Պետությունների երկկողմ հարաբերությունների համատեքստում իրենց ուրույն դերն ունեն գիտակրթական և մշակութային կապերը: 1992թ. փետրվարի 26-ին ՀՀ-ի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կողմերը ձեռնամուխ են եղել զարգացնել երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սակայն, ի տարբերություն քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների, գիտակրթական և մշակութային կապերը մինչև 2000-ական թթ. գտնվել են «երկրորդ պլանում»: Դեռևս 1992թ. դեկտեմբերի 3-ին ստորագրվել է «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային և գիտական համագործակցության վերաբերյալ պայմանագիրը»: Հաջորդող տարիներին ևս կողմերը քննարկել են մշակութային և գիտակրթական համագործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր համաձայնագրերի կնքմանը, ինչպես նաև կոնկրետ ոլորտի զարգացմանն ուղղված փոխայցելությունների իրականացման խնդիրները: Ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ մշակութային և գիտակրթական համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը սկսել են ակտիվանալ Լեհաստանում ՀՀ դեսպանատան...