Skip to main content

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները

https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն

https://www.gov.am/am/National-Security-Strategy/

https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/

https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml

https://www.undocs.org/S/RES/2231(2015)

https://undocs.org/ru/S/RES/2231(2015)

https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse

https://www.transparency.org/en/countries/lebanon

https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5

Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները

Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հասարակական կազմակերպությունների համատեղ գործողությունների և փոխհարաբերությունների ընդհանրացում՝ ուղղված ընդհանուր նպատակների և շահերի իրականացմանը: Սակայն այն, նախ և առաջ, վերաբերվում է միջազգային հարաբերությունների դերակատարների կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես արտաքին քաղաքական շահերին:

Միջազգային գործընթացների սուբյեկտները

Միջազգային գործընթացների սուբյեկտները բազմաթիվ և բազմազան են: Դրանք պետություններն են, տարատեսակ կազմակերպությունները (միջազգային, միջպետական և ոչ պետական), շարժումները, բիզնես-կառույցները, որոշ լրատվամիջոցներ, անհատներ:

Վեստֆալյան համակարգի ձևավորումից հետո այդ համակարգի հիմնական տարրը և միջազգային հարաբերությունների առաջնային դերակատարները դարձան պետությունները: Իհարկե, պետությունները եղել են մինչ Վեստֆալյան համակարգի ձևավորումը (1648թ.), սակայն 1648թ. հետո էր, երբ պետությունները, մասնավորապես ազգ-պետությունները, նոր որակական բնութագրեր ձեռք բերեցին:Խոսքը գնում է ազգային ինքնիշխանության մասին և սկսեցին հարաբերություններ հաստատել իրենց նման այլ ազգ-պետությունների հետ: Այս ամենը հանգեցրեց այն սոցիալ-քաղաքական պրակտիկայի ձևավորմանը, համաձայն որի բոլոր պետություններն ինքնիշխան են և հավասար:

19-րդ դարում ի հայտ են գալիս առաջին միջազգային կազմակերպությունները, որոնք ստեղծվել են հենց պետությունների կողմից միջպետական պայմանագրերի հիման վրա՝ ընդհանուր խնդիրների և նպատակների իրականացման համար: Միջազգային կազմակերպությունների անդամներ են հանդիսանում պետությունները, որոնք անդամակցում են վերջիններիս ինքնակամ: Ի սկզբանե միջազգային կազմակերպություններ առաջացան Եվրոպայում տնտեսական ոլորտում համագործակցությունը խրախուսելու նպատակով (Վիեննայի կոնգրեսի 1815թ. եզրափակիչ ակտով ստեղծվեց առաջին միջազգային կազմակերպությունը՝ Հռենոսի վրայով նավարկության մշտական հանձնաժողովը, Համաշխարհային փոստային միություն և այլն): Սակայն արդեն 20-րդ դարում միջազգային կազմակերպությունների քանակը կտրուկ ավելացավ: Այսօր միջազգային կազմակերպությունները հանդիսանում են համաշխարհային քաղաքականության կարևրագույն մասնակիցներից մեկը: Միջպետական պայմանագրերի վրա ստեղծված կազմակերպությունները լինում են. ունիվերսալ, միջտարածաշրջանային (Իսլամական համագործակցության կազմակերպությունը), տարածաշրջանային (ԵՄ, ԱՍԵԱՆ), ենթատարածաշրջանային (BeneLux):

Միջազգային կազմակերպությունները բաժանվում են ըստ ոլորտների՝ ֆունկցիոնալ կամ ոլորտային:

Գոյություն ունեն միջազգային ոչ կառավարական կամ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք ի տարբերություն միջազգային կազմակերպությունների չեն ստեղծվել միջպետական պայմանագրի հիման վրա, կարող են գործել նաև մեկ պետության տարածքում: Միջազգային գործընթացների վրա ազդելու նրանց հիմնական միջոցը հասարակական կարծիքի մոբիլիզացումն է և միջազգային կազմակերպությունների վրա ճնշում գործադրելը այս կամ այն հարցերում (Greenpeace): Վերջիններս բաժանվում են ըստ ոլորտների, օրինակ, մասնագիտական կազմակերպություններ (Քաղաքական գիտության միջազգային ասոցիացիա, լրագրողների միջազգային ասոցիացիա), սպորտային (Միջազգային օլիմպիական կոմիտե, Թենիսի միջազգային ֆեդերացիա, FIFA), էկյումենիկ (Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ), բնապահպանական (Greenpeace), հումանիտար (Կարմիր խաչի միջազգային կոմիտե):

Միջազգային գործընթացների մեկ այլ մասնակից են հանդիսանում անդրազգային կորպորացիաները: Դրանք բիզնես-կառույցներ են, որոնց գործունեությունը տարածվում է մի քանի պետություններում: Ի տարբերություն միջպետական և ոչ պետական կազմակերպությունների, անդրազգային կորպորացիաների նպատակը եկամուտ ստանալն է: Հաճախ պատահում է, որ խոշոր բիզնեսի շահերը հակասում են բնակչության լայն շերտերի շահերին: Գաղտնիք չէ, որ այնպիսի անդրազգային կորպորացիաների, ինչպես օրինակ General Motors-ն է, տարեկան եկամուտը շատ անգամ գերազանցում է որոշ պետությունների (այդ թվում և զարգացող) ՀՆԱ-ն:

Անդրազգային կորպորացիաները ուղղակի ազդեցություն են թողնում միջազգային քաղաքական գործընթացների վրա: Օրինակ, 1970-ականների նավթային ճգնաժամի ժամանակ ՕՊԵԿ-ի անդամ պետություններ մի շարք անդրազգային կորպորացիաներից ստանում էին օգնություն, որը թույլ էր տալիս լինել ավելի ճկուն Արևմուտքի հետ բանակցությունների ժամանակ:

Շատ հաճախ անդրազգային կորպորացիաները ֆինանսավորում են այս կամ այն պետությունների ընտրական գործընթացները՝ հետագայում ազդեցության լծակներ ձեռք բերելու նպատակով: Նմանօրինակ մի իրավիճակ տեղի ունեցավ 70-ականներին Չիլիում, երբ ITT (International Telephone and Telegraph)  ցանկանալով չկորցնել իր դիրքը Չիլիի շուկայում, փորձում էր նախագահի թեկնածուներից մեկի ընտրարշավը խոչընդոտել` ֆինանսավորելով վերջինիս հակառակորդներին, սակայն երբ նա ընտրվեց, ITT-ն սկսեց ԱՄՆ-ի միջոցով ազդել Չիլիի տնտեսության վրա: Արդյունքում նախագահը ռազմական հեղաշրջման հետևանքով հեռացվեց իշխանությունից: Որոշ հեղինակներ որպես միջազգային գործընթացների մասնակից դիտարկում են առանձին վերցրած անձանց կամ լրատվամիջոցների (Al Jazeera, CNN).

Ազգային շահ

Միջազգային գործընթացների յուրաքանչյուր մասնակցի գործողությունները և վարքը միջազգային քաղաքական ասպարեզում պայմանավորված է վերջինիս հետապնդած շահերի հետ: Օրինակ, պետությունների պարագայում, նրանցից յուրաքանչյուրը միջազգային գործընթացներում ուղղարդվում է ըստ իր հետապնդած շահի: 

Համաձայն քաղաքական ռեալիզմի վառ ներկայացուցիչներից մեկի` Հանս Մորգենթաուի` «ազգային շահը օբյեկտիվ իրականություն է, որը կախված է պետության աշխարհագրական դիրքից և պայմանավորված է մի կողմից դրանից բխող տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացումներով, մյուս կողմից՝ մարդկային բնության առանձնահատկություններով»:

Ազգային շահը  պետության քաղաքականության այն դրդիչ ուժն է, դա այն է, ինչի շուրջ և ինչի հիման վրա ձևավորվում է պետության արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքական օրակարգը: Հանս Մորգենթաուն առանձնացնում էր ազգային շահի 2 տեսակ՝ 

Կենտրոնական, որը մշտական բնույթ է կրում; 

Երկրորդական, որը փոփոխական է: 

Ազգային շահը իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները.

Ռազմական անվտանգություն, որն ուղղված է պետության անվտանգության պահպանմանը;

Պետության և բնակչության բարօրություն, որը նախատեսում է տնտեսական զարգացում; 

Անվտանգության և ապահովության միջազգային շրջանակ, որը նախատեսում է տվյալ տարածաշրջանում և դրանից դուրս համագործակցություն:

Ազգային անվտանգություն. հասկացություն

Ազգային շահ հասկացությունը խիստ փոխկապակցված է ազգային անվտանգություն  հասկացության հետ: Ավելին, վերջինս բխում է առաջինից: Ազգային անվտանգությունը կոչված է պաշտպանելու պետությունների կենսական նշանակություն ունեցող շահերը, որոնք վերաբերվում են, նախևառաջ,

ազգային ինքնիշխանությանը, 

տարածքային ամբողջականությանը, 

բնակչության պաշտպանությանը, այսինքն այնպիսի շահերին, որոնց համար այն ավելի շուտ պատերազմ կսկսի, քան փոխզիջման կդիմի: Եթե քաղաքական ռեալիզմի շրջանակներում ազգային անվտանգությունը ենթադրում էր արտաքին ագրեսիայի դիմագրավում, հիմնականում ռազմական ճանապարհով, ապա արդեն XX դարում միջազգային հանրությունը սկսեց բարձրաձայնել ազգային անվտանգության ոչ ռազմական բնույթի մասին և հստակ էր, որ ազգային անվտանգությունը ենթադրում է ոչ միայն ռազմական անվտանգություն, այլ նաև տնտեսական, շրջական միջավայրի, տեղեկատվական, էներգետիկ և անվտանգության այլ տեսակներ: Օրինակ, Կոպենհագենյան դպրոցի ներկայացուցիչները (Barry Buzan-ը և այլոք), առանձնացնում են ազգային անվտանգության  5 տեսակներ.

Ռազմական/պետական անվտանգություն

Քաղաքական անվտանգություն

Հասարակական անվտանգություն

Տնտեսական անվտանգություն

Էկոլոգիական (բնապահպանական, շրջակա միջավայրի) անվտանգություն

Ավելին, առանձնացվում է նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսակներ և գոյություն ունեն անվտանգության հարցերով զբաղվող տարբեր կառույցներ:

Վերոնշյալից բացի գոյություն ունի անվտանգային ուսումնասիրությունների համեմատաբար նոր բնագավառ, դա մարդու անվտանգությունն է, որը չնայած դուրս է դասական անվտանգության տեսություններից, սակայն առնչվում է յուրաքանչյուրի հետ:

Human Security-ն ՄԱԿ-ի տերմին է: Առաջին անգամ սահմանվել է  ՄԱԿ-ի Մարդկային զարգացման զեկույցում 1994թ, սակայն դրա մասին դեռ խոսել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին իր հայտնի 1992թ. «Խաղաղության օրակարգում» (Agenda for Peace). 

Այն իրենից ներկայացնում է մարդու պաշտպանվածություն 2 սպառնալիքներից՝

Կարիքից – freedom from want – մարդ կարիք չունի ինչ-որ բաների, ինչ ցանկանում է և այս ամենի տակ հասկանում ենք սով, աղետների հետևանքով առաջացած վտանգ: 

Մարդու պաշտպանվածություն վախից, սպառնալիքից – freedom from fear – մարդը վախենում է իր պետության կողմից իրականացվող ռեպրեսիաներից, պատժամիջոցներին, ուժային կառույցների գործողություններից, քրեական իրավիճակից, խոսք արտահայտելուց:

Ի տարբերության անվտանգության և դրա տարատեսակների դասական ընկալումների, մարդու անվտանգությունը ուղղված է ոչ թե արտաքին սպառնալիքներին, այլ պաշտպանվածությանը իր իսկ պետությունից: Հումանիտար ինտերվենցիայի, այնուհետև R2P (Responsibility to Protect, Պաշտպանելու պատասխանատվություն) տեսությունները ուղղված են մարդու անվտանգության պաշտպանությանը:

ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգը և ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները

Ազգային անվտանգության հայեցակարգը այն հիմնարար կամ համալիր փաստաթուղթն է, որտեղ ձևակերպված են պետության ազգային շահերը, գերակայությունները, նպատակները, ազգային անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքները, որոնք ընկած են պետության արտաքին և ներքին քաղաքականության մշակման և իրականացման հիմքում: Ազգային անվտանգության հայեցակարգը իր նշանակությամբ սահմանադրությունից հետո պետության երկրորդ կարևորագույն փաստաթուղթն է:

ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունն ընդունվել է 2020թ հուլիսին: Այստեղ բավարար անդրադարձ է կատարված Արցախյան հիմնահարցին և դրա կարգավորմանը: Նշվում է, որ «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։

Ազգային անվտանգության ռազմավարությունում շեշտադրումը հիմնականում արվում է Արցախի անվտանգության և ՀՀ, որպես վերջինիս երաշխավոր լինելու հանգամանքի հիման վրա: Նշվում է, որ արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման: Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ ՀՀ հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ։ Ազգային անվտանգության ռազմավարությունը անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը` նշելով որ վերջինիս միջազգային ճանաչումը և դատապարտումը մեծ ավանդ է ներդնում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այստեղ հարկ է հիշել Հոլոքոստի ընդունումն ու դատապարտումը, որը ցավոք, չհանգեցրեց նոր ցեղասպանությունների իրականացմանը: 

Ռազմավարությունը հիմնված է երեք հիմնարար սկզբունքների վրա:

1.Ուժեղ և բարեկեցիկ Հայաստանը սեփական անվտանգության երաշխավորն է:

2.Հայոց պետականության հավիտենության ապահովումը՝ մեզ պատրաստելով դիմակայելու մեր պետականությանը երբևէ սպառնացող հնարավոր վտանգներին:

3.Անհրաժեշտ է զարգացնել Հայաստանի ներքին և արտաքին դիմակայունությունը՝ նոր, անկանխատեսելի մարտահրավերներին միշտ պատրաստ լինելու և դրանց արդյունավետորեն արձագանքելու համար:

Ազգային անվտանգության ռազմավարությունում նշվում է, որ ՀՀ ազգային շահերն են.

1.Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը:

2.Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը:

3.Ժողովրդավարության, մարդու իրավունքների ևիրավունքի գերակայության ապահովումը: 

4.ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը:

Ռազմավարությունը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա նպատակներ է սահմանում պետության ինքնիշխանության, անվտանգության և զարգացման ապահովումը, ինչպես նաև երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար առավել նպաստավոր արտաքին միջավայրի ձևավորումը:

ՀՀ-ն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններն իրականացնում է 3 հիմնարար, համալիր և փոխկապակցված սկզբունքների հիման վրա.

1.ինքնիշխանության՝ որպես արտաքին քաղաքականության իրականացման հիմնարար պայմանի

2.համահայկականության՝ որպես հայության հավաքական շահերի գիտակցման ու իրագործման գաղափարի, 

3.փոխգործակցության՝ որպես պետությունների հետ իրավահավասար և փոխշահավետ հարաբերությունների կայացման միջոցի: 

ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից է՝

1.ՌԴ-ի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում:

2.Զարգացնել բարեկամական գործընկերությունը և խորացնել ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ հետ մի շարք ուղղություններով:

3.Կարևորվում է բարեկամական հարաբերությունների խորացումը ևերկկողմ ու բազմակողմ գործընկերության ընդլայնումը ԵՄ, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ։ Մասնավորապես նշվում է համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը Գերմանիայի և Ֆրանսիայի հետ: Նշվում է ՀԸԳՀ/CEPA կիրարկման մասին:

4.Հայաստանի համար մեծ կարևորություն ունի կայունությունը հարևան Վրաստանում և Իրանում (շատ հպանցիկ անդրադարձ):

5.ՀՀ շարունակելու է զարգացնել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության ձևաչափը:

6.ՀՀ խորացնելու է բարեկամական հարաբերությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ:

7.Հայաստանն աշխատելու է նաև Հնդկաստանի հետ բարեկամական և բազմակողմանի փոխգործակցության զարգացման ու խորացման ուղղությամբ

8.Առաջնահերթ խնդիր է փոխգործակցության ընդլայնումը Մերձավոր Արևելքի երկրների հետ

2019թ. օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին ՀՀ ԱԳ նախկին  նախարարը ներկայացրեց Հայաստանի դիվանագիտական ծառայության տեսլականը, արժեքները, արտաքին քաղաքական երեք հիմնարար սկզբունքները և հիմնական գերակայությունները առաջիկա տարիների համար:

Դասախոսություն 2. Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր զարգացումները և հնարավոր ազդեցությունը ՀՀ անվտանգության վրա

Իրանում և Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները, մասնավորապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների ներկա իրավիճակը դժվար է թերագնահատել ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։ Այս հարաբերությունների ներկա իրավիճակը և դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է կարճ պատմական էքսկուրս կատարել դեպի անցած դարի 50-ական թթ, երբ 1953 թվականին Իրանի շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավին հայտարարեց քաղաքացիական միջուկային ծրագրի մեկնարկի մասին, որն իրականացվելու էր ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի «Ատոմ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում: Նախաձեռնության նպատակն էր զարգացող երկրներում քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաների զարգացումը և դրանց օգտագործումը խաղաղ նպատակով: 1958թ. Իրանը միանում է  1957թ. ստեղծված Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)  (որի ստեղծման հիմքում հենց Այզենհաուերի ելույթն էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում (1953 դեկտեմբերի 8), իսկ 1967թ. ԱԷՄԳ ներքո Իրանը կառուցում է Թեհրանի միջուկային հետազոտությունների կենտրոնը, որին նյութատեխնիկական անհրաժեշտ աջակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ը: 1968 թ. Իրանը այլ պետությունների հետ միասին ստորագրում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (վավերացնում է 1970թ.), որից հետո Իրանը սկսում է ակտիվ աշխատանքներ ծավալել արևմտյան մի շարք երկրների հետ խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Սակայն 1979թ. իսլամական հեղափոխության և ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հետևանքով չեղյալ են հայտարարվում միջուկային էներգիայի ոլորտի մի շարք նախագծեր: Չնայած այս ամենին, նոր իշխանությունները շարունակում են միջուկային համագործակցությունն այլ պետությունների հետ, մասնավորապես 1980-ականների սկզբին Չինաստանի օգնությամբ Իրանը Սպահանում կառուցում է միջուկային հետազոտությունների կենտրոն: 1995թ. Իրանը Ռուսաստանի հետ պայմանագիր է ստորագրում Բուշերում ատոմակայան կառուցելու վերաբերյալ:

Միջուկային էներգիայի շուրջ ծավալվող խնդրի էությունն այն է, որ պետությունները իրավունք ունեն խաղաղ նպատակներով ուրան հարստացնել: Սակայն, օրինակ, ատոմակայանների աշխատանքի համար պահանջվում է ցածր հարստացված ուրան՝ 3-5 %-ի սահմաններում: 20%-ոց շեմից հետո ուրանը համարվում է գերհարստացված, և այն կարող է օգտագործվել ատոմային ռումբ ստեղծելու նպատակով: (Նկատենք, որ 2015թ․ ստորագրված «Համալիր գործողությունների համատեղ պլանով», Իրանին թույլատրվում էր ուրան հարստացնել մինչև 3․67%) : Իրանի և միջազգային հանրության միջև ծագած անհամաձայնությունը վերաբերում էր հենց ուրանի հարստացման ընդունելի ծավալներին: 2002թ. Վաշինգտոնը մեղադրեց Թեհրանին հարստացված ուրան արտադրելու և ատոմային ռումբ ստեղծելու մտադրության համար, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Իրան կատարած այցից հետո հայտարարեցին հարստացված ուրանի առկայության հայտնաբեման մասին: Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան դիմեցին Իրանին՝ պահանջելով բանակցություններ սկսել վերջինիս միջուկային ծրագրի շուրջ: Իրանը համաձայնեց թույլատրել տեսուչների չպլանավորված այցերն իր ատոմային օբյեկտներ: 2004թ. Իրանը ԵՄ եռյակի հետ ստորագրեց համաձայնագիր, իսկ 2004թ. նոյեմբերին հայտարարեց ուրանի հարստացման ծրագրի դադարեցման մասին:

2005թ.` գալով իշխանության նախագահական ընտրությունների միջոցով, Մահմուդ Ահմադինեժադը փոխեց Իրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի հարցում: Նախագահական ընտրություններից  երկու ամիս անց, Իրանը վերսկսեց ուրանի հարստացման ծրագրերը և ՄԱԿ-ի ամբիոնից Ահմադինեժադը հայտարարեց Իրանի՝ ատոմային խաղաղ ծրագիր ունենալու իրավունքի մասին: Այս ամենից հետո ԱԷՄԳ 2006թ․ Իրանի միջուկային ծրագրի գործը փոխանցեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: 2006-2010 թթ. ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց մի շարք բանաձևեր, որոնք Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում էին նախատեսում: Եվրոպական Միությունը էմբարգո սահմանեց Իրանից նավթի ներկրման վրա և սառեցրեց բանկերում իրանական հաշիվները: 2008թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, և Գերմանիան ձևավորեցին Իրանի հետ նոր բանակցություններ սկսելու համար «վեցյակ երկրների» ձևաչափը: 2009թ. միջազգային միջնորդները առաջարկեցին Իրանին համաձայնել արտադրել ցածր հարստացված ուրան երկրի տարածքից դուրս: Թեհրանը մերժեց այս առաջարկը: 2010 թ. բանակցությունները վերսկսվեցին, սակայն կողմերին չհաջողվեց փոխընդունելի համաձայնության հասնել: 2013թ․ Իրանում` հաղթանակ տանելով նախագահական ընտրություններում իշխանության եկավ ավելի կոմպրոմասային հայացքներ ունեցող Հասան Ռոուհանին, որի հետո նույն 2013թ. նոյեմբերին Ժնևում վերսկսվեցին Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունները, որոնց ընթացքում Իրանը համաձայնվեց թույլատրել միջազգային տեսուչների այցերը իր միջուկային օբյեկտներ: Կողմերը եկան ժամանակավոր համաձայնության ուրանի հարստացման ծրագիրը դադարեցնելու մասին՝  ի պատասխան Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների որոշ մասի վերացման: Բանակցությունների բազմաթիվ փուլերից հետո կողմերը 2015 թ. հունիսի 30-ին Վիեննայում ստորագրեցին վերջնական համաձայնագիր՝ «Համալիր գործողությունների համատեղ պլանը», որը միաձայն հաստատվեց ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2231 բանաձևով, համաձայն որի Արևմուտքը Իրանի նկատմամբ հանում է տնտեսական պատժամիջոցները, իրանական միջուկային ծրագրի հանդեպ վերահսկողությունը շարունակվելու է մինչև 25 տարի: Մասնավորապես, մինչև 10 տարի ժամկետով սահմանափակվելու է Իրանի ուրանի հարստացման և ատոմային հետազոտություններ անցկացնելու հնարավորությունը: Մինչև 15 տարի ժամկետով Իրանը չի կառուցի նոր ատոմային օբյեկտներ և կնվազեցնի հարստացված ուրանի պաշարները: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները մինչև 25 տարի կշարունակեն այցերը Իրանի ատոմային օբյեկտներ

Պետք է նշել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկու տեսակ էին։ Առաջինը վերաբերվում է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին՝ Իրանում խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության ոչ բավարար մակարդակի, կանանց նկատմամբ բռնությունների և այլ տեսակ երևույթների դեմ։ Այս պատժամիջոցները չէին հանվել և դրանց հանվելու մասին խոսք չկա։ Չեղարկված պատժամիջոցները տնտեսական էին։ Խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների մասին էին, որոնք ընդունվել էին Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ, քանի որ կասկածներ կային, որ այն «Խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակներից դուրս էր։ 2015թ. Վիեննայում կնքված համաձայնությամբ չեղյալ հայտարարվեցին այն պատժամիջոցները, որոնք վերաբերվում էին միջուկային ծրագրերին, իսկ մարդու իրավունքների խախտմամբ պայմանավորված և հարակից այլ պատժամիջոցները շարունակեցին ուժի մեջ մնալ։

Այս պարագայում թվում էր, որ Իրանն ակտիվ տնտեսական համագործակցություն կսկսեր եվրոպական մի շարք երկրների հետ, սակայն իրանական կողմը այս հարցում փոքր-ինչ զգուշավոր էր, մասնավորապես ռահբարը՝ հոգևոր առաջնորդը, և հոգևոր դասը կարծում էին, որ եթե արևմտյան գումարները մեծ հոսքով ներդրվեն իրանական տնտեսության մեջ, և եթե հետագայում Արևմուտքը կրկին որոշեր նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, հարվածը շատ ավելի մեծ կլիներ Իրանի համար։ Հատկանշական է, որ այս մոտեցումը հետագայում ապացուցեց իր ճշմարտացիությունը։

Սակայն Վեցյակի հետ ստորագրած համաձայնագիրն անկանխատեսելի ընթացք ստացավ: Թեև թվում էր, որ 2015թ. Իրանի և Վեցյակի միջև «Համալիր գործողությունների համատեղ պլանի»  ստորագրումից հետո Արևմուտք - Իրան հարաբերությունները վերջապես կբարելավվեն, սակայն համաձայնագրի ստորագրումից գրեթե երկու տարի անց երկկողմ հարաբերությունները կրկին սրվեցին: Պատճառներից մեկն այն էր, որ դեռևս 2016թ․ գարնանը, այնուհետև նաև 2017թ. հունվարին Իրանը փորձարկեց նոր բալիստիկ հրթիռներ, որոնք ունակ են հակառակորդի թիրախները խոցել 300-ից մինչև 2000 կմ հեռավորության վրա: Այդ փորձարկումները մեծ անհանգստություն առաջացրեցին Միացյալ Նահանգներում, քանի որ Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ դրանք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել, որն էլ հակասում է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևին, որը 8 տարով Իրանին արգելում է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հրթիռներ փորձարկել:

Իրանում, սակայն, հավաստիացնում են, որ այդ հրթիռները նախատեսված չեն եղել միջուկային մարտագլխիկներ կրելու համար, և դրանց փորձարկումը չի հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին: Իրանի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական դոկտրինայի շրջանակներում է: Բացի դրանից, Սպիտակ տունը պատժամիջոցներ սահմանեց իրանական կազմակերպությունների նկատմամբ, որոնց ամերիկյան վարչակազմը կասկածում է ահաբեկչությունը հովանավորելու մեջ, իսկ Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճով պայմանավորված՝ ԱՄՆ-ի ուժերը Պարսից ծոցում բերվեցին մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի։ Բացի այդ, դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ  Թրամփն հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում չեղյալ կհայտարարի Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագիրը, ինչը և տեղի ունեցավ: Արդեն 2018թ․ մայիսին Թրամփը հետ վերցրեց ԱՄՆ ստորագրությունն Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլանից:

Հատկանշական է, որ Թրամփը բավականին երկար է պատրաստվում այս քայլին՝ Իրանին հասցեին պարբերաբար հնչեցնելով տարատեսակ մեղադրանքներ: Նախ, նա անվանեց Իրանին միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավոր, իսկ ամերիկյան ռազմական էլիտայի ներկայացուցիչները սպառնացին ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  (ինչ 2019թ․ ապրիլին ԱՄՆ կողմից արդեն ճանաչվեց որպես ահաբեկչական կառույց), այնուհետև Թրամփը մեղադրեց Թեհրանին Հյուսիսային Կորեային ֆինանսավորելու մեջ, և այլն։ 

ԱՄՆ-ն Իրանից և գործընկեր պետություններից պահանջեց վերանայել միջուկային համաձայնագրի կետերը և պատրաստել գործողությունների նոր ծրագիր, այլապես 90-180 օրվա ընթացքում կվերականգնի՝ ապա նաև կսաստկացնի Իրանի դեմ պատժամիջոցները։

Նույն 2018թ․ մայիսին ԱՄՆ-ն ի դեմս պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ով հայտնի է իր հակաիրանական հայացքներով, առաջ քաշեց այն պայմանները, երբ ԱՄՆ-ը ձեռնպահ կմնա պատժամիջոցներ կիրառելուց.

Եթե Իրանը լիովին հրաժարվի ուրանի հարստացումից և միջուկային զենքի արտադրությունից,

Ազատ արձակի Իրանում ձեռբակալված բոլոր ԱՄՆ քաղաքացիներին,

Դադարի ԱՄՆ կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ համագործակցությունը. Հեզբոլլահ, ՀԱՄԱՍ, Իսլամական ջիհադ,

Դուրս բերի իր զորքերը Սիրիայից:

Այսպիսով ԱՄՆ-ն Իրանի առջև նոր պայմաններ առաջադրեց, որոնք նախատեսված չէին 2015թ. համաձայնագրով: Միաժամանակ այն, որ Իրանը սահմանված ժամկետում կատարում է միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները, հաստատել են նաև ԱԷՄԳ-ն և ՄԱԿ-ի ԱԽ-ը: Թեհրանը մերժեց և խնդիրն ավելի խորացավ։ ԵՄ անդամ-պետությունները ԱՄՆ այս քայլը միանշանակ չընդունեցին: Նրանք այն կարծիքին էին, որ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը Իրանին ավելի կմերձեցնի Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Ավելին, միջուկային համաձայնագրի չեղարկումը կարող է հանգեցնել նրան, որ Իրանը դառնա անկանխատեսելի և վտանգավոր երկիր ԱՄՆ-ի և նրա դաշնակից եվրոպական երկրների համար։ 2018թ օգոստոսի 6-ին ուժի մեջ մտավ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների առաջին փուլը: Այն տարածվում է Իրանի կողմից ամերիկյան դոլարի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների, ալյումինի և պողպատի, ինչպես նաև գրաֆիտի և ածխի վաճառքի, ներկրման և առևտրի վրա, բավարար չափով իրանական ռիալի վաճառքի և ձեռքբերման, իրանական ռիալով բավարար չափով հաշիվներ պահելու վրա, ինչպես նաև պատժամիջոցներ` իրանական մեքենաների վրա: Այնուհետև 90 օր անց` նոյեմբերի 4-ից 5-ը ուժի մեջ մտան իրանական նավթի արտահանման սահմանափակումները:

Հատկանշական է, որ ԱՄՆ պատժամիջոցները տարածվում են ոչ միայն իրանական ընկերությունների, այլ նաև Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող բոլոր արտասահմանյան ընկերությունների վրա, այդ թվում ոչ միայն նախատեսվող գործարքների մասին էր խոսքը գնում, այլ նաև բոլոր այն նախագծերի, որոնք ուժի մեջ են մտել մինչ պատժամիջոցներ սահմանելը: Համաձայն ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների, այս նախագծերը ևս պետք էր դադարացնել մինչև 180 օրվա ընթացքում: Պատժամիջոցների ռեժիմը խախտող բոլոր ընկերությունների համար սահմանված է խոշոր տուգանք ԱՄՆ-ում վերջիններիս գործունեության պարագայում, նրանք չեն կարող մուտք գործել ամերիկյան շուկա, իսկ նրանց ամերիկյան բիզնես-գործընկերները ստիպված են խզել բոլոր տեսակ գործարար կապերն այդ ընկերությունների հետ: Ըստ էության, այս ընկերությունները կհանգեցնի երկընտրանքի առաջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն հանդիսանում է գերակշռող պետությունների հիմնական արտաքին առևտրային գործընկերը, ապա ընկերություններից մեծամասնության ընտրությունն այս հարցում առավել քան ակնառու էր: Միևնույն ժամանակ անգամ այն ընկերությունները, որոնք ԱՄՆ-ում բիզնես չունեն, չեն խուսափում պատժամիջոցներից, և խոսքը գնում է նախևառաջ եվրոպական ընկերությունների մասին, որոնք 2015թ համաձայնագրից հետո մուտք գործեցին իրանական շուկա: Իրանի հետ հարաբերություններում հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ բանկերը չեն կարողանում գործարքներ կատարել Իրանի հետ, քանի որ բանկային փոխանցման SWIFT համակարգն անջատված է: Երկարատև բանակցությունների արդյունքում 2019թ. հունվարին ԵՄ ստեղծեց նմանատիպ մի համակարգ Իրանի հետ գործարքներ իրականացնելու համար` INSTEX (Instrument in Support of Trade Exchanges), որը հնարավորություն էր տալիս Իրանին Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ ֆինանսական գործարքներ կատարել, սակայն այս համակարգը տարբեր պատճառներով (այդ թվում՝ Իրանի կողմից Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կոնվենցիային չհաստատելու, չնայած խորհրդարանը հավանություն է տվել) արդյունավետ չգործեց:

Իր ընկերությունների շահերը պաշտպանելու և Իրանի հետ առևտրային հարաբերությունները շարունակելու համար ԵՄ-ն 1996թ․ ի վեր առաջին անգամ հայտարարեց «արգելափակող ստատուտի» (Blocking Statute) կիրառման մասին: Այն արգելում է ընկերություններին հեռանալ իրանական շուկայից` օտարերկրյա պատժամիջոցների պատճառով: Իրանի հետ գործարքները խզելու թույլտվություն եվրոպական ընկերությունները պետք է ստանան Եվրոհանձնաժողովից: Բացի դրանից, այս մեխանիզմը հնարավորություն է տալիս ամերիկյան պատժամիջոցներից տուժող ընկերություններին դատական հայց ներկայացնել ԱՄՆ ադմինիստրացիայի դեմ: «Արգելափակող ստատուտն» առաջին անգամ ընդունվել էր 1996թ. ի պատասխան Կուբայի, Իրանի և Լիբանանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների, որն այդպես էլ չկիրառվեց, քանի որ խնդիրը հնարավոր եղավ լուծել:

ԱՄՆ դիրքորոշումը 2015թ. ստորագրված Վիեննայի համաձայնագրի հանդեպ լուրջ տարաձայնություններ առաջացրեց ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում, եթե հաշվի առնենք, որ եվրոպական մի շարք խոշորագույն կազմակերպություններ լայնածավալ գործունեություն էին սկսել Իրանում (օրինակ, Total, Royal Dutch Shell, Airbus, Renault, Peugeot-Citroen և այլն): Ֆրանսիական Total-ն առաջիններից մեկն էր, ով 2015թ. համաձայնագրի ստորագրումից հետո մուտք գործեց իրանական շուկա, առաջիններց մեկն էլ դուրս եկավ այնտեղից: (Total-ը Հարավային Պարս հանքավայրում էր իր գործունեությունը ծավալում: Հարավային Պարսը Պարսից ծոցում Իրանի և Քաթարի միջև գտնվող աշխարհում խոշորագույն նավթագազային հանքավայրն է, որը բաժանված Է երկու մասի՝ իրանական և քաթարական): Renault-ն, որն ամերիկյան շուկայում անմրցունակ է, նույնպես սահմանափակեց իր ներկայությունն Իրանում: Նույնը վերաբերվում է իտալական ENI ընկերությանը, որը դադարեցրեց ածխաջրածինների որոնողական աշխատանքներն Իրանում: Airbus-ը պայմանագիր էր ստորագրել Իրանի հետ 100 ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ, այնինչ հասցրեց միայն 3 օդանավ վաճառել, այնուհետև խզեց պայմանագիրը: Նորվեգական արևային էներգիայի ոլորտում հայտնի ընկերությունները նույնպես լքեցին իրանական շուկան: Նույնը կարելի է ասել գերմանական Siemens-ի մասին:

Իրանն իր հերթին մի քանի անգամ հայտարարել է Միջուկային համաձայնագրից իր հրաժարվելու մասին, սակայն առ այսօր այդ գործընթացը սահմանափակվել է միայն հայտարարություններով, սակայն հարստացված ուրանի արտադրության սահմանափակումները, որոնք ամրագրվել էին Համաձայնագրով, դադարեցրել է` շարունակաբար հայտարարելով, որ ուրանն օգտագործում է միմիայն խաղաղ նպատակներով: Իրականում այս հարցը դեռևս վերջնական լուծում չի ստանում և տպավորությունն այնպիսինն է, որ երկրները սպասում են ամեն դեպքում նոյեմբերին սպասվող ԱՄՆ ընտրությունների արդյունքներին: ԱՄՆ դիրքորոշումն իրանական հարցում կարելի է բացատրել նաև էներգետիկ գործոնով: Ինչպես հայտնի է, ԱՄՆ կողմից թերթաքարային նավթի արդյունահանման ավելացման շնորհիվ, աշխարհում նավթի առաջարկն ավելացավ և անգամ սկսեց գերազանցել պահանջարկը, ինչը հանգեցրեց նավթի համաշխարհային գների անկման ընդհուպ մինչև 50 դոլար մեկ բարելի դիմաց: Գաղտնիք չէ, որ Իրանն ՕՊԵԿ-ի ամենամեծ նավթարդյունաբերող երկիրներից մեկն է և միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո իրանական նավթի արդյունահանման ծավալներն աճել էին, ինչը նույնպես հանգեցրել էր նավթի ավելցուկի: Հետևապես, ԱՄՆ դուրս գալը համաձայնագրից, Իրանի նկատմամբ պատժամիջոցների, այդ թվում՝ նավթի էմբարգոյի սահմանումը հանգեցրեց էներգակիրների գների աճին, ինչը ԱՄՆ-ին, որպես նավթ արդյունահանող երկրին, տնտեսապես շահավետ էր:

Իրականում Իրանը` լինելով ՕՊԵԿ-ի ամենամեծ նավթարդյունաբերող երկիրներից մեկը, համաձայնագրի ստորագրումից հետո իր բյուջեի եկամուտների և տնտեսական աճի հույսը կապում էր նավթի վաճառքի հետ և իրացման հիմնական շուկաներն էին Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը և ԵՄ-ն:

ԱՄՆ այս քայլից հետո արդեն ճապոնական, հարավկորեական, հնդկական և եվրոպական մի շարք ընկերություններ ականջալուր եղան ԱՄՆ հորդորներին: Սակայն խնդիրն այլ էր Չինաստանի պարագայում: Չինաստանը, որն համարվում է իրանական նավթի ամենամեծ ներկրողը, այն պետություններից էր, ով ի սկզբանե հրաժարվեց կատարել ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները: Դոլարի լծակի միջոցով ԱՄՆ-ի պատժամիջոցները Չինաստանի վրա ազդեցություն նույնպես չունեն, եթե հաշվի առնենք, որ 2018թ. մարտից ի վեր նավթային բորսային շուկան աշխատում է նաև չինական արտարժույթի ՝ յուանի միջոցով: Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների, մասնավորապես ԱՄՆ այն հայտարարությանը, որ նոյեմբերի 5-ից ԱՄՆ-ն արգելք է դնելու իրանական նավթի արտահանման վրա դեպի արտաքին շուկաներ, Իրանը սպառնաց փակել Հորմուզի նեղուցը: Հորմուզի նեղուցն ունի ռազմավարական նշանակություն: Այն Օմանը ծոցը միացնում է Պարսից ծոցին: Նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը` ԱՄԷ-ին և մի փոքր մաս Օմանին: Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհում նավթի և նավթամթերքների փոխադրման 20%-ից ավելին: Այստեղով է անցում Պարսից ծոցի նավթի տեղափոխման 90%-ը, որի մեծ մասը գնում է դեպի ԱՄՆ: Այստեղով օրական անցնում է 17-18 մլն բարել նավթ, ինչպես նաև քաթարական հեղուկացված բնական գազը: Հորմուզի նեղուցի փակելը հանգեցնելու է նավթի դեֆիցիտին և գների կտրուկ աճին:

Պետք է նշել, որ պատժամիջոցների սաստկացումը խափանեց նաև Իրանի տնտեսական կյանքի նորմալ ընթացքը` երկրի ազգային արժույթն արժեզրկվեց բազում անգամներ, գործազրկության ցուցանիշն ավելացավ։ Այս ամենին գումարվում են Իրանի իշխող էլիտայի տարբեր հատվածների միջև հակասությունները։ Նախագահ Ռոուհանին այժմ կանգնած է մեծ մարտահրավերների առջև․ երկրում ծայր առան սոցիալական պահանջներով ցույցեր, իսկ պահպանողականներն առիթն օգտագործում են քննադատելու գործող կառավարությանը: Պետք է նկատել, որ Իրանն հրաժարվում է գնալ բանակցությունների ԱՄՆ հետ այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ կողմից չեղյալ չեն հայտարարվել Իրանի դեմ պատժամիջոցները։ Իրանի հետ հնարավոր հնարավոր բանակցությունների համար ԱՄՆ կողմից երեք հիմնական թեմաներ է առաջ բերվում, մասնավորապես բանակցություններ.

Միջուկային ծրագրի շուրջ

Հրթիռաշինության շուրջ

Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում (Սիրիայում, Եմենում և այլն) Իրանի վարած քաղաքականության շուրջ։

Այստեղ պետք է նշել, որ հրթիռաշինության շուրջ Իրանի դիրքորոշումը խիստ հստակ է` հրթիռաշինությունն այն ոլորտն է, որի շուրջ Իրանը չի պատրաստվում գնալ բանակցությունների։ Գաղտնիք չէ, որ հնարավոր բանակցությունների հիմնական թեման հենց հրթիռաշինության, այլ ոչ միջուկային զենքի չտարածման շուրջ է ընթանալու, քանի որ Իրանը միացել է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրին և ԱԷՄԳ-ի հավաստմամբ, Իրանը հավատարիմ է այս հարցով իր կողմից ստանձնած միջազգային պարտականություններին:

Իրանի հանդեպ ԱՄՆ դիրքորոշումն ավելի խստացավ, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 2019թ. հունիսի 19-ին հայտարարեց, որ Հորմուզի նեղուցում՝ Իրանի օդային տարածքներում՝ երկրի հարավում, խոցել է ամերիկյան հետախուզական Global Hawk անօդաչու թռչող սարքը: ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրների հղումով անօդաչու թռչող սարքը խոցվել է իրանական հրթիռով Հորմուզի նեղուցում` միջազգային օդային տարածքում: ԱՄՆ նախագահը հայտարարությամբ է հանդես եկել այս առիթով՝ նշելով, որ Իրանը  «մեծ սխալ» է գործել: Սրան ի պատասխան՝ Իրանը հայտարարեց, որ իրանցի զինվորականներն ամերիկյան անօդաչու են խոցել ոչ թե նեյտրալ տարածքում, այլ երկրի հարավային շրջանում, երբ այն խախտել է Իրանի օդային տարածքը: Այս միջադեպը մեծացրեց Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական վտանգի հավանականությունը: Այս համատեքսոտւմ պետք է նշել նաև, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Պարսից ծոց էր ուղարկել «USS Abraham Lincoln» ավիակիրը և B-52 ռմբակոծիչների հատուկ խմբեր։ Ավելին՝ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի տարածքում մեկնարկել էին F-15 կործանիչների մասնակցությամբ համատեղ օդային զորավարժություն: Այս քայլն արժանացել է ԻԻՀ խիստ հակազդեցությանը։ Իրանական կողմը ի դեմս Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հայտարարեց, որ Իրանն ԱՄՆ-ի վերջին ոտնձգության վերաբերյալ զեկուցել է ՄԱԿ-ին և կապացուցի, որ միջազգային ջրերում իր օդանավի թռիչքի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը սուտ է: Իրանի շուրջ աճող անհանգստությունը լրջորեն մտահոգել է նաև Չինաստանին և Ռուսաստանին։ Մասնավորապես, ՌԴ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ աղետ կլինի Միջին Արևելքի համար: Իսկ Չինաստանի ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությանը:

Պետք է նշենք, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը Հորմուզի նեղուցում ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցելուց հետո սպասվում էր, որ ԱՄՆ կողմից հարվածներ կհասցվեն Իրանին, սակայն Միացյալ Նահանգներն այդ քայլին չդիմեցին: Այսինքն, կարելի է ասել, որ իր համար այս նախընտրական ժամանակահատվածում Թրամփը խուսափեց Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելուց, հատկապես այն բանից հետո, երբ իրանական կողմը հայտարարեց, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում պատասխան հարվածը Իրանի կողմից չի ուշանա: ԱՄՆ-ում  շատ լավ հասկանում են, որ Իրանն ունի բավարար միջոցներ հարվածելու տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաներին, մասնավորապես Իսրայելում, և հնարավոր ռազմական բախումը առաջիկայում սպասվող ընտրություններում ԱՄՆ գործող վարչակարգի դեմ էր աշխատելու: Ավելին, ԱՄՆ պատժամիջոցներ սահմանեց նաև ԻԻՀ ԱԳ նախարարի և նախագահի դեմ:

Իրան-ԱՄՆ հարաբերություններն առավել սրվեցին 2019թ. սեպտեմբերի 14-ին, երբ հարձակում տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա, մասնավորապես վնասվեց աշխարհում ամենամեծ նավթավերամշակման գործարանը, որի հետևանքով նավթի արդյունահանումը կրճատվեց ավելի քան երկու անգամ, ինչն էլ հանգեցրեց նավթի գների աճին: Չնայած հարձակումն իր վրա վերցրեցին Եմենում գործող «Անսար Ալլահ» խմբավորումը՝ հուսիթները, Սաուդյան իշխանություններն միանգամից այս հարձակումների համար մեղադրեցին Իրանին` նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել ոչ թե հարավից, որտեղ տեղակայված են հուսիթները, այլ հյուսիսից: Այս դեպքից անմիջապես հետո Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարարը հայտարարեց, որ եթե հարձակումը տեղի է ունեցել Իրանի տարածքից, թագավորությունը դա կհամարի պատերազմական ակտ՝ հայտարարելով, որ ամեն դեպքում Իրանը կրում է դրա պատասխանատվությունը, քանի որ Սաուդյան Արաբիային հարվածած հրթիռները և անօդաչու սարքերը պատրաստված էին Իրանում: Սրան հաջորդեց Սաուդյան Արաբիայի դաշնակցի` ԱՄՆ հայտարարությունը, ով ի դեմս պետքարտուղար Մայք Պոմպեոյի հավաստեց, որ ԱՄՆ-ն չի հանդուրժելու Իրանի այսպիսի գործելակերպը: Ապա հայտարարությամբ հանդես եկավ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ով ասաց, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածի հետևանքը կլինի լայնամասշտաբ պատերազմը:

Ավելին, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո Թրամփը Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքեր ուղարկելու որոշում կայացրեց` Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ խնդրանքով` կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Ավելին, ԱՄՆ նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, մասնավորապես Իրանի Ազգային բանկի դեմ, որից որոշ ժամանակ անց ռազմական շքերթի ժամանակ Իրանն ի ցույց դրեց իր հրթիռային համակարգերը, որոնք ունակ են խոցել թիրախը 2000 կմ հեռավորությունից: Այսինքն, նրանք կարող են հասնել ինչպես Իսրայել, այնպես էլ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին: Ավելին, Իրանը դրանից հետո ՌԴ և Չինաստանի հետ համատեղ Օմանի ծոցում սկսեց ռազմածովային զորավարժությունների անցկացնումը: Պետք է նշել, որ այս զորավարժությունները հատկանշական էին այն իմաստով, որ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ էր, որ Իրանը թույլատրեց ռուսական կործանիչներին իր տարածքից հարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկիչների ուղղությամբ:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի շուրջ շարունակում է լարված մնալ: Այն պայմանավորված է ոչ միայն արտաքին ճնշումներով, այլ դրանց հետևանքով առաջացած ներքաղաքական խնդիրներով: Իրանական նավթի արտահանման ծավալների զգալի չափով կրճատման և միջազգային կապիտալի, մասնավորապես եվրոպական ընկերությունների երկրից հեռանալը իրենց զգալի հետքը թողեցին Իրանի տնտեսության վրա, ինչը հանգեցրեց ապրանքների գների զգալի աճին և տարադրամի արժեզրկմանը: Այս ամենի հետևանքով 2019թ. նոյեմբերին Իրանի տարբեր քաղաքներում հակակառավարական մեծ ցույցերի տեղի ունեցան, որոնք կառավարությունը ստիպված էր ճնշել։ 2020 թ. փետրվարին կորոնավիրուսային համավարակի բռնկումն էլ ավելի ծանրացրեց Իրանի տնտեսության վիճակը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ 2020 թ. փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցությունը վայելող «արմատական պահպանողական» ուժերը, որոնց ներկայացուցիչն ամենայն հավանականությամբ հաղթանակ կտանի նաև 2021թ. նախատեսված նախագահական ընտրություններում: 

Իրանի շուրջ արտաքին քաղաքական իրավիճակը կտրուկ սրվեց 2020թ տարեսկզբին Իրաքում ԱՄՆ կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղոդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, որին ի պատասխան Իրանը հրթիռակոծեց Իրաքում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազա, սակայն զոհեր չգրանցվեցին, այնուհետև հերթական անգամ սպառնաց փակել Հորմուզի նեղուցը: Մինչ ողջ աշխարհը սպասում էր ԱՄՆ պատասխանին Իրաքում ամերիկյան ռազմաբազաներին Իրանի կողմից հրթիռակոծելուց հետո, ԱՄՆ-ն չգնաց այդ քայլին՝ ամենայն հավանականությամբ չցանկանալով իրադրության հավելյալ լարում մտցնել սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ: Ամեն դեպքում պարզ է, որ ԱՄՆ-ն սրա պատասխանն Իրանին անհապաղ տալու է գործող ադմինիստրացիայի վերընտրվելու դեպքում, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում չի բացառվում իրադրության սրում:

Գեներալ Սոլեյմանիի սպանությունից ամիսներ անց ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց մի շարք իրանական և իրաքյան ընկերությունների և անհատների, նկատմամբ՝ մեղադրելով նրանց ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ին, և նրա էլիտար «Ալ Ղուդս» միավորմանն աջակցելու մեջ: Վերջիններս մեղադրվում էին նաև Եմենին մաքսանենգ ճանապարհով զենքեր մատակարարելու, Սիրիայի կառավարությանը իրանական նավթ վաճառու՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները, Իրաքում քարոզչական աշխատանքներ և ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ:

Ավելին, Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն առավել քան իրենց զգացնել տվեցին նոր կորոնավիրուսի համավարակի տարածման համատեքստում: Պատժամիջոցների հետևանքով երկիրը չէր կարողանում իրականացնել ֆինանսական գործարքներ, ձեռք բերել դեղորայք ու անհրաժեշտ բժշկական սարքավորումներ: Այս մասին իրանական իշխանությունները բազմիցս են բարձրաձայնել` այն որակելով անգամ առողջապահական ահաբեկչություն: Սրան ի պատասխան՝ ԱՄՆ-ն արգելափակեց Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից համավարակի դեմ պայքարելու նպատակով Իրանին 5 մլրդ դոլար վարկի տրամադրումը, և վետո դրել կոնգրեսի օրինագծի վրա, որով նախատեսվում էր սահմանափակել Իրանի նկատմամբ Թրամփի ռազմական լիազորությունները։ 2020թ օգոտոսի վերջին ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հանդեպի պատժամիջոցների վերականգման մասին: Մինչ այդ, 2020թ օգոստոսի 15-ին ԱՄՆ ձախողեց ԱԽ-ում Իրանին զենքի մատակարարման վրա գրված 13-ամյա էմբարգոյի երկարաձգման մասին իր առաջարկը, որն ավարտվում է 2020թ հոկտեմբերի 18-ին, որին ՌԴ-ն ու Չինաստանը դեմ քվեարկեցին, իսկ ԱԽ մնացած մշտական անդամները` ձեռնպահ: Ըստ Միջուկային համաձայնագրի, Իրանին զենքի մատակարարման էմբարգոյի ժամկետի ավարտից հետո Իրանն օրինական ճանապարհով կարող է գնել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ օդանավեր, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Այժմ ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ուրանի հարստացման մեջ և սպառնում վերականգնել մինչ Միջուկային համաձայնագիրը եղած պատժամիջոցները: Պատժամիջոցների սահմանումը ամրագրված է Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրում, ըստ որի՝ Համաձայնագրի յուրաքանչյուր կողմ կարող է պաշտոնապես դիմել ՄԱԿ-ի ԱԽ և նախաձեռնել Իրանի հանդեպ պատժամիջոցների վերադարձը, եթե Իրանը խախտի այդ համաձայնագրով և ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևով ստանձնած պարտականությունների իրականացումը: Դիմումը ստանալուց մեկ ամիս անց ԱԽ պետք է երկայացվի բանաձև, որը հաստատում է Իրանի կողմից համաձայնագրի ամբողջական կատարումը։ Բանաձևի մերժման դեպքում 2015 թ. ստորագրված համաձայնագիրը պաշտոնապես դադարում է գործելուց, և վերականգնվում են մինչև 2016 թ. հունվարը Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցները։ Փաստացի ԱՄՆ-ն ինքը կարող է նման բանաձև ներկայացնել Անվտանգության խորհուրդ և ինքն էլ դեմ քվեարկել դրան՝ օգտվելով վետոյի իրավունքից։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնենք այն, թե որքան են իրավաչափ ԱՄՆ քայլերը այս հարցում, եթե վերջինս համաձայնագրից ինքնակամ միակողմանի դուրս է եկել 2018թ:

Իրանի կողմից միջուկային ծրագրի պայմաննների խախտման և պատժամիջոցների վերականգման մասին ԱՄՆ պետքարտուղարը համաձայն ընթացակարգի հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ին ս.թ. օգոստոսի 20-ին, և չնայած ՌԴ և Չինաստանի ջանքերին, ԱԽ ընդունել է ԱՄՆ դիմումը: Իրականում այստեղ ոչ միայն Իրանի դեմ պատժամիջոցների հարցն է առաջ գալիս, այլ միջազգային իրավունքի և առհասարակ ՄԱԿ-ի ԱԽ հեղինակության:

Ավելին, եթե բանաձևը դրվի քվեարկության և մերժվի նույն ԱՄՆ կողմից (այստեղ անգամ կասկած չկա, որ ԱՄՆ-ն կիրականացնի վետոյի իր իրավունքը) և վերականգնվեն Իրանի հանդեպ մինչև 2016թ գործող պատժամիջոցները, ապա այն կարող է մեծ խնդիրներ առաջացնել շատ պետությունների, այդ թվում՝ նաև Իրանի հետ ցամաքային սահման և որպես ԵԱՏՄ-ի անդամ Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր գոտու մեջ գտնվող Հայաստանի համար։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ն Հայաստանից ևս կարող է պահանջել Իրանի նկատմամբ կիրառել մինչև 2016 թ. հունվարն ուժի մեջ եղած պատժամիջոցները՝ հակառակ պարագայում սպառնալով Հայաստանի նկատմամբ իրականացնել միակողմանի գործողություններ:

Իրանի շուրջ օղակը սկսվեց ավելի սեղմվել հատկապես ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի, ԱՄԷ և Բահրեյնի հետ միջև հարաբերությունների հաստատման մասին պայմանավորվածությունից հետո, երբ Իրանում քաջ գիտակցեցին, որ ԱՄՆ միջնորդությամբ արաբական աշխարհում ստեղծվող կոալիցիան ունի ամեն հնարավորություն գործելու Իրանի դեմ: Իրանի մտավախությունը պայմանավորված է նաև ԱՄԷ կողմից իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերի հնարավոր ձեռքբերմամբ, ինչը կարող է հնարավորություն տալ նվազեցնել իրանական բալիստիկ հրթիռների սպառնալիքը: Խոսակցություններ կան նաև ԱՄԷ կողմից ամերիկյան F-35 ձեռքբերման մասին, և եթե այն տեղի ունենա, ապա ԱՄԷ-ն կլինի երկրորդ պետությունը տարածաշրջանում Իսրայելից հետո, ով կունենա այս 5-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները, ինչը չի կարող չանհանգստացնել Իրանին: Իսրայելի հետ Ծոցի երկրների հարաբերությունների հաստատմանն Իրանն արձագանքեց բավականին կոշտ: Մասնավորապես նախագահ Ռոուհանին նշեց, որ եթե այս համաձայնագրերը ավելացնեն Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում, ապա Իրանն այլ կերպ կպատասխանի սրան, իսկ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ Պարսից ծոցում որևէ գործունեության պարագայում, որն անգամ մի փոքր վտանգի տակ կդնի Իրանի ազգային շահերը, ապա Իրանն այս հարցում կմեղադրի ԱՄԷ-ին, ինչին ի պատասխան ԱՄԷ արտաքին գործերի նախարարն հայտարարեց, որ Իսրայելի հետ համաձայնագիրը Իրանի մասին չէ: 

Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԱՄԷ-ն ունի տարածքային խնդիրներ Իրանի հետ կապված Հորմուզի նեղուցի երեք կղզիների հետ (Աբու-Մուսա, Մեծ և Փոքր Տունբ), որոնք Իրանը վերցրել է 1971թ: Ավելին, գաղտնիք չէ, որ թե՛ ԱՄԷ-ի, թե՛ Բահրեյնի հարաբերությունները բավականին լարված են Իրանի հետ: Միևնույն ժամանակ նշենք, որ կորոնավիրուսային համավարակի օրերին, երբ վարակի ցուցանիշը բավականին բարձր էր Իրանում, ԱՄԷ-ն բարի կամք դրևորելով երկու նավ մարդասիրական օգնություն ուղարկեց Իրան, որն աննախադեպ էր դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:

Ակնհայտ է, որ Հայաստանի համար խիստ կարևոր է Իրանում և Իրանի շուրջ կայունության վերականգնումը։ Իրանի հակամարտությունը Արևմուտքի հետ Հայաստանի համար, անշուշտ, բացասական հետևանքներ է ունենալու։ Իրավիճակի հետագա սրացումն ու անկայունությունն Իրանում հղի են մի շարք հետևանքներով ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից: Դա կարող է լինել բնակչության լայնածավալ արտահոսքը դեպի ՀՀ,  տարածաշրջանում անջատողական վտանգները, ինչպես, օրինակ, դա կարող է լինել Հյուսիսային Ատրպատականի դեպքում, քրդական հարցի առաջխաղացումը, և վերջապես, ՀՀ անմիջական հարևանությամբ ռազմական գործողությունների վտանգը և համատեղ մի շարք տնտեսական ծրագրերի սառեցումը կամ ընդհանրապես չեղարկումը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրից հետո Հայաստանն, իհարկե, ակնկալում էր, որ այն նախագծերը, որոնք մշակվել էին իրանական կողմի հետ, կյանքի կկոչվեն: Այստեղ խոսքը գնում է Մեղրիի ՀԷԿ-ի մասին, որն այս պահին դեռևս սառեցված է։ Շատ կարևոր է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը։ Այն հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան ու դրա դիմաց ավելի շատ գազ ստանալ։ Միևնույն ժամանակ նշենք, որ Իրանը ռուսական կողմի հետ համատեղ կառուցում է Բուշերի ատոմակայանի 2-րդ բլոկը, իսկ մինչև 2020թ. շուրջ 5 մլրդ դոլար է ներդրվելու վերականգնվող էներգետիկայի զարգացման համար, ինչը նշանակում է, որ արդեն իսկ զարկ է տրվում էլեկտրաէներգիայի ներքին արտադրությանը:

Ավելին, պատժամիջոցների չեղարկումը ՀՀ-ի համար կարող էր նպաստել առևտրաշրջանառության ավելացմանը, որը մեծ չէ: Իրականում Իրանը բարձր մաքսատուրքեր է սահմանում ներմուծման համար, որն իր հերթին խոչընդոտներ է ստեղծում առևտրի ոլորտում, սակայն ԵԱՏՄ-ի հետ պարզեցված առևտրի մասին կնքված համաձայնագիրը որոշ չափով լուծում տվեց այս հարցին: Սա ժամանակավոր համաձայնագիր է, այն գործելու է երեք տարի, որից հետո կողմերը կորոշեն` կարող են արդյոք անցնել լիովին ազատ առևտրի ռեժիմի, այսինքն` զրոյական մաքսատուրքերի թե ոչ։ Ամեն դեպքում ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների զարգացումն նպաստավոր է ՀՀ-ի համար, քանի որ այն փաստացիորեն Իրան-ՀՀ միակ մաքսատուրքերի նվազեցման մասին պայմանագիրն է, Հայաստանը՝ լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, տնտեսական համագործակցության հեռանկար է  բացում Իրանի համար: ՀՀ-ն սահմանային միակ պետությունն է, ով ԵԱՏՄ անդամ է և գտնվում է նաև բարիդրացիական հարաբերությունների մեջ Վրաստանի հետ, ում հետ Իրանն ունի ազատ առևտրի համաձայնագիր:

Դասախոսություն 3. Թուրքիա-ՌԴ հարաբերությունների դինամիկան, զարգացումները և ազդեցությունը ՀՀ անվտանգության վրա

Վերջին տարիներին Թուրքիայի դերն ու գործոնը միջազգային գործընթացներում ավելացել է: Սա, նախևառաջ, պայմանավորված է Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականության և Թուրքիայի միջազգային հանգույց դառնալու քաղաքական ու տնտեսական կուրսի հետ, որի հիմքերը դրեց Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն իր «Ռազմավարական խորություն» կոչվող աշխատությունում, որը ստացավ «Դավութօղլուի դոկտրին» անվանումը: Այս աշխատությունում Դավութօղլուն այլ հարցերի հետ մեկտեղ նշում է, որ Թուրքիան պետք է օգտագործի իր զբաղեցրած ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքը և այն ծառայեցնի ի նպաստ իր քաղաքական և տնտեսական առաջընթացին: Աշխատությունում ասվում է, որ Թուրքիան միաժամանակ հանդիսանում է Միջինարևելյան, Բալկանյան, Կովկասյան, Կենտրոնականասիական, Կասպիական, Միջերկրածովյան, Պարսից ծոցյան և Սևծովյան երկիր և իր ազդեցությունն ունի այս տարածաշրջանների վրա, հետևաբար Թուրքիային վերապահված է գլոբալ դերակատարում: Դավութօղլուն մերժում էր այս երկար տարիներ ընդունված դիրքորոշումը, որ Թուրքիան կամուրջ է հանդիսանում իսլամի և Արևմուտքի միջև, քանի որ այն Թուրքիային դարձնում էր այլ երկրների ռազմավարական շահերի համար հարմար գործիք: Եվ այս համատեքստում` հաշվի առնելով Թուրքիայի տարածաշրջանային տերություն լինելու հանգամանքը և վերջինիս վերապահված համաշխարհային դերակատարումը, Թուրքիան պետք է բարիդրացիական հարաբերությունների մեջ լինի հարևան պետությունների հետ: Այստեղից է սկիզբ առնում «Զրո խնդիրների հարևանների հետ» մոտեցումը: Դավութօղլուն ասում է, վերջին տարիների ընթացքում Թուրքիան ջանքեր ու ժամանակ է վատնել իր հարևանների հետ հակամարտություններում և այժմ ժամանակն է հաղթահարել ֆոբիաները, վախի սինդրոմը («phobic syndromes») և բարելավել հարաբերությունները բոլոր հարևանների հետ: 

Հարևանների հետ հարաբերությունների բարելավումը իհարկե չստացվեց, ավելին, դրանք առավել քան սրվեցին ու վատթարացան, սակայն Թուրքիային, ի վերջո, հաջողվեց դառնալ հանգույց, որտեղով անցնում են արևմուտքն արևելքին միացնող մի շարք նախագծեր` նավթամուղ, գազամուղ, երկաթուղի, օդանավակայան և այլն:

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Թուրքիան այսօր հանգույց է դարձել ոչ միայն տարատեսակ նախագծերի, ենթակառուցվածքների առումով, այլ նաև այն իմաստով, որ այստեղ են խաչվում նաև միջազգային կարևոր քաղաքական գործընթացներն ու շահերը. ՌԴ-ԱՄՆ հարաբերություններ, սիրիական հարց, լիբիական և արևելամիջերկրածովյան ճգնաժամեր, քրդական հարց և այլն:

Միջազգային և հատկապես տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից խիստ կարևոր են Ռուսաստան-Թուրքիա վերջին ժամանակներում բավականին ջերմացած, սակայն ոչ միանշանակ հարաբերությունները: Այս հարաբերությունների դինամիկան առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի համար` հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությունը: Այս հարաբերությունների նշանակությունն ակնհայտ դարձավ նաև 2020թ հուլիսին Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի կողմից նախաձեռնած ոտնձգությունների, ինչպես նաև այժմ Արցախի Հանրապետությունում ընթացող լայնամաշտաբ պատերազմական գործողությունների համատեքստում, երբ Թուրքիան իր բացեիբաց աջակցությունն ու զորակցությունը հայտնեց Ադրբեջանին: Ինչպես հայտնի է, 2010թ․ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված ռազմական համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրով կարևորվում էր համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչը կողմները պարբերաբար անց են կացնում, այդ թվում՝  Նախիջևանի տարածքում: Ավելին, 2010թ․ ռազմական պայմանագրի 2-րդ հոդվածը նախատեսում է, որ «Եթե կողմերից մեկը երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա կողմերը միմյանց օգնելու են բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։

Պետք է նկատել, որ վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, գտնվել են բավականին բարձր մակարդակի վրա՝ չհաշված երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ ծագող խնդիրներին (Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, ՄԱԿ ԱԽ-ը բարեփոխելու Թուրքիայի առաջարկը (ԱԽ մշտական անդամների թիվը հասցնել 20-ի՝ վետոյի սահմանափակ իրավունքով) և Ռուսաստանի կողմից վետոներ կիրառելուց Թուրքիայի դժգոհելը, տարաձայնությունները սիրիական հարցում, ռուսական օդանավի` СУ-24 կործանումը, ՌԴ դեսպանի սպանությունը, Սիրիայի Իդլիբ նահանգում 2020թ փետրվարին տեղի ունեցած ռազմական բախումները և դրանց հետևանքով իրավիճակի սրացումը, Լիբիայի հարցում տարաձայնությունները և այլն):

Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են մի շարք միմյանց համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում. 2010թ. Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով Թուրքիայի առաջին՝ Աքքույուի ատոմակայանի կառուցման իրավունքը շնորհվել է ռուսական «Ռոսատոմ» ընկերությանը: Ավելին, թուրքական շուկան շատ կարևոր է ՌԴ էներգակիրների համար. Ռուսաստանը Թուրքիայի առաջատար գազամատակարար երկիրներից մեկն էր` երկրորդը Գերմանիայից հետո: Եթե 2017թ ռուսական գազի ներմուծումը ապահովում է Թուրքիայի գազի պահանջարկի 53%-ը (2017թ.) և այս ցուցանիշով ՌԴ-ն Թուրքիային ամենաշատ գազ մատակարարող պետությունն էր, ապա 2019թ. այս ցուցանիշը անկում ապրեց` կազմելով Թուրքիայի գազի պահանջարկի 33%-ը, ինչը հանդիսանում է Թուրքիայի կողմից էներգակիրների դիվերսիֆիկացման քաղաքականության հետևանք` նախապատվությունը տալով հեղուկ բնական գազի ներմուծմանը (LNG) հիմնականում Ալժիրից, Նիգերիայից, Եգիպտոսից, Կամերունից: Ավելին, ադրբեջանական գազի ներմուծումը թուրքական շուկա հատկապես վերջին շրջանում գերազանցում է ռուսական ներմուծումը:

«Հարավային հոսք» գազատարի նախագծից հրաժարվելուց հետո, ՌԴ-ի համար կարևոր նշանակություն ստացավ «Թուրքական հոսք»-ի կառուցումը: Այն ունի 2 ճյուղ, որոնցից մեկը նախատեսված է Թուրքիայի ներքին սպառման, իսկ երկրորդը՝ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տարանցման համար։ 2020թ տարեսկզբին արդեն առաջին հոսքը դեպի Բուլղարիա տեղի ունեցավ: Գործարկվեցին գազամուղի երկու խողովակաշարերը՝ յուրաքանչյուրը տարեկան 15.75 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ: Տարանցիկ խողովակաշարի գործարկման հիմնական նպատակը Ուկրաինայի տարածքով ռուսական գազի դադարեցումն էր, որը «Հյուսիսային հոսք 2» գազամուղի գործարկման հետ միասին հնարավորություն պետք է տար Ռուսաստանին գրեթե ամբողջությամբ դադարեցնել գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։ Սակայն 2019թ. դեկտեմբերին «Հյուսիսային հոսք 2» գազամուղի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառումից հետո վերջինիս շինարարությունն անորոշ ժամկետով սառեցվեց, որից հետո ամերիկյան կողմը սպառնաց պատժամիջոցներ կիրառել նաև դեպի Եվրոպա գազի արտահանում նախատեսող «Թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարի նկատմամբ: Սա ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական հարված է ՌԴ-ին, որը բավականին զգալի միջոցներ է ներդրել «Թուրքական հոսքի» կառուցման համար: 2020թ օգոստոսի վերջին Էրդողանը հայտարարեց, որ Սև ծովի Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտու տարածքում 320 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ է Թուրքիան հայտնաբերել, որտեղից Թուրքիան պատրաստվում է սկսել գազի արդյունահանումն արդեն 2023 թ.-ից։ Այս հայտարարությունից անմիջապես հետո ակտիվացան Թուրքիայի ռուսական գազից կախվածության նվազման մասին քննարկումները: Գիտենք, որ Թուրքիան այս պահի դրությամբ ներմուծում է սպառվող գազի գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 98% խողովակաշարերով գազ է ներմուծելով երեք պետություններից՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից։ Միևնույն ժամանակ Թուրքիայում գործում են հեղուկացված բնական գազի (LNG) ներմուծման չորս տերմինալներ, որոնցից վերջինը կառուցվել է 2018թ։ Չի բացառվում, որ այս հայտարարությունը հերթական փորձը լինի Էրդողանի կողմից զսպել Թուրքիայում տնտեսության ռեցեսիայի պատճառով օրեցօր ավելացող դժգոհությունները, ինչպես նաև իր քաղաքական վարկանիշը բարձրացնող հերթական քայլը լինի, որը, ինչպես հայտնի է, էականորեն նվազեց 2019թ. մունիցիպալ ընտրություններում Թուրքիայի մեծ քաղաքաներում, մասնավորապես Ստամբուլում «Արդարություն և զարգացում» կուսակցության ձախողումից հետո: Միևնույն ժամանակ նույնիսկ հայտնաբերված գազի պաշարների մասին նորությունն իրականությանը համապատասխանելու պարագայում 320 մլրդ խմ պաշարները ի վիճակի չեն լինելու ապահովել Թուրքիայի էներգետիկ անկախությունը` հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան տարեկան սպառում է մոտ 50 մլրդ խմ գազ: Հետևաբար, միայն 6-7 տարի անց հանքավայրը մաքսիմալ շահագործման պարագայում կարող է բավարարել Թուրքիայի ներքին պահանջարկն ընդամենը մի քանի տարիների ընթացքում: Ռուս-թուրքական հարաբերություններում բեկումնային եղավ Թուրքիայի կողմից վարկային միջոցներով ՌԴ-ից С-400 տեսակի ՀՕՊ համակարգերի և ռազմական ինքնաթիռների ձեռքբերումը և ինքնաթիռների համատեղ արտադրություն ստեղծելու մասին որոշումը: Խոսքը գնում է МС-21 և Sukhoi Superjet-100 տեսակ ինքնաթիռների մասին:

Ռուսաստանը կարևոր երկիր է Թուրքիայի համար զբոսաշրջության տեսանկյունից: Զբոսաշրջության ոլորտ, որը Թուրքիայի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է համարվում, ապահովում է երկրի ՀՆԱ-ի զգալի մասը: Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ժամանակավորապես փակվեցին սահմանները, Թուրքիան առաջին պետություններից էր, ում հետ ՌԴ-ն վերականգնեց ավիահաղորդակցությունը: Թուրք-ռուսական հարաբերություններում առանցքային թեմա է սիրիական ճգնաժամը: 2011 թվականից ի վեր Թուրքիան ակտիվորեն ներգրավված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին: 2013թ․-ից ՌԴ-ն սկսեց ներգրավվել այդ տարածաշրջանային իրադարձություններին, իսկ 2015թ. վերջին ՌԴ-ն արդեն ուղղակի ռազմական մասնակցություն ուներ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործում:

Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածություն առաջացավ 2015թ. նոյեմբերի միջադեպից հետո, երբ թուրքական ռազմական ինքնաթիռը ոչնչացրեց ռուսական СУ-24-ին, ինչը հանգեցրեց հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: Ռուսական պատժամիջոցներին ի պատասխան՝ Էրդողանը սպառնաց խզել Ռուսաստանի հետ գազային պայմանագրերն ու Աքքույուի ատոմակայանի կառուցման մասին պայմանագիրը: Սակայն ռուսական գազից հրաժարվելու մասին Էրդողանի սպառնալիքները միայն խոսակցություններ էին, քանի որ պարզ էր, որ այդ ժամանակահատվածում վերջինս ի վիճակի չէր ռուսական գազի կորուստը փոխհատուցել իրանական կամ ադրբեջանական գազի մատակարարումների ծավալն ավելացնելով, քանի որ տվյալ փուլում այդ երկրներից եկող գազատարների թողունակությունը չէր ընձեռում նման հնարավորություն. դրանք գործում են ամբողջությամբ գերբեռնված: Բացի այդ, «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» և «Թավրիզ-Էրզրում» գազատարները պարբերաբար գտնվում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների թիրախում: Հեղուկացված գազն ավելի թանկարժեք է և ժամանակատար գործընթաց է: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ինքնաթիռային միջադեպից հետո Ռուսաստանը չդադարեցրեց Թուրքիային գազի մատակարարումները, քանի որ Թուրքիան ՌԴ-ի  համար կարևոր շուկա է (երկրորդը գերմանական շուկայից հետո եվրոպական մայրցամաքում): Ակնհայտ է, որ Թուրքիան գազի կարիք ունի նույնքան, որքան Ռուսաստանը՝ իրացման շուկայի: Ինչ վերաբերվում է ատոմակայանին, ապա Թուրքիան արդեն իսկ իր երկրորդ՝ Սինոպի ատոմակայանի կառուցման իրավունքը շնորհել էր ճապոնական Mitsubishi ընկերությանը, որն այն իրականացնելու ֆրանսիական Areva ընկերության հետ համատեղ:

Ընդհանրապես 2016-ը բեկումնային էր ռուս-թուրքական հարաբերությունների համար: Սիրիական ճգնաժամի ժամանակ Թուրքիան և ՌԴ-ն հակադիր բևեռներում էին մինչև 2016թ., իսկ 2016թ-ից ռուս-թուրքական հարաբերություններում տեղի ունեցան որոշակի փոփոխություններ, ինչը պայմանավորված էր նրանով, որ Թուրքիայի շահերը սիրիական հակամարտության հարցում փոխվեցին: Եթե մինչև 2016թ. սկիզբ/առաջին կես, Թուրքիայի նպատակն էր Սիրիայում իշխող վարչակարգի հեռացումը (2015թ. հուլիսի վերջին Թուրքիան ԱՄՆ-ին թույլատրեց Իսլամական պետության դեմ պայքարում օգտվել «Ինջիրլիքի» ավիաբազայից) և սուննի մահմեդականների իշխանության գալը, որոնք կլինեին ավելի թուրքամետ ի տարբերություն սիրիական գործող իշխանությունների, ապա 2016թ․ կեսից հետո ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիան Իսլամական պետության դեմ պայքարում հիմնական շեշտը սկսեց դնել Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերի վրա և սկսեց քրդական ուժերին այս հարցում աջակցություն ցուցաբերել` Սիրիայի ժողովրդական ուժեր միությանը մատակարարելով զենք-զինամթերք, որում գերիշխող դիրքերը պատկանում էին քրդական ուժերին: Եվ ահա այստեղ է, որ Թուրքիայի գերխնդիրը դարձավ ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարը, այլ թույլ չտալ, որ իր սահմաններին անմիջապես հարևանությամբ ստեղծվի մեկ այլ ինքնավար քրդական կառույց: Ընդ որում, Սիրիայի հյուսիսում գործող քրդական ուժերին Թուրքիան համարում է Քրդական բանվորական կուսակցության՝ PKK մասնաճյուղ, այսինքն՝ այն շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնելու Թուրքիայի համար, քան, օրինակ, այն անկախ քրդական միավորը` Քրդստանի ռեգիոնալ կառավարությունը, որը 2003թ ստեղծվել է Իրաքում:

Ուշագրավ է նաև, որ չնայած Ռուսաստանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերություններին, Թուրքիան շարունակում է չճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև չի ճանաչում Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը։ Նա նաև արդյունավետ ռազմական համագործակցություն է ծավալում Ուկրաինայի հետ։ Ռուս-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս հարկ է նշել նաև հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայության մասին. որն, ըստ էության, ՆԱՏՕ-ի անդամ պետության սահմանին տեղակայված բազա է, և ամենևին էլ բացառված չէ, որ ՌԴ-Արևմուտք հարաբերությունների հետագա և հնարավոր լարման պարագայում Հայաստանը կարող է դառնալ թատերաբեմ: Այս համատեքստում չմոռանանք, որ շատ կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ թուրքական զինված ուժերը ոչնչացրեցին Սիրիայում ռուսական СУ-24 օդանավը (նոյեմբերի 24, 2015թ.),  2015թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվեց  «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այսինքն, ստեղծվեց ՀՕՊ միասնական համակարգ, որի ընդհանուր համակարգումն իրականացվում է ՌԴ-ի կողմից այն դեպքում, երբ խոսքը գնում է այլ ՀՕՊ համակարգերի հետ փոխհարաբերություններին, ինչպես նաև այն դեպքում, երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը: Համաձայնագիրը վերաբերվում է միայն ՀՀ տարածքին: Այն չի ներառում Արցախի Հանրապետությունը:

Պետք է նաև նշել, որ այս համաձայնագիրը նաև ռուսական կողմի պատասխան քայլն էր ամերիկյան հակահռթիռային պաշտպանության «Aegis» համակարգի և դրա տեղակայմանը Արևելյան Եվրոպայում: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում (Լեհաստան, Ռումինիա) տեղակայել է հակահռթիռային պաշտպանության «Aegis» համակարգը, որն ունակ է հայտնաբերել բալիստիկ թիրախները մինչև 320 կմ հեռավորության վրա։ Հետևաբար, անգամ ՌԴ-Արևմուտք առկա առճակատման պարագայում, ՀՀ-ն կամա թե ակամա մասնակից է դառնում այս աշխարհաքաղաքական իրադարձություններին և իր ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից կարող է կանգնել լրջագույն մարտահրավերների առաջ:

Միաժամանակ, բավականին երկար ժամանակ ինտենսիվ խոսակցություններ են գնում Նախիջևանում թուրքական ռազմաբազա տեղակայման հավականակության վերաբերյալ: Պաշտոնական տեղեկություններ այս հարցում չկան, միևնույն ժամանակ սա բացառել պետք չէ և այն կարող է լինել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության պատասխանը ՌԴ-ին:

Թուրքիա-ՌԴ հարաբերություններում մեկ այլ առանցքային թեմա է Լիբիայում ծավալվող իրադարձությունները: 2011թ Քադաֆիի սպանությունից հետո Լիբիայում իրապես քաոսային իրավիճակ սկսվեց, ինչը հանգեցրեց երկիշխանության: Մեկը Տրիպոլիում տեղակայված Ազգային համաձայնության կառավարությունն է՝ վարչապետ Ֆաիզ Մուսթաֆա ալ-Սարաջի գլխավորությամբ, որը ձևավորվել է 2016թ. և վերահսկում է երկրի արևմտյան հատվածը, և որին, ի դեպ, ՄԱԿ-ը ճանաչել է, որպես երկրի օրինական իշխանություն։ Մյուսը Լիբիական ազգային բանակն է՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, որի վերահսկողության տակ է երկրի գրեթե 95%-ը: Ազգային համաձայնության կառավարությանն աջակցում է ՄԱԿ-ը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան ու Թուրքիան, իսկ Բենգազիում տեղակայված մարշալ Հաֆթարի գլխավորած Լիբիական ազգային բանակին աջակցում են Ֆրանսիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Հունաստանը, Իսրայելը: ՌԴ-ն  պաշտոնապես պահպանում է չեզոքություն, սակայն ակնհայտ է, որ իր աջակցությունը Հավթարին է ուղղված:

Իրավիճակը Լիբիայում, ըստ էության, վերածվել է միջնորդավորված կամ proxy պատերազմի, ինչը գործնականում պայմանավորված է Լիբիայում էներգետիկ ռեսուրսների մեծ պաշարների առկայությամբ, որն ամենաշատն է աֆրիկյան մայրցամաքում, ինչը թույլ կտա Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգակիրները դեպի եվրոպական շուկա: Լիբիայի շուրջ զարգացող իրադարձությունները պայմանավորված են նաև վերջինիս զբաղեցրած աշխարհագրական դիրքով: Հետևաբար, Ռուսաստանն ու Թուրքիան լիբիական հարցում գտնվում են երկու հակադիր բևեռներում: Իրադրությունն առավել խորացավ այն ժամանակ, երբ 2019թ. գարնանը Լիբիական ազատ բանակը փորձեց գրավել մայրաքաղաք Տրիպոլին, որին ի պատասխան՝ Ազգային համաձայնության կառավարությունն օգնության խնդրանքով դիմեց Թուրքիային: Թուրքիան ընդունեց Ազգային համաձայնության կառավարության խնդրանքը` ուղարկելով այնտեղ զինուժ, ինչն արժանացավ միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի բացասական արձագանքին։ 

Պետք է նշել, որ 2019 թ. տարեվերջին Թուրքիան Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև միջերկրածովյան ափերի միջակայքում բացառիկ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնության հուշագիր կնքեց: Մյուս կարևորագույն խնդիրը Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում նավթի և գազի որոնողական համատեղ աշխատանքների իրականացումն է: Ավելին, այս համաձայնագրով նախատեսվում է Լիբիայում թուրքական ռազմաբազայի ստեղծում և թուրքական անձնակազմին դիվանագիտական կարգավիճակի տրամադրում: Այս իմաստով պետք է նշել, որ ակնհայտ է, որ Թուրքիայի համար Լիբիայում ներկայությունը ունի ռազմավարական նշանակություն, քանի որ այն թույլ է տալիս վերահսկողություն սահմանել լիբիական նավթային պաշարների և Միջերկրական ծովում հայտնաբերված գազի հանքավայրերի նկատմամբ։ Ավելին, ստեղծելով Լիբիայի հետ բացառիկ տնտեսական գոտի, Թուրքիան փորձում է խոչընդոտել Կիպրոսի, Հունաստանի և Իսրայելի EastMed energy նախագծի իրականացմանը, որ նախատեսված է միջերկրածովյան տարածաշրջանից գազը տեղափոխել Եվրոպա` շրջանցելով Թուրքիային: Այս ամենից ելնելով ակնհայտ է, որ Թուրքիային ձեռնտու չէ Հաֆթարի իշխանության հաստատումը Լիբիայի ողջ տարածքում:

ՌԴ-ի համար ևս Լիբիայի հարցում դրսևորվող հետաքրքությունները կարելի է պայմանավորել վերջինիս աշխարհաքաղաքական նկրտումներով, մասնավորապես այս տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմամբ: Լիբիական հարցում ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ ՌԴ նախագահն հայտարարեց Իդլիբից ահաբեկիչների Լիբիա ներթափանցման մասին։ Այս մեղադրանքները, սակայն, թուրքական կողմը չի ընդունում: Լիբիայում ՌԴ-ն  ունի նաև տնտեսական շահեր: Հայտնի է, որ Լիբիան եղել և հանդիսանում է ռուսական զենքի գնորդներից մեկը և ռուսական կողմը քաղաքական նկրտումներից զատ չի ցանկանում կորցնել լիբիական շուկան: ՌԴ-ն  հետաքրքրված է Լիբիայում տեղակայված էներգետիկ պաշարներով: 2019թ. գարնանը Լիբիական ազատ բանակի կողմից մայրաքաղաք Տրիպոլիի գրավման անհաջող փորձից հետո 2020թ հունվարին ՌԴ-ի և Թուրքիայի նախաձեռնությամբ ձեռք բերվեց հրադադար: Այս հարցում Բեռլինում հակամարտող կողմերի` վարչապետ Սարաջի ու մարշալ Հավթարի մասնակցությամբ հրավիրվեց գագաթնաժողով, որի արդյունքներն ամփոփվեցին եզրափակիչ փաստաթղթում: Փաստաթուղթը սահմանում էր ճգնաժամի հաղթահարման գործողությունների պլան, որտեղ, մասնավորապես, նշվում էր, որ պետք է արգելվի լիբիական հակամարտության միջազգային միջամտությունը, իսկ մասնակից երկրները պարտավորվում էին հակամարտող կողմերից որևէ մեկին չաջակցել և զինտեխնիկա չմատակարարել։ Համաձայնագիրը նախատեսում էր նաև ստեղծել «5+5» ֆորմատով հանձնաժողով՝ ընդգրկելով հակամարտող կողմերի 5-ական ներկայացուցչի։ Սակայն 2020թ հունիսին` համավարակի պայմաններում իրադրոթյունը Լիբիայում կրկին սրվեց: Փոխադարձ ավիահռթիռակոծման մեջ ռուսական և թուրքական կողմերը մեղադրեցին միմյանց, սակայն շուտով վերջիններս կարողացան շտկել իրավիճակը: ՌԴ-ի և Թուրքիայի կողմից անցկացված միջգերատեսչական խորհրդակցությունների արդյունքում որոշվեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբը, որը զբաղվելու էր լիբիական հակամարտության հանգուցալուծման հարցով: Ամփոփելով կարելի է նշել, որ այսօր ռուս-թուրքական հարաբերությունները մեծ հաշվով փոխշահավետ են երկու կողմի համար էլ: Թուրքիան, որպես տարածաշրջանային տերության նկրտումներ ունեցող պետություն, ձգտում է հավասարակշված քաղաքականություն վարել ՌԴ-ի  հետ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում իր շահերն առաջ տանելու համար, երբեմն էլ ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ քաղաքական մանիպուլյացիաներ կիրառելու նպատակով, միևնույն ժամանակ, Ռուսաստանի համար էական նշանակություն ունեն հարաբերությունները Թուրքիայի հետ հատկապես Սևծովյան ավազանում, ինչպես նաև նշված տարածաշրջաններում իր դիրքերն ամրապնդելու համատեքստում:

Իրավիճակը Արևելյան Միջերկրածովյան ավազանում

Թուրքիայի շուրջ և Թուրքիայի մասնակցությամբ լարվածության մեկ այլ կիզակետ է ձևավորվել Արևելյան Միջերկրածովյան ավազանում: Այստեղ խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ բավականին վերջերս Միջերկրական ծովում` Կիպրոսից ոչ շատ հեռու հայտնաբերվեցին ածխաջրածնի պաշարներ, ինչն, անշուշտ, մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես ԵՄ-ի համար էներգակիրների դիվերսիֆիկացման տեսանկյունից: Եվրոպական մի շարք ընկերություններ, մասնավորապես, ֆրանսիական Total-ն այն երեք հիմնական ընկերություններից մեկն է, ով սկսեց հորատման աշխատանքները կիպրական շելֆում, ինչն, իհարկե, առաջացրեց թուրքական կողմի սաստկացող դժգոհությունները՝ պայմանավորված միջերկրածովյան ավազանում հայտնաբերված գազի պաշարների նկատմամբ Թուրքիայի նկրտումների հետ: Խնդիրն այն է, որ, ըստ թուրքական կողմի, հայտնաբերված գազի հանքավայրերից մեկը գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը տնտեսական գոտու տարածքում, այնինչ ԵՄ երկրները դա չեն ընդունում` Կիպրոսին դիտարկելով իր միջազգայնորեն ճանաչված սահմանների տարածքում:

Հարաբերությունները լարվեցին ընդհուպ մինչև այն աստիճան, որ միջերկրածովյան ավազան՝ հորատման տեղանքի շուրջ բերվեցին ֆրանսիական ու թուրքական ռազմածովային նավատորմները: Ավելին, լարումն ավելացավ այն ժամանակ, երբ Կիպրոսը, Հունաստանը և Իսրայելը որոշեցին համագործակցել նավթի և գազի արդյունահանման հարցում և դեպի ԵՄ շուկա այն արտահանելու համար EastMed անվանմամբ ստորջրյա գազատար կառուցել, որը Միջերկրական ծովի արևելյան ափը միացնելու է Հունաստանի հետ` անցնելով Կիպրոսի և Կրետե կղզու երկայնքով, իսկ հունական ափից այն Փոսեյդոն (Թուրքիա-Հունաստան-Իտալիա) գազատարին միանալով` գազը հասցնելու է դեպի Իտալիա: Այս նախագծից Թուրքիան դուրս է մնացել և դրանով է պայմանավորված այն, որ վերջինս արդեն մի քանի տարի է, ինչ սկսել է հետախուզական և հորատման աշխատանքները կիպրական շելֆի այն հատվածում, որն Հունաստանը համարում է իրենը:

Իրադրությունն առավել սրվեց այն բանից հետո, երբ Թուրքիան 2019թ դեկտեմբերին համաձայնության հուշագիր ստորագրեց Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ, որը նախատեսում էր երկու երկրների միջև միջերկրածովյան ափերի միջակայքում ստեղծել բացառիկ տնտեսական գոտի: Ինչպես արդեն նշել ենք, այս համաձայնագիրը նախատեսում է նաև Լիբիայում թուրքական ռազմական բազայի ստեղծում, ինչն ուղղակի վտանգ և սպառնալիք է ներկայացնում EastMed նախագծի իրականացման համար: Թուրքական կառավարությունն արդեն մի շարք ընկերությունների տվել է Արևելյան Միջերկրականում, ներառյալ Կրետե կղզու և Կիպրոսի շելֆում ածխաջրածնի արդյունահանմամբ զբաղվելու համար համապատասխան թույլտվություններ: Թուրքիայի ու Լիբիայի բացառիկ ազատ տնտեսական գոտուն ի պատասխան Հունաստանը և Եգիպտոսը ստեղծել են իրենց բացառիկ տնտեսական գոտին, որից անմիջապես հետո թուրքական երկրահետախուզական նավը, հինգ ռազմանավերի ուղեկցությամբ, դուրս է եկել վիճելի տարածք, որին դեմ հանդիման է դուրս եկել հունական նավատորմը: Հունական կողմին իր հերթին իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիան` ուղարկելով այնտեղ մեկ կործանիչ և ֆրեգատ, ինչն էլ հերթական առիթն է դարձել թուրք-եվրոպական հակամարտության: Խնդիրը սրվեց հատկապես Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև այն միջադեպից հետո, երբ թուրքական ռազմածովային ուժերի երեք նավեր սպառնացին կրակ բացել ֆրանսիական ռազմանավի վրա, երբ վերջինս փորձում էր կանգնեցնել և ստուգել Տանզանիայի դրոշի ներքո դեպի Լիբիա ուղևորվող բեռնատար նավը։ Այսօր, ըստ էության ստեղծվել է թուրք–հունական կիսապատերազմական իրավիճակ , որի հանգուցալուծման բանալին դեռ չի գտնվել:

ԵՄ-ն  կոչ է արել Թուրքիային դադարեցնել հետախուզական աշխատանքները Արևելյան Միջերկրիածովյան ավազանում: Թուրքիայի գործունեությունը Արևելյան Միջերկրականում դատապարտեց նաև պաշտոնական Երևանը` նշելով, որ Թուրքիան իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականություն է վարում: ՀՀ-ն վերահաստատեց իր անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին` կոչ անելով Թուրքիային հարգել միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները: ՀՀ այս քայլը կարելի է դիտարկել ՀՀ-Հունաստան-Կիպրոս այն համագործակցության եռաչափ ձևաչափի շրջանակներում, որի մասին նշված է նաև ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում: Թուրքական կողմն իհարկե անպատասխան չթողեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` հայտարարելով, որ «Հայաստանը չափն անցնում է` իր աշխարհագրությունից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու հավակնություն ցուցաբերելով: Հայաստանը կարծես իր աշխարհագրական դիրքի մասին թյուր պատկերացում ունի. խոսքը ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի մասին է» : Հաշվի առնելով Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Թուրքիայի բացեիբաց աջակցությունն Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Արցախի, հատկապես Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամաշտաբ պատերազմական գործողությունների համատեքստում, կարևոր է այն առավել նպատակահարմար օգտագործել` վերջիններիս որպես ագրեսոր կողմ լինելու հանգամանքն ընդգծելու համար:

Դասախոսություն 4. Իրադրությունը և ընթացիկ քաղաքական գործընթացները Լիբանանում

Իրավիճակը Լիբանանում բավականին լարված է, հատկապես օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Միևնույն ժամանակ, Լիբանանում տիրող իրավիճակը միայն պայմանավորված չէ պայթունի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակով: Կարելի է ասել, որ Լիբանանում ականատես եղանք «Արաբական գարնան» հերթական դրսևորումներից մեկին, որտեղ ամիսներ շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական գործոններով, վերածվեցին քաղաքական ճգնաժամի։ Լիբանանում ստեղծված իրավիճակը գնահատելու համար նշենք, որ համաձայն Համաշխարհային բանկի տվյալների, Լիբանանի բնակչության 1/3-ից ավելին գտնվում է աղքատության թույլատրելի շեմից ցածր կենսամակարդակում , բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 150 %։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի 2019թ. տվյալներով Լիբանանը կոռուպցիայի ցուցանիշով 198 երկրների շարքում զբաղեցնում է 137 տեղը , երկրում հասանելի չէ շուրջօրյա ջրամատակարարում, շուրջօրյա էլեկտրաէներգիա, միևնույն ժամանակ վարչապետ Սաադ Հարիրի անունը ներառված էր Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ։ Ավելին, 1990թ. քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր երկրի քաղաքական ղեկավարությունը կարելի է ասել չէր փոփոխվել: Լիբանանում իրավիճակն առավել սրվեց 2019թ. հուլիսին պառլամենտի կողմից պետական բյուջեի հաստատումից հետո: Այն նախատեսում էր տնտեսական բավականին կոշտ բարեփոխումներ՝ հարկերի ավելացում, մասնավորապես ծխախոտի, բենզինի, WhatsApp հեռախոսային հավելվածի օգտագործմամբ կատարվող զանգերի վրա, ինչն էլ առիթ հանդիսացավ զանգվածային բողոքի ակցիաներին։ 

Չնայած ստեղծված իրավիճակում Կառավարությունը հանդես եկավ նոր բարեփոխումներ իրականացնելու մտադրությամբ և առաջարկով, ինչը նախատեսում էր պետական պաշտոնյաների աշխատավարձերի նվազեցում, հափշտակված գումարները բյուջե վերադարձնելու մասին օրենքի ընդունում, որոշ պետական հաստատությունների մասնավորեցում և այլն, սակայն, հաշվի առնելով երկրում առկա տնտեսական իրավիճակը, մասնավորապես տարադրամի կտրուկ արժեզրկումը, բանկերի կողմից դոլարային հաշիվների փաստացի սառեցումը, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, ցուցարարները պահանջեցին կառավարության հրաժարականը, ինչը և տեղի ունեցավ, և վարչապետ Սաադ Հարիրին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Սակայն վարչապետի հրաժարականով Լիբանանում ներքաղաքական իրավիճակը չհանգուցալուծվեց։ Ավելին, ցուցարարներն առաջ մղեցին տեխնոկրատների կառավարություն կազմելու պահանջը, պետական կառավարման կարգի փոփոխություն, որը, համաձայն երկրի էթնոկրոնական բազմազանության, թույլ է տալիս ունենալ համապատասխան ներկայացվածություն պետական մարմիններում։ Գիտենք, որ համաձայն այդ կարգի Լիբանանում երկրի նախագահի պաշտոնը տրված է քրիստոնյա մարոնիտ համայնքին, խորհրդարանի նախագահինը՝ շիա մահմեդական և վարչապետինը՝ սուննի մահմեդական համայնքի ներկայացուցիչներին։ Նշենք նաև, որ գործող պետական կարգի վերանայումը կարող է հանգեցնել իշխանության մարմիններում հայերի ներկայացվածության փոփոխությունը։

Առկա տնտեսական իրավիճակի վատթարացմանը նպաստեց նաև նոր կորոնավիրուսային համավարակը, երբ հիվանդանոցներն այլևս չէին հասցնում համապատասխան բժշկական օգնություն տրամադրել համավարակից տուժած բնակչությանը: Հաշվի առնելով նաև էլեկտրականության պարբերական անջատումները, այդ թվում նաև հիվանդանոցներում, վիրահատություններն ու բուժումը նույնպես խնդրահարույց էր դարձել երկրում: Այս իրավիճակով էր նաև պայմանավորված այն հանգամանքը, որ որոշ փորձագետներ Լիբանանը սկսեցին դասել failed state (ձախողված պետություն) երկրների շարքին, հատկապես Բեյրութի նավահանգստի պայթունից հետո, քանի որ հենց այս նավահանգստով էր մուտք գործում դեպի Լիբանան ներմուծման զգալի մասը: Ավելին, պայթյունի հետևանքով չէր կարելի բացառել երկրում պարենային ճգնաժամի սկզիբը։ Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար միջազգային հանրությունը, այդ թվում՝ Պարսից ծոցի արաբական միապետությունները, Ֆրանսիան և այլ երկրներ, մոտ 300 մլն. դոլար հրատապ աջակցություն տրամադրեցին Լիբանանին: Լիբանանին իր աջակցությունն առաջարկեց նաև Թուրքիան` հայտարարելով իր պատրաստակամությունը օգնություն տրամադրել Բերյութի նավահանգստի և հարակից տարածքների վերականգման համար, ինչպես նաև Մերսինի նահանգիստը ծառայեցնել Լիբանանին կարիքներին, որպես բեռների պահեստավորման և մաքսային ձևակերպումների կետ մինչև Բեյրութի նավահանգստի վերականգնվելը, որտեղից Մերսին ժամանած բեռները կարող են ավելի փոքր նավերով տեղափոխվել Լիբանան: Ակնհայտ է, որ Լիբանանն առանց արտաքին էական օժանդակության ի վիճակի չէ հաղթահարել ներկա ճգնաժամը: Սա շատ լավ հասկանում էր նաև Հարիրիից հետո վարչապետի պաշտոնը ստանձնած երկրի նախկին կրթության նախարար Հասան Դիաբը, ով ստացավ Հեզբոլլահի, շիա իսլամի ուղղվածություն դավանող «Ամալ»  շարժման, ինչպես նաև մարոնիտերի աջակցությունը, ինչը, իհարկե առաջացրեց սուննի համայնքի դժգոհությունը: Առկա տնտեսական խնդիրները լուծելու համար, մասնավորապես տեսնելով, որ երկիրը չունի բավարար արտարժույթ եվրաբոնդերը մարելու համար, Դիաբը առաջին անգամ Լիբանանի պատմության մեջ հայտարարեց սովերեն դեֆոլտ ` այն, ինչից երկիրը կարողացել էր խուսափել անգամ 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմի տարիներին: Սակայն Հասան Դիաբը երկար չպաշտոնավարեց և Բեյրութի նավահանգստի պայթունից հետո վերջինս ստիպված եղավ հրաժարականի դիմում ներկայացնել:

Ներքաղաքական խնդիրներից զատ, լիբանանյան ճգնաժամում առկա է արտաքին գործոնը։ Բավական է միայն նշել, որ շիա համայնքը ներկայացնող Հեզբոլլահ կուսակցությունը (Ալլահի կուսակցություն), որն ԱՄՆ-ն  համարում է ահաբեկչական կառույց, Իրանի ազդեցության տակ գործող ռազմաքաղաքական ուժ է։ Լիբանանում իրադրության լարման առաջին իսկ օրերից Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարեց, որ փողոց դուրս եկած ցուցարարները ֆինանսական աջակցություն են ստանում մի շարք Արևմտյան պետությունների կողմից։ Հետևաբար նվազեցնելով շիա մահմեդական բնակչության թևը ներկայացնող Հեզբոլլահի դերը ներլիբանանյան կյանքում, նվազեցվում է նաև Իրանի դերակատարումը Մերձավոր Արևելքում։ Ավելին, Իրանի նկատմամբ հետագա պատժամիջոցների, ինչպես նաև ավիահարվածներ հասցնելու պարագայում, սրանով փորձ է կատարվում չեզոքացնել Հեզբոլլահի հնարավոր գործողությունները Իսրայելի անմիջական հարևանությամբ։ Այս համատեքստում նշենք նաև, որ լիբանանյան իրադարձություններում առկա է նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ գործոնը` հաշվի առնելով Սաուդյան Արաբիա-Իրան վերջին շրջանում լարված հարաբերությունները և այս համատեսքստում Հեզբոլլահի դերն ու նշանակությունը Լիբանանի ներքաղաքական կյանքում ու պետական կառավարման համակարգում։ 

Լիբանանում ստեղծված իրավիճակը շուտով հայտնվեց Չինաստան ԱՄՆ աշխարհաքաղաքական հակասությունների կիզակետում: Կիրառելով փափուկ ուժի քաղաքականությունը, Չինաստանը փորձում է իր ազդեցությունը սփռել ողջ Մերձավոր և Միջին Արևելքում իր կողմից նախաձեռնած և իրականացվող մեգանախագծերի կյանքի կոչելու համար, և վերջին Իրան-Չինաստան համաձայնագիրը դրա վառ ապացույցն է: Այս իմաստով չինական ազդեցությունը Լիբանանում միանգամայն հասկանալի է: Լիբանանյան տնտեսական իրավիճակը մեղմելու նպատակով 2020 թ. գարնանը, վարչապետի պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց, Հասան Դիաբը արտաքին աջակցության վերաբերյալ բանակցություններ սկսեց վարել Արժույթի միջազգային հիմնադրամի  և Չինաստանի կառավարության հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, չինական կողմը բավականին մեծ` մեկ տասնյակ միլիարդ դոլարից ավել (12 մլրդ) ներդրումների մասին էր բանակցում` ուղղված ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի իրականացմանը: Սակայն շուտով Լիբանանի կառավարությունը հայտարարեց ԱՄՀ-ի հետ համաձայնություն ձեռք բերելու մասին, որոնք, շատ չանցած բանակցությունները մտան փակուղի: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՀ-ի կողմից վարկի տրամադրման նախապայման էր եղել Լիբանանում Հեզբոլլահի ազդեցության էական սահմանափակումը: Սրան զուգահեռ, Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դեյվիդ Շենկերը հայտարարեց, որ Չինաստանից ներդրումների դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Լիբանանի նկատմամբ։

Բեյրութում նավահանգստի պայթունից հետո սկսվեցին զանգվածային անհնազանդություններ: Դրանք ուղղված էին իշխող էլիտային, ում  «կոռումպացվածության»և «ոչ կոմպետենտության» պատճառով տեղի ունեցավ պայթունը: Ի պատասխան զանգվածային բողոքներին, վարչապես Հասան Դիաբը առաջարկեց արտահերթ ընտրությունների անցկացում, ինչը, ըստ ժողովրդի, հարցի լուծում չէ: Այս բողոքներին միացան և հրաժարականի դիմումներ ներկայացրեցին կաբինետի մի քանի անդամներ, մասնավորապես Ինֆորմացիայի, Շրջակա միջավայրի, Արդարադատության, Ֆինանսների, Պաշտպանության նախարարները: Լիբանանի խորհրդարանի վեց պատգամավորներ ևս, որոնց թվում էր հայազգի օրենսդիր Փոլա Յակուբյանը, հայտարարեցին մանդատները վայր դնելու մտադրության մասին։ Այս ամենին հաջորդեց Հասան Դիաբի հրաժարականը, որից հետո Լիբանանի վարչապետի պաշտոնում առաջադրվեց Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպան Մուստաֆա Ադիբի թեկնածությունը։ Վարչապետի պաշտոնում առաջադրվելուց անմիջապես հետո Ադիբը հայտարարեց, որ իր հիմնական խնդիրն է լինելու ապահովել հնարավորինս արագ հասնել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Լիբանանին վարկի տրամադրմանը։

Այս ամենի ֆոնին ռազմական իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին շարունակվում է լարված մնալ: Չնայած Բեյրութի նավահանգստի պայթունից հետո Իսրայելը Լիբանանին առաջիններից մեկն առաջարկեց հումանիտար օգնություն, իսկ այնուհետև Թել-Ավիվի ռատուշայի ֆասադը պատեց լիբանանյան դրոշի գույներով, ինչը ոչ միանշանակ ընդունվեց Իսրայելում ընդդիմության կողմից, որը Լիբանանը թշնամի պետություն է համարում, տեղի ունեցավ սահմանային միջադեպ: Հեզբոլլահը հայտարարեց իսրայելական անօդաչու թռչող սարքի խոցման մասին, որը հատել էր Լիբանանի սահմանը, մինչդեռ Իսրայելը հաղորդում էր Լիբանանի տարածքում անօդաչու թռչող սարքի կործանման մասին: Այս միջադեպի համար Իսրայելից հնչող մեղադրանքների թիրախում հայտնվեց Իրանը և «Հեզբոլլահը»: Այս ամենի ֆոնին հատկանշական է Լիբանանի և Իսրայելի միջև դեմարկացիայի խնդրի շուրջ պայմանավորվածությունները և համապատասխան շրջանակային համաձայնագրի կնքումը: ԱՄՆ միջնորդությամբ լիբանանյան և իսրայելական կողմը արդեն իսկ եկել են համաձայնության քննարկել երկու երկրների միջև ծովային սահմանների ամրագրման հարցը: Բանակացությունները նախատեսված են սկսել հոկտեմբերի 9-ից (այնուհետև նշվեց հոկտեմբերի 12-ի շաբաթը) Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի կենտրոնակայանում (UNIFIL): Ինչպես գիտենք, Լիբանանն ու Իսրայելը 1948 թվականից ի վեր ներքաշված են պատերազմի մեջ, և միայն 1949թ համաձայնագրով հաստատված է միայն ցամաքային սահմանը: Այս տարիների ընթացքում կողմերին չի հաջողվում հասնել համաձայնության սահմանների ամրագրման հարցում, ինչը մեծապես պայմանավորված է Միջերկրական ծովի շելֆում` Լիբանանի և Իսրայելի ափամերձ տարածքում ածխաջրածնային պաշարների առկայությամբ, որոնք յուրաքանչյուր կողմ համարում է իր բացառիկի տնտեսական գոտու տարածք: Իրավիճակն այս հարցում սրվեց 2018թ, երբ Լիբանանը ածխաջրածնային ռեսուրսների երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման համար թույլտվություն տրամադրեց ֆրանսիական Total և իտալական ENI ընկերություններին, ինչն առաջացրեց Իսրայելի դիմադրությունը: Ավելին, Լիբանանը կարծում է, որ Իսրայելի բացառիկ տնտեսական գոտու և Կիպրոսի միջև սահմանը անցնում է Լիբանանի ծովային տարածքով և պետք է այն մի քանի աստիճանով հարավ լինի:

Ահա այս պայմաններում Լիբանանը դառնում է այն հաջորդ պետությունը, որտեղ ԱՄՆ-ին հաջողվում է Իսրայելի հետ երկխոսության հիմքեր ստեղծել: Այս իրավիճակը կարելի է դիտարկել նաև ի հակակշիռ Իրանի (հատկապես հաշվի առնոլվ Հեզբոլլահի գործոնը) և այս տարածաշրջանում Չինաստանի աճող հետաքրքրություններին և շահերին:

Դեռևս 2020թ հուլիսին ստորագրված Իրան-Չինաստան 25-ամյա համապարփակ համաձայնագիրը, որն ընդգրկում է համագործակցության մի շարք ոլորտներ, առանցքային նշանակություն ունի «Գոտի և ճանապարհ» նախագծի իրականացման համատեսքտում: Փաստացիորեն այս համաձայնագրով Իրանը դառնում է չինական մեգանախագծի համար տարածաշրջանային հանգույց: Նախատեսվում է կառուցել մի շարք արագընթաց երկաթուղիներ, մայրուղիներ, թունելներ, օդանավակայաններ և ծովային միացումներ: Ավելին, համաձայնագիրը հնարավորություն է տալիս Չինաստանին ապահովել իր լիիրավ ներկայությունը Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Չինաստանն արդեն իսկ կառուցել է լոգիստիկ կայաններ դեպի Հնդկական օվկիանոս` Սուեզի ջրանցքի և Ջիբութիի շրջաններ մուտք ապահովելու նպատակով: Չինաստանի ներկայությունը Իրանում թույլ կտա չինական կողմին նաև մուտք ապահովել դեպի Պարսից ծոց, մասնավորապես Զասկ նավահանգիստ, որը գտնվում է ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մոտակայքում: Ինչպես գիտենք, համաշխարհային նավթի տարանցման առյուծի բաժինն անցնում է հենց Հորմուզի նեղուցով: Այսինքն ավելանում է չինական ներկայությունը այս տարածաշրջանում, մասնավորապես Ծոցի երկրներում, որն ավանդաբար համարվել է ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի կիզակետ: 

Ամփոփելով կարելի է նշել, որ այսօր Լիբանանը դարձել է մի շարք տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ: Այստեղ են խաչվում ԱՄՆ - Չինաստան, ԱՄՆ-Իրան, Իրան-Իսրայել շահերը: Այստեղ իր ներկայությունն ու դերակատարումն ունի նաև Սաուդյան Արաբիան Ծոցի այլ երկրների հետ միասին, այստեղ ակտիվության դրսևորումներ ենք տեսնում նաև Թուրքիայի կողմից: Լիբանանում իրավիճակի հանգուցալուծման մասին դեռևս վաղ է խոսելը: Այն մեծապես կախված է տարածաշրջանում և տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող ընթացիկ քաղաքական գործընթացների զարգացումներից: Միաժամանակ ակնհայտ է, որ Լիբանանին դեռ երկար ժամանակ կպահանջվի ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: Լինանանում տեղի ունեցող գործընթացներն ուղղակի ազդեցություն ունեն ՀՀ-ի վրա, նախևառաջ հաշվի առնելով լիբանանահայ համայնքի դերն ու առկայությունը: Հայկական համայնքն ունի զգալի ներկայացվածություն Լիբանանի քաղաքական կյանքում: Չնայած վերջին շրջանում նկատվող քանակական նվազման, որպես կրոնական համայնք, տեղի հայկական համայնքը ներկայացված իշխանության թե գործադիր, թե օրենսդիր մարմիններում։ Լիբանանի խորհրդարանում հայկական համայնքին հատկացված է 6 պատգամավորական մանդատ (5–ը՝ հայ առաքելականներին, 1-ը՝ հայ կաթողիկեներին), սակայն երբեմն հայերի թիվը հասնում է 7-ի, ինչը պայմանավորված է հայ ավետարանականների ներկայացվածությամբ, որպես բողոքական համայնքի ներկայացուցիչ (բողոքական համայնքին տրված է 1 մանդատ)։ Գործադիր մարմնում հայկական համայնքն ունի մեկ նախարարական պորտֆել՝ նախկին երկուսի փոխարեն, չնայած Լիբանանի գործող կառավարության կազմում կա երկու հայազգի նախարար՝ Զբոսաշրջության նախարարը, որպես համայնքի ներկայացուցիչ և Սոցիալական հարցերի նախարարը, ով ներկայացնում է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը։ Նշենք նաև, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայ ավանդական կուսակցություններից հայկական համայնքից խորհրդարան մուտք գործեց միայն ՀՅԴ-ն։ Լիբանանում իրադարձությունների հետագա զարգացման պարագայում Հայաստանի Հանրապետության համար առաջնային հարցերից է տեղի հայ համայնքի անվտանգության ապահովման համար ձեռնարկվող քայլերի և հստակ գործողությունների ծրագրի կամ պլանի մշակումը: Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը ինչպես սիրիական հակամարտության ժամանակ, այնպես էլ հիմա կարող է բախվել հայրենադարձության խնդրին, որին ինստիտուցիոնալ առումով պետք է նախապատրաստվել։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ մինչ պայթունը, այնպես էլ պայթունից հետո լիբանանահայերի ներհոսք է եղել դեպի ՀՀ: Այս պահի դրությամբ 20,000-25,000 անձ Լիբանանում ունի ՀՀ քաղաքացիություն, իսկ երկքաղաքացիների համար ՀՀ կառավարությունը աջակցության փաթեթ է մտադիր պատրաստել: Սպասվում է նաև ներհոսքի ավելացում: Մինչ այս պահը 2020թ հուլիս ամսից ՀՀ է ժամանել ավելի քան 2000 լիբանանահայ: Հարկ է նշել, որ Լիբանանի հայ համայնքը համարվում է Մայր գաղութ։ Այն մի շարք համահայկական կառույցների կենտրոնատեղի է։ Այստեղ է տեղակայված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Զմմառի պատրիարքական միաբանությունը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության գրասենյակը, հետևաբար, Լիբանանը նաև մեր մշակութային և հոգևոր կենտրոններից մեկն է։

Դասախոսություն 5. Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վերլուծությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում

Տարիներ շարունակ լինելով տարածաշրջանում ԱՄՆ հիմնական դաշնակիցն ու ՆԱՏՕ-ի անդամ-պետություն, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ գտնվում են թերևս ամենացածր մակարդակում, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով. սիրիական ճգնաժամ, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ, հատկապես համագործակցություն ռազմական ոլորտում, Թուրքիայում հեղաշրջման փորձին ամերիկյան վարչակազմի արձագանք, Ֆեթուլլահ Գյուլենի ԱՄՆ-ում գտնվելու գործոնը, ԱՄՆ կողմից վերջինիս արտահանձնելուց հրաժարումը և այլ հարցեր: Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկը հանդիսացավ Ֆ․Գյուլենի ԱՄՆ գտնվելու և ԱՄՆ-ի կողմից վերջինիս արտահանձումը մերժելու հանգամանքը։ Այս հարցն առավել քան արդիական դարձավ 2016թ․ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, երբ թուրքական իշխանությունների կողմից Ֆ․ Գյուլենը հայտարարվեց հեղաշրջման փորձի կազմակերպող։

Ավելին, թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվեցին այն ժամանակ, երբ դեռևս 1990-ականների սկզբերից Թուրքիայում բնակվող ամերիկացի քրիստոնյա քահանա էնդրյու Բրանսոնը ձերբակալվեց, ում, հակառակ ԱՄՆ պահանջների, Թուրքիան հրաժարվում էր ազատ արձակել՝ հայտարարելով, որ այս հարցը ոչ թե Թուրքիայի ղեկավարության, այլ դատական իշխանության որոշման տիրությում է, իսկ Թուրքիայի դատական համակարգն անկախ կառույց է և ոչ մի սպառնալիք չի կարող ազդել վերջինիս վրա։ Սրան ի պատասխան, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանվեցին Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ: ԱՄՆ-ն ավելի քան 2 անգամ ավելացրեց Թուրքիային մատակարարվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը, ինչն անմիջապես հանգեցրեց թուրքական լիրայի կտրուկ արժեզրկմանը: Սրան ի պատասխան Թուրքիան դիմեց պատասխան պատժամիջոցների. նախ արգելեց ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների մուտքն իր երկիր, այնուհետև բարձրացրեց ԱՄՆ–ին մատակարարվող ապրանքների մաքսատուրքերը։ Այն տարածվում էր հիմնականում մարդատար մեքենաների, արկոհոլի, ծխախոտի, ինչպես նաև կոսմետիկ միջոցների, բրնձի և ածուխի վրա: Իրավիճակից դուրս գալու համար Էրդողանն անգամ կոչ արեց Թուրքիայի քաղաքացիներին վաճառել իրենց մոտ եղած արտարժույթը, թարկարժեք մետաղները և լիրա գնել, ինչպես նաև հորդորեց իր քաղաքացիներին չգնել ամերիկյան էլեկտրոնիկա, մասնավորապես iPhone հեռախոսներ: Թուրք-ամերիկյան հարաբերությունները այն աստիճանի վատթարացան, որ 2018թ. հոկտեմբերի 8-ին Անկարայում ամերիկյան դեսպանատունը հայտարարեց, որ դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիայի ողջ տարածքում: Պատասխան քայլը չուշացավ` ժամեր անց Թուրքիան հակադարձեց` հայտարարելով, որ ամերիկյան քաղաքացիներից այլևս չի ընդունի վիզայի դիմումները: Այս լուրից հետո թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվեց 6.6 տոկոսով, ինչը 2016 թ. հուլիսի ձախողված հեղաշրջումից հետո լիրայի երկրորդ ամենամեծ անկումն էր։ Երկրի ազգային ավիափոխադրողի՝ Turkish Airlines-ի բաժնետոմսերը արժեզրկվեցին 8 տոկոսով։

Թուրքիային տնտեսության կայունացման հարցում օգնության հասավ Քաթարը: Դեռևս 2018թ. օգոստոսին Քաթարի էմիրը այցելեց Թուրքիա, որից հետո հայտարարեց, որ քաթարական կողմը պատրաստ է ավելի քան 15 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարել թուրքական տնտեսության մեջ՝ իրավիճակը մեղմելու համար: Այս քայլը, կարելի է ասել, Քաթարի յուրօրինակ պատասխան քայլն էր Թուրքիային 2017թ. Թուրքիայի կողմից Քաթարի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար՝ արաբական մի շարք երկրների կողմից Քաթարի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների խզման ժամանակ: Նշենք նաև, որ Քաթարում տեղակայված է թուրքական ռազմաբազա: Չմոռանանք նշել, որ 2017թ. գարնանն էր, երբ Էրդողանի թիկնապահները Սպիտակ տնից ոչ հեռու, Էրդողանի ներկայությամբ ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, և այդ ամենը տեսաձայնագրվեց, ինչից հետո ԱՄՆ դատարանը մեղադրանք առաջադրեց 19 անձի, այդ թվում՝ Էրդողանի 15 թիկնապահների նկատմանբ: 2019թ սեպտեմբերի սկզբին Պետդեպարտամենտը նոր նախազգուշացում է հրապարակել Թուրքիա այցելել ցանկացող ԱՄՆ քաղաքացիների համար, որտեղ նշվում է, որ Թուրքիայի որոշ հատվածներում մեծացել է ահաբեկչության վտանգը: Նմանատիպ նախազգուշացում ԱՄՆ հայտնել էր նաև 2018թ․։ 

Թուրք–ամերիկյան հարաբերությունների լարմանը նպաստող մեկ այլ կարևոր գործոններից մեկը կարելի է համարել սիրիական հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Իսլամական պետության դեմ պայքարի շրջանակներում Միացյալ Նահանգները հիմնական շեշտադրումը դրեցին Սիրիայում քրդական զինյալների վրա՝ մատակարարելով վերջիններիս զենք-զինամթերք: Քրդական այդ խմբերին Թուրքիան համարում է ահաբեկչական խմբավորում, ինչն էլ դրդրեց Թուրքիային համագործակցել սիրիական հարցում ՌԴ-ի և Իրանի հետ: Միևնույն ժամանակ նշենք, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները սիրիական հարցում միանշանակ չեն և հենց Սիրիայի հյուսիսում էր՝ Եփրատ գետի արևելյան ափին, որտեղ Թուրքիան պատրաստվում էր ստեղծել անվտանգության գոտի, ԱՄՆ-ի հետ միասին իրականացնում էր համատեղ պարեկություն։ Ավելին, ԱՄՆ նախագահը Թուրքիայի կողմից Սիրրիա ներխուժումից հետո, որը տեղի ունեցավ 2019թ հոկտեմբերի 9-ին, հրամանագիր ստորագրեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք տարածվում էին մասնավորապես Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ: Սակայն մյուս կողմից պարզ էր, որ Թուրքիայի ներխուժումը դեպի Սիրիա տեղի չէր կարող ունենալ առանց ԱՄՆ և մի շարք այլ պետությունների լռելյալ համաձայնության ներքո: Մեծ հաշվով Թուրքիայի գործողությունները Սիրրիայի հյուսիսում թույլ տվեցին ԱՄՆ-ին լուծել սիրիական հակամարտությունում իր ներգրավվածության հարցը:

Վերջին շրջանում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացման պատճառ հանդիսացավ. Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 «Տրիումֆ» կոչվող զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը, ինչը խիստ քննադատաբար ընդունվեց ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ԱՄՆ կողմից: Սրան ի պատասխան՝ 2018թ. հուլիսից վերջից սկսած ԱՄՆ–ն սկսեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել։ Մասնավորապես, ԱՄՆ-ն Թուրքիային դուրս թողեց F-35 տեսակի մարտական օդանավեր գնելու և համատեղ արտադրելու ծրագրից, այնուհետև հայտարարեց, որ Թուրքիայի օդուժի օդաչուներին այլևս չեն թույլատրի մասնակցել F-35-երի ուսումնական ծրագրին: Ավելին, ԱՄՆ-ն հրաժարվեց Թուրքիային ամերիկյան «Patriot» տեսակի զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու պայմանավորվածությունից։ Ռուսական «Տրիումֆի» ձեռքբերումը ԱՄՆ համարեց դավաճանական քայլ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի միասնականության հանդեպ: Ավելին, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականների համոզմամբ` С-400 տեսակի հրթիռները համատեղելի չեն արևմտյան զինատեսակների հետ և վտանգ են F-35 օդանավերի համար: Սրան հաջորդեցին մեղադրանքներ Էրդողանի հասցեին, մասնավորապես առ այն, որ Թուրքիան հետզհետե կորցնում է իր աշխարհիկությունը և Էրդողանը Թուրքիային տանում է դեպի ավտորիտարիզմ:

Նշենք նաև, որ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, С-400 հրթիռների տեղափոխումը Թուրքիա ժամանակավոր դադարեցված էր, սակայն այն վերսկսվել է: Ավելին, Թուրքիան տեղակայել է զենիթային հրթիռների այս տեսակները իր սևծովյա նավահանգիստներից մեկում` Սամսունում: Ըստ տարբեր աղբյուրների, այս ռադարներն արդեն ակտիվացված են և հիմնականում ուղղված են ամերիկյան արտադրության հունական F-16 կործանիչները որսալու ուղղությամբ: Սա, իհարկե, ԱՄՆ-ի անհնագստաությունն է առաջացրել, որին հաջորդեց ԱՄՆ Պետքարտուղարի այցը նախ Կիպրոս, ապա Հունաստան: Ավելին, Թուրքիան ամեն կերպ փորձում էր համոզել ամերիկյան կողմին, որ С-400 ուղղված չեն եղել ամերիկյան արտադրության կործանիչներին: Ինչպես հայտնի է, հունական Կրետե կղզու վրա է տեղակայված նաև ԱՄՆ Hershel Woody Williams ռազմանավը և ԱՄՆ-ն չի թաքցնում իր մտադրություններն ավելացնել և ամրապնդել իր ներկայությունը Կրետե կղզում: Եվ ընդհանրապես, Կրետե կղզին թերևս դառնում է ԱՄՆ ռազմուժի տեղակայման կենտրոնատեղիներից մեկը: ԱՄՆ-ն այստեղ զինում է/ամրապնդում է ենթակուցվածքները: Ավելին, ԱՄՆ-ի և Կիպրոսի միջև բավականին վերջերս համագործակցության հուշագիր ստորագրվեց ուսումնական կենտորն ստեղծելու մասին, որը պետք է նպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Ի պատասխան Թուրքիան հայտարեց, որ այս կենտորնը չի կարող նպաստել կայունության և խաղաղության հաստատմանը Արևելյան Միջերկրյածովյան ավազանում, քանի որ ԱՄՆ վերջին քայլերը, մասնավորապես Կիպրոսի զենքի էմբարգոյի վերացումը և հունական կողմի ներառումը ռազմական ուսումնական ծրագրում, ավելի է նպաստում լարվածության աճին տարածաշրջանում: Նշենք, որ առաջիկա ֆինանսական տարում ԱՄՆ-ն պատրաստվում է վերացնել Կիպրոսին սպառազինությունների վաճառքի էմբարգոն, որոնք սահմանվել էին  Ռեյգանի վարչակազմի կողմից և գործում էին 1987 թվականից ի վեր: Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններոմ ժամանակ առ ժամանակ առաջացող խնդիրները պայմանավորված են լինում նաև ԱՄՆ հայկական լոբբիստսկան կառույցների գործունեությամբ, որոնց հաջողության օրինակ կարելի է նշել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ բանաձևի ընդունումը, Կոնգրեսի կողմից, Հայոց ցեղասպանության հարցի քննարկումները, համապատասխան բանաձևերի ընդունումը, և այլն:

Դասախոսություն 6. Սիրիական ճգնաժամն ու դրա ազդեցությունը ՀՀ ազգային անվտանգության վրա

Ի սկզբանե, թվում էր, թե սիրիական հակամարտությունը կարելի է դիտարկել Արաբական գարնան համատեքստում և դասել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող մի շարք «գունավոր» հեղափոխությունների շարքին, սակայն, ինչպես ցույց տվեցին իրադարձությունների հետագա ընթացքը, այն չկրկնեց ո՛չ Լիբիայի, ո՛չ Եգիպտոսի և ո՛չ էլ Իրաքի ու Թունիսի սցենարները: Սիրիական քաղաքացիական պատերազմը սկսվեց 2011թ.: Սիրիական հակամարտության կողմներն են՝ նախագահ Ասադի կողմնակիցները` երկրի կառավարական ուժերը (Սիրիական արաբական բանակը), չափավոր ընդդիմությունը, քուրդ փոքրամասնությունը, ինչպես նաև տարբեր իսլամիստական միավորումներ: Ընդդիմության հիմնական պահանջներն էին՝  նախագահ Ասադի հրաժարականը, 1963թ.-ից երկրում գործող արտակարգ իրավիճակի ռեժիմի վերացումը (ինչը Ասադը վերացրեց 2011թ. գարնանը) և նոր ժողովրդավարական փոփոխությունների իրագործումը:  

Արտակարգ դրությունը մտցվել էր Սիրիայում 1963թ. ռազմական հեղաշրջումից հետո, երբ իշխանության եկան Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունը` ԲԱԱՍ-ը:

Ի սկզբանե ռազմական գործողությունները ընթանում էին կառավարական բանակի և «Սիրիական ազատ բանակի» միջև: Սիրիական ընդդիմության գլխավոր մարմինը Սիրիայի ազգային խորհուրդն է, որին ի սկզբանե անդամակցում էին բոլոր հակակառավարական ուժերը, սակայն որոշ ժամանակ անց նրանցից շատերն այն լքեցին` ստեղծելով այլ միավորւմներ: Օրինակ, քրդերը ստեղծեցին իրենց կառավարությունը` Քրդական բարձրագույն խորհուրդը, 2013թ. առավել ծայրահեղ իսլամական խմբավորումները կազմավորեցին «Իսլամական ճակատը»: Այս ամենի արդյունքում Սիրիական ազատ բանակի դիրքերը թուլացան և կառավարական ուժերի հետ սկսեցին պայքարել իսլամիստական խմբավորումները, որոնցից ամենամարտունակը «Ալ-Քաիդայի» տեղական մարմին հանդիսացող ահաբեկչական «Ալ-Նուսրա ճակատն» է և «Իսլամական պետությունը» (ԻՊ): Հետևաբար սիրիական ընդդիմության միասնականության մասին խոսելն արդեն անիմաստ է դառնում: Արդեն 2014թ. ամռանը ԻՊ հարձակումը և Սիրիայի ու Իրաքի տարածքի զգալի մասի գրավումը առիթ հանդիսացան ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից ռազմական ինտերվենցիա ցուցաբերելու համար առանց սիրիական իշխանությունների թույլտվության, որոնք էլ իսլամիստների ուղղությամբ սկսեցին ավիահարվածներ հասցնել: 2015թ. սեպտեմբերի 30-ից Սիրիայի նախագահի խնդրանքով ռուսական զորքերը մուտք գործեցին Սիրիա: Սա, ի դեպ, առաջին ռազմական օգնությունն էր, որ տրամադրում է ՌԴ այլ պետություններին իր սահմաններից դուրս ԽՍՀՄ փլուզումից հետո: Կառավարական ուժերի դաշնակիցներից են նաև Իրանը, Հեզբոլլահը: Իսկ Սիրիայի ընդդիմությանը օգնություն է ցուցաբերում ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին, այդ թվում նաև Պարսից ծոցի երկրները, ծայրահեղ իսլամիստական խմբավորումները: Սա «միջնորդավորված» պատերազմի (“proxy war”) դասական օրինակ է, երբ հակամարտության մեջ ներառված են բազմաթիվ ուղղակի կամ անուղղակի մասնակիցներ և տեղի է ունենում պատերազմ այլ տարածքում այլոց ձեռքերով: Պետք է նշել, որ նույն 2015թ. ՌԴ-ն  և Սիրիան ստորագրեցին Խմեյիմի օդանավակայանում ռուսական ավիաբազա տեղակայելու մասին պայմանագիրը: Խմեյիմի աէրոդրոմը գտնվում է Լաթաքիայից 25 կմ դեպի հարավ ընկած տարածքում: Ավելին, 2020թ օգոստոսին Սիրիան ՌԴ-ին  տրամադրեց նաև աէրոդրոմի հարևանությամբ գտնվող 8 հա տարածք ռուսական ավիաբազան ընդարձակելու համար, ինչպես նաև այդ տարածքի հարակից ակվատորիան:

Ժամանակի ընթացքում սիրիական հակամարտությունը վերածվեց աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի: Այն ունի և՛ կրոնական բաղադրիչ, այստեղ էներգետիկ շահերի բախման կիզակետ է, առկա են քրդական հարցը, ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները և այլն: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները զգալի ազդեցություն են թողնում միջազգային անվտանգության ապահովման համակարգի վրա և այն վերածվել է մի շարք պետությունների շահերի բախման կիզակետի: Խոսքն առաջին հերթին գնում է ՌԴ-ի և ԱՄՆ մասին, որոնք Հարավային Կովկասի տարածաշրջանում առավել ազդեցիկ դերակատարներն են: Այս երկրների միջև հարաբերությունները առանձնակի նշանակություն ունեն ՀՀ-ի համար, եթե հաշվի առնենք այն, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ն` տարածաշրջանային գործընկերը: Այդ հարաբերությունների շոշափելի վատթարացումը չի կարող չազդել ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման վրա:

Սիրիական հակամարտության մեջ ներգրավված է նաև հարևան Թուրքիան, որն, ունենալով տարածաշրջանային առաւջնորդի հավակնություններ, բացահայտ հակահայկական կողմնորոշում է դրսևորում և համապատասխան քաղաքականություն վարում: Այստեղ ներկա է նաև Իրանը, ով նույնպես կարևորագույն դերակատարում ունի տարածաշրջանային կայունության և անվտանգության համար: Միաժամանակ այստեղ պետք չէ անտեսել նաև հարցի կրոնական բաղադրիչը: Իսլամի շիական, իսկ ավելի կոնկրետ ալավիական դավանությամբ իշխանությունը սուննի մեծամասնություն ունեցող Սիրիայում ձեռնտու չէ ներկայիս արաբական աշխարհի մի շարք խաղացողներին, որի վառ վկայություններից է քաղաքացիական պատերազմում առավել հրապարակային դերակատարություն ունեցող Սաուդյան Արաբիայի և Քաթարի վարքագիծը: Այլ շահերի հետ մեկտեղ կրոնական հանգամանքով է բացատրվում Իրանի աջակցությունը Սիրիային: Կրոնական գործոնով կարելի է պայմանավորել նաև Հեզբոլլահի աջակցությունը Սիիրիայի կառավարությանը և սուննիական շահերը ներկայացնող Համասի դիրքորոշումը Սիրիայի հակակառավարական ուժերին: Սիրիական հակամարտությունում պետք չէ անտեսել նաև էներգետիկ գործոնը, որի հիմնական նպատակն էր եվրոպական շուկայում ռուսական գազի դիվերսիֆիկացումը: Դեռևս 2009թ. մինչ քաղաքացիական պատերազմի սկսվելը, շահարկվում էր 2 գազատարերի կառուցման մասին խոսակցություններ, ըստ որոնց Պարսից ծոցից՝ Քաթարից և Իրանից գազը պետք է տեղափոխվեր դեպի Եվրոպա Սիրիայի տարածքով: Քաթարի կողմից առաջ մղված տարբերակի համաձայն, քաթարական գազը Պարսից ծոցից Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի և Թուրքիայի տարածքով պետք է տեղափոխվեր Եվրոպա: Այն ռազմավարական նշանակություն ունեցող ուղի պետք է հանդիսանար նաև Քաթարի համար, քանի որ Պարսից ծոցում են գտնվում գազի համաշխարհային ամենախոշոր պաշարները, որոնց զգալի մասը պատկանում է Քաթարին: Խնդիրը այստեղ այն է, որ Քաթարը արտահանում է LNG (սառեցված բնական գազ) գազատարերով` պայմանավորված խողովակաշարերի բացակայությամբ, ինչն արդյունքում ավելացնում է ինքնարժեքը, հետևաբար քաթարական գազը նույն եվրոպական շուկայում ավելի քիչ մրցունակ դառնում ռուսական գազի համեմատ: Նախատեսվում էր, որ այս խողովակաշարի կառուցման պարագայում քաթարական գազն ավելի մատչելի կդառնար եվրոպական շուկայում, սակայն Բաշար ալ- Ասադը թույլ չէր տվել խողովակաշարն անցկացնել իր տարածքի վրայով: Խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ ռուսական ազդեցությունն այստեղ իր դերակատարումն ունեցավ, քանի որ այս պարագայում ՌԴ-ի կենսական շահերն էին տուժելու: Բացի դրանից, նույն ԵՄ-ի համար սա նաև հավելյալ հակակշիռ էր ստեղծում Թուրքիա-Ռուսաստան փոխգործակցությանը և կախվածության նվազեցմանը ռուսական կողմից: Միևնույն ժամանակ Իրանն առաջ քաշեց գազատար կառուցելու իր ծրագիրը, ըստ որի խողովակաշարը Եվրոպա էր հասնելու Իրաքի և Սիրիայի տարածքով և Միջերկրականի հատակով, ինչն համեմատաբար քիչ էր հակասում ռուսական շահերին այն իմաստով, որ ՌԴ-ի ազդեցությունն Իրանի վրա համեմատաբար ավելի շատ կարող է լինել, քան նույն Քաթարի վրա, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմաօդային ամենամեծ բազան Մերձավոր Արևելքում: Համաձայն տարբեր աղբյուրների` իրանական ծրագրին Ասադն հավանություն էր տվել 2012թ. և այն պետք է ավարտին հասցվեր 2016թ., սակայն հայտնի իրադարձությունների պատճառով այն տեղի չունեցավ: Այս հանգամանքով կարելի է պայմանավորել, մասնավորապես, Քաթարի և Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը սիրիական ընդդիմությանը, Իրանի աջակցությունը կառավարական ուժերին, Ռուսաստանի օգնությունը նախագահ Ասադի վարչակազմին:

Այս համատեքստում հասկանալի է նաև Թուրքիայի դիրքորոշումը: Իհարկե, բացի կարևորագույն խնդիր հանդիսացող քրդական հարցից, այստեղ էական նշանակություն ունի Թուրքիայի՝ որպես էներգետիկ հանգույց դառնալու խնդիրը, քանի որ քաթարական տարբերակի իրականացման պարագայում, գազամուղն անցնելու էր Թուրքիայի տարածքով: Այս և այլ խնդիրներ Հայաստանին անմիջապես հարևանությամբ գտնվող տարածաշրջանը կրկին վերածեցին պատերազմական գոտու: Խնդիրն էլ ավելի է կաևորվում ՀՀ-ի համար, եթե հաշվի առնենք մի շարք կարևորագույն հանգամանքներ.

Սիրիական հակամարտության անուղղակի կողմերից մեկը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, ում հետ մենք ունենք հավաքական անվտանգության միասնական համակարգ;

Սիրիական համակամարտության մասնակից է  ՀՀ-ի հարևան և ՀՀ-ի բացահայտ թշնամաբար տրամադրված Թուրքիան, որի հետ սահմանին տեղակայված են ռուսական զորքերը: Այս իմաստով կարևոր է թուրք-ռուսական հարաբերություններում տիրող իրավիճակը:

Սիրիահայ համայնքի առկայությունը և նրա գզալի մասի ներհոսքը ՀՀ, այդ թվում նաև հայկական պատմամշակութային կոթողների վերացումը;

Քրդական հարցի վերհանումը ՀՀ-ի անմիջապես հարևանությամբ՝ հաշվի առնելով դրանում նաև Թուրքիայի գործոնը:  

Սիրիական ճգնաժամն ու քրդական հարցը. հնարավոր զարգացումների վերլուծություն ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից

Տարիներ շարունակվող հակամարտության ողջ ընթացքում Սիրիայի ազգային և կրոնական փոքրամասնությունները կա՛մ պահպանել են չեզոքություն, կա՛մ էլ աջակցել են գործող իշխանություններին: Այդպես է եղել երկրի քրիստոնյա արաբների, ասորիների ու հայերի, շիա և դրուզ մահմեդականների, չերքեզների և այլ ժողովուրդների պարագայում: Իրավիճակն այլ է քուրդ բնակչության դեպքում, ովքեր Սիրիայում թերևս առավել ճնշված փոքրամասնությունն են եղել: Սիրիայի թվաքանակով ամենամեծ փոքրամասնությունը կազմող քրդական համայնքը մեծամասամբ բնակվում է Թուրքիայի հետ սահմանակից հյուսիսային և Սիրիա-Իրաք հյուսիսարևելյան սահմանային շրջաններում: Քրդական միավորումներ կան նաև Հալեպում ու Դամասկոսում: Սիրիայում ծավալվող իրադարձությունների ֆոնին քրդական հարցը հերթական անգամ գլուխ բարձրացրեց: Հակիրճ անդրադարձ կատարելով քրդական հարցին մանրամասներին հարկ է նշել, որ քրդերը Մերձավորարևելյան տարածաշրջանի հնաբնկաներից են և քանակությամբ 4-րդ տեղն են զբաղեցնում արաբներից, թուրքերից, իրանացիներից հետո: Ամենաշատ քրդերը բնակվում են Թուրքիայում, Իրանում, Իրաքում և Սիրիայում: Քուրդիստանի առաջին մասնատումը տեղի է ունեցել 1555թ. Թուրքիայի և Իրանի միջև ստորագրված պայմանագրի համաձայն, երբ Թուրքիային անցան Արևմտյան Քուրդիստանի տարածքները, իսկ Իրանին` Արևելյան Քուրդիստանը: Քրդական հարցը նաև 1919թ. Փարիզի վեհաժողովի օրակարգում էր: 1920թ. կնքված Սևրի պայմանագրի 62-րդ հոդվածը նախատեսում էր քրդական «տեղական ինքնիշխանության» ստեղծումը Թուրքական Քուրդիստանում: Այն շահարկման առարկա էր հետագայում ևս Ֆրանսիայի և Թուրքիայի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև, երբ առաջին դեպքում Թուրքիան 1921թ. Անկարայի պայմանագրով Ֆրանսիային հանձնեց քրդական որոշ շրջաններ, որոնք միացվեցին Ֆրանսիայի մանդատի տակ գնտվող Սիրիային, իսկ 1926թ. Մեծ Բրիտանիայի և Իրաքի հետ կնքած համաձայնագրով Թուրքիան Մոսուլի շրջանը հանձնեց բրիտանական մանդատի տակ գտնվող Իրաքին:

Հետագայում ևս քրդական հարցը և՛ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, և՛ իհարկե դրանից հետո, Իրաքյան պատերազմի ժամանակ հետագա ընթացք և զարգացում է ստացել: 1990թ. ստեղծվեց «Ազատ Քուրդիստանը», որը թեև պաշտոնապես չի ճանաչվել Իրաքի իշխանությունների կողմից, սակայն այն հանդիսացավ որպես քրդական ինքնավարության օրինակ, որը կարող է ստեղծվել և Թուրքիայում, Սիրիայում ու Իրանում: 2017թ. սեպտեմբերին Իրաքյան Քուրդիստանում և Քիրքուքի շրջանում անցկացվեց անկախության հանրաքվե, որին մասնակիցների 92%-ից ավելին կողմ քվերակեց: Սակայն հանրաքվեի արդյունքները, բնականաբար, չընդունվեցին Իրաքի կողմից: Իրաքը շրջափակման ենթարկեց քրդական հատվածը` փակելով ավիահաղորդակցության միջոցները և ֆինանսական գործարքները: Իրանն ու Թուրքիան նույնպես իրենց պատրաստակամությունը հայտնեցին միանալ այս պատժամիջոցներին: Հանրաքվեից գրեթե մեկ ամիս անց Իրաքը նավթով հարուստ Քիրքուքի շրջանն ազատագրեց քրդերից: Իրականում քրդական հարցը այն թեմաներից է, որ աշխարհաքաղաքական առկա շահերի բախումներին և տարածաշրջանային մրցակցության պայմաններում միավորում է այս բոլոր պետություններին: Սիրիական ճգնաժամի պայմաններում քրդական հարցը նոր ինտենսիվությամբ գլուխ բարձրացրեց տարածաշրջանում և որոշիչ գործոն դարձավ պետությունների միջև ծավալվող գործընթացներում: Քրդերը դարձան եթե ոչ գործիք, ապա միջոց «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում: Մասնավորապես խոսքը գնում է այն մասին, որ ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերին դիտարկում է որպես դաշնակիցների, զինում վերջիններիս ԻՊ դեմ պայքարելու համար, ինչն առաջացնում է Թուրքիայի անհանգստությունը, քանի որ Թուրքիան Սիրիայի քրդերի կողմից կազմավորած «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը որն, ի դեպ, դե ֆակտո սիրիական Քուրդիստանի ժամանակավոր կառավարության պարտականություններն է կատարում, համարում է ահաբեկչական կառույց՝ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մասնաճյուղ: Միացյալ Նահանգներն իր գործողությունները Սիրիայում պայմանավորում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, սակայն վերջինիս մասնակցությունը Սիրիայում առաջին հերթին չի ողջունվում Սիրիայի իշխանությունների կողմից, քանի որ նրանց գործողությունները, ի տարբերություն ՌԴ գործողությունների, չունեն իրավական հիմք:

Իրականում քրդերը Սիրիայում և առհասարակ տարածաշրջանում բավականին ճնշված են ապրում. շատ քրդական հասարակական քաղաքական կազմակերպություններ արգելված են, կամ կիսաարգելված, դպրոցներում քրդերեն լեզու չէր դասավանդվում, չնայած նրանց ճնշող քանակությանը: Դա էր այն հիմնական պատճառը, որ Արաբական գարունը ողջունվեց քուրդ փոքրամասնության կողմից, և նրանք դուրս եկան փողոց մասնակցելու գործող իշխանությունների դեմ կազմակերպվող ցույցերին: Սակայն երբ այդ ցույցերը վերածվեցին ռազմական գործողությունների, քրդերը դրանց չմասնակցեցին` հետագա ճնշումներից խուսափելու համար: Սակայն արդեն 2012թ.-ից երբ քաղաքացիական պատերազմը հասավ Հալեպ, Բաշար ալ-Ասադը որոշում կայացրեց դուրս բերել բանակը Հասաքեի շրջանից` ըստ էության տարածքի կառավարումը հանձնելով քրդերին, իսկ ավելի կոնկրետ Թուրքիայի դեմ արդեն շուրջ 20 տարի զինված պայքարի մեջ գտնվող Քրդական աշխատավորական կուսակցությանը: Քրդերը շատ արագ կարողացան ինքնակազմակերպվել և օգտագործելով ստեղծված իրավիճակը իրենց պայքարը մղել: Ի վերջո, Թուրքիայից, Իրաքից և Իրանից ժամանած իրենց հայրենակիցների հետ ԱՄՆ ռազմաօդային ուժերի աջակցությամբ քրդերին հաջողվեց ազատագրել իրենց տարածքների մեծ մասը իսլամիստներից և 2016թ. սկզբին ստեղծել ինքնավար մարզ Սիրիայի հյուսիսում (Արևմտյան Քուրդիստան, Ռոժավա), ինչն առաջացնում է հարևան պետությունների` Թուրքիայի, Իրանի մտավախությունը և ստիպում նրանց դառնալ սիրիական հակամարտության մասնակից:

Սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ոչ ցանկալի, բայց հավանական սցենարներից մեկն էր դիտարկվում Իրաքի օրինակով ֆեդերալ պետության ստեղծումը, որտեղ քրդերը կկազմեն ֆեդերալ միավորումներից մեկը: Այս ամենի հավանականությունը ավելի է սրվում հաշվի առնելով Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների այժմյան ցածր վստահության աստիճանը և նորաստեղծ միավորումը կարող է դառնալ ԱՄՆ մերձավոր դաշնակից մերձավորարևելյան տարածաշրջանում: Դա է հիմնական պատճառը, որ այսօր Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բոլոր քաղաքական-տնտեսական ենթակառուցվածքները գտնվում են Արևմուտքի վերահսկողության տակ: Դրանով է նաև պայմանավորված ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցությունն, առաջին հերթին ռազմական օգնությունը Սիրիայի քրդերին: Իրադարձությունների այս սցենարով զարգանալու պարագայում անջատողական նկրտումներ կսկսվեն և Թուրքիայի քրդաբնակ շրջաններում, որը գնտվում է ՀՀ անմիջական սահմանին:

Այս պահին դաշնակիցների օգնությամբ Ասադի իշխանությանը հաջողվել է Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողությունը հաստատել Սիրիայի տարածքի գերակշիռ մասին նկատմամբ, սակայն որոշ շրջաններում դեռևս շարունակում են վերահսկել և Թուրքիան և քրդական միավորումները: Վերջիններս, ինչպես գիտենք, լայն աջակցություն են ստանում ԱՄՆ-ից: Ավելին, 2019 թ. վերջին և 2020 թ. սկզբին ինտենսիվ ռազմական իրադարձություններ և բախումներ տեղի ունեցան սիրիական բանակի և վերջինիս դեմ պայքարողների միջև, որոնց ընթացքում սպանվեցին նաև թուրք և ռուս զինվորականներ: Սիրիական բանակի առաջխաղացումը բարելավեց իշխանությունների դիրքերը Սիրաիյի համար այդ կարևոր նահանգներում:

Թուրքիայի ներխուժումը Սիրիա.«Խաղաղության ակունք» օպերացիան. դրա նպատակների վերլուծությունը

2019թ. հոկտեմբերի 9-ին Թուրքիան պաշտոնապես հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն սկսելու մասին, որը ստացավ «Խաղաղության ակունք» անվանումը: Ըստ թուրքական կողմի՝  գործողությունն ուղղված է Քրդական աշխատավորական կուսակցության և Իսլամական պետություն խմբավորման դեմ: Այն նպատակ ունի ոչնչացնել «ահաբեկչական միջանցքը», որը ստեղծված է Թուրքիայի հարավային սահմաններում և ստեղծել անվտանգության գոտի Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների ազատ վերադարձի և վերաբնակեցման համար: Իր այս մտադրության մասին Թուրքիան նոր չէ, որ բարձրաձայնում է: Այս խնդիրն արդիական դարձավ հատկապես «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած գործողությունից հետո (որի արդյունքում Աֆրինը ազատագրվեց քրդական խմբավորումներից), երբ Էրդողանը հանդես եկավ Թուրքիայի հարավային սահմանները «ահաբեկչական միջանցքից» ազատելու մասին հայտարարությամբ: 

Թուրքիան բազմիցս է հայտարարել իր հարավային սահմաններին «անվտանգության գոտի» ստեղծելու մասին: Այս իմաստով Թուրքիան շատ լավ հասկանում էր, որ այն ստեղծելու հիմնական խոչընդոտող հանգամանքը Եփրատի արևելյան ափին տեղակայված ամերիկայն զինված ուժերն են: Սակայն, այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն ու Թուրքիան եկան հայտարարի՝ ստեղծել անվտանգ գոտի` սահմանից հեռացնելով ծանր զինտեխնիկան և կազմակերպել համատեղ պարեկություններ։ Այս ընթացքում թվով 3 նման պարեկություններ կազմակերպվեցին: Սակայն թուրքական կողմը դժգոհ էր այս ամենից` կարծելով, որ պարեկությունից զատ ամերիկյան կողմը ոչ մի այլ պայմանավորվածություն չէր պատրաստվում իրագործել, մասնավորապես խոսքը գնում է անվտանգության գոտի ստեղծելու մասին: Ավելին, տարաձայնություններ առաջացան վերահսկողություն սահմանելու շուրջ, մասնավորապես, ԱՄՆ կողմը կարծում էր, որ անվտանգության գոտին պետք է համատեղ վերահսկվի, իսկ թուրքական կողմը ձգտում է հաստատել միանձնյա վերահսկողություն: Ավելին, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում էր, որ ԱՄՆ-ն զենք է մատակարարում Սիրիայի քրդերին, այն դեպքում, երբ Թուրքիան պայքարում է վերջիններիս ու ահաբեկչական խմբերի դեմ: Այս ամենի համատեքստում պաշտոնական Անկարան հայտարարեց, որ եթե ամերիկյան կողմը մինչև սեպտեմբերի վերջ Սիրիայի հյուսիսում չապահովի անվտանգությունը, ապա ռազմական միջամտությունն անխուսափելի կլինի: Այսպիսով, երբ ԱՄՆ նախագահի կարգադրությամբ Պենտագոնը հոկտեմբերի 7-ին դուրս բերեց ուժերը Սիրիայի այն հատվածից, որը գտնվում է քրդերի հսկողության ներքո, Թուրքիան հոկտեմբերի 9-ին սկսեց քրդական դիրքերի ռմբակոծումը Սիրիայի հյուսիսում` Եփրատից արևելք ընկած հատվածում 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով:

Այստեղ հետաքրքիր է միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես այն, որ թեև միջազգային հանրությունն արագ արձագանքեց Սիրիայի տարածքում Անկարայի ռազմական գործողություններին, այդուհանդերձ, դրանք հիմնականում քննադատական հայտարարություններից այն կողմ չանցան։ Ակնհայտ էր, որ Թուրքիան ուներ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ-ի լռելյայն համաձայնությունը չմիջամտելու մասին` չունենալով, փաստացիորեն, որևիցե լուրջ միջազգային հակազդեցություն իր գործողությունների իրականացման համար: Նույն ՄԱԿ-ի ԱԽ չկարողացավ միասնական դիրքորոշման և հայտարարության շուրջ համաձայնության գալ այս հարցում: Ակնհայտ է նաև, որ Անկարայի այս գործողությունները խախտում են և Սիրիայի տարածքային ամբողջականությունը, այստեղ առկա են նաև մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ։ Չնայած պաշտոնական Դամասկոսի կողմից ցուցաբերած աջակցությանը քրդական կողմին, չմոռանանք, որ նրանց միջև հարաբերությունները բավականին խրթին են և շարունակում են այդպիսին մնալ: Պետք է նշել նաև, որ քրդերի հիմնական դաշնակիցը Սիրիայում և այլ քրդաբնակ տարածքներում Իսրայելն է, որը պատրաստ է օգնել քրդերին իրենց ինքնապաշտպանության հարցում: Թուրքական ներխուժման հենց հաջորդ օրը Նեթանյահուն հայտարարեց, որ պատրաստ է «օգնել քաջարի քուրդ ժողովրդին» և տրամադրել հումանիտար աջակցություն: Իսրայելը պատրաստ էր աջակցել նաև դիվանագիտական և հատկապես տեղեկատվական դաշտում, որտեղ Իսրայելը զգալի լծակներ ունի:

ԵՄ անդամ-երկրներից Ֆրանսիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Կանադան, Չեխիան և այլ երկրներ հայտարարեցին Թուրքիային զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ իրենց որոշումների մասին: Այստեղ ուշագրավ է հատկապես Ռուսաստանի դիրքորոշումը: Չնայած պաշտոնական հայտարարություններ եղան, սակայն, հաշվի առնելով թուրք-ռուսական հարաբերությունների վերջին տարիների ջերմացումը և գործակցությունը սիրիական հարցում, հայտարարություններին կտրուկ քայլեր չհետևեցին: Իրանն է հայտարարությամբ հանդես եկել՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ դրանց խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը և բնակչության անվտանգությունը։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել նաև Իսլամական պետության գործոնը։ Գիտենք, որ ԱՄՆ հիմնական թիրախը հենց ԻՊ-ն էր։ Չնայած քրդական աշխարհազորայինների, սիրիական բանակի, ռուսական զորքերի և միջազգային կոալիցիայի ուժերով հնարավոր եղավ պայքարել ԻՊ-ի դեմ, սակայն ԻՊ-ն դեռ գոյություն ունի: Եվ ԻՊ սուննիական ուժերը Թուրքիան անշուշտ կարող էր օգտագործել քրդերի դեմ մղվող պայքարում։ Առհասարակ, Թուրքիան կարող էր օգտագործել նաև սուննի արաբական շրջանակները՝ հաշվի առնելով սուննի արաբների և քրդերի միջև տասնամյակներ շարունակվող հակասությունները:

Ուշագրավ է նաև Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը։ Գիտենք, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիան հավակնություններ է ներկայացնում լինել սուննի իսլամական աշխարհի առաջնորդը և այս իմաստով ձեռնոց է նետում Սաուդյան Արաբիային: Այստեղ պետք է հաշվի առնել նաև Թուրքիա-Սաուդյան Արաբիա վերջին տարիներ լարված հարաբերությունները: 

Ի՞նչ խնդիր է լուծում Թուրքիան այս գործողությունով.

Նախ և առաջ, այստեղ առկա են քաղաքական շահեր. Թուրքիան փորձում է իր անմիջական սահմանների մոտ չեզոքացնել քրդական վտանգը և քրդական նկրտումները` թույլ չտալով ստեղծել առանձին միավորում, որը, հետագայում կարող է դառնալ ԱՄՆ-ի և Իսրայելի դաշնակիցը և ֆորպոստը տարածաշրջանում: Ավելին, իր այս քայլով Թուրքիան պատնեշ է ստեղծում Թուրքիայում և Սիրիայում բնակվող քրդերի միջև

Թուրքիան այս քայլով ժողովրդագրական խնդիր է լուծում. ստեղծելով անվտանգության գոտի իր հարավային սահմանների մոտ և այնտեղ ուղարկելով իր տարածքում գնտվող ավելի քան 3.5 մլն սիրիացի փախստականների, ովքեր մեծամասամբ սուննի մահմեդական են, Թուրքիան ուժեղացնում է իր դիրքերը սուննի մահմեդական շրջանակներում, որոնք գերակշռող են տարածաշրջանում: Բնակեցնելով սուննի մահմեդականներով Սիրիայի հյուսիսային սահմանները` Թուրքիային թույլ կտա խուսափել նաև իր սահմանների մոտ տեղի ունեցող տարբեր ազգամիջյան բախումներից:

Այստեղ առկա է խնդրի տնտեսական կողմը: Հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական իրավիճակը և գործազրկության բավականին բարձր ցուցանիշը, Թուրքիան իր տարածքում բնակվող սիրիացի փախստականներին հետ ուղարկելով տնտեսական բեռը թեթևացնելու խնդիր է նաև լուծում: Ավելին, անվտանգության գոտի ստեղծելու համար Էրդողանը ուղիղ շանտաժի է դիմում ԵՄ-ին` պահանջելով լուրջ ներդրումներ այս հարցում, ինչը նույնպես թույլ կտա դրամական հոսքերի շարժ գրանցել դեպի Թուրքիա:

Արդարություն և զարգացում կուսակցությունը,  և մասնավորապես Էրդողանը ներքաղաքական խնդիրներ է լուծում իր այս քայլով և փորձում է բարձրացնել իր և իր կուսակցության լեգիտիմությունը երկրի ներսում, որի անկման վառ ապացույցը եղավ Ստամբուլի քաղաքապետի երկու անգամ անընդմեջ տեղի ունեցած ընտրությունները և դրանց արդյունքը: Հետևաբար, սա նաև Էրդողանի հեղինակության բարձրացմանն ուղղված գործողություն է:

Կարող ենք եզրակացնել, որ Թուրքիայի այս քայլը կարող է փոխել տարածաշրջանում ուժերի դասավորվածությունը: Չէր կարելի բացառել, որ թուրքական ներխուժումը կարող էր հանգեցնել Իրանի և Ռուսաստանի հետ որոշակի խնդիրների, քանի որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իրանը հանդես են գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանության օգտին և բավականին դժգոհ էին այն փաստից, որ Թուրքիան որոշակի տարածքներ Սիրիայում արդեն օկուպացրել էր։ Խոսքը գնում է, մասնավորապես, երկրի հյուսիս-արևմուտքում Աֆրինի շրջանի մասին, և այժմ Թուրքիայի կողմից նոր տարածքների հանդեպ վերահսկողությունը մեծ հաշվով չեն համապատասխանում Ռուսաստանի և Իրանի շահերին։ Չմոռանանք, որ Սիրիան ավելի բնական դաշնակից է ՌԴ-ի և Իրանի համար, քան նույն Թուրքիան: Այս համատեքսում կարելի է դիտարկել նաև ԱՄՆ ներկա վարչակազմի դիրքորոշումն այս հարցում` այն է` Սիրիայում լուրջ հակասություններ առաջ բերել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, և թուլացնել ՌԴ-Թուրքիա համագործակցությունը մի շարք ոլորտներում:

Փաստորեն, Թուրքիային հաջողվեց պայմանավորվել ԱՄՆ-ի հետ Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու մասին` առանց ռազմական գործողություններ իրականացնելու: Ինչ վերաբերվում է ՀՀ պաշտոնական արձագանքին, այն բավական արագ էր: Ավելին, ՀՀ պաշտոնական հայտարարության մեջ տեղ գտած հղումը Սիրիայում ապրող ազգային փոքրամասնություններ պաշտպանության վրա ավելի է լեգիտիմացնում հայկական հումանիտար առաքելության ներկայությունը Սիրիայում: Ստեղծված իրավիճակը վտանգներ է ստեղծում նաև տեղի հայկական համայնքի համար: ԱԳՆ տվայլներով թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող Թել Աբյադ բնակավայրում, որը գտնվում է հենց Սիրիայի և Թուրքիայի սահմանին, ապրում էր 16 հայկական ընտանիք, որոնք դուրս են եկել և տեղափոխվել են Հասաքե: Կամիշլիի և Զազիրայի հատվածում ապրում են մոտ 3000 հայ, որից մոտ 2000 ապրում է Կամիշլիի տարածքում: Դելիքում կան մոտ 60 հայ ընտանիք, որը Իրաքի հետ սահմանի մոտ է, և Ռաս ալ- Այնում մի քանի հայեր կային, որոնք ռազմական գործողությունների հենց սկզբից լքել էին իրենց բնակավայրերը: Այսինքն, հայերը հիմնականում մնում են Կամիշլիիում, սակայն Կամիշլիի հայերն մտադիր չէին դուրս գալ այնտեղից: Պետք է նշել, որ Սիրիայի հյուսիսային շրջաններում բնակվող բոլոր մեր հայրենակիցները նախընտրում էին տեղափոխվել դեպի երկրի ավելի խորքը, քան լքել Սիրիան: Ընդհանրացնելով կարելի է ասել, որ այս գործողությունը իրականում Էրդողանի հերթական հաջողությունը կարելի է համարել, քանի որ առանց որևէ միջազգային խոչընդոտի Թուրքիան նախ իրականացրեց Եփրատից դեպի արևմուտք տեղի ունեցած տարածքների օկուպացիան, այժմ նրան դա հաջողվեց իրականացնել նաև Եփրատից դեպի արևելք ընկած տարածքում:

Սիրիայում տիրող ներկա իրավիճակի վերլուծությունը ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից

Ինչ վերաբերվում է այս գործընթացների Հայաստանի վրա ունեցող ազդեցությանը, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի անմիջական հարևանությամբ նոր միավորում ստեղծելու հավանականությունը մեծ է: Սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ոչ ցանկալի, բայց հավանական սցենարներից մեկը Իրաքի օրինակով ֆեդերալ պետություն ստեղծելն է, որտեղ քրդերը կկազմեն ֆեդերալ միավորումներից մեկը: Այս ամենի հավանականությունը ավելի է սրվում հաշվի առնելով ԱրևմուտքԹուրքիա հարաբերությունների այժմյան ցածր վստահության աստիճանը և նորաստեղծ միավորումը կարող է դառնալ ԱՄՆ մերձավոր դաշնակից մերձավորարևելյան տարածաշրջանում: Դա է հիմնական պատճառը, որ այսօր Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բոլոր քաղաքական-տնտեսական ենթակառուցվածքները գտնվում են Արևմուտքի վերահսկողության տակ: Դրանով է նաև պայմանավորված ԱՄՆ կողմից տրվող օժանդակությունը, առաջին հերթին ռազմական օգնությունը Սիրիայի քրդերին: Իրադարձությունների այս սցենարով զարգանալու պարագայում անջատողական նկրտումներ կսկսվեն և Թուրքիայի քրդաբնակ շրջաններում, որը գնտվում է ՀՀ անմիջական սահմանին, ինչի հետևանքով.

Սցենար 1. քրդական ինքնավարություն ստեղծվելու պարագայում ՀՀ որոշ չափով կորցնում է պահանջատիրական նկրտումները Թուրքիայից, ինչն առավել ցավագին կարող է ընդունվել հայկական սփյուռքի կողմից, քանի որ այս պարագայում տեղի է ունենում հակադիր սուբյեկտի փոփոխություն

Սցենար 2. հավանական խառնաշփոթի և իրավիճակի սրացման պարագայում, ՀՀ-ն առաջ է քաշում իր պահանջները և հղում կատարում, օրինակ, նույն Սևրի դաշնագրի վրա, համաձայն որի ինչպես Քուրդիստանը, այնպես էլ ՀՀ ունի տարածքային պահանջներ Թուրքիայից: Եկեք չմոռանանք, որ մինչ օրս Հայաստանի չի հրաժարվել Կարսի պայմանագրից և չի ճանաչել հայթուրքական ներկայիս սահմանը

Սցենար 3. (առավել հավանական տարբերակ), եթե տարածաշրջանում անջատողական նկրտումներն այսօր փոքր-ինչ ապրիորի են թվում, ապա չենք կարող բացառել, որ Թուրքիայում քրդերի իրավիճակի հետագա սրացման պարագայում կարող է տեղի ունենալ վերջիններիս զանգվածային ներհոսքը Հայաստանի տարածք, իսկ ՀՀ ինստիտուցիոնալ կարողությունների տեսանկյունից դեռևս պատրաստ չէ այդ քանակությամբ անձանց ընդունմանը: Մյուս կողմից չենք կարող չընդունել միջազգային իրավունքում լայնորեն կիրառվող non-refoulement (անձի չվերադարձելիության թույլտվության) սկզբունքը: Սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, որն արգելում է ապաստանի հայցում ստացող պետություններին հետ վերադարձնել անձին, եթե իր կյանիքին վտանգ է սպառնում` պայմանավորված վերջինիս ռասայի, դավանանքի, ազգության, որոշակի սոցիալական խմբին պատկանելիության կամ քաղաքական դիրքորոշման սկզբունքով:

Եթե Սիրիայից եկած փախստականների ընդունման ժամանակ ՀՀ-ն, մեծ հաշվով, այս խնդրին չբախվեց, ավելին, նպաստեց հիմնականում սիրիահայերի ընդունմանն ու ինտեգրմանը, ապա այս հարցում իրողությունն այլ է։ Չի կարելի բացառել, որ այստեղ ՀՀ-ն կարող է ունենալ ազգային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ: Իրավիճակի այս սցենարով զարգացումը կարող է հանգեցնել սահմանային լարմանը եթե ոչ լայնամասշտաբ ռազմական գործողություններին ԼՂ-ում կամ/և հայ-ադրբեջանական սահմանին: Այս պարագայում խիստ անհրաժեշտ է առավել ճկուն արտաքին քաղաքականության իրականացումը այս ուղղությամբ:

Օգտակար հղումներ

Սարգիս Գրիգորյան- «Սիրիական հակամարտությունը 2011-2020թթ.»

http://publishing.ysu.am/hy/1595865703

Հայկ Գաբրիելյանի հոդվածները

https://hetq.am/hy/article/109818?fbclid=IwAR0zTnIGGrY1fXWMRLBedH5w-ycgXC-TNkwkbQ5E5bSQPJeUTW4YYHUYTxw

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=16900&fbclid=IwAR00SBZCS8YIR5otD_0uq9InYIYYNwZPtw5TmCV9LzmgBUniH8RCwFlDkAo

Արմեն Մանվելյանի հոդվածը՝ https://www.azg.am/AM/2017121514

Դասախոսություն 7. Չինաստանի դերը ժամանակակից միջազգային հարաբերություններում

Ժամանակակից միջազգային հարաբերություններում Չինաստանի ազդեցությունն այսօր այնքան է ավելացել, որ այսօր, թերևս, անհնար է այն չնկատել և հաշվի չնստել դրա հետ։ Այն ավելի քան ակնառու դարձավ 2020թ. գլոբալ համավարակի ֆոնին, երբ գերտերությունները, մասնավորապես, ԱՄՆ-ի և ՉԺՀ ի միջև հարաբերությունները սուր մրցակցությունից անցում կատարեցին դեպի բաց հակասության: Դեպի համաշխարհային հեգեմոնիա ճանապարհին մեծապես կարևոր էր Չինաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը , ինչը տեղի ունեցավ 2001թ.` 15 տարի շարունակվող բանակցություններից հետո: Այն թույլ տվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը  գերիշխող դեր ստանձնել եվրոպական և ամերիկյան շուկաներում։ Չինաստանի արտաքին քաղաքականությունը շրջադարձ կատարեց նախագահ Սի Ծինպինի իշխանության գալուց հետո, ինչը ենթադրում էր, որ ՉԺՀ-ն այլևս պետք է ակտիվ դերակատարում ստանձնի միջազգային ասպարեզում և հետամուտ լինի իր շահերի պաշտպանությանը միջազգային հարթակներում: Չինաստանն այլևս պետք է լինի ավելի նախաձեռնող, թելադրող ինչպես տնտեսական այնպես էլ քաղաքական, անգամ ռազմաքաղաքական ոլորտներում, ինչի վառ ապացույց են 2016թ. Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկի, ինչպես նաև Զարգացման նոր բանկի (ԲՐԻԿՍ-ի երկրների կողմից ստեղծված, որը ֆինանսավորում է ենթակառուցվածքային ու զարգացման ծրագրերը ԲՐԻԿՍ և զարգացող երկրներում, կենտրոնակայանը Շանհայում է) ստեղծումը, «Մեկ գոտի մեկ ճանապարհ», այնուհետև «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը, ՉԺՀ-ի ռազմական ակտիվացումը Հարավ-չինական ծովում և այլն։ Բավական է նշել, որ նույն Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկի ստեղծումը (կենտրոնակայանը Պեկինում) մեծ դժգոհությունների առիթ դարձավ հատկապես ԱՄՆ-ում, քանի որ  այն ունենալով Համաշխարհային բանկ  կապիտալի կեսը և ահռելի ռեսուրսներ, ըստ էության կարող էր խախտել հետպատերազմյան դարաշրջանից ձևավորված տնտեսական մոդելը, երբ ԱՄՆ-ն, եվրոպական երկրներն ու Ճապոնիան էին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով բաշխում տնտեսական ռեսուրսները զարգացող երկրներին։ Ավելին, այն ժամանակ, երբ ՀԲ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OCED) որոշեցին սահմանափակել բարձր արտանետումներ ունեցող ածուխով աշխատող էլեկտրակայանները, ո՛չ Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկը և ո՛չ էլ Զարգացման նոր բանկը չհետևեցին այդ քայլին:

Նույնը վերաբերվում է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը (այն իր անվանումը փոխեց 2016թ․, քանի որ նախկին «Մեկ գոտի մեկ ճանապարհի» «մեկ» անվանումը տարակարծության տեղիք էր տալիս, չնայած մինչ այժմ այս տերմինը գործածության մեջ է)։ Չինաստանում այն համարվում է դարի նախագիծը, կամ չինական ոճի գլոբալիզացիա: Այն բավականին հավակնոտ ծրագիր է, որն ուղղված է զարգացնելու ինչպես Չինաստանի քիչ զարգացած արևմտյան նաhանգները, որտեղով պետք է անցնեն ճանապարհներն ու ենթակառուցվածքները մի քանի ուղղություններով, այնպես էլ այն ուղղված է ՉԺՀ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դերի բարձրացմանն աշխարհում։

Մեկ այլ կարևոր նախագիծ է «Պատրաստված է Չինաստանում՝ 2025» նախաձեռնությունը, համաձայն որի մինչև 2025թ. Չինաստանը ՀՆԱ-ի ցուցանիշով գերազանցելու է  ԱՄՆ-ին: Այն այլևս ամերիկյան ապրանքների կարիքը չի ունենալու և հետզհետե դուրս է մղելու նրանց արևմտյան շուկաներից։ Ավելին, այսօր Չինաստանը գնում է ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրմանը, մասնավորապես ՉԺՀ-ԵԱՏՄ համաձայնարգրի հետ մեկտեղ շատ կարևոր է Տարածաշրջանային համապարփակ տնտեսական համագործակցությունը (Regional Comprehensive Economic Partnership (RCEP)): Այն իրենից ներկայացնում է ազատ առևտրի գոտի պլյուս ձևաչափ, որտեղ ներկայացված են ASEAN-ի 10 անդամ պետությունները և 6 երկրներ, որոնց հետ ASEAN-ն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր (Ավստրալիա, Հնդկաստան, ՉԺՀ, Նոր Զելանդիա, Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա): Կարևոր է նշել, որ ազատ առևտրի այս գոտում են գնտվում աշխարհի բնակչության մոտ կեսը և համաշխարհային արտահանման ¼-ը։ Անդր-խաղաղօվկիանոսյան համագործակցության համաձայնագրից (առևտրային համաձայնագիր Ավստրալիայի, Բրունեի, Կանադայի, Չիլիի, Ճապոնիայի, Մալազիայի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պերուի, Սինգապուրի, Վիետնամի և ԱՄՆ-ի միջև, որը ստորագրվել է 2016թ.,  սակայն չի վավերացվել և ուժի մեջ մտել) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Տարածաշրջանային համապարփակ տնտեսական համագործակցությունը ըստ էության Չինաստանի համար դարձավ տարածաշրջանային առևտրի հիմնական դերակատարն ու հարթակը, որտեղ ԱՄՆ-ն այլևս ներկայացված չէ:

ԱՄՆ-Չինաստան առևտրային հակամարտությունը

Այսօր միջազգային քաղաքական և տնտեսական օրակարգի ամենաարդիական թեմաներից է  ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տնտեսական հակամարտությունը, որի հետևանքները զգալի են ոչ միայն այս երկու պետությունների, այլև գլոբալ անվտանգային համակարգի համար։ Անկասկած, այն հետապնդում է նաև քաղաքական նպատակներ։ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային հակամարտությունը որոշ չափով կանխատեսելի էր: Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս է  կոշտ դիրքորոշմամբ հանդես եկել ՉԺՀ-ի հանդեպ, իսկ ընտրվելուց հետո Թրամփը զանգահարեց Թայվանի նախագահին, ինչը, բնականաբար, ՉԺՀ-ի կողմից համարվեց որպես ոչ բարեկամական քայլ ՉԺՀ-ի հանդեպ, քանի որ այն հակասում է  «Մեկ Չինաստանի քաղաքականությանը» : 

«Մեկ Չինաստանի քաղաքականություն»

Մեկ Չինաստան քաղաքականությունը ՉԺՀ-ի արտաքին քաղաքական սկզբունքն է, համաձայն որի գոյություն ունի միայն մեկ Չինաստան, չնայած այսօր կա երկու միավոր, որ կրում են Չինաստան անվանումը` ՉԺՀ և Չինաստանի Հանրապետությունը` Թայվանը: Հարկ է նշել, որ այս երկու միավորներն էլ ՉԺՀ և ՉՀ համարում են միասնական Չինաստանի մասեր, միևնույն ժամանակ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է այն մեկնաբանում` իրեն հռչակելով միասնական Չինաստանի միակ լեգիտիմ կառավարությունը:

Չինաստանի «մեկ երկիր, երկու համակարգ»

Սա Չինաստանի քաղաքական սկզբունքն է, որն առաջ քաշեց դեռևս 1980-ական թթ. ՉԺՀ առաջնորդ Դեն Սյաոպինը, համաձայն որի գոյություն ունի մեկ Չինաստան, որի մեջ Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն կարող են ունենալ իրենց անկախ կապիտալիստական տնտեսական և քաղաքական համակարգերը, մինչդեռ Չինաստանի մնացած հատվածներում գերիշխում է սոցիալիստական համակարգը:

ԱՄՆ-ՉԺՀ տնտեսական բախումը դժվար չէր կանխատեսել` հաշվի առնելով այս երկու երկրների տնտեսությունների փոխկապակցվածությունը: Այն պատկերացնելու համար բավական է նշել, որ տարեկան Չինաստանն ավելի քան 452,24 մլրդ դոլարի ապրանք է դեպի ԱՄՆ արտահանում, իսկ ԱՄՆ արտահանումը դեպի չինական շուկա կազմում է 106,63 մլրդ (2019թ․) : Անվանական ՀՆԱ-ի  հաշվարկով Չինաստանի տնտեսությունը երկրորդն է աշխարհում` կազմելով 14,343 տրլն. (ԱՄՆ` 21,44 տրլն.) իսկ գնողունակության համարժեքության ցուցանիշով (PPP) առաջինն է աշխարհում (Չինաստան` 23,46 տրլն. դոլար, ԱՄՆ` 18, 217 տրլն. դոլար:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ֆինանսատնտեսական ոլորտում, համապատասխանում է ԱՄՆ 45-րդ նախագահի կողմից դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում տրված խոստումներին, որոնց առանցքում ընկած է «America first» կոնցեպտի տրամաբանությունը: Ընտրվելուց հետո Միացյալ Նահանգները իր սահմաններից դուրս գործող ամերիկյան ընկերությունների նկատմամբ հարկային հատուկ քաղաքականություն սահմանեց, որի նպատակն էր վերջիններիս գործունեությունը կենտրոնացնել հայրենիքում: Մինչդեռ պետք է նշել, որ այստեղ ամենաակնհայտ խոչընդոտներից մեկը ամերիկյան արտադրության թանկարժեք լինելն է, ինչի արդյունքում ներկրվող ապրանքներն ավելի մրցունակ են դառնում: Այս համատեքստում, որպես առևտրային ամենամեծ գործընկեր, մեծ վտանգ է ներկայացնում Չինաստանը: Այսինքն` անհրաժեշտ էր ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում չինական ապրանքների մրցունակությունն ամերիկյան շուկայում կնվազեն, և այս համատեքստում ԱՄՆ իշխանությունները որպես գործիք են դիտարկում համապատասխան մաքսային քաղաքականության իրականացումը: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այս քաղաքականության կիրառումը լի է բազմաթիվ խնդիրներով նաև ամերիկյան կողմի համար, քանի որ ներկրման նկատմամբ ավելացված մաքսատուրքերի հետևանքով ամերիկյան շուկայում չինական ապրանքների դեֆիցիտը լրացվելու է տեղական արտադրության ապրանքներով, որոնք զգալիորեն թանկ կարժենան, ինչը կարող է հանգեցնել գնաճի ավելացմանը:

Արդեն 2018թ հունվարին նախագահ Թրամփը հայտարարեց, որ առաջիկա 4 տարիների համար ավելացվում է Չինաստանից դեպի ԱՄՆ արտահանվող արևային մարտկոցների մաքսատուրքը 30%-ով (Չինաստանը հանդիսանում է արևային մարտկոցներ արտադրող առաջատար պետություն)` յուրաքանչյուր տարի մաքսատուրքը ավելացնելով 5%-ից մինչև 15%: Մաքսատուրքներն ավելացան դրվեց նաև դեպի ԱՄՆ արտահանվող լվացքի մեքենաների համար: Ամիսներ անց` ԱՄՆ-ն հայտարարեց 1300 անուն ապրանքների ներմուծման տոկոսադրույքի ավելացման մասին, որոնց թվում էին էլեկտրոնիկան, ինքնաթիռների համար պահեստամասեր, բժշկական սարքավորումներ և այլն: Ավելին, ԱՄՆ-ն մեղադրեց չինական իշխանություններին ամերիկյան նորագույն տեխնոլոգիաները գողանալու մեջ: Այստեղ խոսքն այն մասին է, որ համաձայն ՉԺՀ օրենքի, օտարերկրյա կազմակերպությունները կարող են չինական շուկա մուտք գործել միայն տեղական ընկերության հետ համատեղ։ ԱՄՆ-ն կարծում է, որ այս օրենքը թույլ է տալիս չինական ընկերություններին վերցնել ԱՄՆ-ի կողմից մշակված տարբեր տեխնոլոգիաներ, որի արդյունքում, ըստ ԱՄՆ կողմից արված հաշվարկների, Միացյալ Նահանգները տարեկան կտրվածքով կորցնում են 300 մլրդ դոլար։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի կողմից սև ցուցակում է հայտվել նաև չինական Huawei ընկերությունը, քանի որ ԱՄՆ-ն մեղադրում է Huawei-ին չինական լրտեսությանը աջակցելու մեջ, ինչը չինական ընկերությունը, բնականաբար, չի ընդունում: Huawei-ի հանդեպ պատժամիջոցները խնդիրներ է առաջացնում նաև ամերիկյան չիպեր և միկրոսխեմաներ արտադրող մի շարք ընկերությունների համար, որոնց համար Huawei-ը ամենախոշոր գնորդներից մեկն է: Ավելին, ԱՄՆ-ի պետական և ռազմական գերատեսչություններին արգելված է Huawei-ի արտադրանք ձեռք բերել, քանի որ այն կարող է պարունակել լրտեսական ծրագրեր։

Պատասխան քայլը Չինաստանի կողմից չուշացավ, մասավորապես 25% մաքսատուրք սահմանվեց ԱՄՆ-ից այլումինի, խոզի մսի, սոյայի, եգիպտացորենի և գյուղատնտեսական մի շարք մթերքների ներմուծման վրա, ինչը մեծ հարված էր ամերիկացի ֆերմերների համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020թ. ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ ամերիկացի ֆերմերները նախագահ Թրամփի հիմնական էլեկտորատն են հանդիսանում: Սրան հաջորդեցին երկկողմ մաքսատուրքերի պարբերաբար ավելացումը: 2019թ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտան նոր պատժամիջոցներ` տարեկան 125 մլրդ դոլար ապրանքների վրա ԱՄՆ-ն ավելացնում է 15% մաքսատուրք, իսկ արդեն օգոստոսին կողմերը եկան մասնակի համաձայնության, համաձայն որոնց ՉԺՀ-ն որոշեց ավելացնել ամերիկյան գյուղմթերքի ներմուծման ծավալները, իսկ ԱՄՆ-ն` մեղմացրեց մաքսատուրքերը: 2020թ սկզբին արդեն ուժի մեջ մտան երկկողմ առևտրային վեճերի լուծման համաձայնագրի առաջին փուլը: Այն ուղղված էր ԱՄՆ ինտելեկտուալ սեփականության անվտանգության ապահովմանը, գյուղոլորտի ընդլայնմանը, ամերիկյան ֆինանսական հատվածի համար խոչընդոտների վերացմանը, արժույթի մանիպուլյացիայի դադարեցմանը ՉԺՀ-ի կողմից, ամերիկա-չինական առևտրային բալանսի վերականգմանը և այլն: Ամիսներ անց արդեն Չինաստանը արտոնություններ է սահմանում ամերիկյան 696 ապրանքների համար, իսկ արդեն ս.թ. մարտին, երբ գլոբալ համավարակը թևակոխեց ԱՄՆ, ԱՄՆ իր հերթին Չինաստանից ներկրվող տարատեսակ բժշկական սարքավորումներ ազատեց մաքսատուրքերից: ԱՄՆ-ՉԺՀ առևտրային պատերազմի ֆոնին հակասությունների լայն ալիք բարձրացրեց յուանի արժեզրկումը: ՉԺՀ-ն յուանի ինքնարժեքը իջեցրեց 7-ի մեկ դոլարի դիմաց, որը բավականին լուրջ հարված էր ԱՄՆ տնտեսությանը։ Սա ամենացածր յուանի կուրսն էր դոլարի նկատմամբ 2008թ ֆինանսական ճգնաժամից հետո։ Սրան ի պատասխան՝ ԱՄՆ-ն շատ սուր արձագանքեց ու մեղադրեց Չինաստանին «արժույթային մանիպուլյացիաների» մեջ։ Իրականում պետք է նշել, որ յուանի արժեզրկումն այն վերջին խաղաքարտներից մեկն էր, որը Չինաստանը կիրառեց չինական ապրանքների մաքսատուրքերի հետագա բարձրացումը կանխելու համար։ Հարկ է նաև նշել, որ յուանի փոխարժեքի իջեցումը նոր երևույթ չէ, և ԱՄՆ մեկ անգամ չէ, որ այս հարցը բարձրաձայնել է` մեղադրելով Չինաստանին յուանի իջեցման մեջ համաշխարհային առևտրում առավելություն ստանալու համար, սակայն այս վերջին կտրուկ նվազումը բավականին բուռն արձագանք ստացավ։ Անգամ ԱՄՀ ի պատասխան ԱՄՆ-ին մեղադրեց ՉԺՀ յուանի կուրսի արհեստական իջեցման մեջ, չնայած չինական կողմի հավաստիացումներին, որ Չինաստանը միտումնավոր դա չի արել, Չինաստանը լողացող կուրսի քաղաքականություն է վարում և շուկան ինքն է թելադրել այդ կուրսը։ Եթե նախկինում չինական իշխանությունները ամրագրում էին յուանի փոխարժեքը դոլարի նլատմամբ և փորձում այն պահել, իսկ արդյունքում իր արժույթային ռեզերվներից փոխհատուցում (2015-2016թթ 1 տրլն դոլար), ապա այժմ Չինաստանը ձեռնպահ է մնում այդ քաղաքականությունից, քանի որ նախևառաջ, դրանից նվազում է յուանի, որպես արտարժույթի հեղինակությունը, իսկ ՉԺՀ-ն փորձում է յուանը համաշխարհային արտարժույթի վերածել: Նշենք նաև, որ այս հարցում Չինաստանն ունի մանևրելու տեղ, քանի որ չինական արտահանումը դեպի ամերիկյան շուկա շատ անգամ գերազանցում է ներմուծմանը։

Մյուս կողմից էլ չմոռանանք, որ այսօր ամեն դեպքում դոլարի գործոնը որպես միջազգային վալյուտա մեծ է և դա լուրջ առավելություն է տալիս ԱՄՆ-ին միջազգային հարաբերություններում։ Համեմատության համար նշենք, որ եթե աշխարհի երկրների արտարժույթային ռեզերվների 1,1% է պահվում յուանով, մինչդեռ դոլարային ռեզերվները ունեն աշխարհի երկրների 64%-ից ավելին։ Պետք է նշել, որ այս գործողությունների արդյունքում չինական տնտեսությունը բավականին տուժեց՝ գրանցելով 6,3% տարեկան աճ , որը 2000-ականներից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Այս ամենը շահեկան չէ նաև ԱՄՆ-ի  համար, քանի որ ամերիկյան ընկերությունները կորցնում են չինական մեծ շուկան, բարձր մաքսատուրքերը վճարում են ամերիկացի հարկատուները: Կարևոր է հասկանալ, որ այս համաշխարհային տնտեսության փոխկապակցվածությունը, ԱՄՆ-ՉԺՀ առևտրային հակամարտությունն իր բացասական հետևանքներ է թողնելու մնացած երկրների վրա ևս: Այն կարող է ուղիղ ազդեցություն ունենալ նավթի գնի վրա՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության աճի անկմամբ, որի կազդի նաև ռուսական ռուբլու փոխարժեքի վրա։ Իսկ ռուբլու փոխարժեքի տատամումը, առավել ևս նվազումը ուղղակիրոն կհարվածի նաև ՀՀ տնտեսությանը` հաշվի առնելով ՌԴ-ից ՀՀ ուղարկվող ուղիղ դրամական փոխանցումների համամասնությունը ՀՀ ՀՆԱ-ի մեջ, որը 2019թ. կազմել է ՀՆԱ-ի 11,2 %, իսկ նախորդ տարիներին եղել է ավելի շատ:

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները կորոնավիրուսային համավարակի շրջանակներում

ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունները առավել քան սրվեցին կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով, երբ երկու կողմերը սկսեցին բացահայտորեն միմյանց մեղադրել աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման մեջ։ Ամերիկյան կողմը պնդում է, որ վիրուսը մարդածին է և այն դուրս է եկել Ուհանի բիոքիմիական հետազոտությունների լաբորատորիայից։ Ավելին, ԱՄՆ-ն մեղադրում է Չինաստանին լրտեսության մեջ` հայտարարելով, որ չինական կողմը ցանկանում է ձեռք բերել վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ամերիկյան գիտական կենտրոնների հետազոտությունների արդյունքները, ինչպես Չինաստանը սովոր է անել ամերիկյան այլ տեխնոլոգիաների հետ, և դառնալ COVID19 առաջին պատվաստանյութի հեղինակը։ Հակադարձ մեղադրանքները չեն դադարում նաև չինական կողմից` ուղղված այս հարցը քաղաքականացնելուն և ապատեղեկատվություն տարածելու մեջ: Ավելին, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն սառեցրեց նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը` վերջինիս մեղադրելով համավարակի տարածման հարցում անհապաղ միջոցներ չձեռնարկելու և ի սկզբանե վարակի ծագման ու տարածման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը պաշտպանելու մեջ։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ամենամեծ դոնորն է հանդիսանում և ամերիկյան մասնաբաժինը կազմում է ԱՀԿ բյուջեի 15%-ը: Ավելին, այս հակամարտության պատճառով ՄԱԿ ԱԽ-ն երկար ժամանակ չէր կարողանում գալ համաձայնության համապատասխան բանաձև ընդունման շուրջ ԱՄՆ դիրքորոշման պատճառով, քանի որ վերջինս պահանջում էր նշել «չինական վարակ», քանի որ վարակը չինական ծագում ունի։ Այնուամենայնիվ 2020թ հուլիսի 1-ին ԱԽ բանաձևն (թիվ 2532) ընդունվեց միաձայն` կոչ անելով պետություններին հետևել ՄԱԿ ԳԽ հորդորին և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները համավարակի ժամանակ` միաժամանակ նշելով, որ այն չի տարածվում ԻԼԻՊ-ի, Ալ-Քաիդայիմ Ալ-Նուսրա ճակատի դեմ, այդ դրանց հարակից կողմերի մղվող ռազմական գործողություններին: Սա առավել քան տարօրնակ է այնքանով, որ անգամ Սառը պատերազմի տարիներին, ԱՄՆ և ԽՍՀՄ կարողացան միասնական ջանքերով գտնել պոլիոմելիտի դեմ պատվաստանյութը:

ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում առկա քաղաքական և ռազմաքաղաքական խնդիրները

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները բավականին լուրջ քաղաքական ենթատեքստ ունեն, ինչը, բնականաբար, պայմանավորված է Չինաստանի աճող գործոնով միջազգային հարաբերություններում և ավելին, Չինաստանի աճող նկրտումներով, որի վառ օրինակ են վերջինիս կողմից իրականացվող մեգանախագծերը։ ԱՄՆ Ազգային անվտանգության գործող ռազմավարության մեջ, ընդունված 2017թ, ԱՄՆ-ն Չինաստանին, ինչպես նաև ՌԴ-ին դիտարկում է որպես պետություններ, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ անվտանգության և բարեկեցության համար: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հստակ շարադրել է Չինաստանի հետ ԱՄՆ խնդիրների ողջ սպեկտրը․ Չինաստանի կողմից ռազմական ուժի ավելացումը, չինական մեգանախագծերը, մասնավորապես խոսքը գնում է «Գոտի և ճանապարհ» նախագծի մասին (ԱՄՆ-ն կարծում է որ այս նախագիծը Չինաստանն օգտագործում է ֆինանսապես խոցելի երկրների վրա իր գերակայությունը սահմանելու համար։ Օրինակ, 2017թ Շրի-Լանկան Չինաստանին 99 տարով վարձակալության հանձնեց Համբանտոտա նավահանգիստը, որի դիմաց ԱՄՆ-ն ներեց Շրի-Լանկայի պարտքերը), ընդհուպ մինչև տեղեկատվական հարվածները ԱՄՆ ԶԼՄ վրա և այլն։ Ըստ էության, Պեկինը նոր ուղիղ ճանապարհ է ստեղծում դեպի Եվրոպա: ԱՄՆ-ին դուր չի գալիս նաև Չինաստան-ՌԴ համագործակցությունը, Չինաստանի պատրաստակամությունը օգնել Սիրիային երկիրը վերականգնելու հարցում, Իրանի հարցով հայտարարությունները, ինչպես նաև Իրան-Չինաստան 25-ամյա համապարփակ համաձայնագիրը, որը ստորագրվեց 2020թ հուլիսին:

Ինչ վերաբերվում է ռազմականացմանը, ապա Չինաստանն իրապես ավելացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Չնայած Չինաստանի ռազմական բյուջեն տարիներ շարունակ աճում է և այն հասել է 250 մլրդ դոլարի, չինական կողմը 2019թ. հուլիսին հրապարակած իր կառավարության ծրագրում (White paper) նշում է, որ այն ճիշտ է դիտարկել ընդհանուր ՀՆԱ-ի համատեքստում, որը կազմում է ՀՆԱ-ի 1,3%: Համեմատության համար նշվում է, որ, օրինակ ԱՄՆ-ի պարագայում ռազմական ծախսերը ՀՆԱ-ի մոտ 3,5% են կազմում, ՌԴ-ի՝ 4,4 %, Հնդկաստանի՝ 2,5%, Ֆրանսիայի 2,3%, ՄԲ՝ 2% և այլն։ Այս ցուցանիշով ՉԺՀ-ն ամենաքիչ ռազմականացվածն է ՄԱԿ-ի ԱԽ անդամներից։ Այնուամենայնիվ նշենք, որ Հարավ-չինական ծովում  ռազմական գերակայությունը Չինաստանի համար առաջնահերթ ուղղություն է համարվում։ 2018թ. աշնանն էր, երբ Հարավ-չինական ծովում չինական նավերը թույլ չտվեցին ամերիկյան կործանիչին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ։ Անհանգիստ իրավիճակ է Թայվանի շուրջ ու Թայվանի հարցում, ով ստանում է ԱՄՆ լիակատար աջակցությունը։ ԱՄՆ-ն չի թաքցնում Թայվանին սպառազինությունների վաճառքի մտադրությունը, ինչը կոշտ արձագանք է գտել Չինաստանում: Չինական ԱԳՆ-ն հայտարարել է, որ ոչ մի օտարերկրյա ուժ չի կարող միջամտել Չինաստանի վերամիրավորմանը: Պետ․ դեպարտամենտն իր հերթին հաստատել է Թայվանի հայցը 2,2 մլրդ դոլարի զինտեխնիկա ձեռքբերելու մասին: Գործարքը նախատեսում է տանկերի, հրթիռային համակարգերի և հակատանկային հրթիռների մատակարարում: Չնայած նրան, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ այս ռազմատեխնիկան չի փոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, Չինաստանը նույնպես հայտարարեց ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր մտադրության մասին: Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից զինտեխնիկայի վաճառքը լուրջ վնաս է հասցնելու Չինաստանի անվտանգությանը և Չինաստանը համապատասխան պատժամիջոցներ է ձեռնարկելու ամերիկյան զենք վաճառող կազմակերպությունների դեմ (Reuters): Նշենք, որ 2007-2018թթ. ԱՄՆ-ն Թայվանին ավելի քան 25 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է վաճառել, այդ թվում՝  F-16V կործանիչներ, որոնք ամերիկյան 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ ամենամասսայական և պատերազմացված կործանիչներն են համարվում։ Խոսակցություններ են գնում նաև ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչներ Թայվանին վաճառելու մասին։ Միևնույն ժամանակ Չինաստանը նույնպես աչքի է ընկնում մեծաքանակ ռազմական կործանիչների իր արսենալով։ Այսինքն՝ ընդհանուր ռազմականացվածության աստիճանը և, իհարկե, երկկողմ հարաբերությունների այսպիսի ֆոնը նպաստավոր պայմաններ չի ստեղծում առկա խնդիրների հանգուցալուծման համար։

Պեկինին դուր չի եկել նաև Թայվանի նախագահի ոչ պաշտոնական այցը դեպի ԱՄՆ, որը դեմ է միասնական Չինաստանի քաղաքականությանը: Ավելին, ՉԺՀ առաջնորդ Սի Ծինպինը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Թայվանի փորձերը՝ ստանալ անկախություն կկասեցվի Չինաստանի կողմից ռազմական ճանապարհով։ Ավելին, Չինաստանը վերջին շրջանում ավելացրել է չինական ավիացիայի և նավատորմի զորավարժությունները Թայվանի շուրջ։ Ի պատասխան, ԱՄՆ-ն ավելացրել է Թայվանի նեղուցով իր ռազմանավերի մուտքն ու ելքը (Թայվանի նեղուցը ամենանեղ տարածքն է մայրցամաքային Չինաստանի և Թայվանի միջև)։ Չինաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ ռազմավարական նշանակություն ունեն Արևելաչինական և Հարավչինական ծովերը, որոնք վերջինիս թույլ են տալիս դուրս գալ Խաղաղ և Հնդկական օվկիանոս։ Միևնույն ժամանակ չմոռանանք, որ նույն Հարավչինական ծովը նա կիսում է Ճապոնիայի հետ, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը (Օկինավա կղզի, Ճապոնիա)։ Հարավչինական ծովին սահմանակից են Վիետնամը, Ֆիլիպպիննները, Մալայզիան, Ինդոնեզիան, Բրունեյն ու Թայլանդը՝ ԱՄՆ դաշնակից պետությունները։ Չինաստանն իր հերթին փորձում է ամրապնդել իր ներկայությունը Հարավչինական ծովում՝ ավելացնելով իր ռազմական ներկայությունն այնտեղ։ Ավելին, բացի նավատորմից ու ավիացիայից, ԱՄՆ զինվորականներ են ծառայում այս տարածաշրջանում։ Փոքր ու միջին հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն պատրաստվում է Օկինավայում տեղակայել նաև հիպերսոնիկ հռթիռներ, որոնք կթիրախավերեն օբյեկտը 1800 կմ հեռավորությունից (Օկինավայից Չինաստան 650 կմ է)։ Չմոռանանք նշել, որ նմանատիպ հրթիռներ ունի նաև Չինաստանը, ինչն էլ առիթներից մեկը հանդիսացավ ԱՄՆ -ին այս պայմանագրից դուրս գալու համար։

Հարավչինական ծովի կարևորությունը Չինաստանի համար կայանում է նաև նրանում, որ այստեղով են անցնում միջազգային ծովային կարևորագույն հաղորդակցությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից ածխաջրածնային ռեսուրսների, մասնավորապես նավթի ավելի քան 80%-ի տեղափոխումը դեպի տարածաշրջանի երկրներ, այդ թվում՝ Չինաստան և Ճապոնիա: Այստեղ հատուկ նշանակություն ունի Մալակայի նեղուցը, որը միացնում է Անդամանյան և Հարավչինական ծովերը, և որտեղով են անցնում մի քանի տասնյակին հասնող առևտրային նավեր և 20,000 նավթային տանկերներ տարեկան: Հարավչինական ծովը նաև խոշորագույն ձկնորսական տարածքներից մեկն է: Բնական է, որ Հարավչինական ծովն ունի ահռելի տնտեսական և ռազմավարական նշանակություն Չինաստանի համար և այն զուրկ չէ նաև տարածքային խնդիրներից ու վեճերից ափամերձ ու ոչ միայն երկրների համար: Չինաստանի համար Հարավչինական ծովի վերահսկողությունը էական նշանակություն ունի, ինչը թույլ կտա վերջինիս կյանքի կոչել իր ռազմաքաղաքական և աշխարհատնտեսական պլանները: Ավելին, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները առավել սրվեցին Հարավչինական ծովում զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ: Քաղաքական ասպարեզում Չինաստանն ավելի ու ավելի է աչքի ընկնում հակաամերիկյան հայտարարություններով, մասնավորապես ինչ վերաբերվում է իրանական հարցին, մասնավորապես միջուկային հարցով: Չմոռանանք, որ Չինաստանը Իրանի հետ միջուկային պայմանագիր ստորագրած պետություններից մեկն էր, ինչպես նաև այն երկիրն էր, ով Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելուց հետո և ի պատասխան ԱՄՆ կոչին և հայտարարությանը Իրանի հետ դադարեցնել առևտրային հարաբերությունները, շարունակեց իրանական նավթի ներմուծումն իր երկիր: Քաղաքական հակամարտության մեկ այլ թեմա էր Հոնկոնգում տեղի ունեցող բախումները, որի ժամանակ Թրամփը ուղղակիորեն մեղադրեց Չինաստանին Հոնկոնգի սահման զորքերի տեղաշարժ կազմակերպելու մեջ: Հիշեցնենք որ Հոնկոնգում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ սկսեցին այն բանից հետո, երբ որոշվեց փոփոխություններ անել էքստրադիցիայի մասին օրենքում, համաձայն որի այն ուժի մեջ մտնելուց հետո թույլ կտան Հոնկոնգից էքստրադիցիայի ենթարկեն մարդկանց նաև այն պետություններ, որոնց հետ Հոնկոնգը չունի էքստրադիցիայի մասին համաձայնագիր, այդ թվում՝ Թայվան, Մակաո և մայրցամաքային Չինաստան:

Հարավչինական ծովի ռազմավարական նշանակությունը և դրա շուրջ ստեղծված իրավիճակը

Հնդկական և Խաղաղ օվկիանոսների միջև կապող միջանցքի դեր կատարող Հարավչինական ծովը ունի ռազմավարական մեծ նշանակություն՝ համաշխարհային առևտրի 50%-ը և Ճապոնիայի, Թայվանի ու Հարավային Կորեայի համար նախատեսված նավթի 80%-ը անցնում է հենց այդ ծովով: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության (USGS)-ի տվյալներով, այդ տարածաշրջանում է կենտրոնացված 2.5 միլիոն տոննա նավթ: Չինաստանի համար Հարավչինական ծովի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկիրը Մալակայի, Լամբոքի և Սանդիի նեղուցներով է իրականացնում իր արտաքին առևտրի 60%-ը, ինչպես նաև այդ ծովով է անցնում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից Չինաստան առաքվող նավթի 80%-ը: Հարավչինական ծովն ունի նաև ձկնային մեծ պաշարներ: Աշխարհի 19 խոշոր ձկնային պաշարների թվում այդ տարածաշրջանը զբաղեցնում է 4-րդ տեղը և ապահովում է առափնյա երկրների բնակչության զբաղվածությունը: Պարասելյան արշիպելագի (կղզիների խումբ) և Սպրատլի կղզիների պատկանելիության շուրջ կան բավականին լուրջ տարաձայնություններ, որոնք ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն` աշխարհաքաղաքական համատեքստում է անհրաժեշտ դիտարկել: Բացի նրանից, որ Պարասելյան կղզիներում առկա են ածխաջրածնային մեծ պաշարներ, այն նաև կարևոր ռազմավարական նշանակությունի ունի իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, քանի որ վերջինս հանդիսանում է նաև բեռնափոխադրման ուղի, որը միացնում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսները:

Նույնը վերաբերվում է Սպրատլի կղզուն, որը լուրջ տնտեսական նշանակություն ունի, քանի որ այն ապահովում է աշխարհի ձկնաբուծության 10%-ը, կղզիները հարուստ են նավթի և գազի պաշարներով: Պարասելյան կղզիներին հավակնում են Չինաստանը, Թայվանը և Վիետնամը, իսկ Սփրաթլի արշիպելագին՝ Չինաստանը, Վիետնամը, Ֆիլիպինները, Բրունեյը և Մալազիան: Այս պահի դրությամբ Չինաստանը վերահսկում է Պարասելյան կղզիները և Սփրաթլի արշիպելագի վրա տեղակայել է 5-6 զինվորական կայազոր, Վիետնամը Սփրաթլի կղզիներում է տեղակայել 21 կայազոր, Ֆիլիպինները վերահսկում են Սփրաթլի արշիպելագի 8, Մալազիան՝ 3, Թայվանը՝ 1 կղզի: Այս երկրների միջև պարբերաբար վեճեր առաջանում են , որոնք երբեմն-երբեմն սրվում են, մասնավորապես Չինաստանի և Վիետնամի միջև: Չինաստանը հավակնություններ է ներկայացնում գրեթե ողջ Հարավչինական ծովի վրա` հինվելով 1947թ. մի քարտեզի վրա, ըստ որի՝ Հարավչինական ծովի 90%-ը  պատկանում է ՉԺՀ-ին: Մյուս երկրները, մասնավորապես Ֆիլիպինները չեն ընդունում այդ քարտեզը և կողմ են հարցի լուծմանը միջազգային իրավունքի, մասնավորապես 1982թ. Միջազգային ծովային իրավունքի սահմաններում, որտեղ նշվում է, որ ափից 200 մղոն (1 mile – 1,6 km, 200 m321,8 km) հեռավորությունը համարվում է ափամերձ պետության տնտեսական գոտին: Այս տրամաբանությամբ Ֆիլիպինները 2013թ. հայց ներկայացրեցին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, որը բավարարեց հայցը և չճանաչեց Չինաստանի կողմից ներկայացրած հիմնավորումները: Այս հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է. եթե Ֆիլիպինները փորձի միակողմանի հետախուզական աշխատանքներ իրականացնի այս կղզիներում, ապա կհանդիպի Չինաստանի ռազմական դիմակայմանը: Ավելին, պետք է նշել, որ Չինաստանն իր հերթին սկսել է Հարավչինական ծովում գտնվող վիճելի Սփրաթլի արշիպելագի շուրջ արհեստական կղզիների շինարարությունը, ինչը թույլ է տալիս Պեկինին ամբողջությամբ վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող Հարավ-չինական ծովն ու հաղորդակցության ուղիները: Այստեղ խնդրահարույց է այս կղզիների Չինաստանի կողմից ռազմականացման հարցը: Չինաստանը այս արհեստական ստեղծվող կղզիներում (риф) ռադարներ է տեղադրում, ռազմական ենթակառուցվածքներ, թռիչքուղիներ է կառուցում, անգամ ՀՕՊ համակարգեր տեղադրում, որոնք, իհարկե, չեն վրիպում ԱՄՆ ուշադրությունից: Բնականաբար Չինաստանի բացատրությունն այս ամենին այն է, որ այս ենթակառուցվածքներն ուղղված են ապահովելու ոչ ավելին, քան այնտեղ աշխատող անձնակազմի անվտանգությունը: Դեռևս 2012թ. Օբամայի վարչակազմը ընդունեց «Շրջադարձ դեպի Ասիա» հայեցակարգը, որը ենթադրում էր ԱՄՆ-ի  ռազմական ներկայության ամրապնդումը այս տարածաշրջանում: Վաշինգտոնին նաև անհանգստացնում է Չինաստանի առևտրատնտեսական հարաբերությունները ԱՄՆ ավանդական դաշնակիցներ համարվող երկրների հետ, մասնավորապես խոսքը գնում է Պակիստանի մասին, ով  «Գոտի և  ճանապարհ» նախագծի մաս է կազմում: Միայն այս նախագծի շրջանակներում Իսլամաբադին տրամադրվող աջակցությունը շատ անգամ գերազանցում է ԱՄՆ-ից ստացվող աջակցությանը: Ամփոփելով կարելի է նշել, որ Չինաստանը տարածաշրջանում մի կողմից օգտագործում է ռազմական գործոնը` ստեղծելով արհեստական կղզիներ` ռազմականացնելով դրանք և ավելացնելով իր ռազմական ներկայությունը, մյուս կողմից` դիմում է  «փափուկ ուժի»  քաղաքականությանը` տրամադրելով տնտեսական արտոնություններ մի շարք երկրներին, մեծածավալ ներդրումներ կատարելով իր իսկ կողմից նախաձեռնած մեգանախագծերում :

Օգտակար հղումներ

1.Մհեր Սահակյան- «Ո՞ւր է տանում Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի կառուցված ձևաչափը»

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13854

2.2021թ. դրությամբ աշխարհում ամենալայն դիվանագիտական ներկայացվածություն ունեցող երկիրը համարվում է Չինաստանը

https://globaldiplomacyindex.lowyinstitute.org/country_rank.html

3.Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկ

https://www.aiib.org/en/index.html

4.Զարգացման նոր բանկ

https://www.ndb.int/

5. Համաշխարհային բանկ

https://data.worldbank.org/country/china?view=chart

6. Արժույթի միջազգային հիմնադրամ

https://www.imf.org/en/Countries/CHN

7. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն

https://www.oecd.org/education/bycountry/chinapeoplesrepublicof/

8.Տարածաշրջանային համապարփակ տնտեսական համագործակցություն

https://rcepsec.org/

9. Հարավարևելյան Ասիայի  պետությունների ասոցիացիա

https://asean.org/

10. https://www.bloomberg.com/graphics/2020-south-china-sea-miscalculation/

Դասախոսություն 8. ՉԺՀ «գոտի և ճանապարհ» նախագծի աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում

«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» (կամ «Գոտի և ճանապարհ») նախագիծը առաջին անգամ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի կողմից ներկայացվել է 2013թ. սեպտեմբերին՝ Ղազախստանում՝ Նազարբաևի համալսարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ։ Ավելի ուշ, Ինդոնեզիայում, Չինաստանի առաջնորդը հայտարարեց, որ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի ծովային ճանապարհն ընդգրկելու է ASEAN-ի տարածաշրջանը և առաջարկեց ստեղծել Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկ (AIIB), որը պետք է ֆինանսավորեր ենթակառուցվածքային նախագծերը։

Պետք է նշել, որ այս նախագծով, ըստ էության, Չինաստանը հայտ է ներկայացնում դեպի համաշխարհային հեգեմոնիա։ Այս նախագծում են պարփակված ՉԺՀ արտաքին քաղաքականության գրեթե ողջ ներկապնակը։ Սա նաև ՉԺՀ առաջնորդի արտաքին քաղաքանության ֆլագմանն է, որի նպատակն է ՉԺՀ-ն դարձնել համաշխարհային տերություն։ Ավելին, կա մոտեցում, որ այս նախագծով ՉԺՀ-ն հայտ է ներկայացնում վերափոխելու ողջ Եվրասիական աշխարհամասի աշխարհաքաղաքական դասավորությունը։ Հետևաբար, սա նախևառաջ, քաղաքական նախաձեռնություն է՝ հիմնված տնտեսական հենքի վրա, որն, իր հերթին, նոր Չինաստանի քաղաքականության հենքը պետք է դառնա։ Սի Ծինպինը այս նախագծով հավակնում է նաև ՉԺՀ պատմության մեջ գրեթե նույն դերակատարությունը ունենալ կամ հավասարվել Մաո Ցզեդունին կամ Դեն Սյաոպինին, հանելով ՉԺՀ որակական նոր աստիճանի, այն է՝  ՉԺՀ-ն պետք է դառնա համաշխարհային առաջնորդ, ում հետ պետք է հաշվի նստեն բոլորը։ Այս մոտեցումը կտրականապես տարբերվում է այն քաղաքական կուրսից, որին համատարիմ էր  ՉԺՀ-ն վերջին տասնամյակների ընթացքում, հատկապես 1970-ականների վերջից ի վեր, երբ Դեն Սյաոպինը ձեռնամուխ եղավ իր այն բարեփոխումներին, որոնց նպատակն էր ապահովել ՉԺՀ խաղաղ համակցությունը միջազգային հանրության հետ, բարենպաստ և խաղաղ միջավայր ստեղծել հարևան պետությունների հետ՝ չներկայացնելով համաշխարհային առաջնորդ դառնալու հայտ։ «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում նախատեսվող նախագծերի արժեքն անցնում է մի քանի հարյուր միլիարդ, անգամ տրիլիոն դոլարը։ Եվ այս ներդրումների մեծ մասն անում է հենց ՉԺՀ-ն։ Այս նախաձեռնությունը ենթադրում է մի շարք առևտրային համաձայնագրերի ստորագրում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծում (երկաթուղիներ, ավտոմագիստրալներ, նավահանգիստներ, տերմինալներ և այլն)։

«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագիծը ենթադրում է երկու ուղղվածություն/գոտի՝

1.Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի։ Այն նախատեսում է 3 ուղղություն․ 

1․1․Հյուսիսային – ՉԺՀ-Կենտրոնական Ասիա-Ռուսաստան-Եվրոպա 

1․2․Կենտրոնական – ՉԺՀ-Կենտրոնական և Առաջավոր Ասիա-Պարսից ծոց Միջերկրական ծով 

1․3Հարավային – ՉԺՀ-Հարավարևելյան Ասիա-Արևելյան Ասիա –Հնդկական օվկիանոս

2.XXI դարի Ծովային մետաքսե ճանապարհ։ Այն նախատեսում է 2 ծովային ուղիների ստեղծում․ 

2․1 ՉԺՀ – ՀՉԾ – Հարավ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան 

2․2 ՉԺՀ – ՀՉԾ – Հնդկական օվկիանոս – Եվրոպա

Միջանցքները՝ https://east-asian-cultures.com/belt-and-road-initiative/

Այս նախաձեռնությանն են միացել այսօր աշխարհի շատ երկրներ՝ ողջ Ասիան, հետխորհրդային երկրները, Կենտրոնական և Արևելյան Եվրոպան, Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ, մասնավորապես Իտալիան, Շվեցարիան, Աֆրիկյան որոշ երկրներ, Օվկիանիան․ Արգենտինան և այլն, այսինքն կարելի է ասել, որ այն ներառում է Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոս, որտեղ կենտրոնացած են աշխարհի բնակչության կեսից և համաշխարհային ՀՆԱ-ի 40%-ից ավելին։ Չմոռանանք, որ այս ուղին իր մեջ ներառում է և Մերձավոր Արևելքը, որտեղից Չինաստանը ներմուծում է իր նավթի մեծ մասը, Հարավարևելյան Ասիան իր ողջ հումքով և սպառման շուկաներով և այլն։

Նպատակն է նաև միջազգային առևտրի և միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխումը, էներգետիկ անվտանգության ապահովումը և այլն։ Բնական է, որ այս նախաձեռնությանը չեն միացել ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցները՝ Ճապոնիան և Ավստրալիան:

Եվս մեկ հետաքրքիր հանգամանք․ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունն ունի այլ ոլորտներում համագործակցության բաղադրիչ՝ մշակութային, կրթական, ուսումնական և այլն։ Չինաստանն այսօր ահռելի ռեսուրսներ է ներդնում հումանիտար ոլորտի նախագծերի վրա, մասնավորապես, ֆինանսավորում է դպրոցական դասագրքերի հրատարակումը Ֆիլիպիններում, Մալայզիայում ստեղծում է համալսարան, մեծաթիվ գիտական գրանտներ է շնորհում Լեհաստանին։ Կոնֆուցիոսի ինստիտուտները (որոնք Բրիտանական խորհրդի կամ գերմանական Գյոթեի ինստիտուտների անալոգներն են) գործում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ ՉԺՀ-ն կազմակերպում է Չինաստանի օրեր, ֆինանսավորում է հետազոտական կենտրոններ և տարբեր ՀԿ-ներ (Ինդոնեզիայում, օրինակ), փառատոններ, ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ չինական առաջատար ԲՈՒՀ-երում սովորելու համար։ Չինաստանում վերապատրաստում են անցնում շատ ու շատ երկրների պետական ապարատի աշխատակիցներ, զինվորականներ և այլն (մասնավորապես Թայլանդից, Պակիստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից և այլն)։ Այսինքն, դիմելով «փափուկ ուժի» քաղաքականությանը, ՉԺՀ-ն այսօր աշխարհում փորձում է ստեղծել դրական կերպար։

Եվ, իհարկե, անհնար է չխոսել նաև այս նախագծի տնտեսական նշանակության մասին, որն, անշուշտ, աշխարհում չինական ազդեցության տարածման հիմնական գործիքն է շարունակում մնալ։ Տնտեսական բաղադրիչն այս նախագծում ունի առաջնային նշանակություն, քանի որ այս բոլոր նախագծերի մասշտաբը պահանջում է ֆինանսական հոսքերի ապահովում: Ակնհայտ է, որ միայն քաղաքական դիվիդենտները բավարար չեն և անգամ չինական աճող տնտեսությունը ի զորու չի լինի հաջողել այս ամենը։ Բացի դրանից, Չինաստանն այս նախագծով կկարողանա դիվերսիֆիկացնել իր շուկան, մասնավորապես էներգետիկ շուկան, պարենային շուկան և ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մասով կախված չի լինի ԱՄՆ-ից։ Այս համատեքստում կարելի է դիտարկել Չինաստան-ՌԴ, Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները, քանի որ այս ուղղությունն առավել անվտանգ է ՉԺՀ-ի տեսանկյունից։ «Գոտի և ճանապարհ» նախագծով ՉԺՀ-ն ցանկանում է ստեղծել այլընտրանքային առևտրային և ֆինանսական համակարգեր, որոնք կլինեն համաշխարհային համակարգի մաս, սակայն այլևս չեն ունենա այն կախվածությունը ԱՄՆ-ից, ինչ այսօր ունեն միջազգային ֆինանսական ինստիտուտները։

«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության վերլուծությունը տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Չինաստանի տարածաշրջանային շահերը և Հայաստանը

«Գոտի և ճանապարհ» նախագիծի շրջանակներում ՀՀ -ի համար առավել հետաքրքիր է տնտեսական գոտու երկրորդ` Կենտրոնական ուղղությունը` Կենտրոնական – ՉԺՀ- Կենտրոնական և Առաջավոր Ասիա-Պարսից ծոց-Միջերկրական ծով, որի հնարավոր տարբերակներից մեկը Չինաստանից Կենտրոնական Ասիայի որոշ երկրների տարածքով դեպի Իրան, այնուհետև Եվրոպական աշխարհամաս ուղղությունն է: Այս առումով Իրանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարևոր դերակատարում ունի: Այս ամենին գումարվում է նաև Չինաստան-Իրան հարաբերությունները: Իրանից դեպի Եվրոպա տարանցման մի քանի տարբերակ կարելի է նշել` 

1. Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա 

2. Իրան-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա 

3. Իրան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա 

4. Իրան-Թուրքիա-Եվրոպա

Ինչ վերաբերվում է Հայաստանի միջով Իրանից դեպի Վրաստան բեռնափոխադրումներին, ապա տեխնիկապես այսօր այն շատ իրատեսական չի թվում, քանի որ չկա գործող ճանապարհ և երկաթուղի: Հյուսիս-Հարավ մայրուղին դեռ կառուցվում է, ի դեպի կառուցվում է Երևանից դեպի հյուսիսային ուղղությամբ: Այն կառուցվում է բավականին երկար ժամանակ: Պետք է նաև նշել, որ Հյուսիս-Հարավի կառուցապատման աշխատանքներին մասնակցում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը: Մեկ այլ տարբերակ է երկաթուղային ճանապարհը, որի համար անհրաժեշտ է կառուցել Իրան-Հայաստան երկաթգիծ, որն այնուհետև կմիանա Հայաստան-Վրաստան գործող երկաթգծին: Չմոռանանք նաև, որ Հայաստանի երկաթուղային ցանցը տրված է  «Ռուսական երկաթուղիներ»  ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲԸ-ի կոնսեցիոն կառավարմանը: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տեսական տարբերակներից մեկը իրանական և չինական վարկերով այն կառուցելն է, որն ի դեպ հեշտ չէ տեխնիկապես` հաշվի առնելով մի քանի թունելների կառուցման անհրաժեշտությունն Հայաստանի հարավում, սակայն այստեղ նպատակահարմարության հարցը կարող է առաջանալ նույն չինական կողմի համար, քանի որ կա նաև այլընտրանքային մի քանի ուղի, մասնավորապես Ադրբեջանով, որի համար լրացուցիչ լոգիստիկա կառուցելու անհրաժեշտություն չկա: Այստեղ պետք է ճկուն լինել և կարողանանք ճիշտ բանակցել` ներկայացնելով մեր առավելությունները, մասնավորապես այն, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ ԵԱՏՄ-ն ունի Ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիր երեք տարով Իրանի հետ և ունի ազատ առևտրի գոտի Չինաստանի հետ: Ի դեպ, ՀՀ-ն ԵԱՏՄ միակ երկիրն է, ով Իրանի հետ ունի ընդհանուր ցամաքային սահման, ունի Մեղրիում Իրանի հետ ազատ տնտեսական գոտի: Միևնույն ժամանակ 2009թ.-ից ՀՀ-ն օգտվում է Եվրոմիության արտոնությունների ընդհանրացած GSP+ առևտրային համակարգից (Generalized System of Preferences), որը արտահանումը խթանելու համար շատ լավ միջոց է հանդիսանում՝ հնարավորություն տալով համակարգից օգտվող երկրներին տեղական ծագման շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Իսկ Չինաստանն իր հերթին ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր Վրաստանի հետ: Այսպիսով ՀՀ-ն կարող է ծառայել որպես կամուրջ Իրան-ԵԱՏՄ-ԵՄ, ինչպես նաև Չինաստան-Իրան-Եվրոպա հարաբերություններում:

Այս նախագծում մեզ մրցակից է Ադրբեջանը: Եվ առհասարակ, Իրան-ԱդրբեջանՎրաստան-Եվրոպա և Իրան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա միջանցքները բավականին առաջնային դիրքերում են գտնվում ի տարբերություն Հայաստանի միջով տարանցման հնարավորությունների: Գիտենք, որ 2017թ. շահագործվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Ավելին, Ադրբեջանն այսօր կապում է իր և ռուսական երկաթուղային ցանցը իրանական երկաթուղու հետ: Արդեն շահագործման է հանձնվել Իրանն Ադրբեջանին համանուն քաղաքները միացնող Աստարա-Աստարա երկաթգիծը, որն արդեն օգտագործվում է դեպի Եվրոպա բեռնափոխադրումներ կազմակերպելու նպատակով: Այս երկաթուղին կապում է նաև Բաքվի նավահանգիստը վրացական սևծովյան նավահանգիստների հետ: Այսինքն, զուտ ենթակառուցվածքների առումով Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը արդեն իսկ պատրաստ են «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մաս կազմել: Վերջին տարիներին իրանական կողմը կառուցել է և արդեն շահագործման է հանձնվել Ղազվին-Ռեշթ հատվածը: Երթուղու մյուս՝ Ռեշթ-Աստարա հատվածը կառուցվում է: Այն շահագործման կհանձնվի արդեն 2021թ: Վերջինիս կառուցման համար իրանական կողմն դիմեց Ադրբեջանին՝ վարկ ստանալու համար և Բաքուն Թեհրանին 500 մլն դոլարի չափով վարկ տրամադրեց:

Եվ ամենակարճ ճանապարհը Իրան-Թուրքիա-Եվրոպա ճանապարն է: Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթգիծ կա, սակայն այս ուղղության արդյունավետությունը պայմանավորված է ավելի շատ քաղաքական խնդիրներով, մասնավորապես անկայուն իրավիճակով Պակիստանում, չնայած այս մեգանախագծի շրջանակներում ՉԺՀ-ի աջակցությունը և ներդրումները Պակիստանին բավականին մեծ են: Այստեղ Թուրքիա-Իրան հարաբերությունների ոչ միանշանակ լինելն է: Ի դեպ, քաղաքական առումով նույնը կարելի է ասել նաև Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին, որը զուրկ չէ քաղաքական խնդիրներից:

Մուլտիմոդալ բեռնափոխադրումների տեսանկյունից դիտարկվում է Չինաստանից դեպի Ղազախստանի նավահանգիստներ, այնտեղից նավերով դեպի Բաքու, այնուհետև ԲԹԿ երկաթուղու միջոցով դեպի Եվրոպա ուղղությունը, այսինքն մեկ այլ հնարավորություն, որը կշրջանցի Հայատանը: Մեկ այլ հնարավոր տարբերակներից է ՉԺՀ, ՌԴ և Ղազախստանի երկաթուղիների միացումը ԲԹԿ-ին: Այս համատեքսոտւմ ուշագրավ է ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի 2019թ. մայիսին ստորագրած համագործակցության հուշագիրը, որով ՌԴ-ն միանում է ԲԹԿ-ին, ինչն, իհարկե, չի ողջունվում Վրաստանի կողմից:

Պետք է նշել, որ Ադրբեջանը բավականին առաջընթաց է գրանցել Չինաստանի հետ իր հարաբերություններում: Ադրբեջանն իրեն համարում է այս նախագծի հիմնական գործընկեր տարածաշրջանում: Դեռևս 2016թ. դարձավ Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկի անդամ և 600 մլն դոլար վարկ ստացավ Հարավային գազային միջանցքի կառուցման համար (Shah Deniz-ից Եվրոպա, BTETANAP-TAP): Բաքուն զարգացնում է իր կասպյան նավատորմը: Բաքվի նոր նավահանգիստը, որն տարածաշրջանում խոշորագույն է, շահագործման է հանձնվել 2018թ. և կարևորում է վերջինիս կապը վրացական սևծովյան նավահանգիստների հետ: Ակտիվորեն զարգանում են Չինաստան-Ադրբեջան առևտրատնտեսական հարաբերությունները: 

Նույնը վերաբերվում է Վրաստանին: Վրաստանն առաջին երկիրն էր տարածաշրջանում, ում հետ Չինաստանը 2017թ. ստորագրեց ազատ առևտրի մասին համաձայնագիր: Ավելին, Վրաստանը ստորագրել է ազատ առևտրի մասին համաձայնագիր նաև Հոնկոնգի հետ: Չինաստանը Վրաստանի ամենախոշոր օտարերկրյա ներդրողներից է: Վրաստանը գրավիչ է նաև Չինաստանի համար, քանի որ այն ԵՄ-ի հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիր: Ավելին, պետք է նշել, որ չինական ընկերությանն է պատկանում նաև Քութայիսիի ազատ արդյունաբերական գոտին: Մեկ այլ չինական ընկերության է պատկանում Փոթիի ազատ արդյունաբերական գոտու 75%-ը: Վրաստանը նույնպես, ինչպես և Ադրբեջանը ինտենսիվ կերպով զարկ է տվել իր ծովային և ցամաքային ենթակառուցվածքների զարգացմանը:

Այսինքն, այս ողջ կառուցվող և կառուցված ցանցում ՀՀ-ի համար գրեթե ռազմավարական նշանակության հարց է դառնում մեր մասնակցությունը չինական նախաձեռնությանը, և այս առումով, չինական ուղղությունն այսօր գերակա ուղղություններից մեկը պետք է հանդիսանա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում:

Չինաստանի դերը գլոբալ քաղաքական և անվտանգային օրակարգում  

Չինաստանի դերն այսօր գլոբալ քաղաքական և անվտանգային օրակարգում առանցքային նշանակություն ունի։ ՉԺՀ-ն հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, G-20, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի անդամ։ Սրանք այն կազմակերպություններն են, որտեղ ՉԺՀ-ն առաջադար դիրք է գրավում։ Վերջին տարիներին բացի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, ավելացել է Չինաստանի դերակատարությունը մի շարք միջազգային գործընթացներում, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի, Հյուսիսային Կորեայի հարցերում, ԱՄՆ-Իրան հարաբերություններում, Սիրիական հարցում, Իսրայել-Պաղեստին հարաբերություններում։ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումների հարցում Չինաստանի դիրքորոշումը հստակ է՝ ՉԺՀ-ն չի աջակցում Հյուսիսային Կորեային իր այդ փորձարկումներում և մի շարք անգամներ կողմ է քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների օգտին։ Միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեան Չինաստանի առևտրային գործընկերներից մեկն է համարվում և ՉԺՀ պատժամիջոցների մեղման կողմակից է։ 2019 թ. հունիսին Սի Ծինպինի այցը տեղի ունեցավ ՀԿԺՀ, որտեղ նա հանդիպեց Կին Չեն Ընի հետ։

Չինաստանն ակտիվ է նաև Սիրիական հարցում։ ՉԺՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել նախագահ Ասադին աջակցել վերջինիս Սիրիայի վերականգման հարցում և գործուն քայլեր է անում այս ուղղությամբ։ Ավելին, ՉԺՀ հետաքրքրությունները Սիրիայում պայմանավորված են նաև տնտեսական շահերով։ Չինաստանի պետական նավթային ընկերությունը (CNPC) արդեն իսկ զգալի ներդրումներ է կատարել սիրիական General Petroleum Corporation (GPC) և Al Furat Petroleum ընկերություններում։ Financial Times –ի տվյալներով ՉԺՀ-ն 2 մլրդ դոլար է հատկացրել Սիրիայում ներդրումներ կատարելու համար՝ հիմնականում ենթակառուցվածքերի ոլորտում, որտեղ, ինչպես և գրեթե ամենուր, աշխատելու են չինական ընկերությունները։ Չինաստանը Սիրիայում ձեռնամուխ է եղել նաև մի շարք սոցիալական ծրագրերի իրականացմանը, մասնավորապես բնակելի տներին էլեկտրական տրանսֆորմատորներով մատակարերելը, ինչպես նաև օգնում է Սիրիայի բաստկետբոլի հավաքականին մարզվել Պեկինում։ Պետք է նշել, որ ՉԺՀ-ն բավականին ակտիվ էր Սիրիական տնտեսության մեջ մինչ սիրիական ճգնաժամը՝ 2011թ․: ՉԺՀ-ն մեկ անգամ չէ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ-ի  հետ միասին դեմ է քվերակել Սիրիայի դեմ պատժամիջոցներին։

Չինաստանն իր հստակ դիրքորոշումն ունի նաև պաղեստինա-իսրայելական հարցում։ Պաշտոնական Պեկինի դիրքորոշումն այն է, որ պետք է ստեղծվի Պաղեստին պետություն մինչ 1967թ. պատերազմի հետևանքով սահմանված տարածքներում, որի մասին Սի Ծինպինը շատ հստակ արտահայտվեց Մերձավոր Արևելք կատարած իր այցի ժամանակ 2016թ․ և խոստացավ ֆինանսական աջակցություն ցուցաբերել նաև Պաղեստինին։

Շատ արագ են զարգանում ռուս-չինական հարաբերությունները, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական։ Միջազգային հարաբերություններում ՌԴ-ն համարվում է Չինաստանի դաշնակից պետությունը։ Եթե մի կողմ թողնենք երկկողմ տնտեսական հարաբերություններն ու համատեղ ծրագրերը, ապա քաղաքական և անվտանգության ասպարեզում այս համագործակցությունը շատ հեռանկարային է և այն արտահատվում է ՄԱԿ-ի ԱԽ երկու պետությունների համագործակցությամբ։ Այսպիսով, կարելի է փաստել, որ Չինաստանը այսօր իրապես դառնում է կամ դարձել է բազմաբևեռ բևեռներից և այլևս անհնար է հաշվի չառնել չինական գործոնը ժամանակակից աշխարհում։ Թեև ՉԺՀ-ն շատերի համար դեռևս մնում է քիչ բացահայտված երկիր, այնուամենայնիվ, չինական գործոնը առաջիկա տարիներին աճ գրանցելու միտում ունի և այս ֆոնին չափազանց կարևոր է հայ-չինական հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները:

Չինաստան-Իրան հարաբերությունների վերլուծությունը միջազգային անվտանգության և զարգացման համատեքստում 

Մերձավոր Արևելքում Չինաստանի դաշնակից է համարվում Իրանը։ Իրանը կարևոր նշանակությունի ունի ՉԺՀ-ի համար նախ «Գոտի և ճանապարհ» նախագծի իրականացման համար։ Ավելին, ՉԺՀ-ն իրանական նավթի հիմնական ներմուծող պետություններից մեկն է և իրանական նավթի արտահանման առյուծի բաժինը գնում է դեպի Չինաստան։ Պետք է նշել, որ Չինաստանը չտրվեց նաև ԱՄՆ հորդորներին և պատժամիջոցներին և չդադարեցրեց իրանական նավթի ներմուծումը, այսպիսով իր հստակ դիրքորոշումը ցույց տալով ԱՄՆ քաղաքականությանն իրանական հարցում։ Ավելին, ԱՄՆ-ի կողմից չինական ընկերություններ վրա պատժամիջոցներ սահմանելու հետո էլ Չինաստանը չդադարեցրեց նավթի ներմուծումը Իրանից։ Ավելին, Չինաստանը Իրանի հետ միջուկային պայմանագիր ստորագրած վեցյակի անդամ է և կողմ է այդ պայմանագրի իրականացմանը։ Մեկ անգամ չէ, որ իրանական կողմը նշել է Չինաստանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին:

Այդ ռազմավարական հարաբերությունների վառ ապացույց հանդիսացավ 2020թ. հուլիսին ստորագրված Իրան-Չինաստան 25-ամյա համապարփակ համաձայնագիրը, որն ընդգրկում է համագործակցության մի շարք ոլորտներ` քաղաքականություն, տնտեսություն, էներգետիկա, անվտանգության և պաշտպանական ոլորտներում համագործակցություն, տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացում, առողջապահություն, կրթություն և այլն: Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն նաև ռազմական ոլորտում, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության համատեղ զարգացում, հետախուզության ոլորտում համագործակցություն, համատեղ ռազմական զորավարժությունների անցկացում: Չինաստանը պատրաստվում է Իրանում կատարել 400 մլրդ դոլարի ներդրումներ մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, մասնավորապես էներգետիկ ենթակառուցվածքների, տեղեկատվական ցանցերի և համակարգերի զարգացման, 5-րդ սերնդի ինտերնետի կապ ներդրման, խաղաղ նպատակներով միջուկային արդյունաբերության զարգացման, վերականգնողական էներգիայի և այլ ոլորտներում: ՉԺՀ-ԻԻՀ համագործակցության կարևորագույն ոլորտներից է ֆինանսական ոլորտում հարաբերությունների զարգացումը: Խոսքը գնում է առաջին հերթին երկկողմ առևտրում ազգային արժույթների գործածման, բանկային և ապահովագրական ոլորտներում համագործակցության, մասնավորապես երկու պետությունների միջև SWIFT-ի փոխարեն ֆինանսական փոխանցման գործիք ստեղծելու մասին: Փաստորեն ստացվում է, որ Իրանն ու Չինաստանը քայլ են կատարում հրաժարվել դոլարից, որպես ֆինանսական և առևտրային արտարժույթից: Ռազմավարական նշանակություն ունի համագործակցությունը էներգետիկ ոլորտում` հաշվի առնելով Իրանի ածխաջրածնային մեծ պաշարները, չինական շուկան և սպառումը, ինչպես նաև Չինաստանի շուրջ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող քայլերը և հետագայում նավթային էմբարգոյի սահմանման հնարավոր տարբերակը: Իրան-Չինաստան 25-ամյա համապարփակ համաձայնագիրն առանձնահատուկ նշանակություն ունի «Գոտի և ճանապարհ» նախագծի» իրականացման համատեսքտում: Փաստացիորեն այս համաձայնագրով Իրանը դառնում է չինական մեգանախագծի համար տարածաշրջանային հանգույց, քանի որ նախատեսվում է կառուցել մի շարք արագընթաց երկաթուղիներ, մայրուղիներ, թունելներ օդանավակայաններ և ծովային միացումներ: Այստեղ հատուկ պետք է նշել, որ երկաթուղային համակարգի նախագիծը, որը միացնելու է երկաթուղու արևելյան և արևմտյան ցանցը, ինչպես նաև Մակրանի ծովափնյա շրջանի զարգացումը Օմանի ծոցում, որը Իրանին ելք է ապահովում դեպի Հնդկական օվկիանոս:

Եվս մեկ շատ կարևոր հանգամանք. այս համաձայնագիրը հնարավորություն կտա Չինաստանին վերջնականապես ապահովել իր լիիրավ ներկայությունը Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Չինաստանն արդեն իսկ կառուցել է լոգիստիկ կայաններ դեպի Հնդկական օվկիանոս մուտք ապահովելու համար Սուեզի ջրանցքի և Ջիբութիի շրջաններում: Իրանում այսպիսի ներկայությունը թույլ կտա չինական կողմին նաև ելք ապահովել Պարսից ծոցում, մասնավորապես Զասկ նավահանգստում, որը գտնվում է ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մոտակայքում: Ինչպես գիտենք, համաշխարհային նավթի տարանցման առյուծի բաժինն անցնում է հենց Հորմուզի նեղուցով: Այսինքն ավելանում է չինական ներկայությունը այս տարածաշրջանում, մասնավորապես Ծոցի երկրներում, որն ավանդաբար համարվել է ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի կիզակետ: Չմոռանանք, որ ամերիկյան 5-րդ նավատորմի կենտրոնակայանը տեղակայված է Բահրեյնում:

Իրան-Չինաստան համաձայնագիրն, ինչպես և ակնկալվում էր, միանշանակ չընդունվեց Արևմուտքի կողմից: Արևմտյան մամուլի մեկնաբանությունները հիմնականում ուղղված էին նրան, որ այս համաձայնագիրն Իրանին մեծ կախման մեջ է դնում Չինաստանից և սահմանափակում է Իրանի ինքնիշխանությունը: Իրան-Չինաստան համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության համատեքստում: Փոփոխվող գլոբալ աշխարհակարգում, երբ օրեցօր ավելանում է չինական գործոնի նշանակությունը տարբեր ոլորտներում, և հաշվի առնելով Իրանի հետ միասնական սահմանի առկայությունը, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունները, անհրաժեշտ է անհապաղ և կշռադատված քայլեր ձեռնարկել և մաս կազմել չինական նախաձեռնությունների իրականացմանը, այնքանով, որքանով այն համապատասխանում է ՀՀ անվտանգային և արտաքին քաղաքական շահերին, օգտագործելով նաև ԵԱՏՄ անդամակցության փաստը և Իրան-Չինաստան-ԵԱՏՄ համագործակցությունն ու դրա հեռանկարները, այդ թվում՝ նաև Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը:

Ավելին, ինչպես գիտենք, 2016 թվականից ի վեր քննարկումներ են ընթանում  «Պարսից ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցք ստեղծելու հնարավորության մասին, որը կմիացնի Իրանը Եվրոպական մայրցամաքի հետ` Իրան-Հայաստան-Վրաստան այնուհետև ծովային ճանապարհով Հունաստանի և Բուլղարիայի հետ: Այս նախագծի հետագա իրականացման համատեքստում մեծ դեր կարող է ունենալ Իրան-Չինաստան երկարաժամկետ համաձայնագիրը, մասնավորապես այն իմաստով, որ հնարավորություն է ստեղծվում  «Պարսից ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքը դարձնել «Գոտի և ճանապարհ» նախագծի մաս: Սակայն այն իրականացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ավարտին հասցնել ՀյուսիսՀարավ մայրուղու կառուցումը, որը պետք է ավարտվեր 2019թ. և որի 10%  է կառուցված: Ավարտված մասը ներառում է Երևան-Աշտարակ հատվածը, իսկ Երևան-Գյումրի հատվածը ըստ պլանի 2021 թվականին է ավարտվելու: 

Օգտակար հղումներ

1.Մհեր Սահակյան- «Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհը նախաձեռնությունը և Հայաստանը»

https://www.researchgate.net/publication/337032729_Cinastani_Mek_goti_mek_canaparh_naxajernutyun_ev_Hayastan

2.http://www.diplomat.am/publ/crizis_diplo/chinastani_dirqoroshowmn_arabakan_garnan_nkatmamb/96-1-0-402

3.http://ysu.am/files/collection_of_scientific_articles_of_ysu_sss_1.3(26)_pages_299-306.pdf

4.http://www.diplomat.am/publ/an/divanagitakan_dproc/papuk_uj/102-1-0-443

Դասախոսություն 9. Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վերլուծությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համատեքստում

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները իրավամբ կարելի է համակարգային համարել միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման տեսանկյունից։ Ռուս-ամերիկյան հարաբերությունները գրեթե երբեք հարթ չեն եղել, սակայն վերջին շրջանում դրանք առավել սրվեցին 2014 թվականից հետո, ինչը մեծապես պայմանավորված էր Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ընթացող գործընթացներով, ինչպես նաև Ղրիմը ՌԴ-ին միանալու հանգամանքով։ Այս իրադարձություններին հաջորդեցին Ռուասատանի հանդեպ սահմանված բավականին լայն պատժամիջոցների կիրառում։ Անգամ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո, ինչպես նախապես ակնկալվում էր հանրապետականների իշխանության գալու պարագայում, ՌԴ-ի հետ հարաբերությունները չբարելավվեցին։ Ավելին, պատժամիջոցներն ավելացան, երկարաձգվեցին, առաջացան տարաձայնություններ մի շարք այլ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում, որոնք վերաբերվում են, նախևառաջ, սպառազինությունների վերահսկմանը։

Ռուսաստանի Դաշնությունը ԱՄՆ ռազմավարական փաստաթղթերում

Հարկ է նշել, որ 2017-2018թթ. ընթացքում ԱՄՆ-ի կողմից ընդունված բոլոր երեք ռազմավարական փաստաթղթերում, մասնավորապես Ազգային անվտանգության ռազմավարությունում, Ազգային պաշտպանության ռազմավարությունում և Միջուկային զսպման քաղաքականության ռազմավարությունում, որին հաճախ անվանում են ԱՄՆ միջուկային դոկտրին, նշվում է, որ ԱՄՆ հիմնական սպառնալիքն այլևս մեծ տերությունների միջև մրցակցությունն է, այլ ոչ թե ահաբեկչությունը, ինչպես նշվում էր նախկինում։ Խոսքը գնում է, մասնավորապես, ՌԴ-ի և ՉԺՀ-ի մասին։ Այս իմաստով կարելի է արձանագրել, որ տեղի է ունեցել ԱՄՆ քաղաքականության և մոտեցումների որոշակի վերաձևակերպում։ Նույն ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունում ԱՄՆ հիմնական խնդիրների շարքին են դասվում ռուսական դիվերսիոն գործողություններն ու ագրեսիան, սպառնալիքները Հյուսիսային Կորեայից և Իրանից։ Չնայած ռազմավարությունում նշվում է, որ ամերիկյան հակաօդային պաշտպանական համակարգերն ուղղված են Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ, և այս համակարգերի տեղակայումը ուղղված չէ ՌԴ-ին և Չինաստանին, այնուհանդերձ, ԱՄՆ-ն շարունակում է ՀՕՊ համակարգեր տեղադրել ՌԴ-ի և ՉԺՀ-ի անմիջական հարևանությամբ, մասնավորապես Ռումինիայում, Լեհաստանում, Միջերկրական ծովում, ինչպես նաև Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Խաղաղ օվկիանոսում։ Ավելին, բալիստիկ և թևավոր հրթիռների համար հատկացվող բյուջետավորումը նույնպես ավելացել է։ Նշվում է, որ ԱՄՆ-ի համար հակառակորդների զսպման հիմնական գործիքը միջուկային զենքն է, որը ԱՄՆ-ի համար ծառայում է որպես խաղաղության և կայունության պահպանման հիմք ։ 2018թ․ հունվարին հրապարակվեց ԱՄՆ պաշտպանության ռազմավարությունը , որտեղ ԱՄՆ անվտանգության հիմնական սպառնալիքների շարքին դասվում են 4 պետություններ, մասնավերապես Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների կողմից ձեռնարկվող և իրականացվող գործողությունները։ ՌԴ-ն մասնավորապես մեղադրվում է այլ պետությունների սահմանների խախտման, ՆԱՏՕ-ն մասնատելու փորձերի, Մերձավոր Արևելքում անվտանգային և տնտեսական համակարգերն ի շահ իրեն ծառայեցնելու, Վրաստանում, Ղրիմում և Ուկրաինայի արևելքում ժողովրդավարական գործընթացները վարկաբեկելու մեջ։ Իրավիճակն առավել ահագնացող է դառնում հատկապես երբ այս ամենն ուղեկցվում է, ինչպես նշվում է ռազմավարության մեջ, ՌԴ միջուկային զինանոցի արդիականացմամբ և ընդլայնմամբ։

Ռուսաստանը լայնորեն արծարծվում է նաև ԱՄՆ Միջուկային ռազմավարությունում (Nuclear Posture Review) , որտեղ հստակ նշվում է, որ ԱՄՆ-ն իր մրցակից պետություն է համարում ՌԴ-ին և ՉԺՀ-ին։ Նշվում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է արդիականացնել իր միջուկային արսենալը՝ ստրատեգիական ավիացիան, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները և միջուկային սուզանավերը։ Սրան ի պատասխան, ՌԴ-ն հանդես եկավ իր միջուկային զինանոցն արդիականացնելու և նոր զինատեսակներ արտադրելու մասին հայտարարությամբ։ Հետաքրքիր է նաև 2019թ. Պենտագոնի և ԱՄՆ-ի առաջատար վերլուծաբանների կողմից պատրաստած «Ռուսաստանի ռազմավարական մտադրությունները» անվանումը ստացած ուսումնասիրությունը (Russian Strategic Intensions) , որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ի  համար ՌԴ-ն վտանգ է ներկայացնում ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական և գաղափարական ոլորտում։ Հետաքրքիր է նաև ԱՄՆ-ի նոր հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին ռազմավարությունը (US Missile Defense Review) , որտեղ ՌԴ-ի գործողությունները դիտարկվում են նորից որպես սպառնալիք։ Նշվում է նաև ԱՄՆ հակառակորդ և մրցակից պետությունների՝ մասնավորապես Չինաստանի, Իրանի և ՀԿԺՀ հետ ՌԴ-ի հարաբերությունները ՀՕՊ ոլորտում։

ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները որպես միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման համակարգի հենք

Առհասարակ պետք է նշել, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների հետևանքը նախևառաջ ահագնացող չափերի հասնող ռազմականացումն է։ Այն ավելի է սրվում Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, ով մեղադրում է Ռուասատանին այն խախտելու մեջ։ Պետք է նշել, որ դեռևս 1987թ. Գորբաչովի և Ռեյգանի միջև ստորագրված և 1988թ. ուժի մեջ մտած պայմանագիրը համարվել է միջազգային կայունությունն ապահովելու և միջուկային առճակատումը կանխելու հիմքերից մեկը: Ըստ այդ պայմանագրի՝ կողմերը պարտավորվել են ոչնչացնել, հետագայում չստեղծել և չփորձարկել ցամաքային տեղակայման միջին (1000-5000 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության բոլոր միջմայրացամաքային բալիստիկ և թևավոր հրթիռները։

Այստեղ խնդիրը ոչ միայն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն են այս պայմանագիրը խախտելու համար, այլ նաև այն, որ վերջին տարիներին Չինաստանը արդեն իսկ ստեղծել է նմանատիպ հրթիռներ։ Գաղտնիք չէ, որ բացի Չինաստանից միջին և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ այսօր իրենց զինանոցում ունեն նաև Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան, Իրանն ու Իսրայելը: Այս համատեքստում պետք է նշել, որ անգամ ԱՄՆ-ի այս համաձայնագրից դուրս չգալու պարագայում Գորբաչով-Ռեյգան համաձայնագիրը նոր ձևավորված իրողությունների համատեքստում վերանայման կարիք ուներ։ Միջազգային խաղաղության և անվտանգային համակարգի անբաժան մաս է նաև ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև 2010թ. ստորագրված և 2011թ. ուժի մեջ մտած Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակումների վերաբերյալ համաձայնագիրը (СНВ-III կամ New START)։ Պայմանագիրը կնքվել է 10 տարի ժամկետով, որը կողմերի միջև համաձայնության դեպքում կարող է երկարաձգվել ևս 5 տարով։ Համաձայնագրով նախատեսվում է միջուկային մարտագլխիկների կրճատում՝ մինչև 1550 միավոր, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի և ծանր ռմբակոծիչների կրճատում՝ մինչև 700 միավոր: Այն երկարացնելու իր համաձայնության մասին ՌԴ-ն հայտնել է և համապատասխան գրություններ է ուղարկել: ԱՄՆ-ից դեռ հստակ արձագանք չկա, չնայած այս թեմայով Սենատում քննարկումներ ընթանում էին։ Փաստորեն, թե՛ Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրի, և թե՛ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակումների վերաբերյալ համաձայնագրի չեղյալ հայտարարելը մեծ հարցականի տակ կարող է դնել միջուկային զենքի չտարածման ուղղությամբ իրականացված ողջ ջանքերը և պարարտ հող ստեղծել նրա հետագա տարածման համար։

Ուկրաինական իրադարձությունները որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պատճառ

Չնայած ռուս-ամերիկյան հարաբերությունները ավելի հաճախ մրցակցային, այլ ոչ դաշնակցային բնույթ են կրել, այնումանայնիվ, վերջին շրջանի լարվածության պատճառը հանդիսացան Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները, ինչը միանգամայն հասկանալի էր՝ հաշվի առնելով ՌԴ-ի դերն ու նկրտումները հետխորհրդային երկրների հանդեպ, ինչպես նաև Ուկրաինայի աշխարհագրական դիրքն ու ռազմավարական նշանակությունը ՌԴ-ի համար թե՛ հաղորդակցության ուղիների, և թե՛ ռուսական սևծովյան նավատորմի տեղակայման իմաստով։ Ուկրաինական իրադարձությունները և հաստապես Ղրիմի միացումը ՌԴ-ին ՌԴի նկատմամբ կիրառվող մեծածավալ պատժամիջոցների առիթ հանդիսացան։ Սրանով դրվեց Ռուսաստանի միջազգային շրջափակման սկիզբը․ ուժի մեջ մտան ՌԴ պաշտոնյաների և Կրեմլին ավելի մոտ գտնվող անձանց, ֆինանսական ինստիտուտների, բանկերի, կազմակերպությունների նկատմամբ վիզային, ֆինանսական և այլ պատժամիջոցների կիրառում։ 2014թ.ԱՄՆ վարչակարգը ի պատասխան Ղրիմի միացմանը ՌԴ-ին ընդունեց «Զսպման եվրոպական նախաձեռնություն» (European Deterrence Initiative) անվանումը ստացած մի փաստաթուղթ՝ ռազմավարություն, որի նպատակն էր ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը Եվրոպական մայրցամաքում։ Հարկ է նշել, որ չնայած այս քաղաքականությունը որդեգրվել է դեռևս ԱՄՆ նախկին վարչակարգի կողմից, այն ավելի ինտենսիվորեն շարունակվեց ներկա ադմինիստրացիայի կողմից, ով այս նախաձեռնությանը հատկացվող բյուջետային ծախսերն ավելացրեց ավելի քան 40%-ով:

Ռուս-ամերիկյան իրավիճակն լարվածության գերագույն աստիճանին հասավ հատկապես այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն որոշեց 2015թ․ Արևելյան Եվրոպայում տեղակայել զինտեխնիկա՝ տանկեր և այլ ծանր հրետանի։ Ավելին, ՆԱՏՕ-ի ակտիվությունը տարածաշրջանում Ռուսաստանի կողմից դիտարկվում է իր անվտանգությանն ուղղված սպառնալիք։ Արևելյան Եվրոպայի, Ուկրաինայի, Վրաստանի տարածքում պարբերաբար տեղի են ունենում զորավարժություններ։ Վերջին շրջանում ավելացել է նաև Բալթիկ և Սև ծովերի վրայով թռչող ինքնաթիռների քանակը, որոնք երբեմն-երբեմն մոտենում են ՌԴ-ի սահմաններին։ Ղրիմի հարցում ԱՄՆ դիրքորոշումը հստակ ձևակերպված է Պետ․դեպարտամենտի կողմից մշակված «Ղրիմյան հռչակագրում», որտեղ ԱՄՆ-ն, հղում կատարելով նախկինում ընդունված Ուելսի դեկլարացիային (համաձայն որի ԱՄՆ հրաժարվել էին պաշտոնապես ճանաչել Մերձբալթյան երկրները որպես ԽՍՀՄ մաս), նշվում է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Ղրիմը որպես ՌԴ-ի մաս և կոչ է անում Ռուսաստանին հարգել միջազգային իրավունքը և վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այս իմաստով ՌԴ «ռազմական ագրեսիան» զսպելու նպատակով, ինչպես դեռ 2015թ. նշել էր Պենտագոնի ղեկավարը՝  Էշթոն Կարտերը, Միացյալ Նահանգները պետք է արդիականացնեն իրենց միջուկային արսենալը և ստրատեգիական զինատեսակները՝ անօդաչու ավիացիան, ռմբակոծիչները, լազերային զինատեսակները, ստեղծեն նոր զինատեսակներ։ Նույն 2015թ. ուկրաինական իրադարձություններով պայմանավորված ԱՄՆ-ի կողմից դադարեցվեցին ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՌԴ և ԱՄՆ հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը։

Ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերը

Ռուս-ամերիկյան հարաբերությունների ևս մեկ խնդրահարույց հարց է ԱՄՆ ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտությունը։ Այստեղ հարկ է նշել, որ նախագահ Թրամփի հաղթանակը 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում որոշ հույսեր արթնացրեցին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու տեսանկյունից։ Սակայն նախագահական ընտրություններից օրեր անց ռուսական հատուկ ծառայությունների հասցեին մեղադրանքների տարափ սկսվեց վերջիններիս կողմից ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքի և դրանց վերջնական արդյունքի վրա ունեցած ազդեցության համար։ Ռուսական կողմը մեղադրվում էր Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերների վրա կիբերհարձակում կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով ԱՄՆ հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ։ Սա պարզելու համար ԱՄՆ-ն սկսվեց լայնածավալ հետաքննություն իրականացնել Ռուսաստանի իշխանությունների հետ Դոնալդ Թրամփի թիմի հնարավոր դավադրության վերաբերյալ՝ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գլխավորությամբ։ Այն շարունակվեց երկու տարի և ավարտվեց Թրամփի ընդդիմախոսների պարտությամբ՝ պայմանավորված ապացույցների բացակայությամբ։

Կիբերանվտանգության դերը իրականում ռուս-ամերիկյան հարաբերություններում լայն արձագանք ստացավ։ Չնայած ՌԴ-ի կողմից ամերիկյան ընտրություններին հնարավոր մասնակցության վերաբերյալ հիմնավոր ապացույցների բացակայությանը, կիբերհարձակումները, կիբերսպառնալիքները բավականին լայն արծարծում են ստացել ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Ավելին, 2018թ. Կանադայում տեղի ունեցած G7-ի գագաթնաժողովի ժամանակ որոշում ընդունվեց «Արագ արձագանքման մեխանիզմների» համատեղ համակարգ ներդնելու մասին, որը կօգնի անդամ-պետություններին ձեռնարկել համակարգված միջոցներ ընտրությունների ժամանակ արտաքին միջամտության իրականացման և ինֆորմացիոն մանիպուլյացիաների դեպքերում։ Իսկ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովին որոշվեց ստեղծել և ստեծվեց Կիբերգործողությունների ղեկավարման կենտրոն։ Ակնհայտ է, որ երկու նշված դեպքերում էլ այն ուղղված է լինելու ՌԴ-ի դեմ։ Ռուսաստանի դեմ ձեռնարկող պատժամիջոցները բազմաթիվ են և բազմազան։ Այն նաև ներամերիկյան քաղաքական խնդրի վերածվեցին, ինչն էլ հիմք հանդիսացավ 2017թ․ ԱՄՆ կողմից համապատասխան օրենքի ընդունման համար, որտեղ նոր պատժամիջոցների սահմանման հետ մեկտեղ կար մի դրույթ, որը զրկում էր ԱՄՆ նախագահին առանց Կոնգրեսի համաձայնության չեղարկել սահմանված պատժամիջոցները։ Կարճ ժամանակ անց, համաձայն վերանշված օրենքի հրապարակվեց հայտնի «Կրեմլյան զեկույցը», որում ներառված են Կրեմլին մոտ կանգնած 210 անձինք, որոնց նկատմամբ սահմանվում էին մի շարք պատժամիջոցներ։

Ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերը պայմանավորված են երկու պետությունների արտաքին քաղաքական հակադիր բևեռներում գտնվելու հանգամանքով։ Խոսքը գնում է սիրիական հակամարտությանը, Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, Վենեսուելայում ներքաղաքական խնդիրներին։ Բավականին լայն արձագանք ստացավ Ս․Սկրիպալի գործը, որին հետևեցին մի շարք պատժամիջոցներ, դիվանագետների հայելային արտաքսումը, դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունների դադարացում, և այլն։

Ռուս-ամերիկյան հարաբերությունների հետևանքները ՀՀ ազգային անվտանգության վրա

Ռուս-ամերիկյան հակամարտությունն ուղղակի ազդեցություն ունի ՀՀ անվտանգային միջավայրի վրա, ինչը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական և հայ-ամերիկյան հարաբերությունների դաշնակցային բնույթով։ Գաղտնիք չէ, որ շատ հաճախ, հատկապես վերջին իրադարձությունների համատեքստում ՀՀ-ն դիտարկվում է որպես Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի գոտում գտնվող երկիր։ Ավելին, երբեմն Ռուսաստանում նույնպես Արևմուտքի հետ պաշտոնական Երևանի հարաբերություններին բավականին զգուշորեն են մոտենում։ Ասածի ապացույցը ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով փոխարինելն էր։ Ռուս-ամերիկյան պատժամիջոցների տնտեսական հետևանքերը իրենց ազդեցությունն են թողնում նաև ՀՀ տնտեսության վրա։ Այստեղ խոսքը չի գնում միայն ուղիղ դրամական փոխանցումների, որոնք ՀՀ ՀՆԱ-ի զգալի մասն են կազմում (2019թ․ ՀՆԱ 11,8%, իսկ մինչ այդ ավելի շատ) , այլ նաև պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ֆինանսական կազմակերպությունների մասին, ինչպես օրինակ Առեքսիմբանկը, որի 100% սեփականատերը Հայաստանում Գազպրոմբանկն է, ՎՏԲ բանկը, և այլն։ Չնայած Հայաստանը փորձում է ամեն կերպ հեռու լինել այս երկու դաշնակցային պետությունների միջև առկա տարաձայնություններց, այնուհանդերձ, պետք է հաշվի առնել նաև ՀՀ-ում ռուսական կապիտալի ծավալները, ռուսական ռազմաբազաների առկայությունը, միասնական ՀՕՊ համակարգի գործարկումը, Սիրիայում հայկական ստորաբաժանումների հումանիտար գործունեությունը ռուսական հրամանատարության կազմում, ինչը թույլ չի տալիս խոսել ՀՀ-ի՝  որպես լիարժեք նեյտրալ պետության մասին։

Օգտակար հղումներ

1.ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը

https://ye.usembassy.gov/fact-sheet-the-biden-%E2%81%A0harris-administrations-national-security-strategy/

2.ԱՄՆ պաշտպանության ռազմավարությունը

https://dod.defense.gov/Portals/1/Documents/pubs/2018-National-Defense-Strategy-Summary.pdf

3.ԱՄն միջուկային ռազմավարությունը

 https://media.defense.gov/2018/Feb/02/2001872886/-1/-1/1/2018-NUCLEAR-POSTURE-REVIEW-FINAL-REPORT.PDF

4.Ռուսաստանի ռազմավարական մտադրություննները

 https://nsiteam.com/social/wp-content/uploads/2019/05/SMA-TRADOC-Russian-Strategic-Intentions-White-Paper-PDF-1.pdf

5.ԱՄՆ նոր հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին ռազմավարությունը

 https://www.defense.gov/Portals/1/Interactive/2018/11-2019-Missile-Defense-Review/The%202019%20MDR_Executive%20Summary.pdf

6. https://home.treasury.gov/policy-issues/financial-sanctions/sanctions-programs-and-country-information

7.https://data.worldbank.org/indicator/BX.TRF.PWKR.DT.GD.ZS

ԱՄՆ դիրքորոշումը սիրիական հակամարտության շուրջ

2011թ. ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ խիստ քննադատեց Ասադի որդեգրած քաղաքականությունը, նրա կողմից իրականացվող բռնություններն իր ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Իրանի օգնությունը դիմելու նրա փորձերը. «Իր ժողովրդի ձայնը լսելու փոխարեն, Ասադը մեղադրում է օտարներին և դիմում Իրանի օգնությանը իր քաղաքացիներին ճնշելու նպատակով»: Այս հայտարարությունը զարմանալի չէ, իսկ դրա տեքստը ավելի քան տրամաբանական է: Այն է՝ Սիրիա-Իրան համագործակցությունը ցանկալի չէ ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիան Իրանի անկյունաքարային հենակետն է տարածաշրջանում, ում օգնությամբ Իրանը ապահովում է իր ներկայությունը արաբական երկրներում: Հետևաբար, Սիրիայի թուլացումով զգալի կնվազի Իրանի դերակատարությունը տարածաշրջանում: Սիրիայի թուլացումը նաև ենթադրում է տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի շահերի ոտնահարում, իսկ այս 2 գերտերությունների համար Մերձավոր Արևելքը կարևոր մարտավարական, տնտեսական և էներգետիկ նշանակություն ունի: Եվ պատահական չէ,որ Արևմուտքը ու մասնավորապես ԱՄՆ-ն Իրան-Ռուսաստան-Չինաստան դաշինքին հաճախ մեղադրում են սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացը խոչընդոտելու մեջ:

2011թ. օգոստոսի 18-ին Սիրիային ուղղված իր ելույթի ընթացքում Օբաման ընդգծեց, որ ԱՄՆ-ն Սիրիային չէր պարտադրում ժողովրդավարություն: «Յուրաքանչյուր սիրիացի ինքն է ընտրելու իր առաջնորդին և մենք կհարգենք նրա ցանկությունը. ոչ մի արտաքին միջամտություն»: Սակայն մյուս կողմից էլ հենց նույն ելույթի ժամանակ նախագահ Օբաման պաշտոնապես հայտարարեց «աննախադեպ սանկցիաների» իրականացման մասին ընդդեմ իշխող վարչակարգի՝ այն ֆինանսապես մեկուսացնելու նպատակով: Մասնավորապես, սառեցվեցին Սիրիայի կառավարության ակտիվները, արգելվեց այդ երկրում ներդրումներ կատարել, ինչպես նաև ԱՄՆ ներկրել սիրիական նավթ: Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ նախագահ Օբամայի կողմից ձեռնարկված քայլերն ուղղված էին ռեժիմի հետագա մեկուսացմանը, սակայն մյուս կողմից էլ նշեց. «Մենք միջոցներ կձեռնարկենք մեղմացնելու այդ սանկցիաների բացասական ազդեցությունը Սիրիայի ժողովրդի վրա»: ԱՄՆ կառավարությունը հնարավոր յուրաքանչյուր քայլի դիմում է Ասադին իշխանությունից հեռացնելու նպատակով՝ մշտապես նշելով, որ դրանք ուղղված են գործող իշխանությանը և նպատակ չունեն վնաս հասցնելու խաղաղ քաղաքացիներին:

Սիրիայի ֆինանսական մեկուսացմանը հաջորդեց դիվանագիտական մեկուսացումը: Դեռ 2012թ. հունվարի 31-ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց Սիրիայում ԱՄՆ-ի  դեսպանատան փակման մասին: Պաշտոնական Վաշինգտոնի այս քայլը հստակ ուղերձ էր Ասադին, որ ԱՄՆ-ն այլևս չի ճանաչում նրա իշխանությունը և պատրաստ է առավել կոշտ քայլերի նրան իշխանությունից հեռացնելու համար:

Սիրիայում տիրող իրավիճակը հաճախ նույնացվում էր Լիբիայի հետ և կարծիքներ էին հնչում, որ Սիրիայում հետագա իրադարձությունները կարող են զարգանալ լիբիական սցենարով: Այդ առիթով 2012թ. մարտի 18-ին Հիլարի Քլինթոնը նշեց, որ այդ համեմատությունները սխալ էին, և որ Սիրիայում առաջացած խնդիրները պահանջում էին համապատասխան լուծումներ: Նա նաև անդրադարձավ Սիրիայում տարբեր կրոնական պատկանելություն ունեցող քաղաքացիներին՝ ալավիներին, սուննի մուսուլմաններին, քրիստոնյաներին՝ նշելով, որ վերջիններիս նկատմամբ դիրքորոշումը նույնը կմնա նոր իշխանության օրոք, և նրանք պետք է համերաշխ գոյակցեն հանուն ավելի հզոր Սիրիայի:

Սիրիայի հիմնախնդիրը լուծելու նպատակով 2012թ. փետրվարի 24-ին Թունիսում կազմակերպվեց «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպումը, որի հիմնական նպատակն էր ուղիներ մշակել սիրիական հիմնախնդրի լուծման համար: Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ն ներկայացնող Հիլարի Քլինթոնը առաջ քաշեց խնդրի լուծման 3 հիմնական ուղղություն.

1.ուժեղացնել գործող իշխանությունների վրա ճնշումները

2.տրամադրել հումանիտար օգնություն

3.հող պատրաստել ժողովրդավարական կարգեր հաստատելու համար

2013թ. մարտի 6-ին ունեցած ելույթի ընթացքում Օբաման բացառեց Սիրիայի խնդրի միանշանակ լուծումը ռազմական ներխուժման ճանապարհով, առավել ևս անհնար համարեց ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ միայնակ ծավալելը: Նրա համոզմամբ՝ Միացյալ Նահանգների ներխուժումը Սիրիա ցանկալի չէ, ավելին, նա կողմ է հանդես գալիս հարցի դիվանագիտական լուծմանը: Սիրիայում ռազմական միջամտությունը քիչ հավանական է, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև Իրանի հավանությունը, իսկ վերջիններս շարունակաբար վետո են դնում Սիրիայի դեմ պատժամիջոցների վրա: Այնուամենայնիվ, թեև նախապես նախագահ Օբաման միանշանակ մերժում էր սիրիական ընդդիմությանը զենք տրամադրել, 2013թ. մայիսի 2-ին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Ֆիլիպ Համմոնդի և Չաք Հեյգելի մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ 2 կողմերը սկսել են բանակցությունները սիրիական ընդդիմությանը զենք տրամադրելու վերաբերյալ:

2013թ. մայիսին հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև: Այդ հանդիպման արդյունքում որոշում կայացվեց բանակցությունների նոր փուլ սկսել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, որն ուղղված կլինի 2012թ. ընդունված Սիրիայի հարցերով Ժնևյան կոմյունիկեի իրականացմանը: Այդ կոմյունիկեում նախատեսվում է ստեղծել անցումային իշխանություն՝ բաղկացած ներկա վարչակարգի և ընդդիմության ներկայացուցիչներից, ընդ որում՝ Սիրիայի հասարակության բոլոր շերտերը պետք է ընդգրկված լինեն «ազգային երկխոսության» գործընթացում: Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով նմանատիպ նախաձեռնություններ շատ են իրականացվել, սակայն՝ ապարդյուն:

ՌԴ դիրքորոշումը սիրիական հակամարտության շուրջ

Սիրիայում իրավիճակը կտրուկ սրվեց 2011 թ մարտի կեսերին: Ցույցերը վերածվեցին ընդհարումների՝ զենքի օգտագործմամբ: Ընդդիմության առավելությունը եղել էր այն, որ ստացել էր ֆինանսական և մարդկային մեծ օգնություն արտերկրից: Սիրիայի կառավարությունը չսպասելով այդպիսի իրադարձությունների, չունենալով փորձ նմանատիպ դեպքերում որոշ խոստումներ տվեց ընդդիմությանը, անգամ մարտի 29-ին Ասադը ընդունեց կառավարության հրաժարականը, սակայն իրավիճակը էլ ավելի էր սրվում:

Ապրիլի 1-ին և 2-ին ցույցերը շարունակվում էին և արդեն հաղորդվեցին առաջին 10 զոհերի մասին: Ապրիլի 9-ին ցուցարարները Դերաա քաղաքում քանդեցին նախկին նախագահի արձանը, ինչի արդյունքում ընդհարում սկսվեց և մահացավ 25 մարդ: Ապրիլի 22-ին մահացավ 100-ից ավելի մարդ և այդ օրը անվանվեց ‹‹Արյունոտ Ուրբաթ››: Մինչև ապրիլի վերջ անհանգստությունները վերածվեցին քաղաքացիական պատերազմի: Ռուսաստանի քաղաքականությունը ամեն կերպ աշխատում էր թույլ չտալ Ասադի իշխանության տապալումը և ընդդիմության իշխանության գալը: Այդ քաղաքականությունը պայմանավորված էր մի քանի նախադրյալներով՝

1.լիբիական դեպքերի կրկնությունը Սիրիայում կհանգեցներ տարբեր իսլամիստական խմբավորումների իշխանության գալուն,

2.Ռուսաստանը դեմ էր իշխանությանը և ընդդիմությանը անհամաչափ մոտեցումներ ցուցաբերելուն, որը կարող էր խախտել բալանսը երկու ուժերի միջև,

3.Եթե տեղի ունենար հեղափոխություն, այն ոչ միայն ավերիչ հետևանքներ կունենար Սիրիայում, այլև ամբողջ տարածաշրջանում

2012 թ հունվարին Սիրիայի տարածքը հանդիսանում էր ‹‹ջիհադ››-ի կենտրոն, ի հայտ էին եկել տարբեր խմբավորումներ, որոնք հովանավորվում էին տարբեր երկրների կողմից: Ռուսաստանը շարունակում էր հանդես գալ խնդրի խաղաղ կարգավորմամբ, առաջարկելով Բաշար Ալ-Ասադին շուտափույթ իրականացնել բարեփոխումներ և հանդիպել ընդդիմության ղեկավարների հետ: Բայց իրավիճակը շատ ավելի ծանր էր, Արևմուտքը և Արաբական Միացյալ Լիգան սանկիցաներ էին կիրառում Սիրիայի դեմ և ստիպում էին Ասադին հրաժարվել իշխանությունից: Մյուս կողմից ընդդիմադիրները մտադիր չէին բանակցել Ասադի հետ, իսկ Ռուսաստանի քաղաքականությունը հետևյալն էր ‹‹Ասադին պաշտպանելով, թույլ չտալ Արևմուտքի հեղինակության բարձրացումը տարածաշրջանում››:

Ինչպես նշում է ռուս դիվանագետ Ալեքսանդր Աքսենենոկը. ‹‹Ռուսաստանի դիրքորոշման մոտիվացիան շատ հաճախ դիտարկում են Մերձավոր Արևելքում ‹‹վերջին դաշնակցին›› կորցնելու վախով կամ Արևմուտքից ‹‹վրեժ լուծելու›› ցանկությամբ՝ Լիբիայի դեմ 1973 թ. Անվտանգության Խորհրդի կողմից հաստատված պատժամիջոցների բանաձևի օգտագործման համար: Ռուսաստանի դիրքորոշման հիմքում ընկած են այն վատ հետևանքների գնահատականները, որոնք հանգեցնում են Սիրիայում զինված դիմակայության հետագա մրցավազքին: Հաշվի առնելով նրա հատուկ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և փխրուն դավանանքային հավասարակշռությունը, այդ հետևանքները, պետք է կարգավորվեն ներսիրիական ազգային երկխոսությամբ առանց արտաքին միջամտության և այդ իրողությունը կհայտնվի բոլորի ուշադրության կենտրոնում՝ և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների, և՛ հենց արաբական երկրների››:

Ռուսաստանը սիրիական հարցերում ունեցավ նաև քաղաքական կորուստներ: Իրանը զբաղեցնելով կարևոր դիրք Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում կողմ է Ասադի իշխանության պահպանմանը, բայց Սաուդյան Արաբիան և որոշ այլ արաբական երկրներ` դեմ լինելով Ասադի իշխանությանը, անվստահություն են հայտնել Մոսկվային, նշելով, որ Ռուսաստանը իր նպատակներին հասնելու համար պատրաստ է շարունակել արյունահեղությունը: Արաբական երկրների մեծամասնությունը Ռուսաստանի վարած քաղաքականությունը համարում է իրենց քաղաքականությանը հակասող:

Չնայած դժվարություններին, որոնց հանդիպեց Ռուսաստանը և սկզբնական փուլում Ռուսաստանի ոչ ճիշտ քաղաքականությանը, այնուամենայնիվ, Սիրիայի հարցում Ռուսաստանը կարողացավ ապացուցել իր կարևորությունը միջազգային հարաբերություններում: Եվ հենց Քոֆի Անանի ծրագրով առաջնորդվելով Ռուսաստանը կարողացավ հաջողության հասնել, որի հիմնական նպատակը՝ ռազմական առճակատման մակարդակի նվազեցումն ու քաղաքական երկխոսությունների սկսումն է: Բայց ցավոք, այդ ծրագիրը Ռուսաստանը չկարողացավ լրիվությամբ իրականացնել: Չի կարելի բացառել, որ Սիրիայի իշխանություններն էլ են կրում մեղքի իրենց բաժինը` տիրող իրավիճակի և զոհերի թվի շատացման հարցում:

Ռուսաստանի կոշտ քաղաքականությունը Սիրիայի հարցում պայմանավորված է նաև Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակից: Խորհրդարանական ընտրություններից հետո` 2011 թ վերջին, Ռուսաստանում սկսվեց քաղաքական համակարգի ժողովրդավարացման և արդար ընտրությունների կողմնակիցների շարժում: Այդ շարժման կողմնակիցների կողմից սկսեց օգտագործվել տարբեր տեսակի քարոզչական կոչեր, որոնցից կարևոր տեղ էին զբաղեցրել ‹‹նարնջագույն հեղափոխությունը›› Ռուսաստանում և ‹‹լիբիական սցենարը››:

Կոշտ քաղաքականության մյուս կարևոր նախադրյալը Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ) կազմակերպության ի հայտ գալն էր Սիրիայի տարածքում: ԻԼԻՊ-ի առաջացման հիմքերը կապված են 20-րդ դարի 90-ականների սկզբներին ԽՍՀՄ Աֆղանստանից զորքերի դուրս բերման և ԽՍՀՄ փլուզման ժամանակ մուսուլմանական իսլամիստական խմբավորումների ստեղծվելու հետ: Աֆղանստանում նախկին զինյալները չունենալով աշխատանք մեկնում էին տարբեր երկրներ ‹‹ջիհադով›› զբաղվելու՝ Չեչնիա, նախկին Հարավսլավիա, Ալժիր, Թունիս, բայց ոչ մի երկրում չկարողացան հասնել հաջողության և իրենց ձեռքը վերցնել իշխանությունը:

Երկար տարիներ Ռուսաստանի և Արևմուտքի միջև տիրող հակասությունները Սիրիայի հարցում մղվեցին հետին պլան: Երկու կողմերն էլ շահագրգռված էին տարածաշրջանում իսլամիստներին ջախջախել, իսկ Սիրիական խնդիրը Ռուսաստանի համար դարձավ ավելի կարևոր խնդիր, քան ռուս-ուկրաինական հակամարտությունը:

2016 թ. սկզբին Ռուսաստանը իր խնդիրը դեռևս կատարել էր մասամբ, փոխարենը հասնելով լուրջ հաջողության միջազգային հարաբերություններում: Ռուսական հրթիռակոծությունները ստիպեցին ԱՄՆ-ին Ռուսաստանին դիտարկել, որպես ‹‹հավասար մակարդակի›› պետություն:

2015 թ. վերջին և 2016 թ. սկզբին Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացված գործողությունները մեկնաբանվում էին տարբեր կերպ: Առաջինը` հրթիռակոծությունն էր ջիհադիստական խմբավորումների ռազմական օբյեկտների վրա, որին 2015 թ. հոկտեմբերից միացան մաքսանենգ ճանապարհով նավթ վաճառող ավտոշարասյունների վրա հրթիռակոծությունները: Այս գործողություններից հետո արևմտյան լրատվամիջոցներում սկսվեց շրջանառվել ‹‹Արդյո՞ք Ռուսաստանը պայքարում է ԴԱԻՇ-ի, թե՞ նաև ընդիմադիրների դեմ›› հարցը: Երկրորդը` քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առկայությունն էր: Չնայած նրան, որ Ռուսաստանը իր գործողությունները իրականացնում էր հատուկ նշանակության օբյեկտների վրա և ներկայացնում էր հիմնարար բացատրություններ, այնուամենայնիվ, տարբեր քաղաքական գործիչներ մեղադրում էին Մոսկվային խաղաղ բնակչության ոչնչացման մեջ: Դա պայմանավորված էր նրանով, որ տարբեր երկրների դուր չէին գալիս Ռուսաստանի հաջողությունները Սիրիայում:

Ռուսաստանի համար ԻԼԻՊ-ը ներկայացնում է մեծ վտանգ, դա պայմանավորված է Ռուսաստանի տարածքում մուսուլմանական ազգերի առկայությամբ, և 2015 թ. տվյալներով ԻԼԻՊ-ի շարքերում կռվում էին 2900 ռուս քաղաքացիներ`Չեչնիայից, Դաղստանից, Կաբարդինո-Բալկարիայից, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում գործող մի շարք ահաբեկչական խմբավորումներ: Վտանգը կայանում է նրանում, որ ԻԼԻՊ-ին պարտության մատնելուց հետո նրա շարքերում կռվող ռուս քաղաքացիները կարող էին վերադառնալ Ռուսաստան և շարունակել իրենց ծայրահեղական գործունեությունը:

Ռուսական օդուժի հրթիռակոծություններից հետո, ԻԼԻՊ-ը ժամանակ առ ժամանակ հայտարարում էր Ռուսաստանի տարածքում ահաբեկչական ակտեր իրականացնելու մասին: 2017 թ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչական ակտը, որի ժամանակ մահացել է 16 մարդ և ևս մի քանի տասնյակ վիրավորվել են, վերագրվում է հենց ԻԼԻՊ-ին: Այն նաև հայտարարել էր 2018 թ. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ տարբեր քաղաքներում ահաբեկչական ակտերի իրականացման մասին:

Այսպիսով, Ռուսաստանը ձգտելով տարածաշրջանում պահպանել և միջազգային ասպարեզում վերականգնել իր դիրքերը, արաբական աշխարհում տեղի ունեցող գործողությունների սկզբնական շրջանում ունեցած անհաջողություններից հետո կարողացավ Սիրիական հարցում ապացուցել և վերականգնել իր կարևոր դերը միջազգային ասպարեզում:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...