Եվրոպայի
ավանդական Բալկաններն ընդգրկված էր կայսերական 3 մրցակիցների՝ Օսմանյան կայսրության,
ավստրո-հունգարական և ռուսական կայսրությունների ճակատ ճակատի մրցակցության մեջ։ Բացի
դրանից՝ այդ պայքարում ընդգրկված էին նաև 3 անուղղակի մասնակիցներ, որոնք մտահոգություններ
ունեին, որ գլխավոր հերոսներից որևէ մեկի հաջողության հասնելու դեպքում իրենց եվրոպական
շահերը խաթարվելու են․ Գերմանիան վախենում
էր Ռուսաստանի հզորությունից, Ֆրանսիան ընդդիմանում էր Ավստրո-Հունգարիային, իսկ Մեծ
Բրիտանիան նախընտրում էր Դարդանելի հսկողության գործում տեսնել թուլացած Օսմանյան կայսրությանը,
քան մյուս մասնակիցներից որևէ մեկի՝ Բալկանների նկատմամբ հսկողության գործին մասնակցությունը։
19-րդ դարում այս ուժերը կարողացան առանց մյուս մասնակիցների շահերին վնաս հասցնելու
Բալկաններում զսպել հակամարտությունները, բայց 1914 թվականին նրանք արդեն ի վիճակի
չեղան դա անել, իսկ հետևանքն էլ կործանարար եղավ բոլորի համար։
Եվրասիական Բալկանների համար ներկա մրցակցությունը ևս ուղղակիորեն
ներառում է 3 հարևանների՝ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին, չնայած որ ի վերջո գործող
դերակատարներից մեկը կարող է նաև Չինաստանը դառնալ։ Այս մրցակցության մեջ, թեկուզև
բավական հեռահար, ներգրավված են նաև Ուկրաինան, Պակիստանը, Հնդկաստանը և հեռավոր Ամերիկան։
Հիմնական երեք և այս հարցին առնչվող մյուս մրցակիցներից յուրաքանչուրն առաջնորդվում
է ոչ միայն աշխարհաքաղաքական ու տնտեսական առավելություններ ձեռք բերելու հեռանկարով,
այլև զորեղ պատմական դրդապատճառներով։ Նրանցից յուրաքանչյուրը ժամանակին տարածաշրջանում
կա՛մ քաղաքական, կա՛մ մշակութային գերակայություն է ունեցել։ Նրանք բոլորն էլ կասկածանքով
են իրար նայում։ Թեև նրանց միջև բաց ռազմական գործողությունների հավանականությունը
քիչ է, սակայն նրանց արտաքին մրցակցության կուտակային ազդեցությունը կարող է սրել տարածաշրջանում
տիրող քաոսը։
Ինչ վերաբերում է ռուսներին, ապա Թուրքիայի հանդեպ նրանց թշնամական
վերաբերմունքը հիմնված է մոլուցքի վրա։ Ռուսական մամուլը թուրքերին ներկայացնում է
որպես տարածաշրջանում վերահսկողության հավակնորդ, որպես Ռուսաստանի դեմ տեղում դիմադրություններ
հրահրող (որոշակիորեն արդարացված է, եթե հաշվի առնենք Չեչնիայի պարագան), որպես Ռուսաստանի
ընդհանուր անվտանգության սպառնալիք, ինչը, սակայն, որևէ կերպ չի տեղավորվում Թուրքիայի
ունեցած հնարավորությունների սահմաններում։ Թուրքերը նույն կերպ են պատասխանում՝ իրենց
ներկայացնելով որպես ռուսական տևական կեղեքումներից իրենց եղբայրներին ազատագրողներ։
Թուրքերն ու պարսիկները ևս այս տարածաշրջանում պատմականորեն իրար դեմ են եղել, իսկ
վերջին տարիներին այդ հակադրությունը նորովի է վերածնվել՝ դրսևորվելով Թուրքիայի կողմից
իսլամական հասարակության իրանական հայեցակարգի հավերժական հակառակորդը լինելով։
Չնայած մրցակիցներից յուրաքանչյուրի մասին կարելի է նաև ասել,
որ ձգտում են ազդեցության տիրույթի, բայց Մոսկվայի հավակնություններն ավելի լայն են՝
հաշվի առնելով կայսերական վերահսկողություն ունենալու շուրջ համեմատաբար թարմ հիշողությունները,
տարածաշրջանում մի քանի միլիոն ռուսների առկայությունը և Կրեմլի ձգտումները՝ վերականգնել
Ռուսաստանի՝ համաշխարհային ծավալի խոշոր տերության կարգավիճակը։ Մոսկվայի արտաքին քաղաքական
հայտարարություններն ակնհայտորեն վկայում են, որ նախկին Խորհրդային Միության ամբողջ
տարածքը դիտարկում է որպես իր հատուկ աշխարհառազմավարական շահերի տարածք, որտեղ անընդունելի
է ցանկացած արտաքին քաղաքական, նույնիսկ տնտեսական ազդեցություն։
Ի հակադրություն այս ամենի՝ Թուրքիայի՝ տարածաշրջանային ազդեցություն
ունենալու ձգտումները նույնիսկ այն դեպքում, եթե դրանք հեռավոր անցյալի կայսերական
զգացողության որոշ երանգներ են պարունակում (Օսմանյան կայսրությունն իր գագաթնակետին
հասել էր 1590 թվականին՝ նվաճելով Կովկասն ու Ադրբեջանը՝ չնայած նրան, որ այդ կայսրության
կազմում Կենտրոնական Ասիան ներառված չէր), միևնույն է, Թուրքիան էթնոլեզվական առումով
տարածաշրջանի թյուրքալեզու ժողովուրդների հետ հարազատության ավելի խորը արմատներ ունի։
Հաշվի առնելով Թուրքիայի քաղաքական ու ռազմական ուժի բավականին սահմանափակ լինելու
հանգամանքը՝ կարելի է ասել, որ նրա համար բացառիկ քաղաքական ազդեցության ոլորտներ,
որպես այդպիսիք, անհասանելի են։ Ընդհակառակը, Թուրքիան իրեն տեսնում է որպես թյուրքալեզու
տարտամ համայնքի երկրների հավանական առաջնորդ՝ այդ նպատակով խաղարկելով իր գրավիչ ու
համեմատաբար ժամանակակից զարգացվածության մակարդակը, լեզվական հարազատությունը, սեփական
տնտեսական հնարավորությունները, որոնք թույլ կտան նրան դառնալ ավելի ազդեցիկ ուժ այդ տարածաշրջանում ընթացող
ազգակերտման գործընթացներում։
Իրանի նկրտումներն այս փուլում այդքան էլ հստակ չեն, սակայն
երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են ոչ պակաս սպառնալից լինել Ռուսաստանի հավակնությունների
համար։ Պարսկական կայսրության պատմական հիշողությունն ավելի խորն է։ Իր զարգացման գագաթնակետին՝
մոտավորապես ք․ա․ 550 թվականին, այն ընդգրկում էր անդրկովկասյան ներկայիս 3 հանրապետությունների,
Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի, ինչպես նաև Թուրքիայի, Իրաքի,
Սիրիայի, Լիբանանի տարածքներն ու Իսրայելը։ Չնայած Իրանի աշխարհաքաղաքական ներկա նկրտումներն
ավելի նեղ են, քան Թուրքիայինը, և հիմնականում կենտրոնացված են Ադրբեջանի ու Աֆղանստանի
ուղղությամբ, տարածաշրջանի ամբողջ մահմեդական բնակչությունը, ներառյալ Ռուսաստանինը,
Իրանի կրոնական հետաքրքրությունների տիրույթում է։ Իսկապես, Կենտրոնական Ասիայում իսլամի
վերածնունդը դարձել է Իրանի ներկա ղեկավարների հավականությունների օրգանական մասը։
Ներկա փուլում Չինաստանի դերակատարումն ավելի սահմանափակ է,
իսկ հետապնդած նպատակները՝ ոչ այնքան հստակ։ Ինքնին ենթադրվում է, որ արևմուտքում Չինաստանը
նախընտրում է իր դիմացն ունենալ մի քանի անկախ պետություններ, քան ռուսական կայսրություն։
Այդ նոր պետությունները նվազագույնը անվտանգության բարձիկների դեր են կատարում, բայց
միևնույն ժամանակ Չինաստանը մտահոգված է այն հանգամանքով, որ իր Սինցզյան նահանգում
բնակվող թյուրքական փոքրամասնությունների համար Կենտրոնական Ասիայում անկախ պետությունների
գոյությունը կարող է գրավիչ լինել, ուստի ելնելով նշված պատկերացումներից՝ Չինաստանը
ձգտում է Ղազախստանից երաշխիքներ ստանալ առ այն, որ անդրսահմանային փոքրամասնությունների
ակտիվությունը ճնշվելու է։ Երկարաժամկետ կտրվածքով ենթադրելի է, որ այս տարածաշրջանի
էներգետիկ ռեսուրսները հայտնվելու են Պեկինի հատուկ հետաքրքրությունների տիրույթում,
և առանց Մոսկվայի կողմից այս կամ այն տիպի վերահսկողության դրանց հասանելիություն ստանալը
պետք է դառնա Չինաստանի հիմնական նպատակը։ Ըստ այդմ՝ Չինաստանի ընդհանուր աշխարհաքաղաքական
հետաքրքրությունները հակված են բախվելու տարածաշրջանում գերակայության ձգտող Ռուսաստանի
շահերին՝ լրացնելով Թուրքիայի ու Իրանի ձգտումները։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այդ երկրի համար հիմնական
խնդիրներն են ԱՊՀ ապագա բնույթը և Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար էներգակիրներին
ավելի մեծ հասանելիություն ունենալը։ Այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանի, Թուրքմենստանի
ու Ուզբեկստանի հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը Կիևի համար մեծ կարևորություն
է ձեռք բերել, իսկ Ուկրաինայի աջակցությունն անկախական տրամադրություններով պետություններին
ընկալվում է որպես Մոսկվայից սեփական անկախության ամրապնդմանն ուղղված ուկրաինական
ջանքերի ընդլայնում։ Ըստ այդմ էլ՝ Ուկրաինան աջակցություն ցուցաբերեց Վրաստանին, որպեսզի
ադրբեջանական նավթը դեպի արևմուտք հոսի հենց Վրաստանի տարածքով։ Բացի դրանից՝ Ուկրաինան
համագործակցության մեջ մտավ Թուրքիայի հետ՝ թուլացնելու համար Ռուսաստանի ազդեցությունը
Սև ծովում, ինչպես նաև իր աջակցությունը ցուցաբերեց Կենտրոնական Ասիայից նավթային հոսքերը
դեպի թուրքական տերմինալներ ուղղելու գործին։
Պակիստանի ու Հնդկաստանի ներգրավվածությունն այս պահին համեմատաբար
հեռահար է, բայց այդ երկրներից ոչ մեկն էլ անտարբեր չէ եվրասիական Բալկաններում տեղի
ունեցող հավանական իրադարձությունների նկատմամբ։ Պակիստանն առաջին հերթին հետաքրքրված
է, որ քաղաքական ազդեցություն գործելով Աֆղանստանի վրա (այդ կերպ նախ կանխելով Իրանի
ազդեցության տարածումը Աֆղանստանի ու Տաջիկստանի վրա)՝ ավելի ամրապնդի իր աշխարհառազմավարական
դիրքերը և վերջին հաշվով օգուտներ ստանա Կենտրոնական Ասիան Արաբական ծովին կապող հնարավոր
կառուցվելիք ցանկացած նավթամուղից։ Հնդկաստանը, ի պատասխան Պակիստանի քայլերի, և, ըստ
ամենայնի, վախենալով տարածաշրջանում Չինաստանի հնարավոր երկարաժամկետ ազդեցությունից,
համեմատաբար ավելի բարեհաճ վերաբերմունք ունի Աֆղանստանում Իրանի ազդեցության և նախկին
ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի ներկայացվածության ընդլայնման հարցերի շուրջ։
Չնայած Միացյալ Նահանգները հեռու է, սակայն հետխորհրդային Եվրասիայում
աշխարհաքաղաքական բազմազանության պահպանման հարցում վերջինս ընդհանուր համատեքստում
դիտարկվում է որպես աճող նշանակությամբ կողմնակի դերակատար, որն ակնհայտորեն հետաքրքրված
է ոչ միայն տարածաշրջանի ռեսուրսների զարգացմամբ, այլև տարածաշրջանի աշխարհաքաղաքական
տիրույթում Ռուսաստանի գերիշխանության հասնելու կանխարգելմամբ։ Գործելով այս կերպ՝
Ամերիկան ոչ միայն ռազմավարական հավակնոտ նպատակներ է հետապնդում Եվրասիայում, այլև
ի ցույց է դնում իր աճող տնտեսական շահերը, ինչպես նաև մինչ այժմ փակ այս տարածք մուտք
ունենալու՝ Եվրոպայի ու Հեռավոր Արևելքի շահերը։
Ըստ այդմ էլ՝ այս գլուխկոտրուկի խաղասեղանին դրված են աշխարհաքաղաքական
հզորությունը, պոտենցիալ հսկայական հարստությանը հասանելիությունը, ազգային կամ կրոնական
առաքելությունների իրականացումն ու անվտանգությունը։ Ինչևէ, մրցակցության առաջնահերթ
օբյեկտի դերում այդ տարածաշրջանին հասանելիություն ունենալու հարցն է։ Մինչև Խորհրդային
Միության անկումն այդ հարցում Մոսկվան միանձնյա իրավունք ուներ։ Երկաթուղիով, գազային
ու նավթային բոլոր տեսակի փոխադրումները, նույնիսկ օդային թռիչքները կենտրոնով էին
անցնում։ Ռուս աշխարհաքաղաքագետները կնախընտրեին ամեն ինչ թողնել այնպես, ինչպես եղել
է, քանզի հասկանում են, որ նա, ով գերակայություն կունենա տարածաշրջանին հասանելիության
հարցում, ապա, ամենայն հավանականությամբ, հենց նա էլ հաղթող կդառնա աշխարհաքաղաքական
ու տնտեսական առումներով։
Հենց այս մտահոգություններից ելնելով՝ Կասպից ծովի ավազանի ու
Կենտրոնական Ասիայի ապագայի որոշման առումով առանցքային դարձավ խողովակաշարերի անցկացման
հարցը։ Եթե նախկինի պես տարածաշրջանում բոլոր խողովակաշարերն անցնեն Ռուսաստանով դեպի
Սև ծով՝ Նովոռոսիյսկում գտնվող ռուսական տերմինալներ, ապա դրա քաղաքական հետևանքներն
ինքնին զգացնել կտան առանց Ռուսաստանի կողմից ուժի որևէ լուրջ դրսևորման։ Տարածաշրջանը
կշարունակի քաղաքականապես կախված մնալ Ռուսաստանից, իսկ Մոսկվան էլ, այդ կերպ ուժեղ
դիրք բռնելով, արդեն կորոշի, թե ինչպես բաշխի տարածաշրջանի հարստությունը։ Եվ հակառակը,
եթե ևս մեկ խողովակաշար անցնի Կասպից ծովով դեպի Ադրբեջան և Թուրքիայով շարունակվի
մինչև Միջերկրական ծով, իսկ մեկ ուրիշն էլ Աֆղանստանով հասնի դեպի Արաբական ծով, ապա
տարածաշրջանի հասանելիության նկատմամբ որևէ ուժ գերիշխող կարգավիճակ չի ունենա։
Անհանգստացնող փաստն այն է, որ ռուսական քաղաքական վերնախավում
կան մարդիկ, որոնք իրենց այնպես են պահում, կարծես նախընտրում են, որ տարածաշրջանի
ռեսուրսներն առհասարակ չշահագործվեն, եթե Ռուսաստանն ի վիճակի չէ միայնակ հսկել տարածաշրջանի
հասանելիությունը։ Թող հարստություններն անմշակ մնան, եթե դրա այլընտրանքն այն է, որ
օտարերկրյա ներդրումները հանգեցնելու են դրանք անողների տնտեսական, ապա՝ նաև քաղաքական
շահերի՝ այդ տարածաշրջանում ներկայացված լինելուն։ Սեփականատիրական նման մոտեցումն
ունի պատմական արմատներ, ուստի դա փոխելու համար թե՛ ժամանակ և թե՛ ներսից ճնշում է
պետք։
Ցարական Ռուսաստանի կողմից Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի
նվաճումը տեղի է ունեցել շուրջ 3 հարյուրամյակի ընթացքում, մինչդեռ կայսրության ավարտն
անսպասելի հանկարծակի եղավ։ Օսմանյան կայսրության մայրամուտին զուգահեռ ռուսական կայսրությունն
ընդլայնվում էր դեպի հարավ՝ Պարսկաստանի կողմը՝ հասնելով ընդհուպ մինչև Կասպից ծովի
ափերը։ 1556 թվականին այն կուլ տվեց Աստրախանի խանությունը՝ 1607 թվականին հասնելով
Պարսկաստանին։ 1774-1784 թվականներին տեղի ունեցած պատերազմի արդյունքում գրավվեց Ղրիմը,
ապա՝ 1801 թվականին՝ Վրացական թագավորությունը, իսկ արդեն 1800-ական թվականների երկրորդ
կեսերին ճնշեց Կովկասյան լեռնաշղթայի երկու կողմերի ցեղերին (միայն չեչեններն էին զարմանալի
համառությամբ դիմադրում) և ավարտվեց 1878 թվականին Հայաստանի նվաճմամբ։
Կենտրոնական Ասիայի նվաճումը ոչ այնքան նշանակում էր առավելության
հասնել մրցակից կայսրության նկատմամբ, որքան ենթարկեցնել էականորեն մեկուսացված և քվազիցեղային
ֆեոդալական խանություններին ու էմիրաթներին, որոնք ի վիճակի էին միայն հատուկենտ ու
տեղային դիմադրություն ցույց տալ։ Ուզբեկստանն ու Ղազախստանը հաջողվեց գրավել միայն
1801-1881 թվականների ընթացքում իրականացրած ռազմական մի քանի արշավանքներից հետո,
իսկ Թուրքմենստանի ջախջախումն ու կայսրությանը միացումը իրագործվեց 1873-1886 թվականների
ընթացքում։ Ինչևէ, 1850 թվականի դրությամբ Կենտրոնական Ասիայի հիմնական մասի նվաճումն
ավարտված էր՝ չնայած նրան, որ նույնիսկ խորհրդային ժամանակներում տեղային դիմադրության
պարբերական բռնկումներ էին տեղ գտնում։
Խորհրդային Միության անկումն ապշեցուցիչ պատմական շրջադարձ էր։
1991 թվականի դեկտեմբերին ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում Ռուսաստանի տարածքի
ասիական հատվածը կրճատվեց շուրջ 20 տոկոսով, իսկ այդ հատվածի՝ Ռուսաստանին ենթակա բնակչության
թիվն էլ 75 միլիոնից նվազեց մինչև մոտ 30 միլիոնի։ Բացի դրանից՝ Անդրկովկասում մշտապես
բնակվող ևս 18 միլիոն մարդ նույնպես կտրվեց Ռուսաստանից։ Իրադարձությունների այս շրջադարձը
Ռուսաստանի վերնախավի մոտ էլ ավելի ցավալի գիտակցում ձևավորեց առ այն, որ մինչև վերջերս
միայն Ռուսաստանին հասանելի այս տարածաշրջանի տնտեսական ներուժն արդեն դառնում է օտար
պետությունների հետաքրքրությունների առարկա՝ ներդրումներ անելու, զարգացնելու ու ռեսուրսները
շահագործելու հնարավորություններով հանդերձ։
Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը երկընտրանքի առաջ է կանգնած․ այն քաղաքականապես բավական թույլ է՝ արտաքին ուժերի համար տարածաշրջանը
փակելու և չափազանց աղքատ՝ այդ շրջանները ֆինանսապես ինքնուրույն զարգացնելու համար։
Ավելին, ողջամիտ ռուս ղեկավարները գիտակցում են, որ ներկա փուլում այդ նոր պետություններում
ընթացող ժողովրդագրական գործընթացները նշանակում են, որ տնտեսական կայունություն ապահովելու
հարցում այդ պետությունների ձախողումը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծելու Ռուսաստանի
հարավային սահմանի ամբողջ երկայնքով։ Աֆղանստանի ու Չեչնիայի դեպքերը կարող են կրկնվել
Սև ծովից մինչև Մոնղոլիա՝ սահմանի ամբողջ երկայնքով, հատկապես երբեմնի ստրկացված ազգերի
մեջ ազգայնականության ու իսլամիզմի վերածննդի պայմաններում։
Այստեղից հետևում է, որ Ռուսաստանը հարկադրված է ինչ-որ կերպ
հարմարվել հետկայսերական իրողություններին, եթե մտադիր է զսպել թուրքական ու իրանական
ներկայությունը, խոչընդոտել դեպի իր հիմնական մրցակիցներ նորանկախ պետությունների հակվելուն,
կանխել Կենտրոնական Ասիայում իրապես անկախ համագործակցության առաջացումն ու սահմանափակել
Ամերիկայի աշխարհաքաղաքական ազդեցությունը նորանկախ պետությունների վրա։ Այսպիսով՝
խնդիրն այլևս միայն կայսրության վերածնունդը չէ, ինչը չափազանց թանկ կարժենար և կատաղի
դիմադրություն կառաջացներ, այլ հակառակը, այն ենթադրում է հարաբերությունների նոր համակարգի
ստեղծում, որը կներառի նոր պետություններ՝ թույլ տալով Ռուսաստանին պահպանել աշխարհաքաղաքական
ու տնտեսական գերակա դիրքերը։
Որպես այս խնդրի լուծման գործիքակազմ՝ ընտրությունն ի սկզբանե
կանգ էր առել ԱՊՀ-ի վրա, չնայած որոշ դեպքերում Ռուսաստանի կողմից ռազմական ուժի գործադրումն
ու «բաժանիր, որ տիրես» դիվանագիտությունը ևս Կրեմլի շահերին ծառայեցին։ Մոսկվան օգտագործում
էր իր լծակների համակարգը, որպեսզի նորանկախ պետություններին առավելագույնս հակի «համագործակցության»
աճող ինտեգրացիայի մասին իր ունեցած պատկերացումներին, ինչպես նաև ջանքեր է գործադրել՝
ստեղծելու ԱՊՀ արտաքին սահմանների կենտրոնացված վերահսկողություն, որպեսզի ընդհանուր
արտաքին քաղաքականության շրջանակում ապահովի ռազմական ինտեգրացիա և ընդլայնի գոյություն
ունեցող (ի սկզբանե խորհրդային) խողովակաշարերի ցանցը՝ այդ կերպ խուսափելով Ռուսաստանը
շրջանցող նոր խողովակաշարերի ի հայտ գալուց։ Ռուսաստանի ռազմավարական վերլուծությունները
հստակորեն ցույց են տալիս, որ Մոսկվան այդ տարածաշրջանը դիտարկում է որպես իր հատուկ
աշխարհաքաղաքական տարածք, թեկուզև այն այլևս իր կայսրության անբաժանելի մասը չէ։
Ռուսաստանի աշխարհաքաղաքական նկրտումների բացահայտման բանալին
այն համառությունն է, որով նա ձգտում էր պահպանել իր ռազմական ներկայությունը նորանկախ
պետություններում։ Հմտորեն խաղարկելով Աբխազիայում անջատողական շարժման խաղաքարտը՝
Մոսկվան Վրաստանի տարածքում բազա ստեղծելու իրավունք ստացավ, օգտվելով Ադրբեջանի դեմ
պատերազմում օգնություն ստանալու Հայաստանի կարիքից՝ օրինականացրեց Հայաստանի հողում
իր ռազմական ներկայությունը և քաղաքական ու ֆինանսական ճնշումներ գործադրեց Ղազախստանի
նկատմամբ, որպեսզի այնտեղ ռուսական ռազմաբազաներ ստեղծելու թույլտվություն ստանա, իսկ
Տաջիկստանում ընթացող քաղաքացիական պատերազմն էլ թույլ տվեց ապահովել նախկին խորհրդային
բանակի զորքերի ներկայության պահպանումն այդ երկրի տարածքում։
Իր քաղաքական կուրսը ձևավորելով՝ Մոսկվան իր համար հստակ ակնկալիք
սահմանեց, որ Կենտրոնական Ասիայի հետ հետկայսերական հարաբերությունների համակարգն աստիճանաբար
կլանելու է առանձնապես թույլ, նորանկախ պետությունների ինքնիշխանության էությունը,
և որ դա նրանց կախվածության մեջ կդնի ԱՊՀ «ինտեգրված» հրամանատարական կենտրոնից։ Այդ
նպատակին հասնելու համար Ռուսաստանը համոզում է նոր պետություններին ձեռնպահ մնալ սեփական
զինված ուժերը ստեղծելուց, մայրենի լեզուները վերականգնելուց, արտաքին աշխարհի հետ
զարգացած սերտ կապեր ունենալուց և նոր խողովակաշարերի անցկացումից ուղիղ ելքով դեպի
Արաբական կամ Միջերկրական ծովեր։ Եթե այս քաղաքականությունը հաջողությամբ պսակվի, ապա
Ռուսաստանը կարողանալու է գերակայություն հաստատել նրանց արտաքին հարաբերությունների
նկատմամբ՝ վճռելով եկամուտների բաշխումը։
Այդ նպատակի բավարարման ճանապարհին ռուս խոսնակները հաճախ են
հղում անում Եվրոպական Միության օրինակին։ Իրականում, սակայն, կենտրոնասիական պետությունների
ու Կովկասի նկատմամբ ռուսական քաղաքականությունն ավելի շուտ հիշեցնում է ֆրանկոֆոն
աֆրիկյան հանրույթի վիճակը, որտեղ ֆրանսիական ռազմական հավաքակազմերն ու բյուջետային
հատկացումները որոշում են ֆրանկոֆոն հետգաղութային Աֆրիկայի այդ երկրների քաղաքական
կյանքն ու քաղաքական կուրսերը։
Եթե տարածաշրջանում Ռուսաստանի կողմից հնարավոր առավելագույն
քաղաքական և տնտեսական ազդեցության վերականգնումը ընդհանուր նպատակ է, իսկ ԱՊՀ-ն էլ
հիմնական միջոցն է՝ այդ նպատակին հասնելու համար, ապա քաղաքական ենթակայության հաստատման
տեսանկյունից աշխարհաքաղաքական առաջին օբյեկտները Մոսկվայի համար Ադրբեջանն ու Ղազախստանն
են։ Ռուսաստանի քաղաքական հակահարձակման հաջող իրականացման համար Մոսկվան ոչ միայն
պետք է պինդ փակի տարածաշրջանի հասանելիությունը, այլև հաղթահարի այդ տարածաշրջանի
աշխարհագրական արգելքները։
Ադրբեջանը Ռուսաստանի համար գերակա նպատակ է դառնալու։ Այդ երկրին
ենթարկեցնելը Ռուսաստանի համար հեշտացնելու է Կենտրոնական Ասիան Արևմուտքից և հատկապես
Թուրքիայից կտրելու գործընթացը, ինչն էլ իր հերթին ավելի կուժեղացնի անհնազանդ Ուզբեկստանի
ու Թուրքմենստանի վրա ազդեցության ռուսական լծակները։ Այս առումով Իրանի հետ մարտավարական
համագործակցությունն այնպիսի վիճահարույց հարցերի շուրջ, ինչպես, օրինակ, Կասպից ծովի
հատակին հորերի հորատման համար կոնցեսիաների բաշխումն է, ծառայելու է կարևոր նպատակի․ այն է՝ ստիպել Բաքվին պատասխանել Մոսկվայի ցանկություններին։
Ադրբեջանի՝ Ռուսաստանին ենթարկվելը նպաստելու է նաև վերջինիս գերիշխող դիրքերի ուժեղացմանը
Վրաստանում ու Հայաստանում։
Ղազախստանը նույնպես առաջնահերթ գրավիչ նպատակ է, քանի որ այդ
երկրին բնորոշ էթնիկ խոցելիությունը ղազախ ղեկավարներին թույլ չի տալիս Մոսկվայի հետ
բաց առճակատման գնալ։ Մոսկվան կարող է նաև խաղարկել ղազախների՝ Չինաստանի աճող դինամիկությանն
առնչվող մտավախությունների գործոնը, ինչպես նաև Ղազախստանի աճող դժգոհությունները՝
պայմանավորված սահմանակից չինական Սինզյան նահանգի բնակչության չինականացման գործընթացով։
Ղազախստանի աստիճանական ենթակայությունը Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական հնարավորություն
է ստեղծելու գրեթե ինքնաբերաբար Մոսկվայի վերահսկողության տիրույթ ներքաշելու նաև Ղրղզստանին
ու Տաջիկստանին, ինչն էլ իր հերթին ռուսական ուղիղ ճնշումների դեմ ավելի խոցելի է դարձնելու
Ուզբեկստանին ու Թուրքմենստանին։
Ռուսաստանի ռազմավարությունը, սակայն, հակասում է Եվրասիական
Բալկաններում գտնվող գրեթե բոլոր պետությունների ձգտումներին։ Այդ երկրների քաղաքական
նոր վերնախավերն ինքնակամ չեն հրաժարվելու այն իշխանությունից ու արտոնություններից,
որոնք ստացել են անկախության շնորհիվ։ Տեղի ռուսների կողմից հետզհետե իրենց զբաղեցրած
նախկին արտոնյալ դիրքերն ազատելուն պես նոր վերնախավերն իսկույն շահագրգռվածություն
են ցուցաբերում ինքնիշխանության՝ դինամիկ ու սոցիալապես վարակիչ գործընթացի նկատմամբ։
Բացի դրանից՝ երբեմնի քաղաքականապես ոչ ակտիվ բնակչությունն ավելի ազգայնական է դառնում,
և Վրաստանից ու Հայաստանից բացի՝ ավելի խորությամբ է սկսում ընկալել իր իսլամական պատկանելությունը։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա և՛ Վրաստանը,
և՛ Հայաստանը (անկախ Ադրբեջանի հետ պատերազմում վերջինիս Ռուսաստանից ունեցած կախվածությանը)
կցանկանային աստիճանաբար իրենց ավելի շատ նույնականացնել Եվրոպայի հետ։ Բնական ռեսուրսներով
հարուստ կենտրոնաասիական հանրապետությունները, նրանց հետ նաև Ադրբեջանը կցանկանային
իրենց երկրներում առավելագույնի հասցնել ամերիկյան, եվրոպական, ճապոնական, իսկ վերջերս
նաև կորեական կապիտալի ներկայությունը՝ այդ կերպ հույս ունենալով ավելի արագացնել իրենց
տնտեսական զարգացումն ու ամրապնդել անկախությունը։ Այդ առումով նրանք ողջունում են
Թուրքիայի և Իրանի դերակատարման մեծացումը՝ դրանում տեսնելով թե՛ որպես Ռուսաստանի
հզորությանը հակազդելու միջոց, և թե՛ որպես կամուրջ դեպի հարավ՝ իսլամական ահռելի աշխարհ։
Թուրքիայի ու Ամերիկայի քաջալերմամբ Ադրբեջանըւ Ռուսաստանին
մերժել է ոչ միայն իր տարածքում ռազմաբազաների տեղակայման հարցում, այլ նաև բացահայտորեն
անտեսել է դեպի Սև ծովի ռուսական նավահանգիստ միասնական խողովակաշար անցկացնելու ռուսական
առաջարկը՝ կողմ արտահայտվելով Վրաստանով դեպի Թուրքիա երկրորդ խողովակաշարի անցկացմանը։
(Իրանով դեպի հարավ խողովակաշարի կառուցումը, որը պետք է ֆինանսավորվեր ամերիկյան ընկերության
կողմից, չեղարկվեց Իրանի հետ գործարքներ անելու շուրջ ամերիկյան էմբարգոյի պատճառով)։
1995 թվականին շեփորազդով բացվեց Թուրքմենստանն Իրանի հետ կապող նոր երկաթուղային գիծը,
ինչը թույլ տվեց Եվրոպային առևտուր անել Կենտրոնական Ասիայի հետ՝ օգտագործելով երկաթուղային
տրանսպորտը և շրջանցելով Ռուսաստանը։ Միաժամանակ այդ ամենն ուղեկցվեց հին «Մետաքսի
ճանապարհի» վերաբացման խորհրդանշական դրամատիկ դրսևորումներով, և դա այն դեպքում, երբ
Ռուսաստանն այլևս ի վիճակի չէր Եվրոպային ավելի մեկուսացնել Ասիայից։
Ուզբեկստանը ևս կոշտացնում է իր դիրքորոշումն ընդդեմ «ինտեգրացիային»
ուղղված ռուսական ջանքերի։ 1996 թվականի օգոստոսին այդ երկրի արտաքին գործերի նախարարը
հայտարարեց, որ «Ուզբեկստանը դեմ է ԱՊՀ վերազգային ինստիտուտների ստեղծմանը, որոնք
կարող են օգտագործվել որպես կենտրոնացված կառավարման միջոց»։ Այս բացահայտ ազգայնական
դիրքորոշումը ռուսական մամուլում տեղիք տվեց Ուզբեկստանի հասցեին բավական կտրուկ հայտարարությունների,
որոնցում շեշտվում էին․
«տնտեսության ընդգծված պրոարևմտյան կողմնորոշումը, ԱՊՀ շրջանակում
ինտեգրացիոն համաձայնությունների դեմ արվող կոշտ հայտարարությունները, նույնիսկ վճռական
հրաժարումը մաքսային միությանը միանալուն և մեթոդապես հակառուսական, ազգայնական քաղաքականություն
վարելու հանգամանքը (անգամ այն մանկապարտեզներն են փակվում, որոնցում ռուսերեն է խոսվում)»։
Ասիական տարածաշրջանում Ռուսաստանի թուլացմանն ուղղված քաղաքականություն վարող Միացյալ
Նահանգների համար սա անչափ գրավիչ դիրքորոշում էր։
Նույնիսկ Ղազախստանը, ի պատասխան Ռուսաստանի կողմից գործադրվող
ճնշումների, կողմ արտահայտվեց Ռուսաստանին շրջանցող երկրորդ խողովակաշարի կառուցմանը,
որով նաև իր բնական ռեսուրսների տեղափոխումն էր ապահովելու։ Ղազախստանի նախագահի խորհրդական
Ումիրսերիկ Կասենովը հայտարարեց․
«Փաստ է, որ Ղազախստանի կողմից այլընտրանքային խողովակաշարեր
փնտրելը պայմանավորված է Ռուսաստանի գործողություններով, ինչպես, օրինակ, դեպի Նովոռոսիյսկ
ղազախական նավթի տեղափոխման սահմանափակումն ու տյումենական նավթի տեղափոխումը դեպի
Պավլոդարի նավթավերամշակման գործարան։ Թուրքմենստանի՝ դեպի Իրան գազամուղ կառուցելու
ջանքերը պայմանավորված են այն հանգամանքով, որ ԱՊՀ անդամ երկրները վճարում են համաշխարհային
արժեքի ընդամենը 60 տոկոսը կամ առհասարակ չեն էլ վճարում»։
Թուրքմենստանը, շատ դեպքերում հենց նույն նկատառումներից ելնելով,
ակտիվորեն դիտարկում էր Աֆղանստանի ու Պակիստանի տարածքով դեպի Արաբական ծովի ափեր
նոր խողովակաշար կառուցելու հարցը՝ ի լրումն հյուսիսում Ղազախստանին ու Ուզբեկստանին,
իսկ հարավում Իրանին ու Աֆղանստանին միացնող երկաթուղային գծերի եռանդուն կառուցմանը։
Ղազախների, չինացիների ու ճապոնացիների միջև բավական նախնական և հետազոտական բնույթի
բանակցություններ էին վարվում մեկ այլ հավակնոտ նախագծի շուրջ, որը ենթադրելու էր խողովակաշարի
անցկացում Կենտրոնական Ասիայից մինչև Չինական ծով։ Նավթագազային ներդրումների երկարաժամկետ
պարտավորություններով, որոնք Ադրբեջանում հասնում են մոտ 13 մլրդ դոլարի, իսկ Ղազախստանում՝
ավելի քան 20 մլրդ դոլարի (1996 թվականի տվյալներով), համաշխարհային տնտեսական ճնշման
ներքո և Ռուսաստանի սահմանափակ տնտեսական կարողությունների պայմաններում ակնհայտորեն
վերացվում է այս տարածաշրջանի տնտեսական ու քաղաքական մեկուսացվածությունը։
Ռուսաստանի հանդեպ ունեցած վախերը Կենտրոնական Ասիայի պետություններին
մղեցին ավելի մեծացնելու տարածաշրջանային համագործակցությունը։ Սկզբնապես անգործունակ
Կենտրոնական Ասիայի տնտեսական միությունը, որը ստեղծվել էր 1993 թվականի հունվարին,
աստիճանաբար ակտիվացավ։ Նույնիսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը սկզբում
նոր «Եվրասիական միություն» ստեղծելու ջատագովն էր, ի վերջո դարձավ Կենտրոնական Ասիայում
սերտ համագործակցություն ծավալելու, տարածաշրջանի պետությունների միջև ավելի համաձայնեցված
ռազմական համագործակցություն հաստատելու, Թուրքիայի տարածքով կասպյան ու ղազախական
նավթը տեղափոխելու հարցում Ադրբեջանին աջակցելու և առափնյա պետությունների միջև Կասպից
ծովի ցամաքային շելֆի ու հանքային պաշարների հատվածային բաժանումը կանխելու նպատակով
Ռուսաստանի ու Իրանի ջանքերին միասնաբար հակազդելու գաղափարների կողմնակիցը։
Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարածաշրջանի վարչակարգերը
հակված են դեպի ուժեղ ավտորիտարիզմի, ապա հիմնական առաջնորդների միջև անձնական հաշտեցման
հարցն առավել կարևոր էր դարձել։ Բոլորին է հայտնի, որ Ղազախստանի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի
նախագահները միմյանց նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չէին տածում (ինչի մասին
նրանք հանդուգն ու անկեղծորեն խոսում էին օտարերկրյա այցելուների հետ), և որ այդ անձնական
ներհակությունը Կրեմլը խաղարկում էր՝ նրանց իրար դեմ տրամադրելու համար։ 1990-ական
թվականների կեսերին երեքն էլ գիտակցեցին, որ սեփական ինքնիշխան կարգավիճակները պահպանելու
համար միմյանց հետ սերտ համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է, ուստի սկսեցին
հրապարակայնորեն ցույց տալ իրենց ենթադրյալ սերտ կապերը՝ շեշտադրելով, որ այսուհետ
միասին են համակարգելու նաև իրենց երկրների արտաքին քաղաքական կուրսերը։
Այնուամենայնիվ, ամենակարևոր պահը շարունակում էր մնալ ԱՊՀ շրջանակում
«համատեղ» և ոչ թե «ինտեգրված» գաղափարի հիման վրա ձևավորված, Ուկրաինայի ու Ուզբեկստանի
գլխավորած ոչ պաշտոնական դաշինքի ի հայտ գալը։ Այս նպատակներից ելնելով՝ Ուկրաինան
Ուզբեկստանի, Թուրքմենստանի ու Վրաստանի հետ ստորագրել էր ռազմական համագործակցության
համաձայնագրեր, իսկ 1996 թվականի սեպտեմբերին էլ Ուկրաինայի ու Ուզբեկստանի արտաքին
գործերի նախարարները խիստ խորհրդանշական կերպով հրապարակեցին մի հռչակագիր, ըստ որի՝
ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչների գագաթնաժողովները հետայսու պետք է անցկացվեն
ոչ թե Ռուսաստանի նախագահի, այլ այդ պաշտոնում փոխատեղությամբ նշանակվող ներկայացուցիչների
նախագահությամբ։
Ուկրաինայի ու Ուզբեկստանի օրինակներն ազդեցություն ունեցան
նույնիսկ այն առաջնորդների վրա, որոնք ավելի հարգալից էին մոտենում Մոսկվայի կենտրոնական
մտահոգություններին։ Կրեմլում պետք է էլ ավելի անհանգստացած լինեին այն բանից հետո,
երբ 1996 թվականի սեպտեմբերին Ղազախստանի ու Վրաստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն
ու Էդուարդ Շևարդնաձեն հայտարարեցին, որ իրենց երկրները կլքեն ԱՊՀ-ն, եթե «մեր անկախությունը
վտանգի տակ դրվի»։ Ընդհանուր առմամբ, ի հակադրություն ԱՊՀ-ի, Կենտրոնական Ասիայի երկրներն
ու Ադրբեջանը մեծացրին իրենց ակտիվությունը Տնտեսական համագործակցության կազմակերպության
շրջանակում, որը տարածաշրջանի իսլամական պետությունների, ներառյալ Թուրքիայի, Իրանի
և Պակիստանի միջև համեմատաբար դեռևս թույլ ընկերակցություն էր՝ նվիրված անդամների միջև
ֆինանսական, առևտրային ու տրանսպորտային կապերի բարելավմանը։ Մոսկվան հրապարակայնորեն
քննադատել էր այս նախաձեռնությունները՝ միանգամայն ճշտորեն դրանք որակելով որպես ԱՊՀ-ին
անդամակցության էությունը խարխլող իրողություններ։
Ճիշտ նույն կերպ աստիճանաբար ամրապնդվում և ընդլայնվում էին
կապերը Թուրքիայի և ավելի փոքր չափով էլ Իրանի հետ։ Թյուրքալեզու երկրներն ուրախությամբ
ընդունեցին Թուրքիայի՝ ազգային սպայական նոր անձնակազմին ուսուցանելու և շուրջ 10 հազար
ուսանողի ընդունելու առաջարկը։ Թուրքիայի աջակցությամբ 1996 թվականի հոկտեմբերին Տաշքենդում
տեղի ունեցած թյուրքալեզու պետությունների ներկայացուցիչների չորրորդ գագաթնաժողովն
հիմնականում կենտրոնացած էր տրանսպորտային կապերի, առևտրի ընդլայնման, ինչպես նաև կրթական
ընդհանուր չափանիշների մշակման ու Թուրքիայի հետ մշակութային ավելի սերտ համագործակցություն
հաստատելու հարցերի վրա։ Ե՛վ Թուրքիան, և՛ Իրանը հատկապես ակտիվ են եղել նոր պետություններին
իրենց հեռուստատեսային ծրագրերով աջակցություն ցուցաբերելու հարցում ՝այդ կերպ անմիջական
ազդեցություն ձեռք բերելով լայն լսարանի վրա։
1996 թվականի դեկտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում տեղի
ունեցած միջոցառումը հատկապես խորհրդանշական դարձավ Թուրքիայի՝ տարածաշրջանային պետությունների
անկախության նույնականացման տեսանկյունից։ Ղազախստանի անկախության հինգերորդ տարեդարձի
առթիվ հանրահռչակ ղազախ մարտիկի՝ ոսկեզօծ, 28 մետր երկարություն ունեցող արծվառյուծի
կերպարով սյան վրա տեղադրված արձանի բացման ժամանակ նախագահ Նազարբաևի կողքին Թուրքիայի
նախագահ Սուլեյման Դեմիրելն էր կանգնած։ Միջոցառման ժամանակ Ղազախստանը ողջունեց Թուրքիային՝
որպես «իր զարգացման բոլոր քայլերում Ղազախստանի կողքին կանգնած անկախ պետության»,
իսկ թուրքերն էլ Ղազախստանին փոխադարձաբար տրամադրեցին 300 միլիոն դոլարի վարկային
գիծ՝ ի լրումն արդեն իսկ գոյություն ունեցող թուրքական 1,2 մլրդ դոլար մասնավոր ներդրումների։
Չնայած ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Իրանն ի վիճակի չեն Ռուսաստանին
զրկել տարածաշրջանային ազդեցություն ունենալուց, բայց նմանատիպ գործողություններով
Թուրքիան (ավելի քիչ նաև Իրանը) աջակցում է նորանկախ պետությունների պատրաստակամությանը
և հնարավորություններին՝ դիմադրելու իրենց հյուսիսային հարևանի ու նախկին տիրոջ կողմից
առաջ քաշվող վերաինտեգրացիայի փորձերին։ Եվ դա, անշուշտ, օգնում է բաց պահել տարածաշրջանի
աշխարհաքաղաքական ապագան։
Ո՛չ տիրապետող, ո՛չ
էլ բացակա
Ամերիկայի համար աշխարհառազմավարական հետևանքներն ակնհայտ են․ Եվրասիայի այս հատվածում տիրապետություն հաստատելու համար Ամերիկան
բավական հեռու է գտնվում, բայց այն այնքան ուժեղ է, որ չի կարող ներգրավվախ չլինել։
Տարածաշրջանի բոլոր պետություններն իրենց գոյատևման համար էական են համարում ամերիկյան
ներգրավվածությունը։ Ռուսաստանը չափազանց թույլ է տարածաշրջանի նկատմամբ իր կայսերական
տիրապետությունը վերականգնելու կամ այլ դերակատարներին այնտեղից բացառելու համար, բայց
իր հերթին չափազանց մոտիկ է և ուժեղ տարածաշրջանից բացառվելու համար։ Թուրքիան ու Իրանը
բավականաչափ ուժեղ են ազդեցություն գործադրելու համար, սակայն այդ երկու երկրների խոցելիությունը
կարող է խանգարել տարածաշրջանին հաղթահարել ինչպես հյուսիսից եկող սպառնալիքը, այնպես
էլ ներտարածաշրջանային հակամարտությունները։ Չինաստանն այնքան ուժեղ է, որ նրանից չեն
կարող չվախենալ ո՛չ Ռուսաստանը և ո՛չ Կենտրոնական Ասիայի պետությունները, իսկ նրա ներկայությունն
ու տնտեսական դինամիզմն էլ նպաստում են Կենտրոնական Ասիայի՝ համաշխարհային ավելի լայն
ասպարեզ դուրս գալու որոնումներին։
Այստեղից բխում է, որ Ամերիկայի առաջնահերթ հետաքրքրությունն
այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որի պարագայում որևէ գերտերություն չկարողանա վերահսկողություն
սահմանել աշխարհաքաղաքական այս տիրույթում, և որ միջազգային հանրությունը ֆինանսատնտեսական
անարգել հասանելիություն ունենա տարածաշրջանի նկատմամբ։ Աշխարհաքաղաքական բազմազանությունը
հարատև իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ խողովակաշարերի և տրանսպորտային
ուղիների ցանցը Միջերկրական ու Արաբական ծովերով, ինչպես նաև ցամաքի միջոցով տարածաշրջանն
ուղղակիորեն կկապի համաշխարհային տնտեսական գործունեության հիմնական կենտրոններին։
Հետևաբար Ռուսաստանի՝ տարածաշրջանին հասանելիությունը մենաշնորհելու ջանքերը պետք է
մերժվեն, քանի որ դրանք վնասակար են տարածաշրջանի կայունության համար։
Ինչևէ, ինչպես տարածաշրջանից Ռուսաստանին բացառելը, այնպես էլ
այս տարածաշրջանի նոր պետությունների ու Ռուսաստանի միջև հակասությունների բորբոքումն
հավասարաչափ անցանկալի է և անհնար։ Իրոք, տարածաշրջանի զարգացման գործում Ռուսաստանի
ակտիվ տնտեսական մասնակցությունն էական նշանակություն ունի այս գոտում կայունության
հաստատման համար, իսկ Ռուսաստանի՝ որպես գործընկերոջ և ոչ թե որպես բացառիկ տիրապետություն
ունեցողի ներկայությունն էլ կարող է նաև տնտեսական էական օգուտներ բերել։ Տարածաշրջանի
շրջանակում մեծ կայունությունն ու աճող բարգավաճումն անմիջականորեն ծառայելու են նաև
Ռուսաստանի բարեկեցությանը՝ իրական իմաստ հաղորդելով այն «համագործակցությանը», որը
խոստանում է «ԱՊՀ» հապավումը։ Բայց համագործակցային այդպիսի ուղին ռուսական քաղաքականություն
կդառնա միայն այն ժամանակ, երբ արդյունավետորեն հաղթահարվեն շատ ավելի հավակնոտ, պատմականորեն
արդեն ժամանակավրեպ և ցավալիորեն բուն Բալկանները հիշեցնող նախագծերը։
Ամերիկայի աշխարհաքաղաքական ուժեղ աջակցության կարիքն ունեցող
պետություններն են Ադրբեջանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան (այս տարածաշրջանից դուրս),
որոնք բոլորն էլ աշխարհաքաղաքական առանցքներ են։ Կիևի դերակատարությունը հիմնավորում
է այն փաստարկը, որ Ուկրաինան առանցքային պետություն է այնքանով, որքանով առնչվում
է Ռուսաստանի ապագա էվոլյուցիային։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով Ղազախստանի մեծությունը,
տնտեսական ներուժն ու աշխարհագրական կարևոր դիրքը՝ այն նույնպես արժանի է միջազգային
խելամիտ և հատկապես տնտեսական կայուն աջակցության։ Ժամանակի ընթացքում Ղազախստանի տնտեսական
աճը կարող է օգնել հաղթահարել այն էթնիկ պառակտումը, որը Կենտրոնական Ասիայի «վահանը»
դարձնում է այդքան խոցելի Ռուսաստանի ճնշումների նկատմամբ։
Այս տարածաշրջանում Ամերիկան ընդհանուր շահեր ունի ոչ միայն
պրոարևմտյան կայուն Թուրքիայի, այլ նաև Իրանի ու Չինաստանի հետ։ Ամերիկա-իրանական հարաբերությունների
աստիճանական բարելավումը նպաստելու է այս տարածաշրջանի գլոբալ հասանելիության ընդլայնմանը,
իսկ եթե ավելի հստակ, ապա նվազեցնելու է Ադրբեջանի գոյությանն ուղղված անմիջական սպառնալիքը։
Չինաստանի աճող տնտեսական ներկայությունը տարածաշրջանում և տարածաշրջանի անկախությունը
պահպանելուն ուղղված ջանքերը նույնպես համապատասխանում են Ամերիկայի շահերին։ Աֆղանստանում
Պակիստանի ջանքերին ամերիկյան աջակցությունը նույնպես դրական գործոն է, քանի որ պակիստանա-աֆղանական
առավել սերտ հարաբերություններն ավելի հավանական կդարձնեին դեպի Թուրքմենստան միջազգային
հասանելիությունը՝ այդ կերպ օգնելով ամրապնդել ինչպես այդ երկիրը, այնպես էլ Ուզբեկստանը
(այն դեպքում, եթե Ղազախստանը տատանվեր)։
Թուրքիայի էվոլյուցիան ու կողմնորոշումը, ըստ ամենայնի, որոշիչ
դեր են խաղալու կովկասյան պետությունների ապագայի հարցում։ Եթե Թուրքիան հաստատակամորեն
շարժվի դեպի Եվրոպա, իսկ Եվրոպան էլ նրա առաջ չփակի դռները, ապա կովկասյան պետությունները
նույնպես կներգրավվեն եվրոպական ուղեծրում, իսկ դա այն հեռանկարն է, որը նրանք ջերմեռանդորեն
ցանկանում են։ Բայց եթե արտաքին կամ ներքին պատճառներով Թուրքիայի եվրոպականացման գործընթացը
տապալվի, ապա Վրաստանին ու Հայաստանին այլ բան չի մնա, քան հարմարվել Ռուսաստանի շահերին։
Նրանց ապագան այդ դեպքում կախվածության մեջ է լինելու ընդլայնվող Եվրոպայի հետ Ռուսաստանի
ունեցած լավ կամ վատ հարաբերություններից։
Իրանի դերակատարումը կարծես ավելի խնդրահարույց է։ Պրոարևմտյան
դիրքորոշմանը վերադառնալը, անշուշտ, նպաստելու էր տարածաշրջանի կայունությանն ու համախմբմանը,
ուստի ռազմավարական առումով Ամերիկայի համար ձեռնտու է նպաստել իրադարձությունների
նման ընթացքով զարգանալուն։ Բայց մինչ դա տեղի կունենա, Իրանը, ըստ ամենայնի, բացասական
դերակատարում է ունենալու՝ անբարենպաստ ազդեցություն գործելով Ադրբեջանի հեռանկարների
վրա, նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս դրական քայլեր է ձեռնարկում, ինչպես, օրինակ,
աշխարհի առաջ Թուրքմենստանի բացումը, և անկախ Իրանում այսօր գոյություն ունեցող արմատականությունից՝
ամրապնդում է կենտրոնաասիացիների կրոնական ժառանգության զգացողությունը։
Ի վերջո, Կենտրոնական Ասիայի ապագան ամենայն հավանականությամբ
ձևավորվելու է առավել բարդ հանգամանքների ներգործությամբ, ընդ որում՝ այդ տարածաշրջանի
պետությունների ճակատագիրը որոշվելու է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու Չինաստանի
շահերի բարդ փոխազդեցությամբ, ինչպես նաև ըստ այն հանգամանքի, որ Միացյալ Նահանգները
Ռուսաստանի հետ իր հարաբերությունները պայմանավորում է նոր պետությունների անկախության
նկատմամբ Ռուսաստանի ունեցած հարգանքի մակարդակով։ Այդ փոխազդեցության իրականություն
դառնալը ցանկացած շահագրգիռ աշխարհաքաղաքական դերակատարի համար բացառում է կայսրությունը
կամ մենաշնորհը որպես էական թիրախ հռչակելը։ Հիմնարար ընտրությունը տարածաշրջանային
փխրուն հավասարակշռության, որը թույլ է տալիս այս տարածաշրջանն աստիճանաբար ներգրավել
գլուխ բարձրացնող գլոբալ տնտեսության մեջ և տարածաշրջանի պետություններն աստիճանաբար
համախմբվում են, գուցե ավելի ընդգծված իսլամական հատկանիշներ են ձեռք բերում, և այն
վիճակի միջև է, որ տեղ կգտնեն էթնիկական հակամարտություններ, քաղաքական պառակտվածություն
ու, հնարավոր է, նույնիսկ Ռուսաստանի հարավային սահմանի երկայնքով բացահայտ բախումներ։
Եվրասիայում Ամերիկայի համապարփակ աշխարհառազմավարության առաջնային նպատակը պետք է
լինի այդ հավասարակշռության ձևավորումն ու ամրապնդումը։
Նյութի աղբյուրը՝ Զբիգնև Բժեզինսկի- «Շախմատային մեծ տախտակ»
Comments
Post a Comment