Հետո միանգամայն անկանխատեսելի իրադարձություններ
սկսվեցին:
Արդյունքները հրապարակելու հաջորդ օրը Լևոն
Տեր-Պետրոսյանը հանրահավաք հրավիրեց Թատերական հրապարակում, որտեղ հրաժարվեց ընդունել
քվեարկության պաշտոնական արդյունքները: Հայտարարեց, որ հաղթել է ընտրություններում
և օրինական ընտրված նախագահ է: Դրանից հետո Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին կոչ արեց՝
մինչև իր հաղթանակը չընդունվի, չհեռանալ Ազատության հրապարակից:
Բոլոր խոշոր հանրահավաքները ավանդաբար անցկացվում
էին Օպերայի հրապարակում՝ Թատերական կամ Ազատության հրապարակում: Դա այն վայրն էր,
որտեղ ժամանակին ամեն ինչ սկսվել էր. 1988 թվականին հենց այդտեղ էին հնչում Ղարաբաղի
անկախությունը ճանաչելու պահանջները, իսկ 1996 թվականին ակտիվ ելույթներ էին ունենում
Տեր-Պետրոսյանի դեմ: Եվ ահա հիմա՝ փետրվարի 21-ին, Տեր-Պետրոսյանը հենց այստեղ էր հավաքել
իր կողմնակիցներին ու հայտարարեց պերմանենտ հանրահավաքների սկիզբը:
Ես դեպքերի այդպիսի զարգացում չէի սպասում:
Ենթադրում էի, որ Տեր-Պետրոսյանը չի ընդունի իր պարտությունը, բայց որ իրեն հաղթո՛ղ
կհռչակի հավաքած ձայների 21.5 տոկոսով, նույնիսկ իր դեպքում չափազանց էր: Միևնույն
ժամանակ, Տեր-Պետրոսյանն իր քայլերով երկխոսության ու փոխզիջում փնտրելու անգամ նվազագույն
հնարավորություն չէր թողնում: Եթե ասեր, որ կասկածում է առաջին փուլի հրապարակված արդյունքներին
ու երկրորդ փուլ պահանջեր, ես կարող էի հասկանալ: Հայաստանում մաքուր ընտրությունների
մշակույթ չկա, և կարող էին տարբեր խախտումներ լինել: Չէ՞ որ հիշում էի, թե իմ ընտրության
ժամանակ՝ 2003 թվականին, հենց իմ կողմնակիցներն ինչպես էին առաջարկում առաջին փուլում
հաղթանակ ապահովելու համար ձայների տոկոսը մի քիչ ձգել մինչև անհրաժեշտը, ինչը կտրականապես
մերժեցի:
Անցողիկ շեմին մոտ արդյունքը կարող է կասկածի
տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը, նույնիսկ եթե դրանք բացարձակ մաքուր են
եղել: Իսկ նման կասկածները կարող են ակտիվացնել բողոքավոր ընտրազանգվածին, բորբոքել
նրան, մանավանդ եթե, թեկուզ ամենաչնչին, խախտումներ են արձանագրվել: Լևոնի ինչի՞ն էր
պետք հետընտրական իրավիճակը փակուղի մղել իր ու իշխանության համար: Այդպիսի մոտեցումը
ինձ, որպես նախագահի, զրկում էր իրավիճակը լիցքաթափելու հնարավորությունից: Միակ բանը,
որ այդ ժամանակ կարող էի անել՝ պնդել, համոզել Սերժ Սարգսյանին, որ, չնայած հաղթանակին,
գնա երկրորդ փուլի: Հանուն հանգստության ու կայունության: Համոզված էի, որ երկրորդ
փուլում էլ Սերժ Սարգսյանը կհաղթեր մեծ գերակշռությամբ: Բայց դա ի՞նչ էր տալու: Եթե
Տեր-Պետրոսյանը ձայների 21.5 տոկոսով իրեն հաղթած է հռչակում, ապա երկրորդ փուլից հետո
էլ, անկախ արդյունքից, նույնն է պնդելու: Ամեն ինչ կկրկնվի 2 շաբաթ անց, հնարավոր է՝
ավելի բարձր ագրեսիայով: Տեր-Պետրոսյանը միշտ համարել է, որ քաղաքականության մեջ բարոյականությունը
տեղ չունի, ու դրա մասին հաճախ խոսում էր հրապարակավ: Նա շատ էր սիրում «Նպատակն արդարացնում
է միջոցները» հայտնի արտահայտությունը: Ըստ երևույթին, էքս-նախագահն ընտրություններից
դեռ շատ առաջ էր իրեն համոզել, որ արդեն հաղթել է: Նրա նախընտրական վիրավորական կարգախոսներն
ու ընտրած մարտավարությունը անընդունելի էին համարում պարտության միտքն անգամ: Նա չէր
կարող ընտրությունների այլ ելք պատկերացնել՝ բացի իր հաղթանակից, ու հայտարարեց դրա
մասին… Ճիշտ է, միայն Թատերական հրապարակում:
Ծանրութեթև անելով բոլոր «կողմ» ու «դեմերը»՝
որոշեցի, որ ամենաճիշտը, Սահմանադրության համաձայն, ընտրական գործընթացին չմիջամտելն
է:
Անընդմեջ հանրահավաքներ սկսվեցին: Շատ մարդ
էր հավաքվում, բայց ոչ այնքան, որքան ջանում էր ներկայացնել ընդդիմությունը՝ միանգամայն
ֆանտաստիկ թվեր բերելով: Օպերայի տանիքից արված լուսանկարներով հաշվելով՝ միջինը
6-7 հազար մարդ: Երևանի համար զգալի բազմություն՝ մոտ 15 հազար, հավաքվեց միայն առաջին
օրը: Հրապարակում խփած վրանային ճամբարում գիշերը մնում էր ընդամենը 500-600 հոգի,
առավոտյան ժողովուրդը նորից հավաքվում էր: Ցերեկը համարյա անընդմեջ հանրահավաքներ էին:
Դրանք արտոնված չէին. կազմակերպիչները թույլտվության համար մինչև իսկ չէին դիմել քաղաքային
իշխանություններին:
Ցուցարարների կարգախոսներն օրեցօր ավելի արմատական
էին դառնում. «Մենք այստեղ ձևավորում
ենք մեր կառավարությունը», «Մենք հաղթել ենք ընտրություններում ու գնալու ենք նախագահական
պալատի վրա», «Իսկական իշխանությունն այնտեղ չէ, այլ՝ այստեղ», «Ես ընտրյալ նախագահ
եմ»: Հրապարակում անընդհատ խրոխտ երաժշտություն էր հնչում, սեփական ուժերով համերգներ
էին կազմակերպում, ուր պար էր բռնում նաև առաջին նախագահը: Առաջին իսկ օրվանից սնունդ
էր կազմակերպվել բոլոր ցանկացողների համար, և անմիջապես դեպի հրապարակ շարժվեցին քաղաքային
անապաստանները:
Բոլոր ծախսերն անում էին ընտրարշավին ոչ միայն
բարոյապես, այլև ֆինանսապես աջակցող գործարարները: Հիմնական հովանավորների մեջ էր Խաչատուր
Սուքիասյանը՝ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա կարողություն էր ստեղծել
դեռևս ՀՀՇ-ի օրոք, մոտ էր Տեր-Պետրոսյանի հետ, ու հաղթանակի դեպքում նրան վարչապետական
աթոռ էին խոստացել: Սուքիասյանը խիստ բացասական էր վերաբերվում Սերժ Սարգսյանին ու,
հավանաբար, նրա ընտրվելու մեջ վտանգ էր տեսնում իր բարօրության համար: Ոչ ոք չէր կասկածում,
որ Խաչատուրն ընդդիմության հետ է լինելու, բայց դա ինձ առանձնապես չէր անհանգստացնում:
Ես գործարարներին կուսակցականների-անկուսակցականների չէի բաժանում ու չէի մտածում,
թե նրանք ում հետ են բարեկամություն անում: Համարում էի, որ շատ ավելի կարևոր է ոչ
թե նրանց լոյալությունը, այլ այն, որ աշխատատեղեր էին ստեղծում ու նպաստում տնտեսության
աճին: Տեր-Պետրոսյանի կողմնակիցների մեջ այլ գործարարներ էլ կային, ավելի փոքր տրամաչափի,
բայց, անկասկած, ընտրարշավին միջոցներ տրամադրում էին: Այնպես, որ ցուցարարներին կերակրելուն
փողը հերիքում էր:
Արդեն փետրվարի 21-ին իրավիճակը փոքր-ինչ այլ
ընթացք ստացավ. Տեր-Պետրոսյանն իր հանրահավաքային ելույթներում սկսեց պետապարատը բարոյալքելու
կարգախոսներ հռչակել: Հայտարարեց, թե պետական ծառայողներն ու զինվորականները, իբր,
անցնում են բողոքողների կողմը, և բանակին ու իրավապահ մարմիններին կոչ արեց հետևել
նրանց օրինակին: Սկզբում, իրենց կողմնակիցներին թվարկելիս, միջին օղակի չինովնիկների
անուններ էր տալիս, իսկ հետո անսպասելիորեն հայտարարեց, որ իր «համաժողովրդական շարժմանն»
աջակցություն են հայտնել որոշ գեներալներ ու դիվանագետներ: Խոսքը պաշտպանության նախարարի
տեղակալներ Գագիկ Մելքոնյանի ու Մանվել Գրիգորյանի մասին էր, ընդ որում՝ Մանվելը նաև
«Երկրապահի» նախագահն էր, ինչպես և տարբեր երկրներում Հայաստանի մի շարք դեսպանների
և արտաքին գործերի նախարարի տեղակալներից մեկի մասին: Դիվանագետների անուններն ինձ
չզարմացրին. նրանք բոլորը ՀՀՇ-ից էին դուրս եկել, մեկը ժամանակին առաջին նախագահի մամուլի
քարտուղարն էր եղել, մյուսը՝ խորհրդարանի նախագահի օգնական: Նրանք կարիերան սկսել էին
ՀՀՇ-ի ժամանակ ու բավական հաջող շարունակել իմ օրոք: Սակայն գեներալների անունները,
հատկապես Մանվելինը, ինձ զայրացրին: Չէի ուզում հավատալ դրան: Մանվելն ինչպե՞ս կարող
էր գնալ այդպիսի դավաճանության, երբ միասին երկար մարտական ուղի էինք անցել: Անմիջապես
հիշեցի մեր մի հանդիպումը ընտրություններից ոչ շատ առաջ, որն ինձ մտահոգել էր:
Մանվելին՝ մեր մարտական հրամանատարներից մեկին,
որը տևական ժամանակ Ղարաբաղում էր եղել, լավ էի ճանաչում: Ծնունդով Հայաստանից էր,
1980-ական թվականների ամենավերջին կամավորական խմբով եկավ Ղարաբաղ ու մեզ մոտ մնաց
ամբողջ պատերազմի ընթացքում: 2000 թվականին ես նրան Հայաստանի պաշտպանության նախարարի
տեղակալ նշանակեցի ու գեներալի կոչում շնորհեցի: Նախագահական ընտրություններից մի քանի
ամիս առաջ նա հանդիպում խնդրեց և ասաց, որ շատ է ուզում անձամբ խոսել ինձ հետ ընտրությունների
մասին: Պայմանավորվեցինք հանդիպել հանգստյան օրը, ու Մանվելը եկավ ինձ մոտ՝ Ծաղկաձոր,
որտեղ «Հայռուսգազարդի» պանսիոնատի քոթեջում էի մնում: Ինձ համար անսպասելի ասաց, որ
Սերժ Սարգսյանին հետևորդ դարձնելը մեծ սխալ է, սխալ ընտրություն, որ վատ եմ ճանաչում
նրան, ու «Երկրապահում» շատերը չեն ընդունում Սերժ Սարգսյանին: Մանվելը համառորեն համոզում
էր, որ փոխեմ որոշումս և ինքս գնամ ընտրությունների: Ժամուկես անց ես, զայրացած, ընդհատեցի
հանդիպումը. ասացի, որ չեմ ընդունում իր փաստարկները, և ամեն ինչ կմնա այնպես, ինչպես
կա:
Մանվելի հետ խոսակցությունն ինձ խիստ զարմացրեց
ու մտահոգեց: Չգիտեմ՝ նրա ու Սերժ Սարգսյանի միջև անձնական կոնֆլի՞կտ էր եղել, թե՞
ինչ-որ մեկն ուզում էր Մանվելի միջոցով ազդել իմ որոշման վրա: Սերժին այդ դեպքի մասին
չպատմեցի: Միայն ավելի ուշ պարզվեց, որ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը դեռևս
աշնանը հանդիպում է կազմակերպել Մանվելի ու Տեր-Պետրոսյանի միջև, որի ժամանակ Մանվելը
խոստացել է, որ «Երկրապահը» կաջակցի ընդդիմությանը: Ճիշտ է, վերջին պահին նա այդպես
էլ չէր համարձակվել դա անել, բայց Մանվելի խոստումը իր ուժերի հանդեպ վստահություն
էր ներշնչել Տեր-Պետրոսյանին: Առաջին նախագահը երբեք մոտ չէր եղել զինվորականների հետ:
Ինքը երբեք չէր կռվել ու չէր զբաղվել ինքնապաշտպանական ջոկատներով: Նույնիսկ տպավորություն
ունեի, որ մի քիչ զգուշանում ու խուսափում էր պատերազմում կոշտացած դաշտային հրամանատարներից:
Նրանց հետ ամբողջ աշխատանքը սկզբում Վազգեն Մանուկյանի, հետո՝ Վազգեն Սարգսյանի, ապա՝
Սերժ Սարգսյանի ուսերին էր: Տեր-Պետրոսյանի համար այնպիսի ազդեցիկ, փաստորեն կիսառազմական
կազմակերպության աջակցությունը, ինչպիսին «Երկրապահն» էր, հիմնարար գործոն էր: Ըստ
երևույթին, հենց դա էլ կանխորոշել էր խիստ ագրեսիվ նախընտրական ռազմավարություն ընտրելն
ու վերջնագրային պահանջները՝ արդյունքների հրապարակումից հետո:
Կատարվածի վերլուծությամբ անմիջապես չզբաղվեցի
ժամանակի սղության պատճառով. մեկնում էի Մոսկվա՝ ԱՊՀ հերթական գագաթնաժողովին: Որոշեցի
բոլոր գործողությունները հետաձգել մի քանի օրով՝ մինչև Երևան վերադառնալս, իսկ մինչ
այդ օգնականներիս հանձնարարեցի ճշտել ճամբարափոխների մասին Տեր-Պետրոսյանի հայտարարությունների
հավաստիությունը: Գագաթնաժողովի ավարտից հետո հանդիպում էր ծրագրված Պուտինի հետ, ապա
հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված համերգն էր: Բայց դեռ գագաթնաժողովի ընթացքում մեր
պատվիրակության բոլոր անդամները սկսեցին տագնապալի զանգեր ստանալ Հայաստանից. «Երկրապահի» գրասենյակում բազմաթիվ մարդիկ էին
հավաքվել, այդ թվում՝ զինված, բուռն վեճեր են գնում Ազատության հրապարակում հավաքված
ցուցարարներին միանալու շուրջ: Ակնհայտ էր, որ իմ բացակայությամբ կազմակերպության լևոնական
մասը որոշել էր իր կողմը քաշել մյուսներին: Դրա հետ մեկտեղ, Տեր-Պետրոսյանը Թատերական
հրապարակում չափ էր տալիս ամբոխին, որը վանկարկում էր «Ման-վել, Ման-վել…». ըստ երևույթին,
որ խրախուսի գեներալի վճռականությունն ու գործողությունների մղի: Իրավիճակը զինված
հեղաշրջման բնույթ էր ստանում: Գագաթնաժողովից անմիջապես հետո ինձ հետ կապվեց Հայաստանի
Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Խնդրում էր շտապ վերադառնալ Երևան՝ իրավիճակը
ծայրահեղ գնահատելով: Պուտինին տեղեկացրի, որ չեմ կարող մնալ համերգին ու հենց Կրեմլի
պալատի արարողակարգային սրահից մեկնեցի Վնուկովո:
Երևանի օդանավակայանում, սովորականի պես, ինձ
դիմավորեցին անվտանգության խորհրդի անդամները, բայց նրանց տրամադրությունը ամենևին
սովորական չէր: Հենց ինքնաթիռի մոտ կարճ տեղեկացրին իրավիճակի մասին, որը թռիչքի ընթացքում
շատ չէր փոխվել: Անմիջապես հանձնարարեցի հաջորդ առավոտ նախագահական պալատում հավաքել
բանակի բարձրագույն հրամանատարական ամբողջ կազմը: Ռազմականացված կամավորական միությունը
քաղաքականության մեջ ներքաշելու Տեր-Պետրոսյանի ջանքերը սպառնալիք էին ստեղծում ազգային
անվտանգության համար, որն անհապաղ պիտի չեզոքացվեր:
«Երկրապահի» վարչության կազմում մի քանի գործող
գեներալ կար, որոնք հրամանատարական բարձր պաշտոններ էին զբաղեցնում պաշտպանության նախարարությունում:
Վարչության նախագահը Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ էր: Կազմակերպության
ազդեցիկ լինելը հիմնականում այդ հանգամանքով էր պայմանավորված: Այդպիսի սիմբիոզի իմաստն
այն էր, որ կազմակերպությունը հնարավորություն ու ռեսուրսներ ունենա զբաղվելու պատերազմի
մասնակիցներով, օգնի լուծելու նրանց խնդիրները, որպեսզի հենց իրենք խնդիր չդառնան:
Իսկ առաջնագծում իրավիճակի սրվելու դեպքում «Երկրապահը» կարող էր օպերատիվ կերպով այնտեղ
ուղարկել կամավորների ջոկատներ, մինչև զինկոմիսարիատները պահեստազորից ստորաբաժանումներ
կազմավորեին:
1996 թվականին Տեր-Պետրոսյանն արդեն կամավորական
միությունն օգտագործել էր քաղաքական նպատակներով՝ ընդդիմության ելույթները ճնշելու
և իր ազդեցությունը պահպանելու համար, իսկ հիմա փորձում էր «Երկրապահը» ներքաշել իշխանությունների
հետ դիմակայության մեջ:
Փետրվարի 23-ի առավոտյան բարձրագույն հրամանատարական
կազմի հետ հանդիպումը կարճ ու կոշտ ստացվեց: Ես զգուշացրի, որ չեմ հանդուրժի այն, ինչ
կատարվում է, ու «Երկրապահի» վարչության զինծառայող անդամներից պահանջեցի կողմնորոշվել.
կա՛մ անհապաղ դուրս են գալիս կազմակերպությունից, կա՛մ զորացրվում են բանակից: Պաշտպանության
նախարարից պահանջեցի միջոցներ ձեռնարկել բանակը քաղաքական գործընթացներից զերծ պահելու
համար: Հանձնարարեցի փոխանցել Մանվելին, որ այդ օրվա երեկոյան «Երկրապահի» շենքը պիտի
դատարկ լինի: Եթե այնտեղ թեկուզ մեկնումեկը մնա պահակից բացի, խիստ միջոցներ կձեռնարկենք:
Հանձնարարեցի Մանվել Գրիգորյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանագիր պատրաստել
ու զգուշացնել, որ գնա տուն, ու ես էլ ոչինչ չլսեմ նրա մասին, մինչև իրավիճակը կլիցքաթափվի:
Այլևս չէի կարող թույլատրել ռազմականացված կազմակերպության հետագա գոյությունը, որը
ձգտում էր ջոկեր դառնալ քաղաքական գործընթացներում:
Երեկոյան ժամը 9-ին մոտ շենքը դատարկվեց: Մանվելը
բոլորին ասել էր, որ ինձ լավ է ճանաչում. եթե ասել եմ՝ հաստատ կանեմ: Խորհուրդ էր տվել
ցրվել տները, ինքն էլ գնացել էր իրենց գյուղ ու ոչնչի չէր խառնվում: Հիշում եմ, որ
թեթևացած շունչ քաշեցի: Մանվելի հետ երկար մարտական ուղի էինք անցել, ու չէի ուզենա
կիրառել այն բոլոր միջոցները, որ նախագահը կարող է գործադրել անհնազանդ գեներալի նկատմամբ.
իսկ ես, անկասկած, կանեի, եթե հակառակվեր: Մանվելին զբաղեցրած պաշտոնից ազատեցին ապրիլի
1-ին՝ իր արձակուրդից անմիջապես հետո: Ավելի ուշ ու նույն պատճառով բանակից ազատեցին
մյուս գեներալին՝ Գագիկ Մելքոնյանին: Փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ արված
իմ զգուշացումից անմիջապես հետո «Երկրապահի» վարչության կազմից դուրս էին եկել բոլոր
գործող զինծառայողները: Նույն օրը, իմ հրամանագրով, զբաղեցրած պաշտոնից ազատվեց ընդդիմությանը
միացած զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Նա նույնպես զրկվեց արդարադատության
պետխորհրդականի կոչումից: Այլ հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատեցի ու դիվանագիտական
աստիճանից զրկեցի 3 դեսպանի ու արտաքին գործերի նախարարի տեղակալին:
Իմ գործողությունները շատ փչացրին ցուցարարների
տրամադրությունը Թատերական հրապարակում: «Երկրապահից» համալրում չեկավ, ու Տեր-Պետրոսյանի
հռչակած՝ պետական ապարատի բարոյալքումը չկայացավ. փախստականներն ընդամենը մի քանի հոգի
էին: Ժողովուրդը հրապարակում գնալով պակասում էր, գալիս էին ամենից նվիրվածներն ու
արմատական տրամադրվածները: Ոստիկանությունը շարունակում էր զգուշացնել, որ հանրահավաքներն
արտոնված չեն, բայց ոչ մի գործողություն չէր ձեռնարկում:
Փետրվարի 26-ին մի նշանակալի իրադարձություն
էլ եղավ, որը շատ տխրեցրեց Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Ընտրություններում 17 տոկոս
հավաքած Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ընդդիմադիր շարժումից և
ընդունում ընտրված նախագահի համագործակցության առաջարկը: Դրանից 1 օր առաջ նա ինձ հետ
հանդիպում էր խնդրել, բայց ոչ թե գրասենյակում, այլ մեր տանը: Չէր ուզում իրեն տեսնեին
նախագահական պալատում: Սերժից լսել էի, որ նրանք շփվում են, և, իհարկե, հասկացա այցի
նպատակը: Արթուրը մեր տուն եկավ երեկոյան՝ կոնսպիրատիվ բոլոր նախազգուշական միջոցները
պահպանելով: Խորհրդարանի նախագահի պաշտոնից նրա հեռանալուց հետո չէինք առնչվել, բայց
ջերմորեն հանդիպեցինք: Նա պատմեց Սերժի հետ պայմանավորվածությունների մասին ու իմ կարծիքը
հարցրեց: Ուզում էր հաստատեմ, որ պայմանավորվածությունները կկատարվեն ու իրեն չեն «քցի»:
Իր նախընտրական արշավը շատ կոշտ էր անցկացրել ու փորձում էր պարզել՝ մեր մեջ խիստ բացասական
նստվածք չի՞ մնացել: Ես վստահեցրի, որ ըմբռնումով ենք ընկալել նրա մարտավարությունը,
ու պայմանավորվածությունները, անկասկած, կկատարվեն: 2 օր անց՝ ընտրված նախագահի հետ
հանդիպման ժամանակ, համապատասխան համաձայնագիր ստորագրվեց:
Քանի որ «դիմականգնությունը» Թատերական հրապարակում
շարունակվում էր, ես ամեն օր ընդունում էի իրավապահ մարմինների ղեկավարների զեկույցները:
Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ վրանային ճամբարում շատացել
են քրեական անցյալ ունեցող մարդիկ ու անապաստանները: Դա նրան շատ էր անհանգստացնում,
քանի որ ոստիկանությունը չգիտեր՝ ինչ է կատարվում
վրաններում, և այնտեղ զենք կա՞, օրեցօր աճում էր սադրանքների ու արտակարգ պատահարների
վտանգը: Գիշերները ցուրտ է, մարդիկ շատ են խմում, հնարավոր է՝ միջադեպեր լինեն: Մարդկանց
այդպիսի կուտակման պայմաններում խմած մարդու պայթեցրած նռնակը ծանր հետևանքների կբերի:
Կարող են դիտավորյալ սադրանքներ էլ լինել՝ մեղքն իշխանության վրա գցելու և իրավիճակը
բորբոքելու համար: Սակայն վրանները հավաքելը կարող էր դիմադրություն հարուցել, և այդ
դեպքում ստիպված ուժ էինք գործադրելու, ինչն անցանկալի էր:
Փետրվարի վերջին Անվտանգության ծառայության
ղեկավար Գորիկ Հակոբյանը հաստատեց ոստիկանության անհանգստությունը Թատերական հրապարակում
սադրանքների հնարավորության մասին: Նրա տվյալներով՝ «Երկրապահի» գրասենյակը փակելուց
հետո հավաքվածներին էին միացել նաև կազմակերպության դժգոհները: Հակոբյանը հայտնեց,
որ նրանց մեծ մասը զինված է, իսկ ցուցարարներին պատրաստվում են ձողեր ու մահակներ բաժանել:
Նրանք հապաղելն այլևս վտանգավոր էին համարում, և ոստիկանությունը համարում էր, որ անհրաժեշտ
է շտապ խուզարկություններ կատարել վրաններում՝ հայտնաբերելու և առգրավելու զենքը և
ընդհանրապես այն ամենը, որ կարող է օգտագործվել հակաօրինական գործողությունների համար:
Դրա մասին ինձ զեկուցեցին Հայկ Հարությունյանն ու Գորիկ Հակոբյանը, ընդ որում՝ ոստիկանության
պետը համոզված էր, որ կկարողանա լեզու գտնել մարդկանց հետ, ու ամեն ինչ հանգիստ կանցնի,
առանց միջադեպերի:
Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»
Comments
Post a Comment