Թուրքիայի նախագահը Կարսում, Անիի ավերակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մոտեցավ դարավանդի եզրին, հայացք նետեց դեպի կիրճը, որով հոսող Ախուրյանը միմյանցից բաժանում է ժամանակակից Թուրքիան ու Հայաստանը, ապա սկսեց հայացքով զննել միջնադարյան կիսավեր կամուրջը: Հետո, մշտական ինքնագոհ ժպիտը դեմքին, շրջվեց դեպի պատվիրակության մյուս անդամները, թուրքերեն ինչ-որ բան խոսեց: 2008թ. հուլիսի 23-ի մայրամուտին Գյուլը Հայոց Բագրատունյաց չքնաղ մայրաքաղաքում էր: «Անին,- ասաց նա լրագրողներին,- մեզ համար շատ կարևոր վայր է, որովհետև թուրքերը Անատոլիա են եկել այս կողմերով»: 11-րդ դարում արևելքից Փոքր Ասիա ներխուժեց թուրքական ցեղերի մի հուժկու ալիք: Դրանք սելջուկներն էին` հիմնականում օղուզ ու թուրքմեն ցեղերը, որոնք «վճռական դեր են կատարել Անատոլիայի թուրքացման գործում»: Նրանք գրավեցին Իրանը, այնուհետև Իրաքը, Սիրիան, Հայաստանի մի մասը: 1071թ. բյուզանդական զորքերի դեմ Մանազկերտի մոտ տարած հաղթանակից հետո այլևս ոչինչ չէր կարող փակել սելջուկների ճանապարհը դեպի Հայկական լեռնաշխարհ, Փոքր Ասիա: Բ...