Միավորված ազգերի կազմակերպությունը չի ճանաչել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը
Ամենատարբեր առիթներով Ադրբեջանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները հայտարարել են և հայտարարում են, որ ՄԱԿ-ը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ըստ այդմ Արցախը ճանաչված է Ադրբեջանի անբաժանելի մաս։ Հիմնվելով բացառապես իրավական փաստաթղթերի վրա՝ փորձենք պարզել, թե արդյո՞ք համապատասխանում են իրականությանը նման հայտարարությունները։ Հիմք ընդունելով ՄԱԿ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը վերաբերող փաստաթդթերը՝ փորձենք պարզել՝ արդյո՞ք ՄԱԿ-ն իրավասություն ունի ճանաչելու իրեն անդամակցելու խնդրանքով դիմած պետության սահմանները, նրա տարածքային ամբողջականությունը, թե՝ ոչ, արդյո՞ք ՄԱԿ-ը ճանաչել է Արցախը որպես միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս, թե՝ ոչ։ ՄԱԿ-ին անդամակցելու պայմաններն ու կարգը սահմանված են կազմակերպության կանոնադրության 4-րդ հոդվածով։ Համաձայն նշված հոդվածի առաջին մասի՝ «Միավորված ազգերի կազմակերպության անդամությունը բաց է մյուս բոլոր խաղաղասեր պետությունների համա...