Skip to main content

ԽՍՀՄ փլուզումն ու սողացող պանթյուրքիզմի ակտիվացումը

 

ԽՍՀՄ փլուզումից հետո, բնականաբար, Թուրքիան անմիջապես ակտիվացրեց իր քաղաքականությունը նախկին խորհրդային թյուրքալեզու պետությունների ու, առաջին հերթին, Ադրբեջանի նկատմամբ: Այդ քաղաքականության մեջ ակնհայտորեն գերիշխում էր պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, որը դրսևորվում էր և՛ թուրքական պետական հռետորաբանության մեջ, և՛ իրականացվող քայլերում: Արցախյան առաջին պատերազմի տարիներին չկարողանալով բացահայտ միջամտել ռազմական գործողություններին՝ Թուրքիան իրականացնում էր ոչ միայն ուղիղ և անուղղակի ռազմական օգնություն Ադրբեջանին, այլև ձեռնարկում էր ստրատեգիական, լոգիստիկ ու խորհրդանշական իմաստ ունեցող քայլեր: Դրանց թվում կարևոր էր Թուրքիայի և Նախիջևանի միջև Արաքս գետի վրա 1991-1992 թվականներին կառուցված կամուրջը, որը պաշտոնապես անվանվում է «Հույսի կամուրջ», սակայն դրա համար լայնորեն կիրառվում է նաև «Կարոտի կամուրջ» ձևակերպումը: Ե՛վ պաշտոնական, և՛ ժողովրդի մեջ տարածված անվանումները՝ հույս, կարոտ, իրենց մեջ պարունակում են հստակ ենթատեքստ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ գաղափարախոսական: 1992 թվականի մայիսի 28-ին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Հեյդար Ալիևի կողմից տեղի է ունենում կամրջի պաշտոնական բացումը, որի ընթացքում հնչած ելույթներում թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները շեշտում են այդ կամրջի կարևոր դերը և, իհարկե, կիրառում պանթյուրքական հռետորաբանություն՝ հիշելով Աթաթյուրքի Նախիջևանի համար տված բնութագրումը՝ «թյուրքական դարպաս»: Իսկ ոչ պաշտոնական «Կարոտի կամուրջ» անվանումը մեկնաբանում են որպես «թյուրքական հայրենիքի» 2 հատվածների՝ Թուրքիայի ու Նախիջևանի «70 տարի տևած կարոտի ավարտ»:

ԽՍՀՄ փլուզումից հետո և շարունակվող արցախյան պատերազմի ընթացքում երբեմն-երբեմն քաղաքական շրջանակներում ակտիվանում է տարածքների փոխանակման միջոցով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կարգավորելու տարբերակը: Մասնավորապես առաջարկվում էր, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակեն Մեղրին և Լեռնային Ղարաբաղը, ընդ որում խոսվում էր ինչպես ամբողջ մարզերի, այնպես էլ դրանց որոշակի հատվածների փոխանակման մասին: Այս առաջարկը տարբեր, երբեմն էլ աղավաղված կերպով, տեղափոխվեց նաև մամուլի էջեր՝ առաջ բերելով քաղաքական խոսույթ կամ քաղաքական միֆ «Մեղրին հանձնելու» մասին, որը մինչև այսօր էլ հաճախ խեղաթյուրված, հատվածական ու կիսաճշմարտությունների ձևով տարածվում է հայկական հասարակության մեջ: Այս հարցի քաղաքականացման գործընթացում ակնհայտ փաստերը, իրողությունները, արդյունքները հաճախ անտեսվել են կամ ներկայացվել ըստ պահի թելադրած քաղաքական նպատակահարմարության և ընդգծված սուբյեկտիվ կերպով:

Նախ՝ Մեղրիի և Արցախի կամ դրանց որոշ շրջանների, այնտեղի բնակչության փոխանակման գաղափարը ԽՍՀՄ-ում տարբեր մակարդակներով հնչեցվել է և միշտ հանդիպել Խորհրդային Հայաստանի ղեկավարության կոշտ անհամաձայնությանը, ինչի մասին արդեն խոսվել է: Վատ քողարկված պանթյուրքական այս ծրագիրը որպես հայ-ադրբեջանական արյունալի կոնֆլիկտի հետագա սրացումը կանխելու հնարավորություն դիտարկել են նաև չեզոք, կամ խաղաղության իրական կողմնակից անձինք ևս. նրանցից է օրինակ խորհրդային հայտնի իրավապաշտպան, ակադեմիկոս Անդրեյ Սախարովը: Սակայն հարցի քաղաքական «շարժիչը» և հիմնական շահառուն Թուրքիայի Հանրապետությունն էր, որը տվյալ խնդրի շրջանակներում գործում էր երբեմն քողարկված, երբեմն՝ բաց: Տարածքների փոխանակման հարցի շուրջ թուրքական բաց խաղի փուլը համընկնում է ԽՍՀՄ փլուզմանն անմիջապես հաջորդած ժամանակաշրջանի հետ, և այդ խնդրի առաջ մղողներից մեկը Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալն էր, որն իրենց վաղեմի պանթյուրքական նպատակի՝ «թյուրքական աշխարհի» հետ ցամաքային կապ հաստատելու համար պատրաստ էր թվացյալ մեղմ քայլի՝ «տարածք տարածքի դիմաց» բանաձևի: Իր այդ գաղափարի մասին Օզալը խոսում է 1992 թվականի ապրիլի 28-ին ԱՄՆ նախագահ Բուշ Ավագի հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է լինում նաև պետքարտուղար Ջեյմս Բեյքերը: Զրույցի մանրամասները, որոնք առկա են ամերիկյան արխիվների բացահայտված փաստաթղթերում, ներկայացված են ամերիկագետ Սուրեն Սարգսյանի մենագրության մեջ. «ԼՂ բնակչության 80 տոկոսը հայ է, 20 տոկոսը՝ ադրբեջանցի: Նրանք կարող են փոխանակել տարածքները. Լեռնային Ղարաբաղն անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանա Հայաստանի այն մասը, որն Ադրբեջանը բաժանում է 2 մասի: Ստալինն է սահմաններն այստեղ գծել: Նա Ադրբեջանը բաժանել է, որ տա հայերին ու դրանով կաշառի,- ասում է Թուրքիայի նախագահը:

-Ի՞նչ տեղի կունենա այն հայերի հետ, որոնք ապրում են երկրի հարավում, այն մասում, որը Դուք ուզում եք տալ Ադրբեջանին,- հարցնում է պետքարտուղար Բեյքերը:

-Ընդհանուր առմամբ, առավելագույնը 50.000 մարդ ստիպված կլինի տեղափոխվել: Հակառակ պարագայում այս պատերազմը հավերժ կշարունակվի»:

Թուրքիայի համար Մեղրին տիրելու շահագրգռվածության ու դրա կարևորության մասին է փաստում պաշտոնական Անկարայի ցուցաբերած հետևողական նախաձեռնողականությունը, որի մասին պատմում է Օզալի խորհրդական, հայտնի լրագրող Ջենգիզ Չանդարը. «1991 թվականին Օզալն ինձ ուղարկեց Բաքու մի առաջարկությամբ, որով փորձում էր Ղարաբաղի հարցում ճշտել Մութալիբովի ճկունությունը: Ըստ այդ առաջարկության՝ Ադրբեջանը Հայաստանին զիջում է Լաչինը և Ղարաբաղի մի մասը, իսկ Ղարաբաղի մյուս մասը՝ Շուշիով, ինչպես նաև Մեղրին, տրվում է Ադրբեջանին: Մութալիբովն ասաց, որ չի կարող ընդունել այդ առաջարկությունը: Ես մտածեցի, թե նա հաշվի է առնում Իրանի գործոնը: Մութալիբովի բացատրությունն այլ էր: Նա ասաց, որ Զանգեզուրը եղել է ադրբեջանական հող, և Ստալինն է տվել Հայաստանին: Ինչու մենք պետք է ադրբեջանական Լաչինը փոխանակենք ադրբեջանական Զանգեզուրի հետ»:

Թուրքական առաջարկը տարածքների փոխանակման մասին և ստրատեգիական գերկարևոր նշանակություն ունեցող Մեղրիին տիրելու և թվացյալ «փոխզիջումային տարբերակ», քանի որ առանց Մեղրիի և Հայաստան-Իրան սահմանի սկիզբ էր դրվելու Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան պետության, դեմոնտաժի գործընթացին, որի տևողությունն այլևս երկրորդական էր: Գերնպատակը «թյուրքական աշխարհի» հետ ցամաքային կապի ստեղծումն էր, որի միակ խոչընդոտը շարունակում էր մնալ Հայաստանը, և այս պանթյուրքական մտածողության ամենաբացահայտ դրսևորումը Թուրքիայի վարչապետ, իսկ հետո նաև նախագահ Սուլեյման Դեմիրելի 1992 թվականի Թեհրանում արած այն հայտարարությունն էր, որում նա Հայաստանը բնութագրեց որպես «անիծյալ սեպ»:

«Մեղրին հանձնելու» միֆը հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում ունի մեկ այլ ճանաչված ու տարածված անվանում կամ ենթավերնագիր ևս՝ «Գոբլի պլան»: Այս անվանումը կապված է ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից Պոլ Գոբլի հետ, ով 1990-ականների սկզբին հանձնարարություն է ստացել որոշակի մշակված տեսքով փաստաթուղթ կամ տեղեկանք պատրաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման հնարավորության մասին: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը տասնամյակներ անց անձամբ հանդիպել է Պոլ Գոբլի հետ և զրուցել իր աղմուկ հանած ծրագրի մասին: Քաղաքական միֆի անուղղակի հեղինակն ու անվանակոչողը՝ Գոբլը, պատմել է, որ 1990-ականներին լինելով Պետդեպարտամենտի աշխատակից՝ հանձնարարության շրջանակներում պատրաստել է փաստաթուղթ-առաջարկ Արցախի խնդրի կարգավորման հետ կապված, որը ենթադրում էր տարածքների փոխանակում: Ուշագրավ է, որ Մեղրին Արցախի հետ փոխանակելու առաջարկի հեղինակ Գոբլը տարիներ հետո շատ անկեղծ խոստովանել է, որ հույս չի էլ ունեցել, թե դա ուշադրության կարժանանա կամ աղմուկ կբարձրացնի: Բայց երբ ԱՄՆ պետքարտուղար Բեյքերը հղում է արել իր պլանին, այն ձեռք է բերել համաշխարհային ճանաչում. «Նրա խոսքով հենց դա անուն տվեց իր ծրագրին և այն դարձրեց շատ ավելին, քան իրականում էր»:

Անկարան տարածքների փոխանակմամբ Սյունիքով Ադրբեջանին կապվելու ծրագիրը շրջանառության մեջ է դրել նաև ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք: 1997 թվականին, ըստ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերի, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը զանգահարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին և կրկին առաջարկել ղարաբաղյան հարցը լուծել «սահմանների փոփոխության» տարբերակով: Փաստաթղթում նշվում էր, որ «Օյմենն ասաց, որ խոսել է Թուրքիայի նախկին վարչապետ Էջևիթի հետ, ով մի գաղափար է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ տարածաշրջանում սահմանների փոփոխություն, որի դեպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կզիջի Հայաստանին, Հայաստանն էլ տարածքային զիջումներ կանի Ադրբեջանին»: Սակայն, ԱՄՆ փոխպետքարտուղարը նշում է, որ զգուշավոր է այս առաջարկի հարցում, և որ այն կարող է հակամարտության կողմերին շեղել Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներից: Էջևիթի առաջարկն անընդունելի է եղել հայկական կողմի համար, ինչի մասին ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտնել է Թալբոթին 1997 թվականի մի հանդիպման ընթացքում:

Տարածքների փոխանակման գաղափար-ծրագիրը շրջանառվել է նաև 1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սակայն պետք է հստակ փաստել, որ հայկական իշխանությունները սկզբունքորեն դեմ են արտահայտվել այդ ծրագրին: Հայաստանի իշխանությունների այս մոտեցումն արտացոլված է տարբեր միջազգային հանդիպումներում, և այդ մասին հրապարակումներ կարելի է հանդիպել անգամ ժամանակի ընդդիմադիր մամուլում: Նմանատիպ օրինակներից է «Հայկական ժամանակ» թերթի ստորև մեջբերվող հրապարակումը. «Հարկ է նաև հիշեցնել, որ Քոչարյանը մի քանի անգամ նշել է, թե անընդունելի է համարում տարածքների փոխանակման գաղափարը: Վարչապետ Մարգարյանը, զրուցելով եռանախագահների հետ, ասել է, որ անընդունելի են նույնիսկ խոսակցությունները տարածքային փոխանակման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքները դարձնել քննարկման առարկա»:

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...