Skip to main content

Այն, ինչը սարսափելի է թշնամու համար, ուրախություն է նրա թշնամիների համար

 

Ժողովուրդներն օրհասական պահերին ծնում են պայծառ ուղեղներ: Հին Հունաստանում դրանց պակասը երբեք չի նկատվել: Այդ խելոք և ոչ միակերպ մտածողների մեջ իր հատուկ տեղն ու դերն ունի Թեմիստոկլեսը: Նա քաղաքական մեծ գործիչ էր, ռազմական արվեստի լավագույն գիտակ, խորամանկ ու խորաթափանց ռազմավար, որը կարողանում էր ճիշտ հաշվարկել հակառակորդի քայլերը և կանխագուշակել դեպքերի զարգացման ընթացքը: Նա, ի տարբերություն մյուս զորավարների, կարծում էր, որ երկրի փրկությունը գալու է ծովից: Թեմիստոկլեսը համարձակորեն դեմ էր արտահայտվում գուշակների զանազան մեկնաբանություններին, թե այս կամ այն անբարենպաստ նախանշանների դեպքում հարկ է խուսափել ծովամարտից, լքել Ատտիկան ու բնակություն հաստատել մեկ այլ վայրում: Նա պնդում էր, որ Հելլադան կարող է դիմակայել թշնամուն այն դեպքում, եթե ունենա հզոր ռազմածովային նավատորմ: Ապացուցում էր, որ հնարավորինս պետք է խուսափել քանակապես գերազանցող պարսկական զորքերի հետ ցամաքային բախումից և թշնամուն պարտադրել ծովամարտ՝ հատկապես նեղուցներում: Ուժեղ նավատորմը, ասում էր նա, Հունաստանը կդարձնի հզոր ծովային տերություն, կնպաստի բավարարելու նրա կայսերական ձգտումները: Հետագայում այս սկզբունքով առաջնորդվեցին անգլիացիները և դարձան ծովային գերտերություն: Թեմիստոկլեսը նավագնացության և նավաշինության երկրպագու էր: Երբ դեռ արքոնտ էր՝ ամեն տարի ընտրվող 9 բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Աթենքի Պիրեոս նավահանգստում կառուցեց խոշոր համալիր, որը շուտով դարձավ երկրի ամենահուսալի և լավ պաշտպանված ամրությունը: Սակայն ռազմական նավատորմ ստեղծելու ճանապարհին կային լուրջ դժվարություններ՝ ավելի քաղաքական, քան ֆինանսական: Աթենքի բյուջեն խիստ հարուստ էր՝ շնորհիվ արծաթի և կապարի հանքերի և Աթենքյան միության անդամների հարկերի: Մի խոսքով՝ փող կար, և Թեմիստոկլեսը պնդում էր, որ այն հատկացվի ռազմական նավատորմի ստեղծմանը: Իսկ նրա հակառակորդ, հայտնի քաղաքական գործիչ Արիստիդեսն առաջարկում էր դրամը բաժանել քաղաքացիներին՝ յուրաքանչյուրին 10 դրաքմե: Այս երկուսի միջև գնում էր կյանքի ու մահու կռիվ, որի ընթացքում հակառակորդ կողմերը և նրանց համախոհները չէին խորշում ոչ մի միջոցից՝ դիմացինին անվանարկելու և նրա նկատմամբ առավելություն ձեռք բերելու համար: Սադրանքը, բանսարկությունն ու խորամանկ խաղերը լայն կիրառում գտան այդ գոտեմարտում, որտեղ բախվում էին դեմոկրատ Թեմիստոկլեսի և օլիգարխ Արիստիդեսի շահերը: Վերջիվերջո Թեմիստոկլեսը հաղթեց, և աթենացիները 482 թվականին Արիստիդեսին ենթարկեցին օստրակիզմի ու արտաքսեցին երկրից: Թեմիստոկլեսը կարողացավ համոզել ժողովրդական ժողովին՝ ֆինանսավորելու ռազմական նավաշինությունը: Հույները սկզբում կառուցեցին ընդամենը 200 նավ: Հետո ստեղծեցին բազմաթիվ ռազմանավեր՝ 30-թիականի՝ տրիակոնտներ, և 50-թիականի՝ պենտեկոնտներ: Այնուհետև անցան ամենաժամանակակից եռահարկ թիակներ ունեցող ռազմանավեր ստեղծելուն, որոնք նոր որակ հաղորդեցին նավաշինությանը, հեղաշրջում մտցրին ծովային մարտերում: Բոլորովին այլ սկզբունքով կառուցված բարակ ու սուր քթով այդ նավերը զարգացնում էին այն ժամանակների համար աներևակայելի մեծ արագություն և աչքի էին ընկնում արտակարգ մանևրողականությամբ: Նրանք նավաճանկումը փոխարինեցին խոյահարմամբ, որը տառացիորեն կիսում էր հակառակորդի նավը: Շինարարության տեմպերն անհավատալի էին. ամեն շաբաթ՝ 2 նավ: Յուրաքանչյուր տրիերեսի ջուրն իջնելը «Սարսափ էր թշնամու և ուրախության աղբյուր՝ բարեկամների համար»,- գրում է Քսենոֆոնը:

Հույներն այստեղ էլ հարազատ մնացին իրենց էթնիկական հատկանիշներին: Քանի դեռ պայքար էր ընթանում նավաշինության կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև, աթենացիների դիրքորոշումը սպասողական էր և նկատելիորեն պասսիվ: Իսկ երբ համոզվեցին, որ պարսիկների հարձակումն անխուսափելի է (հունական ռազմական հետախուզությունն աշխատում էր ակտիվորեն), նրանք 180 աստիճանով փոխեցին իրենց կեցվածքը և ընկան հակառակ ծայրահեղության մեջ: Մեծից փոքր, կին և տղամարդ իրենց պարտքը համարեցին նպաստել նավատորմի ստեղծմանը: Ով ինչով կարող էր: Նավաշինությունը վերածվեց ազգային շարժման, դարձավ յուրաքանչյուրի պատվի խնդիրը:

Այս ամենն ինչ-որ տեղ հիշեցնում է հայրենական մեծ պատերազմը, երբ խորհրդային ողջ տնտեսությունն ու ժողովուրդը կանգնեցին ռազմական ռելսերի վրա՝ անսալով «Հայրենիքը վտանգի մեջ է» կոչին:

Սակայն մի բան է ռազմանավ կառուցելը, այլ բան՝ այն ջրարկելը, մանավանդ երբ գործ ունես թիանավի հետ, որն ամենից առաջ պահանջում է ֆիզիկական մեծ ուժ, մարզվածություն և հմտություն: Անգամ հոպլիտները՝ հույն ծանրազեն հետևակայինները, որոնք արտակարգ մարզված ռազմիկներ էին, սարսափ էին պատճառում թշնամու զորքերին և խուճապի մատնում, դժվարությամբ էին վարժվում թիավարման արվեստին: Սակայն, անկախ ամեն ինչից, հելլենները ոգևորված սկսեցին սովորել նավազների ծանր և վտանգաշատ գործը: Ողջ Ատտիկան «նստեց թիակների վրա»: Եվ դա իզուր չանցավ: Ռազմական նավատորմը վճռական դեր էր խաղալու Հին Հունաստանը կործանումից փրկելու գործում, նրան դարձնելու էր անտիկ աշխարհում համար մեկ ծովային տերությունը:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments