Skip to main content

Ի՞նչ է էթիկետը

 

«Էթիկետ» բառը ֆրանսիական ծագում ունի և նշանակում է հաստատված կարգ ու վարքագծի ձև որոշակի պայմաններում: Վարքագիծը մարդու արտաքին մշակույթի անբաժանելի մասն է: Մեր հաջողությունը մեծապես կախված է մեր պահվածքից: Ժամանակակից աշխարհում մեծ նշանակություն ունի այն, թե ինչպես ենք հագնվում, ինչպես ենք քայլում և խոսում, ինչպես ենք վարվում հասարակական վայրերում:

Էթիկետի կանոնների և նորմերի պահանջները բացարձակ չեն: Մեր պահվածքը մի տեղ և ինչ-որ հանգամանքներում նորմալ կթվա, մի այլ տեղ, այլ հանգամանքներում՝ անընդունելի:

Էթիկետը դարավոր արմատներ ունի: Դեռ Հին Հունաստանում ընդունված էին էթիկետի նորմերը: Ահա դրանցից մի քանիսը. զսպե՛ք ձեր բարկությունը, հարգե՛ք մեծերին, շտապե՛ք ուրախացնել ձեր ծնողներին:

Էթիկետի շուրջ առաջին գիրքը, որ կոչվել է «հաղորդակցության մշակույթ», կազմել է իսպանացի քահանա Պետրուս Ալֆոնսոն 1204 թվականին: Էթիկետի զարգացումը սկսվել է 14-րդ դարում: Վերածննդի դարաշրջանում իտալացիներն արդեն ունեցել են էլեգանտ վարք, բարոյականության կատարելագործում և նորաձևություն: Հարուստ մարդկանց մեջ կուրացնող շքեղությունը փոխարինվել է նուրբ շքեղությամբ և ճաշակով: Այլ գիտությունների և արվեստների հետ միասին Իտալիայից ժամանած էթիկետը աստիճանաբար թափանցել է եվրոպական այլ երկրներ՝ հիմնականում Ֆրանսիա, Գերմանիա և Անգլիա: Համեմատաբար կարճ ժամանակում զգալի զարգացում է տեղի ունեցել հատկապես Ֆրանսիայում:

Ֆրանսիական վարվելակարգն ու նորաձևությունը փոխվել և կատարելագործվել են ինքնուրույն՝ ժամանակի ոգուն և ֆրանսիացիների ազգային առանձնահատկություններին համապատասխան: Պալատական ընդունելությունների ժամանակ պալատականներին տրվում էին փոքրիկ բացիկներ: Նրանց մեջ թվարկված էին վարքագծի կանոնները: «էթիկետ» բառը առաջացել է այս բացիկների անունից: Եվրոպական այլ երկրներում աստիճանաբար սկսել են տարածվել ֆրանսերենը, նորաձևությունն ու սովորույթները: Սկսած 17-րդ դարից, Ֆրանսիան դարձավ համաշխարհային էթիկետի և նորաձևության կենտրոնը:

Ֆրանսիական սովորույթներն ու լեզուն տարածվում են նաև Ռուսաստանում: 16-րդ դարում Ռուսաստանում հայտնվեցին կանոնների հավաքածուներ, որոնք արտացոլում էին վարքագծի որոշ կանոններ: Այդպիսի հավաքածուներից ամենահայտնին՝ կանոնների և հրահանգների հավաքածուն է, որը կոչվում է «Դոմոստրոյ»: Ժողովածուի հիմնական կանոնների իմաստը՝ մի գողացիր, մի ստիր, մի զրպարտիր, մի դատապարտիր, մի հայհոյիր: «Դոմոստրոյը» մեծ նշանակություն ունեցավ մարդկանց վարքագծի կարգավորման ուղղությամբ: Մյուս կողմից, նրա հայրապետական պահանջները խոչընդոտում էին մշակույթի զարգացմանը:

Պետրոս Ա-ի գահին բարձրանալուց հետո Ռուսաստանում սկսվեց գաղափարների և բարեփոխումների նոր դարաշրջան, այդ թվում՝ էթիկետի ոլորտում: Արտասահման մեկնելուց հետո նա սկսեց իրականացնել ռուսական պատրիարքական հարաբերությունների ինտենսիվ եվրոպականացում:

Ռուսական սովորույթներն աստիճանաբար վերացան՝ տեղը զիջելով ֆրանսիական ազդեցությանը: Ֆրանսերեն լեզվի և բարքերի իմացությունն այն ժամանակ համարվում էր լավ դաստիարակության նշան: Պետրոս Ա-ի հրամանով հրատարակվեցին էթիկետի ժողովածուներ և դասագրքեր:

Ռուսաստանում էթիկետի վերաբերյալ առաջին տպագիր ձեռնարկը հայտնվեց 1717 թվականին՝ «Երիտասարդության ազնիվ հայելին կամ աշխարհիկ վարքագծի ցուցումներ» վերնագրով: Դա մի ժողովածու էր, որը կազմված էր արևմտաեվրոպական ընդհանուր քաղաքացիական էթիկետի բազմաթիվ օրենսգրքերից: Նախաբանը գրել է անձամբ Պետրոս Ա-ն: Այդ ձեռնարկը հիմնականում ուղղված է հարուստ ընտանիքներին: Ահա մի քանի հրահանգներ այս գրքից. «Առանց բերանիդ մեջ գտնվող կտորը կուլ տալու՝ մի՛ խոսիր, որովհետև այդպես են անում տգետները: Մի թափահարեք ձեր ոտքերը ամենուր, երբ խմում եք, մի՛ սրբեք ձեր շուրթերը ձեռքով, սրբեք սրբիչով…»:

Պետրոս Ա-ի ղեկավարությամբ լույս է տեսել Էրազմ Ռոտերդամցու «Լավ վարքագծի կանոնների մասին» գիրքը:

Ճորտատիրության վերացումից հետո էթիկետը տարածվում է հասարակության ստորին խավերի մեջ:

1917 թվականին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ էթիկետի կանոնները համարվում էին «հնացած բուրժուական բարոյականության» նորմեր: Նրանք հիմնականում օգտագործվում էին պետական պաշտոնյաների կամ դիվանագետների կողմից օտարերկրյա պատվիրակություններ ընդունելությունների ժամանակ: Այսօր էթիկետի նկատմամբ հետաքրքրությունը կրկին վերածնվել է և օրըստօրե աճում է:

Գոյություն ունի էթիկետի 4 տեսակ: Ներկայացնենք նրանց հիմնական առանձնահատկությունները:

Պալատական էթիկետը պալատական միջավայրում վարվելաձևի, վարվելակարգի խիստ սահմանված կանոնակարգ է: Ներկայումս այն օգտագործվում է միապետական կառավարման ձև ունեցող երկրներում և աշխարհիկ հասարակության մեջ:

Դիվանագիտական էթիկետի կանոնակարգը դիվանագետների և այլ պաշտոնյաների վարվելակարգի կանոններ են, որոնք անհրաժեշտ են դիվանագիտական ընդունելությունների, շնորհանդեսների, այցերի, բանակցությունների և այլ միջոցառումների ժամանակ: Դիվանագիտական էթիկետի կանոնները խիստ են: Նրանց խախտումը կարող է վնաս պատճառել պաշտոնյաներին կամ պետությանը:

Զինվորական էթիկետը բանակում ընդհանուր առմամբ ընդունված կանոնների մի շարք է, զինվորականների կյանքի և գործունեության բոլոր ոլորտներում՝ ստորաբաժանումներում, նավերում և հասարակական վայրերում:

Աշխարհիկ կամ ընդհանուր քաղաքացիական էթիկետի կանոնակարգը սովորությունների, ավանդույթների և պայմանագրերի կանոններ են, որոնք պահպանվում են տվյալ հասարակության անհատների միջև միմյանց հետ հաղորդակցվելիս՝ ընտանիքում, փողոցում, հասարակական տրանսպորտում, խանութում և այլ վայրերում:

Նյութի աղբյուրը՝ Աբգար Հայրապետյան-«Աշխարհիկ էթիկետ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...