբերվեցին: Վարկածներից մեկի համաձայն՝ Ан-2-ներն օգտագործվել են որպես հեռակառավարվող
խոշոր անօդաչու կամիկաձեներ: Այլ վարկածի համաձայն՝ դրանք օդ են բարձրացել օդաչուներով,
որոնք ինքնաթիռի թռիչքը ուղղորդել են դեպի ԼՂՀ տարածք, այնուհետև պարաշյուտով իջել:
Այդ ընթացքում ավելի արդիական ԱԹՍ-ները հետևել են դրանց խոցմանը, բացահայտել ԼՂՀ ՀՕՊ
դիրքերը, ապա հարվածներ հասցրել դրանց:
Հարվածների ուղղությունները
Գործողության սկզբնական փուլում Ադրբեջանը մարտի էր նետել
գրեթե այն ամենը, ինչ ձեռքի տակ ուներ: Ճակատի տարբեր հատվածներում առաջին իսկ օրերին
նկատվել են ժամանակակից T-90 տանկեր՝ БМП-3 հետևակի մարտական մեքենաների և БТР-82 զրահափոխադրիչների
ուղեկցությամբ, ավելի հին T-72 տանկեր, այդ թվում՝ առանց ռեակտիվ զրահների՝ հնացած
БМП-1 հետևակի մարտական մեքենաների հետ:
Հենց սկզբից որոշակի էին ադրբեջանական բանակի հարձակման երկու
հիմնական և երկու օժանդակ ուղղությունները: Լեռնային Ղարաբաղի կենտրոնական, առավել
ամրացված շրջաններին և մայրաքաղաք Ստեփանակերտին ճակատային հարվածներ չհասցվեցին (պատերազմից
հետո Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների ստացումը հաստատում է նման որոշման
ճշմարտացիությունը), թեև հայկական պաշտպանական դիրքերի ամրությունը փորձարկվում էր
բավական ակտիվ:
Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածում առաջին բանակային
կորպուսի գրոհը սկսվեց կիրճի երկայնքով դեպի Թալիշ գյուղ և շրջկենտրոն Մարտակերտ: Բայց
լեռնային տեղանքում այն լուրջ հաջողություններով չպսակվեց: ԼՂՀ պաշտպանական գիծը ճեղքելու
փորձի ժամանակ ադրբեջանական զորքը կորցրեց մի քանի միավոր հետևակի մարտական մեքենա,
զրահափոխադրիչներ և տանկեր:
Առանցքային և ամենահեռանկարային ուղղությունը հարավայինն
էր: Այստեղ ադրբեջանական երկրորդ բանակային կորպուսը պետք է ճեղքեր պաշտպանական գիծը
Հորադիզի միջանցքում՝ 4-5 կմ լայնությամբ պտղաբեր հովտի նեղ, գրեթե հարթ տարածքում,
որն ընկած է Իրանի սահմանային Արաքս գետի և ԼՂՀ նախալեռների միջև:
ԼՂՀ այս լավ ամրացված պաշտպանական շրջանի ճեղքումը հնարավորություն
տվեց առաջ շարժվել գետի երկայնքով՝ Գեյանի տափաստանով: Ռազմաճակատի միայն այս հատվածն
էր հնարավորություն տալիս արդյունավետ գործածել զրահատեխնիկան: Ուստի, երկրի ներքին
շրջաններից այստեղ կուտակեցին չորրորդ բանակային կորպուսի (շտաբը՝ Բաքվում) լավագույն
ծանր ստորաբաժանումները՝ հագեցած T-90 տանկերով, БМП-3-ներով, БТР-82-ներով և MRAP
(Matador, Marauder) դասի ժամանակակից անվավոր զրահամեքենաներով:
Զուգահեռաբար՝ հարավում օժանդակ հարված հասցվեց Ֆիզուլի քաղաքին:
Դրա գրավումը կարող էր բացել ճանապարհը դեպի ԼՂՀ կենտրոնական շրջանների խորքը՝ լեռնային
տարածքով հարձակման համար:
Հենց հարավի գործողություններում օգտագործվեցին սիրիացի վարձկանների
հիմնական ուժերը, որոնց ադրբեջանական հրամանատարությունը ներգրավեց հարձակման առաջին
գծում որպես թնդանոթի միս: Բացի անօդաչուներից, այստեղ ոչ մեծ քանակությամբ կիրառվեցին
նաև ադրբեջանական հարվածային օդանավեր: Су-25 օդանավերը լազերային և չկառավարվող ռումբերով
գրոհում էին Ջեբրայիլ և Ֆիզուլի քաղաքների տարածքում գտնվող թիրախների վրա:
Հոկտեմբերի 4-ին Ջեբրայիլի մոտ թռիչքի ժամանակ հայկական շարժական
զենիթահրթիռային համալիրը խոցեց Су-25 գրոհիչ օդանավերից մեկը, զոհվեց գնդապետ Զաուր
Նուդիրալիևը: Կորուստը Բաքվին ստիպեց երկու շաբաթով կրճատել օդաչուավոր ավիացիայի կիրառումը
մարտերում, ինչն էլ ավելի մեծացրեց անօդաչուների դերը:
Եվս մեկ օժանդակ ուղղություն էր հյուսիսայինը: Այնտեղ ադրբեջանական հրամանատարությունը հատուկ ջոկատայինների և երրորդ կորպուսի ստորաբաժանումների օգնությամբ փորձեց գրավել Մռավի լեռնաշղթայի բարձրադիր դիրքերը: Հաջողության դեպքում կկտրվեր Վարդենիս-Սոթք-Ստեփանակերտ ճանապարհը՝ Հայաստանը և ԼՂՀ-ն կապող երկու ավտոմայրուղիներից մեկը: Սակայն լեռնաշղթայի և լեռնանցքների համար մղվող մարտերն այդպես էլ մնացին դանդաղընթաց և մինչև պատերազմի ավարտը չպսակվեցին ադրբեջանական զորքերի առաջխաղացմամբ: Այդուհանդերձ, գնդակոծության պատճառով քաղաքացիական երթևեկությունը մայրուղով մի քանի անգամ արգելափակվեց: Ըստ որոշ տեղեկությունների՝ այստեղ՝ բուսածածկույթով լի սարերում հետևակի դարանակալման պատճառով Ադրբեջանի հարձակման փորձերն արժեցել են մի քանի հարյուր վիրավոր ու զոհ:
Ռազմաճակատի ճեղքում
Մարտերի առաջին օրերին ԼՂՀ պաշտպանությունը հնարավոր եղավ
նեղել միայն ռազմաճակատի հարավային հատվածում՝ Հորադիզի միջանցքի շրջանում: Սակայն
այնտեղ ևս Ադրբեջանն արագ հաջողության չկարողացավ հասնել՝ ականապատ դաշտերով անցումներ
իրականացնելու անհրաժեշտության պատճառով: Չնայած կային տանկերին ամրացված ականազերծող
տրալներ և ականազերծման հեռահար համակարգեր, համընթաց հարձակում իրականացնել չհաջողվեց:
Տեմպը կորցրած գրոհային խմբերը պաշտպանական գծի ամրություններից ենթարկվում էին հակատանկային
հրթիռային համալիրների կրակին, իսկ թիկունքից՝ հայկական հրետանու հարվածներին: Հարավում
հայկական ուժերն անգամ կարողացան երկու T-90 տանկ առգրավել:
Այլ ուղղություններում արդյունքներն ավելի վատ էին: Այսպես,
միայն Մատաղիս գյուղի շրջանում Ադրբեջանը կորցրեց մոտ 15 միավոր զրահատեխնիկա: Ամբողջ
ճակատի երկայնքով ընդհանուր կորուստներն ավելի մեծ էին:
Իրավիճակը սկսեց փոխվել մարտերի հինգերորդ կամ վեցերորդ օրը,
իր ազդեցությունը թողեց ԼՂՀ ՀՕՊ-ին և հրետանուն ադրբեջանական հարվածների շարանը, բայց
ամենակարևորը հետևակի ստորաբաժանումների կառավարման որակի միանգամից և համատարած բարձրացումն
էր: Դրանց գործողությունների և համաձայնեցվածության արագությունը և սկզբից ևեթ թուրք
խորհրդատուների ու հրահանգիչների փաստացի հրամանատարության տակ գտնվող ադրբեջանական
ավիացիայի հետ կապը հաստատում են, որ զորքերի ցամաքային ղեկավարումը ևս փոխանցվել էր
թուրքերի անմիջական հրամանատարությանը: Արդյունքը չուշացավ:
Հոկտեմբերի 2-3-ին Ադրբեջանին հաջողվեց գրավել Թալիշն ու
Մատաղիսը և մի քանի կիլոմետր առաջ շարժվել հյուսիսարևելյան ուղղությամբ (չնայած դրանից
հետո ճակատն այնտեղ կայունացավ մինչև պատերազմի ավարտը):
Ադրբեջանի ապագա հաղթանակի հիմնական նախանշանները տանկամատչելի
հարավային հատվածում առաջին սահմանափակ հաջողություններն էին: Հայկական ուժերին այդպես
էլ չհաջողվեց վերականգնել այնտեղ կորցրած դիրքերը, այդ թվում՝ օդում հակառակորդի օդաչուավոր
և անօդաչու ավիացիայի գերակայության պատճառով, ինչը խոչընդոտում էր զորքի տեղափոխումն
ու կենտրոնացումը:
Հոկտեմբերի 3-4-ին Ադրբեջանին հաջողվեց ճնշել հակառակորդի
պաշտպանությունը Հորադիզի միջանցքում և գրավել Բույուկ Մարջանլի գյուղը: Արաքսի երկայնքով
գրոհը դառնում էր անհամեմատ ավելի հեշտ լուծելի խնդիր. պաշտպանական դիրքեր զբաղեցրած
զորքեր այլևս չկային: Մի քանի կիլոմետր լայնությամբ ամրացված շրջանի փոխարեն ԼՂՀ խմբավորումն
այժմ արդեն ուներ տասնյակ կիլոմետր երկարությամբ մերկացած թև, որը շատ ավելի դժվար
էր պահել:
ԼՂՀ ՊԲ-ն փորձեց հավաքել տանկերի և հետևակի մարտական մեքենաների
խոշոր զրահախումբ և երկու բրիգադների ուժերով հակահարձակման անցնել հարավային ուղղությամբ:
Նրանք պետք է Արաքսի հովտում Ադրբեջանի հարձակվող խմբավորմանը կտրեին թիկունքից: Բայց
հայկական կողմի վերջին լուրջ հակահարվածը խափանվեց դեռ չսկսված՝ օդում հակառակորդի
գերակայության և իրավիճակին շատ ավելի լավ տիրապետելու արդյունքում: Հոկտեմբերի 8-ի
ցերեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցուցադրեց համազարկային կրակի ռեակտիվ
համակարգերի կիրառմամբ հայկական զորքերի զրահատեխնիկայի շարասյան ստույգ ջախջախման
տեսանյութը: Հաջորդ օրը հայտնվեցին այդ շարասյան հարվածների լրացուցիչ տեսանյութեր՝
տեսագրված անօդաչու թռչող սարքերից:
Պատերազմի առաջին իսկ օրերից հակամարտությունը չսահմանափակվեց
միայն առաջնագծով: Ադրբեջանը օդային և հրետանային հարվածների էր ենթարկում ԼՂՀ մայրաքաղաք
Ստեփանակերտը, շրջկենտրոններ Մարտունին, Մարտակերտը և Շուշին: Ադրբեջանի կողմից թիկունքի
հիմնական թիրախների ճշգրիտ նշանառության առաջին հարվածներից էր հոկտեմբերի 2-ի առավոտյան
Լաչինի միջանցքում ռազմավարական նշանակության կամրջի խոցումը: Դրա ոչնչացումը կխափաներ
շարժը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող երկու մայրուղիներից մեկով և կտրուկ կբարդացներ
ռազմական և մարդասիրական իրավիճակը ԼՂՀ-ում: Հարվածի համար օգտագործվեց իսրայելական
արտադրության LORA բալիստիկ հրթիռ, որը գերազանց ճշգրտություն ցուցադրեց՝ ոչ մեծ թիրախը
խոցելով առնվազն 100 կմ հեռավորությունից: Բայց հրթիռը, ծակելով կամրջի երեսքը, պայթեց
դրա տակ, և երկու շերտագծերից մեկը երթևեկության համար մնաց պիտանի: Смерч՝ համազարկային
կրակի ռեակտիվ համակարգերով էլ հարվածներ էին հասցվում հյուսիսային Սոթք-Մարտակերտ
մայրուղուն: Դժվարացնելով համալրումներն ու մատակարարումները և էլ ավելի բարդացնելով
չճանաչված հանրապետության պաշտպանությունը՝ Ադրբեջանը, սակայն, սկսած գործն ավարտին
չհասցրեց և հետագա փորձեր չձեռնարկեց ԼՂՀ-ն ամբողջությամբ կտրելու Հայաստանից: Հարկ
է նաև նշել, որ ադրբեջանական կողմը քաջատեղյակ էր Հայաստանում և ԼՂՀ-ում տիրող իրավիճակին:
Թուրքական ռազմաօդային ուժերի ռադիոտեղորոշիչ հեռահար հայտնաբերման և կառավարման
E7-T օդանավն իրական ժամանակում տալիս էր ընդհանուր պատկերը՝ հայ-թուրքական սահմանի
երկայնքով, իսկ արևելյան ուղղությամբ՝ մարտական գործողությունների անմիջական հատվածում,
իրավիճակը վերահսկում էին հետախուզական տեխնիկայով համալրված թուրքական F-16-ները:
Հակառակորդի թիկունքին հարվածներ սկսեց հասցնել նաև հայկական
կողմը: Հոկտեմբերի 4-ի առավոտյան ԼՂՀ իշխանությունները հայտարարեցին Ադրբեջանի տարածքի
խորքում գտնվող ռազմական օբյեկտների վրա հարձակվելու մտադրության մասին: Նույն օրը
նրանք հայտարարեցին ռազմաճակատից 60 կմ հեռավորության վրա գտնվող Գյանջա քաղաքի օդանավակայանի
ոչնչացման մասին: Իրականում, սակայն հրթիռը հարվածել էր քաղաքի բնակելի թաղամասին:
Հետագա օրերին Գյանջայի վրա ևս երկու անգամ բալիստիկ հրթիռներ ընկան, ինչի հետևանքով
զոհվեց ավելի քան 30 բնակիչ: Որևէ ապացույց չկա, որ ռազմական օբյեկտներին որևէ վնաս
է հասցվել: Օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներից և հեռահար համազարկային կրակի
ռեակտիվ համակարգերից փոխադարձ հրետակոծությունը սովորական էր դարձել:
Հայաստանի զինված ուժերը ԼՂՀ-ին ակտիվ աջակցում էին հեռահար
հրետանու և բալիստիկ հրթիռների հարվածներով, սակայն դա փորձում էին անել ոչ սեփական
տարածքից: Այսպես, 300մմ տրամաչափի համազարկային կրակի հրթիռային Смерч համակարգերի
կայանքները կրակ էին արձակում հենց Խաչենագետի հովտի տարածքից՝ Ալիաղալի գյուղից արևմուտք:
Դրանք այնտեղ էին մինչև պատերազմի վերջին օրերը, որտեղ և կայանքը ոչնչացվեց հակառակորդի
ԱԹՍ-ների հարվածներից:
Չնայած Ադրբեջանի ակնհայտ վճռական մտադրություններին՝ Հայաստանը
տատանվում էր ռազմական հակազդման հարցում: Պատերազմի առաջին օրը 18-55 տարեկան տղամարդկանց
արգելվեց հեռանալ երկրից: Բայց համընդհանուր զորահավաք այդպես էլ չհայտարարվեց, ոչ
էլ որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղ բացահայտ մտցնել հայկական կանոնավոր բանակի մեծաքանակ
ուժեր: Ի սկզբանե Հայաստանի ղեկավարությունը փորձում էր կիսատ-պռատ քայլերով դուրս
գալ իրավիճակից՝ ըստ երևույթին հուսալով, որ ԼՂՀ ուժերը կհաղթահարեն մարտերի հիմնական
ծանրությունը:
Լեռնային Ղարաբաղն արագ հավաքագրեց առաջին հերթի պահեստազորային
անձնակազմի 90%-ին՝ 8000 հոգու: Հայաստանը տրամադրեց ևս մինչև 7000 հոգու՝ ոչ միշտ
պատշաճ հանդերձանքով: Նման համեստ համալրումը սկզբունքորեն չփոխեց իրավիճակը և առանձնապես
չբարձրացրեց ԼՂՀ պաշտպանական հնարավորությունները:
Դժվար է պարզել, թե հավելյալ քանի կամավոր է անկազմակերպ
ժամանել հակամարտության գոտի՝ թե՛ Հայաստանից, թե՛ հայկական սփյուռքից: Նրանք գալիս
էին առանձին կամ փոքր խմբերով, ունեին շատ տարբեր մակարդակի պատրաստություն և վատ էին
հաշվառվում: Այսպիսի համալրումը նույնպես արդյունավետ չէր:
Առայժմ չի բացահայտվել, թե պատերազմի ժամանակ ինչպես է իրականացվել
կառավարումն, ու ինչպես են առհասարակ ԼՂՀ խմբավորումները և Հայաստանն ընդունել որոշումներ:
Ամեն դեպքում, գնահատումների մեծ մասի համաձայն՝ բարձրագույն ղեկավարության ընդունած
որոշումների որակը և նրանց փոխգործողությունները պատշաճ մակարդակով չեն կազմակերպվել,
թերի է եղել նաև տարբեր մակարդակներում շտաբների փոխգործակցությունը:
Պատերազմը դադարեցնելու առաջին լուրջ փորձը հոկտեմբերի
7-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցություններն
էին: Դրանք տևեցին երեկոյան ժամը 7-ից մինչև ուշ գիշեր: Արդյունքում կողմերը համաձայնության
եկան հոկտեմբերի 8-ի կեսօրից մարդասիրական զինադադարի շուրջ: Ընդ որում, հարվածների
փոխանակությունը չմարեց: Հոկտեմբերի 8-ի առավոտյան՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց երկու
ժամ առաջ, ադրբեջանական անօդաչու կամիկաձեներն անմիջապես Հայաստանի տարածքում՝ Կաղնուտ
գյուղի մոտակայքում, ոչնչացրին երկու СТ-68 ռադիոտեղորոշիչ կայան և զենիթահրթիռային
С-300ПС համալիրի 5П58С արձակման կայանքը: Հասկանալի է, որ նման իրավիճակում իրական
զինադադար չէր հաջողվի: Կողմերը կեսօրին միմյանց մեղադրեցին դրա խափանումների համար,
և ռազմական գործողությունները շարունակվեցին:
Այդ ընթացքում ամենակատաղի մարտերն ընթանում էին հարավային
ճակատում՝ Հադրութ-Ջեբրայիլ ուղղությամբ: Այստեղ ադրբեջանական խմբավորումը շարունակում
էր առաջխաղացումն Արաքսի երկայնքով և սկսել էր ԼՂՀ հապճեպ կազմակերպված պաշտպանության
ամրությունը փորձարկել նախալեռներում՝ դեպի այս բնակավայրեր տանող ճանապարհների երկայնքով:
Մարտեր նախալեռների համար
Ադրբեջանական հրամանատարությունն անսխալ որոշեց հետագա հարվածի
առավել հեռանկարային ուղղությունը և սկսեց լրացուցիչ ուժեղացնել իր խմբավորումը հարավային
ուղղությամբ: Սակայն նախալեռներում և լեռներում հաջողությունները զարգացնելու համար
պահանջվում էր ոչ թե զրահապատ բռունցք, այլ թեթև հետևակ:
Հոկտեմբերի 10-ին Նախիջևանի առանձին համազորային բանակից
օդանավով տեղափոխվեց հատուկ նշանակության բրիգադի մի մասը: Առաջին օրը հարավի մարտական
գոտի ժամանեց երկու գումարտակ՝ ընդհանուր մոտ 300 հոգի, ապա՝ ևս երկուսը: Հոկտեմբերի
12-ից ամբողջ բրիգադը գործի դրվեց այն ժամանակ արդեն գրավված Հադրութից, որը ճանապարհների
կարևոր հանգույց էր: Ընդհանրապես, հարավային ուղղությամբ արձանագրված ակնհայտ հաջողությունից
հետո այնտեղ սկսեցին տեղափոխվել հատուկ նշանակության (ՆԳՆ ներքին զորքեր, Պետական սահմանային
ծառայության ուժեր), համազորային ստորաբաժանումներ այլ՝ մարտական գործողությունների
անհեռանկարային ուղղություններից: Չափազանց արդյունավետ դուրս եկավ ստորաբաժանումները
հերթափոխով մարտի նետելու թուրքական նորույթը: Մեկօրյա ռազմական գործողություններից
հետո ստորաբաժանումը հետ էր քաշվում անմիջական թիկունք՝ երկօրյա հանգստի համար: Սա
շատ ավելի արդյունավետ էր, քան հայկական ուժերի՝ երկու շաբաթ մարտերից հետո 2-3 օր
հանգստի պրակտիկան, երբ նրանք պարզապես չէին հասցնում ամբողջությամբ վերականգնել իրենց
մարտունակությունը:
Ադրբեջանական հատուկ նշանակության 12 ջոկատ այնտեղից հարձակում
սկսեց դեպի Շուշի, նույնքան էլ՝ ճանապարհով դեպի Ֆիզուլիի շրջկենտրոն: Նրանք զբաղեցնում
էին ռազմավարական բարձունքներ և բնակավայրեր, իսկ նրանց հետևից գալիս էր երկու մոտոհրաձգային
բրիգադ, որոնք ապահովում էին հարձակման թևերը և ամրապնդում տարածքի վերահսկողությունը:
Հենց այս երկու հարձակումների հաջողություններն էլ նախանշեցին իրադարձությունների հետագա
ամբողջ ընթացքը:
Հոկտեմբերի 14-15-ին հիմնական ռազմական գործողությունները
ծավալվեցին Ֆիզուլիի շուրջը: Ավելի վաղ այս ուղղությամբ ճակատային հարձակումը ձախողվել
էր: Այժմ ադրբեջանական զորքն այստեղ էր հասել թիկունքից: Ֆիզուլիի մատույցներում նրանց
հաջողվել էր կտրել քաղաքը պաշտպանողների մի խմբից: Այդ ուղղությամբ նահանջող հայկական
ստորաբաժանումների մնացորդներն ընկան հատուկ նշանակության ջոկատի կրակային դարանները,
կրեցին կորուստներ և մասամբ գերի հանձնվեցին: Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը
հայտարարեց այս բնակավայրի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին: Գործողությունը
կարևոր էր խորհրդանշական առումով, քանի որ մինչև ղարաբաղյան առաջին պատերազմն այն ադրբեջանական
շրջկենտրոն էր:
Այս հաջողությունից անմիջապես հետո պլանավորվեց ադրբեջանական
հատուկ նշանակության խմբին ուղղել ռազմավարական նոր առաջադրանքներ կատարելու: Նրանք
պետք է Ջեբրայիլից 40 կմ ոտքով լեռներով անցնեին մինչև Լաչին, գրավեին Լաչինի լեռնաշղթան
և փակեին Հայաստանից ԼՂՀ տանող երկու ճանապարհներից մեկը՝ Լաչինի միջանցքը: Սակայն
արկածախնդիր այս հարձակման հրամանը այդպես էլ չտրվեց:
Ցամաքային մարտերից բացի՝ չէր մարում նաև ադրբեջանական անօդաչուների
ակտիվությունն օդում: Առաջնագծում հակառակորդի զրահատեխնիկայի քանակի նկատմամբ նրանք
գործողությունների անցան հրետանային դիրքերի և հետևակի կուտակումների դեմ: Նրանք նաև
իրական որս սկսեցին լեռնային նեղ ճանապարհներով անցնող բեռնատարների վրա՝ կաթվածահար
անելով մատակարարումներն ու զորակազմի համալրումը: Արդյունքում ԼՂՀ և Հայաստանի տրանսպորտային
միջոցների ընդհանուր կորուստները գնահատվում են ավելի քան 600 միավոր:
Հոկտեմբերի 17-ի գիշերը կողմերը կրկին ծանր հրթիռային հարվածներ
հասցրին քաղաքներին: Эльбрус օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի առնվազն մեկ
հրթիռ հարվածեց ադրբեջանական Գյանջային՝ զգալի ավերածություններ առաջացնելով ցածրահարկ
շենքերում: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց 14 խաղաղ բնակչի մահվան մասին:
Հաշված ժամեր անց ադրբեջանական անհայտ զինամթերքի հարվածից Ստեփանակերտում ավերվեց
երկհարկանի բնակելի շենք:
Անհասկանալի է, թե որն էր այս հարձակումների նպատակը: Հավաստի
որևէ ապացույց չկա, որ հայկական բալիստիկ հրթիռներին հաջողվել է շոշափելի որևէ հաջողության
հասնել հակառակորդի ռազմական կամ տնտեսական թիրախները խոցելու հարցում, սակայն այդ
փորձերը միանշանակ եղել են: Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը հայտարարեց երկրի մայրաքաղաքից
հյուսիս-արևմուտք՝ Բաքու-Նովոռոսիյսկ ռազմավարական նշանակության նավթատարից 250 մետր
հեռավորության վրա հրթիռների ընկնելու մասին: Այնտեղ կարող էին հասնել միայն Հայաստանի
հեռահար Эльбрус-ները: Հոկտեմբերի 22-ին պաշտոնական Բաքուն հայտարարեց նաև Օղուզ-Գաբալա-Բաքու
ջրատարին հարվածի փորձի մասին, որը խմելու ջուր է մատակարարում Ապշերոնի թերակղզուն:
Ներկայացվեցին մոտակայքում ընկած բեկորներ:
Հակահրթիռային պաշտպանության համար Ադրբեջանն ակտիվ օգտագործում
էր ռուսական արտադրության իր ՀՕՊ համակարգերը: Պաշտպանության նախարարությունը հայտարարեց
С-300 ПМУ-2 համակարգով հայկական մի քանի բալիստիկ հրթիռ հաջող որսալու մասին: Կան
նաև միանգամայն արդիական Бук-М2 զենիթահրթիռային համալիրների կիրառման տեսագրություններ:
Բայց այս հաջողությունների հավաստի հաստատում չկա:
Հոկտեմբերի 18-ի առավոտյան սկսված հերթական մարդասիրական
զինադադարը կրկին ապարդյուն եղավ: Կողմերը դրան հավատարիմ մնացին միայն խոսքով: Ադրբեջանական
զորքի առաջխաղացումը շարունակվեց, ինչպես նաև հակառակորդի տարածքի գնդակոծումը Հայաստանից:
Ադրբեջանական բանակը, Արաքս գետի երկայնքով առաջանալով հարավային
ուղղությամբ և անցնելով ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներով, հոկտեմբերի
20-ին հասավ Հայաստանի Հանրապետության սահմանին: Հարձակման շարունակումը Նախիջևանի
Ինքնավար Հանրապետություն տանող միջանցք ճեղքելու վտանգ էր ստեղծում: Սակայն ադրբեջանական
զորքը չհատեց սահմանը՝ սկսելով մաքրել ԼՂՀ նախալեռնային գոտին ու գետահովիտը: Երկու
օր անց՝ հոկտեմբերի 22-ին, նախագահ Ալիևը հայտարարեց Իրանի հետ սահմանի ամբողջական
վերահսկողության մասին, ինչը «երկաթե բռունցք» գործողության հերթականխոշոր և տեսանելի
հաջողությունն էր:
Պատերազմի ծավալների ընդարձակման պայմաններում հակառակորդներին
հաշտեցնելու ևս մեկ ջանք գործադրվեց, այս անգամ արդեն ԱՄՆ ղեկավարության կողմից: Հոկտեմբերի
23-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին Ելիսեյան պալատում ընդունեց Ֆրանսիայի նախագահ
Մակրոնը: Երկու օր անց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առանձին հանդիպումներ
ունեցան ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Արդյունքում՝ Դոնալդ Թրամփը հայտարարություն
արեց հրադադարի ուղղությամբ «լավ առաջընթացի» մասին: Մարդասիրական նոր զինադադարի մեկնարկը
նախատեսված էր հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 7-ին:
Նոր զինադադարի առաջին իսկ ժամերին կողմերը միմյանց սկսեցին
մեղադրել այն խախտելու մեջ: Հոկտեմբերի 26-ի ցերեկը տեղեկություններ ստացվեցին, որ
ԼՂՀ հարավ-արևելքում՝ ադրբեջանական բանակի հիմնական հարձակման գոտում, լուրջ մարտերը
շարունակվում են: Երեկոյան ամբողջ ճակատով սաստկացան մարտերը, և ԱՄՆ միջնորդությամբ
կազմակերպված հրադադարն ամբողջությամբ խափանվեց:
Անհաջող հրադադարից հետո արդեն առաջին օրերը կողմերը կրկին
ակտիվացրին քաղաքների ուղղությամբ փոխադարձ հրթիռային հարվածները: Հոկտեմբերի 29-ի
կեսօրին մոտ Ադրբեջանի Բարդա քաղաքում 21 խաղաղ բնակիչ զոհվեց, ավելի քան 70-ը վիրավորվեց
Смерч-երի կասետային արկերի պայթյունից: Սա խաղաղ բնակիչների ամենամեծ միանգամյա կորուստն
էր ամբողջ պատերազմի ընթացքում: Շարունակվեցին նաև օպերատիվ-մարտավարական հրթիռների
արձակումները: Ընդհանուր առմամբ, ըստ Ադրբեջանի տվյալների, պատերազմի սկզբից իր տարածքի
վրա արձակվել է 13 Эльбрус և մեկ Точка-У հրթիռ:
Նախագահ Ալիևը խոստացավ վրեժ լուծել Բարդայի վրա հարձակման
համար: Նույն օրը և հաջորդ օրը ավիահարված հասցվեց Ստեփանակերտին, հրթիռային հարվածներ՝
Ստեփանակերտին, Շուշիին և Մարտակերտին: ԱԹՍ-ները վերսկսեցին Հայաստանում համազարկային
կրակի հեռահար համակարգերի արձակման կայանքների որսը:
Հոկտեմբերի 30-ին Քելբաջարի շրջանում կարճատև որսից հետո
ադրբեջանական հրամանատարությանը հաջողվեց Bayraktar ԱԹՍ-ով սկզբում հայտնաբերել, այնուհետև
խոցել առնվազն երկու Смерч: Դրանք առնվազն 20 օր գործում էին Ալիաղալի գյուղի մոտ գտնվող
դիրքերից: Այս հաջողությունը հնարավորություն ընձեռեց կաթվածահար անել Երևանի տրամադրության
տակ մնացած սակավաթիվ հեռահար կրակային աջակցության գործիքներից մեկը, որն ունակ էր
իրականացնել կրակի տարաշարժ մարտական գործողություններն ամբողջ տարածքում:
Հոկտեմբերի 20-ի մոտակայքում ադրբեջանական մոտոհրաձգայիններն
ու հատուկջոկատայիններն ավարտեցին Արաքսի հովտում և հարավային ուղղության նախալեռներում
հակառակորդի վնասազերծման գործողությունները, ինչը թույլ տվեց նրանց հզոր գրոհ սկսել
լեռնային շրջանների խորքերում՝ դեպի Լեռնային Ղարաբաղի կենտրոն՝ մայրաքաղաք Ստեփանակերտ:
Գործողությունը ծավալվեց Հադրութից Ֆիզուլի, Լաչին և Շուշի տանող ճանապարհների երկայնքով:
Միաժամանակ, հյուսիսային և հյուսիսարևելյան լեռնային մյուս շրջաններում առաջընթացը
ծայրահեղ աննշան էր, թեև Հայաստանի ու ԼՂՀ ուժերն այնտեղ ևս աստիճանաբար թուլանում
էին ԱԹՍ-ների, ավիացիայի և հրետանու շարունակական հարձակումների պատճառով:
Մեքենայացված ստորաբաժանումները, որոնք մինչ այդ հաջողություն
էին ապահովել Արաքսի հովտում, լեռնային ճանապարհներով հարձակման դեպքում ծանր փորձության
կենթարկվեին: Ուստի, նոր ուղղությամբ գլխավոր դերը կրկին ստանձնեցին թեթև հետևակայինները:
Ադրբեջանի հատուկ ջոկատայինները լեռնային անտառածածկ տարածքներով կարողացան հաջողությամբ
ներթափանցել և շրջանցել ԼՂՀ պաշտպանական հանգույցները, անգամ այն պարագայում, երբ ավիացիան
միշտ չէ, որ կարողանում էր օգնել նրանց, քանի որ եղանակն այդ օրերին վատացել էր:
Արդեն հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները
ստիպված էին խոստովանել, որ կատաղի մարտեր են ընթանում անմիջապես Շուշիի մերձակայքում՝
5կմ հեռավորության վրա գտնվող Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի համար: Հարվածը
Շուշիին ոչ միայն սպառնում էր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին, այլև կարող էր կտրել Հայաստանից
չճանաչված հանրապետություն մատակարարման մինչ այդ գործող հիմնական զարկերակը՝ Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ
ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Այստեղ Ադրբեջանի հաջողությունն ինքնաբերաբար կնշանակեր,
որ Հայաստանը պատերազմը տանուլ է տվել:
Ռազմական պարտություն
Նոյեմբերի սկզբին արդեն ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ
անցլ էր Ադրբեջանին: Նոյեմբերի 1-ին նախագահ Ալիևը հայտարարեց, որ իր զորքին հաջողվել
է ազատագրել մոտ 200 բնակավայր, որոնք նախկինում պատկանել են իր երկրին: Նա նաև նշեց,
որ բուն Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու պլաններ չկան:
ԼՂՀ և հայկական զորքերի պաշտպանությունը լեռներում բաժանվել էր մի քանի չկապակցված
հատվածների, որոնց համալրումն ու մատակարարումները դժվար կամ նույնիսկ անհնար էին: Իրանի հետ ԼՂՀ ամբողջ
սահմանը, հարավում՝ Արաքսի հովիտն ու նախալեռները կորսված էին:
Անգամ այս պայմաններում ռազմական գործողությունների սկզբից
ի վեր հայերի դիրքերը կենտրոնական ուղղությամբ՝ Մարտակերտից ու Աղդամից հարավ, մնացին
անփոփոխ: Ռազմաճակատի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող լեռնային շրջաններում
ևս հնարավոր չեղավ ճեղքել ԼՂՀ և Հայաստանի պաշտպանությունը: Չնայած Թալիշ և Մատաղիս
գյուղերի գրավմանը՝ ադրբեջանական ուժերին չհաջողվեց առաջ շարժվել դեպի շրջկենտրոն Մարտակերտ:
Անգամ ադրբեջանական Су-25՝ լազերային կառավարվող ռումբերով զինված գրոհիչների մարտի
մեջ մտնելը չփոխեց իրավիճակը: Բայց և այնպես, այս տարածքներում հայկական ուժերը հյուծվել
էին անօդաչուների մշտական հարվածներից՝ կրելով տեխնիկայի ու մարդուժի լուրջ կորուստներ:
Պաշտպանության նախարարությունն ամեն օր հաղորդում էր ավելի քան 50 զինծառայողի մահվան
մասին:
Չնայած շրջկենտրոն Մարտունու մոտակայքում Ադրբեջանի ունեցած
հաջողություններին՝ ուղիղ Ստեփանակերտ տանող ճանապարհի վրա լիարժեք վերահսկողություն
հաստատել չստացվեց: Առաջխաղացումը կասեցվեց ԼՂՀ լեռնային պաշտպանական դիրքում: Ադրբեջանական
բանակի հիմնական հաջողությունը ձեռք բերվեց Արաքսի հովտի կողմում՝ Հադրութից Շուշի
տանող 30 կիլոմետրանոց շատ ավելի թույլ ամրացված շրջանցիկ ճանապարհի ուղղությամբ հարվածներից:
Չնայած ակնհայտ ռազմական առավելությանը՝ Ադրբեջանի համար
լեռնային կիրճերով առաջխաղացումը շարունակում էր մնալ դժվար: Այսպես, նոյեմբերի 2-ին
կամ 3-ին դարանակալվեց և ջախջախվեց Լաչինի միջանցքը կտրելու համար երկրորդական ուղղությամբ
շարժվող մի զրահախումբ: Լուսանկարներն ու տեսանյութերը հաստատեցին այստեղ մեկ T-72
տանկի, 4 БМП-2-ի և 5 զրահամեքենայի ոչնչացումը:
Նոյեմբերի 5-ից կատաղի մարտեր ծավալվեցին Շուշիի համար: Ադրբեջանը
գործնականում ներգրավել էր ուժային բոլոր կառույցների հատուկ ջոկատներին և թեթև հետևակայիններին:
Քանի որ հրետանին դեռ չէր հասցվել մարտերի վայր և չէր կարող իր կրակով արդյունավետ
աջակցել, հարվածները հասցվում էին համազարկային կրակի հեռահար համակարգերով և ԱԹՍ-ներով:
Հայերի վիճակն այդ ժամանակ այնպիսին էր, որ Ստեփանակերտի մերձակայքում նրանք արդեն
ի վիճակի չէին թեթև ականանետերով և ժամանակակից հակատանկային հրթիռային համալիրներով
դիմակայել անգամ հետևակին:
Հատկանշական է, որ ակնհայտ սպառնալիքի պայմաններում հայկական
կողմը չփորձեց 2-3 գումարտակ արագ տեղափոխել ԼՂՀ առանցքային բնակավայրը պաշտպանելու
և Շուշիի անկումը կանխելու համար: Փոխարենը նրանք Ստեփանակերտի մոտ հավաքված հրետանու
մնացորդներով, այդ թվում՝ 122 մմ-ոց САУ 2С1 Гвоздика ինքնագնացներով, արգելափակիչ
կրակ էին վարում և փորձում էին փակել դժոխքի կիրճը՝ Հադրութից Շուշի ընկած հատվածում:
Այդ հատվածով էին գալիս ադրբեջանական զրահամեքենաները, որոնք քաղաքը գրոհող հետևակի
համար բերում էին զինամթերք և պաշարներ:
Շուշիի համար մղվող մարտերում հայերը Ստեփանակերտի շրջակայքից
կիրառեցին անգամ ծանր հրանետային ТОС-1А Буратино համակարգ: Ադրբեջանը հայտարարեց Շուշիի
ծայրամասում կասետային մարտագլխիկներով առնվազն երկու բալիստիկ հրթիռ ընկնելու մասին:
Նրանց բեկորները հայտնաբերվեցին Շուշիի մատույցներում: Հայտնի չէ՝ այս հարվածները ռազմական
որևէ արդյունք ունեցել են, թե՞ ոչ: Քիչ հավանական է, որ ռազմաճակատի փլուզման պայմաններում
հայկական կողմին հաջողվել էր այդ համակարգերի նշանացուցման համար հավաստի հետախուզական
տվյալներ հավաքել քաղաքը գրոհող ադրբեջանական հատուկ ջոկատայինների շարժական խմբավորման
մասին:
Նոյեմբերի 7-ին Շուշին արդեն ամբողջությամբ գտնվում էր ադրբեջանական
զորքի վերահսկողության ներքո. հայկական միացյալ ջոկատների հակահարձակման փորձերը ձախողվել
էին: Ճակատամարտի վերջին ակորդը Շուշի-Լաչին ճանապարհին այդպիսի շարասյուներից մեկի
ջախջախումն էր: Հետևակի և ոստիկանների հապճեպ հավաքված խումբը փորձեց թափանցել քաղաք
և ապաշրջափակել նրա կայազորի մնացորդները՝ որպես փոխադրամիջոց օգտագործելով նույնիսկ
մի քանի գանձապահական զրահամեքենա: Սակայն խումբը լեռնային ճանապարհի վրա դարանակալվեց
ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից և ամբողջությամբ ոչնչացվեց դիմահար կրակով:
Հայկական համազգեստով տասնյակ զինվորների դիակներով տեսագրությունները հոգեբանական
ծանր հարված և ռազմական պարտության խորհրդանիշ դարձան: Ընդհանուր առմամբ, Շուշիի շրջակայքում
մի քանի հարյուր հայ զինվոր զոհվեց:
Բլրի վրա գտնվող Շուշիի գրավումն անհնարին դարձրեց հարթավայրում
գտնվող Ստեփանակերտի պաշտպանությունը: Սրա համար ԼՂՀ-ն ո՛չ մարդուժ ուներ, ո՛չ զինամթերք:
Հրետանու, ԱԹՍ-ների և ավիացիայի հարձակումների ներքո հնարավոր չէր հաջողությամբ պաշտպանել
մայրաքաղաքը:
Բացի այդ, Շուշիի մոտ գտնվող ճանապարհային հանգույցի գրավումը
խափանել էր մատակարարումները լեռներում գտնվող ԼՂՀ և Հայաստանի ուժերի մի քանի խոշոր
խմբավորումներին, ինչպես նաև փակել էր նրանց նահանջի ուղիները: Ինչպես ավելի ուշ հայտարարեց
վարչապետ Փաշինյանը, ընդհանուր առմամբ, 25.000 զինվորական հայտնվել էր շրջափակման սպառնալիքի
տակ:
Նոյեմբերի 9-ի օրվա վերջում ռուսական դիվանագիտության ջանքերով հնարավոր եղավ շտապ համաձայնեցնել երկրների ղեկավարների համատեղ հայտարարության տեքստը՝ նոյեմբերի 10-ի ժամը 00:00-ից հրադադարի մասին՝ ԼՂՀ փաստացի կապիտուլյացիայի և ռուս խաղաղապահների՝ հակամարտության գոտի մուտքի մասին: Միայն ա՛յս համաձայնությունն իսկապես վերջ դրեց մարտերին:
Արդյունքներ և եզրակացություններ
Նոյեմբերի 10-ին Մոսկվայում մեկնարկած՝ Հայաստանի, Ադրբեջանի
և Ռուսաստանի ԱԳ նախարարների դեմ առ դեմ բանակցություններն ընթանում էին ռազմաճակատում
Հայաստանի և ԼՂՀ-ի համար ծայրահեղ անբարենպաստ պայմաններում: Դրանից մի քանի օր առաջ
Շուշիի մոտ տեղի ունեցած ռազմական պարտությունը վերածվել էր փլուզման: Այնտեղ ռազմական
խմբավորումների ղեկավարումն ամբողջությամբ կորել էր, նահանջը՝ վերածվել փախուստի: Դրա
վառ վկայություններն են Ադրբեջանի առգրաված տեխնիկայի քանակը, որը գնահատվում է հարյուրավոր
միավորներով, և մարտի դաշտում հայերի թողած մոտ 1600 դիակները: Միայն Շուշիում, ըստ
հայկական կողմի, մնացել էր ավելի քան 300 մարմին, որոնք դուրս բերվեցին միայն մեկ շաբաթ
անց:
Ստեփանակերտի կորստի ու հազարավոր զինվորների նոր կորստի
մոտալուտ վտանգը հզոր գործոն եղավ, որ Հայաստանն արագ համաձայնի զինադադարին և փաստացի
կապիտուլյացիային՝ տարածքային խոշոր զիջումներով: Երևանը համաձայնեց հակառակորդին հանձնել
7 շրջանները, այդ թվում՝ նրանք, որոնք դեռ ադրբեջանական զորքի վերահսկողության տակ
չէին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև տրանսպորտային կապ հաստատել Ադրբեջանի
հիմնական տարածքի և նրա էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:
Ադրբեջանը չպահանջեց լրիվ և վերջնականն կապիտուլյացիա՝ ԼՂՀ
ամբողջ տարածքի վրա իր վերահսկողության հաստատմամբ: Դա, ըստ երևույթին, պայմանավորված
էր ոչ միայն քաղաքական նկատառումներով, այլև հաղթանակի թանկ գնով: Անօդաչու թռչող սարքերի
ու զինամթերքի պաշարները մասամբ սպառվել էին:
Ադրբեջանի զինծառայողների կորուստների տվյալները հրապարակվեցին
պատերազմի ավարտից 1 ամիս անց միայն, և անսպասելիորեն պարզվեց, որ դրանք արժանահավատ
էին: 2021 թվականի հունիսի դրությամբ՝ պաշտոնական ցուցակը ներառում էր 2900 զոհված
և 14 անհետ կորած, սակայն Ադրբեջանում գերեզմանոցների արբանյակային պատկերների համեմատական
ուսումնասիրությունը պատերազմի մեկնարկից առաջ և հետո վկայում է բազմաթիվ անգամ ավելի
մեծ կորուստների մասին: Ըստ ամենայնի, ամենաշատ զոհեր եղել են սկզբնական շրջանում և
լեռնային շրջաններում նախապատրաստված պաշտպանական դիրքերը գրոհելու անհաջող փորձերի
ժամանակ: Ադրբեջանի հայտարարած թիվը չի ներառում սիրիացի զոհված վարձկաններին: Նրանց
ստույգ թիվը հայտնի չէ, սակայն այն գնահատվում է 200-500 մարդ:
Հայաստանը հայտնել է իր 3705 զինծառայողների զոհվելու, ավելի
քան 260-ի անհետ կորելու ու ևս մի քանի տասնյակ հոգու գերի ընկնելու մասին: Ըստ ամենայնի,
այս թվի մեջ հաշվառված չեն Սփյուռքից ինքնուրույն ժամանած կամավորները: Բայց քիչ հավանական
է, որ դրանց քանակն ընդհանուր արդյունքի վրա ազդեցություն թողնի:
Ռազմական տեխնիկայի կորուստների վերաբերյալ բոլոր գնահատումները՝
հիմնված լուսանկարների և տեսանյութերի վրա, ցույց են տալիս, որ դրանք շատ ավելի ծանր
են եղել ԼՂՀ-ն Հայաստանի, քան Ադրբեջանի համար: Բայց պետք է նկատի ունենալ, որ նման
գնահատականներն ակնհայտորեն թերի են: Հայերը գործնականում միջոցներ չունեին փաստագրելու
հակառակորդի թիկունքին հասցված հարվածների արդյունքները, ներառյալ հրետանային դիրքերը,
օդանավակայանները և զենիթահրթիռային համալիրների տեղակայման վայրերը, ինչպես նաև այն
վայրերը, որտեղից ստիպված էին նահանջել:
Մոսկվայում կայացած բանակցություններում կողմերը պայմանավորվեցին
հակամարտության գոտում 5 տարով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման շուրջ, այդ
թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայողի, 90 զրահամեքենայի, 180 միավոր ավտոմոբիլային
և հատուկ տեխնիկայի՝ հետագայում հնգական տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Մոսկվայում բանակցությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից
դեռ առաջ՝ նոյեմբերի 9-ին, սկսվել էր ռուսական զորքի տեղակայումը հակամարտության գոտում՝
կողմերին բաժանելու համար: Առաջինը շարժվել էին Հայաստանի ռուսական 102-րդ ռազմաբազայի
շարասյուները: Նրանց ուղեկցման ժամանակ անհետացավ Ми-24 ուղղաթիռը, որը, ադրբեջանական
կողմի հավաստմամբ, ընկալվել էր հայկական և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքից
խոցվել զենիթային հրթիռով: Զոհվեցին անձնակազմի հրամանատար, մայոր Յուրի Իշչուկը և
ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը: Ղեկապետը վիրավորվեց: Միջադեպը չխանգարեց խաղաղ համաձայնությունների
իրականացմանը:
Արդեն նոյեմբերի 10-ին՝ խաղաղության համաձայնության ստորագրման
օրը, Հայաստան սկսեցին ժամանել ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերը՝
15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) զինվորներով և տեխնիկայով: Նրանց
մասնակցությամբ հնարավոր եղավ հաջողությամբ տարանջատել պատերազմող կողմերին և սառեցնել
հակամարտությունը առնվազն մի քանի ամսով:
Պատերազմի արդյունքում Ադրբեջանն արմատապես մեծացրեց իր ռազմական
գերազանցությունը հակառակորդի նկատմամբ: Երկիրը ռազմավարական համազորային հարձակողական
գործողությունների անգնահատելի գործնական փորձ ձեռք բերեց: Հայաստանն ու ԼՂՀ-ն կորցրին
հարյուրավոր միավոր ծանր տեխնիկա, ինչը համալրել այլևս ի վիճակի չեն: Հայերը կորցրին
նաև պաշտպանական գծերն ու ականապատ դաշտերը, որ ստեղծել էին տասնամյակներով, ինչպես
նաև՝ ադրբեջանական՝ նախկինում օկուպացված շրջանները, այսպես կոչված՝ բուֆերային գոտին:
Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի կիսավարտ հարցն Ադրբեջանի
ղեկավարությանը կարող է դրդել մոտակա տարիներին այն վերջնականապես լուծել ռազմական
ճանապարհով: Ներկա պայմաններում հնարավոր չէ երաշխավորել, որ երկկողմանի լավ կազմակերպված
սահմանագծումը և տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ստեղծումը, որոնք ամրագրված
են խաղաղության համաձայնություններով, կկարողանան բացառել ղարաբաղյան երկրորդ պատերազմի
հավանականությունը. չէ՞ որ զինադադարի այս կետերի իրականացումն էր, որ հետպատերազմյան
ամիսներին մեծագույն դժվարություններ հարուցեց ու դեռ հարցականի տակ է:
Նյութի աղբյուրը՝ Ռուսլան Պուխով- «Փոթորիկ Կովկասում»

Comments
Post a Comment