1920
թվականի վերջին քեմալա-բոլշևիկյան բանակցություններում Թուրքիան նպատակադրված էր ամրագրել
նախորդող ամիսներին իր տարածքային ձեռքբերումները Հարավային Կովկասում և դարձյալ փորձել
ստանալ Ադրբեջանի հետ ուղիղ ցամաքային կապ: Ընդ որում՝ այն դիտարկվում էր երկարաժամկետ
հեռանկարում որպես ոչ միայն Ադրբեջանի, այլ ամբողջ թյուրքական աշխարհի հետ կապի ապահովման
անհրաժեշտ պայման: Քեմալականները համոզված էին, որ բարենպաստ աշխարհաքաղաքական իրադրության
պայմաններում ամրագրված նույնիսկ նվազագույն ձեռքբերումը թույլ կտա նորից հավակնել
թյուրքական աշխարհի վրա Թուրքիայի քաղաքական ազդեցության գոտու ձևավորմանը: Այս տրամաբանությունից
ելնելով՝ Մոսկվայում բանակցություններ վարող թուրքական պատվիրակության ղեկավար Քեմալին
ուղղված իր հրահանգում Մուստաֆա Քեմալը նշել էր. «Նախիջևանը թյուրքական դարպասն է:
Այս հանգամանքը ուշադրության կենտրոնում պահելով՝ արե՛ք առավելագույնը»: Պահպանվել
է նաև Ստալինի և Քեմալի միջև զրույցի արձանագրությունը, որը տեղի է ունեցել Մոսկվայում՝
բանակցությունների ընթացքում, և որում ի պատասխան Ստալինի «ինչո՞ւ եք այդքան համառում
Նախիջևանի մասով» հարցմանը՝ Քեմալը նշել է, որ «Դա թյուրքական դարպասն է, այդ պատճառով»:
Սկսված
բանակցություններում թուրք-ադրբեջանական տանդեմը նախ պետք է հասներ Նախիջևանի հանդեպ
թուրքական վերահսկողության հաստատման: Դրանից հետո վերջինիս հետ ուղիղ ցամաքային կապի
ապահովման համար անհրաժեշտ էր ևս 2 երկրամասի հանդեպ թուրքական վերահսկողության հաստատում:
Առաջինը Սուրմալուի գավառն էր, որը գրավվել էր 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի
ժամանակ և անհրաժեշտ էր իրավական հաստատում տալ այս նվաճմանը: Սակայն դա էլ բավարար
չէր, որպեսզի ուղիղ կապ հաստատվի Նախիջևանի հետ, քանի որ Սուրմալուի և Նախիջևանի արանքում
սեպի պես խրված էր Երևանի գավառի հարավարևմտյան հատվածը, որը մաս էր կազմում Խորհրդային
Հայաստանի տարածքի: Այն ձգվում էր Արարատ կայարանից մինչև Գայլի Դրունք կոչվող վայրը՝
ձևավորելով յուրահատուկ «եռանկյուն գոտի»: Ուստի կարելի է ասել, որ բոլշևիկյան Ռուսաստանի
հետ բանակցություններում թյուրքական աշխարհի հետ կապ ապահովելու համար Թուրքիան ուներ
3 խնդիր՝ թուրքական վերահսկողություն ապահովել համապատասխանաբար Նախիջևանի, Սուրմալուի
և «եռանկյուն գոտու» վրա:
Բանակցությունների
ընթացքում պարզ դարձավ, որ Նախիջևանը հնարավոր չէ կցել Թուրքիային, քանի որ դա չէր
բխում բոլշևիկյան շահերից և վերջիններս ընկալում էին այն որպես Կովկասի վրա լիարժեք
ազդեցություն ունենալու կարևոր հանգրվան: Ելնելով նշված իրավիճակից՝ քեմալականները
հետամուտ եղան, որ այն ոչ մի դեպքում չանցնի Հայաստանին և որևէ կարգավիճակով տրվի Խորհրդային
Ադրբեջանին՝ այդպիսով ապահովելով թեկուզ ընդհանուր առմամբ խորհրդային, սակայն էությամբ
թյուրքական իրավասություն Նախիջևանի վրա: 1920 թվականի Սուրմալուի ռազմական նվաճումը
թույլ տվեց բանակցությունների ժամանակ հայկական այդ տարածքի բռնակցումը Թուրքիային
ձևակերպել որպես հստակ պահանջ և հասնել դրա ճանաչմանը բոլշևիկների կողմից: Մոսկվայի
բանակցություններում չլուծված պետք է մնար միայն «եռանկյուն գոտու» հարցը:
Մի
քանի ամիս տևած բարդ բանակցությունների արդյունքում Մոսկվայում 1921 թվականի մարտի
16-ին կնքվում է քեմալա-բոլշևիկյան «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրը: Սակայն
այն, ըստ էության, Հարավային Կովկասի սահմանազատման փաստաթուղթ էր, որով 2 կողմերը
նշված տարածաշրջանի վրա իրենց ազդեցության գոտիներն էին բաժանում: Եվ կարելի է ասել,
որ 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը թղթով ամրագրեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև
Հարավային Կովկասի համար պայքարի հերթական փուլի արդյունքները: Մոսկվայի պայմանագրով
բոլշևիկյան Ռուսաստանը ճանաչեց Հարավային Կովկասի մի շարք կարևոր տարածքների անցումը
Թուրքիային: Նախիջևանի մարզը ձևավորվեց որպես ինքնավար հանրապետություն՝ Ադրբեջանի
խնամակալության ներքո, իսկ Հայաստան-Թուրքիա նոր սահմանն անցավ Արաքս և Ախուրյան գետերի
ջրբաժանով՝ այդպիսով Թուրքիային թողնելով նաև Սուրմալուի գավառը: Թուրքական պատվիրակության
անդամների վերադարձից հետո Մուստաֆա Քեմալը վերջիններիս հետ հանդիպմանը հայտարարել
է. «Մեր այդ դուռն ապահովում է մեր գոյությունը: Մեզ համար դա է կարևոր»:
Մոսկվայի
պայմանագրի արդյունքներով Թուրքիա-Ադրբեջան ցամաքային կապի ապահովման համար միակ չլուծված
հարցը մնաց «Եռանկյուն գոտին», որի հարցում Թուրքիան ցուցաբերում էր մեծ համառություն:
Բանակցություններում քեմալականները և Խորհրդային Ադրբեջանը ձգտում էին Երևանի գավառի
հարավային այդ հատվածը ևս կցել Նախիջևանին՝ այդպիսով ապահովելով ընդհանուր ցամաքային
սահման: Մոսկվայի կոնֆերանսում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Յուսուֆ Քեմալը հայտարարում
էր, որ «եռանկյուն գոտու» հարցը խիստ կարևոր է Թուրքիայի արևելյան սահմանների պաշտպանության
տեսակետից:
Մոսկվայի
պայմանագրի նախընթաց բանակցություններում Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմ Չիչերինի
և թուրքական պատվիրակության միջև տեղի ունեցած երկար բանավեճից հետո կողմերն ի վերջո
համաձայնեցին, որ Գայլի Դրունքից հյուսիս-արևմուտք ընկած «եռանկյուն գոտու» հատվածը
համարվում է վիճելի և նրա պատկանելության հարցը կլուծվի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի
ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Ուստի հետագա մի քանի ամիսներին՝
մինչև Կարսի խորհրդաժողովի անցկացումը, քեմալականները և Խորհրդային Ադրբեջանն իրենց
ուժերը կենտրոնացրին լուծելու այդ տարածքի հարցը, թեև դրա համար որևէ իրավական հիմք
առկա չէր: Ակնհայտ էր, որ այդ՝ առաջին հայացքից անապատային հողակտորի համար կատաղի
պայքարն իրականում հետապնդում էր կարևորագույն պանթյուրքական նպատակ: Պատահական չէ
նաև, որ Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմ Չիչերինը բավական երկար դիմադրում էր
այս հարցում՝ փորձելով «եռանկյուն գոտին» պահել Խորհրդային Հայաստանի կազմում, թեև
այլ հայկական տարածքների հետ կապված հարցերում երբեք այդպիսի համառություն ցույց չէր
տվել: Կարելի է ենթադրել, որ վերջինս կռահել էր քեմալականների պահանջի պանթյուրքական
էությունը:
Չնայած
Խորհրդային Ռուսաստանի ու Հայաստանի դիվանագետների փորձերին՝ «եռանկյուն գոտին» ամբողջությամբ
պահել չստացվեց: 1921 թվականի ընթացքում մի քանի ամիս տևած դիվանագիտական պայքարից
ու նաև բոլշևիկյան որոշակի շրջանակների ճնշման ներքո ի վերջո՝ Խորհրդային Հայաստանի
կառավարությունը նույն թվականի ամռանը համաձայնեց պահել «եռանկյուն գոտու» միայն հյուսիսային
հատվածը, իսկ հարավայինը զիջեց Նախիջևանին, այսինքն՝ Ադրբեջանին: Այսպես Երևանի գավառի
հարավարևելյան մի հատվածը ևս կտրվեց Խորհրդային Հայաստանից և միացվեց Նախիջևանի երկրամասին,
որով և ապահովվեց թուրք-ադրբեջանական ընդհանուր սահմանի առկայությունը Ուրմիա գյուղից,
մինչև Ստորին Կարասու գետի՝ Արաքս գետին միախառնվելու հատվածը: «Եռանկյունու» այդ հատվածն
ուներ շուրջ 9-10 կմ երկարություն, սակայն այն վերածվեց կարևորագույն ռազմավարական
նշանակության գոտու, քանի որ ապահովում էր Թուրքիա-Նախիջևան՝ Ադրբեջան ուղիղ ցամաքային
կապը: Այս հարցում մեծ ներդրում ունեին ադրբեջանցի բոլշևիկները, որոնք տարաբնույթ միջոցներով
կարողացան հասնել նշված արդյունքին:
Տարածքային և ռազմավարական այս նվաճումները քեմալականները ամրագրեցին 1921 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի թուրք-անդրկովկասյան «Բարեկամության պայմանագրով»: Այն չնչին փոփոխություններով վերահաստատեց Մոսկվայի պայմանագրով որոշված թուրք-անդրկովկասյան սահմանը: Կարսի պայմանագրով հաստատվեց նաև Նախիջևան-Հայաստան-Թուրքիա սահմանի նոր տեսքը, որի վերջին «չլուծված» կամ «վիճելի հարցը»՝ «եռանկյուն գոտին» կիսվել էր: Այն, որ նախապես քեմալականները տեղյակ էին Խորհրդային Ադրբեջանի կողմից՝ «եռանկյուն գոտու» շուրջ վարվող բանակցություններին և, փաստացի, սակայն կուլիսային, ներգրավված էին իրենց համատեղ ծրագրի իրականացման գործին՝ այդ տարածքի բռնակցմանը, հաստատվում է նաև այն հանգամանքով, որ Կարսի բանակցություններում Թուրքիայի պատվիրակությունն իսկույն համաձայնեց ճանաչել Ադրբեջանի և Հայաստանի կողմից գծված սահմանները՝ ի տարբերություն բանակցությունների օրակարգում առկա մնացած բոլոր հարցերի: Կարսի կոնֆերանսում թուրքական պատվիրակության անդամ Մուհթար բեյի հետևյալ խոսքերը լավագույնս բնութագրում են Թուրքիա-Ադրբեջան ցամաքային կապի ապահովման հարցի կարևորությունը քեմալականների համար. «Այդ զիջումների դիմաց մենք Կարսի կոնֆերանսում ստացանք մեզ համար կարևոր իրավունքներ՝ Նախիջևանի շրջանից հարավ ընկնող տարածքները Թուրքիային միացնելու և եղբայրական Ադրբեջանի հետ անմիջական կապ ունենալու համար»:
Այսպիսով,
1920-1921 թվականների ընթացքում քեմալականները ռազմական, քաղաքական և դիվանագիտական
հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացան հասնել իրենց առջև դրված առաջնային 3 խնդիրների
լուծմանը.
1.Հարավային
Կովկասում նվաճել կարևոր ռազմավարական տարածքներ և իրավաբանորեն ամրագրել դրանց բռնակցումը՝
այդպիսով դառնալով նաև կովկասյան աշխարհաքաղաքականության մասնակից երկիր
2.աջակցել
իր իսկ կողմից ստեղծված թյուրքական պետական միավորի՝ Ադրբեջանի կայացմանը և տարածքային
նվաճումներին (մասնավորապես՝ Արցախի և Նախիջևանի հարցում)
3.ձևավորել
Ադրբեջանի հետ ուղիղ ցամաքային սահման Նախիջևան-Սուրմալու գծով, որը թույլ կտար կենսունակ
պահել թյուրքական առանցք ձևավորելու գաղափարը և հարմար աշխարհաքաղաքական իրադրության
պարագայում շարունակել պանթյուրքական գլոբալ ծրագրերը:
Բոլոր
3 նպատակներն էլ բխում էին նախկինում Օսմանյան կայսրության կողմից վարվող հարավկովկասյան
քաղաքականության տրամաբանությունից և 1920-1921 թվականների ռազմական, ապա քաղաքական
գործողությունները կարելի է համարել երիտթուրքական կառավարության պանթյուրքական քաղաքականության
օրգանական շարունակություն: Թեև քեմալականների տարածքային ու ռազմավարական ձեռքբերումները
տվյալ փուլում միայն մասամբ էին համապատասխանում նախկինում առկա նպատակներին, սակայն
դրանք բավարար հիմք էին ստեղծում հետագայում՝ առավել բարենպաստ պայմաններում Հարավային
Կովկասում և դրանից անդին ավելի խորանալու և ծավալվելու համար: Հետագա տարիներին Թուրքիայի
նախագահ Մուստաֆա Քեմալը պարբերաբար հիշեցնում էր, որ թեև այս պահին անհրաժեշտ ռեսուրսները
չկան, սակայն պետք է ունենալ ձգտումներ: Այսպես՝ 1933 թվականի հոկտեմբերին հանրապետության
10-ամյակի առթիվ իր ծրագրային ելույթում Մուստաֆա Քեմալը, նկատի ունենալով ԽՍՀՄ տարածքում
ապրող թյուրքախոս ժողովուրդներին և նրանց՝ Թուրքիայի հետ միավորելու անհրաժեշտությունը,
նշել է. «Այսօր Խորհրդային Ռուսաստանը մեր ընկերն է, հարևանն է, դաշնակիցն է: Որպես
պետություն այդ ընկերության կարիքն ունենք: Սակայն ոչ մեկ չի կարող ասել, թե ինչ կլինի
վաղը:…Հենց այդ ժամանակ Թուրքիան պետք է իր անելիքն իմանա: Մեր այս ընկերոջ իշխանության
ներքո մենք ունենք եղբայրներ, ում հետ մի լեզու, մի հավատ, մի ինքնություն ունենք:
Մենք պետք է պատրաստ լինենք նրանց օգնելու: Պատրաստ լինել չի նշանակում լուռ մնալ ու
այդ օրվան սպասել. անհրաժեշտ է պատրաստվել:… Ես այսօր որքան ջանում եմ ժամանակակից
Թուրքիա կառուցել, այդչափ էլ ուշադրություն եմ դարձնում, որ գցեմ վաղվա Թուրքիայի հիմքերը»:
Պանթյուրքական
նպատակների տեսանկյունից գլխավոր ձեռքբերումը Նախիջևանի հետ ուղիղ կապի ապահովումն
էր, սակայն, հաշվի առնելով այն, որ նույն ժամանակահատվածում Արցախն ինքնավար մարզի
կարգավիճակով բռնակցվել էր Ադրբեջանին, կարելի է ասել, որ 1921 թվականի վերջին Հարավային
Կովկասում ձևավորվել էր թյուրքական գոտի-միջանցք, որը ձգվում էր Թուրքիայի արևելյան
սահմանից դեպի Նախիջևան և ապա Արցախի հարավային՝ մերձարաքսյան շրջաններով դեպի Բաքու:
Ուշագրավ է, որ 1926 թվականին հնչակյան նշանավոր գործիչ և հրապարակախոս Եղիկյանը, դիպուկ նկարագրելով այդ օրերի իրադարձությունները և աշխարհաքաղաքական նպատակները, դրանց իրագործման համար գործիք ծառայող ցամաքային կապը բնորոշելու համար ևս կիրառում է «միջանցք» եզրը. «Ադրբեջանի ազգայնականները օգտվում են Մոսկվայի տրամադրություններից և կոմունիստները օրից օր Հայաստանը պաշարող շղթան նեղացնում են մի կողմից հայերի և պարսիկների միջև եղած սահմանները վերացնելով այդ 2 երկրները իրարից բաժանելու, մյուս կողմից էլ մի լայն կորիդոր անցկացնելու համար: Պարսկաստանի և Հայաստանի միջով Թուրքիայի և Ադրբեջանի մեջ այդ 2 երկրները ավելի ամուր իրար հետ կապելու համար:… Իսկ Թուրքիան էլ մտածում է կորիդորի միջոցով Հայաստանը դարձնել բոլորովին ուժասպառ, Պարսկաստանը զրկել իր ամենալավ երկրամասից և իր հետ միացնել թուրքաբնակ ռուսական հողեր»:
Հայկական
տարածքների հարավային շրջանների վրայով ձգվող նշված «գոտի-միջանցքի» միակ հատվածը,
որը չնայած բազմաթիվ փորձերին, չհայտնվեց թյուրքական վերահսկողության ներքո, Սյունիք-Զանգեզուրն
է: Պատահական չէ, որ 1918-1921 թվականների ողջ ընթացքում Նախիջևանի և Արցախի հետ միաժամանակ
կատաղի պայքար էր ընթանում նաև Սյունիքին տիրելու համար, որում դարձյալ Թուրքիան և
Ադրբեջանը գործում էին խիստ ներդաշնակ Հայաստանի թե՛ անկախության շրջանում, և թե՛ խորհրդայնացումից
հետո: Հայտնի է, որ այդ հարցում գլխավոր խոչընդոտը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ հայության
պայքարն էր Սյունիքի հայկական պատկանելությունը պահպանելու համար: Թյուրքական գոտու
ձևավորման հարցում Սյունիքի գործոնի կարևորության մասին Նժդեհը նշում է. «Թշնամին նպատակադրել
էր մեր ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Տաճկաստանի և Ադրբեջանի
միջև, և տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթանի բնական ամրություններին, մշտական
սարսափի տակ պահել մեր մատաղ հանրապետությունը»: Այսպիսով, չնայած 1920-1921 թվականներին
թուրք-ադրբեջանական կողմի արձանագրած որոշ կարևոր հաջողություններին, այնուամենայնիվ,
«միջանցք» ձևավորելու հերթական փորձը տապալվեց: Սակայն Սյունիքի կամ «թյուրքական միջանցքի»
խնդիրը շարունակեց գերակա մնալ Թուրքիայի և Ադրբեջանի համար նաև ԽՍՀՄ գոյության ողջ
ընթացքում: Թյուրքական այս վտանգը նկատի ունենալով՝ 1920-ականների վերջին Նժդեհը գրում
էր. «Հայաստանը խոցելի է մի շարք տարբեր կետերից. ընդամենը մի քանի ժամվա ընթացքում
այդ կետերով Թուրքիան կարող է կտրել, իրարից բաժանել հայկական գավառակները և միանալ
Ադրբեջանին»: Հաջորդող ժամանակաշրջանում՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան համագործակցաբար
և հստակ դերաբաժանմամբ իրականացնելու էին մշակված քայլեր, որոնք կրկին պիտի հանդիպեին
հայ պետական և քաղաքական գործիչների հակազդեցությանը: Հետագա տարիներին Թուրքիան է՛լ
ավելի ամրացրեց Նախիջևանի հետ իր արևելյան սահմանը՝ այդպիսով ընդգծելով դրա կարևորությունը:
Մասնավորապես, 1920-1930-ականներին Իրանի հետ մի քանի սահմանային պայմանագրերի ու տարածքային
փոփոխությունների արդյունքում Թուրքիան վերահսկողություն ստացավ Արարատ լեռան ստորոտում
գտնվող տարածքների վրա՝ այդպիսով ռազմավարական գերակայություն հաստատելով սահմանի այդ
հատվածում և ամրացնելով Թուրքիա-Նախիջևան սահմանային նեղ շեղբի թիկունքը:
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments
Post a Comment