ՀՀ տարածքով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհի մասին առաջին խոսակցությունները հայտնվեցին 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում: 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, երբ դեռ ռազմաճակատի մեծ մասում իրավիճակը շարունակում էր գտնվել հայկական բանակի վերահսկողության ներքո, թուրք հայտնի քաղաքական գործիչ, Թուրքիայի իշխող «ժողովրդական դաշինքի» անդամ հանդիսացող Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հավատում եմ, որ անպայմանորեն տրորելու ենք օձի գլուխը: Այս զարգացումների համատեքստում պարտադիր պայման է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապվի Ադրբեջանի Հանրապետությանը, դա պատմական անհրաժեշտություն է, շուտափույթ մի կարիք. թերևս կարելի է ասել, որ կյանքի-մահվան հարց է: Այս միավորման արդյունքում որպես 1 ձայն, 1 շունչ, 1 սիրտ պայքար կմղվի թշնամու դեմ»: Պատերազմական օրերին թուրք գործչի կողմից արված այս հայտարարությունը մեծ ուշադրության չարժանացավ և ընկալվեց որպես հերթական քարոզչական դրվագ: Բահչելիի խոսքում չէր օգտագործվել «միջանցք» բառը: Սակայն պատերազմի ավարտից անմիջապես հետո տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ Բահչելիի վերոնշյալ հայտարարությունը պատահական չէր և բացահայտում էր Թուրքիայի համար արցախյան պատերազմում հետապնդած գլխավոր նպատակներից մեկը, այն է՝ ուղիղ անխոչընդոտ ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի հետ: Ադրբեջանի հետ ցամաքային անխոչընդոտ կապի մասին հաջորդ հիշատակումները և քննարկումները մեկնարկեցին 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո: Հետպատերազմյան առաջին օրերին այդ գործում էական դերակատարում ունեցան թուրքական խոշորագույն մեդիաները, որոնք թե՛ թուրքական ու ադրբեջանական, թե՛ արտասահմանյան լսարանին ուղղված իրենց բազմաթիվ նյութերում սկսեցին հետևողականորեն անդրադառնալ «Նախիջևանը Ադրբեջանին միացնող միջանցքին»: Ընդ որում, տեղեկատվական այդ արշավը ցամաքային կապի գաղափարը ներկայացնում էր որպես կայացած փաստ և եռակողմ հայտարարության գլխավոր ձեռքբերումներից մեկը: Մեդիա արշավը մեկնարկեց նոյեմբերի 11-ին, երբ պետական ու մերձիշխանական համապետական պարբերականների մի զգալի մասը, անդրադառնալով «Ղարաբաղում ձեռքբերված համատեղ հաղթանակին», անպայման նշում էր Թուրքիա-Ադրբեջան ցամաքային կապի ձևավորման «իրողությունը»: Այդ նյութերի մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցից որոշներում քարոզչական ուղերձների թվում «միջանցքի» գաղափարը կենտրոնական տեղ էր զբաղեցնում: Այսպես, մերձիշխանական «TGRT Haber» հեռուստաընկերությունը նոյեմբերի 11-ին իր լրատվական թողարկման ռեպորտաժներից մեկը վերնագրել էր «Թուրքիան ցամաքային ճանապարհով միանում է Ադրբեջանին»: Նույն օրը հեղինակավոր «Milliyet» թերթի «Թյուրքական աշխարհը գրկախառնվեց» վերնագրով խմբագրական հոդվածի ենթավերնագրում նշվում էր, որ «Նախիջևանի ու Ադրբեջանի միջև Հայաստանի տարածքներով նախատեսվող միջանցքն առաջին անգամ ցամաքային ճանապարհով կմիավորի Թուրքիան և Ադրբեջանը»: Մերձիշխանական «Turkiye» օրաթերթի խմբագրականը վերնագրված էր «Միջանցք դեպի Բաքու», որի հիմնական շեշտը հետևյալն էր. «Թուրքիան Ղարաբաղի տարածքով կապվելով Բաքվի և Միջին Ասիայի հետ՝ մեծացնելու է տարածաշրջանում իր հզորությունը»: Նույն օրը եռակողմ համաձայնագրում «Նախիջևանի հետ միջանցքի բացումը» ձեռքբերում է համարում նաև պահպանողական ու իսլամամետ «Karar» օրաթերթը: Օրվա խմբագրականներում միջանցքի մասին նույնաբովանդակ հիշատակումներ էին առկա նաև այլ՝ ավելի փոքր տարածում ունեցող պարբերականներում և թերթերում: Կարևոր է նաև արձանագրել, որ «միջանցքի» հարցում վերոնշյալ դիրքորոշումն առկա էր քաղաքական դաշտի գրեթե բոլոր բևեռները ներկայացնող ԶԼՄ-ներում, ինչը թույլ է տալիս պնդել, որ դա այս հարցում առկա թուրքական ընդհանուր մոտեցումն է: Պետք է հավելել, որ այդ խմբագրականները մեծամասամբ ուղեկցվում էին նաև համապատասխան քարտեզներով, որոնցում որպես «միջանցք» էր ցուցադրվում Սյունիքի ամբողջ հարավային հատվածի վրայով անցնող ուղին: Հաջորդող օրերին և շաբաթներին թուրքական պետական և մերձիշխանական մեդիան ակտիվորեն շարունակեց «միջանցքի» գաղափարի հանրայնացումը՝ հնարավոր բոլոր ձևաչափերով: Նոյեմբերի 12-ին թուրքական պետական TRT հեռուստաալիքն ուղիղ եթերում անդրադարձ կատարեց «Նախիջևան-Ադրբեջան միջանցքին»: Եթերին միացած թուրք լրագրող Մուսլուն Նախիջևան-Հայաստանի Հանրապետություն սահմանային փակ անցակետի մոտակայքից ներկայացնում էր նշված տարածքը որպես վերոնշյալ միջանցքի մեկնակետ, իսկ եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ որպես «Թուրքիան և Ադրբեջանը առաջին անգամ իրար միացնող ռազմավարական ցամաքային ճանապարհ»: Նոյեմբերի 14-ին Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակեց «Նախիջևանի միջանցքով կստեղծվի Թուրքիա-Միջին Ասիա գիծը» վերլուծական հոդվածը, որում հեղինակը պնդում էր, որ «Լեռնային Ղարաբաղի օպերացիան ավարտող համաձայնագրի ամենակարևոր նվաճումը Նախիջևանի և Ադրբեջանի միջև միջանցքի ստեղծումն է», որի շնորհիվ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իմաստով նոր շրջափուլ է բացվելու: Վերոնշյալ ժամանակահատվածում նմանօրինակ բազմաթիվ այլ հրապարակումներ և տեղեկատվական նյութեր էին հայտնվում թե՛ տեղական, թե՛ համապետական նշանակության թուրքական ԶԼՄ-ներում: Հաշվի առնելով Թուրքիայի մեդիա դաշտի առանձնահատկությունները, և մասնավորապես իշխանությունների կողմից տարբեր միջոցներով տեղեկատվական դաշտի վրա գրեթե լիարժեք վերահսկողություն ունենալու փաստը՝ կարելի է պնդել, որ «միջանցքի» շուրջ առկա տեղեկատվական արշավը ոչ թե պատահականության, այլ պետական քարոզչամեքենայի կողմից նախաձեռնված և համակարգված գործողությունների արդյունք էր: Արշավի կազմակերպման արագությունից կարելի է նաև եզրակացնել, որ այն ծրագրվել էր նոյեմբերի 9-ի իրադարձություններից շատ ավելի վաղ և ԶԼՄ-ները, ըստ էության, նախապատրաստված էին ու օպերատիվ կերպով ընդգրկվեցին գործընթացում:
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments
Post a Comment