Աստվածներն
Էգեյան ծովն արարելիս նրա փիրուզե ջրերին շաղ են տվել հարյուրավոր կղզիներ՝ մեծ, միջին,
փոքր: Այդ կղզիները տարբեր քաղաքակրթությունների առաջացման ու զարգացման համր վկաներն
են: Նրանք անցել են քարե և բրոնզե դարերով, տեսել են հելլենական քաղաքակրթությունը:
Նրանցից ամեն մեկն ունեցել է իր սեփական պատմությունը, իր հյուսած առասպելը: Եվ փոխանցել
է սերնդեսերունդ՝ մեզ հասցնելու հույսով: Դրանցից շատերն անէացել են ժամանակի մշուշում,
շատերն էլ դարձել են համաշխարհային քաղաքակրթության մարգարիտներ:
Կղզիների
մեջ կա մեկը՝ Փարոսը: Այն շատ մեծ չէ: Բայց հատուկ է: Հատուկ է իր բարձրորակ, մաքուր,
մանրախալ մարմարով, որը նախաքրիստոնեական օրերում արդյունահանում էին թրակացիները:
Հին հույները մարդկությանը պարգևեցին ճարտարապետության և քանդակի անկրկնելի գլուխգործոցներ՝
պատրաստված հենց այդ մարմարից: Մի անգամ մեծատաղանդ Պրակսիտիսը ստացավ պատվեր՝ քանդակելու
զգայական սիրո, գեղեցկության և սիրային կախարդանքի աստվածուհի Աֆրոդիտեի արձանը: Վարպետը
մեկի փոխարեն քանդակեց 2 Աֆրոդիտե: Մեկը՝ հագուստով, մյուսը՝ մերկ, ոտքերի տակ ջրաման,
սրբիչը ձեռքին: Լաթի կտորը չհաշված՝ դա աշխարհում առաջին էրոտիկ քանդակն էր: Պատվիրատուները
վարանեցին վերցնել մերկանդամ արձանը: Այն շատ էր գեղեցիկ, հանդուգն էր անչափ և գայթակղիչ՝
վախենալու աստիճան: Կից Կնիդոս նավահանգստային քաղաքի բնակիչներն ավելի համարձակ եղան,
և արձանը բաժին հասավ նրանց: Գործնական հոտառությունը չխաբեց կնիդոսցիներին: Արձանը
հրապարակում տեղադրելուց հետո ողջ երկրից եկած այցելուները ողողեցին այդ քաղաքը՝ բնականաբար
ավելացնելով նրա գանձարանի պարունակությունը: Իսկ Աֆրոդիտեի՝ Կիպրուհի, Պաֆոսուհի մականուններին
ավելացավ ևս մեկը՝ Կնիդոսի դիցուհի:
Սակայն
Փարոսը պատմության մեջ մտավ ոչ միայն իր մարմարի շնորհիվ: Քաղաքի կենտրոնական հրապարակում
տեղադրված է նույն մարմարից պատրաստված հուշատախտակ, որի վրա փորագրված էին Հին Հունաստանի
պատմական իրադարձությունների տարեթվերը՝ իրական կամ առասպելական: Եթե այսօր էլ այցելեք
Փարոս, հուշատախտակի վրա կկարդաք, որ Ք.ա. 1582 թվականին՝ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ,
Պրոմեթևսի որդի Դևկալիոնը կնոջ՝ Պիրայի հետ փրկվել է, Նոյյան տապանի օգնությամբ: Այն,
որ հայերը հույների հետ շփվել են դեռ Քրիստոսից առաջ, փաստ է: Իսկ այս պատումը գալիս
է ասելու, որ 2 ժողովուրդների բարեկամությունը հաջողությամբ շարունակվել է Արարատի
փեշերին: Նույն հուշատախտակն այնուհետև նշում է, թե այսինչ թվականին դյուցազն Թեսևսը
սպանել է կիսացուլ-կիսամարդ հրեշ Մինոտավրոսին և փրկել Աթենքը: Այս դիցաբանության շարքում
հիշվում են Հերակլեսի՝ Ավգյան ախոռները մաքրելը, Ավգիաս թագավորին սպանելն ու օլիմպիական
խաղերը սկսելը: Այնուհետև հիշատակվում է Տրոյայի տասնամյա պատերազմը, որը ոգեշնչման
մեծ աղբյուր էր Հոմերոսի անմահ «Իլիականի» համար:
Հիմա
գանք կոնկրետ պատմական իրողություններին: Նախ՝ այն մասին, որ Հունաստանի բնիկները հույները
չէին: Նրանք եկվորներ էին հյուսիսից՝ Բալկաններից: Սկզբում եկան հնդեվրոպական աքայան,
հետո՝ դորիական ցեղերը: Ստեղծեցին պետություն-քաղաքներ՝ պոլիսներ, որոնց մշտական «այցեքարտը»
դարձան միջնաբերդը՝ Ակրոպոլիսը, և գլխավոր հրապարակը՝ Ագորան: Սակայհ նորաբնակների
բախտն այնքան էլ չբերեց: Հունաստանի բերրի տարածքները քիչ էին, իսկ հովիվներն ու ձկնորսները՝
շատ: Մարդկանց գերհոսքը Հունաստան՝ նրանց գլխին կախեց սովահարության վտանգը, որին գումարվեց
ժողովրդական պոռթկումը: Հարկ էր շտապ նվաճել նոր հողեր: Եվ, ինչպես կարդում ենք վերոհիշյալ
փարոսյան հուշատախտակին, 1128 թվականին սկսվում է Հունական մեծ գաղութարարական արշավանքը:
Հույները զանգվածորեն ներթափանցում են Հարավային Իտալիա, Սիցիլիա, Միջերկրական, Մարմարա
և Սև ծովերի ավազաններ, Իսպանիա, Եգիպտոս, Կիպրոս: Հելլադան աստիճանաբար վերածվում
է ծովային տերության: Գաղութարարներն իրենց հետ տանում էին հայրենի օջախի կրակը և սրբությամբ
պահում նոր վայրերում՝ իբրև հայրենիքի խորհրդանիշ, մասունք: Կրոնական արարողությունները,
ծիսակատարություններն ու կենցաղային սովորույթները եկվորները հետևողաբար փոխանցում
էին տեղացիներին: Իզուր չէ Պլատոնն ասել, թե «հույներն ապրում են ծովի շուրջը, ինչպես
գորտերը՝ ճահճում»: Մինչդեռ այդ «գորտերի» շնորհիվ է, որ նոր տարածքներում բուռն զարգացում
ապրեցին տնտեսությունը, արհեստներն ու առևտուրը: Եվ ամենակարևորը՝ ծաղկեց հելլենիստական
քաղաքակրթությունը: Գործընթացը փոխշահավետ էր. գաղութները մետրոպոլիային բերեցին մեծ
հարստություն, բարձրացրին նրա հեղինակությունը:
Հույները
նկատելի նվաճումներ ձեռք բերեցին քաղաքականության և իրավագիտության մեջ: Նրանց կառուցած
դեմոկրատական համակարգը որոշ դասակարգային վերապահումներով հանդերձ այսօր էլ հիացմունք
է պատճառում և շատ չափանիշներով մնում է չգերազանցված: Հույները մեզ պարգևել են հանճարների
մի ամբողջ համաստեղություն՝ փիլիսոփաներ, գրողներ, պատմաբաններ, գիտնականներ, արվեստագետներ:
Հին
Հունաստանը կայսրություն էր: Անտարակույս, կայսրության ընդարձակումը, նոր շուկաների
նվաճումը և ստրուկների գերեվարումը զուտ ռազմական մեթոդներով անհնար էր: Զուգընթաց
անհրաժեշտ էր ունենալ դիվանագիտական, ռազմական և հետախուզական համապատասխան մեխանիզմներ:
Միայն բազմաթիվ պոլիսների հետ Աթենքի բնականոն հարաբերությունների պահպանումն ու զարգացումը
պահանջում էին գործող և ճկուն դիվանագիտական համակարգի ստեղծում: Դիվանագիտական «աջակցությունն»
անհրաժեշտ էր նաև, որպեսզի հելլենական քաղաքակրթությունը դուրս գար մեկուսացումից,
որտեղ նա հայտնվել էր 11-9-րդ դարերում, ինչպես նաև վերականգներ կապերը Հին Արևելքի
քաղաքակրթության հետ, որոնք խզվել էին հիշված ժամանակներում:
Ներքին
և արտաքին քաղաքականության այս հրամայականների ներքո Ակրոպոլիսի մատույցներում ծնունդ
առավ հունական դիվանագիտությունը, զարգացավ և սկսեց ձևավորվել որպես գիտություն, որպես
արվեստ: Մեր կողմից պարզապես երախտամոռություն կլիներ ուրանալ սրանից 2500 տարի առաջ
սկսված այս գործընթացը:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան-«Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment