Պետությունների երկկողմ
հարաբերությունների համատեքստում իրենց ուրույն դերն ունեն գիտակրթական և մշակութային
կապերը: 1992թ. փետրվարի 26-ին ՀՀ-ի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների
հաստատումից հետո կողմերը ձեռնամուխ են եղել զարգացնել երկկողմ համագործակցությունը
բոլոր ոլորտներում: Սակայն, ի տարբերություն քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների,
գիտակրթական և մշակութային կապերը մինչև 2000-ական թթ. գտնվել են «երկրորդ պլանում»:
Դեռևս 1992թ. դեկտեմբերի
3-ին ստորագրվել է «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև
մշակութային և գիտական համագործակցության վերաբերյալ պայմանագիրը»: Հաջորդող տարիներին
ևս կողմերը քննարկել են մշակութային և գիտակրթական համագործակցության ընդլայնմանն ուղղված
տարբեր համաձայնագրերի կնքմանը, ինչպես նաև կոնկրետ ոլորտի զարգացմանն ուղղված փոխայցելությունների
իրականացման խնդիրները:
Ինչպես այլ ոլորտներում,
այնպես էլ մշակութային և գիտակրթական համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը
սկսել են ակտիվանալ Լեհաստանում ՀՀ դեսպանատան բացումից հետո: 1997թ. սկսած ի թիվս
այլ հանդիպումների Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Հովակիմյանը
հանդիպումներ է ունեցել լեհական մշակութային և գիտական տարբեր կառույցների ու կազմակերպությունների,
ինչպես նաև լեհահայոց կազմակերպությունների հետ և փորձել է ակտիվացնել համագործակցությունն
այս ոլորտում: Այս համատեքստում հիշատակության է արժանի Վարշավայում գործող «Լեհաստան-Արևելք»
ընկերության շրջանակներում 1998թ. հունվարին «Լեհաստան-Հայաստան» ընկերության ստեղծումը,
որն ուղղված էր նաև երկկողմ մշակութային, գիտական կապերի ընդլայնմանը: Ընկերության
համանախագահ Ստեֆան Նավրոտի և վարչության անդամների հետ նույն թվականի օգոստոսին կայացած
հանդիպման ժամանակ Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Հովակիմյանը
առաջարկում է ՀՀ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել ՀՀ անկախության օրվան և Սպիտակի
երկրաշարժի 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ հրավիրելով նաև այն բոլոր լեհերին,
որոնք մասնակցել են երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու շարժմանը:
1998թ. հունվարի 27-ին
Վարշավայում ստորագրվել է նոր համաձայնագիր ՀՀ-ի և Լեհաստանի կառավարությունների միջև
մշակութային և գիտական համագործակցության վերաբերյալ, որը ուժի մեջ է մտել 1999թ. նոյեմբերի
19-ին:
Արդեն նույն թվականի
սեպտեմբերի 4-ին ՀՀ դեսպանատան անձնակազմը հանդիպում է ունեցել Լեհաստանի մշակույթի
և արվեստի նախարար Յոաննա Վնուկ-Նազարովայի հետ: Վերջիններս քննարկել են երկկողմ համագործակցության
հնարավորությունները ցուցահանդեսների կազմակերպումից մինչև համագործակցությունը թանգարանների
միջև: Կողմերը քննարկել են նաև մեզ համար առավելապես հետաքրքրություն ներկայացնող հայ
ժողովրդի մշակութային արժեքների պահպանման և ուսումնասիրման խնդիրը:
Մշակութային կապերի ընդլայնմանն
ուղղված գործուն քայլերից է համարվում 1999թ. Կրակովի ազգային թանգարանի և Մեսրոպ Մաշտոցի
անվան հին ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի միջև սկսված համագործակցությունը: Կրակովի
ազգային թանգարանի նախաձեռնությամբ թանգարանում նոյեմբերի 26-ին բացվել է «Լեհահայեր.ինքնություն
և ինտեգրացում» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացվել են Մատենադարանում գտնվող
մի շարք ցուցանմուշներ: Ցուցահանդեսին ներկայացնելու համար նախապես Լեհաստանի ու Լվովի
գրեթե բոլոր թանգարաններից և մշակութային այլ կենտրոններից հավաքվել են մեծ քանակությամբ
ցուցանմուշներ, որոնք այցելուներին պատմում էին Եվրոպայի ամենահին հայկական գաղութի
ու նրա բնակիչների մասին: Մինչև ցուցադրության իրականացումը լեհ արվեստագետ Բեատա Բետրոնսկա-Սլոտան
շուրջ 2.5 տարի ուսումնասիրել է հին լեհահայերի ակունքները, նրանց պատմությունը և հավաքագրել
բոլոր հնարավոր առկա նյութերը: Արդյունքում լեհական իրականության մեջ բացվեց ցուցահանդես,
որը տվյալ ժամանակաշրջանի համար բավական մեծ հնչեղություն ունեցավ և իր լուման ունեցավ
հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում:
2000-ականներից սկսած
ակտիվանում են երկու երկրների կառավարական մարմինները, տեղում կազմակերպվող միջոցառումները:
Դրանց թվին է դասվում 2000թ. փետրվարի 15-ին Լեհաստանի սեյմի դահլիճներից մեկում տեղի
ունեցած գիտական-ճանաչողական գիտաժողովը. «Լեհերը Հայաստանում և հայերը Լեհաստանում՝
պատմական զարգացման մեջ» խորագրով: Վերջինս կազմակերպվել է լեհ-հայկական պատգամավորական
խմբի ու «Լեհաստան-Հայաստան» ընկերության կողմից Լեհաստանի սեյմի աջակցությամբ: Գիտաժողովի
բացման խոսքում լեհ-հայկական խորհրդարանական խմբի նախագահ Անջեյ Ուրբանչիկը և Լեհաստանում
ՀՀ դեսպան Հովակիմյանը բարձր են գնահատել նման գիտաժողովների անցկացումը և շեշտադրել
դրանց կարևորությունը երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
Հատկանշական է նույն
թվականի փետրվարի 17-ին կայացած Հովակիմյանի հանդիպումը Լեհաստանի ազգային կրթության
նախարարության եվրոպական ինտեգրացման և արտասահմանի հետ համագործակցության դեպարտամենտի
տնօրեն Մագդալենա Մաժինսկայի հետ: Հանդիպման ընթացում քննարկվել է հատկապես կրթության
բնագավառում կապերի զարգացումն ու հայ ուսանողների Լեհաստանում ուսումնառության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում Մաժինսկան նշել է, որ Լեհաստանում 2000թ. դրությամբ սովորում են
12 հայաստանցի ուսանողներ, սակայն Լեհաստանի կառավարությունը չի տրամադրում տեղեր ուսման
ամբողջ շրջանի համար, այլ միայն կարճատև՝ 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով, այն էլ միայն
որոշակի մասնագիտությունների գծով: Կողմերը քննարկել են կրթության բնագավառում հետագա
համագործակցության հնարավորությունները:
Վերոհիշյալ ժամանակահատվածում
առավելապես ակտիվացել են կրթական կապերը հանրակրթական դպրոցների միջև: Լեհաստանում
ՀՀ դեսպանություն են դիմել Վարշավայի և այլ քաղաքների տարբեր դպրոցներ և վարժարաններ՝
խնդրելով օգնել կապ հաստատել հայկական միջնակարգ դպրոցների հետ և հաստատել սերտ համագործակցություն,
ինչը հնարավորություն կտար տարածել հայկական և լեհական մշակույթն ու լեզուն երկու երկրների
երիտասարդության շրջանում: ՀՀ ԿԳՆ-ն համաձայնություն է տվել առաջարկներին և հատկապես
Երևանի մի քանի դպրոցների և լեհական դպրոցների ու վարժարանների միջև հաստատվել է համագործակցություն:
Երկկողմ մշակութային
կապերի ընդլայնմանն ուղղված փոխայցելություններից կարելի է առանձնացնել 2001թ. հոկտեմբերի
3-7-ը ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի
այցը Վարշավա: Այցի նպատակն է եղել ծանոթանալ Լեհաստանի հեռարձակման ազգային խորհրդի
գործունեությանը: Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել լեհական առաջավոր հեռուստառադիոընկերությունների
հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայկական ռադիոյի և հեռուստաընկերությունների
արդիականացման ծրագրերը ԵՄ պահանջներին համապատասխան, օգտագործվող տեխնիկայի կատարելագործումը
և այլն: Այցի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության
վերաբերյալ:
Երկկողմ գիտակրթական
համագործակցությանն ուղղված քայլերից հատկանշական է 2002թ. ԵՊՀ-ի և Լեհաստանի գիտությունների
ակադեմիայի միջև կնքված համագործակցության պայմանագիրը, որը կարող էր բոլորովին նոր
որակ հաղորդել երկու երկրներում գիտության, ինչպես նաև գիտակրթական հաստատությունների
առաջընթացին:
2003թ. սկսած նկատվում
է Լեհաստանում կազմակերպված միջոցառումներին ՀՀ ներկայացուցիչների մասնակցության ավելացում:
Մասնավորապես, 2003թ. սեպտեմբերի 5-7-ը Լեհաստանի Տչև քաղաքում կայացած թատերական և
ցուցադրական արվեստի «ZDARZENTIA-Tczew-Europe» խորագրով միջազգային փառատոնին մասնակցել են Երևանի թատրոնի և կինոյի պետական
ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողները: Նույն թվականին Լեհաստանում կայացած «THE CHILD
AND THE DOG» խորագրով 5-րդ միջազգային մանկապատանեկան մրցույթին մասնակցել են Երևանի
«Մակսեդան» դպրոցի, Արմավիրի գեղարվեստի դպրոցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց
տների սաների աշխատանքները և արժանացել բարձր պարգևների:
Արդեն 2004թ. սկսում
է նշմարվել երկու երկրների մայրաքաղաքների միջև համագործակցության սկզբնավորումը: Հուլիսի
5-ին Վարշավայում կայացած հանդիպման ժամանակ լեհական կողմը հստակ առաջարկ է փոխանցել
ՀՀ դեսպանությանը՝ Երևանի հետ համագործակցության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:
Երկկողմ մշակութային և գիտակրթական համագործակցության սերտացման ուղղությամբ մշակվել
է ՀՀ-ի և Լեհաստանի միջև 2004-2007թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիր,
որը բաղկացած էր 14 հոդվածից:
Երկկողմ համագործակցության
սերտացմանն ուղղված կարևոր հանդիպումների շարքին է դասվում Լեհաստանում ՀՀ դեսպանության
երկրորդ քարտուղար Ա.Ասատրյանի և Լեհաստանի ազգային կրթության ու սպորտի նախարարության
միջազգային հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրեն Եվա Սուսկայի հանդիպումը
2004թ. հունիսի 22-ին: Հանդիպման հիմնական նպատակն է եղել քննարկել երկկողմ համագործակցության
զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Հանդիպման ընթացքում «քննարկվել են
համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման, ԵՄ«Նոր հարևաններ» նախաձեռնության
շրջանակներում համատեղ ծրագրի հնարավորությունները: Այդ առումով լեհական կողմն առաջարկեց
երկու երկրների ԱԳ նախարարությունների միջոցով մշակել համագործակցության աշխատանքային
ծրագիր, որը հիմնված կլինի արդեն իսկ ՀՀ և Լեհաստանի կառավարությունների միջև ստորագրված
կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության համաձայնագրի դրույթների վրա
և հնարավորություն կտա իրականացնել տարբեր նախաձեռնություններ: Դրանք կարող են իրենց
մեջ ներառել ուսանողների փոխանակումը, պետական կրթաթոշակների փոխադարձ տրամադրումը,
համատեղ ուսումնական և գիտական ծրագրերի իրականացումը»: Կողմերը քննարկել են նաև դիպլոմների
և գիտական կոչումների փոխադարձ ճանաչման խնդիրը:
2005թ. սեպտեմբերի
21-22-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվել են հայկական մշակույթի օրեր՝ նվիրված
ՀՀ անկախության օրվան և գրերի գյուտի 1600 ամյակին: Հատկանշական է, որ միջոցառման կազմակերպմանն
ու իրականացմանը իրենց մեծ նպաստն են բերել ՌԴ Կալինինգրադի մարզի հայկական ազգային-մշակութային
ինքնիշխանությունը և Լեհաստանում բնակվող հայ նկարիչ Գագիկ Բարսամյանը: Հայկական մշակույթի
օրերին մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Հայրապետյանը, ինչպես նաև հայ և լեհ
մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ: Սեպտեմբերի 22-ին Գդանսկի Սուրբ Յեացեքի
կաթոլիկ եկեղեցում հայ առաքելական եկեղեցու սպասավորները մատուցել են սուրբ և անմար
պատարագ:
2006թ. հուլիսի 21-օգոստոսի
31-ը Վարշավայում տեղի ունեցած «Նոր հորիզոնների դարաշրջան» միջազգային կինոփառատոնի
ընթացքում հայկական կողմի համաձայնությամբ և մասնակցությամբ ցուցադրվել են Փարաջանովի
ֆիլմերը: Վերոհիշյալ միջազգային կինոփառատոնը համարվում է Արևելյան Եվրոպայի խոշորագույն
միջոցառումներից մեկը:
2006թ. երկկողմ համագործակցության
սերտացման նպատակով ՀՀ և Լեհաստանի կառավարությունների միջև մշակվել է մշակույթի, գիտության
և կրթության բնագավառներում 2006-2008թթ. համար գործողությունների ծրագիր: 30 հոդվածից
բաղկացած ծրագիրը նախանշում էր մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության
ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլեր:
Նույն թվականին համագործակցության
հուշագիր է կնքվել ԵՊՀ-ի և Վարշավայի համալսարանի միջև, իսկ ԵՊՀ-ի և Վարշավայի կարդինալ
Սեֆան Վիլինսկու անվան համալսարանի միջև համագործակցության պայմանագիրը ստորագրվել
է 2007թ.: 2006թ. ԵՊՀ 7 ներկայացուցիչներ (այդ թվում՝ դասախոսներ և ուսանողներ) մասնակցել
են Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացված «Քվանտային հաղորդակցության և գաղտնագրության»
միջազգային գիտաժողովին և Պոզնան քաղաքում կայացած «Ձեռնարկությունների ինկուբատոր»
ծրագրին:
2006թ. մայիսի
18-20-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվել են հայ մշակույթի օրեր: Միջոցառումներին
մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, Լեհաստանի սեյմի պատգամավորներ,
այլ քաղաքական այրեր, ինչպես նաև լեհահայ համայնքի ներկայացուցիչներ: Հայ մշակույթի
օրերի ընթացքում ՀՀ դեսպանը տարբեր հանդիպումներ է ունեցել լեհական քաղաքների ղեկավարների
հետ և քննարկել ՀՀ քաղաքների հետ քույր քաղաքներ ճանաչվելու հնարավորությունը: Երկուստեք
ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, իսկ կողմերը հույս են հայտնել, որ
նման կապերի հաստատումը էապես կնպաստի երկկողմ մշակութային կապերի զարգացմանը:
Նույն թվականին Լեհաստանի
Էլբլոնգ քաղաքում քաղաքային իշխանությունների աջակցությամբ կանգնեցվել է խաչքար ի հիշատակ
1915թ. հայոց ցեղասպանության զոհերի:
Նույն թվականին Վարշավայում
«Օկո» մշակույթի կենտրոնում ՀՀ դեսպանության պատվավոր հովանու ներքո և հայ մշակույթի
համակիրների միության աջակցությամ կայացել է հայկական երեկո, որի ընթացքում ներկայացվել
են Լեհաստանում հայերի պատմական ներկայության, ներկայիս Լեհաստանի քաղաքական և մշակութային
կյանքում հայերի դերի և մասնակցության մասին զեկույցներ, ինչպես նաև «ցուցադրվել են
Լեհաստանում ստեղծագործող հայտնի նկարիչներ Ադել Հայրապետյանի և Գագիկ Պարսամյանի գեղանկարները
և Վարշավայի համալսարանի ուսանող Կոնրասդ Սիկորսկու՝ Հայաստան ուղևորության ընթացքում
կատարած լուսանկարները»: Այդ տարի ՀՀ և Լեհաստանի կառավարությունների միջև հաստատվել
է համագործակցության նոր գործնական ծրագիր 2006-2009թթ. համար:
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարությունը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, երաժշտագիտական
գրադարանը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հետ համատեղ անցկացրել են լեհական գրականության
և երաժշտության շաբաթ, որի բացումը տեղի է ունեցել 2007թ. մայիսի 22-ին Արամ Խաչատրյանի
տուն-թանգարանում: Մեկ շաբաթվա ընթացքում անցկացվել են լեհական երաժշտությունն ու գրականությունը
առավելագույնս ներկայացնող տարբեր մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ,
թատերական ներկայացումներ: Միջոցառումներին ներկա են գտնվել ՀՀ-ում Լեհաստանի դեսպան
Տոմաշ Կնոտեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
2007թ. Վարշավայի պետական
համալսարանում սկսվել է հայերենի դասավանդումը լեհ և այլազգի ուսանողներին: Այս առնչությամբ
կողմերը նշել են, որ հայերենի դասավանդումը Վարշավայում նոր խթան կհանդիսանա մշակութային
կապերի զարգացման համար, ինչպես նաև կմեծացնի լեհ հասարակության շրջանում հետաքրքրվածությունը
Հայաստանի և հայկական մշակույթի նկատմամբ: ԵՊՀ-ի գործուն մասնակցությամբ նույն թվականին
զարկ է տրվել Վարշավայի պետական համալսարանում գործող Կովկասյան կենտրոնի աշխուժացմանը:
2007-2008թթ. ուստարվա ընթացքում ԵՊՀ-ից 3 դասախոս և 5 ուսանողներ գործուղվել են Վարշավայի
պետական համալսարան:
2008թ. առաջին ամիսների
ընթացքում ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Լեհաստանի մշակույթի
և ազգային ժառանգության նախարարության միջև մշակվել և հաստատվել է 2008-2010թթ. մշակույթի
բնագավառում համագործակցության 15 հոդվածից բաղկացած գործնական ծրագիր: Ծրագրի համաձայն՝
Լեհաստանի մշակույթի օրեր են կազմակերպվել ՀՀ-ում 2009թ., իսկ ՀՀ մշակույթի օրեր Լեհաստանում՝
2010թ.: Կազմակերպվել են նաև մեկական թանգարանային և ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ:
2008թ. ապրիլի 7-12-ը
Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Երևանում անց է կացվել լեհ մածանուն երգահան,
հայկական ծագում ունեցող 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից Քշիշտոֆ Պենդերեցկու
երաժշտական շաբաթը: Հատկապես մեծ հնչեղություն է ստացել եզրափակիչ համերգը, որը կայացավ
Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Համերգին մասնակցում էին ինչպես հայ, այնպես էլ
այլազգի հայտնի մշակութային գործիչներ:
2008թ. ապրիլին հայոց
ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ Լեհաստանի մի շարք քաղաքներում տեղի են
ունեցել միջողառումներ: Լեհաստանի սեյմում պատգամավորները հանդես են եկել հայոց ցեղասպանությունը
դատապարտող ելույթներով:Տեղի
է ունեցել ամենամյա երթ, Վարշավայի, Լոդզի, Տորունի և այլ քաղաքների եկեղեցիներում մատուցվել
է պատարագ: Բոլոր միջոցառումները
լայնորեն լուսաբանվել են լեհական կենտրոնական լրատվականներով
և մամուլով:
Նույն թվականի մայիսի 10-ից հունիսի 10-ը հայաստանյան «Ավետիս» երգչախումբը մասնակցել է Լեհաստանում երկրի նախագահի բարձր հովանու ներքո կազմակերպված 27-րդ միջազգային
երաժշտության մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով ՀՀ-ն:
Միջբուհական կապերի ընդլայնման տեսանկյունից հիշատակության
է արժանի 2008թ. հունիսի 1-4-ը Երևանի պետական համալսարանի հրավերով Վարշավայի համալսարանի
պաշտոնական պատվիրակության այցը Երևան՝ ռեկտոր Կատարժինա Խալաշինսկա-Մացուկովի գլխավորությամբ: Այցի շրջանակներում կողմերը քննարկել և ստորագրել են համալսարանականների
միջև համագործակցության մասին
երկարատև համալիր պայմանագիրը:
Նույն թվականի հունիսի 3-7-ը ՀՀ-ում է գտնվել
Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության
և Վարշավայի թագավորական
պատկերասրահի փորձագետների պատվիրակությունը՝ ՀՀ
ազգային պատկերասրահում գտնվող 17-րդ դարում թվագրվող ֆլանդրիական
գոբելենը վերականգնելու նպատակով: Այցի արդյունքում պայմանավորվածություն է
ձեռք բերվել լեհական կողմի միջոցներով նախապատրաստել
մասնագետներ և ՀՀ-ին տրամադրել տեխնիկական օժանդակություն
արվեստի արժեքավոր գործերը վերականգնելու համար:
Գիտակրթական կապերի ընդլայնման տեսանկյունից հիշատակության
է արժանի 2008թ. դեկտեմբերի 4-6-ը Վարշավայի համալսարանում տեղի ունեցած գիտական միջազգային համաժողովը՝ նվիրված Լվովի կաթոլիկ եկեղեցու վերջին հայ արքեպիսկոպոս
Յոզեֆ Տեոդորովիչի մահվան 75-րդ տարելիցին: Համաժողովը տեղի է ունեցել Լեհաստանի նախագահի պատվավոր հովանավորությամբ, Լեհաստանում ՀՀ դեսպանության, Վարշավայի համալսարանի և ԵՊՀ ռեկտորների
բարձր հովանու ներքո: Միջազգային գիտական համաժողովին մասնակցել
են տարբեր երկրներից ժամանած պրոֆեսորներ և գիտաշխատողներ: Մասնակիցների կողմից մեծ հետաքրքրությամբ են ընդունվել ԵՊՀ ներկայացուցիչների
զեկույցները: Ներկայացված զեկույցներում իր առանձնահատկությամբ աչքի է ընկել ԱՄՆ Կոլումբիայի
համալսարանի անվանի պրոֆեսոր Տադեուշ Շվենտոխովսկու՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված զեկույցը:
Հատկանշական է այն հանգամանքը, որ համաժողովին մասնակից ԵՊՀ պրոռեկտոր Գևորգյանը հանդիպումներ
է ունեցել Վարշավայի համալսարանի ղեկավար անձնակազմի մի քանի
ներկայացուցիչների հետ: Մասնավորապես միջազգային հարաբերությունների
գծով պրոռեկտոր Վլոդիմեժ Լենգաուէրու հետ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու համալսարանների միջև համագործակցության սերտացումը, արդեն կնքված միջհամալսարանական
պայմանագրին վերաբերող խնդիրները:
2008թ. երկկողմ մշակութային և գիտակրթական կապերը եղել են շատ
ակտիվ և շահեկան կողմերի համար, քանի
որ մինչ այդ ոչ մի
տարի աչք չի ընկնում փոխայցելությունների և
մշակութային միջոցառումների նման քանակով:
2009թ. ԵՊՀ 90-ամյակին նվիրված միջոցառումներին
մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել ներկայացուցիչներ լեհաստանյան
համալսարաններից՝ Վարշավայի համալսարանի պրոռեկտոր
Վտոձիմիերզ Լենգաուերը և Յան Մալիցկին, Լյուբլինի Մարի Կյուրի-Սկլոդովսկայի
անվան համալսարանից՝ Ադամ Չմելիվսկին և Անդրեյ Վոդեցկին:
Արդեն 2009թ. երկկողմ
հարաբերություններում նկատվում է որոշակի պասիվություն: Հիշատակության է արժանի հոկտեմբերի 3-13-ը լեհական
առաջատար «Մակլովիչի ճանապարհորդությունները» հեռուստածրագրի ներկայացուցիչների այցը
ՀՀ: Այս հաղորդաշարը
Լեհաստանի ամենահայտնի ճանապարհորդախոհարարական
հեռուստածրագիրն է, որի շրջանակներում
հեղինակները ոչ միայն
պատմում են տվյալ երկրի պատմամշակութային արժեքների
մասին, այլև ներկայացնում են տվյալ երկրի խոհանոցը: ՀՀ-ում հեռուստածրագրի
ներկայացուցիչները նկարահանել են 5 մասից
բաղկացած հաղորդաշար, որի շնորհիվ ՀՀ-ն ներկայացվել
է լեհական հասարակությանը
որպես յուրահատուկ զբոսաշրջավայր:
Երկկողմ համագործակցության
ընդլայնման գործում մեծ նշանակություն ունի 2011թ. «ՀՀ
կառավարության և Լեհաստանի
Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության բնագավառում 2011-2013թթ. համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը, որի շրջանակներում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր: Այս համատեքստում կարելի է անդրադարձ կատարել ՀՀ գործուն մասնակցությանը Վարշավայի
գրքի փառատոնին, որտեղ 2012թ. հայ
գրատպության 500-ամյակի շրջանակներում ՀՀ-ն ներկայացել է պաշտոնական հյուրի կարգավիճակով:
2011թ. ԵՊՀ-ից 6 մասնագետներ և 1 ուսանող
գործուղվել են լեհաստանյան համալսարաններ՝ ԵՊՀ-ի
և լեհական համալսարանների
միջև ստորագրված համագործակցության
պայմանագրերի հիման վրա:
2011թ. դեկտեմբերին Հայաստանում նշվել է լեհ
մեծանուն բանաստեղծ, նոբելյան մրցանակակիր
Չեսլավ Միլոշի 100-ամյակը: Արամ
Խաչատրյանի տուն-թանգարանում
տեղի ունեցած հանդիսության
ժամանակ ներկայացվել է լեհ բանաստեղծի
ժողովածուներից մեկի հայերեն թարգմանությունը: Իսկ ՀՀ-ում Լեհաստանի
դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, իր ելույթում զուգահեռներ անցկացնելով
հայ և լեհ պոեզիաների միջև, կարևորել
է լեհ պոեզիայի հայերեն թարգմանությունը և հույս հայտնել, որ այս քայլը էապես կաշխուժացնի երկկողմ գրական կապերը, ինչպես նաև կօժանդակի
լեհական պոեզիայի նկատմամբ հայ հասարակության
հետաքրքրության ընդլայնմանը:
2012թ. ապրիլին ազգությամբ լեհ հայագետ Անդժեյ Պիսովիչը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կարդացել է լեհ նշանավոր բանաստեղծ Զբիգնև Հերբերտի կյանքին նվիրված հրապարակային դասախոսություն: Վերջինս հեղինակել է նաև
հայ-լեհերեն և լեհ-հայերեն բառարանները:
2012թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ
միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված Հայաստանի և Լեհաստանի
միջև դիվանագիտական հարաբերությունների
հաստատման 20-ամյակին: Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ-ում
Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին և ՀՀ ԱԳ նախարարի
տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
2012թ. ԵՊՀ-ից լեհական
համալսարաններ են գործուղվել 3 մասնագետ և 9 ուսանող՝ մասնակցելու միջազգային
գիտաժողովների:
2013թ. հունիսի 6-7-ը լեհ
անվանի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին վարպետության երկօրյա
դասեր է անցկացրել Երևանում, որին մասնակցել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և «Հայ արտ» սինեմայի կինոռեժիսուրայի բարձր կուրսերի ուսանողները: Քշիշտոֆ Զանուսսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Սերգեյ Փարաջանովի անվան «Համաշխարհային ֆիլմարտադրության մեջ
ունեցած ավանդի համար» անվանակարգի մրցանակակիր է:
2013թ. սեպտեմբերի
19-21-ը պաշտոնական այցով ՀՀ են ժամանել Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության
նախարար Բոգդան Զդրոյևսկին և նախարարության արտաքին կապերի վարչության պետ Մարչին Լապցինսկին:
Սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը
նշել է Հայաստան-Լեհաստան երկկողմ համագործակցության ձևաչափում մշակութային բաղադրիչի
կարևորությունը, որը լավագույն խթան է տարածաշրջանում մշակութային համագործակցության
զարգացման համար: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել վերջին տարիներին
Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացված ծրագրերին, մասնավորապես՝ երիտասարդ
երաժիշտ-կատարողների հմտությունների բարձրացմանը և փորձի փոխանակմանն ուղղված՝ «I culture» մշակութային նախագծին, ինչպես նաև՝ միջազգային կինոփառատոնների, թատերական
փառատոնների ընթացքում հայ և լեհ կինոռեժիսորների, թատերական գործիչների մշտապես մասնակցությանը
(ՀՀ-ում իրականացվող «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն, «Ոսկե ծիրան» միջազգային
կինոփառատոն): Նախարարները քննարկել են նաև ԵՄ շրջանակներում համատեղ մշակութային ծրագրերի
իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: «Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել
են 2014թ. Սոպոտի մշակույթի պետական պատկերասրահում կազմակերպվող Հովհաննես Այվազովսկու
ցուցահանդեսի և Հայաստանի ազգային պատկերասրահում Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսի
կազմակերպման մանրամասները: Քննարկվել է 2015թ. Լեհաստանում Հայաստանի մշակույթի օրեր
և փոխադարձաբար՝ Հայաստանում Լեհաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առաջարկել
է Հայաստանում կազմակերպել Շոպենի անվան ամենամյա փառատոն, որի իրականացման գործընթացը
կքննարկվի առավել հանգամանալից»:
2013թ. Լեհաստանի մշակույթի
նախարարի կողմից հատուկ շքանշանով է պարգևատրվել «Արամ Խաչատրյան»-ի տուն-թանգարանի
տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը՝ լեհական երաժշտության զարգացման և տարածման
համար:
Մշակութային համագործակցության
ընդլայնմանն ուղղված քայլերից հաջորդը 2014թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ ազգային պատկերասրահում
ծագումով հայ, լեհ նշանավոր նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացումն
էր, որին մասնակցել է նաև Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմորովսկան:
2014թ. աշնանը Հայաստանում
են գտնվել լեհ նշանավոր բանաստեղծներ Դարիուշ Տոմաշ Լեբյոդան և Կալինա Իզաբելա Զիոլան՝
պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնին մասնակցելու նպատակով: Հայաստանում
գտնվելու ընթացքում բանաստեղծները շրջագայել են Հայաստանում և Արցախում, իսկ այցից
հետո Դարիուշ Տոմաշ Լեբյոդան լեհ ընթերցողի դատին է ներկայացրել «Պարող հայուհին» քերթվածների
ժողովածուն՝ Հայաստանի և հայկականի մասին:
2015թ. ԵՊՀ-ի և լեհական
Օլզստինում Ուստմիայի և Մազուրիի համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության
պայմանագիր, իսկ 2016թ. համագործակցության պայմանագիր է ստորագրվել ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի
միջև: Նույն թվականին ակտիվություն է նկատվում նաև ԵՊՀ-ից լեհական համալսարաններ կատարած
գործուղումների պրակտիկայում՝ 1 ուսումնական տարվա ընթացքում լեհական համալսարաններ
են գործուղվել 7 մասնագետ, 1 ասպիրանտ և 6 ուսանող:
Երկկողմ գրական-մշակութային
կապերի ամրապնդմանն է նպաստել 2015թ. պոեզիայի Բիդգոշչյան չորրորդ միջազգային սիմպոզիումին
հայ գրող Գագիկ Դավթյանի մասնակցությունը: Վերջինս պատվո հյուրի կարգավիճակով ներկայացրել
է ՀՀ-ն: Այս համագործակցությունը սկսվել է լեհ բանաստեղծներ Դարիուշ Տոմաշ Լեբյոդայի
և Կալինա Իզաբելա Զիոլայի ՀՀ և Արցախ կատարած այցելության ժամանակ: Վերջիններիս հրավերով
Դավթյանը մասնակցել է սիմպոզիումին, ինչն էլ հիմք է դրել Լեհաստանում «Արդի հայ պոեզիա»
և ՀՀ-ում «Արդի լեհական պոեզիա» մատենաշարերի ստեղծմանը: Հայ և լեհ գրողների միջև սկսված
համագործակցությունը ճանապարհ է հարթել Հայաստանի և Լեհաստանի գրողների միությունների
միջև համագործակցության սերտացման համար: Այս ընթացքում տեղի է ունեցել նաև Գագիկ Դավթյանի
բանաստեղծությունների ժողովածուի լեհերեն տպագրության շնորհանդեսը: «Աստանդական սիրտը»
անունը կրող ժողովածուն լեհերեն է տպագրել Լեհաստանի «Տեմատ»-ի գրադարան հրատարակչության
սեփական միջոցներով: Գագիկ Դավթյանը Լեհաստանի գրողների միության կողմից պարգևատրվել
է «ՅԱՆԻՑԻՈւՍ» միջազգային մրցանակով:
Այս համագործակցությունը
նախատեսված չի եղել միջկառավարական ծրագրերով և անհատական համագործակցություն է, որն
իր կարևոր նպաստն է բերել երկկողմ գրական-մշակութային կապերի ամրապնդմանը:
Վերոհիշյալ համագործակցության
արդյունքներից է լեհական «Temat» գրական-բանասիրական-մշակութային հանդեսի՝ 2015թ. աշուն-ձմեռ միացյալ համարում
կատարած մեծ անդրադարձը արդի հայ պոեզիային: Հանդեսի այդ համարում ներկայացված են արդի
շրջանի հայ գրողներ, նրանց ստեղծագործությունները ներկայացված են լեհերեն թարգմանությամբ:
2016թ. սեպտեմբերի
19-ին Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանում և Լեհաստանում
տպագրված գրքերի, նաև «Որպես ձեռքսեղմում» լեհական պոեզիայի անթոլոգիայի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցել են հայ և լեհ բանաստեղծներ, մշակույթի գործիչներ: Վերջիններս
ներկայացրել և քննարկել են երկու երկրներում տպագրված անթոլոգիաները, դրանց արժեքն
ու երկկողմ հարաբերությունների վրա ունեցած դրական ազդեցությունը: Իսկ միջոցառմանը
ներկա ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին հույս է հայտնել,
որ բանաստեղծությունների թարգմանությունն ու տարածումը ժողովուրդների շրջանում էականորեն
կնպաստի երկկողմ մշակութային հարաբերությունների ընդլայնմանը, քանի որ դա միմյանց լավագույնս
ընկալելու ամենաէֆեկտիվ միջոցն է:
Արդեն նոյեմբեր ամսին
Լեհաստանում լույս է տեսել հայ պոեզիայի անթոլոգիա՝ «Խաչվող զուգահեռներ» խորագրով:
53 հայ հեղինակների ստեղծագործություններ ամփոփող երկլեզու գրքում ներկայացված են նաև
Ռուսաստանից, Հունգարիայից, Վիետնամից և այլ երկրներից հայտնի արդի գրողներ:
Հայ ժողովրդի շրջանում
լեհական մշակույթի նկատմամբ ունեցած հետաքրքրության վառ ապացույց է հանդիսանում
2016թ. նոյեմբերի 11-ին Լեհաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ-ում Լեհաստանի
դեսպանատան, ՀՀ մշակույթի նախարարության և Լեհաստանի մշակույթի ու ազգային ժառանգության
նախարարության հետ համատեղ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած միջոցառումը, որի
ընթացքում Կրակովի երգչախումբը ներկաներին ներկայացրել է հին միջնադարյան լեհական երաժշտությունը:
Երգչախմբի հետ համագործակցության վերաբերյալ ՀՀ ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր
պրոդյուսեր Արման Պադարյանը նշել է, որ նման ձևաչափով համագործակցությունը առաջինը
չէ և իրավամբ նպաստում է երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը նախ և առաջ հասանելի
դարձնելով լեհական մշակույթը հայ հասարակության համար: Վերջինս կարևորել է նման միջոցառումների
անցկացումը Լեհաստանում, տեղում հայկական մշակույթը պրոպագանդելու, ինչպես նաև լեհահայ
համայնքի և հայկական մշակույթի կապը ամրապնդելու համար:
2016թ. համագործակցության
պայմանագիր է ստորագրվել ԵՊՀ-ի և Վարշավայի կարդինալ Ստեֆան Վեշինսկու անվան համալսարանի
միջև: Նույն թվականին ԵՊՀ-ից արդեն իսկ ստորագրված համագործակցության պայմանագրերի
հիման վրա լեհական համալսարաններ է գործուղվել 7 մասնագետ և 4 ասպիրանտ:
2017թ. հոկտեմբերի
18-20-ը ՀՀ ԱԺ պատվիրակության Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի
19-ին հայկական պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի նախարարների խորհրդի փոխնախագահ,
մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկիի հետ: Հանդիպման ընթացքում
քննարկվել է Լեհաստանի մշակույթի նախարարության ֆինանսական միջոցներով Լվովի հայկական
եկեղեցու վերանորոգման հարցը:
Նույն օրը հայկական պատվիրակությունը
Լեհաստանի սենատում մասնակցել է Լեհաստանի հայերի պատմությանը նվիրված ցուցահանդեսի
բացմանը: Միջոցառման ընթացքում Լեհաստանի հանրապետության սենատը, ի նշանավորումն Լեհաստանի
թագավոր Կաժիմեժ Մեծի կողմից հայերին տրված հատուկ արտոնությունների 650-ամյա հոբելյանի,
հայկական պատվիրակության ներկայությամբ ընդունել է հատուկ բանաձև, որտեղ շնորհակալական
խոսքեր են ասվում հայերին լեհական մշակույթում ունեցած մեծ ներդրման, ինչպես նաև Լեհաստանի
պատմության մեջ ստեղծագործ ներգրավվածության համար: Նմանատիպ բանաձև Լեհաստանի սեյմը
ընդունել է նույն թվականի նոյեմբերի 22-ին:
Երկկողմ դիվանագիտական
հարաբերությունների հաստատման 25-ամյակը 2017թ. նշանավորվել է նաև մշակութային տարբեր
միջոցառումներով: Մասնավորապես օգոստոսի 26-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի պուրակներից
մեկում կազմակերպվել է «Ավելի լավ ճանաչենք միմյանց» խորագիրը կրող մշակութային երեկո:
Այն կազմակերպվել է ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո, Վրոցլավի քաղաքապետարանի
և Վրոցլավ քաղաքում գործող «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության
նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 17-19-ը Լեհաստանի
Բիդգոշչ քաղաքում կայացել է հայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Ճանապարհ դեպի երկինք» գրքի
լեհերեն թարգմանության շնորհանդեսը, որի ընթացքում հայ բանաստեղծուհին արժանացել է
Կլեմենս Յանիցկու անվան ՅԱՆԻՑԻՈՒՍ միջազգային մրցանակին և պոեզիայի ու արվեստի Եվրոպական
ՀՈՄԵՐ մեդալի:
2017թ. նոյեմբերի
24-ին Պոզնանի «Լորենիների տակ» մշակութային կենտրոնում կայացել է հայ պոեզիայի երեկո՝
նվիրված Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակին: Միջոցառմանը ցուցադրված
էին երկու երկրների միությունների բեղմնավոր համագործակցության մասին պատմող նյութեր,
մասնավորապես Լեհաստանում հրատարակված Գագիկ Դավթյանի «Աստանդական սիրտը», էդվարդ Միլիտոնյանի
«Որոնումներ» ժողովածուները, հայ պոեզիայի «Խաչվող զուգահեռներ» անթոլոգիան, ինչպես
նաև մեզանում հրատարակված լեհական պոեզիայի «Որպես ձեռքսեղմում» անթոլոգիան, Դարիուշ
Տոմաշ Լեբյոդայի «Հավատով նայիր Արարատին», Կալինա Իզաբելա Զիոլայի «Սառույցի պես փխրուն»
բանաստեղծական ժողովածուները: Միջոցառմանը ներկա է գտնվել Լեհաստանում ՀՀ արտակարգ
և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: Վերջինս արժանացել է Լեհաստանի գրողների միության
«Բարի սիրտ» մրցանակին միջմշակութային կապերի ընդլայնմանը նպաստող գործունեության համար:
2017թ. ԵՊՀ-ն համագործակցության
պայմանագրեր է ստորագրել Ռժեշովի և Կատովիցեի Սիլեզիայի համալսարանների հետ: Նույն
թվականին ԵՊՀ-ից լեհական համալսարաններ գործուղման են մեկնել 5 մասնագետ և 4 ուսանող:
Կրակովի հայ մշակութային
ընկերության անդամ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և «Լեհահայեր» հասարակական կազմակերպության
աջակցությամբ 2017թ. սկսած Լեհաստանի Կրակով քաղաքի N50 դպրոցում դասավանդվում է
«Հայոց լեզու» առարկան որպես դպրոցական հիմնական առարկայացանկի բաղադրիչ, իսկ առարկայից
ստացված գնահատականը գրանցվում է աշակերտի ավարտական վկայականում: Դասերն անցկացվում
են շաբաթական 3 անգամ:
2018թ. ԵՊՀ-ից լեհական
համալսարաններ է գործուղվել 8 մասնագետ և 4 ուսանող՝ ստորագրված երկկողմ համագործակցության
պայմանագրերի հիման վրա: Իսկ 2019թ. ԵՊՀ-ն համագործակցության պայմանագրեր է ստորագրել
Լյուբլինի և Բիդգոշի համալսարանների հետ:
2018 թվականից լեհական
համալսարանների հետ բավականին ակտիվ համագործակցություն է սկսել ՀՀ գիտությունների
ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը: Կենտրոնը համագործակցում է Լեհաստանի
Դոմբրովա-Գուրնիչա համալսարանի, Կրակովի մանկավարժական և գյուղատնտեսական համալսարանների
հետ: 2018թ. ապրիլի 9-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում կենտրոնի
վարչական անձնակազմի և Լեհաստանի Դաբրովա-Գուրնիչա համալսարանի անվտանգության և ճգնաժամի
կառավարման դեպարտամենտի ղեկավար Պաուլինա Պոլկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել
են երկկողմ համագործակցության ոլորտներն ու ուղիները: ԳԿՄԿ նախաձեռնությամբ Պաուլինա
Պոլկոն նույն թվականի ապրիլի 10-ին դասախոսություն է վարել ԳԿՄԿ ուսանողների համար:
Էրազմուս+միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ԳԿՄԿ «Տնտեսագիտություն
և կառավարում» ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը դասախոսություններ է անցկացրել Դաբրովա-Գուրնիչա
համալսարանի ուսանողների համար:
Բավական ակտիվ համագործակցություն
է ծավալվել ԳԿՄԿ և Կրակովի ագրարային ու մանկավարժական համալսարանների միջև: Համագործակցության
շրջանակներում ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնը գիտական և կրթական
համագործակցության համաձայնագիր է ստորագրել Կրակովի մանկավարժական համալսարանի աշխարհագրության
և կենսաբանության ֆակուլտետի հետ, որի համաձայն՝ նախնական պայմանավորվածություններ
են ձեռք բերվել երկկողմ փոխայցելությունների վերաբերյալ: 2019թ. ապրիլի 26-ին Լեհաստան
կատարած այցի շրջանակներում ԳԿՄԿ պատվիրակությունն այցելել է Կրակովի մանկավարժական
համալսարան, հանդիպումներ ունեցել դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Նույն
օրը ԳԿՄԿ պատվիրակությունը այցելել է Կրակովի ագրարային համալսարան, որտեղ քննարկվել
են համագործակցության հնարավոր ուղիները: Իսկ նույն թվականի մայիսի 6-ին համագործակցության
շրջանակներում ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում տեղի է ունեցել Կրակովի
մանկավարժական համալսարանի աշխարհագրության և կենսաբանության ամբիոնի դասախոս Յոհաննա
Զավիշսկայի դասախոսությունը:
Հայ-լեհական երկկողմ
մշակութային, գիտակրթական կապերը համագործակցության հաստատման առաջին տարիներին գրեթե
զարգացում չեն գրանցել: 2000-ականներից այս ոլորտներում նկատվել է ակնհայտ առաջընթաց:
Հատկանշական է, որ երկկողմ գրական կապերը այսօր էլ զարգանում են անհատական համագործակցությամբ:
Սակայն ի տարբերություն մշակութային կապերի, երկկողմ գիտակրթական համագործակցությունն
այսօր էլ գտնվում է զարգացման առավել ցածր մակարդակում:
Նյութի աղբյուրը՝ Անահիտ Ասատրյան- «Հայ-լեհական հարաբերությունները 1991-2018թթ.»

Comments
Post a Comment