Skip to main content

Միավորված ազգերի կազմակերպությունը չի ճանաչել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը

Ամենատարբեր առիթներով Ադրբեջանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները հայտարարել են և հայտարարում են, որ ՄԱԿ-ը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ըստ այդմ Արցախը ճանաչված է Ադրբեջանի անբաժանելի մաս։

Հիմնվելով բացառապես իրավական փաստաթղթերի վրա՝ փորձենք պարզել, թե արդյո՞ք համապատասխանում են իրականությանը նման հայտարարությունները։

Հիմք ընդունելով ՄԱԿ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը վերաբերող փաստաթդթերը՝ փորձենք պարզել՝ արդյո՞ք ՄԱԿ-ն իրավասություն ունի ճանաչելու իրեն անդամակցելու խնդրանքով դիմած պետության սահմանները, նրա տարածքային ամբողջականությունը, թե՝ ոչ, արդյո՞ք ՄԱԿ-ը ճանաչել է Արցախը որպես միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս, թե՝ ոչ։

ՄԱԿ-ին անդամակցելու պայմաններն ու կարգը սահմանված են կազմակերպության կանոնադրության 4-րդ հոդվածով։

Համաձայն նշված հոդվածի առաջին մասի՝ «Միավորված ազգերի կազմակերպության անդամությունը բաց է մյուս բոլոր խաղաղասեր պետությունների համար, որոնք կստանձնեն սույն կանոնադրությունը բովանդակող պարտավորությունները և կազմակերպության կարծիքով, կարող են և կամենում են կատարել այդ պարտականությունները»։

Այսինքն՝ ՄԱԿ-ին անդամակցել ցանկացող թեկնածու պետությունը պետք է համապատասխանի հետևյալ 5 պայմաններին՝

Լինել պետություն

Լինել խաղաղասեր

Ընդունել կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները

Կարողանալ կատարել դրանք

Ունենալ ցանկություն կատարել դրանք

Կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է կազմակերպությանն անդամակցելու կարգը։ Ըստ որի՝ «Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելու ցանկացած նման պետության ընդունելություն իրականացվում է Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի երաշխավորությամբ»։

Պետությանը ՄԱԿ-ի անդամ ընդունելու կարգը մանրամասն սահմանված է Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կանոնակարգերով։

Այսպես, համաձայն Անվտանգության խորհրդի կանոնակարգի 58-րդ կանոնի՝ «Ցանկացած պետություն, որը ցանկանում է դառնալ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, դիմում է ուղարկում Գլխավոր քարտուղարին։ Դիմումը պետք է պարունակի պաշտոնական փաստաթղթի տեսքով կազմված հայտարարություն այն մասին, որ այդ պետությունն ընդունում է կանոնադրության մեջ ներառված պարտավորությունները»։

Նույն կանոնակարգի 60-րդ կանոնի համաձայն՝ «Անվտանգության խորհուրդը որոշում է, թե, իր կարծիքով, այն պետությունը, որը հայտ է ներկայացրել, հանդիսանո՞ւմ է արդյոք խաղաղասեր և արդյո՞ք նա կարող է և ցանկանում է կատարել կանոնադրության մեջ ներառված պարտավորությունները, և, համապատասխանաբար, արժե՞ արդյոք երաշխավորել այդ պետությանն անդամակցելու կազմակերպությանը։

Եթե Անվտանգության խորհուրդը երաշխավորում է ընդունել կազմակերպությանն անդամակցելու պետության դիմումը, ապա նա այդ երաշխավորությունը տեղի ունեցած քննարկման վերաբերյալ ամբողջական հաշվետվության հետ միասին ուղարկում է Գլխավոր ասամբլեային»։

Համաձայն Գլխավոր ասամբլեայի կանոնակարգի 136-րդ կանոնի՝ «Եթե Անվտանգության խորհուրդը երաշխավորում է դիմումատու պետության անդամակցությունը, ապա Գլխավոր ասամբլեան քննարկում է, թե հանդիսանո՞ւմ է արդյոք դիմումատուն խաղաղասեր պետություն և արդյո՞ք նա կարող է և ցանկանում է կատարել կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները․․․»։

Այսպիսով, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կանոնակարգերի՝ քննարկվող հարցին վերաբերող դրույթների վրա՝ կարող ենք պնդել, որ ՄԱԿ-ը, ի տարբերություն այլևս գոյություն չունեցող Ազգերի լիգայի, պետության սահմաններ կամ պետության տարածքային ամբողջականություն ճանաչելու լիազորություն չունի։

1992 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը գրավոր պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ խնդրելով Ադրբեջանին ընդունել ՄԱԿ-ի անդամ։ Դիմումը հաստատվել էր Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականի հոկտեմբերի 29-ին։ Դիմումում Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, հայտնել է, որ Ադրբեջանը վերականգնել է իր անկախությունը, որից երկիրը զրկվել էր 1920 թվականի ապրիլին․ «Հայտարարելով Ադրբեջանի ժողովրդի կամքին համապատասխան անկախության վերականգնման մասին, որից երկիրը զրկվել էր 1920 թվականի ապրիլին,․․․»։

ՄԱԿ-ին հայտնելով 1920 թվականի ապրիլին կորցրած անկախության վերականգնման մասին՝ Ադրբեջանի նախագահը համաշխարհային հանրությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը վերականգնել է միջազգայնորեն չճանաչված մի պետականություն, որի կազմում Արցախը որևէ կարգավիճակով երբևէ չի գտնվել։

Ի պատասխան Ադրբեջանի դիմումի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հիմնվելով Անվտանգության խորհրդի 1992 թվականի փետրվարի 14-ի երաշխավորության վրա, որն իր հերթին հիմնված էր Անվտանգության խորհրդի՝ ՄԱԿ-ի նոր անդամներ ընդունելու հարցերով կոմիտեի 1992 թվականի փետրվարի 11-ի զեկույցի վրա, 1992 թվականի մարտի 2-ին ընդունել է Ադրբեջանին ՄԱԿ-ի անդամ ընդունելու մասին բանաձև։

Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ ՄԱԿ-ը որևէ ձևաչափով չի քննարկել Ադրբեջանի Հանրապետության սահմանները կամ նրա տարածքային ամբողջականությունը ճանաչող որևէ հարց։

Հիմք ընդունելով ՄԱԿ-ին անդանակցելու նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված Ադրբեջանի նախագահի 1992 թվականի հունվարի 14-ի դիմումը և Ադրբեջանին ՄԱԿ-ի անդամ ընդունելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1992 թվականի մարտի 2-ի բանաձևը՝ կարող ենք պնդել, որ ՄԱԿ-ը Ադրբեջանին որպես իր անդամ է ընդունել առանց Արցախի Հանրապետության։

Երբ 1992 թվականի մարտի 2-ին Ադրբեջանն անդամակցել է ՄԱԿ-ին, Արցախի Հանրապետությունն արդեն 6 ամսվա անկախ պետություն էր։

Այսպիսով, հիմնվելով ՄԱԿ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը վերաբերող բացառապես իրավական փաստաթղթերի վերլուծության վրա՝ կարող ենք պնդել, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները միտումնավոր ստել են և ստում են՝ ամենատարբեր առիթներով հայտարարելով, թե ՄԱԿ-ը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ըստ այդմ Արցախը ճանաչված է Ադրբեջանի անբաժանելի մաս։

Նման հայտարարություններով միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ Ադրբեջանի Հանրապետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն, ըստ երևույթին, ցանկացել են միջազգային հանրության, մասնավորապես՝ հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ Ադրբեջանին ներկայացնել որպես տարածքներ կորցրած և այդ տարածքներն ամեն գնով հետ բերել ցանկացող պետություն։

Նյութի աղբյուրը՝ Ստեփան Հասան-Ջալալյան- «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...