Skip to main content

Էթիկետի զարգացման պատմական ակնարկ

 

Էթիկետի կանոններն անցել են պատմական զարգացման երկար ճանապարհ: Դեռևս դասական գրականության մեջ հանդիպում ենք վարվեցողության սովորույթների և նորմերի նկարագրության: Հին սկանդինավյան ձեռագրերում բավական հանգամանալից տեղեկացվում է սեղանի շուրջ նստելու սովորույթների մասին: Ըստ նշված աղբյուրի՝ շատ պատվաբեր էր համարվում ազդեցիկ մարդու հետ նույն ափսեից ճաշելու հրավերը, իսկ կենացներ և բաժակաճառեր ասելու կանոնները խախտելու դեպքում պատիժ էր սահմանված:

Դաստիարակության, քաղաքավարության և վարվեցողության հարցերի շուրջ առաջին գիրքը, որ կոչվել է «Կղերական կարգապահություն», կազմել է իսպանացի քահանա Պետրուս Ալֆոնսոն 1204 թվականին: Հետագայում վարվեցողության կանոնների վերաբերյալ շատ գրքեր են տպագրվել: 1716 թվականին Համբուրգում լույս է տեսել «Պատշաճ ու հարգալիր զրույցի և կյանքի, բարձրաստիճան ու ազնվական անձերի, քեզ հավասարի և կանանց հետ վարվելակերպի, կանանց գեղեցիկ վարվելաձևեր ուսուցանելու կանոններ» գիրքը:

Ռուսաստանում էթիկետն առավել տարածում է գտել Պետրոս Ա-ի օրոք: 1709 թվականին նա արձակել է մի հրաման, որի համաձայն՝ պատիժ էր սահմանվում էթիկետի կանոնները խախտողներին: Իսկ 1717 թվականին նրա նախաձեռնությամբ տպագրվել է մի գիրք, որտեղ ներկայացվում էին պալատական վարվեցողության կանոնները: Ավելի ուշ Եկատերինա 2-րդը կազմել է «Էրմիտաժային էթիկետ» գիրքը, որտեղ նա ընթերցողներին կոչ էր անում ուտել համեղ կերակուրներ և խմել զանազան խմիչքներ, սակայն երբեք չգինովնալ այնքան, որ կորցնել ինքնատիրապետումը: Իսկ Էրմիտաժի հյուրերին խնդրվում էր ձեռք չտալ հախճապակյա թանկարժեք իրերին ու արձաններին:

Էթիկետի պատմական զարգացման ընթացքը պայմանականորեն կարելի է բաժանել 3 փուլի՝ դիվանագիտական, պալատական, քաղաքացիական:

Հնում էթիկետի կանոնները հիմնականում պահպանվում էին միջպետական դիվանագիտական հարաբերություններում, ինչի հետևանքով առաջին հերթին ձևավորվեց դիվանագիտական էթիկետը:

Հնագույն նամակագրական պայմանագրերից մեկը կնքվել է եգիպտական փարավոն Ռամզես 2-րդի և խեթական թագավոր Հատուշիլ 2-րդի միջև ք.ա. 1278 թվականին: Այդ պայմանագրով, որի պայմանները փորագրվել էին արծաթյա թիթեղի վրա, նրանք խաղաղություն էին հաստատում: Սա դիվանագիտական էթիկետի առաջին նամակագրական արտահայտություններից էր:

Հույները զարգացրեցին դիվանագիտական էթիկետը՝ ստեղծելով դեսպանական հանդիսավոր արարողակարգ: Դեսպանների հովանավորը Հին Հունաստանում համարվում էր Հերմես աստվածը: Ի պատիվ նրա՝ դեսպանները կրում էին «Հերմեսի գավազաններ», որոնց գլխիկին ամրացված էին դափնու տերևներ, թռչնի թևեր և թանկարժեք քարեր: Դափնու տերևները խորհրդանշում էին հունական դեսպանի փառքն ու պատիվը, թռչնի թևերը՝ շարժունությունը, իսկ թանկարժեք քարերը՝ խորամանկությունն ու ճարպկությունը: Դեսպաններին տրվում էին ծալվող քարտեր, որոնցում նշված էին բանակցություններ վարելու հրահանգները:

Դիվանագիտական էթիկետը հետագայում զարգացավ Հին Հռոմում: Հռոմից այլ երկրներ մեկնող դեսպանները կրում էին ոսկյա մատանիներ, որոնք խորհրդանշում էին նրանց ուժն ու հզորությունը: Այդ մատանիները նրանց այլ պետությունների սահմաններն անարգել անցնելու և դեսպանական ուղեբեռները տեղափոխելու իրավունք էին տալիս: Այլ երկրներից Հռոմ ժամանած դեսպաններին ընդունում էին հատուկ պաշտոնով մարդիկ՝ արարողակարգի մագիստրոսները:

Ավելի ուշ դիվանագիտական էթիկետը տարածվեց այլ երկրներում: Այն մեծ դեր էր խաղում երկրների միջև միջպետական հարաբերությունների ձևավորման գործում, իսկ երբեմն էլ՝ ընդգծում էր երկրի հզորությունը:

Միջին դարերում էթիկետի կանոնները տարածվեցին բնակչության տարբեր խավերի՝ վաճառականների, գիտնականների, ուսանողների շրջանակներում:

Էթիկետի պատմական զարգացման երկրորդ շրջանը նշանավորվում է պալատական էթիկետի ձևավորմամբ, որը զարգացման գագաթնակետին հասավ միջնադարում: Պալատական էթիկետը խստորեն պահպանվում էր ֆրանսիական, անգլիական, իսպանական արքունիքներում: Խստությունն այստեղ երբեմն ծայրահեղացվում էր, իսկ առանձին դեպքերում էթիկետի պահանջների խախտումը դիտվում էր որպես հանցագործություն:

Հայտնի է Իսպանիայում Ֆիլիպ 2-րդի թագավորության տարիներին տեղի ունեցած մի դեպք: Թագուհին ընկել է ձիուց՝ ընթացքի ժամանակ ոտքը թողնելով ասպանդակի մեջ: Կատաղած ձին շարունակել է սլանալ՝ իր հետևից քարշ տալով թագուհուն: Այս ամենը տեղի է ունեցել թագավորի բազմաթիվ պալատականների աչքի առջև, սակայն նրանցից ոչ մեկը չի համարձակվել մոտենալ և օգնել թագուհուն: Վերջիվերջո, պալատականներից երկուսը, մարդասիրությունից դրդված, փրկել են թագուհուն և, թագավորի զայրույթից սարսափած, իսկույն հեռացել պալատից:

Մեկ այլ հիշարժան դեպք, որը կրկին տեղի է ունեցել Իսպանիայում: Ֆիլիպ 3-րդ թագավորի պալատում բռնկված հրդեհի պատճառով թագավորը այրել է իր զգեստի ժանյակները, սակայն չի փորձել հանգցնել կրակը, քանի որ պալատական հրդեհները հանգցնելու արարողակարգի համար պատասխանատու անձը այդ պահին բացակայել է պալատից:

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 13-րդը գործնական հանդիպում է նշանակում կարդինալ Ռիշելյեի տանը: Գալով նրա մոտ՝ թագավորը կարդինալին տեսնում է անկողնում հիվանդ պառկած: Պալատական օրենքների համաձայն՝ թագավորն իրավունք չուներ ենթակաների հետ խոսել նստած կամ կանգնած, եթե նրանք պառկած էին: Ուստի Լյուդովիկոս 13-րդը, նախքան զրույցը սկսելը, ստիպված է լինում պառկել Ռիշելյեի կողքին:

Միջնադարում վարքի խիստ սահմանված նորմերով էր առաջնորդվում ասպետական դասը: Հագուստի ոճը, մասնավորապես՝ գլխարկները, հստակ կերպով արտացոլում էին տիրոջ հասարակական դիրքը: Ասպետներն իրենց հեղինակությունը պաշտպանում էին թանկարժեք քարերով զարդարված հագուստ կրելով:

Մենամարտի ժամանակ իդեալական ասպետը պետք է մտածեր ոչ այնքան հաղթանակելու, որքան սեփական պատիվն ու արժանապատվությունը պահպանելու մասին: Նա հակառակորդի մեջքին հարվածելու, անզեն հակառակորդին սպանելու իրավունք չուներ: Եթե մարտի ժամանակ հակառակորդն ընկնում էր ձիուց, ասպետը ևս պետք է իջներ ձիուց:

Ասպետը պարտավոր էր լինել քաղաքավարի, պարկեշտ, առատաձեռն, վտանգի դեպքում պարտավոր էր օգնել թույլերին, կանանց և երեխաներին: Միևնույն ժամանակ, իրենց դասին չպատկանող մարդկանց հանդեպ ասպետները գոռոզ էին, կոպիտ ու դաժան:

Միջնադարյան էթիկետի կանոններն աստիճանաբար կորցրեցին իրենց նշանակությունը և բուրժուական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ այլ նշանակություն ստացան:

Ռացիոնալիզմի ներկայացուցիչները գտնում էին, որ էթիկետի կանոններն առաջին հերթին պետք է մարդուն սովորեցնեն զսպել այն բոլոր բուռն հույզերն ու նյարդային վիճակների դրսևորումները, որոնք անընդունելի են հասարակության համար: Դաստիարակված մարդու համար խիստ անհրաժեշտ պայման էր համարվում տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում ինքնատիրապետման ընդունակությունը: Այդ հատկանիշը շատ էին գնահատում հատկապես անգլիացիները: Դեռևս մանկուց նրանք իրենց երեխաների մեջ դաստիարակում էին ինքնազսպման և ինքնակառավարման հատկություններ: Նրանց սովորեցնում էին հաղթահարել ցուրտն ու շոգը, ցավն ու վախը և ներշնչում էին, թե մարդը պետք է լինի սեփական հոգու «կառավարիչը», թե՛ ուրախության, թե՛ վշտի, թե՛ հաջողության և թե՛ անհաջողության դեպքում նա պետք է անդրդվելի լինի:

Էթիկետի պատմական զարգացման երրորդ փուլը նշանավորվում է քաղաքացիական էթիկետի ձևավորմամբ և զարգացմամբ: Քաղաքացիական էթիկետը ծնվեց դիվանագիտական և պալատական էթիկետների հիման վրա և լայն տարածում ստացավ: Այն շատ նմանություններ ուներ դիվանագիտական էթիկետի հետ և դրանից տարբերվում էր միայն հանդիսավորության մակարդակով: Ժամանակակից էթիկետի կանոնները ձևավորվել են եղածների հիման վրա:

Նյութի աղբյուրը՝ Անի Նազարյան- «Էթիկետի հիմունքներ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...