Skip to main content

Աբդուլլահ Գյուլ

 

Թուրքիայի նախագահը Կարսում, Անիի ավերակներում

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մոտեցավ դարավանդի եզրին, հայացք նետեց դեպի կիրճը, որով հոսող Ախուրյանը միմյանցից բաժանում է ժամանակակից Թուրքիան ու Հայաստանը, ապա սկսեց հայացքով զննել միջնադարյան կիսավեր կամուրջը: Հետո, մշտական ինքնագոհ ժպիտը դեմքին, շրջվեց դեպի պատվիրակության մյուս անդամները, թուրքերեն ինչ-որ բան խոսեց:

2008թ. հուլիսի 23-ի մայրամուտին Գյուլը Հայոց Բագրատունյաց չքնաղ մայրաքաղաքում էր: «Անին,- ասաց նա լրագրողներին,- մեզ համար շատ կարևոր վայր է, որովհետև թուրքերը Անատոլիա են եկել այս կողմերով»:

11-րդ դարում արևելքից Փոքր Ասիա ներխուժեց թուրքական ցեղերի մի հուժկու ալիք: Դրանք սելջուկներն էին` հիմնականում օղուզ ու թուրքմեն ցեղերը, որոնք «վճռական դեր են կատարել Անատոլիայի թուրքացման գործում»: Նրանք գրավեցին Իրանը, այնուհետև Իրաքը, Սիրիան, Հայաստանի մի մասը: 1071թ. բյուզանդական զորքերի դեմ Մանազկերտի մոտ տարած հաղթանակից հետո այլևս ոչինչ չէր կարող փակել սելջուկների ճանապարհը դեպի Հայկական լեռնաշխարհ, Փոքր Ասիա:

Բագրատունյաց թագավորության մայրամուտին՝ 1045-ին« Անին պաշարեցին բյուզանդական զորքերը: Անիի Բագրատունիների վերջին թագավոր Գագիկ Բ-ն Անիի փոխարեն ստացավ Կեսարիա քաղաքը` Թուրքիայի այսօրվա նախագահ Գյուլի ծննդավայրը:

Կարսն ու Անին իրենց «հազար ու մի եկեղեցիներով» Հայաստանի մայրաքաղաքներն էին, երբ թուրքական քոչվոր ցեղերը նոր էին հաստատվում միջնադարյան Հայաստանում և նրանից դեպի արևմուտք ընկած տարածքներում: Բագրատունիների անկումից հետո թուրք սելջուկներն անցան Ախուրյանը և գրավեցին քաղաքը: 1064թ. հաղթական Ալփ Արսլանը Անիի Մայր տաճարի գմբեթից հանել տվեց խաչը և այնտեղ նամազ արեց:

Հայոց հին մայրաքաղաքների շարքում հայ ժողովրդի համար ամենասիրված մայրաքաղաք Անին 19-րդ դարի սկզբից մինչև այսօր անմարդաբնակ է ու ավերակ: Քաղաքում՝ պարիսպներից ներս ու դուրս, կիսականգուն կամ փլատակների են վերածվել հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարները: Պատմության շունչն ու ժամանակի Հայաստանի հզորությունը զգալու համար Անի պիտի գնաս միայնակ, բարձրանաս պարիսպների վրա, նայես դեպի հարավ ու պարզկա օրվա մթնշաղին գտնես Արարատի սիլուետը:

Քաղաքի անվան ծագման մասին տարբեր վարկածներ կան: Ենթադրություններից մեկն այն է, որ անունը ծագել է հին հայերի Անահիտ աստվածուհու անունից: Մեկ այլ վարկածով` մայրաքաղաքն իր անունը ստացել է Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Իններորդ դարի սկզբներին Հայաստանի կառավարիչ Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնում է Արշարունիք և Շիրակ գավառները ու Անի ամրոցի հետ միացնում իր կալվածքներին: 961թ. Բագրատունյաց Աշոտ Երրորդ թագավորը, որ հայտնի է Աշոտ Ողորմած անունով, մայրաքաղաքը Կարսից տեղափոխում է Անի: Մեկ տարի անց այստեղ է տեղափոխվում նաև կաթողիկոսությունը: Պատմիչների մատյաններն ասում են, որ Անին ունեցել է մոտ 100 հազար բնակչություն, 12 եպիսկոպոս, 40 վանահայր և 500 քահանա:

2008թ. հուլիսի 23-ի մայրամուտին Անիի ավերակների պարիսպներից ներս մտնելով` նախագահ Գյուլը նախ կանգ առավ 1034թ. կառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտ: Հետո Թուրքիայի նախագահը շարժվեց դեպի Տիգրան Հոնենցի եկեղեցին, անխոս մի քանի ակնթարթ նայեց դեպի Հայաստանի Հանրապետություն, ապա Կարսի նահանգապետի, քաղաքապետի ու թուրքական պատվիրակության մյուս անդամների հետ մտավ Մայր տաճար: Մինչ նրան թուրքերեն ինչ-որ բան էին բացատրում, Գյուլը հայացքով «ման էր գալիս» եկեղեցու հազարամյա պատերի հայատառ գրերի վրայով:

Տաճարի հարավային ճակատին գրված արձանագրությունն ասում է. «Գագիկի՝ հայերի ու վրացիների արքայից արքայի փառավոր իշխանության օրոք, ես՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրս, հայերի թագուհիս, ողորմած Աստծո ներշնչանքով և իմ ամուսին Գագիկ արքայից արքայի պատվերով, կառուցեցի այս սուրբ տաճարը, որը Մեծն Սմբատն էր հիմնադրել»:

Մայր տաճարի շինարարությունը սկսվել է Սմբատ Երկրորդ թագավորի պատվերով և տևել 12 տարի` 989-1001 թթ: Տրդատ ճարտարապետի նախագծած ու մինչև օրս էլ իր ողջ հմայքով կիսականգուն տաճարը Սմբատ արքան բախտավորություն չունեցավ տեսնել: Նրանից գահը ժառանգած Գագիկ Առաջին թագավորի կնոջ՝ Կատրանիդե թագուհու հովանավորությամբ ավարտին հասցվեց Մայր տաճարի շինարարությունը:

Թուրք սելջուկները Անին գրավելուց կարճ ժամանակ անց քաղաքը վաճառեցին քուրդ Շադադյան դինաստիային: 13-րդ դարի սկզբին վրաց թագուհի Թամարը իր թագավորության մեջ առավ Անին, իսկ մինչև դարի 40-ական թթ. այն անցավ մոնղոլներին: 14-րդ դարի կեսերին կարակոյունլու թուրքմենական ցեղերն Անին դարձրին իրենց վարչական կենտրոն: 16-րդ դարի վերջին տասնամյակներին Անին ընդարձակվող Օսմանյան կայսրության մաս կազմեց:

Ռուս-թուրքական պատերազմների և պայմանագրերի արդյունքում Անին Կարսի մարզի և Սուրմալուի հետ անցնում էր ցարական Ռուսաստանից Օսմանյան կայսրությանը և հակառակը: 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Անին անցավ քեմալականներին, ապա մաս կազմեց Թուրքիայի Հանրապետությանը:

Գյուլը Թուրքիայի առաջին նախագահն է, որ այցելում էր Անի: Նա կես ժամ շրջեց ավերակներում, զրուցեց և լուսանկարվեց լրագրողների հետ: Մութն ընկնում էր, երբ Անիից շարժվեցինք դեպի Կարս` Բագրատունյաց մեկ այլ մայրաքաղաք, որն ընդամենը իննսուն տարի առաջ` 1919-1920 թթ. Հայաստանի Առաջին հանրապետության քաղաքներից էր:

Թուրքիայի նախագահը Անի էր եկել Կարս այցելության շրջանակներում` մասնակցելու Հայաստանը շրջանցող հերթական տարածաշրջանային նախագծի` Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության թուրքական հատվածի հիմնարկեքին: Ներկա էին նաև Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին ու Իլհամ Ալիևը: Կարսում նախագահ Գյուլին հարցրեցի` պատրաստվում է՞ մեկնել Երևան ու իր հայ գործընկերոջ հետ միասին դիտել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:

«Ես շնորհակալություն եմ հայտնել նախագահ Սարգսյանին հրավերի համար: Մենք դեռևս որոշում չենք ընդունել: Մեր քաղաքականությունը շատ պարզ է, ուզում ենք լավ համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Կան որոշ խնդիրներ, որոնք պետք է վերացվեն: Մենք ուզում ենք այս տարածաշրջանը տեսնել կայուն և խաղաղ: Բոլոր երկրները կարող են միանալ տարածաշրջանային նախագծերին, բայց պետք է հարգեն այլոց տարածքային ամբողջականությունը»,- ասաց Գյուլը:

Սարգսյանը Գյուլին հրավիրում է Երևան

2008թ. հունիսի 18-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը կոնգրեսականներին բացատրում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա ազդանշանները բարենպաստ են, մյուս կողմից սակայն, և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային չի բավարարում հակառակ կողմին ձեռք մեկնելու խիզախությունը, այդուհանդերձ, «թուրք և հայ ղեկավարները առաջ շարժվելու համար զգուշավորությամբ ուղիներ են փնտրում»:

Ֆրիդի խոսքերից 5 օր անց՝ հունիսի 23-ին Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան՝ միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Բացի այդ. «Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու և շահարկելու միջոց: Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերություններ խթանելու ուղղությամբ»:

Հունիսի 24-ին ռուսական փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը գրեթե նույնությամբ կրկնեց նախօրեին ասվածը. «Թուրքիան հնչեցրել է առաջարկ ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու նպատակով փորձագիտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Մենք դեմ չենք որևէ ուսումնասիրության, անգամ ակնհայտ փաստերի և լայնորեն ընդունված իրողությունների, սակայն նման հանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կլիներ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանները բացելուց հետո միայն»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան նախագահ Սարգսյանի հրավերը բնութագրեց «ապշեցուցիչ զարգացում, որ անհնարին էր թվում մի քանի ամիս առաջ»: «Մենք կիսում ենք մեր եվրոպական դաշնակիցների հույսը, որ Թուրքիան և Հայաստանը շուտով կկարգավորեն իրենց հարաբերությունները, և սա կներառի որոշում Թուրքիայի կողմից՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և սահմանը վերաբացելու, Հայաստանի կողմից՝ Թուրքիայի հետ առկա սահմանները ճանաչելու մասին, և այդ քայլերի արդյունքում «Միացյալ Նահանգների երկու բարեկամ երկրների միջև տեղի կունենան անցյալի ողբերգական իրադարձությունների շուրջ անկեղծ քննարկումներ»:

Սերժ Սարգսյանի առաջարկը անսպասելի նորություն էր հայ-թուրքական հարաբերություններում և բառացիորեն որպես հակասություն հնչեց հայկական այն դիրքորոշման, որ միայն պատմությունը հետազոտող հանձնաժողովն անընդունելի է: Ոչ միայն այն պատճառով, որ դա համազոր է պատմական փաստերը հարցականի տակ դնելուն, այլ նաև, որ երկու երկրների միջև եղած հիմնախնդրում ուշադրությունը սևեռվում է պատմության, այլ ոչ՝ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հրատապության վրա:

Բազմաթիվ առիթներով և մասնավորապես 2001թ. հունվարին թուրք լրագրողի հետ զրույցում նախագահ Քոչարյանը ասել էր, որ հայոց ցեղասպանությունը «պատմաբանների հարց չէ, քանի որ խոսքն այն մասին չէ՝ եղե՞լ է այդ երևույթը, թե՝ ոչ»: «Պատմաբանների մասին խոսել՝ նշանակում է կասկածի տակ առնել փաստը: Եթե մենք որևէ կասկած ունենայինք՝ եղել է ցեղասպանություն, թե ոչ, այն ժամանակ դա կլիներ պատմաբանների խնդիր: Այն կասկած չի առաջացնում ոչ մեզ մոտ, ոչ միջազգային հանրության մոտ: Այն փաստը, որ ոչ բոլորն են ճանաչել, կապված է միայն այսօրվա Թուրքիայի ոչ համարժեք արձագանքների հետ, այլ ոչ թե պայմանավորված է պատմական փաստերի վերաբերյալ կասկածով»:

Հայաստանի կառավարությանը մաս կազմող ՀՅԴ-ն իր նորընտիր բյուրոյի հայտարարությամբ հիշեցրեց, որ «հայոց ցեղասպանության փաստը քննարկման ենթակա հարց չէ»: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով՝ պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկով Թուրքիան նպատակ ունի հարցի լուծումը ձգձգել տարիներով. «Նման հանձնաժողովի ձևավորմանը Հայաստանի համաձայնությունը կնշանակեր, որ Թուրքիայի նման Հայաստանը հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ է առնում: Բոլորի համար պետք է հստակ լինի, որ հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարևորագույն հարցերն առաջին հերթին ու առավելապես քաղաքական, այլ ոչ թե պատմական են»:

Եթե համաձայնվում ես պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, ապա ակամա կասկածի տակ է դրվում հայոց ցեղասպանության փաստը, իսկ թուրքերը հնարավորություն են ստանում ասելու, որ հայ-թուրքական գործընթացում երրորդ կողմի ներգրավման կարիք չկա, որովհետև Երևանն ու Անկարան բանակցում են: Դա նրանց հայոց ցեղասպանության ավելի լայն ճանաչման միջազգային ջանքերի փաստացի ընթացքը փոխելու, թուլացնելու, ավելին՝ կասեցնելու փորձերի հնարավորություն կտա: Ահա հիմնականում այս կետերն էին մատնանշում նախագահ Սարգսյանին քննադատողները, ինչպես նաև հիշեցնում, որ Անկարայի ցանկությունը գործընթացն է և ոչ վերջնարդյունքը:

Պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը նշում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հայտնվել է տորպեդահարման վտանգի առաջ. «Հայաստանի նախագահի հայտնած համաձայնությունը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին արդեն իսկ հարված է ոչ միայն ճանաչման գործընթացին, այլև կասկածներ կարող է առաջացնել երրորդ կողմերի մոտ այդ ոճրագործության հավաստիության վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարարն արդեն իսկ բացահայտ հայտարարում է, որ երրորդ երկրներն այլևս իրավասու չեն քննարկելու այդ հարցը, որովհետև Հայաստանն ու Թուրքիան լեզու են գտել»:

Իրավամբ, 2008թ. սեպտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարեց. «Եթե մեզ հաջողվի արագ առաջընթաց արձանագրել խնդիրների լուծմանն ուղղված մեր նախաձեռնությունում, ապա կարիք չի լինի, որպեսզի այդ խնդիրները քննարկի որևէ երրորդ երկրի խորհրդարան: Մենք կարող ենք նրանց ասել. «Ձեր գործերով զբաղվեք: Հայաստանը և Թուրքիան իրար հետ լավ լեզու են գտնում»:

Հայաստանի առաջին նախագահը քննադատեց պատմաբանների հանձնաժողով ձևավորելու մտադրությունները: 2008թ. սեպտեմբերի 15-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն ասաց, թե Սարգսյանը նման քայլի գնաց՝ աշխարհին դուր գալու համար: «Առանց երկար-բարակ մտածելու հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է կամ ընդունում է Թուրքիայի այն առաջարկը, որի էությունը հայ և թուրք պատմաբաններից կազմված մի հանձնաժողովի ձևավորումն էր, որը և վերջնականապես պետք է լուծեր այն հարցը, թե ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Սա և՛ տգիտության, և՛ քաղաքական տհասության խայտառակ դրսևորում է: Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարի նպատակն ընդամենը մեկն էր՝ կասեցնել ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը»:

Տեր-Պետրոսյանի խոսքերով՝ «քանի որ Թուրքիայի հետ հարաբերություններում ցեղասպանությունը վիճելի խնդիր է, և դժվար է պատկերացնել, որ երկու երկրների միջև դա առաջիկայում կարող է խախտվել, ապա գործելին հետևյալ բանաձևն է. համաձայնություն տարաձայնության մասին»: Այսինքն՝ «Հայաստանը համարում է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, Թուրքիան դա չի ընդունում, Թուրքիան էլ ունիր իր տեսակետը»: Այսպիսով, «համաձայնվում ենք, որ տեսակետները տարբեր են, և մեր հարաբերությունները կառուցում ենք ահա այս համաձայնության վրա»:

Հետագայում Տեր-Պետրոսյանը ավելի կոշտ որակումներ գործածեց՝ «ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը» համարելով հայոց ցեղասպանության ուրացում. «Հայկական կողմի համար դժվարություն պիտի հարուցեր հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը, և նրան հաջողվել է այն վերանվանել միջկառավարական հանձնաժողով: Բայց դա ընդամենը խնդիրը քողարկելուն և հայ ժողովրդին հանդարտեցնելուն միտված մեղմասացություն է, քանի որ միջկառավարական հանձնաժողովում ևս ենթադրվում է ստեղծել պատմաբանների ստորաբաժանում, ինչից հարցի էությունն ամենևին չի փոխվում»:

Տեր-Պետրոսյանը քննադատեց ոչ միայն Սարգսյանին, այլև՝ Քոչարյանի վարչակազմին, որի իշխանության սկզբից իսկ «Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակվեց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը»: «Թե օբյեկտիվ պատճառով, և թե սեփական լեգիտիմության խնդրի լուծման նկատառումով, Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ և թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից տարիներ առաջ արված համարյա մոռացված առաջարկին: Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց ցեղասպանությունը: Ես մեղմ եմ արտահայտվում. վստահաբար, Սարգսյանի վարքը շատ ավելի անխնա գնահատականների է արժանանալու Հայաստանի և մանավանդ Սփյուռքի արմատական շրջանակներում»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը մեղադրեց նաև «Սփյուռքի ազգային ջոջերին, ովքեր ոչ միայն երբևէ Հայաստանի իշխանություններին չզգուշացրին ցեղասպանության ճանաչման հարցը պետականորեն բարձրացնելու ձեռնարկի անխոհեմության ու վնասակարության մասին, այլև հակառակը, ոգևորությամբ խրախուսեցին վերջիններիս ջանքերն ու թմբակահարեցին նրանց «սխրանքները» և ավելի քան 40 տարիների ընթացքում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակով «Սփյուռքի ներդրած հսկայական ջանքերն ու դրամական միջոցները մեկ օրում ջուրը թափվեցին»:

2008թ. հուլիսին Սարգսյանը գրում էր. «Բնականոն քաղաքական հարաբերությունների ստեղծումը մեզ հնարավորություն կտա ձևավորելու հանձնաժողով, քննարկելու Հայաստանին ու Թուրքիային վերաբերող բոլոր խրթին հարցերը: Մենք չենք կարող շոշափելի արդյունքներ արձանագրել առանց նմանօրինակ հարաբերությունների: Միայն այդ միջոցով կարող ենք ստեղծել արդյունավետ երկխոսություն՝ անդրադառնալով անգամ ամենազգացական պատմական խնդիրներին»:

Հետագա հարցազրույցներում և հրապարակային ելույթներում նախագահ Սարգսյանը և նրա տեսակետները պաշտպանող գործիչները ճշգրտումներ մտցրեցին, որ «ուսումնասիրությունը փաստերի իսկությունը կասկածի տակ առնել» չի նշանակում:

Նոյեմբերին մի հարցազրույցում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկության կապակցությամբ նախագահ Սարգսյանը ասաց, որ դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա. «Մենք ցանկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել սահմանները, այնուհետև միջկառավարական գործընթացի մակարդակով կարող ենք քննարկել հարևան երկրներին վերաբերող բոլոր հարցերը: Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը մենք նախապայման չենք համարում հարաբերությունների հաստատման համար: Մենք ցանկանում ենք վերջինս, բայց ոչ՝ ամեն գնով»:

2010թ. ապրիլին, երբ արդեն գործընթացը մտել էր փակուղի, Սարգսյանը բացարձակ անընդունելի էր համարում հանձնաժողովի գաղափարը. «Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե «ցեղասպանություն» երույթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում և դատապարտում են: Անկարայի համար կարևորը որոշումները ձգձգելն է, որպեսզի, երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները կոչ անեն Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը, կարողանան ասել՝ սպասեք հանձնաժողովի արդյունքներին: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները կարող էին համատեղ հետազոտել այդ ողբերգությանը հանգեցրած պատճառները:

Մի առիթով, երբ արդեն ստորագրվել էին ցյուրիխյան երկու արձանագրությունները, արտգործնախարար Նալբանդյանը հայտարարեց, որ «ստորագրված արձանագրությունների մեջ նկատի են առնվել այն դրույթները, որոնք ոչ թե վարչապետ Էրդողանի նամակի, այլ պատասխան նամակի (նախագահ Քոչարյանի մեջ էին)»:

Օսկանյանի խոսքերով սակայն՝ «Թուրքիայի հետ նախկին քննարկումներում մենք խոսում էինք միջկառավարական հանձնաժողովի մասին, որի նպատակը կլիներ մեր ողբերգական անցյալի հետևանքների վերացումը»:

Հայաստանի նախկին արտգործնախարարներից Փափազյանը ևս հակված է «մեղքը բարդել» Քոչարյանի ու Օսկանյանի վրա: «2005թ. Էրդողանի նամակի պատասխանը, առաջին հայացքից թվում է՝ շատ լավ էր գրված, արժանապատիվ և լավ պատասխան էր, այսինքն՝ եկեք պատմության բեռը չթողնենք ապագա սերունդներին, եկեք ստեղծենք միջկառավարական հանձնաժողով, որը կարող է քննարկման առարկա դարձնել մեր երկու երկրների միջև բոլոր հարցերը: Դա թուրքերին հնարավորություն տվեց բերելու, հասցնելու 2009թ. արձանագրություններին»,- ասում է Փափազյանը, սակայն, ի տարբերություն Նալբանդյանի, համոզված է, որ «պատմաբանների կետը բացարձակապես անընդունելի է»:

Ամենազարմանալին Քոչարյանի կեցվածքն էր: Թվում էր, թե նա պիտի լիներ քննադատողներից առաջինը: Սակայն երկրորդ նախագահը շատ մեղմ և անուղղակի քննադատեց՝ մի հարցազրույցում ասելով, որ եթե ինքը ղեկավարեր երկիրը՝ «Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Երևան»: Հետագայում սակայն Քոչարյանը, ով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բերել էր Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ, որևէ այլ հայտարարություն չարեց՝ առաջ բերելով շատերի, այդ թվում Սփյուռքի զարմանքն ու տարակուսանքը: Քոչարյանը լռեց և՛ 2009թ. ապրիլի 22-ից, և՛ օգոստոսի 31-ից, և՛ հոկտեմբերի 10-ից հետո, երբ Շվեյցարիայի միջնորդությամբ տարածվեց Հայաստանի ու Թուրքիայի համատեղ հայտարարությունը՝ «ճանապարհային քարտեզը», հրապարակվեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները և դրանք ստորագրվեցին Ցյուրիխում:

Միայն այն բանից հետո, երբ հրապարակվեցին «Wikileaks»-ի փաստաթղթերը, պարզվեց, որ Քոչարյանը դժգոհ է: 2009թ. սեպտեմբերին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հեռախոսազրույց է ունեցել Քոչարյանի հետ՝ փորձելով իմանալ նրա կարծիքը հայ-թուրքական կարգավորման Սարգսյանի քաղաքականության վերաբերյալ: Քոչարյանը քննադատել է Սարգսյանի քաղաքականությունը՝ ասելով, որ սխալ ուղղությամբ է գնում և Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերություններում խուսանավելու տեղ չի թողնում: Քոչարյանի խոսքերով՝ եթե Թուրքիան ցանկանում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և բացել սահմանը, նրանք պարզապես «պետք է ստորագրեին փաստաթուղթ, որ սահմանը բացվում է»: Քոչարյանը ասել է, որ ինքը վերջնաժամկետ կսահմաներ վավերացման համար. «Հիմա Թուրքիան թելադրող է գործընթացում, իսկ մենք տեղ չունենք մանևրելու»: Նա նաև քննադատել է իշխանություններին պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին հավանություն տալու համար՝ ասելով, որ զարմացել է, որ արտգործնախարար Նալբանդյանը համաձայնել է դրան:

Միջազգային հանրությունը անվերապահ կերպով, իսկ հայ քաղաքական միտքը՝ ընդհանուր առմամբ, ողջունեց նախագահ Սարգսյանի՝ իր թուրք գործընկերոջը Երևան հրավիրելու նախաձեռնությունը, որը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը: Սակայն եթե միջազգային հանրությունը ողջունեց նաև պատմական փաստերը ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը, ապա Հայաստանում և սփյուռքում այդ առաջարկը նաև քննադատվեց, ընդ որում՝ ամենախիստ ձևերով ու որակումներով:

Հայաստանում շատերի համար անակնկալ էր ոչ թե և ոչ այնքան Գյուլին Երևան հրավիրելու Սարգսյանի առաջարկը, այլև այդ մասին հայտարարելու ընտրված վայրը՝ Մոսկվան: Կարծիքներ հնչեցին, որ Ռուսաստանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների բնականոնեցման ու սահմանների բացման Երևանի նախաձեռնությունը, հակառակ դեպքում, Հայաստանի նախագահը, այն էլ Մոսկվայից, թուրքերին ուղղված նման առաջարկ չէր անի: Շրջանառվեց նաև տեսակետ, թե նախաձեռնության հետևում Կրեմլն է, որ փորձում է Թուրքիա-Հայաստան հաղորդակցությունների վերաբացումով նվազեցնել իր հակառակորդ Վրաստանի կարևորությունը: Ռուսաստանը հայկական երկաթուղային համակարգի կառավարողն է և հետևաբար՝ տրանսպորտային բաց միջանցքների, ներառյալ չգործող Կարս-Գյումրի երկաթուղու գործարկումից օգուտ կքաղի:

«Դուք ասում եք, որ ես այդ հայտարարությունն արել եմ Մոսկվայում, իսկ ես ասում եմ, որ այդ հայտարարությունն արել եմ մեր սփյուռքի ամենամեծ հայկական համայնքում»,- բացատրեց Սարգսյանը: Ամերիկացի լրագրողի հարցին, թե Ռուսաստանն աջակցո՞ւմ էր Թուրքիայի հետ սահմանը բացելու ջանքերին, Սարգսյանը պատասխանել է. «Բոլոր հանդիպումների ժամանակ, տարբեր մակարդակներով Ռուսաստանի կողմից հնչեցվել է, որ իրենք կողմ են Թուրքիայի հետ սահմանի բացմանը: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ամենից մեծ ջանքերն իհարկե գործադրեցին և շարունակում են գործադրել Միացյալ Նահանգները, ինչի համար երախտապարտ եմ Միացյալ Նահանգների վարչակազմին»:

«Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մերձեցմանն ու շարունակելու է նպաստել այդ գործընթացին»,- 2009թ. դեկտեմբերին հայտարարեց Դմիտրի Մեդվեդևը:

Մոսկվան ողջունել էր Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկը: 2008թ. հուլիսի առաջին օրերին Անկարա մեկնեց արտգործնախարար Սերգեյ Լավրովը և թուրք պաշտոնատարների հետ քննարկեց նաև Երևան-Անկարա հարաբերությունների հեռանկարը: 2009թ. հոկտեմբերին Լավրովն իր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ Ցյուրիխում կանգնած էր Դավութօղլուի ու Նալբանդյանի գլխավերևում և զուսպ ծափահարում էր հայ-թուրքական երկու արձանագրությունների ստորագրման՝ վերջին պահին տապալումից փրկված արարողությունը:

Գյուլին հրավեր ուղարկելը Հայաստանին և նրա նախագահին դիվանագիտական զգալի վարկ տվեց: Հայաստանն ստացավ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Իսկ երբ Թուրքիայի նախագահը ֆուտբոլային հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ ընդունեց հրավերը, հորդեցին միջազգային գովասանքները: Հայ-թուրքական «ձնհալը» ամիսներ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր:

Գյուլը Երևանում.հայերը զինանշանի վրայից ջնջում են Արարատը

2008թ. սեպտեմբերի 6-ի կեսօրին «Զվարթնոց» օդանավակայան` Արարատ սարի ստվերի ներքո, վայրէջք կատարեց «Էյրբաս-319» օդանավը, որի թևերի վրա ամբողջությամբ պատկերված էր մահիկ-աստղով թուրքական վառ կարմիր դրոշը: Օդանավի շարժասանդուղքով իջնում և բեղերի տակից ինքնագոհ ժպտում էր Գյուլը:

Երիտասարդ դաշնակցականների սուլոցների և «ճա-նա-չում» վանկարկումների ներքո Գյուլը օդանավակայանում իրեն դիմավորող արտգործնախարար Նալբանդյանի հետ տեղավորվեց հատուկ Թուրքիայից ուղարկված զրահապատ մեքենայի մեջ: Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել էին, որպեսզի Գյուլին հնարավորինս հեռու պահեն այդ օրերին կառավարության մաս կազմող Դաշնակցություն կուսակցության բողոքի գործողություններից:

«Ես Կարսից եմ», «Ես Արդահանից եմ», «Ես Վանից եմ», «Ես Իգդիրից եմ». այսպիսի ցուցապաստառներով հազարավոր հայեր Երևանի կենտրոնական պողոտաներում, որտեղով պիտի անցներ Գյուլը, «կենդանի շղթա» էին կազմել և իրենց բողոքն էին հայտնում Թուրքիայի նկատմամբ:

Բաղրամյան պողոտայում կագնած Անահիտ Բերբերյանը, ում նախնիները տունն ու կահկարասին կորցրել են Վանում, մի ցուցապաստառ էր պարզել, որի վրա գրված էր. «Իմ հայրենի տունը Վանա լճի մոտ է»: «Ես Վանը տեսել եմ միայն լուսանկարներով: Մտածում եմ, որ եթե գնամ Վան,  հայրենազրկության ցավը շատ ավելի սուր կզգամ»,- ասում էր նա և ցուցապաստառը ձեռքին սպասում Գյուլին, որի զրահապատ մեքենան պիտի անցներ Բաղրամյան պողոտայով:

Արմինե Խաչատուրյանը արմատներով Կարսից է: «Ես մեծացել եմ հայրենազուրկի ընտանիքում, իմ տատն ու պապը մեծացել են ամերիկյան մանկատանը: Նրանք ցեղասպանության ժամանակ կորցրել են իրենց ծնողներին: Իմ տատը մինչև մահ երազում գաղթ էր տեսնում ու վեր էր թռչում անկողնուց: Նա անգամ երազում փախչում էր թուրքերից»,- ասաց Գյուլին սպասող միջահասակ կինը:

Թուրքիայի նախագահի այցը, սակայն, համընդհանուր ընդվզում չառաջացրեց Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում: Դաշնակցական գործիչ Արմեն Ռուստամյանը այսպես նկարագրեց այդ օրերի պատկերը. «Մի անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգևորություն է տիրում, կարծես մեր կորած եղբորն ենք գտել»:

Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթե արդեն հին զինանշանի վրա Արարատ սարն էր` հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկը, ապա նորի վրա ուղղակի գնդակ էր  նկարված: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանվել էր նաեւ Արարատ սարի պատկերը: Քննադատության հուժկու ալիքի հանդիպելով` ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը պաշտպանվելով արձագանքեց. «Ես ընդունում եմ, որ իրոք սխալ ենք թույլ տվել: Բայց դա չի նշանակում, որ ինձ պետք է մեղադրել յուրաքանչյուր մեղքի համար: Ես չեմ ստորագրել Ալեքսանդրապոլի կամ Կարսի պայմանագրերը»: Ընտրական հանդիպումից մեկ ամիս անց Արարատ լեռը նորից դրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյում նոր ձևավորմամբ:

Սեպտեմբերի 6-ին հայաստանյան օրաթերթերի մեծ մասը իրենց վերջին էջը նվիրել էին Գյուլին: Ողջույն-գովազդում` անգլերենով և հայերենով ասվում էր. «Բարի գալուստ մեծարգո նախագահ Աբդուլլահ Գյուլ: Արդար խաղ ոչ միայն 90 րոպեների ընթացքում: Դա է մեր ցանկությունը»: Հայկական եթերը հեղեղված էր «հայ-թուրքականությամբ»: Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց մի խնձորենի, որը սեպտեմբերին ծաղկել էր, և դա, որպես ավետիս, կապվեց Գյուլի այցի հետ:

Արմեն Այվազյանը նկատում է. «Քարոզչական աշխատանք տարվեց ժողովրդի հետ` թուրքասիրական մոտիվներով, խեղաթյուրվեցին մեր մի շարք խորհրդանիշներ` զինանշանի վրայից Մասիսների վերացումը, անհասկանալի կոչը` ոտքի կանգնել Թուրքիայի հիմնի հնչեցման ժամանակ: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է կանգնել, և ինչո՞ւ հայը պետք է հարգի օրհներգը մի պետության, որի քաղաքականությունն իր նկատմամբ թշնամական, հարձակողական ու վիրավորական է»:

Թուրքիայում ևս միանշանակ չընկալվեց Գյուլի Երևան այցը: «Միգուցե Գյուլը գնար և աղոթեր Հայոց ցեղասպանությանը նվիրված վայրում և ծաղկեպսակ դներ այնտեղ»,- հայտարարեց Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Բայքալը: «Հայաստանը ճանաչե՞լ է Թուրքիայի սահմանները, հրաժարվե՞լ է ցեղասպանության պնդումներից, զորքերը դուրս բերու՞մ է Ղարաբաղի գրավյալ հողերից: Եթե այս քայլերը տեղի չեն ունեցել, ապա ինչու՞ է նա գնում»:

Գյուլի Երևան այցի նախօրեին գրավոր հայտարարություն տարածեց ԱՇԿ առաջնորդ Բահչելին. «Պատմական սխալ կլինի գնալ Հայաստան` տեղի տալով արտաքին ճնշումներին և պարտադրանքին և ենթարկվելով հայկական լոբբիին երկրի ներսում: Նման գործելակերպը կվիրավորի Թուրքիայի արժանապատվությունը»:

Ի պատասխան, արտգործնախարար Բաբաջանը հիշեցրեց Բահչելիի կուսակցության հիմնադիր, հանգուցյալ Ալփասլան Թյուրքեշի և հայ պաշտոնյաների, այդ թվում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի միջև նախկինում եղած շփումների մասին:

«Գյուլը մտադիր էր գնալ: Ոչ բոլոր դիվանագետներն էին գոհ այդ քայլից: Նա շատ նամակներ ստացավ, որոնցում խորհուրդ էր տրվում չգնալ Երևան: Կար անվտանգության խնդիր, սադրանքների վտանգ: Մի փոքրիկ միջադեպն անգամ կարող էր ամեն ինչ փչացնել»,- ասել է մի թուրք պաշտոնյա:

Որևէ տհաճ միջադեպ թույլ չտալու համար հայկական կողմն արել էր ամեն ինչ: Բացի այդ, Թուրքիայի նախագահի անվտանգությունը, հայ գործընկերների հետ, ապահովում էր մոտ հինգ տասնյակ հոգանոց թուրքական պահակազորը: Երևանում և «Հրազդան» մարզադաշտում Գյուլի անվտանգությունը ապահովելու նպատակով թուրքական կողմը 8 դիպուկահարների էր գործուղել, ովքեր պետք է աշխատեին հայ դիպուկահարների հետ համատեղ: Ֆուտբոլային հանդիպման ընթացքում հնարավոր հարձակման չենթարկվելու համար նախագահներ Սարգսյանի և Գյուլի նստատեղերի առաջ փամփշտարգել ապակիներ էին տեղադրվել: Երևան էին ուղարկվել Գյուլի զրահապատ մեքենան ու պահպանության սարքավորումները:

Ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի նախագահի հետ միասին դիտելը Գյուլի այցելության վերջին հատվածն էր: Մինչ այդ` օդանավակայանից Թուրքիայի նախագահը ուղևորվել էր հյուրանոց` ոգևորելու թուրք ֆուտբոլիստներին: Ապա Թուրքիայի նախագահին առաջնորդեցին Բաղրամյան 26` նախագահական պալատ: Ընդունելության մեծ դռների մոտ կողք-կողքի դրված էին հայկական եռագույնն ու թուրքական կիսալուսին-աստղը:

Թուրքիայի նախագահը դուրս է գալիս զրահապետ մեքենայից, աստիճանների մոտ նրան դիմավորում է Հայաստանի նախագահը: Ահա և պահը. իրար ձեռք են սեղմում և լայն հայացքներով երկար ժպտում Սարգսյանն ու Գյուլը: Սեպտեմբերյան արևի տակ նրանց դեմքերը պայթում էին հրճվանքից:

Գյուլը Հայաստանում մնաց միայն վեց ժամ, այդ ընթացքում նրան բերած նախագահական ինքնաթիռի շարժիչը չանջատվեց: Բանակցությունների ընթացքում, ըստ հեռուստաընկերությունների ցուցադրած պահերի, նախագահները ակնհայտորեն գոհ տպավորություն էին թողնում: Նրանք ձեռքի շարժումով և չափազանց գոհ ժպիտներով ողջունում էին նաև մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներին:

Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ:

«Առաջին հանդիպումը շատ լավ անցավ: Նրանք (հայերը) օղի էին խմում, նախագահը (Գյուլը) նարնջի հյութ: Նրանք մանրամասների մեջ չմտան, բայց ընդհանուր առմամբ նրանց մոտեցումները համընկնում էին»,- ասել է հանդիպմանը ներկա մի թուրք պաշտոնյա:

Ընթրիքից հետո Սարգսյանն ու Գյուլը ուղևորվեցվին «Հրազդան» մարզադաշտ: Թուրքիայի հավաքականը հաղթեց 2-0 հաշվով:

Քննադատողներից Արմեն Այվազյանը ասաց, որ դա «խաղ էր մեկ դարպասի վրա` և ‎‎ֆուտբոլում, և դիվանագիտության մեջ, և քարոզչական իմաստով»: «Թուրքիայի նախագահը մի քանի քաղցր խոսք է ասում, մեր հեռուստաընկերություններով այդ խոսքերն անընդհատ հնչում են: Թուրքիայի դրոշը այս վերջին օրերին ավելի շատ ցուցադրեցին, քան երբևէ ցուցադրել էին Հայաստանի դրոշը հայկական հեռուստաալիքներով»,- նկատեց Այվազյանը:

Նախագահ Սարգսյանը, Հայաստանի ողջ իշխանական համակարգը, խորհրդարանում իշխանական կոալիցիան` Հանրապետական, Բարգավաճ Հայաստան և Օրինաց երկիր կուսակցությունները, հեռուստաընկերությունների մեծ մասը, իշխանամետ փորձագետներն ու քաղաքագետները, պալատական մտավորականությունը, ըստ նրանց դեմքի արտահայտության ու հայտարարությունների, երջանկությանը մոտ զգացումներ էին ապրում Թուրքիայի նախագահի այցից:

Մի քանի օր անց նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե «բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը և Գյուլի այցը Հայաստան»: «Պարոն Գյուլը մի քանի անգամ ասաց, որ Թուրքիայում այսօր կա քաղաքական կամք` անդրադառնալու մեր միջև գոյություն ունեցող խնդիրներին: Շատ էական եմ համարում, որ նա իր այդ խոսքերը որևէ այլ հանգամանքով չէր պայմանավորում: Նաև ուրախ եմ, որ պարոն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, և կարծում եմ, թե չափազանց կարևոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Պարոն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, և ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետև միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից: Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից: Որևէ քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին` լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել»:

Հետագայում ևս նախագահ Սարգսյանը պնդում էր. «Համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, և հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երևան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը, դժվար խնդիրներ լուծելու շատ լավ օրինակ է: Եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»:

Սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան Երևանից Անկարա վերադարձի ճանապարհին, օդանավում լրագրողների հետ զրույցում Գյուլն իր այցը գնահատել էր «արդյունավետ և խոստումնալի». «Ես հավատացած եմ, որ իմ այցը վերացրեց Կովկասում գոյություն ունեցող հոգեբանական պատնեշը: Այցելությունս ավարտեցի դրական զգացումներով և մտքերով»: Գյուլին ուղեկցող թուրք լրագրողները գրեցին, որ Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման մասին չեն խոսել: «Կովկասի ամենակարևոր հարցը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Իմ այցը Երևան կարող է նպաստել այդ հարցի լուծմանը»,- թուրք լրագրողները մեջբերեցին Գյուլին, նաև պնդելով, որ հանդիպումների ընթացքում խոսք չի եղել Հայոց ցեղասպանության մասին:

Ավելի ուշ, ամերիկացի լրագրողների հետ զրույցում, ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության հնարավորության հարցին ի պատասխան Գյուլն ասաց, որ «մենք անկեղծորեն ցանկանում ենք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծումը և պատրաստ ենք նպաստել դրան»: «Այդ հարցը, երբ ես Երևանում էի, բարձրացրել է նախագահ Սարգսյանն ինքը»:

Թեև շատերը, առաջին հերթին` միջազգային հանրությունը, Գյուլի Երևան այցը որակեցին պատմական, Անկարայի քաղաքականությունը չփոխվեց: Ավելին, Թուրքիայի վարչապետն ու այլ պաշտոնյաներ Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչեցրին բառապաշար, որը նախկինում չէր գործածվել: Թուրք-հայկական սահմանը մնաց փակ, դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, Անկարան շարունակեց հարաբերությունների բարելավումը կապել ղարաբաղյան խնդրի հետ:

Նախագահ Սարգսյանը, ըստ նրա ելույթների ու հարցազրույցների, թվում է, հավատում էր, որ մերժողականության հարցում Թուրքիան փոխվել է: 2008թ. սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ելույթում նա մեջբերեց Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը, ով ասել էր, որ «Թուրքիան պատրաստ է նայել իր անցյալին, պատրաստ է դեմ հանդիման կանգնել ենթադրվող հանձնաժողովի եզրահանգումներին»: Նախագահ Սարգսյանի կարծիքով` «Սրանք խիզախ իշխանության ներկայացուցչի խոսքեր են: Այժմ մենք պիտի մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում»:

Արմեն Այվազյանը Հայաստանի քիչ պատմաբաններից էր, ով հրապարակավ և կոշտ կերպով հակադարձեց նախագահ Սարգսյանին` ընդգծելով, որ «Թուրքիայի ներկա հայատյաց իշխանություններին և քաղաքական գործիչներին տրվում են սխալ գնահատականներ». «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը նրանց անվանում է, ոչ ավելի,  ոչ պակաս, քան «խիզախ գործընկերներ» և չի ուզում նկատել, որ նրանք թուրքական ավանդական ցեղասպանական քաղաքականության մերօրյա շարունակողներն են: Հիշենք թեկուզ Իսրայելի և Գերմանիայի ղեկավարների կտրուկ արձագանքները, նրանց արժանապատիվ պահվածքը, երբ Իրանի նախագահը փորձում էր ժխտել հրեաների Հոլոքոստը: Իսկ մեր նախագահն այն մարդկանց, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, նույն Էրդողանին ու Գյուլին, համարում է իր «խիզախ գործընկերները»:

Սեպտեմբերի 6-ի նախօրեին թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանը թեկուզ մի քանի օրով բացելու առիթը կորցրեց: Եվ հենց այն իրողությունը, որ գոնե ֆ‎‎‎‎‎‎‎ուտբոլասերների առաջ չբացվեց սահմանը, բավարար էր համոզվելու, որ Անկարան որևէ մտադրություն չունի վերջ տալու շրջափակմանը: Հայկական կողմը անգամ վերանորոգեց Կարս-Գյումրի երկաթուղու` հայկական հատվածը: Թուրքական կողմում վերանորոգման, հետևաբար նաև` սահմանի ժամանակավոր բացման որևէ աշխատանք չկատարվեց:

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը ոչ միայն չտեսնելու ու չլսելու էր տալիս թուրքական կողմից հնչող կոշտ գնահատականները, այլև պատեհ-անպատեհ առիթներն օգտագործում էր` ցույց տալու իր բարյացակամ վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: Սրա հետ մեկտեղ պետք է ընդգծել, որ Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, նախկինում էլ Թուրքիայի հանդեպ ունեցել է զուսպ կեցվածք: «Ես այն մարդկանցից չեմ, ովքեր պնդում են, թե կարևոր չէ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների հարցը չի լուծվում, և սահմանն էլ չի բացվում, և որ ստատուս-քվոն չի խանգարում մեր զարգացմանը»,- ասել էր Սարգսյանը 2007թ. հոկտեմբերին: «Բայց ես նաև կարծում եմ, որ մարտահրավերները չեն կարող մեզ ծնկի բերել»:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ օրակարգից չեն հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, Սակայն ի տարբերություն Քոչարյանի ու նրա վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր  տասը տարի հետևողականորեն միջազգային ամբիոններն օգտագործում էին Հայոց ցեղասպանության հիշատակման համար, ապա Սարգսյանն ու Նալբանդյանը 2008-2009 թթ. ընթացքում, երբ պաշտոնական Երևանն ակնկալում էր բեկում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, այնքան էլ չէին կենտրոնանում այդ հարցի վրա:

2008 թ. նոյեմբերին Առաջին աշխարհամարտի ավարտի 90-ամյակն էին նշում և իրենց զոհերին ոգեկոչում պատերազմի  մասնակից պետությունները: «Եվ միայն Հայաստանը, որն այդ պատերազմում բոլորից ավելի էր զոհ ու կորուստ տվել, պաշտոնական մակարդակով մեկ բառով իսկ չհիշատակեց այդ տարեդարձը, որպեսզի հանկարծակի հօդս չցնդեն «հայ-թուրքական հաշտեցման»` հայ քաղաքական վերնախավի փուչ պատրանքները»,- նկատեց Այվազյանը:

Հայաստանի երեք նախագահներից և ոչ մեկը հրապարակավ կամ բանակցությունների ընթացքում տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային, Հայաստանի որևէ կառավարություն չեղյալ չի համարել Կարսի պայմանագիրը, որով հաստատել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության և Խորհրդային Հայաստանի սահմանները: Բայց եթե Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը ուղղակի չէին ասում, այլ հասկացնել էին տալիս, որ Հայաստանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Թուրքիայից, ապա Սարգսյանը բացահայտ հայտարարում է, որ հողային որևէ պահանջ չունի:

Գյուլի Երևան այցի նախօրեին` թուրքական «Ռադիկալ» թերթի հետ զրույցում, նախագահ Սարգսյանն ասաց ավելին. «Բազմիցս թուրք պաշտոնյաների կողմից լսել եմ հարց «Արևմտյան Հայաստան», «Արևելյան Հայաստան» տերմինների մասին: Ինձ համար տարօրինակ էր միշտ, և միշտ փորձել եմ բացատրել «Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինների նշանակությունը. դրանք պատմականորեն ձևավորված տեղանուններ են և այդ տեղանունները, նաև այդ ձևակերպումները գալիս են 19-րդ դարի երկրորդ կեսից: Հիմա խոսել այն մասին, որ այս տեղանունների կամ բառակապակցությունների մասին մոռանանք, նույնն է, որ պահանջ դնենք, ասենք, մոռանանք, որ եղել է Կիևյան Ռուսիա, Օսմանյան Կայսրություն, Սպարտա»:

Շատ հայ պատմաբաններ դժգոհություն հայտնեցին, սակայն քչերը հրապարակավ քննդատելու համարձակություն ունեցան: Այվազյանը մի հեռուստաելույթում նկատեց. «Հայաստանի նախագահը իր Ապրիլքսանչորսյան ուղերձում ասաց` «Ցեղասպանություն, որ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում»: Հայաստանի Անկախության հռչակագրում այլ ձևակերպում է տրված` «Ցեղասպանություն, որ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում»: Ի՞նչու է նախագահը խուսափում օգտագործել Արևմտյան Հայաստան տերմինը: Նախագահը թուրք լրագրողին հարցին ասում է, որ Արևմտյան Հայաստանը աշխարհագրական տերմին է: Թուրքիայի հետախուզության վաղեմի ծրագիրն է եղել Հայաստան անունը ներկայացնել որպես աշխարհագրական տերմին՚:

1991թ. ապրիլին, երբ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր, խորհրդարանի նախագահ Տեր-Պետրոսյանը թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի հետ զրույցում հողային պահանջատիրության հարցին ի պատասխան ասել  է. «Այս պահին մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս տնտեսական հարցերին: Տնտեսական հարաբերություններ ապահովելու և փոխադարձ վստահությունը հաստատելուց հետո կարող ենք օրակարգ բերել նաև քաղաքական հարցերը: Հողային հարցը շատ նուրբ հարց է: Հայաստանի խորհրդարանի կողմից 1915թ. դեպքերը ցեղասպանություն որակող մեր որոշման մեջ Թուրքիայից ուղղակի հողային պահանջի վերաբերյալ խոսք չկա: Այդ պահին կողմնակից չենք քաղաքական հարցերը խնդրո առարկա դարձնել»: Հարցին` «Ուզում եք ասել, որ եթե ժամանակը գա, կարող եք դրանք երևա՞ն հանել», Տեր-Պետրոսյանը պատասխանում է. «Դրա պատասխանը իսկույն տալը դժվար է: Ուզում ենք, որ հարաբերությունները լավ ընթանան: Այդ պատճառով, այս պահին անօգուտ է օրակարգի մեջ նմանօրինակ հարցեր պահել»:

Կիրո Մանոյանի խոսքերով` «Հայաստանը այսօր ի վիճակի չէ Թուրքիայի առաջ տարածքային պահանջներ դնել: Այսօր ի վիճակի չէ ոչ թե որովհետև փաստաթղթեր չկան, այլ պարզապես որովհետև տակավին չունի այդ ուժը, և քաղաքական պահը նպաստավոր չէ: Սակայն Հայաստանը չպետք է նաև անի այնպիսի քայլեր, որոնք վաղը կարող են խոչընդոտել նման պահանջների ներկայացմանը»:

Ժամանակը և հայ-թուրքական շփումների վերջին քսան տարիները, առաջին հերթին «ֆուտբոլային դիվանագիտությունը» հաստատեցին, որ Թուրքիայից հողային պահանջ չունենալը բավարար չէ, որպեսզի Անկարան Երևանի հետ հաստատի հարաբերություններ: Փաստացի, Թուրքիան պահանջում է, որ Երևանը փաստաթուղթ ստորագրի այն մասին, որ Հայաստանը ապագայում չի ունենա հողային պահանջ: Այսինքն, Թուրքիան պահանջում է հրաժարվել մի բանից, որն այսօր Հայաստանը չի պահանջում:

Նալբանդյան-Բաբաջան բանակցությունները

Գյուլի Երևան այցից անմիջապես հետո սկսվեցին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումները, որոնք, ինչպես և նախկինում, հիմնականում տեղի էին ունենում միջազգային համաժողովների շրջանակներում: Պաշտոնական չոր հաղորդագրությունները շատ բան չէին ասում այդ բանակցությունների մանրամասների, խորության և լրջության մասին: Այդ հանդիպումներում քննարկվող հիմնական թեման, ինչպես պարզվեց փոքր ավելի ուշ, հայ-թուրքական երկու փաստաթղթերն էին, որոնք անվանվեցին արձանագրություններ, թեև դրանք պայմանագրեր էին:

Նալբանդյանի և Բաբաջանի առաջին հանդիպումը կայացավ Երևանում՝ 2008թ. սեպտեմբերի 6-ի կեսգիշերին՝ ֆուտբոլային հանդիպումից հետո, և տևեց 2.5 ժամ:

Կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի ձևավորման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը անմիջապես հետևել էր ռուս/օս-վրացական հնգօրյա պատերազմին: Թուրքիայի առաջարկը նորություն չէր.1999թ. վերջերին նախագահ Քոչարյանը, ապա կարճ ժամանակ անց նախագահ Դեմիրելը շրջանառության մեջ դրեցին Կովկասում անվտանգության համակարգի ձևավորման գաղափարը, որը, սակայն, ինչպես և պլատֆորմի դեպքում, զարգացում չապրեց:

Տեր-Պետրոսյանը անգամ զուգահեռներ անցկացրեց կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի ու ՍԾՏՀ նախաձեռնության միջև: «Կովկասյան կայունության և համագործակցության պլատֆորմը, անշուշտ, ողջունելի է: Սակայն նրա իրականացումը մեծապես կախված է այն բանից, թե որքան անկողմնակալ և կառուցողական կլինի Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Բացի այդ, դժվար է պատկերացնել նման գաղափարի հաջողությունը առանց տարածաշրջանային կարևոր դերակատարներից մեկի՝ Իրանի մասնակցության»:

Բացի այդ, ինչպե՞ս է հնարավոր համագործակցություն կամ անվտանգության համակարգ փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի, Վրաստանի ու Ռուսաստանի կամ Հայաստանի ու Թուրքիայի միջև:

Մինչև 2009թ. ապրիլ, երբ հայտարարվեց հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» մասին, ապա և մայիսի սկզբին Թուրքիայում տեղի ունեցավ արտգործնախարարի փոփոխություն, Նալբանդյանն ու Բաբաջանը հանդիպեցին 7 անգամ: Նրանց միջև երկրորդ հանդիպումը կայացավ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Նախ կայացան բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի թիվ մեկ դիվանագետների, ապա Նալբանդյանի ու նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի միջև, որին հաջորդեց հանդիպում եռակողմ ձևաչափով՝ Բաբաջան-Նալբանդյան-Մամեդյարով: Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ քննարկվել են «տարածաշրջանային վերջին զարգացումներն ու կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը»:

Հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ ձևաչափով հանդիպումը հայկական որոշ շրջանակներ քննադատեցին: Բաբաջան-Նալբանդյան-Մամեդյարով բանակցության փաստը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը որակեց «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում հայկական կողմի թույլ տված «ամենամեծ սխալը», որովհետև «դրանով Հայաստանը Թուրքիային կողմ համարեց ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ»:

Տեր-Պետրոսյանը անընդունելի համարեց Անկարայի որևէ ներգրավում՝ հիշեցնելով 1993թ. ապրիլը, երբ ինքը մեկնել էր Օզալի հուղարկավորությանը. «Այնտեղ Դեմիրելը ինձ և Էլչիբեյին առաջարկեց եռակողմ հանդիպում կազմակերպել: Ես մերժեցի: Հետո խնդրեց, որ լավ, եթե ոչ իր մակարդակով, գոնե իմ և Էլչիբեյի հանդիպմանը մասնակցի Թուրքիայի արտգործնախարարը: Բայց դա կրկին եռակողմ էր, և ես նորից մերժեցի: Ես ասացի՝ առանձին կհանդիպեմ Էլչիբեյին դեմ առ դեմ, և ինչ որ պետք է, մենք կխոսենք մեր երկու երկրների հարաբերությունների մասին: Եռակողմ այս հանդիպման իմաստը, փաստորեն, Թուրքիայի միջնորդության ընդգծման իմաստ ուներ»:

Նյու Յորքում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո եռակողմ ձևաչափով այլևս հանդիպումներ չկայացան, թեև քիչ չէին դեպքերը, երբ նույն ժամին, նույն վայրում էին լինում երեք արտգործնախարարները:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հերթական, թվով երրորդ հանդիպումը կայացավ նոյեմբերի 24-ին, երբ մեկօրյա այցով Նալբանդյանը մեկնել էր Ստամբուլ ՝ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում:

Նալբանդյանի ու Բաբաջանի միջև 2008թ. վերջին՝ չորրորդ հանդիպումը կայացավ դեկտեմբերի 4-ի Հելսինկիում, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում: Թուրքական մամուլում հրապարակումներ էին տեղ գտնում, համաձայն որոնց թուրքական կողմից մասնակցում էին Էրթուղրուլ Ապականը և Ունալ Չևիքոզը, իսկ հայկական պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:

Նյութի աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյան-  «Հայացք Արարատից հայերը և թուրքերը. պատերազմ, սառը պատերազմ, դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...