Skip to main content

Բենջամին Ֆրանկլին

 

Բենջամին Ֆրանկլինի հայրն ուզում էր, որ որդին հոգևորական դառնա, բայց դեռ երիտասարդ տարիքից Բենջամինն ավելիին էր ձգտում: Լինելով չափազանց ուշադիր երեխա՝ նա ուսումնասիրում էր շրջապատող աշխարհը, փորձում ըմբռնել, թե ինչպես է ամեն բան արվում և թե ինչ գին ունի հաջողությունը: Նա հասկանում էր, որ կարևորն այս գործում կրթությունն է, բայց Ամերիկայում ոչ մի դպրոց չէր կարող սովորեցնել նրան այն ամենը, ինչ նա ուզում էր կամ ինչի կարիքն ուներ: Արդյունքում նա սկսեց ինքնակրթությամբ զբաղվել՝ սովորելով այն դպրոցում, որը մենք կյանք ենք կոչում: Անդադար կարդալով՝ նա դարձավ այնպիսի լավ գրող, որ բազմիցս տպագրվեց տեղական թերթերում՝ ներկայանալով որպես մեծահասակ ու օգտագործելով մի շարք կեղծանուններ:

12 տարեկանում նա պաշտոնապես սկսեց ուսանել իր մեծ եղբոր մոտ, որը սովորեցրեց տպագրություն, կազմարարություն և մարքեթինգ: Սովորելու նրա նպատակը ոչ միայն ապրուստի միջոց վաստակելն էր, այլև հաղորդակցության ժամանակակից ամենաազդեցիկ միջոցներին տիրապետելը: Նա սովորեց սահմանել տառաձևերը, համակարգել թանաքի տեսակները, աշխատել ցանկացած տիպի տպագրական մեքենայով, ձեռագրեր խմբագրել և հոդվածներ գրել: Նա կատարելագործում էր կարդալու և գրելու իր կարողությունները՝ տպագրատուն մտնող ցանկացած բան կարդալով: Այդ ժամանակ գրքի տպագրությունը բավական թանկ էր, և նա զբաղվում էր բարտերով՝ փոխանակելով տպագրությունը ընթերցանության ցանկացած նյութի հետ, որ կարող էր ձեռք բերել: Իրականում նրան ոչ ոք չէր ստիպում կարդալ այդ ամենը, նա ինքնակամ էր անում դա, ինչն ինքնակրթության լավագույն դրսևորումներից է: Հետաքրքիր է, որ ընթերցողական նյութերի դժվար հասանելիությունը հետագայում ստիպեց նրան Միացյալ Նահանգներում ստեղծել առաջին աբոնեմենտով գրադարանը, որտեղից գրքերը կարելի էր տուն տանել որոշ ժամանակով:

5 տարի ուսանելուց հետո նա արդեն ուներ բավարար գիտելիքներ՝ այդ արհեստը շարունակելու համար, բայց ավելիին էր ձգտում: Որքան մեզ հայտնի է, նա մեկնում է Ֆիլադելֆիա՝ գրպանում ունենալով ընդամենը 15 սենթ: Ֆիլադելֆիայում նրան սպասում էին մի շարք տպարաններ, որոնք ոչ թե նրա աշխատուժի, այլ ավելի շատ նրա հմտությունների կարիքն ունեին: Ֆրանկլինը շատ շուտ հասկացավ, որ այդ օրերին աշխատանքի պակաս չկար, և առավել գնահատված ու հազվադեպ հանդիպող էին գիտելիքն ու հմտությունները:

Ֆրանկլինը նաև ըմբռնեց ազդեցություն, իշխանություն և ուժ ունեցող անհատների հատկանիշներն ու սովորույթները որդեգրելու կարևորությունը: Ֆրանկլինին լավ ծառայեց սովորույթների և բարքերի նրա իմացությունը՝ որպես Ֆրանսիայում Ամերիկայի առաջին դեսպան:

Իր անսահման հետաքրքրասիրության, հմտություննների և կամքի շնորհիվ Ֆրանկլինն իր ազդեցության շրջանակն ընդարձակեց այնքան, որ դեռևս երիտասարդ տարիքում, տպավորելով Փենսիլվանիայի նահանգապետին, վերջինիս ջանքերով կրթությունը շարունակեց Անգլիայում՝ որպես ինքնակրթության շարունակություն: Ֆրանկլինը գտել էր հաջողության գաղտնիքը. գիտելիքը, հետաքրքրասիրությունը, հարմարվողականությունը, քրտնաջան աշխատանքը և ավելիի ձգտումը կարող են կյանքն ավելի լավը դարձնել:

1790 թվականին 84 տարեկան հասակում մահացավ Ֆրանկլինը, մարդ, որի ֆորմալ կրթությունն ավարտվել էր 10 տարեկան հասակում, բայց որի արած գործերի շուրջ խորհելիս ցնցվում ես: Նա Անկախության հռչակագրի բնօրինակը ստորագրող անդամներից էր, Սահմանադրության նախագծի ձևավորողը: Նա այն մարդն էր, որի հետ Թոմաս Ջեֆերսոնը խորհրդակցեց այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց օգնությամբ ստեղծվեց Միացյալ Նահանգները: Ամերիկյան հեղափոխության ժամանակ, լինելով դեսպան Ֆրանսիայում և տիրապետելով ֆրանսիական սովորույթներին ու դիվանագիտական նրբություններին, ի վերջո համոզեց ֆրանսիացիներին ֆինանսավորելու անկախության համար պայքարող ամերիկացիներին՝ հավանական դարձնելով Անգլիայի դեմ պատերազմելու հնարավորությունը: Այս ներդրումներն ավելի քան բավական էին, բայց նա շատ ավելիին հասավ:

Գրող, խմբագիր, տպագրող, անկախության համար պայքարող, նմանը չունեցող դիվանագետ լինելուց բացի, այս մարդը նաև հումորիստ էր, երգիծաբան, գիտնական, գյուտարար, մանկավարժ, քաղաքացիական ակտիվիստ, հետազոտող, մամլո խոսնակ, Ֆիլադելֆիայի և Փենսիլվանիայի համալսարանների առաջին հրդեհային ֆակուլտետի հիմնադիր, պետական գործիչ և փոստային համակարգի՝ առաջին ազգային-հաղորդակցական ցանցի հիմնադիրը (գաղութների ու մարդկանց կապը պահելու համար):

Ինչպես Վալտեր Այզեքսոնն է նշել Ֆրանկլինի կենսագրության վերաբերյալ իր աշխատանքի մեջ, նա «իր տարիքի ամենաազդեցիկ ամերիկացին էր և ամենահաջողակը»: Նա Ամերիկայի առաջին «մտքի առաջնորդն» էր և ինքնակրթության գուրուն:

Այս ամենին հասնելու միակ ճանապարհը ինքնակրթությունն էր՝ հետաքրքրասիրության շնորհիվ գիտելիքի ամուր պաշար ու անսահման ուժ հավաքելը: Շատ ավելի կրթված մարդիկ ավելի շատ հասանելիություն ունեն այն ամենին, ինչ Ֆրանկլինը ձգտում էր սովորել, բայց վերջինս առանձնանում է այդ ամենն ընդունելու իր վճռականությամբ, ինքնակրթության միջոցով գիտելիքի ամուր հիմք ստեղծելու կարողությամբ: Ո՛չ այն ժամանակվա, ո՛չ այսօրվա ոչ մի դպրոց, հավանաբար, չէր կարող սովորեցնել նրան այն ամենը, ինչով նա հայտնի է այսօր:

Ֆրանկլինն իր ժամանակների լեգենդն է, և աշխարհը նրան շատ բանով է պարտական, բայց, հավանաբար, նրա ամենամեծ ժառանգությունն իր օրինակն է, որ թողել է մեզ:

Նյութի աղբյուրը՝ Ջո Նավարո- «Եղի՛ր բացառիկ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...