Skip to main content

Հանդիպում Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ՝ Սերբիայի Հանրապետության պետականության օրվա առթիվ

15 փետրվարի, 2015 թիվ, Բելգրադ

Սերբիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի հրավերով արդեն երրորդ օրն է գտնվում եմ Բելգրադում։ Ստեղծագործական աշխատանքիս 40-ամյակի առթիվ և հայ-սերբական կապերն ամրապնդելու գործում ունեցած վաստակիս համար նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հրամանով ինձ շնորհվել է Սերբիայի Հանրապետության պետական բարձր պարգև՝ Ոսկե մեդալ։ Այսօր կեսօրին, նախագահական պալատում տեղի է ունենալու պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ուղիղ ժամը 12-ին նախագահական պալատ է մտնում նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և ողջունում ներկաներին։ Հնչում է Սերբիայի Հանրապետության օրհներգը։ Հանդիսավոր արարողությունը վարող դոկտոր Օլիվեր Անտիչը ընթերցում է հանրապետության նախագահի հրամանը՝ անվանի մի շարք մտավորականների, զինծառայողների, գրականության, գիտության ու արվեստի գործիչների շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին։ Այնուհետև Անտիչը ներկայացնում է պարգևատրվածներից յուրաքանչյուրի անունը և համառոտ կենսագրությունը։

Հերթն ինձ է հասնում։ Անտիչը խոսում է գրական-թարգմանական գործունեությանս մասին, թվարկում իմ ստացած նախորդ պարգևները։

Մոտենում եմ նախագահ Նիկոլիչին։ Նա ժպտադեմ ողջունում է ինձ և հանձնում Սերբիայի Հանրապետության պետական բարձր պարգևը։

-Ուրախ եմ, որ այստեղ եք, ուրախ եմ, որ արժանացել եք մեր երկրի պետական բարձր պարգևին,- ասում է նախագահը։-Լիովին արժանի եք։

Շնորհակալություն հայտնեցի նախագահ Նիկոլիչին։ Հպարտությամբ ընդունեցի Սերբիայի Հանրապետության պետական պարգևը և հավաստագիրը։

Պարգևներ ստացած մտավորականները հանդիսավոր արարողության վերջում շնորհավորում էին միմյանց, իսկ հետո ցանկություն հայտնեցին լուսանկարվել նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ։ Խմբանկարը տարիներ անց լավ ու անմոռանալի հուշ է դառնալու պարգևատրվածների համար։

Երեկոյան Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել պետականության օրվա առթիվ։ Բազմաթիվ ծանոթներ կային՝ դիվանագետներ ու դեսպաններ, մտավորականներ ու արվեստագետներ, նաև՝ գիտության գործիչներ։ Ես միակ գրող-մրցանակակիրն էի։ Շատերը գիտեին ինձ վաղուց, մոտենում, շնորհավորում էին՝ նշելով, որ Սերբիայի Հանրապետության Ոսկե մեդալը գրական-մշակութային 40-ամյա գործունեությանս լավագույն գնահատանքն է։

Այնուհետև ինձ մոտեցավ Սերբիայի նախագահի խորհրդական Իվան Մրկիչը։

-Սրտանց շնորհավորում եմ, պարոն Սիմոնյան,- դիմելով ինձ ասաց նա։- Ամիսներ առաջ, երևանյան հանդիպման ժամանակ զրուցելիս, պարոն նախագահը, իրոք, շատ բարձր գնահատեց տասնամյակների Ձեր ավանդը, իսկ այս Ոսկե մեդալը, որով պարգևատրվեցիք, դրա ամենավառ վկայությունն է։ Երևան վերադառնալուց առաջ անպայման պետք է հանդիպենք և առանձնազրույց ունենանք հայ-սերբական կապերն ավելի սերտացնելու շուրջ։

Պաշտոնական ընդունելության ընթացքում առիթ եղավ կրկին զրուցել նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ։ Նա նշեց, որ պետք է ավելի ամուր դարձնել հայ-սերբական բարեկամությունը և այդ ուղղությամբ նոր նախաձեռնություններով հանդես գալ։ Նախագահը կրկին շնորհավորեց ինձ, ասաց, որ հպարտության զգացումով է տոգորված պարգևատրվելուս համար։ Առիթ եղավ զրուցելու նաև հանրապետության առաջին տիկնոջ՝ Դրագիցա Նիկոլիչի հետ։

-Ուրախ եմ, որ նախագահը Ձեզ պարգևատրել է հանրապետության բարձր պարգևով, նա շատ բարձր է գնահատում Ձեր գործունեությունը,- նշում է Դրագիցա Նիկոլիչը։- Մենք շատ զգացված ենք Սերբիային Ձեր նվիրվածության համար և վստահ ենք, որ նոր պարգևներ պիտի ստանաք ապագայում։

Առաջին տիկինը հետաքրքրվեց իմ ստեղծագործական և հյուպատոսական աշխատանքով, նշեց, որ նախագահ Նիկոլիչը հիացած է 2014 թվականի հոկտեմբերին իր պաշտոնական այցով Հայաստան, ուր նա ջերմ ընդունելության է արժանացել։

-Նախագահն ինձ պատմել է, որ իր պաշտոնական այցի ընթացքում Հայաստան, ամեն պահ եղել եք սերբական պատվիրակության կողքին,- ասում է Սերբիայի առաջին տիկինը։

-Բնական է, այդպես էլ պիտի լիներ,- պատասխանում եմ։

-Պատկերացնում եմ, թե որքան եք նվիրված Սերբիային, որքան եք սիրում մեր երկիրը,- շարունակում է առաջին տիկինը։

-Արդեն ուղիղ 50 տարի, որից առաջին 10-ը զուտ հրապուրանք է եղել, իսկ 40-ը՝ մասնագիտական բերումով,- ասում եմ Դրագիցա Նիկոլիչին։

-Աստված Ձեզ երկար կյանք տա, որ ավելին անեք,- հավելեց նախագահի տիկինը։

-Ես ինձ մասամբ Սերբիայի քաղաքացի եմ համարում, որովհետև Սերբիան ինձ համար թանկ ու հարազատ երկիր է Հայաստանից հետո,- ասում եմ զրուցակցիս։

-Իսկ ինչո՞ւ մասամբ, մի՞թե Դուք առ այսօր Սերբիայի քաղաքացի չեք,- հետաքրքրվում է առաջին տիկինը։

-Հոգով՝ այո, բայց պաշտոնապես՝ ո՛չ,- պատասխանում եմ։

-Այդ բացթողումը մենք անպայման կշտկենք,- բարեհամբույր պատասխանում է Դրագիցա Նիկոլիչը,- Սերբիան հպարտ պիտի լինի Ձեր նման քաղաքացի ունենալու համար, մի ամբողջ կյանք նվիրել եք մեր երկրին։

Աստծու կամոք գուցե դրա ժամանակն էլ գա։ Չշտապենք, քանզի Աստծու գործերն անքննելի են։ Ո՞վ գիտե, ինչ է նվիրելու ինձ Տերը իր առատաբաշխ ձեռքով։

Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Հյուպատոսական գրառումներ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...