Skip to main content

Հանրային դիվանագիտություն

 

https://drive.google.com/drive/u/1/folders/1rITZQWk1zTybZ-ICYePxayJQv6nQ15ad

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին

https://www.president.am/hy/press-release/item/2021/11/02/President-Armen-Sarkissians-speech-in-COP26/

ԵԽ միջազգային ՀԿ-ների համաժողով

https://www.coe.int/hy/web/yerevan/conference-of-ingos

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում

https://eap-csf.eu/frontpage-rus/

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ

https://www.osce.org/odihr/elections/armenia

ՄԱԿ և քաղաքացիական հասարակություն

https://www.un.org/en/get-involved/un-and-civil-society

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինտեգրված համակարգ

https://esango.un.org/civilsociety/login.do

https://twiplomacy.com/

Հանրային դիվանագիտության գործոնը

Միջազգային հարաբերություններում ավելի ու ավելի է ակտիվանում դիվանագիտության դերակատարությունը որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ: Այն հանդիսանում է քաղաքացիական հասարակության և արտաքին լսարանների հետ փոխազդեցության լայնածավալ գործունեություն: Դրա շնորհիվ էլ կարողանում է ձեռք բերել եզակի հնարավորություններ միջազգային հասարակայնության հետ պետության կապերի ընդլայնման համար: Հետևաբար, հանրային դիվանագիտության գործունեության ոլորտը ենթադրում է հասարակական կարծիքի, ոչ պետական հիմնարկների և անհատ քաղաքացիների ավելի ակտիվ ներգրավվածություն արտաքին քաղաքականության խնդիրների քննարկումներին:

«Հանրային դիվանագիտություն» տերմինը 1965թ. առաջարկել է ամերիկացի դիվանագետ Էդմունդ Գալիոնը՝ այն համարելով «քարոզչություն» հասկացության ծածկոցը: Այն ծաղկում է ապրել «սառը պատերազմի» տարիներին, երբ Խորհրդային Միությունը մրցակցում էր ԱՄՆ-ի հետ: Եվ վերջինները, համաշխարհային տարածության մեջ իրենց գերիշխանությունն ապահովելու համար, այն օգտագործում էին որպես ներգոր ծության միջոց: Ժամանակի ընթացքում ավելի ընդարձակվելով՝ այն կարողացավ ընդգրկել այնպիսի տարրեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպությունները, գիտակրթական և մշակութային կենտրոնները, քույր քաղաքների մակարդակով շփումները, հասարակական-քաղաքական միջոցառումները և այլն: Հանրային դիվանագիտությունն ընկալվում է որպես արտաքին քաղաքականության կարևոր գործիք և հիմնականում հանդես է գալիս որպես երկարաժամկետ ներգործության միջոց: Առանձին իրավիճակներում իր նպատակին հասնելով՝ այն կարողանում է բարենպաստ մթնոլորտ ստեղծել արտաքին քաղաքականության համար ընդհանրապես և հաճախ է հիշատակվում միջազգային հարաբերությունների տարբեր խնդիրների լուծման համատեքստում: Քանի որ XXI դարը համարվում է հանրային դիվանագիտության դարաշրջան, ուստի, կհաղթեն և միջազգային ասպարեզում իրենց արժանապատիվ տեղը կամրապնդեն նրանք, ովքեր հակառակորդներից ավելի արագ ու լիարժեքորեն կտիրապետեն նրա տեխնիկային, ովքեր կկարողանան իրադարձությունները և իրենց քաղաքական նպատակները վերածել մշակույթի:

Հայ ժողովրդի բազմադարյա ձեռքբերումները հսկայական պաշար են հանրային դիվանագիտության արդյունավետ ընթացակարգի կատարելագործման համար: Դրանք են՝ գիտակրթական, հոգևոր- մշակութային բազմադարյա ձեռքբերումներն ու ներդրումները համամարդկային քաղաքակրթության արժեհամակարգում, հարյուրամյակների ազնիվ կենսագրությունը, մեծահամբավ սփյուռքը՝ միջազգային հեղինակություն վայելող իր գործիչներով, մշակութային կենտրոններն ամբողջ աշխարհում, միլիոնավոր մարդիկ արտերկրում, որոնց համար գրավիչ են Հայաստանը, հայ ազգի մշակույթը և հայոց պատմությունը: Այս առումով հսկայական է արտերկրի հայության ազգանպաստ բազմաբնագավառ գործունեությունը: Հայկական սփյուռքն իր ավանդույթների համաձայն՝ այսօր էլ շարունակում է իրականացնել միջազգային արդյունավետ փոխգործակցություն բազմաթիվ երկրների ինչպես կառավարական մարմինների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: ՀՀ շուրջ ծավալվող գործընթացները շարունակ հաստատում են, որ այսօր ավելի, քան երբևէ, խիստ կարևոր է ազգային մշակույթը և արվեստը քարոզչության հիմնական միջոց դարձնելու գործընթացը, որն ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի այն խնդիրների կարգավորման համար, որոնց արտաքին աշխարհում դիմակայում է մեր երկիրը: Այդ խնդիրները բխում են բարենպաստ միջավայրի ստեղծման, երկրի զարգացման կարիքներից: Գլոբալացման ժամանակակից պայմաններում արվեստի տեղեկատվական ներգործության առաքելությունը պետք է լինի ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության իրականացման արդյունավետ ուղիների, մեխանիզմների և հաղորդակցության տեսակների ամրապնդմանը նպաստելը՝ ելնելով աշխարհաքաղաքական գործընթացներից: Հանրային դիվանագիտությունը միջազգային հումանիտար համագործակցության մեջ, երկրի հանդեպ համակրանքի ամրապնդման միջոցով, աջակցում է կոնկրետ պետական շահերի իրականացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացներում միջազգային լսարանի ներգրավման ընթացակարգը պահանջում է էլ ավելի կատարելագործել համատեղ միջոցառում- ների արդյունավետության մեխանիզմները: Միջազգային շփումները քույր քաղաքների միջև, իբրև արտաքին հրապարակայնության հարթակ, ամրապնդում են համագործակցությունը երկրի և արտաքին աշխարհի միջև՝ տնտեսության, հոգևոր-մշակութային, գիտակրթական, քաղաքաշինական և այլ ոլորտներում:

Հայ ազգային արվեստը հզոր է հանճարեղ գործերով, որոնք կարողացել են ավելի վառ և անմիջականորեն արտահայտել հարազատ ժողովրդի մտահոգությունները, կյանքն ու երազանքները, ազգային հոգեկերտվածքը: Արվեստի գործիչների ձևավորումն ու հզորացումը սկիզբ են առել ազգային արվեստի հարուստ ավանդույթներից: Հանգամանք, որին անդրադառնալը՝ որպես կենսական անհրաժեշտություն, դարձել է մեր ժամանակների հրամայականը: Նրանք, արտահայտելով ազգային բնավորության ու մտածողության բնորոշ գծերը, նոր աստիճանի բարձրացրին ժողովրդի գեղարվեստական զարգացումը: Ազգային մշակույթի, հայրենասիրության, հումանիզմի, արժանապատվության, կյանքի ու արվեստի հարաբերության հարցերը նոր աստիճանի բարձրացվեցին: Մինչդեռ օտարածին ներթափանցումները, իրենց անկանխատեսելի միջոցառումներով, կարող են շատ արժեքներ խեղաթյուրել: Արվեստն այն կանխարգելիչ համակարգն է, որն իրականության ճշգրիտ պատկերման ճանապարհով հասարակությանը զերծ է պահում օտարածին ցնցումներից:

Ամեն ինչ վերագրել ասելիքի ճգնաժամին՝ այնքան էլ տեղին չէ, քանզի ասելիքի ճգնաժամ չկա արվեստի մեջ: Քաղաքական և սոցիալական խնդրահարույց իրադարձություններում հասարակությունը միշտ էլ կարևորել է, արվեստի և մշակույթի գերակայության անհրաժեշտությունը: Առավելապես  նման պայմաններում  է, որ արվեստի գործերը կարողանում են հասարակությանը հրավիրել երկխոսության, որը հասարակության ամենակարևոր բանակցությունն է: Իսկ իրականությունն էլ ավելի  է խեղաթյուրվում,  երբ չկա հասարակություն-արվեստ, հասարակություն-մշակույթ գլխավոր երկխոսությունը:

Արվեստի հետ երկխոսելը կարևոր է հատկապես մեր ժամանակներում, որովհետև, ի վերջո, արվեստն այն ամենահավաստի երևույթն է, որը մեր ժամանակը կտեղափոխի այլ ժամանակներ, կնպաստի երկրի սոցիալական, քաղաքական վիճակի, մեր անմիաբանության կարգավորմանը, որն արդեն ընդգրկում է հասարակության գրեթե բոլոր շերտերը: Քանզի արվեստը ստեղծում է նոր մարդկություն, նոր փոխհարաբերություններ, նոր աշխարհ, նոր հոգի: Այլապես ավելի է թանձրանում անհանդուրժողականության մթնոլորտը, թուլանում է իրականության ընկալման հնարավորությունը, նվազում է համակրանքն արժեքների նկատմամբ: Դրա արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե հասարա- կությունն ինքնակամ է նահանջում մշակութային հասարակության իր դիրքերից: Առավել ևս, այն ժամանակ, երբ անցումային շրջանում հսկողությունից դուրս եկած մամուլի ազատությունն ու պետգրաքննության վերացումը միանգամից անսովոր պայմաններ ստեղծեցին: Խոսքի ազատությունը դուրս հորդեց բոլոր արգելքներից և վերածվեց խոսքի անարխիայի ու հնարավորության՝ հրապարակավ և անպատիժ կերպով մեղադրելու բոլորին և ամենքին՝ ում ասես և ինչում ասես: Այդ պայմաններում որոշ լրատվամիջոցներ ընդունակ չէին գոյատևել իրենց տպաքանակի հաշվին, զարգանալ սեփական գործունեության շնորհիվ: Տնտեսական անբավարար վիճակը ստեղծում է ֆինանսական օգնության կարիք, որը երբեմն բավարարում են ստվերային եղանակով ստացված միջոցները, և երևույթների լուսաբանման տեսանկյունից առաջանում են պարտավորություններ: Նման գործընթացը ներկայացվում է որպես լրատվամիջոցների ազատության արտահայտություն: Դա ստեղծում է մի իրավիճակ, երբ թվում է, թե մեզ առավելապես ներքին տեղեկատվական դաշտն է հետաքրքրում: Մինչդեռ, որոշ երկրների և հիմնականում թշնամական տերությունների հատուկ ծառայությունները մեծ գումարներ են ծախսում այլ երկրներում լրատվամիջոցներ «գնելու» նպատակով: Անցումային շրջանին բնորոշ անկայունությունն արմատապես փոխեց արժեհամակարգը: Հետևաբար, անհրաժեշտ է տեղեկատվական անվտանգության տեսակետից իրագործել լրատվության միջոցների պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն՝ դրանց վրա հնարավոր ազդեցությունների աղբյուրները և մեխանիզմները բացահայտելու նպատակով: Դա կնպաստի ստեղծված վտանգների վերացման գործողությունների մշակմանը:

Անցողիկ նյութական արժեքները հետ մղեցին մնայուն հոգևոր արժեքները՝ դարավոր բարեկամական հարաբերություններում ստեղծելով ևս մեկ վակուում՝ բարոյական և իրավական: Մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ բարեփոխումների իրականացման ընթացքը պայմանավորված է դրանց նկատմամբ արժեքային վերաբերմունքով: Հասարակությանը հավուր պատշաճի չներկայացվեցին սոցիալ-քաղաքական գործընթացների նպատակներն ու իմաստը, առանց  որի անհնար էր հասնել հասարակական համաձայնության: Այստեղ իր դերակատարությունն ունեցավ այն թյուր ըմբռնումը, որ սովորական մարդկային բարոյականությունն արտացոլում է «իր դարն ապրած արժեքները»: Մինչդեռ, ազնվությունը, բարեկրթությունը, փոխադարձ հարգանքը, վստահությունը, փոխըմբռնումն ու մյուս կարևոր հիմնարժեքները մարդկային հարաբերությունների անկյունաքարերն են: Դրանք որքան անհրաժեշտ, նույնքան էլ պարտադիր են փոխշահավետ համագործակցություն իրականացնելու համար: Այս փաստարկը հայտնի է, բայց հաճախ չի ընկալվում շատերի, առավելապես նրանց կողմից, ովքեր խեղաթյուրում են ճշմարտության ընթացքը: Պատահական չէ, որ այսօր էլ Արևմուտքում խիստ կարևորվում են ձեռնարկատիրական էթիկայի հարցերը, որոնք կողմնորոշված են դեպի մարդու պրակտիկ վերափոխիչ գործունեությունը: Էթիկան պահանջում է, որպեսզի մարդու կենսական ուժերը կենտրոնանան մարդկային արդար համագործունեության, պարկեշտ կեցվածքի և մյուս առաքինի արժեքների վրա, որպես Աստծո բարձրագույն կամքի արտահայտություն: Կապիտալիզմի իդեալական մոդելի ու գործող իրականության միջև դրսևորվող հակասությունները կարգավորվում են ձեռնարկատիրական էթիկայի սկզբունքներով: Քանզի առանց այդ սկզբունքների շրջափակվում են ազատ և արդար համագործակցությունը, հասարակության տարբեր խավերի տնտեսական ակտիվության զարգացումը:

Հետխորհրդային հասարակություններում քաղաքական օտարման հոգեբանական ձևերից են ապագայի նկատմամբ անվստահության, ինչպես նաև կարոտախտի զգացումները, որոնք հաճախ ընդունում են ճակատագրապաշտության և խորհրդային անցյալն իդեալականացնելու, գունազարդելու տեսք: Այնուհետև ծավալվեց ավանդական մշակութային արժեքներից օտարման գործընթացը: Հոգևոր արժեքները հետզհետե ավելի ու ավելի կերպարանափոխվելով՝ դառնում էին ապրանքների առասպելական պատկեր, այսպես կոչված «իմիջ»: Դրանք բավարարում են սպառողի որևէ հոգևոր պահանջմունքը և կապված են հեղինակության խորհրդանիշների ու սպառման իրադրության հետ: Հեղինակային սպառումն արդեն սկսեց ձևավորել սոցիալական անհատի այն տիպը, որին բնորոշ էին ամենօրյա խրախճանքի ծարավն ու սպառողականությունը, բարոյական հարաբերականությունն ու իրականությունից փախուստի ամենատարբեր ձևերը: Ինչ վերաբերում է ինտերնետի սոցիալ-քաղաքական նշանակությանը, ապա, մի կողմից, ինտերնետն ընդլայնեց հասարակական մարդու անկախացումը, մյուս կողմից՝ ընձեռեց սոցիալական ուժեղացված վերահսկողության աննախադեպ միջոցներ ու հնարավորություններ: Օտարման երևույթներն ակտիվացան նաև ուրբանի- զացիայի, բնակչության միգրացիայի գործընթացների հետ կապված: Հայտնի սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմը գտնում էր, որ բարոյաիրավական արժեքների արագընթաց փլուզումն անցումային հասարակության մեջ ստեղծում է ապակազմակերպվածության, քաոսի, ամենաթողության վիճակ, որն անվանում է անոմիա: Նա անոմիան բնութագրում է որպես այնպիսի հասարակական վիճակ, որտեղ բացակայում է անհատների վարքի բա- րոյական կարգավորումը: Ըստ Մերտոնի, անոմիան անհատական և հասարակական գիտակցության առանձնահատուկ բարոյահոգեբանական վիճակ է, որը բնութագրվում է բարոյական արժեքների համակարգի փլուզմամբ և իդեալների վակուումով: Մերտոնն ուշադրությունը սևեռում է սոցիալական վերահսկողության երկու գործոնի՝ մշակույթով պայմանավորված նպատակների, մտադրությունների ու շահերի վրա, որոնք հասարակության լայն շրջանակների համար համարվում են օրինական: Եվ երկրորդ՝ մշակութային կառուցվածքի այն տարրի վրա, որը որոշում, կարգավորում և վերահսկում է նպատակներին հասնելու ընդունելի, օրինական եղանակները: Ընդ որում, հասարակության մշակութային արժեքների և դրանց իրագործման հնարավորությունների միջև կոնֆլիկտը տարբեր իրավախախտումների, շեղված վարքի հիմնական պատճառներից մեկն է:

Առկա խնդիրները հիմնականում իշխանական գործունեությամբ բացատրելը պայմանավորված է եղել անցումային շրջանի հոգեբանական առանձնահատկություններով: Տրանսֆորմացիոն հասարակությունում ձևավորվում է մի ընդհանուր գիտակցություն, թե երկրի ու հասարակության առջև քաղաքական միակ պատասխանատուն իշխանությունն է: Հայ գրականության պատմությունը բազմիցս վկայել է, որ այն երբևէ անտարբեր չի եղել ժողովրդի կյանքում տեղի ունեցող սոցիալական և քաղաքական կարևոր երևույթների նկատմամբ: Ազգային դիմագծի պահպանման բարդ ու դժվարին ժամանակները հիմնականում ուղեկցվել են գեղարվեստական բարձրարժեք ձեռքբերումներով: Նրանք ընդգծվել են միանգամայն որոշակի առանձնահատկություններով, ինչի շնորհիվ կարողացել են թափանցել խնդրահարույց իրադարձությունների խորքը, ճանաչել իմաստնությունը, այսինքն՝ այն, ինչը հնարավոր էր բացահայտել և ներկայացնել միմիայն փիլիսոփայական ինտուիցիայի դրսևորման իսկական բնագավառի՝ արվեստի միջոցով: Ընդ որում, տվյալ պահին նորը հաճախ չի գիտակցվել, առանց հին կուռքերի չի պատկերացվել, և երբեմն էլ որոշ առնչություններ բացարձակացվել են: Նախորդների գործունեության պատմական նշանակությունը հսկայական է եղել, բայց նոր ժամանակները նոր խոսք են պահանջել: Ռ.Պատկանյանը զգում էր այդ ու նշում. «Մենք վաղուց է, որ «մեր ալյուրը մաղել ենք և մաղը պատին ենք կախել»: Նոր ժամանակները միշտ էլ տեսակետների և տրամադրությունների փոփոխություն են բերել: Մինչդեռ, այդ ամենը միանգամից և հեշտությամբ չի գիտակցվել: Դժբախտաբար, այդպես հաճախ է պատահում, մեծերի մեծությունը միշտ չէ, որ անմիջապես է ընդունվում: Իր ժամանակակիցներից ավելի հեռուն տեսնելու ունակության, խնդրահարույց իրադարձությունների խորքը թափանցելու և բերած բացառիկ նորությունների պատճառով մեծերն իրենց կյանքի ընթացքում երբեմն մերժվում են, հալածվում:

Արտաքին քաղաքականության մեջ հանրային դիվանագիտության դերի համակարգված ըմբռնումը կարևոր հանգամանք է, որի հրապարակայնությունը Հայաստանի քաղաքացիներին կտանի դեպի բարեկեցություն, մշակութային կապերի զարգացում և կամրապնդի վստահությունը: Այս առումով պետք է ավելի ակտիվորեն դրսևորվեն նոր տեխնոլոգիաները միջազգային հարաբերություններում: Խոսքը ոչ թե միջազգային հարաբերությունների ավանդական մեթոդների, այլ նորահայտ տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործման մասին է: Այդ քաղաքականությունը նախատեսում է շահերի առաջխաղացում՝ ելնելով երկրի նկատմամբ համակրանքի ձևավորումից, հենվելով ոչ միայն նյութական, այլև հոգևոր, մշակութային և ինտելեկտուալ ձեռքբերումների վրա: Այս առումով սպասելիքները չեն արդարանում, երբ երկրի դիրքորոշումը միջազգային հարաբերություններում լուսաբանվում է միակողմանի: Բազմաթիվ արտաքին մարտահրավերները, որոնց հետ այժմ բախվում է Հայաստանը, արժանի են ավելի մանրամասն քննարկման: Արտաքին մարտահրավերները, մեր շուրջ փոփոխվող աշխարհը պարտադրում են որոշումներ կայացնել ոչ միայն տնտեսության, այլև մշակույթի ոլորտներում: Այդ պայմաններում որքան անհնար, նույնքան էլ վտանգավոր է մեկուսանալը: Ընդհակառակը, պետք է ելնել սեփական շահերից և նպատակներից՝ ձգտելով ապահովել նոր կենսակերպի ձևավորումը, որը հիմնված է առկա աշխարհաքաղաքական իրողությունների վրա։ Դրսից ներմուծված հակամարտությունների արդարացումը՝ կեղծ մարդասիրական նկատառումներով, կարող է նսեմացնել դարերով սրբագործված պետական ինքնիշխանության սկզբունքը: Հաճախ ասում են՝ մարդու իրավունքներն առաջնային են ազգային ինքնիշխանության նկատմամբ: Սակայն երբ մարդու իրավունքները պաշտպանվում են դրսից, ապա օգտագործելով այս դիրքորոշումը՝ հեշտությամբ խախտվում է պետական ինքնիշխանությունը: Նույն զանգվածների ոտնահարված իրավունքները, այդ թվում` առավել հիմնարար և սուրբ կյանքի իրավունքը, ոչ թե ազնիվ գործ է, այլ տարրական դեմագոգիա: Իսկ ազատությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իր սեփական էությունն ընտրելու մարդու հնարավորություն: Այսօր ամեն մի անհատական գիտակցություն, ամեն մի գործող սուբյեկտիվություն անհուսալիորեն խճճվել է սոցիալական տարբերությունների, ավտորիտար կազմակերպությունների, տարբեր մանիպուլյացիաների և ինստիտուցիոնալ անհավասարության ցանցերի մեջ: Այս ամենն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Դրանց անտեսումը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը: Հատկապես նման պրիզմայի միջոցով կարելի է ընկալել օտարածին վարքագծի մի շարք ասպեկտներ, որոնք չեն տեղավորվում տրամաբանության ժամանակակից զարգացման կարծրատիպերի մեջ: Եվ այս թեմային անդրադառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այն հանդգնում է տատանել համոզմունքները, որ այն գործում է կայունության դեմ:

Արդի ժամանակաշրջանը պահանջում է ՀՀ արտաքին քաղաքականության մեջ հանրային դիվանագիտության դերի համակարգված ըմբռնում: Քանզի հանրային դիվանագիտություն ասելով երբեմն հասկացվում են միանգամայն տարբեր բաներ, իսկ դա հնարավորություն չի տալիս մշակել համապարփակ հավասարակշռված ռազմավարություն: Այնուամենայնիվ, հանրային դիվանագիտության տարբեր սահմանումները, ընդհանուր առմամբ, ամփոփվում են «արտասահմանյան հանրության հետ երկխոսության համակարգում»: Եվ քանի որ «հանրային դիվանագիտություն» եզրը հայտնվել է ԱՄՆ պետական դեպարտամենտի կադրերի գլխավոր դարբնոցներից մեկում՝ որպես «քարոզչություն» եզրի փոխարինող, ուստի, հնարավոր սխալներից խուսափելու համար պետք է օգտվել նրա փորձից: ԱՄՆ փորձը ցույց է տվել, որ անընդհատ փոփոխվող աշխարհում միակողմանի տեղեկատվության տարածումը քաղաքական տեղեկատվական ցանցային համատեքստում արդյունք չի տալիս: Արդյունավետությունը կարող է ապահովել արտասահմանյան հասարակայնության հետ երկխոսության համակարգի ստեղծումը: Հետևաբար, տեղեկատվական ներգործության հնարավորությունների կատարելագործման համատեքստում, որպես Հայաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գործոն, հանրային դիվանագիտությունը պետք է պահպանի հետևյալ երեք խնդիրների հաջորդականությունը.

1.տեղեկատվություն արտասահմանյան հասարակությանը հայկական պետության և հայ հասարակության դիրքորոշման մասին,

2.արտասահմանյան հասարակության վերաբերմունքի ուսումնասիրություն,

3.Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը մշակելիս հաշվի առնել միջազգային հանրության կարծիքը, որը ձեռք է բերվել ուսումնասիրության արդյունքում:

Հետևաբար, հանրային դիվանագիտության նպատակը ոչ միայն պետության մասին դրական տեղեկատվության տարածումն է, այլ նաև մասնակցությունն արտաքին քաղաքականության որոշումների մշակմանը՝ հաշվի առնելով երկրի հեղինակության վրա այն ազդեցությունը, որը նրանք կմատուցեն: Քանզի, առանց երկարաժամկետ համակարգված աշխատանքների՝ վստահության ամրապնդմանն ուղղված տեղեկատվության տարածումն անարդյունավետ է, և պետությանը հաճախ չեն հավատում, նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս ճիշտ է: Այնպես որ, քաղաքական էլիտայի և փորձագիտական հանրության առաջ այսօր հանրային դիվանագիտության հնարավորությունների, բովանդակության և նպատակների ընդհանուր հասկացության խնդիր է դրված: Հետո արդեն այդ միասնական ընկալման հիման վրա ավելի հեշտ կլինի մշակել համապարփակ ռազմավարություն, տեղայնացնել գոյություն ունեցողը և ստեղծել նոր մեխանիզմներ, ինչպես նաև դրանց արդյունավետությունը գնահատելու համակարգեր: Հանրային դիվանագիտությունը միջոցառումների շարք է՝ ուղղված արտաքին լսարանի ուսումնասիրությանն ու տեղեկացմանը, ինչպես նաև երկարաժամկետ հարաբերությունների շինարարությանը միտված կապերի և գործողությունների հաստատմանը, ազգային արտաքին քաղաքականության նպատակների պաշտպանությանը և արտերկրում իր երկրի արժեքներն ավելի լավ ներկայացնելուն: Դրանով հանդերձ, այն կարողանում է նպաստել ազգային շահերին և ապահովում է ազգային անվտանգությունը՝ ուսումնասիրելով արտասահմանյան հանրային կարծիքի տրամադրվածությունը, տեղեկացնելով նրան ու ներգործելով նրանց վրա, ովքեր այդ կարծիքը ձևավորում են: Հանրային դիվանագիտությունը հիմնականում ուղղված է զանգվածային լսարանին և բխում է այն ենթադրությունից, որ հասարակական կարծիքն ընդունակ է էական ազդեցություն ունենալ կառավարությունների և քաղաքական համակարգերի վրա: Ցանկացած հանրային դիվանագիտություն, ուղղված լինելով կոնկրետ լսարանի, օգտագործում է այդ լսարանին համապատասխան լեզուն և պատկերները: Հատկապես դա է թույլ տալիս նրան հասնելու նախատեսված քաղաքական նպատակներին:

Հանրային դիվանագիտության նպատակն է ընդլայնել երկխոսությունն իր երկրի քաղաքացիների և օտարերկրյա գործընկերների միջև: Դա ենթադրում է ակտիվ միջազգային փոխանակում, տեղեկատվական ծրագրերի ստեղծում, մշակույթի քարոզչություն: «Հանրային դիվանագիտությունը» այլ պետությունների բնակչության կարծիքի և վարքագծի վրա ներգործելու միջոցներից մեկն է: Համաշխարհային ասպարեզում պետության քաղաքականության և արտաքին տնտեսական ծրագրերի կենսագործումը հիմնականում ապահովվում է տեղեկատվական համակարգերի մակարդակով: Տեղեկատվաբացատրական աշխատանքը գործունեություն է, որի նպատակը տեղեկատվության տարածումն է երկրի, ժողովրդի կյանքի մասին, ինչպես նաև կառավարության արտաքին քաղաքական ուղղության և ձեռնարկումների պարզաբանումն է, որը բացահայտում է նաև թշնամական քարոզչությամբ տարածված հերյուրանքների սնանկությունը: Հանրային դիվանագիտությունը միջոց է, որի օգնությամբ կարողանում են ներգործել  այլ երկրների հասարակությունների վրա, այնպես, որ նրանք էլ, իրենց հերթին, կարողանան ազդել սեփական կառավարության վրա: Այնուհետև    hանրային    դիվանագիտությանն    օժանդակելու  եկավ «փափուկ ուժի», «փափուկ իշխանության» գաղափարը, քանի որ, այնուամենայնիվ, խոսքը վերաբերում էր իշխանությունների փոխհարաբերություններին: Եզրի հեղինակը համարվում է Բ.Քլինթոնի վարչակազմի անդամ Ջ.Նայը, որն ընդգրկվում է XX հարյուրամյակի ամենաազդեցիկ քաղաքագետների հնգյակում: Ըստ Նայի, փափուկ ուժը նպատակներին հասնելու հնարավորություն է՝ ներգրավման, համակրանքի, այլ ոչ թե պարտադրանքի կամ կաշառքի  օգնությամբ: Ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, որոնք ուշադրությունը հրավիրում են ներգործության լծակների վրա, ամերիկյան քաղաքագետի համար առանցքայինը հրապուրելն է: Ջ.Նայի ձևակերպած «փափուկ ուժի» հայեցակարգը նպատակին հասնելու հնարավորություն է ոչ թե բռնության կամ կաշառման, այլ գրավչության օգնությամբ: Պետության «փափուկ իշխանությունը» միջազգային ասպարեզում նման է հասարակության մեջ մարդու հեղինակությանը, որը պատկառելի տեսակետ հայտնելով և գործելով ըստ այդմ, կարող է դառնալ ավելի գրավիչ և հեղինակավոր: Հեղինակություն և գրավչություն վայելող անձը կամ հաստատությունը, ամենայն հավանականությամբ, ընկալելի և լսելի է անգամ հակասական իրավիճակներում: Իսկ բացասական համբավ ունեցողը բացասաբար է ընկալվում նույնիսկ ճիշտ տեսանկյուն դրսևորելու պարագայում: Հետևաբար, ժամանակակից աշխարհում հանրային դիվանագիտությունն ուղղված է պետության դրական համբավի ձևավորմանը: Քանզի հեղինակությունը ձևավորվում է ոչ այնքան ճարտասանությամբ, որքան գործունեությամբ: Եթե իրականացվեն այնպիսի քաղաքական քայլեր, որոնք բացասաբար են անդրադառնում տվյալ երկրի իմիջի վրա, ապա գեղեցիկ հռետորաբանությունը հազիվ թե օգնի իրավիճակը շտկելուն:

Հանրային դիվանագիտության նպատակները դարձել են ավելի կոնկրետ և կիրառական, ստացել են այլ չափորոշիչներ, գաղափարականից բացի ի հայտ են եկել երեք աղբյուրներ՝ քաղաքական ներգործության, մշակույթի և արժեքների: Դրանց արդյունավետությունը տարբերվում է ըստ ժամանակաշրջանների: Ընդ որում, եթե արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել մի քանի տարվա, մշակույթը՝ տասնամյակների համար, ապա արժեքները փոխվում են մեկ սերնդի կյանքի ընթացքում: Հանրային դիվանագիտության գործիքները պետք է ընտրել կոնկրետ առաջադրանքների ներքո: Այլ երկրի մշակույթում խորամուխ լինելու համար պետք է շփվել նրա քաղաքացիների հետ, օրինակ՝ կրթության միջոցով, քանզի արժեքները տարածվում են նաև կրթական փոխանակումներով:

Այսպիսով, հանրային դիվանագիտությունը միայն քարոզչություն չէ, այլ շատ ավելին: Ներկայումս այն վերելք է ապրում: Ժամանակակից աշխարհում հանրային դիվանագիտությամբ զբաղվում են ոչ միայն պետությունները, հասարակական և այլ կազմակերպությունները, այլև անհատները: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է միջազգային հաղորդակցությանը, զբաղվում է հանրային դիվանագիտությամբ: Սակայն պետությունը հանրային դիվանագիտության նպատակը ձևակերպել է ավելի հստակ:

Ուժի դիվանագիտություն (Power diplomacy)

Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են ուժային քաղաքականության, դիվանագիտության մի շարք տեխնոլոգիաներ կամ մեթոդներ, որոնց էլ կանդրադառնանք սույն նյութում։ Թեև միջազգային հարաբերություններում ուժի դիվանագիտության մեթոդները նոր չեն կիրառություն ստացել, այդուհանդերձ, վերջին տարիներին դրանց մասնագիտական սահմանումներ տալու անհրաժեշտություն է առաջացել։ Սա թերևս պայմանավորված է նոր աշխարհակարգում առանձնացված մեթոդների տեսության զարգացման և կիրառության շրջանակների ընդլայնման իրողություններով։   

Փափուկ և կոշտ ուժի դիվանագիտություն

«Փափուկ ուժ» (Soft power) հասկացությունը սահմանել է ամերիկացի հայտնի քաղաքագետ Ջոզեֆ Նայը դեռևս նախորդ դարի 80-ականներին։ Այդ հարցերին նա մանրամասն անդրադարձել է 1990 և 2004թթ. լույս տեսած իր երկու աշխատություններում:

«Փափուկ ուժ» հասկացությունում ընդգծվում էր հոգևոր-գաղափարական, քաղաքակրթական-մշակութային արժեքների կարևորությունը։ Առանձնակի նշանակություն էր տրվում միջազգային հարաբերություններում տվյալ պետության միջազգային կշռի ու հեղինակության ամրապնդման, ազդեցության տարածման հարցերում այնպիսի գործոններին, ինչպիսիք են լեզուն, մշակույթը, կրոնը և այլն։ Ինչպես նշվեց, մասնագիտական տեսությունում ուժի դիվանագիտության հասկացությունների սահմանումները թեև մի քանի տասնամյակների պատմություն ունեն, սակայն դրանց կիրառությունը գալիս է դարերի խորքից։ Փափուկ ուժի դիվանագիտական հնարքների մասին անդրադարձներ գտնում ենք հին չինական փիլիսոփայությունում։ Որպես փափուկ ուժի դասական օրինակ` նշվում էր կանացիությունը, կանացի գրավչությունը։ 

Պատահական չէ, որ մասնագիտական գրականությունում փափուկ ուժի դիվանագիտությունը ներկայացվում է նաև որպես համոզմունքների, գրավչության դիվանագիտություն՝ ստանալով «գրավիչ ուժ» (Attractive power) սահմանումը: Եվ իսկապես, փափուկ ուժը տվյալ պետության կողմից առանց բռնության կամ ճնշման, գործընկերների կամավոր մասնակցության ապահովմամբ դրված նպատակին հասնելու ունակությունն է։

Փափուկ ուժի դիվանագիտությունը մեծ ավանդույթներ ունի չինական դպրոցում։ Վերջին տարիներին Չինաստանի իշխանությունները մեծապես կարևորում են արտերկրում չինարեն լեզվի ու ազգային մշակույթի տարածման քաղաքականությունը։ Արտերկրում մեծ տարածում ունեն Կոնֆուցիոսի կենտրոնները։

Փափուկ ուժի կիրառման զգալի փորձ է կուտակել նաև Ռուսաստանը՝ իր Русский мир միջազգային նախագծով։ Վերջին տարիներին ռուսաստանյան բուհերը հատուկ կրթական ծրագրեր են ներկայացնում արտերկրից ուսանողների հոսքերի ապահովման նպատակով։ Այդ հարցում հաջողություններ են արձանագրվել հատկապես Չինաստանից ուսանողների ներգրավման ուղղությամբ։ Այսօր  չինացի ուսանողները սովորում են Ռուսաստանի շուրջ 85 քաղաքների ավելի քան 150 համալսարաններում:

Դարերի պատմություն ունի փափուկ ուժի հնդկական փորձը։ Ըստ փորձագետների` Հնդկաստանի կերպարը համեմատվում էր կանացիության հետ, որը մարմնավորում էր արևելյան և ազգային մշակույթը, հնդկական փիլիսոփայությունը, կրոնն ու Հնդկաստանի հզորությունը։ Ժամանակակից Հնդկաստանը փորձում է աշխարհին ներկայանալ տեխնոլոգիաների ու նորարարությունների բրենդով՝ այն համատեղելով հոգևոր-մշակութային ժառանգությամբ, նաև՝ կինեմատոգրաֆիայով, նորաձևությամբ և այլն։

Փափուկ ուժի դիվանագիտական հնարքների, տեխնոլոգիաների բազմազանությամբ ու դրանց կիրառության հարուստ փորձով առաջատարներից է Միացյալ Նահանգները։ Մասնագիտական գրականությունում ամերիկյան փափուկ ուժը ներկայացվում է որպես դասական դիվանագիտություն։ Առաջնակարգ նշանակություն է տրվում ամերիկյան կենսակերպին, ազատության (Liberty) գաղափարին, որը փորձում են որպես բրենդ տարածել արտերկրում։ Մեծ տեղ է հատկացվում լեզվին, կինեմատոգրաֆիային, ժամանակակից երաժշտությանը և այլն։ Քաղաքական գործընթացների առումով փափուկ ուժի տեխնոլոգիաներից են Վաշինգտոնի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում առաջ քաշած ռազմավարական մոտեցումները։ ԱՄՆ-ում այսօր փորձում են համատեղել փափուկ ուժի դիվանագիտության մշակութային բաղադրիչը նորարարություններով, գիտատեխնոլոգիական առաջընթացով ու կրթությամբ։  

Ջոզեֆ Նայի գնահատականով` փափուկ ուժը կարևոր գործոն է եղել Սառը պատերազմում ԽՍՀՄ-ի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակի հարցում։ Նա առանձնացնում է ամերիկյան կրթական կենտրոնների դերը, որտեղ ուսում են ստանում արտերկրի ուսանողները, որն ամերիկյան արժեքների վերաբերյալ դրական կերպար ու բրենդ է ձևավորում նրանց գիտակցականում։

Փորձագետներից ոմանք այն կարծիքն են առաջ քաշում, որ գունավոր հեղափոխությունները նույնպես մշակվել են փափուկ ուժի դիվանագիտության տեխնոլոգիական գործիքակազմով։ Այդ մոտեցման համաձայն` գունավոր հեղափոխությունների կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն, որպես կանոն, ուղեկցվում է ոչ բռնի ճանապարհով, ինչը «փափուկ ուժ» հասկացության գլխավոր բնութագրիչներից է։

Ամերիկացի քաղաքագետը դիտարկում է «փափուկ ուժ» հասկացությունը նաև ՆԱՏՕ-ի համատեքստում։ Ըստ նրա դիտարկման` ՆԱՏՕ-ի փափուկ ուժ ասելով` պետք է հասկանալ այն, որ Դաշինքը դուրս է գալիս զուտ ռազմական կամ պաշտպանական գործունեության սահմաններից և իր առաքելությունը կենտրոնացնում է հանրային դիվանագիտության ուղղությամբ՝ կառույցը հանրության համար գրավիչ և ընկալելի դարձնելու նպատակներով։

Փափուկ ուժի վարկանիշային` 2018թ. զեկույցում (A Global ranking of Soft power) առանձնացված 30 պետությունները գլխավորում է Մեծ Բրիտանիան, որին հաջորդում են Ֆրանսիան ու Գերմանիան։ 4-րդ հորիզանականում է Միացյալ Նահանգները։ Ըստ վարկանիշային այս զեկույցի` փափուկ ուժի համաշխարհային ազդեցության ցուցիչով` առաջատար են եվրոպական երկրները։ Մեծ Բրիտանիայի պարագայում, որպես փափուկ ուժի հիմնական գործիքներ, նշվում են մշակույթը, կինեմատոգրաֆիան, երաժշտությունը և այլն։ Որպես փափուկ ուժի կիրառման արդյունավետ օրինակ` զեկույցում առանձնացվում էր Անգլիայի Պրեմիեր լիգան։

Ի տարբերություն փափուկ ուժի, կոշտ ուժը (Hard power) ելնում է ուժի ճնշման մեթոդաբանությունից։ Շատ հաճախ կոշտ ուժի քաղաքականությունն ուղեկցվում է  երկրի ռազմական կամ տնտեսական լծակների, պատժամիջոցների բանեցմամբ` բանկային հաշիվների, ակտիվների սառեցման միջոցով։ Հաճախ դրանք կիրառվում են միասին։ Մասնագիտական գրականությունում կոշտ ուժը սահմանվում է նաև որպես ագրեսիվ ուժ։

Խելամիտ ուժ

Դիվանագիտության կամ քաղաքականության բավական լայն լծակների հնարավորություն է ընձեռում խելամիտ ուժ (Smart power) մեթոդը: Մեթոդի վերաբերյալ մասնագիտական սահմանում կրկին գտնում ենք Ջոզեֆ Նայի քաղաքագիտական աշխատություններում։ Նայը, խելամիտ ուժ ասելով, հասկանում է կոշտ և փափուկ դիվանագիտության փոխլրացման, համատեղման քաղաքականությունը։ Խելամիտ ուժը ներառում է դիվանագիտական, քաղաքական, ուժային-ռազմական, տնտեսական, մշակութային-հոգևոր և այլ ուղղություններով լծակներն ու գործիքակազմը։

Խելամիտ ուժի մեթոդը կոնցեպտուալ կիրառություն սկսեց ունենալ Միացյալ Նահանգներում` 2000-ականներից սկսած։ Հայեցակարգի հիմնական դրույթներից մեկն այն էր, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է թուլացնել երկրի մասնակցությունը միջազգային հարաբերություններին և դա փոխհատուցել միջազգային կազմակերպությունների ու ինստիտուտների ներգրավվածության ընդլայնման հաշվին։ Հարցը կարևորվում էր հատկապես Վաշինգտոնի՝ մերձավորարևելյան ռազմարշավի համատեքստում։ Այդ մեթոդի կիրառման անհրաժեշտության դիրքերից էր ժամանակին քանիցս խոսել Հիլարի Քլինթոնը։ Որպես առաջնահերթություն` նշվում էր միջազգային հարաբերություններում ՄԱԿ-ի՝ որպես փափուկ ուժի դերակատարման ընդլայնման անհրաժեշտության մասին։ 

2006թ.  Ջ. Նայը ղեկավարում էր Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կողմից ստեղծված Խելամիտ ուժի հարցերով հանձնաժողովը (Commission on Smart Power-Center for Strategic and International Studies)։ 2007թ. նոյեմբերին հանձնաժողովը զեկույց պատրաստեց, որում վերահաստատում էր խելամիտ ուժը՝ որպես նոր աշխարհակարգում ԱՄՆ-ի առաջընթացի կամ համաշխարհային հեգեմոնիայի վերականգնման ճիշտ ուղի։ Զեկույցը կրում էր «Ավելի խելամիտ, ավելի անվտանգ Ամերիկա» (A Smarter, More Secure America) վերնագիրը։ Ուշագրավն այստեղ այն է, որ նման կոնցեպտուալ, ռազմավարական առաջարկներով հանդես են գալիս ուղեղային կենտրոնները։ Սա ևս մեկ անգամ վերահաստատում է այն, որ Միացյալ Նահանգներում ուղեղային կենտրոններն ուրույն մասնակցություն ու դեր ունեն որոշումների կայացման մեխանիզմում։ 

«Ռենդ» կորպորացիայի` 2005թ. «Չափելով ազգային հզորությունը» (Measuring National Power) զեկույցում առաջարկվում էր պետության հավաքական հզորությունը գնահատել կամ հաշվարկել կոշտ և փափուկ ուժի մեթոդաբանությամբ։ Զեկույցում կարևորություն էր տրվում համաշխարհային գործընթացներում «ոչ պետական դերակատարների» (Non-state actors-NSAs) մասնակցության անհրաժեշտության հարցերին։ Առանձնացվում էին ուղեղային կենտրոնները, մասնավոր, վերազգային խոշորագույն կորպորացիաները և այլն։  

Մասնագիտական գրականությունում առանձնացվում է նաև «սուր ուժ» հասկացությունը (sharp power)։ Սուր ուժի տեխնոլոգիական հնարքները բանեցվում են արտերկրի հասարակություններին մանիպուլացնելու միջոցով՝ երկրում ներքաղաքական անկայունության ստեղծման նպատակներով։ Տեխնոլոգիաներում մեծ կարևորություն է տրվում հանրության առանձնացված շերտերում (նաև՝ խոցելի խմբերում) հոգեբանական-տեղեկատվական ներգործման, հանրության բարոյալքման, մոլորեցման հարցերին։

Արտաքին աշխարհում պետության կերպարանավորման կամ բրենդինգի հարցերը ժամանակակից միջազգային հարաբերությունների, ազգային քաղաքականության անքակտելի բաղադրիչն են: Իհարկե, աշխարհի առաջատար, զարգացած երկրներն անհամեմատ մեծ հնարավորություններ ունեն ազգային բրենդի համաշխարհայնացման գործում։ Սակայն այդ հարցում ոչ պակաս կարողություններ կան նաև փոքր ազգ-պետությունների համար։ Դասական օրինակներից մեկը Իսրայելն է, որն աշխարհին այսօր ներկայանում է Start-up Nation բրենդով։

Կարծում ենք, որ ազգային կերպարի ստեղծման գործում Հայաստանը կարող է համատեղել իր քաղաքակրթական, հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունն ու զարգացող նորարարական-տեխնոլոգիական ներուժը։ Ի տարբերություն Իսրայելի, որն ունի քաղաքական, տնտեսական և ռազմական պոտենցիալ՝ համատեղելու փափուկ և կոշտ ուժի դիվանագիտությունը, Հայաստանը թերևս սկզբնական փուլում պետք է կենտրոնացնի իր ռեսուրսները մեծապես փափուկ ուժի տեխնոլոգիական մոտեցումների մշակման ու կիրառման ուղղությամբ։ Հայությանը շատ ավելի պատկերավոր հեռանկարներ կարող է տալ խելամիտ ուժի դիվանագիտության մշակումն ու դրա տեղայնացումը։

Փափուկ ուժի ինդեքսը

Պետության ուժի բնույթը մշտապես ենթարկվել է փոփոխությունների: Ժամանակի ընթացքում փոփոխվել են ուժի չափորոշիչները, առաջ են եկել ուժի նոր սուբյեկտներ: Պատմականորեն այդ ուժը չափվել է բնակչության քանակով, տարածքով, բնական ռեսուրսներով, տնտեսական հզորությամբ, ռազմական ուժով և այլն: Օրինակ՝ մինչինդուստրիալ ժամանակաշրջանում պետության հիմնական ուժը համարվում էր նրա բնակչությունը. այն մի կողմից պետությանն ապահովում էր զինվորներով, մյուս կողմից՝ հարկերի տեսքով տրամադրում էր ֆինանսական միջոցներ: Ավելի ուշ պետության ուժի հիմնական դետերմինանտ դարձավ արդյունաբերությունը: 18-րդ դարի կեսից սկսած՝ հենց բրիտանական արդյունաբերության աճող պահանջներն էին հանդիսանում բրիտանական նավատորմի բուռն զարգացման խթաններից մեկը: Այնուհետև արդյունաբերությամբ և հետևաբար՝ ուժով առաջ անցավ Գերմանիան, որն իր երկաթուղային համակարգի միջոցով կարողանում էր մեծ հեռավորության վրա իրականացնել զորքերի արագ տեղաշարժ: Արդյունաբերության և բնակչության դերը հաստատում են այն գաղափարը, որ պետության ուժի ավանդական ընկալումը նույնացվել է պետության «պատերազմելու հզորությանը»:

Պետության ուժի ժամանակակից սահմանումներում դասական փոփոխականները (աշխարհագրություն, բնակչություն, օգտակար հանածոներ և այլն) համեմատաբար քիչ են կարևորվում, դրանց փոխարեն ավելի մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիաներին, կրթությանը, կոմունիկացիաներին, կազմակերպչական և ինստիտուցիոնալ հմտություններին, տնտեսական հզորությանը և այլ փոփոխականների:

1990-ականներից միջազգային հարաբերությունների տեսության մեջ պետության ուժի ավանդական` ռազմական (կոշտ) ընկալմանը զուգահեռ՝ դրվեց պետության «փափուկ ուժի» կոնցեպտուալ ձևակերպման հիմքը: Հարվարդի համալսարանի Քենեդու անվան պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր Ջոզեֆ Նայն առաջինն էր, որը ձևակերպեց և գիտական շրջանառության մեջ մտցրեց «փափուկ ուժ» եզրույթը:

Ըստ Նայի՝ «փափուկ ուժն ունակությունն է հասնելու այն բանին, որպեսզի մյուսները ցանկանան այն արդյունքը, ինչը դու ես ցանկանում», սակայն ոչ թե օբյեկտին հարկադրելու, այլ համոզելու և գրավելու միջոցով: Մյուսների ցանկությունների և վարքի վրա ազդեցությունը կախված է ռեսուրսներից, դրանք կիրառելու ունակությունից, ինչպես նաև դրանց կիրառման միջավայրից: Եթե պետության ավանդական՝ կոշտ ուժը հիմնվում է ռազմական և տնտեսական հզորության վրա, ապա «փափուկ ուժի» ռեսուրսներն են տվյալ պետության մշակույթը, նրա քաղաքական արժեքները, գաղափարախոսությունը և իրականացվող արտաքին քաղաքականությունը:

Ըստ մենեջմենթի տեսության՝ կառավարման և վերահսկողության ենթակա են միայն չափելի ցուցանիշները: Չափելիության անհնարինության դեպքում գործունեության այս կամ այն ուղղության կառավարումը ևս դառնում է անհնար: Այս օրինաչափությունը վերաբերում է նաև պետության «փափուկ ուժին»: Միջազգային հարաբերություններում, «փափուկ ուժի» արդյունավետ կիրառման խնդրով պայմանավորված, բավական մեծ է ուշադրությունը «փափուկ ուժի» չափելիության խնդրին: Ի տարբերություն կոշտ ուժի, որի ռեսուրսները նյութական են, իսկ կիրառությունը չափելի` «փափուկ ուժի» չափելիությունն ունի որոշակի բարդություն, ինչը պայմանավորված է մի քանի գործոնով, որոնցից կարելի է առանձնացնել.

1. ռեսուրսների ոչ նյութական բնույթը,

2. ռեսուրսների իրացման համար անհրաժեշտ երկար ժամանակը,

3.«փափուկ ուժի» ազդեցության փոփոխականությունը (օրինակ՝ մի քանի վատ որոշումների արդյունքում),

4. «փափուկ ուժի» աղբյուրների բազմազանությունը:

Թեև Ջոզեֆ Նայն իր ներկայացրած կոնցեպտի շրջանակներում առանձին չի անդրադարձել «փափուկ ուժի» չափելիության խնդրին, այնուամենայնիվ, նրա հեղինակած տարբեր աշխատանքներում առկա են որոշակի չափորոշիչներ, որոնք նա կարևորել է պետության «փափուկ ուժի» ընդգծման համար: Նման չափորոշիչներից մեկը պետության մշակույթի տարածման մակարդակն է իր սահմաններից դուրս: Նա առանձնացնում է բարձրագույն մշակույթի՝ գրականության և արվեստի կարևորությունը՝ նշելով, որ, օրինակ, Գերմանիան և Բրիտանիան երրորդը և չորրորդն են աշխարհում գրքերի վաճառքով: Որպես «փափուկ ուժի» մեկ այլ կարևոր փոփոխական նա առանձնացնում է օտարերկրյա ուսանողների կրթությունը տվյալ երկրի կրթական հաստատություններում: Օտարերկրյա քաղաքացիներին սեփական կրթական հաստատություններում կրթություն տալու կարևորությունը բավական հետաքրքիր է բնորոշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը. «Ես չեմ կարող պատկերացնել առավել մեծ հարստություն, քան ապագա համաշխարհային առաջնորդների բարեկամությունը, ովքեր կրթություն են ստացել այստեղ»: Նայի աշխատանքներում հանդիպող մեկ այլ ցուցիչ է ազատությունը: Ըստ նրա՝ այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, անձնական ազատությունը, սոցիալական շարժունակությունը և բացությունը, նպաստում են ամերիկյան ուժի ամրապնդմանը տարբեր երկրներում: Այդ արժեքների ժամանակակից և առավել համակողմանի չափման օրինակ կարելի է դիտարկել Freedom House-ի կողմից կատարվող երկրների վարկանիշավորումը՝ ըստ ազատության տարբեր չափորոշիչների:

«Փափուկ ուժի» չափման առաջին չհամակարգված և ոչ մասնագիտացված փորձերը սկսվել են տեսության կայացմանը զուգահեռ: Արդեն 2000-ական թվականներից լույս տեսան առաջին աշխատանքները, որոնք ուղղված էին ժամանակակից պետությունների «փափուկ ուժի» չափմանը: Առաջին նման հետազոտություններից էր գլոբալ հարցերով Չիկագոյի խորհրդի «Փափուկ ուժն Ասիայում 2008» ծրագիրը, որը, սակայն, սահմանափակվում էր միայն տարածաշրջանի երկրներով: «Փափուկ ուժի» առավել ընդգրկուն և համակարգված չափման ուղղությամբ առաջին փորձը կարելի է համարել բրենդինգի և մշակութային քաղաքականության բրիտանացի մասնագետ Ջոնաթան ՄըքՔլորիի 2010-ին հեղինակած զեկույցը: Աշխարհում «փափուկ ուժի» չափմանը նվիրված այդ զեկույցում ներկայացված է «փափուկ ուժի» առաջին բարդ ինդեքսը՝ «Soft power index»:

Մասնագիտական գրականության մեջ «փափուկ ուժի» չափելիության խնդիրը դիտարկվում է ինչպես պետության ընդհանուր «փափուկ ուժի», այնպես էլ այդ ուժի առանձին բաղադրիչների գնահատման կտրվածքով: Որպես պետության «փափուկ ուժի» չափման փոփոխականներ՝ դիտարկվում են տեխնոլոգիական նորարարությունը, պետության ցուցաբերած միջազգային օգնությունը, լեզուների տարածումը, արվեստի, ֆիլմերի և մշակույթի այլ դրսևորումների տարածումը, կառավարությունների հեղինակությունը, տուրիզմը, ներգաղթը, դաշնակցային կապերը, հեռահաղորդակցության զարգացածության մակարդակը և այլն: Բացի այդ, երբեմն կիրառվում են հարցումները՝ փորձելով ստանալ այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ «ո՞ր երկրի արտադրանքը կացանկանայիք գնել», «ո՞ր երկրի լրատվությանը կվստահեիք» կամ «որտե՞ղ կցանկանայիք ապրել, բացի ձեր երկրից»:

Հաշվի առնելով «փափուկ ուժի» չափման մոտեցումների տարբերությունները և չափորոշիչների բազմազանությունը ՝ դրանք կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի.

1.Վարկանիշային հետազոտություններ: Նման հետազոտության շրջանակներում «փափուկ ուժի» պոտենցիալն ուսումնասիրվում է որպես պետության «փափուկ ուժի» ռեսուրսների և աղբյուրների ամբողջություն: Համեմատական մեթոդի միջոցով համադրվում են տարբեր պետությունների «փափուկ ուժի» պոտենցիալները, ինչպես նաև նրանց առանձին ռեսուրսները: Այս ամենը հնարավորություն է տալիս դուրս բերել «փափուկ ուժի» տեսանկյունից պետության ուժեղ և թույլ կողմերը, ինչն իր հերթին ստեղծում է գործունեության լայն դաշտ:

2.Կիրառական հետազոտություններ: Այս հետազոտություններում վերլուծության են ենթարկվում «փափուկ ուժի» գործիքները (ծրագրեր, միջոցառումներ և այլն), ինչպես նաև պետության և ոչ պետական դերակատարների կողմից դրանց կիրառումը: Նման գործիքները կոչված են պոտենցիալ «փափուկ ուժը» վերածել իրականի՝ թիրախավորված ազդեցություն գործելով այլ երկրների հասարակության տարբեր խմբերի վրա, և բարելավել ազդեցության սուբյեկտի նկատմամբ վերաբերմունքը: Կախված նպատակից՝ նման հետազոտությունները կարող են ուղղված լինել կիրառվող գործիքների քանակական և որակական գնահատմանը (օրինակ՝ տնտեսական նպատակահարմարություն, նպատակահարմարությունը՝ պայմանավորված լսարանի քանակով): Իսկ համեմատական մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս համադրել ինչպես տարբեր պետությունների կողմից կիրառվող գործիքակազմը, այնպես էլ նույն պետության կողմից կիրառվող տարբեր գործիքներ:

3. Արդյունավետության հետազոտություններ: Հետազոտությունների այս խումբը խնդիր է հետապնդում գնահատել «փափուկ ուժի» արդյունքը կամ ազդեցությունը թիրախի վրա: Հատկանշական է, որ արդյունքը կարող է դիտարկվել երկու կտրվածքով՝ վերաբերմունքի փոփոխություն և վարքի փոփոխություն: Օբյեկտ երկրում փոփոխությունները դիտարկվում են որակական և քանակական կտրվածքով և կարող են գնահատվել սոցիոլոգիական հարցումների, վիճակագրական տվյալների (զբոսաշրջիկների քանակ, օտարերկրյա ներդրումների ծավալ և այլն) միջոցով: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ հանրային կարծիքի կամ վարքի փոփոխությունները կարող են տեղի ունենալ այլ, երբեմն՝ իրարից անկախ գործոնների ազդեցությամբ, ուստի բավական դժվար է ապացուցել, որ թիրախի մոտ նկատվող փոփոխությունները հենց «փափուկ ուժի» գործիքների ազդեցության հետևանք են:

Որպես պետությունների «փափուկ ուժի» չափման առավել ամբողջական մեխանիզմներ դիտարկվում են տարբեր փոփոխականների վրա հիմնված միջազգային ինդեքսները: Դրանք տարբերվում են՝ կախված հետազոտության նպատակներից, երկրների ընդգրկման մասշտաբից և առանձնացված փոփոխականներից:

Ջոնաթան ՄըքՔլորիի հեղինակած Փափուկ ուժի ինդեքսը (Soft power index) մշակվել է բրիտանական «Կառավարման ինստիտուտ»-ի և «Monocle» ամսագրի համագործակցության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում: Երեք տարի հրապարակված ուսումնասիրությունների մեջ ներկայացվում է պետությունների «փափուկ ուժի» պոտենցիալի համեմատական համադրում՝ հիմնվելով 50 չափորոշիչների վերլուծության վրա, որոնք բաժանվում են 5 խմբի՝ պետական կառավարում, մշակույթ, դիվանագիտություն, կրթություն և բիզնես/նորարարություն:

Ջոնաթան ՄըքՔլորին հետագայում «Portland» մեդիա-ընկերության հետ 2015թ. հրատարակեց «Փափուկ ուժ 30» («The Soft Power 30») զեկույցը՝ Ջոզեֆ Նայի նախաբանով։ Այն պետությունների «փափուկ ուժի» չափման թարմացված ինդեքսն է ներկայացնում, որը հիմնվում է 6 ենթաինդեքսների վրա՝ կառավարություն, ներգրավվածություն, մշակույթ, կրթություն, ձեռնարկատիրություն, թվային միջոցներ: Յուրաքանչյուր ենթաինդեքս իր հերթին բաղկացած է ցուցիչներից: «The Soft Power 30» ամենամյա զեկույցում ներկայացված են աշխարհի առաջատար 10 երկրները՝ ըստ յուրաքանչյուր ենթաինդեքսի, ինչպես նաև երկրների աշխարհի առաջատար 30 երկրների վարկանիշային ցանկը՝ ըստ «փափուկ ուժի» ընդհանրական ինդեքսի:

«Ernst&Young» ընկերությունը և «СКОЛКОВО» բիզնես դպրոցի արագ զարգացող շուկաների Մոսկվայի ինստիտուտը համատեղ մշակել են Զարգացող շուկաների փափուկ ուժի ինդեքսը (Emerging Markets Soft Power Index)։ Այս վարկանիշային հետազոտությունը կրում է պարբերական բնույթ: Հրապարակված առաջին ուսումնասիրությունը ներառում է 2005-2010թթ. ընկած ժամանակահատվածը: Ինդեքսը հաշվարկվում է ըստ 13 փոփոխականի, որոնք բաժանված են երեք խմբի՝ համաշխարհային ինտեգրվածություն, համաշխարհային հեղինակություն, գլոբալ ամբողջականություն:

Համաշխարհային ներկայության ինդեքսը (Global Presence Index) հրապարակվում է 2010-ից իսպանական Էլկանո թագավորական ինստիտուտի կողմից։ Ինդեքսը բաղկացած է 3 տարբեր բաղադրիչից՝ ռազմական, տնտեսական և «փափուկ» ներկայություն: Դրանցից յուրաքանչյուրը հաշվարկվում է տարբեր երկրներում աշխատող փորձագետների շրջանում իրականացվող հարցումների արդյունքների հիման վրա:

Անհոլտ-GfK Roper ազգային բրենդների ինդեքսը (Anholt-GfK Roper Nation Brands Index) հրապարակվում է մարքեթինգային ուսումնասիրություններում մասնագիտացած GfK ընկերության և ազգային բրենդինգի բրիտանացի հայտնի մասնագետ Սայման Անհոլտի կողմից: 50 պետության վարկանիշավորումն իրականացվում է աշխարհի 20 զարգացած և զարգացող երկրներում կազմակերպվող հարցումների արդյունքների հիման վրա, որոնց մասնակցում է շուրջ 20 հազար հոգի: Պետությունները գնահատվում են 6 չափորոշիչով՝ մարդիկ, պետական կառավարում, արտահանում, զբոսաշրջություն, մշակույթ և ժառանգություն, ներդրումներ և ներգաղթ։

«Reputation Institute» խորհրդատվական ընկերությունը 2010-ից հրապարակում է ամենամյա Երկրների հեղինակության վարկանիշը (CountryRepTrack)՝ հիմնվելով Մեծ ութնյակի (G8) երկրների բնակչության շրջանում հանրային կարծիքի հարցումների վրա։ Ինդեքսը հիմնված է զքացմունքային և ռացիոնալ գործոնների վրա, որոնք պայմանավորում են մարդկանց վերաբերմունքը որևէ երկրի նկատմամբ: Զգացմունքային գործոններից են հարգանքը, հիացմունքը, վստահությունը, իսկ ռացիոնալներից՝ տնտեսության, կառավարման, միջավայրի գնահատականը:

«Փափուկ ուժի» չափման ներկայացված միջազգային ինդեքսները տարբերվում են թե՛ մեթոդաբանությամբ, թե՛ առանձնացված չափորոշիչներով, թե՛ նպատակով: Այս ամենը, բնականաբար, չի կարող իր արտահայտումը չունենալ այդ ինդեքսների հիման վրա իրականացված հետազոտությունների, վարկանիշավորման արդյունքների վրա:

«Փափուկ ուժի» չափելիության և դրա մեխանիզմների ուսումնասիրության պարագայում բավական կարևոր է հստակ պատկերացնել, թե ինչն է համարվում պետության «փափուկ ուժի» չափորոշիչ, այսինքն՝ մի կողմից տարանջատել պետության «փափուկ ուժի» ռեսուրսների որակական և քանակական գնահատականները, մյուս կողմից՝ աշխարհում նրանց իրական ազդեցության ընկալումը: Այս ամենի մանրակրկիտ վերլուծությունը յուրաքանչյուր պետության համար ստեղծում է լայն հնարավորություններ ինչպես «փափուկ ուժի» առավել արդյունավետ իրացման, այնպես էլ ռազմավարական պլանավորում կատարելու համար:

Հաշվի առնելով միջազգային հարաբերություններում «փափուկ ուժի» դերակատարման աճի միտումները, ինչպես նաև «փափուկ ուժի» կոնցեպտի նկատմամբ առկա հետաքրքրությունը՝ կարելի է միանշանակ պնդել, որ «փափուկ ուժի» կոնցեպտի օպերացիոնալացման գործընթացը շարունակելու է թափ հավաքել: Չնայած մինչ օրս չի մշակվել «փափուկ ուժի» չափելիության ունիվերսալ մեխանիզմ, այնուամենայնիվ, այսօր առկա տարբեր ինդեքսների և ուսումնասիրությունների բազմազանությունը յուրաքանչյուր պետության հնարավորություն է տալիս առավել հստակ պատկերացնել միջազգային հարաբերություններում առկա իրողությունները՝ ուրվագծելով նաև աշխատանքի լայն դաշտ:

Փափուկ ուժ 30

Portland PR-գործակալությունը մշակում և հրապարակում է աշխարհի ամենաազդեցիկ երկրների ինդեքսը՝ «The Soft Power 30»-ը (Փափուկ ուժ 30): Սակայն այս ինդեքսը կազմելիս հաշվի է առնվում այս կամ այն երկրի՝ մյուսների վրա ազդելու կարողությունը ոչ թե փողի և զենքի, այլ մշակույթի և մարդկային արժեքների միջոցով: Քանի որ «փափուկ ուժ» տերմինը, որը բնութագրում է այս կամ այն պետությանն իր սեփական մշակույթի և հասարակական-քաղաքական արժեքների գրավչության շնորհիվ միջազգային հարթակներում իր նպատակներին հասնելու կարողությունը, առաջին անգամ 25 տարի առաջ կիրառել է Հարվարդի Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտի պրոֆեսոր Ջոզեֆ Նայ կրտսերը՝ որպես հակակշիռ «կոպիտ ուժ» տերմինին, որով բնութագրվում է ռազմական և տնտեսական ճնշման միջոցով մյուսների վրա ազդելու քաղաքականութունը: «Ուրիշների հետ իշխելն ավելի արդյունավետ է, քան ուրիշների վրա իշխելը»,- կարծում էր Նայ: Portland-ը «փափուկ ուժի» ինդեքս կազմելիս հիմնվում է 70 տոկոս օբյեկտիվ և 30 տոկոս սուբյեկտիվ ցուցանիշների վրա: Դրանցից առաջինն իր մեջ ներառում է բիզնես միջավայրը, մշակույթը, պետական կառավարումը, արտաքին քաղաքականությունը և կրթությունը բնութագրող ցուցանիշները:  Ինդեքսի սուբյեկտիվ բաղկացուցիչ է համարվում  ComRes ընկերության կողմից իրականացվող առցանց հարցման արդյունքները: Այս հարցմանը մասնակցում են 20 երկրների 7250 ներկայացուցիչներ: Նրանք 10 բալանոց համակարգով գնահատում են այս կամ այն երկրի խոհանոցը, զբոսաշրջիկների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը, , տեխնոլոգիաները, այն այցելելու ցանկությունը, տվյալ երկրի ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ: Այսպես, համաձայն «Փափուկ ուժի» ինդեքսի՝ սեփական արժեքների միջոցով այլ պետությունների վրա ազդելու իր կարողությունը ամենաարդյունավետը օգտագործում է զարգացած երկրները: Միջազգային հարաբերություններում «փափուկ ուժի» քաղաքականությունն արդյունավետ են օգտագործում նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան:

Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը»

2021 թ. սեպտեմբերի 22 -ից 28-ը եվրոպական առաջատար հեռուստաալիքները, ցուցադրել են փաստավավերագրական ֆիլմ, որը վերաբերում է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»: Այն բաղկացած է երկու մասից, որի առաջին մասը վերնագրված է՝ «Խավիարային կապը. փողի ուժը», իսկ երկրորդ մասը՝ «Խավիարային կապը. կաշառակերության մեքենան»։

Ֆիլմի ռեժիսորն ու հեղինակներից է ֆրանսիացի հետաքննող լրագրող Բենուա Բրինյեն, որը որպես «Պանամական թղթեր» հետաքննության թիմի անդամ արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ «Խավիարային դիվանագիտությունը» պատմում է, թե ինչպես են Ադրբեջանի նման բռնապետությունները «սպիտակեցնում» իրենց հեղինակությունը և մարդու իրավունքների խախտումները՝ կաշառելով ու գնելով միջազգային աստղերի և արևմտյան քաղաքական գործիչների, բայց նաև այն մասին, թե ինչպես հետաքննող լրագրողների կոալիցիան հակահարված տվեց։

«Կասպից ծովի շուրջ նավթային դիկտատուրաներում համարձակ քաղաքացիներն օգնություն են խնդրում Արևմուտքից: Բայց նրանք պետք է դիմակայեն փողի ուժին: Ժողովրդավարության համար նրանց պայքարը կբացահայտի միջազգային կոռուպցիոն սկանդալը եվրոպական կառույցների հիմքում»,-գրում է RTBF-ը։

Ֆիլմը ներկայացվում է երկու դրվագով։ Առաջինը վերնագրված է «Փողի ուժը», որում ներկայացվում է ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի պատմությունը՝ բացահայտելով մարդու իրավունքների իրավիճակը Կասպից ծովի ավտորիտար ռեժիմների ներսում: Թրիլերի պես, այն պատմում է երկրի հարստությունը նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից խլելու մասին:

Պատմության մի մասը պատմում է Բեռլինում գործող «Եվրոպական կայունության նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Ջերալդ Կնաուսը՝ ներկայացնելով «խավիարային դիվանագիտության» կուլիսները: «Այս ռազմավարությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին սպիտակեցնել իր կերպարը միջազգային բեմում՝ միջազգային սպորտային իրադարձությունների, շոուբիզնեսի աստղերի հրավերների և արևմտյան քաղաքական գործիչներին տրվող նվերների միջոցով: Այդպիսով ռեժիմին հաջողվեց ուշադրությունը շեղել իշխանությունների կողմից քաղաքացիների մարդու իրավունքների ոտնահարումից։ «Խավիարային դիվանագիտության» գագաթնակետին ՝ Ադրբեջանին հաջողվեց խեղդել Եվրոպայի խորհուրդը, որը պատասխանատու է մայրցամաքում մարդու իրավունքների հարգման ապահովման համար՝ տապալելով երկրում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընդունումը»,-գրում է կայքը:

Զուգահեռաբար, կազմակերպված հանցագործության մեջ մասնագիտացած ռումինացի հետաքննող լրագրող Պոլ Ռադուն պատմում է, թե ինչպես են կոռուպցիայի դեմ պայքարող լրագրողները սովորել «համախմբել» իրենց ռեսուրսները միջազգային մակարդակով՝ հակազդելու համար: Այս առաջին դրվագում ներկայացված են նաև այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Ժերար Դեպարդիեն, Լեդի Գագան, Ջենիֆեր Լոպեսը կամ Սթինգը:

Երկրորդ դրվագ «Կոռուպցիայի մեքենան»: Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, այս երկրները ոչ միայն սպիտակեցնում են իրենց իմիջը, այլև գնում են լռություն միջազգային ասպարեզում: Երկրորդ դրվագում թրիլերը դառնում է ավելի ու ավելի դժգույն: Ներկայացվում է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովի պատմությունը, որը թաքնվել էր երկրից փախչելու համար, որպեսզի խուսափի բռնաճնշումներից և ապաստան ստանա Շվեյցարիայից: Այնտեղից նա հետազոտում է Ադրբեջանում իշխող ընտանիքի կողմից Եվրոպայում թաքնված կարողությունը:

Այնուհետեւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովի հետ միասին բացահայտվում է հսկայական կոռուպցիոն սկանդալն արևմտյան ժողովրդավարական հաստատությունների ներսում: Կանխիկ պորտֆելներ, փոխանցումներ օֆշորային ընկերությունների միջոցով, ոսկե ժամացույցներ ։ Գաղտնի կերպով, ադրբեջանական ռեժիմը միլիոններ է վճարել եվրոպացի քաղաքական գործիչներին: «Այսպես նա թաղեց քաղբանտարկյալների մասին զեկույցը Եվրոպայի խորհրդում: Եվրոպացի քաղաքական գործիչներին վճարվել է նաև Ադրբեջանում նախագահական կեղծված ընտրությունները վերահսկելու և հաստատելու համար: Պայքարի, լրագրողների և այլախոհների շնորհիվ լույս է սփռվում այս գործողությունների վրա, բայց Կասպից ծովի հարակից երկրներում բռնաճնշումները շարունակվում են»,-գրում է կայքը:

Այս ֆիլմի ցուցադրության հետ կապված օրեր առաջ արդեն ադրբեջանական պրոպագանդան սկսել է նախապատրաստել իր հասարակությանը, թե «Արևմուտքը հերթական ագրեսիան է նախապատրաստում Ադրբեջանի դեմ», ասելով, թե «Արևմուտքը գիտակցել է, որ առանց իրավիճակի փոփոխության Ադրբեջանում անհնար կլինի հասնել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կազմաձևի փոփոխության», այն կապում Արցախյան հիմնահարցի հետ, նշելով, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ամբողջ Արևմուտքը, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, բայց ներառյալ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան, սպառնացին Ադրբեջանին, որն օգտագործեց արտաքին ագրեսիան հետ մղելու իր իրավունքը: Վաշինգտոնը սկսեց սպառնալ Բաքվին «հակամարտության կոսովարացումով», Ֆրանսիան օրենսդիր մակարդակով ճանաչեց Արցախը, Գերմանիան միահամուռ գործեց Մակրոնի հետ ...» և այլն, գովաբանում, թե «ռուս-թուրքական ներկայությունը տարածաշրջանում  հետ մղեցին Արևմուտքի հարվածները, ապահովեցին տարածաշրջանային նոր կարգի փոխակերպումը, որում Ադրբեջանը գերիշխող դեր ունի»։

Ահա այս ամենից ելնելով էլ Արևմուտքը, ադրբեջանական պրոպագանդայի եզրահանգմամբ, պատրաստում է միջազգային վարկաբեկման արշավ Ադրբեջանի դեմ՝ «խաթարելու նրա դերն աշխարհում և տարածաշրջանում, ինչպես նաև ներքին ապակայունացում բերելու բուն երկրում, հասարակական գիտակցության մեջ սերմանել և ամրապնդել որոշակի պարտվողական ոգի, որ Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում Ադրբեջանը կորցրել է վերահսկողությունը»:

«Խավիարային դիվանագիտություն եվրոպական ճահիճ» նոր զեկույց՝ Ադրբեջանից սնվող ԵԽԽՎ պատգամավորների մասին: «Կայունության եվրոպական նախաձեռնությունը» (European Stability Initiative) դեկտեմբերի 17-ին հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն» իր հետաքննության երկրորդ մասը, որը կոչվում է «Եվրոպական ճահիճ»։ Զեկույցում շարունակում են բացահայտվել Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն այն սխեմաները, որոնցում ներգրավված են եվրոպացի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Առաջին զեկույցը հրապարակվել էր 2012թ և կրում էր «Խավիարային դիվանագիտություն ինչպես է Ադրբեջանը լռեցրել Եվրոպայի Խորհրդին» խորագիրը, որը, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, ահազանգ էր և որի արդյունքում շրջանառության մեջ էր դրվել «խավիարային դիվանագիտություն» ձևակերպումը։

Հեղինակները նշում են, որ զեկույցի շարունակության մեջ չորս տարի անց «ավելի ուշադիր զննության է ենթարկվում կոռուպցիոն ճահճի մեջ Եվրոպայի խորհրդի ընկղմումը»։

«Այս անգամ մենք հրապարակում ենք Խորհրդարանական վեհաժողովի՝ կաշառքներ բաժանած անդամների անունները, որոնց թվում Էլխան Սուլեյմանովն է՝ Ստրասբուրգում այս քաղաքականության ղեկավարը։ Մենք մանրամասն նկարագրում ենք, թե ինչպես է պատգամավորների կոռումպացվածությունը առաջընթաց ապրել՝ սկսած թանկարժեք նվերներով նախնական այցելություններից, որոնց նպատակն էր շոշափել շահառուների տրամադրվածությունը, մինչև երկարաժամկետ՝ հսկայական գումարների հասնող գործարքներ»,- ասված է նոր զեկույցում։

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ՝ Բաքվի շահերի լոբբիստների թվում նշվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի անունը, որն Իտալիայի դատախազության կողմից պատասխանատվության է ենթարկվել։ Լուկա Վոլոնտեն, համագործակցելով քննության հետ, մատնանշել է Ադրբեջանից գումարներ ստացած եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին։

Ըստ հետաքննության՝ Վոլոնտեն հրապարակայնորեն ընդունել է, որ ստացել է 2,3 մլն եվրո ԵԽԽՎ-ի մյուս անդամներից, և այս փոխանցումները սկսվել են Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ կարևոր քվեարկության նախաշեմին։

Հարցաքննությունների ժամանակ Լուկա Վոլոնտեն հաստատել է, որ տարբեր երկրներում իր հաշիվներին Ադրբեջանից փոխանցվել են հետևյալ գումարները

17 դեկտեմբերի 2012 – 100,000 եվրո,

27 դեկտեմբերի – 220,000 եվրո,

19 մարտի, 2013 – 180,000 եվրո,

10 հուլիսի – 31 դեկտեմբերի – 630,000 եվրո,

23 հունվարի – 31 դեկտեմբերի, 2014 – 1,260,000 եվրո։

Վերոհիշյալ գումարներով կաշառվել են Եվրոպայի տարբեր երկրներից պատգամավորներ, որոնք դեմ են քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող ԵԽ բանաձևերին և զեկույցներին, մասնավորապես, հենց այդ արշավի արդյունքում է ձախողվել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Քրիստոֆ Շտրասերի զեկույցը։

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...