Skip to main content

«Զանգեզուրի միջանցքով» դեպի թյուրքական աշխարհը. նեոպանթյուրքիզմի դրսևորումները

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում, Արցախում տարած հաղթանակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ, Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթում տեղ էին գտել բազմաթիվ թեզեր, որոնք առաջին հայացքից կապ չունեին բուն 44-օրյա պատերազմի հետ և ներկայացվում էին Թուրքիայի իշխանությունների պանթյուրքական օրակարգը: Դիմելով խորհրդանշական լեզվին՝ Էրդողանը ոչ միայն նշեց, որ այսօր փառավորվում են Էնվեր և Նուրի փաշաների հոգիները, այլև ակնարկեց տարածքային նոր նվաճումների մասին: Ինքնին խոսուն այս ելույթը հուշում էր, որ Թուրքիայի առջև դրված նպատակները չեն սահմանափակվում միայն Արցախով կամ Ադրբեջանով, այլ թիրախավորում են այլ տարածքներ՝ «Թյուրքական աշխարհը»: Ուստի պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո «միջանցքի» բացման համար մեկնարկած քարոզչական արշավի արդեն ամենասկզբում Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապի ապահովումից զատ հավասարապես կարևորվում էր այդ ծրագրի շնորհիվ «Թյուրքական աշխարհի» հետ կապվելու և այդպիսով այն միավորելու հնարավորությունը:

Ժամանակակից թուրքական քաղաքական մշակույթում «Թյուրքական աշխարհ» տերմինով բնորոշվում են թյուրքալեզու բոլոր ժողովուրդների բնակության տարածքները, որոնք ներառում են Արևելյան Եվրոպայից մինչև Սիբիր ու Չինաստանի արևմտյան հատվածներ ընկած հսկայական աշխարհագրական գոտին: Այն, որոշ վերապահումներով, կարելի է համարել «Թուրան» եզրի հոմանիշներից մեկը, որն ակտիվորեն կիրառվում է ազգայնական, ազգայնամոլական և պանթյուրքական շրջանակների կողմից: Որպես թյուրքալեզու ժողովուրդների միասնականության գաղափարի խորհրդանիշ՝ «Թյուրքական աշխարհ» եզրը լայնորեն կիրառվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի պետական-պաշտոնական խոսույթում:

«Թյուրքական աշխարհի» միավորումը և հզորացումը հատկապես 2010-ականներից հռչակվել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: Թուրքիայի հանրային-քաղաքական խոսույթում «Թյուրքական աշխարհի» գաղափարի գերակայությանն էականորեն նպաստել է նաև այն հանգամանքը, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին և հատկապես 2010-ականների երկրորդ կեսից տիրապետող գաղափարախոսության է վերածվել իսլամական ազգայնականությունը: Արդյունքում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ծրագրերում պանթյուրքական մտածողությունը էլ ավելի մեծ տեղ է զբաղեցնում: Ընդ որում՝ արտաքին քաղաքականության տեսանկյունից Թուրքիայի ձգտումը դեպի «Թյուրքական աշխարհ» բացատրվում է Եվրասիայի կենտրոնական շրջաններում սեփական ազդեցության գոտու կերտման պրագմատիկ ցանկությամբ, ինչը թույլ կտա Թուրքիային էլ ավելի ամրապնդելու իր դիրքերը աշխարհաքաղաքական պայքարում և հաջողության պարագայում վերածվելու տարածաշրջանային գերտերության: Արտաքին քաղաքական ուղղությամբ կատարվող աշխատանքների մի մեծ մասն իրականացվում է «Թյուրքական պետությունների կազմակերպություն» կոչվող կառույցի միջոցով: Բացի վերոնշյալ կառույցից, համաթյուրքական քաղաքականության իրականացման համար օգտագործվում են նաև այլ գործիքներ՝ մշակութային-հասարակական միավորներից մինչև քաղաքական կառույցներ: Կարելի է ասել, որ «Թյուրքական աշխարհը» որպես քաղաքական միավոր ձևավորելուն ուղղված Թուրքիայի ջանքերը 20-րդ դարասկզբին գործադրված պանթյուրքիզմի արդիականացված և ժամանակակից աշխարհաքաղաքական իրադրությանը համապատասխանեցված տարբերակն է կամ անվանումը, և պատահական չէ, որ երբեմն կիրառվում է նաև նեոպանթյուրքիզմ եզրույթը:

Այս ամենի համապատկերում «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը ձևակերպված է որպես «Թյուրքական աշխարհի» լիարժեք ստեղծումն ու կենսունակությունն ապահովող կարևորագույն գործոն, և վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ 2020 թվականի արցախյան պատերազմի ավարտից հետո «միջանցքի» ծրագիրը տեղավորվեց «թյուրքական աշխարհի» գաղափարի խոսույթում: Ինչպես այլ պարագաներում՝ այդ խոսույթը ևս ցայտուն կերպով դրսևորվեց թե՛ ԶԼՄ-ներում, թե՛ թուրք-ադրբեջանական վերնախավի հռետորաբանության մեջ: Պետք է արձանագրել, որ թուրքական պետական և մերձիշխանական մամուլում հրապարակվող հարյուրավոր հոդվածներում «Զանգեզուրի միջանցքի» կարևորության ցայտուն բաղադրիչը նշվում էր դրա դերը որպես «Թյուրքական աշխարհի քաղաքական, տնտեսական ու լոգիստիկ կապերն» ամրապնդող ծրագիր: Այս նույն շեշտադրմամբ հրապարակվում են տասնյակ գիտական ու վերլուծական հոդվածներ, տեսանյութեր և այլ քարոզչական բնույթ կրող տեղեկատվական նյութեր:

Բացի այդ, «միջանցքը» ներկայացվում է որպես թյուրքական պետությունների «ինտեգրացիոն կամուրջ»: 2020 թվականի դեկտեմբերի 2-ին թուրքական մերձիշխանական «Aksam» օրաթերթը հանդես եկավ գլխադիր լուրով, որը վերաբերում էր միջանցքին: Այն վերնագրված էր «Թյուրքական աշխարհը միավորվում է», իսկ հոդվածի հիմնական ուղերձն այն էր, որ Թուրքիան միջանցքով ուղիղ կապ է ստանում ողջ թյուրքական աշխարհի հետ: 2022 թվականին իշխանության խոսափող համարվող «Sabah»-ը հրապարակեց «Թուրանի ճանապարհը գալիս է» վերտառությամբ հոդվածը, որում «Զանգեզուրի միջանցքը» ներկայացվում էր որպես «թյուրքախոս պետությունները միավորող» գործոն: 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց. «Զանգեզուրի միջանցքը միավորելու է ողջ թյուրքական աշխարհը: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի իրականացման համար անհրաժեշտ քայլերն անելու են: Վստահ եմ, որ այդ քայլերը մոտ ապագայում պտուղներ են տալու»: Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամադովն իր ելույթներում նշում է, որ «Միջանցքի ամենակարևոր կողմերից մեկն այն է, որ այն միավորելու է Թյուրքական աշխարհը: Այդպիսով, աշխարհագրորեն բաժանված Թյուրքական աշխարհը կմիավորվի տրանսպորտային և լոգիստիկ նախագծերով»: Թուրքիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը պարբերաբար հիշեցնում է, որ «միջանցքի կառուցմամբ Թուրքիան ուղիղ և անխոչընդոտ կերպով կապվելու է Ադրբեջանին և թյուրքական աշխարհին»:

«Միջանցքի» պանթյուրքական համատեքստի մասին է վկայում նաև այն փաստը, որ վերջին տարիներին այդ ծրագիրը պարբերաբար բնորոշվում է նաև որպես «Թուրանի ճանապարհ» կամ «Թուրանի միջանցք»:

Այս ուղղությամբ տարվող տեղեկատվական-քարոզչական աշխատանքներն ուղղված են ներքին՝ թուրքական և ադրբեջանական լսարաններում «Զանգեզուրի միջանցքի»՝ համապատասխան խորհրդանիշի ստեղծմանը: Այս առումով կարելի է հիշատակել այն տասնյակ հանրային միջոցառումները, որոնք կազմակերպվում են Թուրքիայի և Ադրբեջանի պետական մարմինների աջակցությամբ և համակարգմամբ ու ներկայացնում են Սյունիքը որպես «Թուրանի ճանապարհ»:

Արդիականացված պանթյուրքականության համատեքստում «միջանցքի» կարևորության մասին մեկ այլ վկայություն կարելի է համարել «Թյուրքական պետությունների կազմակերպությունում» տեղի ունեցած փոփոխությունները 2020 թվականից հետո: Այդ կազմակերպությունը ստեղծվել էր 2009 թվականին և մինչև 2021 թվականը կոչվում էր «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ», սակայն մինչև 2021 թվականը այն, բացի հերթապահ ժողովներից, մի քանի մշակութային ծրագրերից, աչքի չէր ընկնում մեծ ակտիվությամբ: Չնայած նշված հանգամանքին՝ այդ փուլում ևս կազմակերպության շրջանակներում տեղի ունեցող քննարկումներում պարբերաբար հնչում էին հակահայկական ելույթներ: Այսպես, դեռ 2010 թվականին թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Ալիևը նշել է. «Թյուրքական աշխարհը մեծ է: Ժամանակին Զանգեզուրի շրջանը՝ թյուրքական աշխարհի հնագույն և անբաժանելի երկրամասը, կտրվել է Ադրբեջանից և հանձնվել Հայաստանին, ինչի արդյունքում թյուրքական աշխարհում աշխարհագրական կապը խաթարվել է: Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ եթե այդ պատմական անարդարությունը չիրականացվեր, ապա այսօր միասնական թյուրքական աշխարհը միասնական տարածք կլիներ նաև աշխարհագրական տեսանկյունից»:

2020 թվականի արցախյան պատերազմից հետո ԹՊԿ-ն ոչ միայն կերպարանափոխվեց, այլև դրա շրջանակներում ծավալվող գործունեությունը դարձավ նկատելի: Արդեն 2021 թվականի նոյեմբերին ԹՊԿ Ստամբուլում կայացած գագաթնաժողովում ընդունվեց «Թյուրքական աշխարհի տեսլական 2040» ուղենիշային ծրագիրը, և հաջորդիվ սկսվեց տարբեր ոլորտներում թյուրքական պետությունների ինտեգրացիան ապահովող նախագծերի իրականացումը (կրթական ծրագրերից մինչև համատեղ զինված միավորների ստեղծում): Կազմակերպությունն այժմ ունի հստակ քաղաքական կշիռ՝ դառնալով Թուրքիայի տարածաշրջանային նախաձեռնողական քաղաքականության կարևորագույն գործիքներից մեկը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԹՊԿ շրջանակներում քաղաքական ակտիվությունը վերսկսվել է 2021 թվականին, ապա կարելի է պնդել, որ դա պայմանավորված էր 2020 թվականի արցախյան պատերազմի արդյունքներով և մասնավորապես «միջանցքի» բացման հեռանկարներով: Ուստի չափազանցություն չի լինի նաև ասել, որ Արցախի օկուպացիան և «միջանցքի» բացման շուրջ տարվող աշխատանքները ԹՊԿ կենսունակության գլխավոր գրավականն են: Եվ ամենևին պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքը» հիշատակվել է ԹՊԿ թե՛ վերոնշյալ տեսական ծրագրում ու փաստաթղթերում, և թե՛ ԹՊԿ գագաթնաժողովների ու միջգերատեսչական տարաբնույթ միջոցառումներում: Այսպես, 2021 թվականին արդեն հիշատակված նոյեմբերյան գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ նշված է. «Անդամ երկրները պայմանավորվում են հանձնարարել իրենց համապատասխան կառույցներին աջակցել Զանգեզուրի միջանցքը ամենակարճ ժամկետներում գործարկելուն ուղղված Ադրբեջանի Հանրապետության ջանքերին»: ԹՊԿ 10-րդ գագաթնաժողովի ընթացքում Էրդողանը հայտարարեց, որ միջանցքը լրջորեն կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարգավաճմանը. «Միջանցքը Թուրքիային էլ կապելու է մեր նախահայրենիք Կենտրոնական Ասիային: Մենք որպես թուրքական աշխարհ պետք է շարունակենք մեր աջակցությունը Ադրբեջանին՝ այս գործընթացը բարեհաջող ավարտելու համար»: ԹՊԿ զարգացման հայեցակարգային փաստաթուղթ համարվող «Թյուրքական աշխարհի տեսլական 2040»-ում նշված է, որ «միասնաբար պետք է առաջ մղեն Զանգեզուրի միջանցքը տարբեր հարթակներում»: «Միջանցքի» միջազգայնացման նախաձեռնություններին ժամանակ առ ժամանակ մասնակցում են նաև ԹՊԿ անդամ այլ երկրների քաղաքական ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ:

«Զանգեզուրի միջանցքի»՝ քաղաքական դաշտում առաջմղմանը զուգահեռ թե՛ Ադրբեջանում և թե՛ Թուրքիայում սկսվել է լայնածավալ քաղաքականություն, որի հեռահար թիրախը Սյունիքի աստիճանական նվաճումն է և ոչ թե միայն ճանապարհի ձեռքբերումը: Այդ քաղաքականությունը նպատակ ունի մի կողմից՝ ներկայացնել Սյունիքը որպես ադրբեջանական պատմական տարածք՝ ապալեգիտիմացնելով դրա պատկանելությունը հայկական պետությանը, մյուս կողմից՝ ստեղծել պայմաններ Սյունիքի սողացող նվաճումն իրականացնելու համար:

Այս ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են մի քանի հարթություններում: Դրանցից գլխավորը կարելի է համարել 2020 թվականի նոյեմբերից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցնող տարիների ընթացքում Սյունիքի մարզի վրա պարբերական հարձակումները, ինչի արդյունքում ադրբեջանական ուժերը կարողացել են ոչ միայն գրավել ՀՀ միջազգայնորեն ճանաչված որոշ տարածքներ, այլև ամրանալ ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք դիրքերում՝ այդպիսով թիրախավորելով Սյունիքի շատ ավելի լայն տարածքներ: Այդ ռազմական գործողություններն էլ ավելի են ամրապնդել այն վարկածները, որ Ադրբեջանը նախատեսում է Սյունիքի շարունակական նվաճում և ռազմական ուժով «միջանցքի» բացում:

Ռազմական գործողությունները պետք է դիտարկել Ադրբեջանի կողմից իրականացվող ծավալապաշտական և հակահայկական քաղաքականության համատեքստում, որը 2020 թվականին սահմանել է նոր թիրախներ: 2020 թվականի արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսել է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքական ծրագիրը, որը ենթադրում է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի մասի գրավում Ադրբեջանի կողմից: Այն փաստացի վերածվել է պետական ծրագրի, որն իրականացվում է իշխանական գերատեսչությունների միջոցով և պետական ֆինանսավորմամբ: Դրա շրջանակներում, ի թիվս այլ հայկական տարածքների՝ առանձին թիրախ է դարձել Սյունիքը: Այս առումով հարկ է առանձնացնել 2021 թվականի հուլիսի 7-ին Ալիևի՝ Ադրբեջանի տնտեսական շրջանների նոր բաժանման մասին հրամանագիրը, որով ստեղծվեց «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը»՝ ներառելով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հարավային մասը: Այս քայլն ինքնին նշանակում էր 2 բաժանված Զանգեզուրների գոյության պաշտոնական թեզի ամրագրում, ինչն Ալիևը վերահաստատեց հուլիսի 14-ի իր ելույթում. «Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո՛, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների հողն է:… Ես ասել եմ, որ այն մեր նախնիների հողն է, մենք պետք է վերադառնանք, կվերադառնանք և վերադառնում ենք այնտեղ: Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք անպայման կվերադառնանք, որովհետև այլ ճանապարհ չկա»:

Սյունիքի հանդեպ թուրք-ադրբեջանական տարածքային հավակնություններն ունեն նաև այլ դրսևորումներ՝ այս երկրամասում ադրբեջանցիների բնակեցման ծրագրեր, որոնք չեն էլ թաքցվում: Այս առումով հատկանշական է 2021 թվականի օգոստոսին Ալիևի արած հետևյալ հայտարարությունը. «Զանգեզուրի միջանցքի կառուցման արդյունքում մենք, իհարկե, կօգտագործենք այս միջանցքը մեր քաղաքացիներին մեր պապենական հողերը վերադարձնելու համար: Նման ծրագրեր կան, և դա բնական է»:

«Արևմտյան Ադրբեջանի» ծրագրի ուղղությամբ Ադրբեջանը պետականորեն վարում է նաև ագրեսիվ քարոզչություն՝ ուղղված իր հասարակությանը և հատկապես երիտասարդներին, և այդ ամենը առավել ցայտուն դրևսորվում են Իլհամ Ալիևի ելույթներում ու հայտարարություններում: Մասնավորապես 2021 թվականի ապրիլի 13-ին ԱԴԱ համալսարանում նա հայտարարել է. «Մենք ուզում ենք՝ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է: Զանգեզուրը Հայաստանին է տրվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ: Մինչև դա այդ տարածքը մերն էր: Գյոյչա լիճը նրանք անվանում են Սևանա լիճ: Ընդամենը նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի: Նույնը վերաբերում է նաև Երևանին: Նրանք ավերել են Իրևանի պատմական հատվածը: Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ:… Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ: Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով: Ասել եմ, որ վերադառնալու ենք: Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրևան: Ժամանակը կգա, մենք դա կանենք: Ես արտահայտում եմ իմ դիրքորոշումը»:

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...