Թուրքիայի
և Ադրբեջանի մեդիա դաշտում անհրաժեշտ տեղեկատվական արշավին զուգահեռ «միջանցքի» թեմային
սկսեց անդրադառնալ Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը: Թուրքիայի
նախագահ Էրդողանի կողմից Նախիջևան-Ադրբեջան «միջանցքի» մասին առաջին հիշատակումը եղել
է 2020 թվականի նոյեմբերի 10-ին: ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում նախագահ
Էրդողանն ընդգծել էր «Ադրբեջան-Նախիջևան միջանցքի բացման» կարևորությունը: Հաջորդ օրը
Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության
նիստում Էրդողանը ևս մեկ անգամ անդրադարձավ «միջանցքին»՝ հայտարարելով, որ «ապահովվելու
է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցային կապը և այդ նպատակով նոր ճանապարհ է կառուցվելու»:
Օրեր անց իր մեկ այլ ելույթում Էրդողանը նշում է, որ «միջանցքի շնորհիվ Թուրքիան և
Ադրբեջանը կհասնեն անխոչընդոտ ցամաքային կապի»: Հաջորդիվ իր բազմաթիվ ելույթներում
նախագահ Էրդողանը պարբերաբար անդրադառնում է «միջանցքի» թեմային՝ դրա համար օգտագործելով
տարբեր բնորոշումներ:
Նախագահ
Էրդողանից զատ «միջանցքի» թեմայով ելույթներ են ունեցել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այդ ելույթների ու հայտարարությունների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս,
որ «միջանցքի բացումը» արձանագրվում է որպես արցախյան պատերազմում Թուրքիայի ամենամեծ
ձեռքբերում: Այս տեսանկյունից հատկապես առանձնանում են Թուրքիայի խորհրդարանում թեմայի
առնչությամբ առկա քննարկումները: Հատկանշական է, որ դրանց մասնակցում են բոլոր՝ այդ
թվում և՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները և աջակցություն հայտնում իշխանության
կողմից առաջարկված միասնական օրակարգին: Խորհրդարանական այս քննարկումներում պատգամավորների
կողմից «Նախիջևանի միջանցք», «Զանգեզուրի գիծ» և այլ նմանատիպ արտահայտություններին
զուգահեռ առաջին անգամ կիրառվել է նաև կոնկրետ «Զանգեզուրի միջանցք» եզրը: 2020 թվականի
նոյեմբերի 10-ին Թուրքիայի խորհրդարանի հերթական նիստում ընդդիմադիր «Լավ» կուսակցության
պատգամավոր Անդիջանը իր ելույթում նշեց. «Գիտե՛ք, որ Հայաստանը երեկ հանձնվեց, և հանձնվելու
պայմանների մեջ մի շատ կարևոր բան կա, և դա հետևյալն է. հայերն ընդունել են, որ Նախիջևանի
և Ադրբեջանի միջև «Զանգեզուրի միջանցքը» բացվի: Սա շատ մեծ իրադարձություն է Թուրքիայի
Հանրապետության, թյուրքական պետությունների տեսանկյունից կարևոր է»:
Նույն
օրը իշխող ԱԶԿ խմբակցության անունից ելույթ ունեցող պատգամավոր Էրդողանը, անդրադառնալով
միջանցքին, հայտարարեց. «Այսօր Ղարաբաղում էլ շատ լուրջ զարգացումներ են եղել: Այնտեղ
ամենակարևոր իրադարձություններից մեկը Նախիջևանի և Ադրբեջանի միջև միջանցքի ձևավորումն
է: Հարգելի՛ ընկերներ, այս միջանցքը չափազանց կարևոր է, քանի որ վերացնում է այն արգելքը,
որը հայտնվել է միայն վերջին 100 տարում և որը բաժանում է Անատոլիան Կովկասից: Սրանից
հետո մենք դեպի Կովկաս գնալու ենք ոչ միայն Վրաստանով, այլև Նախիջևանով, Ադրբեջանով
և Հայաստանի միջանցքով»: Մի քանի օր անց՝ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական
մեկ այլ քննարկման ժամանակ դարձյալ անդրադարձներ են եղել «միջանցքի» հարցին՝ ընդգծելով
դրա կարևորությունը Թուրքիայի համար: Միաժամանակ նշվում էր, որ «Թուրքիան և Ադրբեջանը
պետք է գործադրեն անհրաժեշտ նյութական և ոչ նյութական բոլոր ջանքերը, որպեսզի
40-45 կիլոմետրանոց այդ ճանապարհը կառուցեն»:
Նույն
ժամանակահատվածում Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի հետ զուգահեռ միջանցքի մասին
է սկսում խոսել նաև Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով. «Պատերազմի արդյունքներից մեկն,
իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօրվա քննարկումների թեման է: Զանգեզուրի միջանցքը
պատմական նվաճում է: Այս հարցն առանձնահատուկ կերպով արտացոլված է եռակողմ հայտարարության
մեջ, ինչը միաժամանակ մեր մեծ քաղաքական հաղթանակն է: Ներկայումս ընթանում է ակտիվ
աշխատանք «Զանգեզուրի միջանցքի» գործունեության ուղղությամբ, կան շատ առաջարկներ, բազմաթիվ
տրանսպորտա-հաղորդակցային նախագծեր արդեն սեղանին են, քննարկվում են, ինչը և դառնալու
է մեր հերթական պատմական հաջողությունը»: «Միջանցքի» հարցը Ալիևը դիտարկում է անցյալի,
ներկայի և ապագայի տիրույթում՝ նշելով. «Զանգեզուրի միջանցքի ստեղծումն ամբողջությամբ
համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական ու ապագա շահերին»: Ավելորդ է նշել,
որ Ադրբեջանի իշխանությունների այս խոսույթի քարոզմանը և հանրայնացմանն ամբողջությամբ
լծված են տեղական ԶԼՄ-ները:
Հարկ է փաստել, որ արդեն 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին «միջանցքը» դարձել էր թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության, մամուլի, փորձագիտական խոսույթի կարևոր մասը: Ընդ որում, Թուրքիայում և Ադրբեջանում «միջանցքը» լոկ հռետորաբանություն չէ, այլ հստակ պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչ տարր, որի ուղղությամբ սկսեցին հետևողական քայլեր արվել: Մասնավորապես՝ Իլհամ Ալիևը խոսելով կոնկրետ քաղաքական ծրագրերից՝ հայտարարեց. «Նոր նախագծերից ես կցանկանայի նշել Զանգեզուրի միջանցքը: Այս նախագիծն առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը մտցվել է միջազգային օրակարգ, միջազգային բառապաշար, և այսօր «Զանգեզուրի միջանցքը» աշխարհում համընդհանուր ընդունված արտահայտություն է, տերմին է: Եվ իհարկե, մենք իրականացնում ենք պրակտիկ քայլեր միջանցքի բացման համար»: 2021 թվականի հունիսին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում էր, որ «Զանգեզուրի միջանցքը» մեծ կարևորություն ունի, իսկ արդեն 2023 թվականին նշում էր, որ «… վայրկյան առաջ այս միջանցքի բացման համար անելու ենք մեր ձեռքից եկածը: Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական հարց է և անպայման պետք է ամբողջացվի»: 2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարեց. «Զանգեզուրի հարցը արագ լուծելը… կնպաստի 2 երկրների հարաբերությունների հզորացմանը»: Իր մեկ այլ ելույթում Էրդողանը, անդրադառնալով «միջանցքին», հայտարարում էր. «Օրը կգա, երբ Զանգեզուրից դուրս կգանք և կկարողանանք գալ Ստամբուլ»:
Բացի
նախագահներից, Թուրքիայի և Ադրբեջանի բազմաթիվ այլ պաշտոնյաներ նույնպես արտահայտվել
են «միջանցքի» մասին, որպես իրենց երկրների համար գերկարևոր քաղաքական խնդիր: Օրինակ՝
2021 թվականի մայիսի 25-ին Ադրբեջանի խորհրդարանի տարածաշրջանային հարաբերությունների
հանձնաժողովի նախագահ Նովրուզովը հայտարարեց, որ պատերազմից հետո Ադրբեջանի առջև կանգնած
4 հիմնական խնդիրներից մեկը «ինչ գնով էլ լինի՝ Զանգեզուրի միջանցքի բացումն է», որին
պետք է ծառայեն Ադրբեջանի բոլոր ջանքերը:
2021
թվականի հունիսի 15-ին օկուպացված հայկական Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների
կողմից ստորագրվեց «Շուշիի հռչակագիրը», որի կետերից մեկում ասվում է հետևյալը. «Կողմերը
հայտնում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը միավորող Ադրբեջանի Հանրապետության արևմտյան
շրջանների և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի
բացումը և որպես վերոնշյալ միջանցքի շարունակություն Նախիջևան-Կարս երկաթգծի կառուցումը
ներդրում կունենան 2 երկրների միջև տրանսպորտային-հաղորդակցային հարաբերությունների
խորացման համար»: Միաժամանակ, «Շուշիի հռչակագրով» «Զանգեզուրի միջանցք» եզրույթին
տրվեց «կարգավիճակ», ինչից հետո այն դարձավ թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական պետական-պաշտոնական
հռետորաբանության մեջ կիրառվող գլխավոր տարբերակը, որը մեխանիկորեն իր ազդեցությունն
ունեցավ հանրային, փորձագիտական և մամուլի խոսույթում:
Թուրքիայի
և Ադրբեջանի հարավկովկասյան քաղաքականության համար «Զանգեզուրի միջանցքի» գերկարևորության
մասին է վկայում այն փաստը, որ այն վերածվել է Հայաստանի հետ վարվող բանակցությունների
գլխավոր նախապայմաններից մեկին, և չնայած որ Հայաստանից բազմիցս հնչել է պաշտոնական
հայտարարություն առ այն, որ դեմ են «միջանցքային տրամաբանությամբ» որևէ նախաձեռնության,
սակայն թուրք-ադրբեջանական հռետորաբանության մեջ այդ հարցը ներկայացվում է իբրև թե
Հայաստանի կողմից տրված խոստում: Արցախի ամբողջական օկուպացիայից հետո՝ 2023 թվականի
սեպտեմբերի 19-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում Էրդողանը հայտարարեց,
որ «սպասում ենք, թե երբ է Հայաստանը կատարելու իր խոստումները՝ առաջին հերթին «Զանգեզուրի
միջանցքի» բացումը»: Մի քանի օր անց Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «միջանցքի»
բացումը դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապամանն է. «Ես կցանկանայի
ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պատրաստ ենք Հայաստանի ղեկավարության հետ քայլ առ քայլ
զարգացնել մեր հարաբերությունները, եթե այն սկսի կատարել իր խոստումները: Մասնավորապես,
խոսքը «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին է»: Ավելի ուշ՝ 2024 թվականի հուլիսին Էրդողանը
նշում էր, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության համաձայնագրի վերջնական, այն
ամփոփող քայլն է… Ադրբեջանի, Ալիևի համար այդ միջանցքը շատ կարևոր է»:
«Միջանցքի»
հարցը որպես Հայաստանին ներկայացվող թուրք-ադրբեջանական նախապայման բացահայտ և լայնորեն
տարածված է այդ երկրների քաղաքական շրջանակներում: Այդպիսի օրինակ է Թուրքիայի խորհրդարանի
պատգամավոր, «Լավ» կուսակցության անունից հանդես եկող Ահաթ Անդիջանի ելույթը, որում
նա ևս նշում է միջանցքը որպես Հայաստանի հետ սահմանների բացման գլխավոր նախապայման.
«Հարգելի՛ գործընկերներ, ես ձեր այն ընկերն եմ, որ 1996 թվականի կառավարության ծրագրում
մտցնել եմ տվել այն հոդվածը, որ «Քանի դեռ Ադրբեջանը չի հաստատել, որ Ղարաբաղի հարցը
լուծված է, Թուրքիան չի բացելու այդ սահմանը»: Ավելի ուշ, երբ նախարար էի, դա գրել
եմ տվել նաև 55-րդ կառավարության ծրագրում: Իսկ այժմ, ճակատագրական կետը հետևյալն է:
Այդ սահմանի բացումը Թուրքիան պետք է տեղափոխի այլ հարթակ և պետք է ասի, որ «Զանգեզուրի
անցումւ բացման դեպքում ես կբացեմ այս սահմանը: Իսկ եթե հարց ունեք Զանգեզուրի՝ այսինքն
Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի թեմայով, ապա սահմանները բացելու տարբերակ
չկա»: Սա պետք է ասվի և մի բան պետք է արվի»:
Այդ
համատեքստում, բացի նախապայմաններ առաջ քաշելուց, Թուրքիան և Ադրբեջանը հնչեցնում են
նաև սպառնալիքներ՝ ուղղված «միջանցքի» բացման դեմ հարուցվող « հնարավոր բոլոր խոչընդոտներին»:
2021 թվականի մարտի 5-ին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում նախագահ
Ալիևը հայտարարեց, որ «Այսօր Հայաստանը խուսափում է համագործակցությունից: Փորձում
է խանգարել «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը: Բայց չի հաջողելու: Մենք կստիպենք,
կստիպե՛նք: Մենք կհասնենք մեր առջև դրված նպատակներին, ինչպես որ նրանց վռնդեցինք մեր
հողերից»: Հետագա հայտարարություններում սպառնալիքներն ավելի բացահայտ և սուր բնույթ
էին կրում և Ադրբեջանի նախագահի կողմից պարբերաբար հնչում են հարցը ուժով լուծելու
հայտարարություններ. «Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը, ուզում է դա Հայաստանը,
թե ոչ: Եթե կուզի, ապա ավելի հեշտությամբ կլուծենք, եթե չուզի, կլուծենք ուժով: Այնպես,
ինչպես մինչև պատերազմը և դրա ընթացքում ես ասում էի, որ նրանք իրենց կամքով պետք է
կորչեն հեռու մեր հողերից կամ էլ մենք ուժով նրանց կվռնդենք: Այդպես էլ եղավ: Այդպիսին
էլ կլինի Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը»: 2025 թվականի հունվարին Ալիևը հայտարարեց,
որ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի: Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան
լավ: Մենք չենք կարող մնալ նման իրավիճակում: Ինչո՞ւ մենք պետք է երթևեկենք Նախիջևան,
որն Ադրբեջանի անքակտելի մասն է, տարբեր ուրիշ ճանապարհներով: Մենք պետք է ունենանք
ուղիղ կապ… Արդեն ավելի քան 4 տարի մենք համբերատար սպասում ենք: Արդեն ավելի քան
4 տարի մենք ուզում ենք, որ այս հարցը բանակցությունների ճանապարհով լուծվի: Որքա՞ն
մենք պետք է սպասենք և ինչո՞ւ պետք է սպասենք: Այսինքն՝ նրանք դա պետք է հաշվի առնեն:
Ես մի անգամ ասել եմ. չարժե, որ նրանք մեզ նյարդայնացնեն, և նրանք պետք է հասկանան,
որ այստեղ ձայնի իրավունքը մեզ է պատկանում: Ադրբեջանը Հարավային Կովկասում առաջատար
տնտեսություն է, առաջատար ռազմական ուժ և առաջատար պետություն: Ժամանակակից աշխարհում
ուժի գործոնն առաջնային պլանում է, և ոչ մեկ չպետք է մոռանա այդ մասին»: Նմանատիպ սպառնալիքներ
պարունակող հայտարարություններն ունեն պարբերական բնույթ:
2020 թվականից սկսած թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը մշտապես բարձրաձայնել են «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին՝ որպես խաղաղության և Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման նախապայման: Հետաքրքրական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեմն դիմում է տարբեր մանևրների, օրինակ՝ առաջին շրջանում Թուրքիան պաշտոնական մակարդակում «միջանցքի գաղափարը» հաճախ ներկայացնում էր որպես «Ադրբեջանի նախագիծ», ինչը պատմական և տարաբնույթ այլ փաստերի լույսի ներքո հերքվում է, քանի որ իրականությունը լիովին այլ է, ու դա հստակ թուրք-ադրբեջանական դարավոր ծրագիր է: Հենց Ադրբեջանից հնչող հայտարարություններն են վկայում, որ Թուրքիան մասնակից կողմ է: 2021 թվականի ապրիլին Ալիևը հայտարարել է. «Ինչպես գիտեք, այսօր մենք բանակցում ենք ապաշրջափակման և հատկապես Զանգեզուրի միջանցքի բացման համար: Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության: Թեև Թուրքիան եռակողմ աշխատանքային խմբի անդամ չէ (նկատի ունի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի խումբը), սակայն մենք տեղեկություններ ենք տրամադրում այն հարցերի շուրջ, որոնք բանակցում ենք»:
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»
Comments
Post a Comment