Անհրաժեշտ
քաղաքականության իրականացման մեկնակետը պետք է լինի այն երեք աննախադեպ հանգամանքների
սթափ գիտակցումը, որոնք ներկայումս սահմանում են միջազգային հարաբերությունների աշխարհաքաղաքական
վիճակը․
Պատմության մեջ առաջին
անգամ մեկ պետություն իսկապես դարձել է համաշխարհային տերություն
Գլոբալ մասշտաբով բոլոր
մյուս պետություններին գերազանցող երկիրը ոչ եվրասիական պետություն է
Երկրագնդի կենտրոնական
ասպարեզում՝ Եվրասիայում, իշխում է ոչ եվրասիական պետությունը
Եվրասիայի նկատմամբ համապարփակ ու համակարգված աշխարհառազմավարությունը,
այնուամենայնիվ, պետք է հիմնված լինի Ամերիկայի արդյունավետ ազդեցության սահմանների
ճանաչման և ժամանակի ընթացքում այդ ներգործության անխուսափելի նեղացման վրա։ Եվրասիայի
մեծ ծավալն ու բազմազանությունը, ինչպես նաև այդ մայրցամաքի որոշ պետությունների ներուժային
հնարավորությունները սահմանափակում են իրադարձությունների ընթացքի վրա ամերիկյան ազդեցության
ու վերահսկողության խորությունը։ Իրերի նման դրությունը պահանջում է աշխարհառազմավաևական
ներըմբռնում և եվրասիական հսկայական շախմատային տախտակի վրա ամերիկյան ռեսուրսների
զգույշ ու ընտրովի օգտագործում։ Եվ քանի որ Ամերիկայի աննախադեպ ազդեցությունը ժամանակի
ընթացքում նվազելու է, առաջնահերթությունը պետք է տրվի տարածաշրջանային այլ պետությունների
հզորացման գործընթացը վերահսկելուն, որպեսզի այն շարժվի այնպիսի ուղղությամբ, որ չվտանգի
ամերիկյան համընդհանուր առաջնությունը։
Շախմատիստների նման համաշխարհային խնդիրներով զբաղվող ամերիկյան
ծրագրողները պետք է մի քանի քայլ առաջ մտածեն՝ հնարավոր պատասխան գործողությունները
կանխատեսելու համար։ Հետևաբար կայուն ռազմավարությունը պետք է տարբերակի կարճաժամկետ
(հաջորդ 5 կամ մոտ 5 տարիներ), միջնաժամկետ (մինչև կամ մոտ 20 տարի) և երկարաժամկետ
(20 տարուց ավել) հեռանկարները։ Ընդ որում՝ այս փուլերը պետք է դիտարկվեն ոչ թե որպես
միմյանցից ամբողջովին մեկուսացված, այլ որպես մեկ համակարգի մասեր։ Առաջին փուլը աստիճանաբար
և հետևողականորեն պետք է հանգեցնի երկրորդին, իսկ երկրորդն էլ՝ նույն կերպ երրորդրն։
Կարճաժամկետ հեռանկարում Ամերիկան շահագրգռված է ամրապնդել ու
պահպանել Եվրասիայի քարտեզի վրա առկա աշխարհաքաղաքական բազմազանությունը։ Սա խուսանավումների
և ձեռնածությունների հարցում առավելություն է տալիս՝ կանխելու համար թշնամական դաշինքի
ստեղծումը, որը վերջին հաշվով կարող է մարտահրավեր նետել Ամերիկայի առաջնորդությանը՝
էլ չասած որևէ առանձին պետության կողմից դա անելու քիչ հավանականությունը։ Միջնաժամկետ
հեռանկարում վերոշարադրվածն աստիճանաբար պետք է մեծ շեշտադրում անի ավելի ու ավելի
կարևոր, սակայն ռազմավարական առումով համատեղելի այնպիսի գործընկերների ի հայտ գալու
վրա, որոնք ամերիկյան առաջնորդությամբ կարող են օգնել՝ ստեղծելու ավելի մեծ թվով երկրներ
միավորող անդրեվրասիական անվտանգային համակարգ։ Եվ, վերջապես, երկարաժամկետ հեռանկարում
վերոնշվածները պետք է փուլ առ փուլ վերածվեն համատեղ քաղաքական պատասխանատվությամբ
իսկապես գլոբալ միջուկի։
Անմիջական անելիքը համոզվելն է այն հարցում, որ ոչ մի պետություն
կամ պետությունների խումբ չունի Միացյալ Նահանգներին Եվրասիայից վտարելու կամ նույնիսկ
համաշխարհային հաշտարարի նրա վճռական դերը նվազեցնելու կարողություն։ Ինչևէ, անդրմայրցամաքային
աշխարհաքաղաքական բազմազանության ամրապնդումը պետք է դիտվի ոչ թե որպես ինքնանպատակ
մի բան, այլ միայն որպես Եվրասիայի առանցքային տարածաշրջաններում ռազմավարական գործընկերության
հաստատման միջնաժամկետ նպատակին հասնելու միջոց։ Դժվար թե ժողովրդավարական Ամերիկան
տարածաշրջանում որևէ այլ պետության գերիշխանության հասնելը կանխելու համար ցանկանա
մշտապես կատարել ամերիկյան ռազմական ռեսուրսների գործադրմամբ, ձեռնածություններով և
խուսանավումներով Եվրասիան կառավարելու դժվար, հյուծող ու ծախսատար առաջադրանքը։ Հետևաբար
առաջին փուլը պետք է տրամաբանորեն ու կանխամտածված վերածվի երկրորդ փուլի, որտեղ արդեն
բարենպաստ ներգործող ամերիկյան գերիշխանությունը ոչ միայն դեռևս կարողանում է մյուսներին
հետ պահել մարտահրավեր նետելուց՝ դրա ծախսերը չափազանց բարձր դարձնելով, այլ նաև վտանգ
չի ներկայացնում Եվրասիայի հավանական տարածաշրջանային հավակնորդների շահերին։
Որպես միջնաժամկետ նպատակ պետք է խթանել իսկական գործընկերային
փոխառնչությունները, որոնց շարքում գերակայողը պետք է լինեն ավելի միասնական և քաղաքականապես
ավելի կայացած Եվրոպայի ու տարածաշրջանային մակարդակում մյուս պետություններին գերազանցող
Չինաստանի, ինչպես նաև (կարելի է հուսալ) հետկայսերական ու դեպի Եվրոպա կողմնորոշված
Ռուսաստանի, իսկ հարավում՝ Եվրասիայի ծայրամասում, տարածաշրջանում կայունացնող դերակատարում
ունեցող ժողովրդավարական Հնդկաստանի հետ հարաբերությունները։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի
դերի՝ դրական կամ բացասական որոշիչ պայմանների ձևավորումը կախված է լինելու Եվրոպայի
և Չինաստանի հետ ավելի լայն ռազմավարական հարաբերություններ հաստատելուն ուղղված ջանքերի
հաջողումից կամ ձախողումից։
Դրանից հետևում է, որ ավելի լայն Եվրոպան ու ընդլայնված ՆԱՏՕ-ն
ծառայելու են Միացյալ Նահանգների քաղաքականության կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներին։
Ավելի մեծ Եվրոպան կընդլայնի ամերիկյան ազդեցության սահմանները, իսկ Կենտրոնական Եվրոպայի
երկրներին ներգրավելու դեպքում էլ եվրոպական մարմիններում կավելանա պրոամերիկյան կողմնորոշում
ունեցող երկրների թիվը, բայց միևնույն ժամանակ ավելի մեծ Եվրոպան չպետք է նշանակի քաղաքականապես
ինտեգրված այնպիսի Եվրոպա, որը կարող է շուտով արդեն մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին
Ամերիկայի համար առանցքային նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական ցանկացած հարցում,
հատկապես Մերձավոր Արևելքում։ Քաղաքականապես կայացած Եվրոպան էական նշանակություն ունի
նաև գլոբալ համագործակցության համակարգում Ռուսաստանին հետզհետե ձուլելու համար։
Պետք է խոստովանել, որ Ամերիկան ինքնուրույն էլ չի կարող ստեղծել
ավելի միավորված Եվրոպա։ Դա եվրոպացիների, հատկապես ֆրանսիացիների ու գերմանացիների
գործն է։ Բայց Ամերիկան կարող է խոչընդոտել նման Եվրոպայի ի հայտ գալուն։ Եվ դա կարող
է կործանարար լինել Եվրասիայի կայունության, հետևաբար նաև Ամերիկայի սեփական շահերի
համար։ Իրոք, եթե Եվրոպան ավելի միավորված չդառնա, ապա վերստին պառակտված է լինելու։
Կարևոր է, որ Ամերիկան սերտորեն համագործակցի և՛ Ֆրանսիայի, և՛ Գերմանիայի հետ՝ ստեղծելու
քաղաքականապես կենսունակ այնպիսի Եվրոպա, որը կապեր է պահպանում Միացյալ Նահանգների
հետ, ընդլայնում է գործընկերային ժողովրդավարական միջազգային համակարգի սահմանները։
Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև ընտրություն կատարելու խնդիր դրված չէ։ Առանց Ֆրանսիայի
ու Գերմանիայի չի լինի Եվրոպա, իսկ առանց Եվրոպայի՝ չի լինի անդրեվրասիական համակարգ։
Գործնական առումով բոլոր վերոնշյալ դիտարկումները պահանջելու
են ՆԱՏՕ-ում աստիճանական անցում դեպի համատեղ առաջնորդության, ոչ միայն Աֆրիկայում,
այլ նաև Մերձավոր Արևելքում Եվրոպայի դերի վերաբերյալ ֆրանսիական կողմի մտահոգությունների
ավելի մեծ ճանաչում, շարունակական աջակցություն դեպի արևելք՝ ԵՄ ընդլայնման գործընթացին,
եթե նույնիսկ այդ դեպքում ԵՄ-ն դառնալու է քաղաքական ու տնտեսապես ավելի հաստատակամ
գլոբալ խաղացող։ Ատլանտյան դաշինքի մի շարք ականավոր անդամների կողմից պաշտպանություն
ստացած Ազատ առևտրի համաձայնագիրը կարող է նպաստել ավելի միավորված ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև
աճող տնտեսական մրցակցության ռիսկի նվազեցմանը։ Ցանկացած դեպքում Եվրոպայում դարավոր
ազգայնական հակասություններն իրենց գլոբալ կործանարար ազդեցություններով հանդերձ թաղելու
գործում ԵՄ վերջնական հաջողությունն աստիճանաբար նվազեցնելու է Ամերիկայի՝ որպես Եվրասիայի
ներկայիս հաշտարարի վճռական դերը։
ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը կարող է ծառայել Եվրոպայի՝ իր ավելի
մեծ կոչման մարող զգացման վերակենդանացմանը՝ միաժամանակ ի շահ Ամերիկայի ու Եվրոպայի
ամրապնդելով ժողովրդավարական այն նվաճումները, որոնք ձեռք են բերվել սառը պատերազմի
հաջող ավարտի արդյունքում։ Այս առումով սեղանին դրված են ոչ այլ ինչ, քան Եվրոպայի
հետ Ամերիկայի երկարաժամկետ հարաբերությունները։ Նոր Եվրոպան դեռ ձևավորման փուլում
է, և եթե այս նոր Եվրոպան աշխարհաքաղաքական առումով մնա «եվրաատլանտյան» տարածքում,
ապա ՆԱՏՕ-ի ընդլայնումն անհրաժեշտություն է դառնալու։ Նույն կերպ, եթե ՆԱՏՕ-ի ընդլայնումը
ձախողվի, հատկապես, եթե արդեն իսկ ստանձնված են դրա կատարման պարտավորությունները,
ապա դա կարող է ոչնչացնել եվրոպական ընդլայնման հայեցակարգը՝ բարոյալքելով Կենտրոնական
Եվրոպայի պետությունները։ Դա նույնիսկ կարող է հանգեցնել Կենտրոնական Եվրոպայում Ռուսաստանի
աշխարհաքաղաքական թաքնված կամ մահամերձ ձգտումների վերածննդին։
Իրոք, ԱՄՆ գլխավորությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ուղղված ջանքերի
ձախողումը կարող է վերակենդանացնել Ռուսաստանի առավել հավակնոտ ցանկությունները։ Դեռևս
ակնհայտ չէ, իսկ պատմական փաստերն էլ այլ բան են հուշում, որ ռուսական քաղաքական վերնախավը
հաղորդակից է ամերիկյան ամուր ու հարատև քաղաքական ու ռազմական ներկայացվածություն
ունենալու Եվրոպայի ձգտումներին։ Հետևաբար, չնայած Ռուսաստանի հետ համագործակցության
հաստատումը, բայց և այնպես, Ամերիկայի համար ցանկալի ու կարևոր է բացեիբաց խոսել իր
գլոբալ առաջնահերթությունների մասին։ Եթե ընտրությունը պետք է կատարվի եվրաատլանտյան
ավելի մեծ համակարգի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման միջև, ապա Ամերիկայի
կողմից առաջինն անհամեմատ բարձր պետք է դասվի։
Այդ իսկ պատճառով էլ ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի
հետ ցանկացած մերձեցում չպետք է հանգեցնի Ռուսաստանի փաստացի փոխակերպմանը դաշինքում
որոշումներ կայացնող անդամի, ինչը նվազեցնելու է ՆԱՏՕ-ի հատուկ եվրաատլանտյան բնույթը
և միաժամանակ դաշինքի կազմ ընդունված նոր պետությունները վերածելու է «երկրորդ տեսակի»
պետությունների։ Սա Ռուսաստանին հնարավորություն կընձեռի ոչ միայն նորացնելու Կենտրոնական
Եվրոպայում կորցրած իր ազդեցությունը վերականգնելու փորձերը, այլև ՆԱՏՕ-ում իր ներկայությունն
օգտագործելով՝ խաղալու Ամերիկա-Եվրոպա տարաձայնությունների վրա՝ Եվրոպայում Ամերիկայի
դերը թուլացնելու համար։
Բացի դրանից, քանի որ Կենտրոնական Եվրոպան մուտք է գործում ՆԱՏՕ,
այդ տարածաշրջանի վերաբերյալ Ռուսաստանին տրված երաշխիքները պետք է լինեն իսկապես փոխադարձ
և այդ հիմքով նաև երկուստեք հուսադրող։ Դաշինքի նոր անդամների տարածքներում ՆԱՏՕ-ի
զորքերի ու միջուկային զենքի տեղակայման արգելքը կարող է կարևոր գործոն լինել Ռուսաստանի
օրինական մտահոգությունները փարատելու հարցում, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի կողմից
ևս պետք է համարժեք երաշխիքներ տրվեն, ինչպես, օրինակ, պոտենցիալ ռիսկեր պարունակող
Կալինինգրադի մարզի ապառազմականացումը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ ապագա հնարավոր անդամների սահմանների
մոտ ռազմական խոշոր միավորումների տեղակայման սահմանափակումը։ Չնայած Ռուսաստանի նորանկախ
արևմտյան բոլոր հարևանները ցանկանում են այդ երկրի հետ կայուն ու կառուցողական հարաբերությոններ
ունենալ, բայց փաստը մնում է փաստ, որ այդ երկրները շարունակում են պատմական պատճառներով
վախենալ Ռուսաստանից։ Հետևաբար Ռուսաստանի հետ ՆԱՏՕ/ԵՄ անաչառ համաձայնության ի հայտ
գալը կողջունվեր բոլոր եվրոպացիների կողմից որպես ապացույց նրա, որ կայսրության փլուզումից
հետո Ռուսաստանը վերջապես կատարում է հօգուտ Եվրոպայի երկար սպասված իր ընտրությունը։
Այս ընտրությունը կարող էր ճանապարհ հարթել Ռուսաստանի կարգավիճակի
ամրապնդմանը՝ նպաստելով վերջինիս նկատմամբ հարգանքի մեծացմանն ուղղված լայն ջանքերին։
«Մեծ յոթնյակին» պաշտոնական անդամակցությունը, ինչպես նաև ԵԱՀԿ մեխանիզմի դերի բարձրացումը
(որի շրջանակներում կարելի է ստեղծել ԱՄՆ, Ռուսաստանի և եվրոպական մի քանի ազդեցիկ
պետությունների ներկայացուցիչներից կազմված անվտանգության հատուկ կոմիտե) Ռուսաստանի
համար հնարավորություններ կբացեր Եվրոպայի քաղաքական սահմանների ու անվտանգության գոտու
որոշման գործընթացում կառուցողական ներգրավվածություն ունենալու համար։ Ռուսաստանի
ընտրությանը բովանդակություն հաղորդելու գործընթացը՝ նրան տրվող արևմտյան ֆինանսական
աջակցությանը զուգահեռ ճանապարհային ու երկաթուղային նոր ցանցերի կառուցմամբ, էականորեն
առաջ կշարժվի Ռուսաստանի ու Եվրոպայի միջև սերտ կապեր ստեղծելուն ուղղված շատ ավելի
հավակնոտ ծրագրերի մշակմամբ՝ հօգուտ Եվրոպայի։
Եվրասիայում երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի դերը մեծապես
կախված է լինելու սեփական ինքնորոշման հարցում գուցե արդեն ընթացիկ տասնամյակում ընթացող
պատմական ընտրությունից։ Նույնիսկ այն դեպքում, երբ Եվրոպան ու Չինաստանն ընդլայնում
են իրենց տարածաշրջանային ազդեցության գոտիները, Ռուսաստանը շարունակում է պատասխանատու
մնալ աշխարհի ամենամեծ մասնաբաժին անշարժ գույքն ունենալու համար։ Այդ մասնաբաժինն
ընդգրկում է 10 ժամային գոտի՝ ծավալով 2 անգամ գերազանցելով ԱՄՆ-ի ու Չինաստանի զբաղեցրած
տարածքները, նույնիսկ ստվերելով ընդլայնված Եվրոպան։ Հետևաբար տարածքներ կորցնելը Ռուսաստանի
համար հիմնական խնդիրը չէ։ Ավելի շուտ հսկայական չափերի հասնող Ռուսաստանը պետք է ուղղակիորեն
ընդունի և անհրաժեշտ եզրակացություններ անի այն փաստից, որ և՛ Եվրոպան, և՛ Չինաստանը
իրենից արդեն տնտեսապես հզոր են, և, ի լրումն դրա, վտանգ կա նաև, որ հասարակության
արդիականացման գործում Չինաստանն առաջ է ընկնելու Ռուսաստանից։
Այս իրավիճակում ռուսական քաղաքական վերնախավը պետք է գիտակցի,
որ Ռուսաստանի համար գերխնդիրը սեփական հասարակության արդիականացումն է, այլ ոչ համաշխարհային
տերության իր նախկին կարգավիճակը հետ բերելուն ուղղված ապարդյուն փորձերը։ Հաշվի առնելով
երկրի վիթխարի չափերը և տարասեռությունը՝ շուկայական տնտեսությամբ ապակենտրոնացված
քաղաքական համակարգը, ըստ ամենայնի, թույլ կտար բացահայտել ինչպես ռուս ժողովրդի, այնպես
էլ երկրի հսկայական բնական պաշարների ստեղծագործական ներուժը։ Իր հերթին, այդպիսի ապակենտրոնացված
Ռուսաստանն արդեն այդքան էլ հակված չէր լինի կայսերական համախմբում իրականացնելուն։
Թույլ կոնֆեդերացված Ռուսաստանը, որը ներառելու էր Ռուսաստանի եվրոպական մասը, Սիբիրի
Հանրապետությունը և Հեռավոր Արևելքի Հանրապետությունը, ավելի հեշտությամբ սերտ տնտեսական
կապեր կզարգացներ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի նոր պետությունների ու Արևելքի հետ,
ինչն էլ իր հերթին հանգեցնելու էր բուն Ռուսաստանի զարգացմանը։ Համադաշնության այս
3 անդամներից յուրաքանչյուրն ավելի շատ հնարավորություն կունենար օգտագործելու դարեր
շարունակ Մոսկվայի բյուրոկրատական կոշտ ձեռքով ճնշված տեղական ստեղծագործական ներուժը։
Ռուսաստանի կողմից ավելի շուտ հօգուտ Եվրոպայի, քան կայսրության
կատարվող ընտրությունն ամենայն հավանականությամբ կախված է նրանից, թե որքան հաջողությամբ
Միացյալ Նահանգները կիրականացնի Ռուսաստանի նկատմամբ իր ռազմավարության երկրորդ մասը,
այն է՝ հետխորհրդային տարածքում ամրապնդել գերիշխող աշխարհաքաղաքական բազմազանությունը։
Նշված միտումների ամրապնդումը նվազեցնելու է կայսրությունը վերադարձնելու գայթակղությունը։
Հետկայսերական և դեպի Եվրոպա կողմնորոշված Ռուսաստանը պետք է այդ ուղղությամբ գործադրվող
ջանքերը գնահատի որպես օժանդակություն տարածաշրջանային կայունության ամրապնդմանը՝ հակամարտությունների
առաջացման հավանականությունը նվազեցնող ջանքեր գործադրելով իր հարավային, ռիսկայնության
մեծ ներուժ ունեցող սահմաններում։ Այդուհանդերձ, աշխարհաքաղաքական բազմազանության ամրապնդման
քաղաքականությունը չպետք է պայմանավորված լինի բացառապես Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով։
Ավելին, դա կարևոր է նույնիսկ այն դեպքում, եթե անգամ այդ հարաբերությունների զարգացում
չլինի, քանի որ դա խոչընդոտում է ռուսական կայսերական քաղաքականության իսկապես լուրջ
վտանգ ներկայացնող վերածնմանը։
Դրանից հետևում է, որ նորանկախ հիմնական երկրներին քաղաքական
ու տնտեսական օժանդակություն տրամադրելը եվրասիական ավելի լայն ռազմավարության անբաժանելի
մասն է։ Իրեն արդեն Կենտրոնական Եվրոպայի հետ նույնականացնող ու այդ հատվածի երկրների
հետ ավելի սերտ ինտեգրացիոն հարաբերություններ հաստատող ինքնիշխան Ուկրաինայի ամրապնդումն
այս քաղաքականության չափազանց կարևոր բաղադրիչներից է, ինչպես նաև ավելի սերտ կապերի
զարգացումը ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի երկրների հետ, որոնց թվում
են Ադրբեջանն ու Ուզբեկստանը՝ ի լրումն համաշխարհային տնտեսության համար Կենտրոնական
Ասիան բացելու (չնայած Ռուսաստանի ջանքերին) ավելի լայն ջանքերի։
Աստիճանաբար ավելի հասանելի դարձող Կասպից-Կենտրոնաասիական տարածաշրջանում
արվելիք միջազգային լայնածավալ ներդրումները ոչ միայն կօգնեն ամրապնդել նոր պետությունների
անկախությունը, այլ ի վերջո այդ ամենից կշահի նաև հետկայսերական ժողովրդավարական Ռուսաստանը։
Տարածաշրջանի էներգետիկ ու հանքային պաշարների օգտագործումը հանգեցնելու է տարածաշրջանի
բարգավաճմանը, ստեղծելու է ավելի մեծ կայունության ու անվտանգության զգացում և միևնույն
ժամանակ գուցե նվազեցնելու է տարածաշրջանին սպառնացող «բալկանյան» հակամարտությունների
վտանգը։ Արտաքին ներդրումներից ֆինանսավորվող արագացված տարածաշրջանային զարգացման
առավելությունները կտարածվեն նաև Ռուսաստանի սահմանային շրջանների վրա, որոնք տնտեսապես
ավելի թույլ զարգացած են։ Ավելին, հենց տարածաշրջանի կառավարող նոր վերնախավերը հասկանան,
որ Ռուսաստանը համաձայն է այդ տարածաշրջանը համաշխարհային տնտեսությանն ինտեգրելուն,
նրանք կսկսեն ավելի քիչ վախենալ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապեր ունենալու քաղաքական
հնարավոր հետևանքներից։ Ժամանակի ընթացքում կայսերական հավակնություններ չցուցաբերող
Ռուսաստանը կարող է տնտեսական ամենահարմար գործընկերոջ կարգավիճակը վաստակել՝ չլինելով
այլևս կայսերական տիրակալ։
Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների կայունությունն
ապահովելու և ամրապնդելու համար Միացյալ Նահանգները պետք է զգուշություն ցուցաբերի,
որպեսզի չօտարի Թուրքիային, ինչպես նաև պետք է ուսումնասիրի ԱՄՆ-Իրան հարաբերությունների
բարելավման հնարավորությունը։ Թուրքիան, որը շարունակում է իրեն վտարված զգալ Եվրոպայում,
որին ձգտում է միանալ, կդառնա ավելի իսլամիստական, ի հեճուկս բոլորի՝ դեմ կքվեարկի
ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և դժվար թե աշխարհիկ Կենտրոնական Ասիան կայունացնելու ու համաշխարհային
համայնքի կազմում ինտեգրելու նպատակով համագործակցի Արևմուտքի հետ։
Ըստ այդմ՝ Ամերիկան պետք է Եվրոպայում իր ազդեցությունն օգտագործի՝
ժամանակի ընթացքում Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցությունը խթանելու համար
Թուրքիային պետք է վերաբերվի որպես եվրոպական պետության, բայց այն պայմանով, որ Թուրքիան
իր ներքին քաղաքականության մեջ իսլամական ուղղությամբ կտրուկ շրջադարձ չկատարի։ Կասպից
ծովի ավազանի ու Կենտրոնական Ասիայի ապագայի շուրջ Անկարայի հետ կանոնավոր խորհրդակցությունները
նպաստելու են, որ Թուրքիան իրեն զգա որպես Ամերիկայի ռազմավարական դաշնակից։ Ամերիկան
պետք է նաև ակտիվորեն աջակցի Բաքվից Ջեյհան և դեպի Միջերկրական ծովի թուրքական ափ նավթամուղի
կառուցման ուղղությամբ Թուրքիայի ձգտումներին, ինչն էլ կծառայի որպես հիմնական պատուհան՝
Կասպից ծովի ավազանի էներգետիկ պաշարներին հասնելու համար։
Բացի դրանից՝ Ամերիկայի շահերից չի բխում ամերիկա-իրանական հարաբերություններում
հավերժական թշնամությունը։ Ապագայում ցանկացած հաշտեցում պետք է հիմնված լինի Իրանի
համար ներկայումս անկայուն տարածաշրջանային միջավայրի կայունացման փոխադարձ ռազմավարական
շահի ճանաչման վրա։ Եվ, իհարկե, երկու երկրների միջև ցանկացած հաշտեցում պետք է կատարվի
երկու կողմերի համաձայնությամբ՝ չդառնալով մի կողմից մյուսին արվող լավություն։ Միացյալ
Նահանգները շահագրգռված է թեկուզ կրոնով առաջնորդվող, բայց հակաարևմտյան մոլեռանդ տրամադրություններ
չունեցող, ուժեղ Իրան ունենալու հարցում, և արդյունքում նույնիսկ իրանական քաղաքական
վերնախավը կարող է ընդունել այս փաստը։ Միևնույն ժամանակ Եվրասիայում ամերիկյան երկարաժամկետ
շահերին ավելի շատ կծառայի այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն դադարի առարկել Իրանի հետ Թուրքիայի
ավելի սերտ տնտեսական համագործակցությանը, հատկապես նոր նավթամուղների կառուցման և
Իրանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ այլ բնույթի հարաբերությունների զարգացմանը։
Այսպիսի նախագծերում ամերիկյան երկարաժամկետ մասնակցությունը բխում է նաև Ամերիկայի
շահերից։
Պետք է նաև ընդգծել Հնդկաստանի հավանական դերը, չնայած այդ երկիրը
ներկայումս համեմատաբար պասիվ խաղացող է եվրասիական թատերաբեմում։ Աշխարհաքաղաքական
առումով Հնդկաստանին զսպում է Չինաստանի ու Պակիստանի դաշինքը, իսկ թույլ Ռուսաստանն
էլ չի կարող այդ երկրին առաջարկել քաղաքական այն աջակցությունը, որը նախկինում Հնդկաստանին
ցուցաբերել է Խորհրդային Միությունը։ Այնուամենայնիվ, Հնդկաստանում ժողովրդավարության
գոյության պահպանումը կարևոր է նրանով, որ այդ հանգամանքը մի շարք ծավալուն ակադեմիական
քննարկումներից ավելի լավ է հերքում տարածված այն պնդումը, թե մարդու իրավունքներն
ու ժողովրդավարությունը զուտ արևմտյան երևույթ են և բնորոշ են միայն Արևմուտքին։ Հնդկաստանը
ապացուցում է, որ Սինգապուրի, Չինաստանի կողմից քարոզվող հակաժողովրդավարական «ասիական
արժեքները», իրոք, հակաժողովրդավարական են, բայց դրանք պարտադիր ասիական չեն։ Բացի
դրանից՝ Հնդկաստանի ձախողումը նույնպես հարված է հասցնելու ժողովրդավարության հեռանկարներին
և ասպարեզից հեռացնելու է այն ուժին, որը, հատկապես հաշվի առնելով Չինաստանի աճող աշխարհաքաղաքական
գերակայությունը, մեծ հավասարակշռություն է ապահովելու ասիական հատվածում։ Դրանից հետևում
է, որ տարածաշրջանային կայունության, հատկապես Կենտրոնական Ասիայի ապագայի շուրջ քննարկումներում
Հնդկաստանի շարունակական ներգրավվածությունը միանգամայն տեղին է՝ էլ չենք խոսում Ամերիկայի
ու Հնդկաստանի պաշտպանական համայնքների միջև երկկողմ ուղիղ կապերի առաջմղման մասին։
Եվրասիայում ամբողջական աշխարհաքաղաքական բազմազանության հասնել
հնարավոր չէ, և այնտեղ կայունություն էլ հնարավոր չէ առանց Ամերիկայի ու Չինաստանի
միջև ռազմավարական հարցերի շուրջ փոխըմբռնման խորացման։ Այստեղից հետևում է, որ ռազմավարական
հարցերի շուրջ Չինաստանին լուրջ երկխոսության և արդյունքում միգուցե նաև Ճապոնիային
ընդգրկող եռակողմ ձևաչափում ներգրավելու քաղաքականությունը Չինաստանի՝ Ամերիկայի հետ
համաձայնության գալու շահագրգռվածության բարձրացմանն ուղղված առաջին քայլն է, որն արտացոլում
է հենց այն նույն աշխարհաքաղաքական շահերը (մասնավորապես Հյուսիսարևելյան և Կենտրոնական
Ասիայում), որոնք, իսկապես, ընդհանուր են երկու երկրների համար։ Բացի դրանից՝ Ամերիկան
պետք է շատ հստակ լինի Չինաստանի հետ կապված իր հանձնառության հարցում, որպեսզի չսրի
Թայվանի խնդիրը հատկապես այն բանից հետո, երբ Չինաստանը կլանել է Հոնկոնգը։ Բացի դրանից՝
նույն առումով նաև Չինաստանի շահերից է բխում այս կլանումը դարձնել այն սկզբունքի ցուցադրություն,
որ նույնիսկ Մեծ Չինաստանն է ի վիճակի իր ներքաղաքական կարգավորումներում հանդուրժել
ու երաշխավորել ավելի մեծ բազմազանություն։
Չնայած պնդում է արվել, որ ընդդեմ Ամերիկայի չին-ռուս-իրանական
ցանկացած ենթադրյալ դաշինք դժվար թե դուրս գա մարտավարական նկատառումներով ժամանակավոր
դիրքավորման սահմաններից, բայց և այնպես Միացյալ Նահանգների համար կարևոր է Չինաստանի
հետ հարաբերություններն այնպես կառուցել, որ Պեկինին չմղի այդ ուղղությամբ։ Ցանկացած
այդպիսի «հակահեգեմոնիստական» դաշինքում Չինաստանը կապող դերակատարում է ունենալու։
Ըստ ամենայնի, այն դառնալու է այդ դաշինքի ամենաուժեղ, ամենադինամիկ, հետևաբար առաջատար
բաղադրիչը։ Նման դաշինքը կարող էր ի հայտ գալ միայն դժգոհ, հիասթափված ու թշնամաբար
տրամադրված Չինաստանի շուրջ։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանն անհրաժեշտ միջոցներ չունեն
այդպիսի դաշինքի գրավչության կենտրոն դառնալու համար։ Այդ իսկ պատճառով էլ հրամայական
է Ամերիկայի ու Չինաստանի միջև երկխոսությունը ռազմավարական այն ոլորտների վերաբերյալ,
որոնցում երկու երկրներն էլ ցանկանում են ազատված լինել հավակնություններ ունեցող այլ
հեգեմոններից։ Սակայն առաջընթաց արձանագրելու համար այդ երկխոսությունը պետք է լինի
շարունակական ու լուրջ։ Նման շփումների արդյունքում հնարավոր կլիներ ավելի շահագրգռված
քննարկումներ ունենալ նաև այլ վիճահարույց հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Թայվանին
և մարդու իրավունքների խնդրին։ Իրոք, կարելի է միանգամայն անկեղծորեն նշել, որ Չինաստանի
ներքին ազատականացման խնդիրը միայն նրա ներքին գործը չէ, քանզի միայն ժողովրդավարացման
ուղին բռնած ու բարգավաճող Չինաստանը կարող է Թայվանին իր կողմը գրավելու խաղաղ հեռանկար
ունենալ։ Բռնի վերամիավորման ցանկացած փորձ ոչ միայն վտանգելու է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները,
այլ նաև անխուսափելիորեն բացասական ազդեցություն է ունենալու Չինաստանի՝ օտարերկրյա
կապիտալ ներգրավելու և իր զարգացման շարունակականությունը պահպանելու կարողությունների
վրա։ Այդպիսով զոհաբերվելու էին տարածաշրջանային գերակայություն և գլոբալ կարգավիճակ
ձեռք բերելու Չինաստանի ձգտումները։
Չնայած Չինաստանը վերածվում է տարածաշրջանում գերիշխող ուժի,
բայց այն դժվար թե այդպիսին դառնա, առավել ևս մոտ ապագայում, իսկ այդ հարցի շուրջ պարանոյիկ
վախերը Չինաստանի մոտ առաջացնում են մեծամտության բարդույթ՝ միգուցե նաև դառնալով Ամերիկայի
ու Չինաստանի միջև ուժգնացող թշնամանքի ինքնաիրացման մարգարեության աղբյուր։ Հետևաբար
Չինաստանին ո՛չ պետք է զսպել, ո՛չ էլ հանդարտեցնել։ Չինաստանին՝ որպես աշխարհի ամենամեծ
զարգացումն ունեցող երկրի, և գոնե մինչ այս պահը՝ որպես բավարար առաջընթաց գրանցող
երկրի, պետք է հարգանքով վերաբերվել։ Չինաստանի աշխարհաքաղաքական դերն աճելու է ոչ
միայն Հեռավոր Արևելքում, այլ նաև, ըստ ամենայնի, ամբողջ Եվրասիայում։ Հետևաբար նպատակահարմար
է Չինաստանը ներառել աշխարհի առաջատար երկրների «Մեծ յոթնյակի» տարեկան գագաթնաժողովներին,
հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանի ներառումն այս խմբում ընդլայնել է քննարկվող
հարցերի շրջանակը՝ տնտեսականից մինչև քաղաքական։
Որքան Չինաստանն ավելի է ինտեգրվում համաշխարհային համակարգին,
հետևաբար ավելի քիչ ունակ ու ավելի քիչ է հակված իր տարածաշրջանային առաջնությունը
շահագործելու քաղաքական չոր նկատառումներով։ Դրանից հետևում է, որ պատմականորեն ուշագրավ
տարածքներում Չինաստանի նկատմամբ փաստացի ձևավորվող հարգանքի գոտին, ըստ ամենայնի,
կարող է դառնալ ի հայտ եկող աշխարհաքաղաքական համաձայնության եվրասիական կառուցվածքի
մասը։ Այս ուղղությամբ միավորված Կորեայի շարժվելը մեծապես կախված է լինելու Ճապոնիայի
ու Կորեայի միջև հաշտեցման աստիճանից (Ամերիկան պետք է ավելի ակտիվորեն քաջալերի այդ
գործընթացը), սակայն Կորեայի վերամիավորումն առանց Չինաստանի հետ համաձայնության քիչ
հավանական է։
Ինչ-որ փուլում Մեծ Չինաստանն անխուսափելիորեն ճնշում է գործադրելու
Թայվանի խնդրի լուծման ուղղությամբ, բայց միջազգային տնտեսական և քաղաքական կապերի
գնալով ավելի պարտավորեցնող դարձող ցանցում Չինաստանի ներգրավվածության մակարդակը կարող
է նաև դրական ազդեցություն գործել Չինաստանի ներքին քաղաքականության բնույթի վրա։ Եթե
Չինաստանի կողմից Հոնկոնգի կլանումն առանց բռնությունների լինի, ապա Դեն Սյաոպինի
«մեկ երկիր, երկու համակարգեր» բանաձևը կարող է փոխակերպվել «մեկ երկիր, մի քանի համակարգեր»
բանաձևի։ Սա վերամիավորումն ավելի ընդունելի կարող է դարձնել շահագրգիռ կողմերի համար՝
մեկ անգամ ևս ապացուցելով, որ առանց Չինաստանի որոշակի քաղաքական վերափոխման, «մեկ
Չինաստանի» խաղաղ վերականգնումն անհնար է։
Ամեն դեպքում, թե՛ պատմական և թե՛ աշխարհաքաղաքական պատճառներով
Չինաստանը պետք է Ամերիկային դիտարկի որպես իր բնական դաշնակից։ Ի տարբերություն Ճապոնիայի
կամ Ռուսաստանի՝ Ամերիկան երբեք Չինաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չի
ունեցել և ի տարբերություն Մեծ Բրիտանիայի՝ երբեք չի նվաստացրել Չինաստանին։ Ավելին,
առանց Ամերիկայի հետ իրական ռազմավարական համաձայնության դժվար թե Չինաստանը կարողանա
շարունակել օտարերկրա զգալի ներդրումների ներգրավումը, որոնք անհրաժեշտ են իր տնտեսական
աճի ու դրանով իսկ տարածաշրջանում գերիշխող դիրքի հասնելու համար։ Նույն կերպ էլ առանց
ԱՄՆ-Չինաստան ռազմավարական համաձայնության և առանց եվրասիական հարցերում ամերիկյան
ներգրավվածության արևելյան հենարանի Ամերիկան չի ունենալու աշխարհառազմավարություն
մայրցամաքային Ասիայի համար, իսկ առանց դրա՝ նաև Եվրասիայի համար։ Այսպիսով՝ միջազգային
համագործակցության շրջանակում ներառված Չինաստանի տարածաշրջանային հզորությունն Ամերիկայի
համար կարող է լինել Եվրասիայում կայունության ապահովման կենսական ռազմավարական գործիք՝
նույնքան կարևոր, որքան Եվրոպան է և ավելի ծանրակշիռ, քան Ճապոնիան է։
Սակայն, ի տարբերություն Եվրոպայի, մայրցամաքի արևելյան մասում
ժողովրդավարական հենարանի ի հայտ գալը դժվար թե մոտ ապագայում տեսանելի լինի։ Հետևաբար
ավելի կարևոր է, որ Ամերիկայի՝ Չինաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելու
ջանքերը հիմնված լինեն Ճապոնիան որպես Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ամենակարևոր և գլխավոր
գլոբալ գործընկեր ճանաչելու իրողության վրա։ Չնայած Ճապոնիան ասիական տարածաշրջանում
գերիշխող ուժ չի կարող դառնալ՝ հաշվի առնելով այն ուժեղ հակակրանքը, որը տարածաշրջանի
երկրները տածում են Ճապոնիայի նկատմամբ, բայց այն կարող է դառնալ միջազգային առաջատար
ուժ։ Տոկիոն կարող է հասնել համաշխարհային ազդեցության՝ ժամանակակից միջազգային խնդիրների
լուծման հարցում սերտորեն համագործակցելով Միացյալ Նահանգների հետ և միևնույն ժամանակ
խուսափելով ինքնին տարածաշրջանային տերություն դառնալու անպտուղ ու անարդյունավետ փորձերից։
Հետևաբար ամերիկյան ղեկավարությունը պետք է օգնի Ճապոնիային այդ ուղղությամբ շարժվելու
հարցում։ Ընդհանուր տնտեսական տարածք ձևավորող ԱՄՆ-Ճապոնիա ազատ առևտրի համաձայնագիրը
կարող է ամրապնդել երկու երկրների միջև կապը՝ նպաստելով սահմանված նպատակին հասնելուն,
ուստի երկու կողմերն էլ պետք է դիտարկեն այդ համաձայնագրի շահավետության հարցը։
Հենց Ճապոնիայի հետ քաղաքական սերտ հարաբերությունների միջոցով
է Ամերիկան կարողանալու ավելի վստահորեն հարմարեցնել տարածաշրջանում Չինաստանի ձգտումները՝
միաժամանակ հակազդելով վերջինիս կողմից կամայականությունների դրսևորումներին։ Միայն
այս հիմքով կարելի է հասնել Ամերիկայի համաշխարհային հզորությանը, Չինաստանի տարածաշրջանային
գերակշռությունը և Ճապոնիայի միջազգային առաջնորդությունը ներառող եռակողմ բարդ պայմանավորվածության։
Ինչևէ, այս լայն աշխարհառազմավարական պայմանավորվածությունը կարող է քայքայվել Ամերիկայի
ու Ճապոնիայի միջև ռազմական համագործակցության անխոհեմաբար ընդլայնմամբ։ Ճապոնիան չպետք
է Հեռավոր Արևելքում ամերիկյան չխորտակվող ավիակրի դեր խաղա, ինչպես նաև չպետք է լինի
Ասիայում Ամերիկայի հիմնական ռազմական գործընկերը կամ ասիական հավանական տարածաշրջանային
տերություն։ Վերոնշվածներից որևէ մեկն առաջ մղելուն ուղղված սխալ ջանքերը կարող են
Ամերիկային կտրել Ասիա մայրցամաքից, թուլացնել Չինաստանի հետ ռազմավարական համաձայնության
հեռանկարները և դրանով իսկ խարխլել Ամերիկայի՝ Եվրասիայում աշխարհաքաղաքական կայուն
բազմազանության ամրապնդման կարողությունները։
Նյութի աղբյուրը՝ Զբիգնև Բժեզինսկի- «Շախմատային մեծ տախտակ»
Comments
Post a Comment