Ռուսաստանի աշխարհառազմավարական միակ իրական տարբերակը, որը կարող է Ռուսաստանի համար իրապես դերակատարում ապահովել միջազգային թատերաբեմում, և որից առավելագույն հնարավորությունը կարող է ստանալ իր հասարակությունը վերափոխելու ու արդիականացնելու համար, Եվրոպան է։ Եվ դա ինչ-որ մի սովորական Եվրոպա չէ, այլ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ անդրատլանտյան Եվրոպան։ Այդպիսի Եվրոպան դառնում է շոշափելի, և բացի դրանից՝ այն, ըստ ամենայնի, նախկինի պես մնալու է Ամերիկայի հետ սերտորեն կապված։ Ահա հենց այդպիսի Եվրոպայի հետ է Ռուսաստանը ստիպված լինելու առնչվել, եթե ցանկանում է խուսափել վտանգավոր աշխարհաքաղաքական մեկուսացվածությունից։ Ամերիկայի գործընկեր լինելու համար Ռուսաստանը չափազանց թույլ է, բայց զուտ հաճախորդ դառնալու համար դեռ բավական ուժեղ է։ Ավելի հավանական է այնպիսի իրավիճակ, որի դեպքում Ռուսաստանը խնդիր դառնա, եթե Ամերիկան այնպիսի դիրքորոշում չորդեգրի, որի միջոցով կկարողանա ռուսներին համոզել, որ իրենց երկրի համար լավագույն ընտրությունն անդրատլանտյան Եվրոպայի հետ օրգանական կապերի ամրապնդումն է։ Չնա...