Հին Մակեդոնիան հետամնաց բալկանյան պետություն էր, որը գտնվում
էր երկու իրար հակասող աշխարհների մեջտեղում. հարավից սահմանակցում էր դասական մշակույթի
բնօրրան Հունաստանին, իսկ հյուսիսից՝ բարբարոսական Թրակիային և Իլլիրիային:
Մակեդոնացիների ծագումը մինչ այսօր վերջնականապես պարզված
չէ: Հին մակեդոներենը լեզվաբանական առումով համարվում է հին հունարենի ու հարևան թրակիական
ու իլլիրիական լեզուների խառնուրդ: Երկիրը պատմականորեն հակված էր հունական աշխարհի
կողմը, չնայած վերջինս դրացուն ընկալում էր որպես գավառամիտ, գռեհիկ ազգական:
Երկրի քաղաքական վարչակարգը կարելի է բնութագրել որպես ռազմական
ժողովրդավարություն, որին յուրահատուկ կերպով ներհյուսվել էին տոհմային նահապետական
հարաբերությունները: Մակեդոնիայի գերագույն մարմինն էր ազնվատոհմիկներից ու համայնքի
անդամներից կազմված համազինվորական ժողովը: Այն իրավասու էր հաստատել թագավորի թեկնածությունը,
կատարել պաշտոնյաների նշանակումներ, կայացնել դատավճիռներ և այլն: Գործադիր իշխանությունը
մարմնավորում էին թագավորն ու նրա մեծատոհմիկ շրջապատը:
Թագավորը համարվում էր առաջինը հավասարների մեջ և պարտավոր
էր ենթարկվել ժողովի որոշումներին: Սակայն երկրի իրական իշխանությունը պատկանում էր
հարուստ հողատերերին, որոնք իրենց ձեռքում էին կենտրոնացրել հսկայական հողատարածքներ:
Բնակչության հիմնական զբաղմունքն էր հողագործությունը և անասնապահությունը: Մակեդոնացի
գյուղացիներն ազատ մարդիկ էին ու դեռևս ստրկական կախման մեջ չէին ընկել տոհմիկ ավագանուց:
Մակեդոնիան, որ ծովից կտրված էր հունական գաղութների շղթայով և շարունակ ավերվում էր հարևան ցեղերի ասպատակություններից, ամբողջ ք.ա. V դարում կուչ էր եկած պատմության հեռավոր անկյունում: Ներքին երկպառակությունները, թույլ թագավորական իշխանությունը, բարբարոսների ներխուժումները, տնտեսական ու մշակութային հետամնացությունը Մակեդոնիան դյուրին ավար էին դարձնում հարևանների համար: Հունական քաղաքներն ազատորեն խառնվում էին Մակեդոնիայի ներքին գործերին և արյունահեղ ընդհարումներ բորբոքում թագավորական ընտանիքում ու իշխանական տոհմերում: Բարքերն աչքի էին ընկնում նախնադարյան դաժանությամբ ու պարզությամբ: Հարգանք էր վայելում միայն այն մարդը, որն ընդունակ էր թափելու թե՛ իր, թե՛ ուրիշի արյունը:
Comments
Post a Comment