Skip to main content

Հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունները

 

Երկկողմ հարաբերություններում առանցքային դեր և նշանակություն ունեն առևտրատնտեսական կապերը: Ասվածի վառ վկայությունն են ՀՀ և տարբեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը: Ասվածից անմասն չեն մնացել նաև հայ-լեհական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները: 1992թ. փետրվարի 24-27-ը պաշտոնական այցով Լեհաստանում է գտնվել ՀՀ կառավարական պատվիրակությունը ՀՀ փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ: Արդեն իսկ պարզ է դառնում, որ նորանկախ ՀՀ իշխանությունները ինչպես այլ երկրների, այնպես էլ Լեհաստանի հետ հարաբերություններում առաջնայնությունը տվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը: Հրանտ Բագրատյանի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն է եղել բանակցությունների միջոցով զարկ տալ երկու երկրների առևտրաշրջանառությանը և կնքել համապատասխան համաձայնագիր Լեհաստանի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն  ներկայացնող հարցեր: Մասնավորապես լեհական կողմը հայտնում է, որ Լեհաստանը ևս շահագրգռված է ՀՀ-ի հետ ակտիվ առևտրատնտեսական համագործակցության հաստատմամբ, սակայն իրենք հստակ պատկերացում չունեն, թե ինչպիսի ծավալներով է խորհրդային տարիներին իրականացվել ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև՝ պայմանավորված նման հարցերում Մոսկվայի միանձնյա ղեկավարմամբ: Հետևաբար, անհրաժեշտ է հստակ ժամանակահատված, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրել երկու երկրներում առկա տնտեսական համագործակցության ներուժը: Իր հերթին հայկական պատվիրակությունը, որպես համագործակցության սկիզբ, լեհական կողմին է հանձնում նախկինում երկկողմանի առևտրատնտեսական կապերի մասին որոշակի տեղեկատվություն, ինչպես նաև բարձրացնում Լեհաստանից ՀՀ հացահատիկի և դեղորայքի ներմուծման հետ կապված հարցեր: Կողմերը արդյունքում քննարկում են նաև վերոհիշյալ ապրանքների գնման դիմաց հայկական կողմի վճարման ձևերը: Բանակցությունների արդյունքում քննարկվել է նաև «Միջբանկային համաձայնագիր» նախագիծը: Կողմերը 1992թ. փետրվարի 24-ին ստորագրել են «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության և առևտրի վերաբերյալ համաձայնագիրը»: Հայկական պատվիրակության լեհական գործարար շրջանակների հետ հանդիպման վերաբերյալ նշվում է. «Զգացվում էր գործարար շրջանների մեծ հետաքրքրությունը Հայաստանի հետ փոխադարձ համագործակցության բնագավառում, հատկապես գյուղատնտեսական մթերքների, դեղորայքի արտահանման, դրանց համատեղ արտադրության կազմակերպման ասպարեզում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի փոխշահավետ համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում (Դեղագործություն (համատեղ արտադրություն), տուրիզմ, սեփական արժույթի ստեղծման կազմակերպում, տավարի, խոզի, թռչնի մսի առևտուր, գարեջրի, գինու արտադրության կազմակերպում, հացահատիկի, կարտոֆիլի արտահանում, անասնակերի արտահանում): ՀՀ գերագույն խորհուրդը ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության և առևտրի վերաբերյալ համաձայնագիրը վավերացրել է միայն 1993թ. ապրիլի 28-ին:

Հիշատակության է արժանի 1993թ. դեկտեմբերի 21-23-ը ՀՀ պատվիրակության աշխատանքային այցը Լեհաստան՝ ՀՀ մետաղադրամների հատման հարցի հետ կապված:

Սակայն հայ-ադրբեջանական պատերազմը, որը մի կողմից անկայուն իրավիճակ էր ստեղծել տարածաշրջանում, մյուս կողմից էլ խոչընդոտում էր ՀՀ տնտեսության զարգացմանը, արգելակում էր ինչպես այլ երկրների հետ, այնպես էլ հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության զարգացումը. ասվածի վկայությունն է լեհական թե՛ կառավարական և թե՛ գործարար շրջանակներում հետաքրքրությունը հայկական տնտեսության և շուկայի նկատմամբ, սակայն վերոհիշյալ ժամանակաշրջանում երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում առաջընթաց չի գրանցվել:

Սկսած 1996թ. որոշակի ակտիվություն է նկատվում երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում, երբ ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարության կողմից Լեհաստանում բնակվող ՀՀ քաղաքացի Խաչատրյանը լիազորվում է ուսումնասիրել Լեհաստանի առևտրի վիճակը, ծանոթանալ Լեհաստանի մաքսային և արտաքին առևտրի օրենսդրությանը և նշել համագործակցության հնարավոր ոլորտները: Տարածաշրջանում ստեղծված համեմատաբար կայուն իրավիճակը թույլ է տալիս կողմերին գործուն քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար:

Տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական քայլերից է 1998թ. հոկտեմբերի 26-ին Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության երկկողմ տնտեսական հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրեն Էլժբիետա Բոդիոյի և նախարարի խորհրդական նախկին ԽՍՀՄ երկրների հետ կապերով Բոլեսլավ Կրավչիկի հետ: Այցի շրջանակներում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների առկա վիճակն ու զարգացման հնարավոր ուղիները: Զրուցակիցները մատնանշում են, որ 1992թ. ստորագրված առևտրատնտեսական պայմանագիրը կրում է ընդհանուր բնույթ և երբեք չի գործարկվել, իսկ իրավապայմանագրային դաշտը պարզապես գտնվում է զրոյական մակարդակում, ապրանքափոխանակությունը ևս գտնվում է չափազանց ցածր մակարդակում. 1997թ. ընդհանուր ծավալը կազմել է 8 միլիոն ԱՄՆ դոլար այն դեպքում, երբ Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 11 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանի հետ՝ 24.5 միլիոն ԱՄՆ դոլար: Հովակիմյանը դա բացատրում է այն փաստով, որ նախորդ տարիներին ապրանքը տեղափոխվել է Լեհաստանից ՀՀ և հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների միջոցով, իսկ նրանց շարժի կտրուկ նվազումը հանգեցրել է նաև ապրանքաշրջանառության անկմանը: Լեհական կողմի դիտարկմամբ՝ եթե երկկողմ հարաբերությունների հաստատման փուլում ՀՀ-ն դրսևորել է մեծ հետաքրքրություն և պատրաստակամություն ընդլայնելու առևտրատնտեսական կապերը, ապա 1995թ. սկսած լեհական հարուստ և բազմազան շուկայի նկատմամբ հայկական պետական և մասնավոր հաստատությունների հետաքրքրությունը նվազել է այնքան, որ անգամ չեն կազմակերպվում գործարար այցելություններ, հանդիպումներ և ցուցահանդեսներ: Խոսելով առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին՝ կողմերը երկուստեք գալիս են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է իրականացնել փոքրածավալ միջոցառումներ Վարշավայում, կազմակերպել ՀՀ տնտեսական հնարավորությունների ցուցահանդեսներ, իրականացնել հայ և լեհ գործարարների հանդիպումներ:

Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համար մեծ խթան է հանդիսացել ՀՀ նախագահ Քոչարյանի պաշտոնական այցը Լեհաստան 1999թ. հուլիսի 13-16-ը: Նախագահի այցի շրջանակներում կազմակերպվել է բիզնես-ֆորում հայ և լեհ գործարարների մասնակցությամբ, որը կազմակերպել են ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունն ու ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայկական կողմից և Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատը՝ լեհական կողմից: Բիզնես-ֆորումի կազմակերպչական աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է բերել Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ տարբեր հանդիպումներ ունենալով լեհական ինչպես կառավարական մարմինների, այնպես էլ՝ տնտեսվարողների հետ: Համաժողովը իրականում լինելու էր հայ և լեհ գործարարների շփման առաջին խոշոր փորձը, որի ընթացքում հայկական կողմը հնարավորություն էր ստանալու ներկայացնել իր տնտեսական հնարավորությունները: Քանի որ չնչին ապրանքաշրջանառության պատճառով նորանկախ ՀՀ մասին Լեհաստանում գրեթե ոչինչ չգիտեին, «բացի շուկայում առևտուր անող բազմաթիվ հայերից: Գոյություն ունեցող առևտուրն իրականանում է պատահականորեն, 1-2 հոգու կողմից»: Փաստորեն, պարզ է դառնում, որ այս ֆորումը առաջին հերթին անհրաժեշտ էր ՀՀ-ին, իսկ նախագահի այցը լավագույն ժամանակահատվածն էր, քանի որ այդ այցով պայմանավորված՝ Լեհաստանում աճելու էր հետաքրքրությունը ՀՀ նկատմամբ: Հանդիպումների ընթացքում կողմերը ևս փաստում են, որ ի տարբերություն քաղաքական հարաբերությունների, երկկողմ տնտեսական համագործակցության բնագավառում հետընթացը ակնհայտ է: Լեհական կողմը, վկայակոչելով բիզնես-ֆորումը, պատրաստակամություն է հայտնում օժանդակել տարբեր միջոցառումների կազմակերպմանը, որոնք կնպաստեն ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, իրականացնել տեղեկատվության փոխանցում և «փորձ փոխանակել know-how հիմնադրամի վերաբերյալ»: Լեհական կողմը առաջարկում է ՀՀ-ին մասնակցել լեհական Կռինիցա առողջավայրում ամեն տարի տեղի ունեցող տնտեսական ֆորումին՝ «Արևելյան Եվրոպայի Դավոսին», որին մասնակցում են Արևելյան Եվրոպայի, Մերձբալթյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և խոշոր գործարարներ: Հուլիսի 14-16-ը Վարշավայում հրավիրված հայ-լեհական գործարար համաժողովին մասնակցել են 43 հայ գործարարներ: Միջոցառմանը կից գործել է հայկական առանձին ապրանքների ցուցահանդես: Շուրջ 200 անուն ապրանքատեսակներ ներկայացնող հայկական ցուցահանդեսը մեծ տպավորություն է գործել լեհ գործարարների վրա: Լեհական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայկական կոնյակի, գինու, գարեջրի, գորգերի, ոսկերչական իրերի, պահածոների և այլ ապրանքների նկատմամբ: Համաժողովը բացվել է երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ տնտեսական դրությունը՝ ըստ առանձին ոլորտների: Համաժողովի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության և Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի միջև: Համաժողովի արդյունքում տարբեր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ և լեհ գործարարների միջև:

ՀՀ նախագահի Լեհաստան կատարած այցի շրջանակներում հուլիսի 14-ին ստորագրվել են ՀՀ կառավարության և Լեհաստանի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին և ՀՀ կառավարության ու Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրերը:

Վերոհիշյալ այցի շրջանակներում ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Մ.Ձավարյանի և Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Բլաժչիկի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ (հայկական պատվիրակության մասնակցություն սեպտեմբեր ամսին կազմակերպվելիք միջազգային գործարար համաժողովին, լեհ գործարարների այց ՀՀ, հայկական կողմի մասնակցություն Լեհաստանում կազմակերպվելիք վերապատրաստման դասընթացներին):

Վարշավայի գործարար համաժողովի ունեցած դրական ազդեցությունը նկատելի էր նույն թվականի սեպտեմբերի 17-19-ը Երևանում տեղի ունեցած համաժողովում, որի շրջանակներում լեհական պատվիրակությունը ծանոթացել է «Նաիրիտ» ՓԲԸ, «Հայմարմարգրանիտ» ՍՊԸ ՎՁ և այլ կազմակերպությունների գործունեությանը և երկկողմ տնտեսական կապերի հնարավորություններին:

Հատկանշական է 1999թ. աշնանը կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ՀՀ և Լեհաստանի նախագահների Դավոսում կայացած հանդիպումը, որի ընթացքում նախագահները քննարկել են տնտեսական համագործակցության իրավապայմանագրային դաշտի կայունացման խնդիրը:

Երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական քայլերից է համարվում ՀՀ պատվիրակության մասնակցությունը Լեհաստանի Կռինիցա քաղաքում կազմակերպված ամենամյա միջազգային տնտեսական ֆորումին 2000 թվականից սկսած: 2001թ. ՀՀ-ն ավելի խոստումնալից ծրագրերով և պատվիրակությամբ է մասնակցել ֆորումին, քան՝ 2000թ.: Ֆորումի ընթացքում ՀՀ արդյունաբերական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դ.Զադոյանը հատուկ ելույթով ներկայացրել է ՀՀ տնտեսության առկա վիճակը, ՀՀ-ում իրականացված և իրականացվող բարեփոխումներն ու տնտեսության հետագա զարգացման հեռանկարները: ՀՀ պատվիրակությունը այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել լեհական կառավարական շրջանակների հետ: Մասնավորապես Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յ.Շտայնհոֆի հետ հանդիպման ընթացքում «քննարկվեցին Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում Լեհաստանի մասնակցության հնարավորությունները, երկրների միջև առևտրի շրջանառության ծավալները շատացնելու հեռանկարները, ինչպես նաև Հայաստանից Լեհաստան արտահանման հնարավոր ապրանքների ցանկը: Մասնավորապես ուշադրության արժանացավ՝ Լեհաստան և այլ երկրներ Հայաստանից տարբեր տեսակի քարեր արտահանելու նպատակով, հայկական քարհանքերում ներդրումներ կատարելու, կամ լիովին գնելու հայկական կողմի առաջարկը»: ՀՀ կառավարական և գործարար շրջանակները ֆորումին մասնակցությունը գնահատել են բավական հաջողված, որովհետև ֆորումից հետո աճել է հետաքրքրությունը ՀՀ տնտեսության և առևտրի շուկաների նկատմամբ արտասահմանյան ներդրողների և գործարարների շրջանում:

Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած լեհական կողմից առկա հետաքրքրությունը, 2000 և 2001թթ. լեհական ներդրումների ծավալը ՀՀ-ում կազմել է չնչին գումար, իսկ լեհական կապիտալի մասնակցությամբ ՀՀ-ում գործում է ընդամենը 7 ձեռնարկություն:

Լեհաստանի նախագահ Կվաշնևսկու 2001թ. նոյեմբերի 14-16-ը ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների զգալի մասը վերաբերել է երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնմանը, որի վերաբերյալ իրենց առաջարկներն են ունեցել բանակցային երկու կողմերն էլ: Նոյեմբերի 15-ին Լեհաստանի նախագահի այցի շրջանակներում Երևանում բացվել է հայ-լեհական գործարար համաժողով հայ և լեհ գործարարների մասնակցությամբ: Համաժողովի բացման խոսքում երկու նախագահներն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցության «համեստ մակարդակին» և հույս հայտնել, որ նման հանդիպումներն ու առկա իրավապայմանագրային դաշտը կնպաստեն համագործակցության ընդլայնմանը:

Սակայն այս ուղղությամբ ձեռնարկված վերոհիշյալ քայլերն անգամ որևէ շեշտակի փոփոխություն չեն իրականացրել, քանի որ հաջորդող շրջանում ևս ապրանքաշրջանառության մակարդակը մնացել է գրեթե անփոփոխ:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2004թ. սեպտեմբերի 5-7-ը Լեհաստան կատարած այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ առավելապես առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար: Համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար սեպտեմբերի 6-ին ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

· «Փոխըմբռնման և համագործակցության հուշագիր «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի և Լեաստանի ձեռնարկությունների զարգացման գործակալության միջև»

·    «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի և Լեհաստանի Հանրապետության տնտեսության և աշխատանքի նախարարի համատեղ հայտարարությունը»:

Այցի շրջանակներում կայացել է հայ և լեհ գործարարների մասնակցությամբ բիզնես-ֆորում, ինչպես նաև հայկական ապրանքների ցուցահանդես: Լեհաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ցածր մակարդակի պատճառները և նախանշել առաջընթաց ապահովելու առաջնային խնդիրներն ու ուղղությունները:

Նույն թվականից գործում է տնտեսական համագործակցության հարցերով զբաղվող հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովը:

Հաջորդ տարիներին ևս իրականացվել են տարբեր մակարդակի փոխայցելություններ առավելապես առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար, սակայն այս ոլորտում որևէ ակնառու առաջընթաց չի գրանցվել: Լեհական մամուլում և գործարար շրջանակների հետ ունեցած առանձնազրույցներում այս հարցի վերաբերյալ առավելապես հնչել է այն բնորոշումը, որ չնայած ՀՀ-ն ունի մեծ ներուժ և ցանկացած եվրոպական պետության համար կարող է լինել վստահելի և կայուն գործընկեր, անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ տարածաշրջանային տիրող իրավիճակն ու մասնավորապես տարածաշրջանի կայունությունը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հիմնական խոչընդոտ են հանդիսացել Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրները (Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և այլն): Մասնավորապես ՀՀ պարագայում ակնհայտ է այն նկատառումը, որ արտասահմանյան ներդրողները, այդ թվում լեհական կազմակերպությունները, չեն ցանկանում ներդրում իրականացնել մի պետությունում, որն ունի չլուծված հիմնախնդիր և ամեն պահի կրկին կարող է սկսվել պատերազմ կողմերի միջև՝ վտանգելով հետագա արտադրության գործընթացը:

2008թ. Լեհաստանում գործող «PBG» և «SAWEX»-ը հստակ հետաքրքրություն են ցուցաբերում Երևանի «Նաիրիտ» գործարանի նկատմամբ: Վերջիններս Լեհաստանում ՀՀ դեսպան Գալոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնում են, որ ստանձնել են գործարանի վերակառուցման և նորացման ծրագրի իրականացումը, պատրաստվում են մեծ ներդրումներ իրականացնել և կցանկանային դեսպանի միջոցով հստակ տեղեկություն ստանալ ՀՀ ներքաղաքական վիճակի մասին: Լեհական ընկերությունների պատվիրակության ՀՀ կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել հիմնական պայմանագրի ստորագրումը «Նաիրիտ» և «PBG» ընկերությունների միջև: Սակայն հետագայում ընկերությունների միջև լայն համագործակցություն այդպես էլ չի ձևավորվում:

Նույն թվականի սեպտեմբերի 29-30-ը Երևանում տեղի են ունեցել հայ-լեհական տնտեսական խորհրդակցություններ, որոնց ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր՝ ՀՀ և Լեհաստանի միջև «Ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման մասին» համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, ՀՀ-ին Լեհաստանի կողմից արտոնյալ և կոմերցիոն վարկերի տրամադրման հարցը, հայկական զարգացման գործակալության և լեհական համապատասխան կազմակերպության հետ համագործակցության ստեղծումը, որն ուղղված կլինի հայկական և լեհական շուկաների հասանելիության ապահովմանը գործարարների համար, Լեհաստանից շինանյութեր ներմուծող հայկական ընկերություններին վճարման համար նախատեսված 60 օր ժամկետի երկարաձգում և այլն: Նույն ժամանակահատվածում Լեհաստանում ՀՀ դեսպանություն է դիմել լեհական «ELWO» էլեկտրոնիկայի գործարանը ՀՀ-ում հայ-լեհական համատեղ գործարան բացելու առաջարկով:

Երկկողմ համագործակցության ընդլայնումը քննարկման կենտրոնական հարցերից մեկն է եղել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ՀՀ կատարած այցի շրջանակներում: Լեհական մամուլում և եվրոպական շրջանակներում Տուսկը հայտնի էր որպես «բարեփոխիչ քաղաքական գործիչ», քանի որ վերջինիս կառավարման շրջանում լեհական տնտեսությունը գրանցել էր աննախադեպ առաջընթաց: Իսկ այս հանգամանքը շեշտադրելը շատ կարևոր է, քանի որ ՀՀ-ում այցով գտնվելու էր մի քաղաքական գործիչ, ով կարողացել էր հստակ քայլերով ապահովել մեծ առաջընթաց, և բնականաբար, վերջինիս փորձն ու գիտելիքները կարող էին օժանդակել երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Ինչպես այլ հանդիպումներում, վերոհիշյալ հանդիպման ժամանակ ևս քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները, նախանշվել են որաշակի ծրագրեր: Լեհաստանի վարչապետը մամլո ասուլիսում նշել է, որ Լեհաստանը ցանկանում է փոխառել ԱԷԿ կառուցման ՀՀ փորձը և դրանով զարկ տալ համագործակցությանը արդյունաբերության այդ ոլորտում:

Նույն թվականի մարտի 12-ին ստորագրվել է «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ուժի մեջ է մտել նույն թվականի հունիսի 16-ին, ինչի հիման վրա էլ սկզբնավորվել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել 2010թ. հուիսի 13-ին Երևանում ՀՀ և Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարներ Մուշեղ Թումասյանի և Մարչին Կոլորեցի համանախագահությամբ: Նիստում քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, փոքր և միջին ձեռնարկատիրության, մաքսային և զբոսաշրջության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունը: Նիստին հայկական կողմից ներկա են գտնվել կառավարական մարմինների ղեկավարներ, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության, «Նաիրիտ» գործարանի ՓԲԸ-ի և «Արմենակ» ասոցիացիայի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի կանոնակարգը, հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին համատեղ նիստի արձանագրությունը, հուշագիրը «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի և Լեհաստանի Հանրապետության գլխավոր անասնաբույժի միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին»: Կողմերը համագործակցության նման ձևաչափը համարել են շատ արդյունավետ և հետագա համագործակցության համար հեռանկարային ոլորտների շարքում առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և շինարարության ոլորտները:

Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում 2010թ. հուլիսի 13-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով, որը կազմակերպել էր Զարգացման հայկական գործակալությունը: Համաժողովի ընթացքում կողմերը ներկայացրել են ՀՀ-ում և Լեհաստանում տիրող տնտեսական իրավիճակը և համագործակցության հնարավոր ուղղությունները: Լեհ գործարարները նախանշել են տարբեր ոլորտներ, որտեղ հնարավոր է սերտ համագործակցություն՝ «Էներգետիկա, վիրահատական գործիքների արտադրություն, դեղագործություն, նավթամթերք, հանքային ռեսուրսներ, անշարժ գույք, արժեթղթեր»: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը համաժողովում ներկայացրել է նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը. «2009թ. կազմել է 34.7 միլիոն դոլար: Արտահանումը կազմել է 0.7 միլիոն, ներմուծումը՝ 34 միլիոն դոլար: Այս տարվա (2010թ.) 5 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը ավելացել է 6.9%-ով և կազմել է 10.7 միլիոն դոլար, այդ թվում՝ արտահանումը կազմել է 1.4 միլիոն դոլար և ներմուծումը՝ 9.3 միլիոն դոլար»: Նշվել է նաև ՀՀ-ից արտահանված և ՀՀ ներմուծված ապրանքների ցանկը՝ կաուչուկ, ալյումին, եթերային յուղեր, օծանելիք, կոսմետիկ ապրանքներ, թուղթ: Համաժողովի ընթացքում հայ և լեհ գործարարների միջև ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա համագործակցության մասին:

Այս շրջանում արդեն լեհական կողմը առավելապես շեշտադրում է ՀՀ տնտեսության մենաշնորհային կառուցվածքը որպես հիմնական խոչընդոտներից մեկը երկկողմ տնտեսական կապերի զարգացման համար: Նրանք այս առնչությամբ առաջարկել են ազատ առևտրային գոտու ստեղծումը, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառության ընդլայնմանը: Այս ամենի վերաբերյալ 2011թ. մայիսին ծավալուն հարցազրույցով հանդես է եկել նաև ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ առավելապես շեշտադրելով լեհական կողմի մոտեցումներն այս հարցում:

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստն անց է կացվել Վարշավայում 2011թ. հուլիսի 7-ից 8-ը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական, ֆինանսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, մաքսային, առողջապահության, ինչպես նաև միջտարածաշրջանային կապերի հաստատման ու խորացման ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: Նիստի ժամանակ հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվել ԵՄ հետ ՀՀ համագործակցության ծրագիրը, մասնավորապես, մանրամասն քննարկման առարկա են դարձել Արևելյան գործընկերության ծրագրի իրականացման խնդիրները: Նիստի շրջանակներում տեղի է ունեցել համատեղ տնտեսական սեմինար, որի ընթացքում հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրը: Նիստին մասնակցել են նաև Լեհաստանում իրենց գործունեությունը ծավալող հայ գործարարներ:

Լեհաստանի նախագահ Կոմորովսկու 2011թ. հուլիսի 28-29 ՀՀ կատարած այցի շրջանակներում ի թիվս այլ հարցերի, կողմերը առավելապես շեշտադրել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը: Հանդիպման ընթացքում Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստան-ԵՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը նաև հայ-լեհական երկկողմ համագործակցության դիրքերից: Լեհաստանի նախագահի ՀՀ կատարած այցի շրջանակներում հուլիսի 28-ին տեղի է ունեցել հայ-լեհական գործարար համաժողով: Լեհաստանից ՀՀ ժամանած գործարարները եղել են ապահովագրության, շինարարության, էլեկտրաէներգիայի և բանկային ոլորտների ներկայացուցիչներ: Կողմերը բարձր են գնահատել հայ-լեհական գործարար համաժողովների աշխատանքը և փաստել, որ եթե 2001թ. ՀՀ-ում գործում էր լեհական կապիտալով 7 ձեռնարկություն, ապա 2011թ. դրությամբ ձեռնարկությունների թիվը 12-ն է: Համաժողովի ընթացքում կողմերի միջև հուլիսի 29-ին ստորագրվել են փոխըմբռնման 3 հուշագրեր՝ փոխըմբռնման և համագործակցության հուշագիր զարգացման հայկական գործակալության և տեղեկատվության ու արտասահմանյան ներդրումների լեհական գործակալության միջև, փոխըմբռնման և համագործակցության հուշագիր ՀՀ արդյունաբերողների և ձեռներեցների միության և Լեհաստանի գործատուների միության միջև, փոխըմբռնման և համագործակցության հուշագիր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Լեհաստանի առևտրային պալատի միջև:

Երևանում 2012թ. հոկտեմբերի 4-ին զարգացման հայկական գործակալության կողմից կազմակերպված Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովին մասնակցելու համար Լեհաստանից ժամանել է Լեհաստան-Հայաստան տնտեսական պալատի նախագահ Զբիգնև Շմուրլոյի գլխավորած գործարար պատվիրակությունը, որը ներկայացնում է Լեհաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերը՝ սնունդ (պահածոյացված միրգ/բանջարեղեն), հանքարդյունաբերություն, անվտանգության համակարգեր, շինարարություն, ջերմամատակարարում, սառնարանային արտադրություն, առողջապահություն (հիվանդանոցային սարքավորումներ): Համաժողովի բացման արարողությունից հետո «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ.Հարությունյանը և Լեհաստան-Հայաստան տնտեսական պալատի նախագահ Շմուրլոն ստորագրել են «Փոխըմբռնման հուշագիր»: Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաև անհատական գործարար հանդիպումներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. Լեհաստան կատարած այցի ընթացքում կողմերը քննարկումներից հետո ստորագրել են մի քանի փաստաթղթեր, որոնցով ընդլայնվել է առևտրատնտեսական համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը: Հունիսի 25-ին ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝

· Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Լեաստանի Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և գործընկերային հարաբերությունների զարգացման մասին»

· Համաձայնագիր «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Լեհաստանի Հանրապետության գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին»

·  Համաձայնագիր «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին»:

Նախագահները հանդիպման ընթացքում կարևորել են առևտրատնտեսական կապերի դինամիկ առաջընթացը, ինչի շնորհիվ 2012թ. առաջին երեք եռամսյակների կտրվածքով առևտրաշրջանառությունը կազմել է «մոտ 27.6 միլիոն դոլար, որից 27.3 միլիոնը՝ ներմուծում Լեհաստանի Հանրապետությունից»:

2014թ. ապրիլին Երևանում կայացած հայ-լեհական գործարար համաժողովի բացման խոսքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է, և «այսօր Հայաստանը Լեհաստան է արտահանում խեցգետնակերպեր, ալյուր, հատիկավոր բույսեր, սպիրտային խմիչքներ, սիգարետներ և ծխախոտ, սինթետիկ կաուչուկ, փաթեթավորման նյութեր և տարաներ»:

Նույն թվականի դեկտեմբերի 5-ին Վարշավայում տեղի է ունեցել հայ-լեհական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համատեղ չորրորդ նիստը: Համանախագահներ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, հայ-լեհական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մելքոնյանը և Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության փոխպետքարտուղար Տոմաշ Տոմչիկևիչը իրենց խոսքում վստահեցրել են, որ երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտը լայն հնարավորություն է ընձեռում էլ ավելի ընդլայնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը: Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստան-Լեհաստան տնտեսական համագործակցության զարգացման տեսակետից առավել կարևոր և հեռանկարային համարվող հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսություն, ֆինանսական ներդրումներ, էներգետիկա, մաքսային, տրանսպորտ և հաղորդակցություն, առողջապահություն, զբոսաշրջություն, մշակույթ և գիտություն: Նիստի ընթացքում նաև տեղի է ունեցել «Հայաստանի տնտեսությունը և ներդրումային դաշտը» խորագրով սեմինար:
2015թ. ընթացքում առավելապես աճել է ՀՀ-ից Լեհաստան ապրանքների արտահանման ծավալը: Գործարար համաժողովների միջոցով Լեհաստանի բնակչությունը ծանոթացել է հայկական մի շարք ապրանքների հետ, և արդյունքում աճել է պահանջարկն այդ ապրանքատեսակների նկատմամբ: Լեհաստանում ՀՀ դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու խոսքերով. «… Խնդիրն այն է, որ գնորդները տեղյակ չեն, որ նման ապրանք գոյություն ունի: … Հայաստանն, իհարկե, հայտնի է Եվրոպայում, սակայն կոնկրետ ապրանքատեսակների հետ չի ասոցացվում»:

Երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական քայլ է համարվում 2015թ. մարտին լեհ մասնագետներից բաղկացած պատվիրակության այցը ՀՀ: Այցի հիմնական նպատակն է եղել ծանոթանալ ՀՀ ներդրումային դաշտին և առաջարկություններ ներկայացնել ՀՀ գերատեսչություններին և ԵՄ հայաստանյան պատվիրակությանը: Լեհ մասնագետների ներգրավվածությունը բացատրվում է այն հանգամանքով, որ Լեհաստանը ունի ներդրումային փայլուն փորձ և կարող է այն փոխանցել ՀՀ-ին, Լեհաստանի տնտեսությունը տարիների ընթացքում դարձել է Եվրոպայում ամենաարագ զարգացողը: Պատվիրակության անդամ Լեհաստանի տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների գործակալության փոխտնօրեն Աննա Պոլակ-Կոչինսկայան «Armenpress»-ին տված հարցազրույցում նշում է. «Այն, որ մենք չենթարկվեցինք համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, ներդրումների արդյունք էր: Եթե աշխարհում կար այն միտումը, որ ներդրումների արդյունքում ձեռք բերված միջոցները վերադարձվում էին այն երկրներ, որտեղից ստացվել էին, ապա մեզ մոտ այդ միջոցները մնում էին և կրկին ներդրվում: Դա այն բանի շնորհիվ էր, որ Լեհաստանն ուներ կայուն միջավայր՝ տնտեսական և քաղաքական առումներով: Հայաստանը ևս պետք է ներկայանալի լինի և ներդրողներին ցույց տա իր գրավչությունը, մնացածը ժամանակի հարց է»: Լեհ մասնագետը նշում է, որ ՀՀ-ում առկա ամենամեծ խնդիրը ճանապարհային ցանցի անմխիթար վիճակն է, ինչը կարող է վանել ներդրողներին, հետևաբար ՀՀ-ն պետք է փորձի գրավել ներդրողներին դեպի իր տնտեսություն, իսկ դա կբերի ներդրումային թռիչքի: Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, ըստ լեհ մասնագետի, ՀՀ-ն կարող էր կապող օղակ հանդիսանալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, սակայն այստեղ խանգարում են ՀՀ փակ սահմաններն ու առկա տարածքային հիմնախնդիրները հարևան երկրների հետ: Ըստ լեհ մասնագետի՝ ՀՀ տնտեսական առաջընթացի հիմնական գրավականը կլինի երկրի արտահանման «հիթը» գտնելը, ինչն իր հաջողությունն է բերել նաև Լեհաստանին: Խոսելով երկկողմ տնտեսական համագործակցության մասին՝ վերջինս նշել է, որ պատվիրակության հիմնական նպատակը նաև համարվում է լեհ գործարարներին օժանդակելն ու ՀՀ-ում անհրաժեշտ ներդրումային շուկաներ գտնելը:

2016թ. նոյեմբերի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման միտումները: Դեսպանը ցածր առևտրաշրջանառության հիմնական պատճառներից է համարում լեհական շուկայում և հասարակության մեջ հայկական ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը: Նրա խոսքով Լեհաստանում հասարակությունը ծանոթ է Հայաստանի մշակույթին, զբոսաշրջության հնարավորություններին, սակայն շատ հայկական ապրանքատեսակներ հավուր պատշաճի ներկայացված չեն Լեհաստանում: Դեսպանը շեշտադրում է, որ «Հայաստանը կարիք ունի Լեհաստանում ներկայանալու որպես բրենդ»: Հետևաբար այս խնդիրները հաղթահարելու պարագայում հնարավոր է երկկողմ առևտրաշրջանառության մեջ թռիչքային աճ գրանցել:

2016թ. մայիսի 17-ին Երևանում անցկացված հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի ընթացքում կողմերը մատնանշում են, որ առաջընթաց է գրանցվել հատկապես ՀՀ-ից Լեհաստան ոչ թանկարժեք, գյուղատնտեսական և քիմիական ապրանքների արտահանման գործընթացում:

Հանձնաժողովի շրջանակներում կազմակերպված Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովին մասնակցել են երկու երկրների գործարար համայնքների շուրջ 35 ներկայացուցիչներ: Քննարկվել են երկու երկրների գործարարների ներդրումային առաջարկները, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները: Համաժողովին մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հանդիպումներ:

Հայ-լեհական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի 2017թ. համատեղ նիստը տեղի է ունեցել Երևանում նույն թվականի հոկտեմբերի 4-ին, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով: Այս համաժողովի ընթացքում ևս կողմերը գրանցել են նախորդ համաժողովից հետո առկա առաջընթացը, ներդրումային դաշտում առկա փոփոխություններն ու քննարկել են երկկողմ առևտրատնտեսական առաջընթացին նպաստող ծրագրերը:

Այսպիսով, հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցությունը, չնայած ընդլայնման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի առկայությանը, շարունակում է մնալ ցածր մակարդակում: Երկկողմ հարաբերությունների 25 տարիների ընթացքում փոխայցելությունները, Լեհաստանում հայկական ապրանքատեսակների ցուցահանդեսներն ու գործարար երկկողմ համաժողովները նպաստել են ապրանքաշրջանառության որոշակի աճին, սակայն դրանք հեռու են կայացած համարվելուց: Ցածր առևտրաշրջանառության պատճառներ ենք համարում Հարավային Կովկասում առկա լարված տարածաշրջանային իրադրությունը՝ պայմանավորված նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներով, ինչպես նաև ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման թերի մակարդակը:

Նյութի աղբյուրը՝ Անահիտ Ասատրյան- «Հայ-լեհական հարաբերությունները 1991-2018թթ.»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...