Միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ Ադրբեջանի Հանրապետության անօրինական հավակնություններն Արցախի Հանրապետության դեմ
1991 թվականի
օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի
Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր՝ այդպիսով ազդարարելով
Խորհրդային Միության կազմից Ադրբեջանի դուրս գալու մասին։ Հռչակագրով Ադրբեջանը վերականգնել
է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած, սակայն
միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկախությունը։
Ադրբեջանի
Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակագրի մեջ հրապարակել է ակնհայտ կեղծ տեղեկություն
առ այն, որ 1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը
եղել է միջազգայնորեն ճանաչված պետություն։
Քանի որ
անառարկելի փաստերով արդեն խոսել ենք Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության միջազգայնորեն
չճանաչված լինելու մասին, այստեղ ընդամենն անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Ազգերի
լիգան 1920 թվականի դեկտեմբերի 1-ին պաշտոնապես գրավոր մերժել է Ադրբեջանի՝ Ազգերի
լիգային անդամակցելու մասին գրավոր դիմումը՝ Ադրբեջանի՝ նախկինում երբեք պետություն
չլինելու, հարևան պարսկական նահանգի անվանումը յուրացնելու ու սեփական պետության անվանում
դարձնելու և հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերի պատճառով Ադրբեջանի ճշգրիտ
սահմանները որոշելու անհնարինության պատճառներով։
Ադրբեջանի
Հանրապետության Գերագույն խորհուրդը, հռչակագրում ամրագրելով կեղծ տեղեկություն, չի
խորշել խաբել ինչպես սեփական քաղաքացիներին, այնպես էլ համաշխարհային հանրությանը։
Փաստորեն,
«Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրում ամրագրելով
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված լինելու մասին ակնհայտ
սուտ տեղեկություն՝ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը կեղծել է Ադրբեջանի Հանրապետության
ստեղծման գլխավոր փաստաթուղթը։ Նկատի ունենալով տվյալ փաստը՝ կարող ենք պնդել, որ միջազգայնորեն
չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ Ադրբեջանի Հանրապետությունը
կեղծ «պետություն» է։
1991 թվականի
հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի
Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Հանրապետության
սահմանադրական ակտը, որի 2-րդ հոդվածով սահմանված է, որ Ադրբեջանի Հանրապետությունը
հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն
ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։
1991 թվականի
օգոստոսի 30-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին»
հռչակագրով և 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական
անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտով Ադրբեջանը
հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից՝ վերականգնելով 1918 թվականի
մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն անունով մի պետականություն, որի մաս երբևէ
չի կազմել Արցախը։
Թե՛ հռչակագրով,
և թե՛ սահմանադրական ակտով հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից
ու իրեն հայտարարելով 1918-1920 թվականներին գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը՝ Ադրբեջանի Հանրապետությունն ըստ
էության անվավեր է համարել Ադրբեջանին վերաբերող խորհրդային շրջանում ընդունված բոլոր
իրավական ակտերը։
Փաստորեն,
վերոնշյալ փաստաթղթերի ընդունմամբ Ադրբեջանի Հանրապետությունն ուժը կորցրած է ճանաչել
Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու, իսկ իրականում բռնակցելու մասին Խորհրդային
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի
5-ի նիստում չքննարկված և քվեարկության չդրված, բայց «ընդունված» անօրինական որոշումը։
Հիմնվելով
«ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի
մասին» ԽՍՀՄ 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա,
որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու
իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու
դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային
խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ
նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝
վերականգնելով 1918-1920 թվականների պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի
2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։
Ավելի
քան 3 ամիս անց՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, միջազգային դիտորդների ներկայությամբ
Արցախում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության
հարցով, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82․2%-ը։ Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել
քվեարկության մասնակիցների 99․89%-ը։
Նկատի ունենալով արցախահայության՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման
նպատակով իրականացրած քայլերի հաջորդականությունը՝ կարող ենք պնդել, որ 1991 թվականի
սեպտեմբերի 2-ին Արցախը հանրապետություն հռչակելու, ինչպես նաև հռչակված հանրապետությունը
նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախահայության
կամարտահայտության համաձայն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային
ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ։
Հարկ է նշել, որ ի տարբերություն Արցախի, Ադրբեջանը ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին
հանրաքվեն անցկացրել է ԽՍՀՄ լուծարումից 8
օր հետո՝ 1991 թվականի դեկտեմբերի 29-ին։
1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում խորհրդային
15 հանրապետություններից 11-ի ղեկավարները, ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, ազդարարել
են ԽՍՀՄ լուծարման և Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին։
Փաստորեն, Ադրբեջանի անցկացրած անկախության հանրաքվեն լիովին անիմաստ էր, քանի
որ այլևս գոյություն չուներ այն պետությունը, որից կարելի էր դուրս գալ՝ հիմնվելով
ԽՍՀՄ օրենսդրության վրա։
Ադրբեջանում անցկացված անկախության հանրաքվեին չեն մասնակցել ո՛չ Արցախի Հանրապետության
ժողովուրդը, ո՛չ Ադրբեջանի տարածքում ապրող ազգությամբ հայերը, քանի որ Արցախի Հանրապետության
ժողովուրդն արդեն անցկացրել էր անկախության իր հանրաքվեն, իսկ Ադրբեջանի տարածքում
ապրող ազգությամբ հայերի մի մասը ենթարկվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական
մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության, մեծ մասն էլ լքել էր իր բնակավայրերը՝
մազապուրծ փրկվելով ցեղասպանությունից։
ԽՍՀՄ լուծարումից 8 օր հետո՝ 1991 թվականի դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանում անցկացված
անկախության անիմաստ հանրաքվեին արցախահայության չմասնակցելու հանգամանքը ևս մեկ ապացույց
է այն անառարկելի իրողության, որ Արցախը որևէ կարգավիճակով երբևէ չի գտնվել և չի կարող
գտնվել անկախ Ադրբեջանի կազմում։
Այսպիսով, Ադրբեջանը դե յուրե անկախություն է ձեռք բերել 1991 թվականի դեկտեմբերի
21-ին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման արդյունքում, մինչդեռ այդ պահին Արցախի Հանրապետությունը
գրեթե 4 ամսվա անկախ պետություն էր։
Նյութի աղբյուրը՝ Ստեփան Հասան-Ջալալյան- «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները»
Comments
Post a Comment