Skip to main content

Քաղաքական պանթյուրքիզմի իրագործման լոգիստիկ-տնտեսական խայծը

 

«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ աշխատանքը չի սահմանափակվում միայն քաղաքական և դիվանագիտական ջանքերով: 2021 թվականից ի վեր 2 երկրները նաև գործնական ու տեխնիկական աշխատանքներ են իրականացնում՝ Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ցամաքային կապի ապահովման համար: Այդ աշխատանքներն ունեն մի քանի կարևոր բաղադրիչներ, որոնց շարքում առաջին հերթին պետք է նշել բուն ճանապարհային ենթակառուցվածքի ստեղծումը:

Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքը Սյունիքով Նախիջևանին միացնող ճանապարհային ենթակառուցվածքի շինարարության ծրագրերի մասին հայտարարվեց 2021 թվականի հունվարի 11-ին, երբ Մոսկվայում ստորագրվեց հերթական եռակողմ հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, որում խոսվում էր նաև տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերակառուցման կամ նորերի կառուցման մասին, «որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով կատարվող միջազգային փոխադրումների, ինչպես նաև հավասարապես Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքների հատում պահանջող՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից կատարվող փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար»: Թեև այս հայտարարությունն ավելի ուշ բանակցային օրակարգում ետին պլան մղվեց, սակայն այն հուշում էր, որ Ադրբեջանը մտադիր է նոր ճանապարհ կառուցել դեպի Նախիջևան: Այդպիսի մտադրության գոյությունը հաստատվեց հայտարարության ընդունումից մոտ 1 ամիս անց, երբ փետրվարի 14-ին Ալիևի կողմից պաշտոնապես տրվեց «Հորադիզ-Աղբենդ» երկաթուղու շինարարության մեկնարկը: Ըստ նախագծի՝ երկաթուղին անցնելու է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքի ողջ հարավային երկայնքով՝ մեկնարկելով «Հորադիզ» կայարանից և Արաքսի ափամերձ տարածքով ձգվելով մինչև ՀՀ սահման: Հիմնարկեքի արարողության ժամանակ Ալիևը հայտարարեց, որ մոտ 110 կմ երկարություն ունեցող երկաթուղին ունի ռազմավարական նշանակություն և թույլ կտա ստեղծել երկաթուղային կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև: Ալիևի խոսքով, այս երկաթուղին «կհասնի մինչև Զանգեզուրի միջանցք»՝ նկատի ունենալով Սյունիքի մարզը: 3 փուլերով իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին:

«Միջանցքի» ծրագրի իրականացման համար երկաթուղուց բացի կառուցվում են նաև ավտոմոբիլային ճանապարհներ: Դրանցից հիմնականը երկաթուղուն զուգահեռ՝ Արաքսի հովտով Հորադիզից ձգվող M6 մայրուղին է, որը նախատեսվում է հասցնել մինչև Աղբենդ բնակավայր: Ճանապարհի հիմնարկեքը տեղի ունեցավ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի մասնակցությամբ: Թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական կողմից ճանապարհը պաշտոնապես ներկայացվում էր որպես «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհ, իսկ արարողությունը՝ որպես «միջանցքի» հիմնարկեք: Այս իմաստով հետաքրքրական է պաշտոնական արարողության ժամանակ նախագահ Էրդողանի և որպես նախագծի պաշտոնական զեկուցող հանդես եկող Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության ղեկավար Մամեդովի միջև տեղի ունեցած երկխոսությունը: Մամեդովը ներկայացնում է ճանապարհի ընդհանուր երկարությունը, ինչին ի պատասխան նախագահ Էրդողանը նշում է. «Հասնո՞ւմ եք մինչև Հայաստանի սահման, ճի՞շտ է: Ավելի առաջ էլ եք գնալու»: Էրդողանի այս դիտարկմանը ադրբեջանցի գործիչն արձագանքում է. «Այո, այնտեղից կանցնենք դեպի մյուս կողմ: Աստծո օգնությամբ կհասնենք Ստամբուլ ու Եվրոպա: Աստված Ձեզ պահապան լինի»:

Դատելով այս և այլ նմանատիպ հայտարարություններից, ճանապարհային նախագծի հրապարակված մանրամասներից՝ Հորադիզ-Աղբենդ ճանապարհը պետք է միանա ՀՀ տարածքի ամենահարավով անցնող ճանապարհին, որից հետո դարձյալ շարունակվի Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիայի հետ սահմանային Դիլուջու անցակետը: Վերջին 2 ճանապարհները ևս վերակառուցվում են: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Օրդուբադից դեպի ՀՀ սահմանը ձգվող նոր ճանապարհի կառուցում, որը երկաթուղային գծին զուգահեռ կստեղծի գրեթե նույն հետագծով անցնող մայրուղի՝ այդպիսով վերածելով «միջանցքային» այս ճանապարհը մուլտիմոդալ ճանապարհային ենթակառուցվածքի:

Միաժամանակ Ադրբեջանում պարբերաբար խոսվում է նաև այլ ուղղություններով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհների մասին, որոնք, սակայն, ակնհայտորեն երկրորդական նշանակություն ունեն: Դատելով կատարվող աշխատանքների ծավալից ու արագությունից, ծախսված ռեսուրսներից, պետական ու քարոզչական հռետորաբանությունից՝որպես հիմնական «միջանցք» դիտարկվում է Արաքսի հովտով, Հայաստան-Իրան սահմանի երկայնքով անցնող ճանապարհը, որը համընկնում է նաև պատմականորեն «միջանցքի» երթուղու հետ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից աշխատանքներ են տարվում նաև ճանապարհային այս ենթակառուցվածքներին զուգահեռ Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա գծով ստեղծել նաև էլեկտրաէներգիայի բարձրավոլտ հաղորդակցման ուղիներ և գազատար՝ էներգետիկ ու գազային «միջանցքներ»: Երկու ուղղություններով էլ համապատասխան աշխատանքներն արդեն իրականացվում են:

Ադրբեջանում և Նախիջևանում ընթացող շինարարական աշխատանքներում ներգրավված են թուրքական խոշորագույն բիզնես-ընկերությունները: Մասնավորապես, «միջանցքի» կառուցման գործում հիմնական կապալառու է հանդիսանում «Kalyon insaat» ընկերությունը, որը պատկանում է Էրդողանին մոտ կանգնած բիզնես հսկաներից մեկին՝ «Kalyon Holding»-ին: Բացի այդ, որպես «Զանգեզուրի միջանցքի» բաղադրիչ է ներկայացվում նաև Կարս-Դիլուջու-Նախիջևան երկաթգիծը, որի կառուցման մասին թուրքական կողմը հայտարարում էր 2020 թվականից շատ ավելի վաղ, սակայն մինչև 2020 թվականի արցախյան պատերազմը այդ ծրագիրը պարբերաբար հետաձգվում էր: Այն չէր դիտարկվում որպես առաջնային նշանակություն ունեցող, քանի որ ընկալվում էր որպես փակուղային՝ առաջնայնությունը տալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն: Սակայն 2021 թվականից հետո Կարս-Նախիջևան երկաթուղու կարևորությունը մեծացավ, և ըստ պետական բյուջեով հաստատված նախագծի՝ դրա կառուցման աշխատանքները մեկնարկելու են 2025 թվականի ընթացքում: Պատահական չէ, որ շուրջ 223 կմ երկարություն ունեցող այս շինարարության կապալառուն դարձյալ «Kalyon Insaat» ընկերությունն է:

Նույն այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայում 2021 թվականից ի վեր պետական մասնակցությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումները, որոնց կենտրոնական թեման «առաջիկայում ստեղծվող միջանցք»-ն է և «Թյուրքական աշխարհի հետ ձևավորվող անխոչընդոտ կապը», որը, ըստ կազմակերպիչների, առաջացնելու է աննախադեպ հնարավորություններ Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսությունների ու հասարակությունների համար:

Այստեղ առանձին պետք է անդրադառնալ նաև «միջանցքի» տնտեսական կողմին: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը երկկողմ և բազմակողմ բանակցությունների ժամանակ, արտաքին լսարանին ուղղված ուղերձներում նշում են, որ «Զանգեզուրի միջանցքը» առաջին հերթին ուղղված է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացմանը՝ այդպիսով փորձելով ստվերել նախագծի քաղաքական էությունը: Սակայն 2020 թվականից ի վեր ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի կողմից տնտեսական որևէ պաշտոնական հիմնավորում չի ներկայացվել՝ ներառյալ հաշվարկները, ինչն արդեն տարօրինակ է: Ընդհակառակը, առկա են մի շարք հետազոտություններ, որոնք փաստում են, որ տնտեսական արդյունավետության տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքը» որևէ էական արժեք չի ներկայացնում: Մասնավորապես, դրա երկաթուղային բաղադրիչի գործարկման պարագայում այն տեսականորեն կարող է եկամտաբեր դառնալ 12 տարի անց, այն էլ միայն այն պարագայում, եթե ապահովվի աննախադեպ քանակությամբ բեռնափոխադրում, ինչը գնահատվում է որպես անիրատեսական:

«Միջանցքի» իրականացման համար շինարարական աշխատանքներից զատ կարելի է առանձնացնել նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող միջազգային արշավը, որը նպատակ ունի առաջին հերթին ապահովել «միջանցքի» շուրջ նոր շահառուներ, որոնց միջոցով այս նախագիծը կունենա հավելյալ արդիականություն և աջակցություն: Այս հարցում թուրք-ադրբեջանական կողմը փորձում է աշխատել եվրասիական տարածաշրջանի բոլոր հնարավոր դերակատարների հետ: «Զանգեզուրի միջանցքը» ներկայացվում է որպես «նոր Մետաքսի ուղի», որը կարող է «Միջին միջանցքի» մաս կազմել՝ ձևավորելով դրա նոր՝ երկրորդ թևը: Ուստի պատահական չէ, որ այս հարցով հետևողական դիվանագիտական աշխատանքն է տարվում մի կողմից՝ Հեռավոր Ասիայի երկրների, իսկ մյուս կողմից՝ եվրոպական երկրների հետ: Նման մոտեցումը հատկապես հետաքրքրական է դարձել 2022 թվականին Ուկրաինայում մեկնարկած պատերազմի պատճառով, քանի որ «միջին միջանցքը» ապահովում է Ռուսաստանը շրջանցող Արևելք-Արևմուտք այլընտրանքային կապ: Այս առումով խոսուն է 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Թուրքիայի իշխող քաղաքական ուժի խոսափողը համարվող «Sabah» օրաթերթում լույս տեսած «Մի միջանցքով Խաղաղ օվկիանոսում ենք» վերնագրով գլխադիր հոդվածը, որտեղ մասնավորապես, նշված էր, որ միջանցքի շնորհիվ «բացվել է Թուրքիանն Խաղաղ օվկիանոսի ափերին հասցնող առևտրի և էներգետիկ ռազմավարական ճանապարհը»:

2020 թվականից ի վեր Թուրքիան և Ադրբեջանը կազմակերպել և հյուրընկալել են տասնյակ միջազգային միջոցառումներ, որոնցում հատուկ անդրադարձ է կատարվել «Զանգեզուրի միջանցքին»՝ դրան նվիրելով միջոցառման գլխավոր բաժինները: Այդպիսով, թուրք-ադրբեջանական կողմը նպատակ ունի նպաստել հարցի միջազգայնացմանը, տալ դրան «տնտեսական գունավորում», բարձրացնել «միջանցքի» կարևորությունը և ներգրավել նոր աջակիցներ ու շահառուներ:

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...