Skip to main content

Արցախի կարգավիճակը խորհրդային կարգերի հաստատման շրջանում

 

1920 թվականի ապրիլի 28-ին խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակն առանց դիմադրության մտնում է Բաքու և Ադրբեջանում հաստատում խորհրդային կարգեր։

1920 թվականի մայիսի 19-ին Արցախի Վարանդա գավառի Ղարաբուլաղ գյուղում գտնվող Դրոյի մոտ են գալիս Շուշիից ուղարկված բոլշևիկների ներկայացուցիչները՝ կովկասյան ճակատի ռազմական խորհրդի լիազորները, և կովկասյան ճակատի ռազմական խորհրդի նախագահ Օրջոնիկիձեի անունից հայտնում, որ «․․․ մտադիր են Կարմիր բանակի զորամաս մտցնել Լեռնային Ղարաբաղ, որովհետև որոշված է, որ մինչև Ագարա գետը (Հագարի կամ Հակարի գետ այժմյան Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում) Ղարաբաղը պիտի կազմի Խորհրդային Ադրբեջանի տերիտորիայի մի մասը․․․»։

Դրոն պատասխանում է, որ նման հարցի լուծման համար ներկայացուցիչները պետք է դիմեն Հայաստանի կառավարությանը, քանի որ ինքը չունի բանակցություններ վարելու լիազորություն։ Նա միաժամանակ ավելացնում է, որ նման պահանջը՝ Ղարաբաղը մինչև Հակարի գետը հանձնել Ադրբեջանին, չի համապատասխանում ազգերի ինքնորոշման սկզբունքին։

1920 թվականի մայիսի 26-ին Վարանդա գավառի Ներքին Թաղավարդ գյուղում տեղի է ունենում արցախահայության վերջին՝ տասներորդ համագումարը, որին ներկա պատգամավորների մեծ մասը բոլշևիկներ էին։ Քննարկելով Արցախում և Արցախի շուրջը ստեղծված քաղաքական իրավիճակը համագումարը որոշում է՝

Լեռնային Ղարաբաղը հայտարարել խորհրդային

Ստեղծել հեղափոխական կոմիտե (հեղկոմ)

Հեղկոմի նախագահ ընտրել Սաքո Համբարձումյանին

Կապ հաստատել Շուշիի հեղկոմի հետ

1920 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանը հեռագիր է հղում Ռուսաստանի խորհրդային դաշնային սոցիալիստական հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինին, Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահին և Կովկասյան ճակատի ռազմական խորհրդի նախագահ Օրջոնիկիձեին 11-րդ Կարմիր բանակի զորամասերը Լեռնային Ղարաբաղ մտցնելու արգելքի և Արցախում պլեբիսցիտ (հանրաքվե) անցկացնելու հնարավորության մասին։

Հեռագրում Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, գրել է․ «Հայկական Լեռնային Ղարաբաղը, մինչև համաշխարհային պատերազմի (խոսքը առաջին աշխարհամարտի մասին է) ավարտը պաշտպանելով իր անձեռնմխելիությունը իր վրա բոլոր կողմերից հարձակվող թրքաքրդաթաթարական հորդաներից, իր գյուղացիների կողմից ընտրված պատգամավորների 8 համագումարներում ամեն անգամ կայացրել է հստակ որոշում իրեն հարազատ Հայաստանի Հանրապետության մեջ մտնելու մասին։ Այս տարվա ապրիլի 20-ականներին Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը կրկին վերահաստատել է Հայաստանի Հանրապետությանը միանալու մասին նախորդ համագումարների որոշումները։ Այդ նույն համագումարը կտրականապես մերժել է Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու հնարավորությունը նույնիսկ այնտեղ տեղի ունեցած քաղաքական հեղաշրջումից և խորհրդային իշխանության հաստատումից հետո․․․ Իմ կառավարությունը արդեն հայտնել է Ձեզ իր պատրաստակամության մասին Ղարաբաղի հետագա ճակատագրի հարցը փոխանցել հենց բնակչությանը և նրանց շրջանում արդեն տասներորդ անգամ պլեբիսցիտի անցկացման ճանապարհով հաստատելու նրա իրական ցանկությունը, մտադրությունը և որոշումը այս կամ այն պետական կազմավորմանը միանալու մասին․․․ Ղարաբաղի բնակչությանը կամարտահայտության ազատություն ընձեռելու և վերջինիս գյուղացիությանը նրանց հայրենիքի խորքերը խորհրդային զորքերի բռնի շարժման դեպքում անխուսափելի արյունահեղությունից ազատելու նպատակով իմ կառավարության անունից խնդրում եմ չմերժել անհապաղ հրահանգելու նշված զորքերին դադարեցնել հետագա շարժը դեպի հայկական Ղարաբաղ․․․»։

«Թե ինչ պատասխանեց Չիչերինը Համո Օհանջանյանի հեռագրին․․․ անհայտ է։ Հայտնի է միայն, որ Կարմիր բանակը Ղարաբաղի դեմ գործողություններ չսկսեց և թշնամական որևէ քայլ չարեց։ Եվ ինչ միտք ուներ տեղիք տալ ավելորդ արյունահեղության, երբ բոլշևիկներն ունեին ավելի հզոր, վստահելի և փորձված զենք՝ Ղարաբաղը Ադրբեջանին անարյուն ենթարկելու համար։ Այդ գործուն զենքը քաղաքական ագիտացիան էր։ Եվ դժվար չէր, իհարկե, քաղցից, անվերջ զրկանքներից, թշնամիների անընդհատ հարձակումներից  3 տարի շարունակ տառապող հոգնած ժողովրդին գրավել ապագայի հանգիստ և կուշտ կյանքի վարդագույն խոստումներով և հեռանկարներով․․․

Երբ արդեն ակներև նշաններ նկատվեցին զորքերի բարոյալքման, Դրոն Ղարաբուլաղ, իր մոտ կանչեց տեղական բոլշևիկների ղեկավարներից բժիշկ Սաքո Համբարձումյանին և նրան հանձնեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունը։ Իսկ ինքը հունիսի սկզբներին իր զորամասերի հետ անցավ Զանգեզուր։ Քաշվեց Դիզակից նաև Նժդեհը՝ իր ղափանցի ռազմիկներով»։

Արցախից Դրոյի և նրա գլխավորած զորքերի հեռանալու մասին Զանգեզուրի գեներալ-կոմիսար Մելիք-Յոլչյանը 1920 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության նախարար-նախագահին ուղղված հեռագրում հայտնել է հետևյալը․ «Հունիսի 1-ին ես՝ Դրոն, իմ ամբողջ ջոկատով թողեցի Ղարաբաղը և անցա Զանգեզուր»։ Պատճառը մեզ համար խորհրդավոր է և բացարձակ անհասկանալի։ Ղարաբաղում դրությունը անորոշ է։ Ղարաբաղը մեր ձեռքերով մենք կործանեցինք։ Սա մեր կուսակցության փլուզումն է։ Դրոն անձամբ է իշխանությունը հանձնել տեղի բոլշևիկներին։ Այնտեղից նոր վերադարձած գնդապետ Մեսյանի հաղորդման համաձայն՝ այնտեղ (Արցախում) չկան ռուս բոլշևիկներ, և ժողովուրդը տատանվում է, Դրոյի և իր ջոկատի խուճապահար փախուստը Ղարաբաղից որոշակի խուճապ է առաջացրել Զանգեզուրում․․․ Դրոն գործում է ինքնուրույն և արդյունքները բացասական են»։

Փաստորեն, համաձայն ժամանակի աղբյուրների և իրավական փաստաթղթերի, 1920 թվականի մայիսի 26-ին Արցախում հաստատվել են խորհրդային կարգեր։

1920 թվականի օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվում է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանագիր։ Համաձայն պայմանագրի՝ Խորհրդային Ռուսաստանի զորքերը զբաղեցնում են վիճելի տարածքները՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը․․․ Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների զբաղեցումը չէր կանխորոշում այդ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի սոցիալիստական խորհրդային հանրապետության իրավունքների մասին հարցը։ Այս ժամանակավոր զբաղեցմամբ Խորհրդային Ռուսաստանը նպատակ ուներ ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի խաղաղ կարգավորման համար, այն հիմքերի համաձայն, որոնք մոտ ապագայում պետք է ստեղծվեին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք խաղաղության պայմանագրերով։

Արցախի նկատմամբ ունեցած Ադրբեջանի հավակնությունները դիտարկելով Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված վերոնշյալ պայմանագրի լույսի ներքո՝ կարող ենք պնդել, որ Խորհրդային Ռուսաստանը Արցախի տարածքը ճանաչել է որպես վիճելի տարածք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության միջև։

Նյութի աղբյուրը՝ Ստեփան Հասան-Ջալալյան- «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...