Պանթյուրքիզմն ընդդեմ հակապանթյուրքիզմի. հայ-ադրբեջանական քաղաքական պայքարը Սյունիքի համար 1920-1980-ական թվականներին
ԽՍՀՄ
գոյության տարիներին հայ-ադրբեջանական հարաբերություններն ունեին պասիվ բացասականից
ակտիվ բացասականի՝ թշնամականի վերածվելու առնվազն մի քանի նախադրյալներ, որոնց մեջ
կարևոր տեղ էր զբաղեցնում Սյունիքով Նախիջևանի հետ ցամաքային կապի հաստատման Խորհրդային
Ադրբեջանի անթաքույց ձգտումը, որը թուրք-ադրբեջանական նախորդիվ չիրականացված ծրագրի
հստակ շարունակությունն էր:
ԽՍՀՄ
ձևավորումից հետո Խորհրդային Ադրբեջանի քաղաքական բացահայտ և քողարկված օրակարգում
արագ հայտնված և այսօր «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը դառնալու էր ոչ միայն
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պրոբլեմատիկ հարցերից մեկը, այլև ձեռք էր բերելու
միութենական նշանակություն, որին տարբեր փուլերում մասնակցելու էին Մոսկվայի կենտրոնական
իշխանությունները: Խնդիրը, որն իրականում թուրք-ադրբեջանական տանդեմի նախորդ փուլում
իրականացված հետևողական քայլերի կամ կիսատ մնացած տեղից շարունակելու ցանկությունն
էր, ներկայացվում էր իբրև թե պարզ կոմունիկացիայի «անմեղ» ու տեխնիկական հարց. Խորհրդային
Ադրբեջանի իշխանություններն առաջարկում էին Մեղրիով ճանապարհ կառուցելու վերաբերյալ
մի նախագիծ, որի հիմնական նպատակն էր իրար կապել Ադրբեջանն ու Նախիջևանը: Եվ չնայած
որ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների միջև ճանապարհների ու ընդհանրապես լոգիստիկ
խնդիրներ չկային՝ Խորհրդային Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հետևողական պայքարում
էր կոնկրետ Մեղրիով, Հայաստան-Իրան սահմանի երկայնքով նոր ճանապարհ կառուցելու համար
և հրաժարվում էր դիտարկել Նախիջևանի հետ կապ ապահովող այլ ճանապարհների առաջարկը: Ադրբեջանի
համար միակ ընդունելի այդ ճանապարհը «զարմանալի» զուգադիպությամբ համընկնում էր թուրք-ադրբեջանական
ցամաքային կապ ունենալու այն ծրագրին, որը կիսակատար էր մնացել: Հարցի կարևորագույն
կողմերից էր նաև այն, որ հստակ նպատակ էր դրված կտրել Հայաստան-Իրան դարավոր սահմանը,
քանի որ առաջարկվող ճանապարհի կառուցման պարագայում Հայաստանը փաստացի զրկվելու էր
Իրանի հետ կապող տարածքներից:
Այն,
որ Մեղրիով ճանապարհը կամ «թյուրքական միջանցքը» ոչ թե սոսկ լոգիստիկ դյուրություն
ապահովելու հարց էր, այլ թուրք-ադրբեջանական համատեղ ու գերկարևոր ռազմավարական երազանք,
ապացուցում են նաև այն փաստերը, որ ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում Խորհրդային Ադրբեջանի
բոլոր իշխանություններն ու ղեկավարները դրան միտված քայլեր ու ջանքեր են գործադրել:
Բնական է նաև, որ այդ ամբողջ գործընթացին հեռավար, սակայն շատ ուշադիր հետևել է Թուրքիան՝
իհարկե փորձելով շատ ակնհայտ չցուցադրել իր հետաքրքրվածությունը թուրք-ադրբեջանական
համատեղ նպատակի հանդեպ, քանի որ դա կարող էր ի վերջո ընկալվել իբրև այլ պետության՝
ԽՍՀՄ-ի ներքին գործերին միջամտելու փորձ:
Սյունիքով
ադրբեջանական նախագծով ճանապարհ կառուցելու խնդրին Խորհրդային Հայաստանի բոլոր ղեկավարներն
արձագանքել են ընդգծված սկզբունքայնությամբ և այն մերժել՝ բերելով հիմնավոր փաստարկներ:
Խորհրդային Հայաստանի տարբեր պաշտոնյաների հուշերում պահպանվել են դրվագներ, որոնք
ի ցույց են դնում, որ նրանք հստակ գիտակցել են այդ ամենի վտանգավոր հետևանքներն ու
պատմական նախընթաց փուլում չլուծված հարցի քողարկված շարունակելու Ադրբեջանի ձգտումները:
Հայ պետական ու քաղաքական գործիչների հուշագրությունները պարունակում են այդ խնդրի
վերաբերյալ բազմաթիվ հետաքրքիր փաստեր, կուլիսային զարգացումների նկարագրություններ:
Մեր կողմից ուսումնասիրված գրքերում աչքի է զարնում այն հանգամանքը, որ կոմունիստ հայ
ղեկավարները փորձել են հնարավորինս մնալ ազգայինի դիրքերում անգամ ԽՍՀՄ գաղափարախոսական
կաղապարվածության պայմաններում:
Փաստերը
ցույց են տալիս, որ Ադրբեջանի պահանջները տատանվել են Սյունիքի՝ իրենց ցանկալի հատվածներով
ճանապարհ ստանալուց մինչև ամբողջ Մեղրիին տիրելը՝ դրա համար ներկայացնելով նաև տարածքների
փոխանակման առաջարկներ: Մեղրիի խնդրի մասին հուշագրական փաստեր կան, որոնք վերաբերվում
են 1937-1953 թվականների Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Գրիգոր Հարությունյանի կառավարման շրջանին և նրա անձին: Մասնավորապես՝ հայտնի պետական
գործիչ, Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսան Կիրակոսյանն
իր հուշերում պատմում է, որ 1952 թվականի դեկտեմբերին Հարությունյանի աշխատասենյակում
ներկա է եղել նրա և Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Միրջաֆար Բաղիրովի
հեռախոսազրույցին, որի ընթացքում Հարությունյանը շատ կոպիտ է խոսել ադրբեջանցի պաշտոնյայի
հետ. «Դե ի՞նչ եք ասում, Միրջաֆար, այդ հարցը բազմիցս քննության է առնվել Կենտկոմում,
իսկ Դուք շարունակում եք որերորդ անգամ նույն բանը կրկնել: Դրանք անտեղի և ավելորդ
խոսակցություններ են, հարցը վաղուց սպառված է… Ո՛չ Նորաշենը, ո՛չ Աղահանքերը… Այո,
Ղարաբաղը նույնպես… Եվ ոչ մի կարգավիճակով…»: Այնուհետև 3 անգամ կրկնեց. «Էլ ի՞նչ եք
ուզում», և լսափողը վայր դրեց: Դրան հաջորդեց Բաղիրովի հասցեին մի շատ ծանր խոսք:…
Արդեն պաշտոնանկությունից հետո, 1957 թվականին Թբիլիսիում, մասնավոր հանիդպման ժամանակ,
մի քանի ընկերների ներկայությամբ, նրան հիշեցրի 1952 թվականի հեռախոսային խոսակցությունը
Բաղիրովի հետ: Հարությունյանը պարզաբանեց, որ Մոսկվայում քննարկումների ժամանակ առաջարկություն
էր եղել Մեղրին փոխարինել Նախիջևանի մի մասի հետ: Հարությունյանը կտրականապես մերժել
էր այդ առաջարկությունը, որովհետև լավ էր գիտակցում, թե այդ «գործողությամբ» ինչ իրական
վտանգ կսպառնար Հայաստանի ռազմավարական անվտանգությանը՝ Մեղրիի կորստով Հայաստանը կհայտնվեր
լիակատար անկլավային դրության մեջ, կկտրվեր հարևան Իրանից՝ վտանգելով Զանգեզուրը: Այդ
տարբերակը Հարությունյանը համարում էր անչափ վտանգավոր, և դա՝ դեռ ԽՍՀՄ առկայության
պայմաններում»: Ի դեպ, տարածքների փոխանակման միտքը և՛ ավելի ուշ, և՛ հետագայում ԽՍՀՄ
փլուզումից հետո էլ հայտնվելու է քննարկումների, բանակցությունների օրակարգում, ու
այդ մասին արտահայտվելու են նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ՝ նախագահ
Թուրգութ Օզալը, ինչը ևս մեկ վկայությունն է նրա, որ «Թուրանի ճանապարհի» կամ «Զանգեզուրի
միջանցքի» շուրջ տասնամյակներով գոյություն է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի բացահայտ
ու քողարկված գործակցություն անգամ ԽՍՀՄ շրջանում:
Հաջորդող
տասնամյակներում ևս Խորհրդային Ադրբեջանի քաղաքական օրակարգում Մեղրիի տարածքով ճանապարհ
կառուցելու հարցը ոչ միայն շարունակում է մնալ որպես կարևորագույն նպատակ, այլև ակտիվանում
է: 1980-ական թվականների առաջին կեսին այդ հարցի վերաբացման, կուլիսային և քաղաքական
զարգացումների մասին օրագրային գրառումներ ունի Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի
առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: 1983 թվականի հունիսի 15-ին իր օրագրում Դեմիրճյանը
գրում է նաև Մեղրիի ճանապարհի մասին, որն առաջ է քաշել ադրբեջանական կողմը. «Մեղրիի
շրջանով ճանապարհի մասին: Ես առաջարկված տարբերակը չընդունեցի: Ստրատեգիական առումով
դա անընդունելի է»:
Մեղրիով
ճանապարհ կառուցելու հարցը, հետևողական կերպով և տարբեր մեթոդներ կիրառելով, փորձել
է առաջ մղել 1969-1982 թվականների Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, իսկ հետո արդեն միութենական
նշանակության պաշտոններ վարած Հեյդար Ալիևը: Ասվածի վկայությունը հանդիպում ենք
1983 թվականի նոյեմբերի 11-ին Դեմիրճյանի օրագրային գրառման մեջ, որտեղ նա պատմում
է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ և ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ
Հեյդար Ալիևի հետ իր հանդիպման մասին. «Մոսկվայում Ալիև- կանչեց Բիրյուկովին և խնդրեց
լուծել ավտոճանապարհի հարցը Մեղրիի շրջանով, որն անցնելու էր սահմանի երկայնքով: Ես
պնդեցի այլ տարբերակի վրա (ոչ թե սահմանով, այլ թիկունքային կողմով): Ուղարկում է Բիրյուկովին
տեղում լուծելու հարցը: Դա ինձ դուր չի գալիս: Ես Բիրյուկովին ասացի, որ մենք ոչ մի
կերպ չենք համաձայնվի սահմանով անցնող տարբերակին: Դա ստրատեգիական առումով սխալ որոշում
է»:
Արդեն
1983 թվականի նոյեմբերի 28-ին Դեմիրճյանի օրագրային գրառման մեջ հանդիպում ենք թեմայի
շարունակության մասին տեղեկության, որից պարզվում է, որ Բիրյուկովը եկել է Հայաստան
այդ հարցի լուծման համար: Նա գրում է, որ Մեղրիով ավտոճանապարհ կառուցելու հարցով քննարկում
է եղել, և հայտնում է հայկական կողմի որոշման մասին. «Որոշեցինք՝ առաջին տարբերակ՝
Կապանով, երկրորդ տարբերակ՝ Ծավով: Իրենց առաջարկած տարբերակը հարմար չէ և՛ տնտեսական,
և՛ ստրատեգիական առումով:… Ես ևս մեկ անգամ հրավիրեցի Բիրյուկովի ուշադրությունն այն
բանի վրա, որ նոր ճանապարհը սահմանի երկայնքով կառուցել պետք չէ: Դա և՛ տնտեսապես
(քանի որ քիչ մեքենա է անցնում, իսկ ճանապարհը շատ թանկ է), և՛ ստրատեգիական առումով
ձեռնտու չէ: Մենք առաջարկում ենք Զանգելան-Կապան-Մեղրի տարբերակը (այդ ճանապարհը արդեն
գործում է Քաջարան-Մեղրիի գործարկումից հետո): Կամ Զանգելան-Ծավ-Մեղրի, որը երկար է
ընդամենը 4 կիլոմետրով ադրբեջանցի ընկերների առաջարկած տարբերակից, բայց՝ ստրատեգիական
առումով անվտանգ է, տնտեսապես նպատակահարմար է, քանի որ Մեղրիի շրջանում 8 հազար հեկտար
տարածք չի զբաղեցվի»: Կարեն Դեմիրճյանի արդեն հաջորդ՝ 1984 թվականի օրագրային գրառումների
մեջ կրկին հանդիպում ենք Մեղրիով ճանապարհի խնդրին, որն ապացուցում է հարցի նկատմամբ
Ադրբեջանի և Հեյդար Ալիևի հետևողական քայլերի մասին: Մասնավորապես՝ 1984 թվականի օգոստոսի
29-ի գրառման մեջ Դեմիրճյանը նշում է, որ Մեղրիի ճանապարհի հարցը քննարկել է Լիգաչովի
հետ և հավելում՝ «Մեղրիով ճանապարհի մասին (ադրբեջանցի ընկերների սխալ պահվածքը)»:
Նկատենք,
որ ադրբեջանական նախագծած ուղիով ճանապարհ կառուցելու հարցի լուծմանը հասնելու համար
Հեյդար Ալիևը գործի է դրել ոչ միայն իր պաշտոնից բխող վարչական ռեսուրսները, այլև անձնական
հարաբերությունները, այդ թվում և՝ լավ հարաբերությունները Կարեն Դեմիրճյանի հետ:
1985 թվականի հունվարի 10-ին Դեմիրճյանը գրում է, որ Մոսկվայում հանդիպել է ԽՍՀՄ փոխվարչապետ
Ալիևի հետ, զրուցել են ընդհանուր հարցերի մասին շուրջ 45 րոպե: «Նրա նախաձեռնությամբ՝
Մեղրիով ճանապարհի մասին: Նա խնդրեց ինձ հանել առարկությունս: Ես պատասխանեցի, որ հարցն
արդեն շատ է խորացել, և որ առանց փորձագիտական հանձնաժողովի որոշման հնարավոր չէ կողմնորոշվել:
Նա. «Տո դու թքած ունեցիր այդ որոշման վրա: Ամեն ինչ քեզնից է կախված, ոնց ասես, այդպես
էլ կլինի»: Նա ասաց, որ ինձ որպես եղբայր է խնդրում: Ես ասացի, որ մենք մեր որոշումը
փոխելու համար հիմքեր չունենք: Նա. «Եթե դու այսպես խնդրեիր, ես քեզ Ադրբեջանի կեսը
կտայի»:
Դեմիրճյանի
և Ալիևի վերոհիշյալ զրույցի մասին իր հուշերում գրում է նաև Խորհրդային Հայաստանի Մինիստրների
խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որը ներկա է եղել այդ հանդիպմանը: Նա նախ նշում է,
որ Ադրբեջանի կողմից Նյուվադի-Նախիջևան ուղիով ճանապարհ կառուցելու հարցին Հայաստանը
դեմ է եղել, «քանի որ ճանապարհը պետք է կառուցվեր միայն քաղաքական նկատառումներից ելնելով»:
Այնուհետև Սարգսյանը պատմում է, որ այդ ճանապարհի հարցը քննարկելու համար հանդիպել
է Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահ Սեիդովի հետ և համաձայնացրել հարցը: «Մենք
հանգիստ էինք, որ ամեն ինչ կլուծվի մեր օգտին: Մի քանի օրից մենք Դեմիրճյանի հետ եղանք
Սմիրտյուկովի մոտ: Երբ նրա մոտից դուրս եկանք, Կարեն Սերոբովիչը որոշեց մտնել Ալիևի
մոտ (նա այն ժամանակ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր, Քաղբյուրոյի
անդամ): Նա մեզ շատ լավ ընդունեց, հետո ասաց, որ Կարեն Դեմիրճյանի հետ եղբայրական զրույց
ունի: Ես թույլտվություն խնդրեցի դուրս գալ, «որպեսզի հեռախոսով զանգահարեմ», բայց
Հեյդար Ալիևիչն առարկեց, ասաց՝ կարիք չկա, որ ես դուրս գամ: Նա դիմեց Կարեն Դեմիրճյանին.
«Կարե՛ն, ես քեզ եղբայրաբար եմ խնդրում տալ համաձայնություն կառուցել ճանապարհ ըստ
մեր նախագծի: Չես փոշմանի: Ես քեզ մեծ լավություն կանեմ»: Դեմիրճյանն ասաց. «Ոչ, այդ
դեպքում ես չեմ կարող պատասխան տալ իմ ժողովրդի առաջ»: Ալիևը ևս մեկ անգամ խնդրեց.
«Կարե՛ն, մտածի՛ր, չես փոշմանի»: Կարեն Սերոբովիչը պատասխանեց, որ ինքը մտածելու բան
չունի: Ես էլ հավելեցի, որ Սեիդովը մեր տարբերակին համաձայն է: Նա այդ խոսքերին նույնիսկ
ուշադրություն չդարձրեց և, այնուամենայնիվ, մեր դուրս գալիս ևս մեկ անգամ ասաց. «Կարե՛ն,
մտածի՛ր»:
Ըստ
Սարգսյանի՝ Ալիևն ակնարկել է, որ ճանապարհի կառուցումը չխոչընդոտելու դիմաց նա պատրաստ
է եղել օգնել Դեմիրճյանին՝ ընտրվելու ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, ինչպես նաև
դառնալու Քաղբյուրոյի անդամ:
Այդ
հանդիպումից 2 օր անց տեղի է ունեցել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահության նիստը,
որի օրակարգում է եղել Սյունիքով ճանապարհ կառուցելու 2 առաջարկ՝ հայկական և ադրբեջանական:
Այդ նիստին նույն Սեիդովը, որին, ըստ երևույթին, Ալիևը խիստ դիտողություն էր արել այն
բանի համար, որ նա համաձայնություն է տվել ճանապարհի կառուցման հայկական առաջարկին,
իրեն պահել է լիովին այլ կերպ և խեղաթյուրելով փաստերը՝ նշել, թե ճանապարհի ադրբեջանական
տարբերակի կառուցմանը դեմ է Սարգսյանը, քանի որ նրա ծնողները Նախիջևանից են, և նա չի
ցանկանում, որ «Նախիջևանը կապվի Ադրբեջանի հետ»: Դրան ի պատասխան՝ Սարգսյանը բավական
կոպիտ արձագանքել է և ասել, որ Սեիդովը փոխել է իր կարծիքը Ալիևի ճնշման տակ: Հայաստանի
վարչապետի այդ պատասխանի և պահվածքի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Տիխոնովն
առաջարկել է Սարգսյանին տալ խիստ նկատողություն և նույնիսկ քննարկել նրա հարցը Քաղբյուրոյում:
Մեղրիով
ադրբեջանական նախագծով ճանապարհի կառուցման հարցին ի մոտո տեղյակ է եղել նաև դրա չիրագործման
հարցում մեծ ավանդ ներդրած Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ,
պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը, որն իր հուշերում շատ կարևոր և ուշագրավ փաստեր
ու մանրամասներ է հաղորդում: Այսպես, ըստ նրա փաստարկված վերլուծության՝ Ադրբեջանի
ռազմավարական կարևորագույն ծրագրերից էր Մինջևան-Նախիջևան ավտոճանապարհի կառուցումը,
և այդ գործին լծվել էին ադրբեջանցի պաշտոնյաներն ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում:
Նա շատ հստակ և հանրամատչելի նկարագրում է այդ ճանապարհի պոտենցիալ վտանգը Հայաստանի
համար և Ադրբեջանի վատ քողարկված ու հեռահար նպատակները. «Կասկածից վեր է, որ այդ գործը,
իրոք, ռազմավարական նպատակ էր հետապնդում, որովհետև այդ ճանապարհով Ադրբեջանը պետք
է միանար Նախիջևանին, և պիտի ապահովվեր կապը Թուրքիայի հետ՝ ըստ էության Մեղրիի, այսինքն՝
հայկական տարածքի վրայով և Հայաստանն էլ ստվար շերտով անջատվեր Իրանից»: Մովսիսյանը
փաստում է, որ այդ հակահայկական ծրագրի տապալման գործին լծվել է Խորհրդային Հայաստանի
պետական վերնախավը՝ Դեմիրճյանը, Սարգսյանը, Կիրակոսյանը, որոնց միացել և մեծագույն
ջանքեր է ներդրել նաև ինքը. «Ինձ ուղղակի հանձնարարվեց, որպեսզի Մոսկվայում զբաղվեմ
այդ ճանապարհը չկառուցելու, այդ նախագիծը չհաստատելու հարցերով»:
Սյունիքով
անցնող ճանապարհի կառուցման խնդիրն Ադրբեջանը կարողացել էր տեղափոխել ԽՍՀՄ կենտրոնական
իշխանությունների՝ Մոսկվայի օրակարգ, որտեղ բնականաբար հարցի ստրատեգիական և այլ նրբերանգները
կա՛մ անտեսվելու էին, կա՛մ չէին ընկալվելու, քանի որ խոսքը, ի վերջո, այդ պահին նույն
պետության՝ Խորհրդային Միության ներքին ճանապարհներին էր վերաբերում: Եվ քանի որ հարցը
միութենական տարբեր գերատեսչությունների քննարկման օրակարգում էր, ուստի հայ պաշտոնյաները
սկսել են ինտենսիվ աշխատել այդ կառույցների և դրանց ղեկավարների հետ առանձին, որպեսզի
կարողանան ներկայացնել խնդրի տարբեր առանձնահատկություններ, փաստարկներ՝ սկսած գյուղատնտեսականից
մինչև ռազմական: Օրինակ՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարության ջանքերով տեղի է ունեցել
Մովսիսյանի հանդիպումը ԽՍՀՄ պաշտպանության նախարար, մարշալ Սոկոլովի հետ, որի ընթացքում
հայ պաշտոնյան ներկայացրել է ադրբեջանական նախագծով ճանապարհի կառուցման վտանգները
ռազմական առումով: «Ունկնդրելուց հետո, պաշտպանության նախարարը իր դժգոհությունը հայտնեց
ադրբեջանական տարբերակի վերաբերյալ և հանձնարարեց, որպեսզի հարցը քննարկելիս հաշվի
առնեն նաև իր ղեկավարած նախարարության կարծիքը»: Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը
հաջողվել է ճանապարհի կառուցման վերաբերյալ բացասական եզրակացություն ստանալ ԽՍՀՄ հաղորդակցության
ճանապարհների նախարարությունից և ԽՍՀՄ սահմանապահ զորքերի անդրկովկասյան օկրուգի հրամանատարությունից:
Սակայն շուտով փորձագիտական հանձնաժողովից, որին ուղարկվել են այդ եզրակացությունները,
տեղեկացրել են, որ բացի սահմանապահ զորքերի հրամանատարությունից՝ մյուս կառույցները,
այդ թվում և՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը, հրաժարվել են իրենց կարծիքներից:
«Պարզ էր, որ այս ամենի դիրիժորը Հեյդար Ալիևն էր»,- իրավացիորեն պնդում է Մովսիսյանը:
Ահա այդպիսի պայմաններում տեղի է ունեցել փորձագիտական հանձնաժողովի նիստը, որը պետք
է վերջնական եզրակացություն տար Սյունիքի տարածքով ճանապարհ կառուցելու հայկական կամ
ադրբեջանական տարբերակներին: Չնայած անձամբ Ալիևի և Խորհրդային Ադրբեջանի ներդրած ահռելի
ջանքերին և տարատեսակ ճնշումներին՝ հայկական կողմը կարողացել է հիմնավորված փաստարկներով
հանդես գալ այդ նիստին: Մովսիսյանը, պատմելով դրա մանրամասների մասին, մեջբերում է
իր ելույթից մի հատված. «Ասացի՝ համարենք, որ դուք եկել եք մեր տուն հյուր: Որպես տանտեր
մենք խնդրում ենք, որ դուք սեղանի կողքով անցնեք և գնաք մյուս սենյակ, սակայն դուք
գտնում եք, որ հենց սեղանի վրայով պիտի անցնեք: Սա սանձարձակություն է, և մենք թույլ
չենք տա, որ մեր տանը դուք ձեր սովորություններով առաջնորդվեք»: Հանդիպելով հայկական
կողմի դիմադրությանը՝ փորձագիտական հանձնաժողովը, անշուշտ, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների
իմացությամբ, որոշել է տալ այնպիսի լուծում, որն առաջին հայացքից պետք է ձեռնտու լիներ
2 կողմերին. որոշում է ընդունվում կառուցել և՛ ադրբեջանական, և՛ հայկական նախագծերով
ճանապարհները, փաստորեն՝ 2 ճանապարհ: Բայց փաստացի այս լուծումն այնքան էլ ձեռնտու
չէր Հայաստանին, քանի որ, ի վերջո ադրբեջանական նախագծով և հստակ պանթյուրքական նպատակներ
հետապնդող ճանապարհը կառուցվելու էր: Դրա համար Խորհրդային Հայաստանի իշխանությունները
չնահանջելով դիմում են այլ քայլերի: Նախ՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներիշխանական
լուռ համաձայնությամբ ուղղակի կառավարության քննարկմանը չի ներկայացնում այդ ճանապարհի
շինարարության համար ՀԽՍՀ տարածքում հող հատկացնելու հարցը: Դրանից հետո խնդիրը կրկին
սրվում է և տեղափոխվում ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նիստի օրակարգ, որտեղ Տիխոնովը կոշտ
քննադատության է ենթարկում Խորհրդային Հայաստանի վարչապետ Սարգսյանին, մեղադրում «ճանապարհի
կառուցումը ձախողելու մեջ» և առաջարկում որպես պատիժ նրան նկատողություն հայտարարել:
Սակայն Սարգսյանը ընդամենը տույժ է ստանում և դրանից հետո ևս չի պատրաստվում որևէ հետքայլ
անել: Դա հաստատող կարճ երկխոսությունը ներկայացված է Մովսիսյանի հուշագրությունում.
«Երբ նիստից դուրս եկանք, Ֆադեյ Տաճատիչին ասացի, որ միևնույն է, հողհատկացման մասին
որոշումը չեմ մտցնելու կառավարության քննարկմանը, նա ասաց. «Իսկ քեզ ով է ասում, որ
կմտցնես»:
Սյունիքով
պանթյուրքական ճանապարհի կառուցումը կասեցնելու նպատակով Խորհրդային Հայաստանի իշխանությունները,
բացի քաղաքական քայլերից, դիմել են տարատեսակ այլ մեթոդների ևս, այդ թվում և՝ իրավական
որոշ գործողությունների: Այս մասին հետագայում ուշագրավ մանրամասներ է հայտնում
1980-ականներին Մեղրիի շրջանի դատախազ Զոհրաբ Աբրահամյանը: 1988 թվականի ադրբեջանական
կողմը, այնուամենայնիվ, սկսում է ճանապարհաշինարարական աշխատանքները Մեղրիով դեպի Նախիջևան
կառուցվող ճանապարհի իրենց հատվածում. ի դեպ, ճանապարհը կոչվելու էր «Բարեկամություն»:
Սակայն հայաստանյան հատվածում ճանապարհի շինարարության աշխատանքների և մասնավորապես
այդ նպատակով հողահատկացման հետ կապված Մեղրիի շրջանի դատախազ Զոհրաբ Աբրահամյանն արգելք
է դնում: Դատախազի այս քայլն արտաքուստ իրավական և օրենքների շրջանակներում էր, սակայն
կարելի է ենթադրել, որ դա առանց հայաստանյան կենտրոնական իշխանությունների չի եղել
և մաս է կազմել ընդհանուր հակապանթյուրքական մոտեցման: Այդ մասին տարիներ հետո հարցազրույցում
հաստատում է հենց ինքը՝ դատախազ Զոհրաբ Աբրահամյանը, ասելով. «Իմ գործողությունները
պաշտպանում էր Կարեն Դեմիրճյանը, նաև Դեմիրճյանի շնորհիվ էր, որ ճանապարհի շինարարությունը
չիրականացավ»: Իր կիրառած արգելքի համար դատախազը հիմք էր ընդունել այն, որ Մեղրիի
շրջգործկոմը համապատասխան հողահատկացում՝ Նյուվադի-Շվանիձոր հատվածում չի արել: Դատախազի
որոշման դեմ Ադրբեջանի բողոքների պատճառով Զոհրաբ Աբրահամյանի հանդեպ քրեական գործ
է հարուցվում, որն անավարտ է մնում ԽՍՀՄ փլուզման արդյունքում:
Սակայն,
այնուամենայնիվ, Խորհրդային Հայաստանի իշխանությունները փորձել են այլ ելքեր գտնել,
որպեսզի մի կողմից՝ ավելի ամրապնդեն իրենց դիրքորոշումը, մյուս կողմից՝ ունենան լուծման
ևս մեկ այլընտրանքային ուղի: Որպես այդպիսի լուծում առաջ են քաշել Վարդենիս-Ջերմուկ
ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ հողահատկացման հարցը: Մովսիսյանն այսպես է նկարագրում
խնդրի մանրամասները. «Խնդիր դրեցինք, որ մինչև Ադրբեջանի կողմից չորոշվի Վարդենիս-Ջերմուկ
ճանապարհի համար նախատեսվող 230 հեկտարի հողահատկացման հարցը, մենք որոշում չենք կարող
կայացնել, քանի որ այդ ճանապարհի մի հատվածը անցնում էր Քելբաջարի շրջանի տարածքով:
Եվ մինչ այդ հողահատկացման մասին փաստաթղթերը չստանանք, մենք Մեղրիի որոշումը չենք
կայացնելու: Եվ քանի որ նրանք այդպիսի որոշում չկայացրին, մենք էլ ձեռնպահ մնացինք
որոշում կայացնելուց: Այդպիսով Մեղրի-Նախիջևան ճանապարհի շինարարությունը կանգ առավ»:
Ինչևէ,
այդ փուլում ևս տապալվում է թուրք-ադրբեջանական ռազմավարական և պանթյուրքական կարևոր
նպատակը՝ Սյունիքով ճանապարհի կառուցումը, որը պետք է Ադրբեջանը կապեր բռնազավթված
Նախիջևանի հետ: Խորհրդային Հայաստանի ղեկավարները տարբեր մեթոդներով կարողացել են դիմագրավել
և՛ ադրբեջանական պահանջներին, բացահայտ ու կուլիսային խարդավանքներին, սիրաշահումներին,
և՛ Մոսկվայից եկող տարատեսակ հրահանգներին ու ճնշումներին: ԽՍՀՄ փլուզումը, սկսված
արցախյան շարժումը վերափոխում են տարածաշրջանի քաղաքական օրակարգը, սակայն «Թուրանի
ճանապարհի» կամ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը դուրս չի գալիս ո՛չ Թուրքիայի, և ո՛չ
էլ Ադրբեջանի քաղաքական մտածողությունից և չի դադարում լինել պանթյուրքական կարևորագույն
նպատակ:
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments
Post a Comment