Հայ
առաջին կին պատվավոր հյուպատոսի կյանքն ու ժառանգությունը ճապոնիայում
Դիանա
Աբգարը, լինելով հայ առաջին կին պատվավոր հյուպատոս, իր անսասան հավատարմությամբ ու
անմնացորդ նվիրումով կարողացավ աջակցել հայ ժողովրդի փրկության, պաշտպանության ու հայկական
հարցի միջազգային ճանաչման գործում, կատարել այդ ժամանակաշրջանում անհնարինը: Այսօր
էլ հայ-ճապոնական կապերի զարգացման գործում Դիանայի ժառանգությունն մնում է ազգային
նվիրվածության և մարդասիրության բացառիկ խորհրդանիշ. այսինքն՝ գործել հանուն հայրենիքի,
ոչ թե ժամանակի և պահի հրամայականով:
Ճապոնացի
հայագետ Հիդեհարու Նակաջիման բացառիկ դեր ունի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման
գործում: Նա այն նվիրյալներից է, որը գործուն է պահել երկու երկրների ժողովուրդների
մշակութային, գիտական երկխոսությունները դիվանագիտական ուղիղ կապերի բացակայության
պայմաններում: Նակաջիկայի ուսումնասիրությունները, հոդվածները, գրքերը ճապոնացի ժողովրդին
պատմում են հայ ժողովրդի պատմության, մշակույթի, հայ-ճապոնական հարաբերությունների
պատմության մասին: Նա կարողացել է վերագտնել Դիանա Աբգարի և նրա ընտանիքի անդամների
շիրիմները, Ճապոնիայում Աբգարի՝ գիտական, գրական մոռացված ժառանգությունը, ինչով նոր
շունչ է հաղորդել 2 երկրների հարաբերություններին՝ փաստագրելով դիվանագիտական հարաբերությունների
համատեղ պատմության ակունքները:
Չնայած
Հայաստանի և ճապոնիայի միջև առկա աշխարհագրական հեռավորությանը՝ Դիանա Աբգարի շնորհիվ
ձևավորվել է կամուրջ երկու ժողովուրդների միջև: Թեև Դիանան երբեք չի եղել հայրենիքում,
այնուամենայնիվ, նրա անմնացորդ, հայանպաստ մարդասիրական գործունեությունն ու թողած
գրական ժառանգությունն արտացոլում են ոչ միայն նրա անձնական նվիրումը հայ ժողովրդին,
այլև նպաստում են հայ-ճապոնական հարաբերությունների խորացման և զարգացման ընթացքին
ցայսօր:
Աբգարն
իր գիտակցական ողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդի ճնշված, անարդարության մատնված զավակների,
գաղթականների պաշտպանության, օգնության գործին՝ հանդես գալով Ճապոնիայում որպես Հայաստանի
առաջին հանրապետության պատվավոր հյուպատոս և ուղղակի մարդասեր: Աբգարի գործունեության
նշանակալի ներդրումներից են նրա հրատարակած գրքերը, հոդվածները, նամակները, որոնք նվիրված
են հայոց ցեղասպանությանը, միջազգային իրավունքին, հայկական և համաշխարհային խաղաղության
հարցերին:
Երևանի
կենտրոնում գտնվող Դիանա Աբգարի անվան այգին հարգանքի տուրքի դրսևորում է հայ ժողովրդի
բացառիկ կանանցից մեկի հիշատակին: Դիանա Աբգարը ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի
17-ին բրիտանական գաղութ Բիրմայի (ներկայիս՝ Մյանմա) մայրաքաղաք Ռանգունում (ներկայիս՝
Յանգոն): Հայրը՝ նորջուղայեցի Հովհաննես Ագաբեկը, զբաղվում էր առևտրով, իսկ մայրը՝
Ավետը, Թադևոս Ավետումյանի դուստրն էր: Անաիդը ընտանիքի յոթերորդ զավակն էր:
1899
թվականին Անաիդը ամուսնանում է նորջուղայեցի վաճառական Մայքլ Աբգարի հետ, որը զբաղվում
էր մետաքսի առևտրով: Նա Աբգարների նշանավոր տոհմի ժառանգներից էր, որը դեռևս 1819 թվականին
հիմնել էր «Apcar and Company» ընկերությունը: Ի սկզբանե Բոմբեյում հիմնադրված «Apcar
and Company»-ն հետագայում տեղափոխվեց Կալկաթա և կարճ ժամանակ անց ընդլայնեց իր գործունեությունը
դեպի Հարավային Ասիա և Հեռավոր Արևելք: Այդ գործունեությունը ներառում էր նավագնացություն,
ներմուծում, արտահանում, բրնձի մշակում Հոլանդական Արևելահնդկաստանում: 1840-ական թվականներին
«Apcar» նավատորմը նավարկում էր Կալկաթայի, Պենանգի, Սինգապուրի և Չինաստանի ուղիներով:
1891
թվականին Աբգարների ընտանիքը հաստատվում է Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում և այնտեղ կառավարում
«Apcar and Company» ընկերությունը: Նրանց 5 երեխաներից միայն երեքն են հասուն տարիքի
հասել: 1906 թվականին ամուսնու անսպասելի մահից հետո Դիանան ստանձնում է ամուսնու բիզնեսի
կառավարման և 3 երեխաներին մեծացնելու ծանր բեռը:
Տարիների
ընթացքում ընտանեկան բիզնեսի ղեկը ստանձնում է նրա որդին՝ Դիանային ավելի շատ ժամանակ
թողնելով իր գրական, մարդասիրական և դիվանագիտական աշխատանքով զբաղվելու համար:
Թեև
Դիանա Աբգարը երբևէ չէր եղել պատմական հայրենիքում, հայոց ցեղասպանության տարիներին
և դրանցից հետո նա մեծ ցավ է ապրում իր ժողովրդի ճակատագրի և ապագայի համար: Լիովին
տիրապետելով միջազգային իրավիճակին՝ Աբգարը կատարել է որոշ կանխատեսումներ ջարդերի
լայնամասշտաբ ծավալման և շարունակական բնույթի վերաբերյալ: 1909 թվականի Ադանայի ջարդերից
հետո նա սկսել է իր հասարակական և գրական խորացված աշխատանքները՝ հրատարակելով մի շարք
հոդվածներ և գրքույկներ, ինչպես նաև թղթակցել է «Armenia», «The Japan Advertiser»,
«The Far East», «The New York Times», «Le Figaro» և «The Japan Gazette» պարբերականներին:
Այդ տարիների նրա հրապարակումները նպաստել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
պահել հայ ժողովրդի պայքարի ու սեփական հողում ազատ ապրելու իրավունքի հարցի ճանաչելիության
բարձրացումը և միջազգայնացումը:
Նրա
նախաձեռնությամբ և միջնորդությամբ հնարավոր է դարձել հայ գաղթականների ներհոսքը ճապոնիա,
նրանց ժամանակավոր կացությունը, փաստաթղթային ձևակերպումները և հետագայում ապահով տեղափոխումը
դեպի Սինգապուր և ԱՄՆ:
Դիանա
Աբգարը եղել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին կին պատվավոր հյուպատոսը և միևնույն
ժամանակ՝ աշխարհի առաջին կին պատվավոր հյուպատոսներից մեկը, և գործել է այնպիսի ժամանակաշրջանում,
երբ շատ երկրներում կանայք զրկված էին անգամ ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Դիանա Աբգարն առավելագույնս օգտագործել է իր անձնական կապերն ի շահ հայ ժողովրդի խնդիրների
լուծման՝ համագործակցելով և անդամակցելով ժամանակի ազդեցիկ կազմակերպություններին:
1920 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի վարչապետ և արտաքին գործերի մինիստր Համո Օհանջանյանի
նամակի համաձայն Դիանա Աբգարը նշանակվում է Ճապոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոս:
1920
թվականի հուլիսի 23-ին Համո Օհանջանյանը Դիանա Աբգարին ուղղված նամակում գրում է.
«Ճապոնիան միշտ եղել է այն պետությունների
շարքում, որոնք ցույց են տվել մեզ իրենց ջերմ համակրանքը և աջակցությունը և անմիջապես
ճանաչել է մեր հանրապետության անկախությունը: Ուստի Մինիստրությունս պատիվ ունի խնդրելու
Ձեզ, համաձայն պարոն վարչապետի կարգադրության, Հայաստանի կառավարության անունից ուղղել
ջերմ շնորհակալություններ Նորին Կայսերական Մեծության Միկադոի կառավարությանը»:
Նշանակալի
է, որ նույնիսկ առաջին հանրապետության անկումից և պաշտոնը կորցնելուց հետո Դիանան շարունակեց
իր նվիրված գործունեությունը, որն ուղղված էր հայրենիքի աջակցությանը և միջազգային
կապերի պահպանմանը: Որոշ աղբյուրներում երևում են Դիանայի նամակագրություններն ԱՄՆ
նախագահ Վուդրո Վիլսոնին, ԱՄՆ պետքարտուղարներ և պետական քարտուղարի տեղակալներ Ռոբերտ
Լանսինգին, Ուիլյամ Ֆիլիպսին և Ալվի Ադիին, մարդասիրական և խաղաղարար կազմակերպությունների
ղեկավարներ Ջեյմս Բարթոնին, Դեյվիդ Սթար Ջորդանին և Արթուր Սայմոնդսին: Դիանան մասնակցել
է նաև Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեի դրամահավաքի նախաձեռնություններին:
Դիանային
անձամբ հանդիպած Բողոսի և Հովհաննեսի պատմությունների մասին մեզ հայտնի է Ռոբերտ Արամ
Գալուստյանի «Tadem: My father`s village» գրքից, որտեղ մանրամասն նկարագրվում է նրանց
դժվարին և երկարատև ճանապարհորդությունը դեպի Ամերիկա: Գրքում ներկայացված է, թե ինչպես
Դիանա Աբգարը, իր ազդեցիկ կապերը և հեղինակությունն օգտագործելով, կարողացել է ստանալ
համապատասխան փաստաթղթեր, կանգնել է երաշխավոր, որպեսզի հայ փախստականները ստանան Ճապոնիա
մուտքի թույլտվություն, նպաստել փախստականների՝ Միացյալ Նահանգներ վերաբնակեցմանևը
և աջակցել նրանց կյանքի վերակառուցմանը:
Իր
գործունեության ընթացքում Աբգարը հանդիսացել է կապող օղակ ճապոնիայի կառավարության
և հայ գաղթականների միջև՝ նպաստելով հայ գաղթականների կացության ապահովման ու տեղափոխման
հարցերին հայկական պետականության բացակայության պայմաններում:
Ճապոնացի
պատմաբան, թարգմանիչ և հետազոտող, Տոկիո համալսարանի արտասահմանյան ուսումնասիրությունների
Ասիայի և Աֆրիկայի լեզուների և մշակույթների ինստիտուտի շրջանավարտ գրում է.
«1920-ական թվականների սկզբին Ճապոնիայի
արտաքին քաղաքական գերատեսչությունը ուշադիր հետևում էր Հայաստանի Հանրապետության անորոշ
կարգավիճակին, որը ձևավորվել էր Սևրի պայմանագրի ստորագրումից հետո: Այնուհետև նշում.
Դիանա Աբգարի մասին նյութերի սակավության և նրա հետնորդների՝ ամբողջ աշխարհում ցրվելու
պատճառով նրա մասին ուսումնասիրության մեջ դեռ շատ հարցեր են մնում, որոնք պետք է բացահայտվեն:
Ցանկանում ենք, որ այդ պակասը լցվի Հայաստանի և Ճապոնիայի գիտաշխատողների համագործակցությամբ»:
Այս
հարցում առկա են մի շարք անհամապատասխանություններ: Ըստ մեր ունեցած տվյալների՝ Ճապոնիան
ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետությունը 1920 թվականի մարտի 6-ին՝ դառնալով աշխարհում
առաջիններից մեկը: Մինչդեռ վերոնշյալ հոդվածում նշվում է, որ 1920 թվականի դեկտեմբերի
3-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության մակարդակով Հայաստանի կարգավիճակը համարվել
է անորոշ: Մի բան ակնհայտ է՝ անհրաժեշտ է հետևել գիտնականի խորհրդին և անդրադառնալ
բաց թողնված հարցերին միասնական գիտական աշխատանքով:
Աբգարի
կենսագրության չուսումնասիրված բազմաթիվ էջեր կան, որոնք շատ հարցեր են առաջ բերում:
1922 թվականի Զմյուռնիայի ջարդերի ժամանակ ճապոնական «Տոկեի Մարու» նավի անձնակազմը՝
ականատես լինելով, թե ինչպես են քրիստոնյաները փախչում ու նետվում ծով, չի ենթարկվել
Քեմալ Աթաթուրքի զորքի հրամաններին՝ լքելու նավահանգիստը: Ճապոնական նավի նավապետը
խիզախել է և տախտակամած է ընդունել ցեղասպանությունից մազապուրծ հայերին, հույներին
և տեղափոխել է հունական ափեր: Որպեսզի ավելի շատ մարդու հնարավոր լիներ փրկել, նավապետը
ծովն է նետել իր առևտրական նավի բարձրարժեք ուղեբեռը: Այդ օրերին տեղի ունեցած մարդասիրական
դրվագի մասին մեզ տեղեկություններ են հասել նաև քամանչահար և Դիանա Աբգարի լավ ընկեր
Ռուբեն Կարախանյանի հուշերի շնորհիվ, որոնցում նա պատմում է, որ Ճապոնիայում շրջագայությունների
ընթացքում տիկին Աբգարը իրեն ծանոթացրել է «Տոկեի Մարու» նավի ճապոնացի նավապետի հետ,
որն էլ պատմել է, թե ինչպես է փրկել Զմյուռնիայի քրիստոնյաներին 1922 թվականին: Հարց
է առաջանում. արդյո՞ք Ադանայի ջարդերից սկսող Դիանայի հասարակական իրազեկման գործողությունները
ենթագիտակցորեն ազդեցություն են թողել ճապոնացի նավապետի հոգում:
Հատկանշական
է նաև Դիանա Աբգարի թողած գրական ժառանգությունը, որը ներառում է տպագիր աշխատություններ,
հոդվածներ և գրքեր: Նրա հրապարակումներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում «Սյուզան»,
«Պատերազմի տնային պատմություններ» (գրված 1905 թվականի ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ
և նվիրված ճապոնացի ժողովրդին, որի վաճառքից ստացված հասույթը նվիրաբերվել է Ճապոնիայի
Կարմիր խաչին), «Դավաճանված Հայաստան», «Նրա անունով», «Խաղաղության խնդիրը», «Մեծ
չարիքը», «Եվրոպայի իմպերիալիզմի խաչին խաչված Հայաստանը» հրապարակումները:
Այս
ամենն արձագանք էր Օսմանյան կայսրության բռնություններին հայ ժողովրդի նկատմամբ:
Երկար
տարիներ Դիանայի գիտական ժառանգությունը մոռացության վտանգի տակ էր: Դիանա Աբգարի մասին
գիտական և փաստագրական աղբյուրների համալրման համար մենք մեծապես պարտական ենք ճապոնացի
երջանկահիշատակ հայագետ Հիդեհարու Նակաջիմային, որը տարիներ շարունակ հետևողականորեն
ուսումնասիրել, բացահայտել և հանրայնացրել է Աբգարի կյանքի՝ մեզ անծանոթ էջերը:
Հիդեհարու
Նակաջիման նշում է, որ առաջին անգամ Դիանա Աբգարի մասին իմացել է Ռիչարդ Հովհաննիսյանի
«Հայաստանի Հանրապետություն» գրքից, որտեղ նկարագրված էին Աբգարի՝ հայերի աջակցմանն
ուղղված մարդասիրական ջանքերը: Նակաջիման գտել է Աբգարի աշխատությունների հղումները
«Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի» հրատարակությունների
գրացուցակում: 3 տարի տևած որոնումներից հետո նա վերջապես գտնում է Դիանա Աբգարի հասցեն,
որը նշված էր նրա «Խաղաղություն և ոչ խաղաղություն» գրքի վերջին էջերում:
1988
թվականի ամռանը Նակաջիման այցելում է Յոկոհամա: Հասնելով Շենք 220-ի տարածք, որտեղ
արդեն նորակառույց շինություն կար՝ նա հանդիպում է այդ շենքում բնակվող տիկին Դենտիչին,
որը Կանտոյի երկրաշարժի վերապրող էր: Վերջինս Նակաջիմային տրամադրում է գերեզմանատան
քարտեզ՝ ազգանունների ցուցակով, որոնց մեջ ընդգրկված էին նաև Դիանա և Մայքլ Աբգարների
անունները:
Օգտագործելով
ցուցակը որպես ուղեցույց՝ Նակաջիման այցելում է Յոկոհամայի օտարազգիների գերեզմանատուն
և գտնում Դիանա Աբգարի ու նրա ընտանիքի անդամների գերեզմանները: Այս իրադարձությունը
հետագայում ճանապարհ հարթեց Դիանայի գործունեության իրական ծավալի բացահայտման և նրա
պատմական ներկայությունը հայագիտական ու միջազգային հանրության հիշողության մեջ վերականգնելու
համար:
Նման
մի նմուշ է մի բացառիկ փաստաթուղթ, որը նորույթ է և ևս մի վկայություն Աբգարի լայնամասշտաբ
հայանպաստ գործունեության վերաբերյալ: Այն Դիանա Աբգարի ստորագրությամբ նամակ է՝ ուղղված
Հաագայի դատարանին, որում մասնավորապես ասվում է. «Ճապոնիայում ապաստանած հայերը հայցադիմում են ներկայացրել Հաագայի
մշտական արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Թուրքիայի վայրագությունների Հայաստանում և պահանջում
են, որ իրենց հայրենակիցներին Հայաստանում տրվի զենք կրելու իրավունք՝ սեփական երկրում
բնաջնջումից ինքնապաշտպանվելու համար»:
Հայցադիմումում
ասվում է, որ Թուրքիայի բոլոր վայրագությունները Հայաստանում տեղի են ունենում Թուրքիայի՝
Եվրոպայի ուժերի կողմից ստացած աջակցության շնորհիվ:
Դիանայի
նվիրվածությունը հայկական եկեղեցուն նույնպես անսահման էր: 920 թվականի փետրվարի
10-ի նամակում, որը ուղղված էր Միացյալ Նահանգներում բնակվող հայ հոգևորականի, նա գրում
է. «Սուրբ հայր,… 29 տարի է, ինչ ապրում եմ այս հեռավոր երկրում: Ես կարոտում եմ եկեղեցին,
խորապես կարոտում եմ: Չկա հայկական եկեղեցու նման եկեղեցի՝ իր կենսուրախ ոգով և մխիթարական
աղոթքով, նույնիսկ մեկը, որը կարողանա փոխանցել հայկական պատարագի հոգեմխիթար զգացումը:
Ես չգիտեմ՝ կգա՞ մի օր, երբ ես կունենամ արտոնություն անցնելու իմ եկեղեցու շեմը և
մասնակից լինելու սուրբ պատարագին՝ իմ ականջները՝ այդ աղոթքները լսելով հագեցած»: Նա
խորապես գիտեր Աստվածաշունչը, հավատարմորեն հետևում էր եկեղեցու ուսմունքներին: Նա
նույնիսկ գրել է մի աղոթք, որը խնդրել է կարդալ եկեղեցական պատարագի ժամանակ, որտեղ
ասվում է.
«Ես
ցանկանում եմ տարածել այս աղոթքը հայ ազգի մեջ, որպեսզի որտեղ էլ որ հայեր լինեն, նրանք
աղոթեն Աստծուն, որպեսզի Հայաստանն ազատագրվի, որպեսզի հայկական հանրապետությունը մնա
անսասան, փառք Աստծուն և ողորմիր»:
67
տարեկանում Դիանա Աբգարի մոտ ի հայտ եկան տարբեր առողջական խնդիրներ, այդ թվում՝ լսողության
կորուստ, տեսողության վատթարացում և արթրիտ: Նա մահացավ 1937 թվականի հուլիսի 8-ին՝
կարոտելով իր սիրելի Հայաստանը և մայր եկեղեցին՝ իր սրտում: 1937 թվականի հուլիսի
10-ին Յոկոհամայի Միացյալ եկեղեցում հավաքվել էր մի ամբողջ բազմություն՝ հրաժեշտ տալու
իրենց համայնքի կարևորագույն գործչին, որը 46 տարի ապրել էր նրանց հետ հարգով և արժանապատվորեն:
Նակաջիմայի
բացահայտումից ի վեր, Դիանա Աբգարի գերեզմանը ուխտագնացության վայր է դարձել և գտնվում
է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հոգածության ներքո:
Նրա
տապանաքարի վրա փորագրված է հետևյալ գրությունը.
«Տայանա
Աղապէկ Աբգար
1859թ.
հոկտեմբերի 17- 1937թ. հուլիսի 8
Երկրի
խավարից դեպի դրախտի փառահեղ օր
Մենք սիրում էինք նրան, բայց Աստված նրան ամենաշատն էր սիրում»:
Նյութի աղբյուրը՝ Աննա Վարդանյան- «Դիանա Աբգար»

Comments
Post a Comment