«Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը,
տիպերը և կառուցվածքը
20-րդ դարի
50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության
ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում
նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի
նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության
ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ
համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը,
գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային
հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին
միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին
քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը:
Արևմուտքի
տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայն, համակարգային մոտեցման հայեցակարգի
հիմնադիրն է ԱՄՆ գաղթած ավստրիացի գիտնական Լյուդվիգ Ֆոն Բերտալանֆին (1901-1972թթ.):
Ըստ նրա, համակարգը միմյանց հետ փոխադարձ կապի մեջ գտնվող տարրերի ամբողջությունն է:
Բերտալանֆիից առաջ համակարգերի և դրանց դինամիկ զարգացման գաղափարը պաշտպանել են Հոբսը,
Մարքսը, Էնգելսը, Լենինը, Բոգդանովը, Փարսոնսը և Իսթոնը: Համակարգային մոտեցման հայեցակարգը
միջազգային հարաբերությունների ուսումնասիրման բնագավառում ներդրել և զարգացրել են
Բրայարը, Ֆրիդլենդերը, Կոենը, Արոնը, Կապլանը, Ռոուզկրանսը, Ֆրենկելը, Լուարդը: Ընդհանրացնելով
վերոնշյալ գիտնականների առաջ քաշած և զարգացրած գաղափարները՝ միջազգային հարաբերությունների
համակարգը կարելի է սահմանել որպես պատմական որոշակի ժամանակահատվածում և որոշակի տարածքի
վրա ծավալված միջպետական հարաբերությունների, դրանց հիմքում ընկած համընդհանուր սկզբունքների
ամբողջություն, որը մշտապես փոխազդեցության մեջ է շրջապատող միջավայրի հետ՝ իր բաղկացուցիչ
մասերի շահերին ու պահանջմունքներին համապատասխան:
Միջազգային
համակարգերի տիպաբանությունը բազմազան է՝ կապված միջազգային հարաբերությունների համակարգային
ուսումնասիրման սկզբունքների և մոտեցումների հետ, սակայն դրանց բոլորի վրա զգալի է
քաղաքական ռեալիզմի տեսության ազդեցությունը (այդ են վկայում տիպաբանության հիմքում
դրվող չափանիշները, ինչպիսին են մեծ տերությունների կամ գերտերությունների թիվը, իշխանության
բաշխումը, միջպետական կոնֆլիկտները և այլն):
1.Տարածական-աշխարհագրական
գործոնը հիմք ընդունելու դեպքում կարելի է առանձնացնել համամոլորակային միջազգային
համակարգը և նրա բաղկացուցիչ մասերը հանդիսացող տարածաշրջանային ենթահամակարգերը (ինչպիսին
են, օրինակ՝ եվրոպականը, պանամերիկյանը, աֆրիկյանը, ասիականը), որոնք էլ, իրենց հերթին,
բաղկացած են ենթատարածաշրջանային ենթահամակարգերից (օրինակ՝ ասիական ենթահամակարգի
ներսում ուրույն ենթատարածաշրջանային ենթահամակարգեր են հարավասիականը, հարավարևելաասիականը,
մերձավորարևելյանը, պանամերիկյանում՝ կարիբյանը, եվրոպականում՝ արևմտաեվրոպականը):
Այս տեսակետն առաջ քաշել և զարգացնում են Բրայարը ու Ջալիլին: Նրանց կարծիքով, համամոլորակային
միջազգային համակարգը անվիճելի քաղաքական իրողություն է դարձել դեռևս ԱՄՆ-ԽՍՀՄ գլոբալ
առճակատման տարիներին՝ ամրապնդվելով գաղութային համակարգի փլուզմանը և աշխարհի քաղաքական
քարտեզի վրա նորանկախ պետությունների, այսինքն՝ միջազգային ինքնուրույն ակտորների առաջացմանը
զուգընթաց: Ընդհուպ մինչև 20-րդ դարի 90-ական թթ. սկիզբը համամոլորակային միջազգային
համակարգը բնութագրվում էր 2 գլխավոր կոնֆլիկտային գծերի կամ «առանցքների» առկայությամբ,
որոնք բաժանում էին մի կողմից՝ «Արևմուտքը» և «Արևելքը» (գաղափարաքաղաքական, ռազմաստրատեգիական
հակամարտություն), մյուս կողմից՝ «Հյուսիսը» և «Հարավը», այսինքն՝ տնտեսապես զարգացած
ու հետամնաց երկրները: Այս տեսակետի քննադատների կարծիքով, նման մոտեցումը տեսադաշտից
դուրս է թողնում միջպետական հարաբերությունները, բացի այդ, հստակ չեն սահմանվում այս
կամ այն տարածաշրջանի սահմանները, առանձնահատկությունները, ինչը խոչընդոտում է ընթացիկ
միջազգային-քաղաքական գործընթացների համակողմանի ընկալմանն ու արժևորմանը:
2.Հիմնախնդրի
վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ ընդգծվող մյուս միտումը միջազգային հարաբերությունների
դիտարկումն է ըստ ոլորտների՝ տնտեսական, քաղաքական, ռազմաստրատեգիական, որոնք ուսումնասիրվում
են որպես ինքնուրույն, առանձին ֆունկցիոնալ համակարգեր: Այս տեսակետի ջատագովներից
է ֆրանսիացի հետազոտող Բրայլարդը:
3.Մեկ այլ
հետազոտող՝ Հոֆմանը, առաջարկում է միջազգային համակարգերի իր տիպաբանությունը. նա գտնում է, որ միջազգային համակարգերի կառուցվածքը փոփոխական է ոչ միայն ժամանակի, այլև՝ տարածության մեջ անգամ կոնկրետ ժամանակահատվածում կախված համակարգն ուսումնասիրողի նպատակից, հետևաբար՝ միջազգային հարաբերությունների տվյալ համակարգն ուսումնասիրելու նրա տեսակետից: Ըստ այդմ, Հոֆմանն առանձնացնում է կայուն և ոչ կայուն (կամ՝ հեղափոխական), կոնֆլիկտային և կոոպերատիվ, բաց և փակ ու այլ համակարգեր:
4.Միջազգային հարաբերությունների համակարգերի ուշագրավ տիպաբանություն է ներկայացնում նաև Կապլանը: Այն ներառում է համակարգի վեց տիպ, որոնցից չորսը կրում են հիպոթետիկ, ապրիորի բնույթ:
Առաջին տիպը «առանձին վետոյի համակարգն» է, որում յուրաքանչյուր ակտոր ունի շանտաժի միջոցով համակարգն արգելափակելու կամ շանտաժիստ պետության դեմ պայքարելու հնարավորություն, անկախ նրա հզորությունից: Այդ համակարգում ցանկացած պետություն ունակ է պաշտպանելու իրեն ցանկացած հակառակորդից: Այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, օրինակ, միջուկային զենքի համընդհանուր տարածման դեպքում:
Երկրորդ տիպը «ուժերի հավասարակշռության համակարգն» է, որին բնորոշ է բազմաբևեռայնությունը: Կապլանի կարծիքով, այս համակարգի շրջանակներում պետք է գոյություն ունենա ամենաքիչը 5 մեծ տերություն: Եթե դրանց թիվը հինգից պակաս լինի, ապա համակարգն անխուսափելիորեն կվերածվի միաբևեռի:
Երրորդը «ճկուն միաբևեռ համակարգի» տիպն է: Այն բաղկացած է ոչ միայն ակտոր-պետություններից, այլև նոր ակտորներից՝ դրանց դաշինքներից, խմբավորումներից, ինչպես նաև համապարփակ ակտորներից՝ միջազգային կազմակերպություններից: Գոյություն ունի ճկուն միաբևեռ համակարգի մի քանի տարբերակ: Այն կարող է լինել ուժեղ հիերարխիկ և ավտորիտար, երբ կոալիցիայի առաջնորդի կամքը պարտադրվում է նրա դաշնակիցներին: Եվ այն կարող է լինել ոչ հիերարխիկ, եթե բլոկի առանցքը ձևավորվում է իրար նկատմամբ հարաբերականորեն ինքնուրույն պետությունների փոխադարձ խորհրդակցությունների միջոցով:
Չորրորդ տիպը հանդիսանում է «կոշտ երկբևեռ համակարգը»: Նրան բնորոշ է նույն կառուցվածքը, ինչ որ նախորդ համակարգին այն տարբերությամբ, որ երկրորդ դեպքում պետությունների բլոկներն ունեն խիստ հիերարխիկ կազմակերպություն: Կոշտ երկբևեռ համակարգում գոյություն չունեն չմիավորված կամ չեզոք պետություններ, իսկ ունիվերսալ ակտորներն էլ ունեն սահմանափակ դերակատարում և ի վիճակի չեն ճնշում գործադրել բլոկներից որևէ մեկի նկատմամբ: Երկու բևեներից յուրաքանչյուրն իր սահմաններում արդյունավետորեն կարգավորում է միջպետական կոնֆլիկտները, ձևավորում է իր դիվանագիտական վարքագծի և համընդհանուր ուժի գործադրման ուղղությունները:
Հաջորդ տիպը «ունիվերսալ համակարգն» է, որն, ըստ էության, համապատասխանում է ֆեդերացիային: Նրան բնորոշ է ունիվերսալ ակտորի գերիշխող դերը: Այդպիսի համակարգը ենթադրում է միջազգային համակարգի միջավայրի քաղաքական միատարրության նշանակալի մակարդակ, բացի այդ, նման համակարգը հենվում է ազգային ակտորների և ունիվերսալ ակտորների համագործակցության վրա: Միջազգային հարաբերությունների երկբևեռ համակարգը կարող էր բնութագրվել որպես ունիվերսալ համակարգ, եթե ՄԱԿ-ի դերն էապես ընդլայնվեր ի վնաս անդամ պետությունների ինքնիշխանության: Այս դեպքում ՄԱԿ-ը կունենար միջպետական կոնֆլիկտները կարգավորելու ու խաղաղությունը պահպանելու բացառիկ իրավասություն: Այդպիսի համակարգը ենթադրում է ինտեգրացիայի լավ զարգացած համակարգի առկայություն քաղաքական, տնտեսական և վարչակառավարչական ոլորտներում: Նրանում լայն լիազորություններն ընդհուպ մինչև պետությունների կարգավիճակի որոշում և նրանց ռեսուրսների տրամադրում, պատկանում են ունիվերսալ ակտորին, իսկ միջազգային հարաբերությունները կարգավորվում են այն կանոնների հիման վրա, որոնց պահպանման համար պատասխանատվությունը կրում է ունիվերսալ ակտորը:
Միջազգային հարաբերությունների վեցերորդ տիպը «հիերարխիկ համակարգն» է, որն, ըստ էության, հանդիսանում է համաշխարհային պետություն: Նրանում ազգային պետությունները կորցնում են իրենց դերը՝ վերածվելով պարզ տարածքային միավորների, իսկ նրանց դրսևորած ցանկացած կենտրոնախույս միտում անմիջապես կանխվում է հենց վերջիններիս կողմից:
Կապլանի տեսությունը քննադատաբար է գնահատվում մասնագիտական գրականության մեջ իր մտահայեցողական, սպեկուլյատիվ բնույթի, իրականությունից կտրված լինելու համար: Միաժամանակ, ընդունվում է, որ այն միջազգային համակարգերի համակողմանի ուսումնասիրման, նրանց գործունեության օրինաչափությունների ու առանձնահատկությունների վերհանման առաջին լուրջ փորձերից մեկն է:
Միջազգային հարաբերությունների համակարգերի զարգացման օրինաչափությունները վերհանելու տեսանկյունից կարևոր դեր է կատարում նրա կառուցվածքը: Ինքնիշխան պետությունների՝ սեփական շահերով պայմանավորված գործունեությունը ձևավորում է միջազգային հարաբերությունների համակարգը: Վերջինս բնութագրող կարևոր հատկանիշ է նրանում սահմանափակ թվով առավել հզոր պետությունների գերիշխանությունը, ինչն էականորեն ազդում է բոլոր միջազգային ակտորների վարքագծի վրա: Այսպես, բոլոր պետությունները հարկադրված են կատարել ռազմական ծախսեր, չնայած, որ դա, ըստ էության, ռեսուրսների անիմաստ վատնում է: Կամ, միջազգային հարաբերությունների կառուցվածքը երբեմն կարող է պետություններին պարտադրել իրենց շահերին հակասող վարքագիծ դրսևորել տնտեսության կամ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում:
Արոնն առանձնացնում է միջազգային հարաբերությունների համակարգերի երեք կառուցվածքային չափորոշիչներ.
1.Միջազգային հարաբերությունների համակարգի ներսում «իշխանության կենտրոնների» ուժերի փոխդասավորությունը և հարաբերակցությունը: Դրանից կախված՝ համակարգերին կարող են բնորոշ լինել միաբևեռայնությունը և բազմաբևեռայնությունը: Երկու դեպքում էլ ակտորների ուժերի փոխդասավորությունն արտահայտում է նրանց անհավասարությունը ռազմաքաղաքական, տնտեսական, բնական ռեսուրսների , հասարակական-մշակութային, գաղափարախոսական և այլ ոլորտներում: Ըստ ուժերի փոխդասավորության, միջազգային համակարգերը կարող են լինել նաև հոմոգեն կամ հետերոգեն, ինչն ուղղակիորեն արտահայտում է պետությունների միջև փոխհամաձայնության մակարդակը սկզբունքային հարցերում (օրինակ՝ օրինականության ապահովման, շուկայական տնտեսության հարցերում): Որքան մեծ է փոխհամաձայնեցման մակարդակը, այնքան հոմոգեն, հետևաբար՝ այնքան կայուն է համակարգը: Այսպիսի համակարգում պետությունները կարող են լինել մրցակիցներ, բայց ոչ հակառակորդներ: Իրավիճակը հակառակն է հետերոգեն համակարգի պարագայում:
2.Միջազգային հարաբերությունների համակարգի ռեժիմը, այսինքն՝ միջազգային հարաբերությունները կարգավորող պաշտոնական և ոչ պաշտոնական սկզբունքների, իրավական նորմերի, համաձայնությունների և որոշումների կայացման ընթացակարգերի ամբողջությունը (օրինակ՝ 1945թ. ընդունված միջազգային տնտեսական փոխանակումների լիբերալ հայեցակարգը և դրանից բխող կանոնները, որոնց ծնունդն են միջազգային արժութային հիմնադրամը, համաշխարհային բանկը):
3.Որոշ գիտնականներ թվարկված կառուցվածքային բաղադրատարրերին ավելացնում են այլք ևս, ինչպես օրինակ, համակարգում ակտորների թիվը, ուժի բաշխումը նրանց միջև, կոնֆլիկտի և համագործակցության հարաբերակցությունը համակարգի ներսում : Երկրորդի գերակայությունը հնարավոր է դարձնում Արոնի առաջ քաշած «խաղաղություն օրենքի միջոցով» հիպոթեզի իրականացումը, իսկ առաջինի գերակայությունը, բնորոշ լինելով հիերարխիկ համակարգին, հնարավոր է դարձնում կազմակերպված համակարգի ձևավորումը «խաղաղություն կայսրության միջոցով» սկզբունքով:
Համակարգի միջավայր ասելով՝ ընդհանուր առմամբ նկատի է առնվում այն ամենը, ինչը շրջապատում է նրան դրսից, ինչպես նաև ներքին բոլոր այն գործոնները, որոնք ազդում են համակարգի գործունեության վրա ներսից՝ նրա անդամների կողմից՝ ներառյալ՝ մարդու և հասարակության գործունեության (տնտեսական, ռազմաքաղաքական, դիվանագիտական) ազդեցությունը, բնական միջավայրը, աշխարհագրական առանձնահատկությունները, բնական ռեսուրսների և բնական սահմանների բաշխվածությունը: Ըստ այդմ, միջազգային հարաբերությունների համակարգի միջավայրը կարող է լինել ներքին և արտաքին: Օրինակ՝ Եվրոպական միությունը նրա անդամ պետությունների տնտեսական, դիվանագիտական, ռազմաքաղաքական, մշակութային փոխազդեցությունների կազմակերպման միջոց է: Նրա համար միջավայր է հանդիսանում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ամբողջությունը տարածաշրջանային (եվրոպական), քաղաքական (ՄԱԿ և նրա ինստիտուտները, Ամերիկյան պետությունների միություն), տնտեսական ( OECD, OPEC, EAFT) մակարդակներում:
Միջազգային հարաբերությունների համակարգերի պատմական զարգացման և փոփոխման օրինաչափությունները
Նոր և նորագույն
ժամանակներում միջագային հարաբերություններում աշխարհակարգերի հաստատման և փոփոխման
մի քանի փուլեր են եղել: Առաջինը Վեստֆալյան համակարգն էր: Այն ստեղծվեց 1648թ. կնքված
Վեստֆալյան հաշտության պայմանագրով, որն ամփոփեց ու հանրագումարի բերեց համաեվրոպական
Երեսնամյա պատերազմի արդյունքները: Ստեղծվեցին որակապես նոր աշխարհակարգ և արժեքների
նոր համակարգ: Վերջինիս բնորոշ էին՝
1.միմյանց
մրցակից քաղաքական դաշինքների ստեղծումն ու դրանց հաճախակի փոփոխումը
2.դրա շնորհիվ
միջազգային համակարգի ներսում առաջատար պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ավստրիայի
միջև ուժերի հավասարակշռության ապահովումը, որպես համակարգի գոյության երաշխիք: Այս
պետություններն, ինչպես նաև Շվեդիան, պատերազմից դուրս էին եկել առավել հզորացած: Անկախություն
էին ձեռք բերել Շվեյցարիան և Նիդեռլանդները:
3.գաղութացման
գործընթացի խորացումն իբրև նոր գործոն Եվրոպայի առաջատար պետությունների փոխհարաբերություններում
և իբրև Եվրոպայից դուրս հումքի նոր աղբյուրների ու շուկաների ձեռքբերման պահանջի բավարարման
հիմնական ձև: Այս ասպարեզում Իսպանիային և Պորտուգալիային հետևեցին Անգլիան, Հոլանդիան
և Ֆրանսիան: Գաղութացումը հանգեցրեց սկզբունքային տարաձայնությունների, առաջին հերթին
հենց վերոհիշյալ պետությունների միջև: 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարի սկզբներին
տեղի ունեցան մի շարք պատերազմներ Անգլիայի և Հոլանդիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի միջև:
Հոլանդիան կրեց լուրջ կորուստներ՝ կորցնելով իր գաղութների զգալի մասը:
4.առաջատար
պետություններից յուրաքանչյուրի ծավալապաշտական նկրտումների անհապաղ կանխումը նրա մրցակից
պետությունների համախմբման արդյունքում ստեղծված ռազմաքաղաքական միությունների կողմից,
չնայած, որ վերջիններս ժամանակավոր ու անկայուն էին: Երբ 1660-ական թթ. ընթանում էր
պատերազմ Ֆրանսիայի և Բրաբանտի համար (ժամանակակից Բելգիա), ապա Ֆրանսիայի դեմ հանդես
եկան Հոլանդիան, Շվեդիան և Անգլիան:
Արևելաեվրոպական
տարածաշրջանում միջազգային հարաբերություններն ընթանում էին միևնույն միտումով: Այստեղ
առանցքը կազմում էին Ռուսաստանը, Լեհաստանը, Օսմանյան կայսրությունը:
Վեստֆալյան
համակարգը գոյատևեց մոտ 150 տարի՝ ընդհուպ մինչև ֆրանսիական մեծ հեղափոխությունը և
նապոլեոնյան պատերազմները: Այդ ժամանակահատվածում միջազգային հարաբերությունների գլխավոր
առանձնահատկությունը կայուն աշխարհաքաղաքական համակարգի բացակայությունն էր:
Նապոլեոնյան
պատերազմների ավարտին գումարված 1815թ. Վիեննայի համաժողովը ծնունդ տվեց միջազգային
հարաբերությունների նոր աշխարհակարգին: Այս համակարգն անվանեցին Վիեննայի կամ «Հնգյակի»
համակարգ, քանի որ նրանում ծանրակշիռ դեր էին խաղում 5 պետություններ՝ Մեծ Բրիտանիան,
Ռուսաստանը, Ֆրանսիան, Պրուսիան և Ավստրիան: Հետագայում «մեծերի ակումբի» անդամ դարձան
Օսմանյան կայսրությունը, Ավստրո-Հունգարիան (Ավստրիայի փոխարեն), Գերմանիան (Պրուսիայի
փոխարեն), Իտալիան, իսկ ավելի ուշ՝ Ճապոնիան և ԱՄՆ-ն: Վիեննայի կոնգրեսի արդյունքում
ստեղծված համակարգում «հավասարակշռության դատավորի» դերում էր Մեծ Բրիտանիան՝ ժամանակի
միակ համաշխարհային տերությունը, իսկ համակարգի մասնակից տերությունների միջև հավասարակշռության
պահպանումը համարվում էր կարևորագույն նպատակ: Այդ համակարգն ընդունված է անվանել նաև
«եվրոպական համերգ»: Հետագա զարգացում ստացավ նաև միջազգային իրավունքը: Այդ համակարգը
գոյատևեց մոտ 100 տարի:
Արդյունաբերական
հեղաշրջման ավարտը նշանավորվեց նոր, հակասական աշխարհաքաղաքական համակարգի ստեղծմամբ:
Արդյունաբերական ազգերի միջև ընդլայնվեց տնտեսական համագործակցությունը հանուն համաշխարհային
պաշարների արդյունավետ օգտագործման: Միաժամանակ, զարգացման այս դրական միտումը հետզհետե
հակասական ընթացք էր ստանում: Հետամնաց ժողովուրդների նկատմամբ սեփական գերազանցության
համոզմունքը եվրոպական ազգերի մոտ դարձավ մեծապետական գաղափարախոսության հիմնարար դրույթ:
Դա իր տեսական ձևակերպումը ստացավ իմպերիալիզմի գաղափարախոսության տեսքով:
Վիեննայի կոնգրեսի
հաստատած «ուժերի հավասարակշռությունը» 19-րդ դարի 60-ական թթ. փլուզվեց: Ազգային նոր
պետությունների առաջացումը Եվրոպայում (Իտալիա, Գերմանիա, բալկանյան երկրներ) ստեղծեց
նոր աշխարհաքաղաքական իրավիճակ: Աշխարհաքաղաքականության գլխավոր փաստարկներ դարձան
երկրի աշխարհագրական դիրքի ամրապնդման, կենսական տարածքներ գրավելու անհրաժեշտությունը:
Ակնհայտ էր, որ եվրոպական տերությունները ոչ միայն ձգտում էին նվաճել հետամնաց երկրներ,
այլև՝ միայնակ տիրել աշխարհին: Եվրոպական մեծ տերությունների միջև հակասությունները
հանգեցրին երկու հակադիր դաշինքների՝ Անտանտի և Եռյակ միության ստեղծմանը: Միջազգային
հարաբերությունների Վիեննայի համակարգը վերացավ առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում:
1919-1922թթ. ձևավորվեց միջազգային հարաբերությունների նոր՝ Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը: Դա կարևորագույն իրողություն էր, քանի որ ապահովեց՝
1.հետպատերազմյան լարվածության թուլացումն ու
1920-ական թթ. «բարգավաճման ժամանակաշրջանի» գերիշխումը
2.միջազգային հարաբերությունների սկզբունքների նորացումը (ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչում և կիրառում, հրաժարում պատերազմից՝ իբրև հակամարտության կարգավորման միջոցի)
3.կախյալ տարածքների կառավարման նոր՝ մանդատային համակարգի ստեղծումը
4.միջազգային նոր կազմակերպությունների ու կառույցների ստեղծումը
5.մի շարք երկրների անկախության ճանաչումը
Սակայն Վերսալ-Վաշինգտոնյան համակարգն անկայուն էր ու անհաստատ հետևյալ պատճառներով: Հետպատերազմյան կարգավորման ընթացքում դաշնակիցները թերագնահատել էին տնտեսական խնդիրները: Հաղթողները ձգտում էին պարտվողներից ստանալ որքան հնարավոր է շատ, մինչդեռ անհրաժեշտ էր մտածել նաև պարտվողների տնտեսական վերականգնման մասին: Առանց տնտեսական կազդուրման վերջիններս անօգնական էին ներքին ծայրահեղական շարժումների դեմ պայքարում: Պարտված երկրների ուսերին թողնելով հետպատերազմյան կարգավորման ողջ ծանրությունը՝ ճանապարհ էր բացվում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում սոցիալական ու քաղաքական ցնցումների և էթնիկական խնդիրների սրման համար: Այսպիսով, նոր համակարգի էական թերությունն էր Եվրոպայի վերականգնման տնտեսական ծրագրերի բացակայությունը:
Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայում ստեղծվել էր նոր ու փոքր պետությունների մի համակարգ: Սակայն այդ պետություններն անզոր էին ապահովելու իրենց անվտանգությունը: Հետագայում այս տարածաշրջանը դարձավ մեծ տերությունների շահերի բախման թատերաբեմը: Այսպիսով, համակարգի խոցելի իրողություններից էր Եվրոպայում հովանավորների կարիք զգացող փոքր պետությունների համակարգի ստեղծումը:
Եվրոպայի նոր պետությունների սահմանները որոշվեցին՝ առանց հաշվի առնելու այնտեղ բնակվող ժողովուրդների շահերը: Մոտավորապես 30 մլն մարդ հայտնվեց ազգային փոքրամասնության կարգավիճակում (գերմանացիները՝ Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում, հունգարները՝ Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում): Հարավսլավիայի ստեղծումից հետո կաթոլիկ խորվաթներն ու սլովենները և Բոսնիայում ու Մակեդոնիայում ապրող մահմեդականները հայտնվեցին ազգային-կրոնական փոքրամասնության կարգավիճակում: Ուղղափառ սերբերը վերահսկում էին նոր պետության բանակն ու պետական կառավարման մարմինները, ունեին վճռական դեր այդ պետության մեջ, ինչը պայմաններ էր ստեղծում ապագա հակամարտությունների համար:
Խորհրդային Ռուսաստանը ներկայացված չէր ո՛չ Փարիզի վեհաժողովում, և ո՛չ էլ Վաշինգտոնի խորհրդաժողովում: Այն նաև միջազգային մեկուսացման ենթարկվեց: Սկզբում նրան դուրս թողեցին Վերսալ-Վաշինգտոնյան համակարգից, վերջինիս դեմ կազմակերպեցին ինտերվենցիա, իսկ հետո փորձեցին նրա հետ հարաբերություններ հաստատել իբրև պատերազմում տանուլ տված երկրի: Ոչինչ չարվեց Քառյակ միության պարտված պետություններին բարի դրացիների վերածելու ուղղությամբ: Գերմանիային ու նրա նախկին դաշնակիցներին առաջադրվեցին ուժից վեր պահանջներ: Ավելին, բացառապես Գերմանիային ու նրա դաշնակիցներին վերագրվեցին պատերազմի սանձազերծման մեղքերը, և պարտված բոլոր երկրները ուժերից վեր փոխհատուցումներ պետք է վճարեին:
Մեծ տերությունների միջև հակասությունները չէին կարող ապահովել Վերսալ-վաշինգտոնյան համակարգի կենսունակությունը: Միջազգային հարաբերությունների նոր համակարգն էականորեն թուլացավ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն հրաժարվեց Վերսալյան պայմանագիրը վավերացնելուց և որդեգրեց մեկուսացման քաղաքականություն:
Ի սկզբանե թույլ էին նաև Ազգերի լիգայի դիրքերը: Մինչդեռ այն Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի կարևորագույն միջազգային կազմակերպությունն էր, որը կոչված էր ապահովելու խաղաղությունն ու միջազգային անվտանգությունը: Ազգերի լիգայից դուրս մնաց Ռուսաստանը: Չանդամակցեց Ազգերի լիգային նաև ԱՄՆ-ն, որը Գերմանիայի հետ
1921թ. առանձին հաշտության պայմանագիր կնքեց:
Պարտված երկրները համարում էին, որ ոտնահարվել են իրենց կենսական շահերը: Գերմանիայում, Հունգարիայում և Բուլղարիայում կորուսյալ տարածքների վերադարձի խնդիրը պատճառ դարձավ ռազմատենչ ու ռևանշիստական ուժերի համախմբման համար: Նույնիսկ հաղթողների ճամբարին պատկանող Իտալիայում քաղաքական գործիչների մեծամասնությունն այն կարծիքին էր, որ գաղութների բաժանման ընթացքում իրենց շահերը հաշվի չէին առնվել:
Չարդարացան նաև գաղութային երկրների ժողովուրդների այն հույսերը, թե իրենց խնդիրներն արդարացի լուծում կգտնեն: Նույնիսկ մանդատային համակարգի ներմուծումն այդ ժողովուրդները դիտում էին իբրև գաղութային ավարի ավանդական կայսերական բաժանման շարունակություն:
Հետպատերազմյան կարգավորման ընթացքում իրենց արդարացի լուծումը չգտան հայկական, արաբական, ասորական և քրդական հարցերը:
Հետպատերազմյան համակարգի հիմնական նպատակը պետք է լիներ միջազգային հարաբերություններում այնպիսի հավասարակշռության ստեղծումը, որն անկարելի լիներ խարխլել: Դրան հասնել չհաջողվեց:
Աշխարհի զարգացած տերությունների կառավարող շրջանները 1930-ական թթ. հակվեցին այն միտմանը, որ արտաքին քաղաքական խնդիրները կարելի է լուծել միայն ուժի դիրքերից: Դա ստիպեց նրանց մեծացնել ռազմական ներուժը, նախապատրաստվել աշխարհում իրենց ազդեցության ամրապնդմանն ուղղված պայքարի նոր փուլին: Ազգերի լիգան բարդ միջազգային խնդիրների լուծման փորձ չուներ: Դա մեծացնում էր անվստահությունը Լիգայի հանդեպ: Էական դեր էր խաղում նաև սոցիալական լարվածությունը, որը բնորոշ էր Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներին:
Վերսալ-վաշինգտոնյան համակարգն արդեն չէր բավարարում ոչ միայն պարտված պետություններին, այլև հաղթող երկրներից Իտալիային, Ճապոնիային և նույնիսկ Մեծ Բրիտանիային: Վերջինիս անհանգստացնում էր աշխարհում իր ֆինանսական դիրքերի անկումը հօգուտ ԱՄՆ-ի: Վերսալ-վաշինգտոնյան համակարգից 1930-ական թթ. սկզբներին շարունակում էին «կառչել» միայն Ֆրանսիան, որը կրկին զգում էր գերմանական վտանգը, և Փոքր Անտանտի (Հարավսլավիա, Ռումինիա, Չեխոսլովակիա) երկրներն ու Լեհաստանը, որոնք տարածքային ձեռքբերումներ էին ստացել հնեց դրա շնորհիվ: Միջազգային հարաբերություններում առկա էին հետևյալ երեք միտումները.
1.1919-1922թթ. ձևավորված աշխարհակարգի վերանայում, որի օգտին էին հանդես գալիս Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան
2.Վերսալ-վաշինգտոնյան համակարգը պահպանելու ձգտում, որի հետևորդներն էին Ֆրանսիան և Արևելյան Եվրոպայի նրա դաշնակիցները
3. առաջին և երկրորդ խմբի միջև ճկուն կերպով մանևրելու ձգտումը, որի հետևորդներն էին Մեծ Բրիտանիան, ԽՍՀՄ-ն, ինչպես նաև եվրոպական, ասիական և լատինաամերիկյան երկրների մեծ մասը: ԱՄՆ-ն գերադասում էր մեկուսացման քաղաքականությունը:
1918-1939թթ. ընդգրկող ժամանակահատվածում միջազգային հարաբերությունների հիմքում դրվեց ԱՄՆ նախագահ Վիլսոնի առաջ քաշած հավաքական անվտանգության սկզբունքը, որը եկավ փոխարինելու դաշինքներ ստեղծելու և ուժերի հավասարակշռություն հաստատելու միջոցով միջազգային կայունությունն ապահովելու համակարգին:
Հավաքական անվտանգության և դաշինքների ստեղծման համակարգերն արմատապես տարբերվում են միմյանցից հետևյալ հատկանիշներով.
1.Եթե դաշինքն ուղղված է ընդդեմ կոնկրետ սպառնալիքի և ենթադրում է կոնկրետ պարտավորություններ երկրների որոշակի խմբի համար, ապա հավաքական անվտանգության սկզբունքը չի ենթադրում կոնկրետ սպառնալիքի առկայություն, հետևաբար, չի տալիս երաշխիքներ որևէ առանձին երկրի: Այն ուղղված է խաղաղությանն ընդդեմ ցանկացած սպառնալիքի, անկախ այն բանից, թե ով է դրա կրողը, կամ ում դեմ է այն ուղղված:
2.Եթե դաշինքն ուղղված է կոնկրետ հակառակորդի դեմ, ապա հավաքական անվտանգության համակարգը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա պաշտպանում է անդամ պետություններին
3.Եթե դաշինքի պարագայում պատերազմ սկսելու հիմնավոր պատճառ է դաշինքի անդամ երկրներից որևէ մեկի շահերի կամ անվտանգության դեմ յուրաքանչյուր ոտնձգություն, ապա հավաքական անվտանգության համակարգի համար պատերազմ սկսելու հիմնավոր պատճառը վիճելի խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքի խախտումն է:
4.Հավաքական անվտանգության համակարգն անվտանգությունն ապահովում է միայն այն դեպքում, եթե բոլոր երկրները սպառնալիքի բնույթի վերաբերյալ ունեն մոտավորապես նման տեսակետներ և պատրաստ են պատժամիջոցներ կիրառելու՝ անկախ տվյալ իրողության հետ կապված կոնկրետ ազգային շահերից:
Առաջին համաշխարհային
պատերազմի արդյունքում ի հայտ եկած Վերսալ-վաշինգտոնյան համակարգն աշխարհակարգերի մեջ
ամենակարճակյացն էր և ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմով:
Դրանից հետո
նոր ստեղծված աշխարհակարգը ստացավ Յալթա-պոտսդամյան համակարգ անվանումը:
Հակահիտլերյան
խմբավորման փլուզման արդյունքում ի հայտ եկած նոր համակարգի բնորոշ գծերից էր երկու
հասարակական-քաղաքական ճամբարների՝ Արևմտյանի և Արևելյանի ստեղծումը ու դրանց միջև
«սառը պատերազմի» սկսումը:
Պաշտոնապես
«սառը պատերազմի» սկիզբ է համարվում Չերչիլի ճառը ԱՄՆ-ի Ֆուլտոն քաղաքում 1945թ. մարտի
5-ին: Նրանում Մեծ Բրիտանիայի վարչապետը մասնավորապես նշում էր. «Շտետտինից՝ Բալթիկայում,
մինչև Տրիեստը՝ Ադրիատիկում, երկաթյա վարագույր է իջել մայրցամաքի վրա: Այդ գծից այն
կողմ պահվում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հնագույն պետությունների բոլոր գանձերը:
Վարշավան, Բեռլինը, Պրահան, Վիեննան, Բուդապեշտը, Բելգրադը, Բուխարեստը, Սոֆիան՝ այս
բոլոր հայտնի քաղաքները և այդ շրջանների բնակչությունը գտնվում են խորհրդային գոտում
և ենթարկվում են այս կամ այն ձևով ոչ միայն խորհրդային ազդեցությանը, այլ նաև Մոսկվայի
զգալիորեն ուժեղացող վերահսկողությանը… Բացառությամբ Ազգերի բրիտանական համագործակցության
և ԱՄՆ-ի, ուր կոմունիզմը գտնվում է սաղմնային վիճակում, կոմկուսները կամ հինգերորդ
շարասյունները, գնալով, մեծացող սպառնալիք և վտանգ են ներկայացնում քրիստոնեական քաղաքակրթության
համար…
Մենք չենք
կարող թույլ տալ մեզ հենվելու ուժերի աննշան գերակշռության վրա՝ դրանով իսկ ստեղծելով
ուժերը փորձարկելու գայթակղություն: Եթե Ազգերի համագործակցության անգլախոս բնակչությանը
հավելենք ԱՄՆ-ն և հաշվի առնենք, թե ինչ կնշանակի նման համագործակցությունը՝ ծովում,
օդում, գիտության և արդյունաբերության բնագավառում, ապա գոյություն չի ունենա ուժերի
ոչ մի երերուն և վտանգավոր հարաբերակցություն»: «Սառը պատերազմի» ողջ ընթացքում իրար
հակադիր գաղափարաքաղաքական, ռազմական և տնտեսական հակադիր բևեռներին մարմնավորում էին
2 ռազմաքաղաքական միություններ՝ ՆԱՏՕ-ն և Վարշավյան դաշինքը:
Երկու բևեռների
միջև պայքարն ընթանում էր տնտեսական, քաղաքական, ռազմական, գաղափարախոսական և նույնիսկ
գիտատեխնիկական ու մշակութային բնագավառներում: Յուրաքանչյուր կողմի ցանկացած հաջողությունը
կամ հաղթանակը միանշանակ դիտվում էր իբրև մյուսի պարտություն:
Նրանց հակամարտությունը
հանգեցրեց սպառազինությունների աննախադեպ մրցավազքի, միջուկային-հրթիռային և զանգվածային
ոչնչացման նոր զինատեսակների ստեղծման: Մարդկությունն իր պատմության մեջ առաջին անգամ
հայտնվեց համընդհանուր ոչնչացման սպառնալիքի առջև: Միաժամանակ, սպառազինությունների
կատաղի մրցավազքն արագացրեց գիտատեխնիկական առաջընթացը: Բացի այդ, էական տեղաշարժեր
կատարվեցին աշխարհի հասարակական-քաղաքական կառուցվածքում: Հետպատերազմյան ազգային-ազատագրական
շարժման բուռն, համընդհանուր վերելքի պայմաններում փլուզվեց գաղութային համակարգը:
Ասիայում և Աֆրիկայում ստեղծվեցին բազմաթիվ անկախ պետություններ՝ Հնդկաստանը, Պակիստանը,
Շրի Լանկան, Բիրման, Անդրհորդանանը, Ինդոնեզիան, Գվինեան, Ալժիրը, Զիմբաբվեն, Նիգերիան,
Քենիան: Ուշագրավ է, որ միայն 1960թ. Աֆրիկայում անկախություն ստացան 14 ֆրանսիական
նախկին գաղութներ, ինչու և այդ թվականն անվանեցին «Աֆրիկայի տարի»: Հենց այդ ժամանակ
է, որ ի հայտ եկան «երրորդ աշխարհի» երկրներն ու չմիացված երկրների շարժումը:
Յալթա-պոտսդամյան համակարգը գործեց շուրջ 40 տարի: Պատմության մեջ այն առաջինն է, որ դադարեցրել է իր գոյությունն առանց պատերազմի՝ 1989-1991թթ. սոցիալիստական համակարգի փլուզման արդյունքում:
Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանի միջազգային իրադրության ընդհանուր բնութագիրը
Արևելյան Եվրոպայում
սոցիալիստական համակարգի փլուզմամբ, Գերմանիայի վերամիավորմամբ, կոմունիզմի, իբրև քաղաքական
ուժի պարտությամբ և Հարավային Աֆրիկայում ապարտեիդի (տարանջատման) վարչակարգի ավարտով
ավարտվեց նաև միջազգային հարաբերությունների պոտսդամյան կամ դասական երկբևեռ համակարգի
փլուզումը: Միաժամանակ, նշված իրադարձություններն ազդարարեցին «նոր դարաշրջանի» սկիզբը:
1990թ.՝ Քուվեյթի դեմ իրաքյան ագրեսիայից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը շրջանառության
մեջ դրեց «նոր աշխարհակարգ» հասկացությունը: 1990թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի
երկու պալատներին ուղղված իր ելույթում նա նշեց. «Դուրս գալով անախորժություններով
լի այս ժամանակներից՝ մեր հինգերորդ նպատակը կլինի նոր աշխարհակարգը, որը կարող է ի
հայտ գալ իբրև նոր դարաշրջան՝ ահաբեկչության սպառնալիքից ավելի ապահովագրված, ավելի
հզոր՝ արդարության հետապնդման գործում և ավելի ապահով՝ խաղաղության որոնումներում:
Մի ժամանակաշրջան, որում աշխարհի՝ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի ազգերը կարող
են բարգավաճել և ապրել ներդաշնակության մեջ»:
Աշխարհաքաղաքական
նոր իրադրությունն առանձնահատուկ է նրանով, որ ՌԴ-ն մնում է միակ տերությունը, որն
ունի ԱՄՆ-ի ոչնչացման ներուժ: ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկբևեռայնության հարաբերությունները
պահպանվում են միայն ռազմաքաղաքական բնագավառում: Հասարակական կյանքի մյուս ոլորտներում
ԱՄՆ-ն իր ցուցանիշներով բացահայտ առավելություն ունի Ռուսաստանի նկատմամբ: ՌԴ նախագահ
Ելցինի կառավարման ընթացքում (1991-1999թթ.) ԱՄՆ նախագահներ Ջորջ Բուշ Ավագն ու Բիլ
Քլինթոնն աջակցում էին Ռուսաստանում ընթացող տնտեսական բարեփոխումներին: Իր հերթին
Ռուսաստանը ժամանակավորապես կորցրեց առաջատարի դիրքերը միջազգային հարաբերություններում:
Ռուսաստանի հաջորդ նախագահ Պուտինի (2000-2008թթ.) օրոք Ռուսաստանը ոչ միայն տնտեսական
աննախադեպ աճ ապահովեց և վճարեց իր արտաքին պարտքերն, այլև կրկին առաջատար դիրքեր գրավեց
միջազգային հարաբերություններում: Նորովի ի հայտ եկան հակասությունները ռուս-ամերիկյան
հարաբերություններում: Ռուսաստանը դեմ էր ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանն արևելյան ուղղությամբ,
ԱՄՆ-ի՝ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ ստեղծելու ծրագրերին, 2003թ. ամերիկյան
ներխուժմանն Իրաք: Այնուամենայնիվ, երկու երկրներն էլ քայլեր էին ձեռնարկում «սառը
պատերազմի» մտածելակերպից հրաժարվելու և իրական համագործակցություն ծավալելու ուղղությամբ:
Համագործակցության մթնոլորտի ապահովման տեսանկյունից կարևորագույն քայլ էր Ռուսաստանի՝
աշխարհի տնտեսապես ամենազարգացած պետությունների «Մեծ յոթնյակին» միանալը նրանց ղեկավարների
Դենվերի հանդիպման ժամանակ 1997թ., ինչի արդյունքում կառույցը ստացավ «Մեծ ութնյակ»
անվանումը:
Արդի միջազգային հարաբերությունների առանձնահատկությունն է նաև ռազմական ուժի դերի աճը միջպետական հարաբերություններում: Դա բացատրվում է նախ և առաջ նրանով, որ նախկին Խորհրդային Միության և սոցիալիստական համակարգի պետությունների տարածքում բազմաթիվ զինված հակամարտություններ ծագեցին: Բացի այդ, վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ավելի լայնորեն են դիմում ուժի կիրառմանը՝ իրենց շահերն ապահովելով տեղական և տարածաշրջանային հակամարտություններում:
1990-ական թթ. կեսերից միջազգային հարաբերություններում աստիճանաբար աճել է նաև խաղաղապահ առաքելությունների դերը, որոնց էությունը առանձին հակամարտությունների դադարեցման նպատակով միջազգային հանրության՝ նաև ուժային միջոցների ազդեցությանը դիմելն է:
Եթե երկբևեռ աշխարհի քաղաքական քարտեզը 1945-1989թթ. ընդգրկող ժամանակահատվածում ըստ էության անփոփոխ էր (բացառություն էր թերևս Բանգլադեշի անջատումը Պակիստանից 1971թ.),
ապա 1989թ. սկսած օրակարգային դարձան պետությունների միավորման և մասնատման խնդիրները: Միաժամանակ, փլուզվեցին նախկին սոցիալիստական համակարգի բազմազգ պետությունները՝ ԽՍՀՄ-ն, Հարավսլավիան, Եթովպիան, Չեխոսլովակիան, ինչի արդյունքում 2 տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա ավելացավ ավելի քան
20 ինքնիշխան պետություն:
2001 թվականից միջազգային հարաբերություններում ի հայտ է եկել նոր սպառնալիք՝ վերազգային ահաբեկչությունը: Այն չունի հստակ ազգային կամ պետական պատկանելություն և ի զորու է հարվածելու ցանկացած երկրի ինչպես արտերկրից, այնպես էլ՝ երկրի ներսից: 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ հարձակման ենթարկվեց սեփական տարածքում: Քաղաքացիական ինքնաթիռներ զավթած ահաբեկիչները դրանք ուղղեցին Նյու Յորքում գտնվող Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու շենքերի և Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի շենքի վրա: Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ շենքերը ոչնչացվեցին: Զոհվեց 2801 մարդ: Աղետի քաղաքական ու հոգեբանական հետևանքները ծանր ու ճնշող էին:
Ահաբեկչական այդ գործողությունների կազմակերպման ու իրականացման գործում որոշիչ դեր խաղաց «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր և ղեկավար, ծագումով Սաուդյան Արաբիայից Ուսամա բեն Լադենը, որը հաստատվել էր Աֆղանստանում: Վաշինգտոնն Աֆղանստանից պահանջեց հանձնել ահաբեկչին, սակայն մերժում ստացավ: Արդյունքում ԱՄՆ-ն որոշեց պատերազմական գործողություններ սկսել Աֆղանստանի դեմ: Նրան այդ հարցում աջակցեց Մեծ Բրիտանիան՝ ԱՄՆ-ի հետ առանձնահատուկ դաշնակցային հարաբերություններ ունեցող պետությունը՝ զորք ուղարկելով Աֆղանստան: Իր աջակցությունն ԱՄՆ-ին հայտնեց նաև ՌԴ-ն: Միջազգային ահաբեկչության դեմ ազդեցիկ պետությունների և աշխարհի հանրության բողոքն ու գործնական քայլերն առայժմ անզոր են արմատախիլ անելու համամարդկային այդ չարիքը: Ավելին, ահաբեկչությունը հանդիսանում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման պայքարի գլխավոր ձևը: Բացի հազարավոր անմեղ քրիստոնյաների ֆիզիկական ոչնչացումն իրենց վերահսկողությանն անցած տարածքներում, միայն 2015թ. ընթացքում ջիհադիստներն ահաբեկչական խոշոր գործողություններ են իրականացրել Քաբուլում, Անկարայում, Բեյրությում, Եգիպտոսի օդային տարածքում, Փարիզում, Բամակոյում և աշխարհի այլ վայրերում:
21-րդ դարի առաջին և երկրորդ տասնամյակների սահմանագծի իրողությունները հաճախ որակվում են իբրև միաբազմաբևեռ աշխարհ՝ մեկ գերտերությամբ, մի շարք հիմնական համաշխարհային նշանակության պետություններով և համաշխարհային քաղաքականության վրա, գնալով, ավելի մեծ ազդեցություն ունեցող տարածաշրջանային պետություններով, ինչպիսին են՝ Գերմանիան՝ Եվրոպայում, Թուրքիան՝ Կովկասում, սևծովյան տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում:
«Սառը պատերազմի» ավարտը, կոմունիզմի պարտությունը և լիբերալ ժողովրդավարության տարածումը հետխորհրդային ու «երրորդ աշխարհի» երկրներում նոր ընկալումներ է ձևավորել միջազգային հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ: 1989թ. ազգությամբ ճապոնացի ամերիկյան փիլիսոփա, քաղաքագետ, քաղաքական տնտեսագետ և գրող, Սթենֆորդի համալսարանի Ֆրիմեն Սպոլյիի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ֆրենսիս Ֆուկույաման հանդես եկավ իր «Պատմության ավարտը» աշխատությամբ: Նա այն գաղափարն էր առաջ քաշում, որ պատմությունն իբրև շարժում ավարտված է, քանի որ աշխարհում վերջնականապես հաղթանակել են լիբերալիզմը, ժողովրդավարությունը, սպառողական մշակույթը, իսկ արևմուտքն ու արևմտյան գաղափարախոսությունը գերիշխում են: Նա նաև նշում էր, որ առանձին փոքր պատերազմները դեռ հնարավոր են, սակայն մեծ պատերազմների հավանականությունը խիստ նվազել է:
1993թ. ամերիկյան սոցիոլոգ և քաղաքագետ, քաղաքակրթությունների էթնոմշակութային բաժանման հիմնադիր Սեմուել Հանդինգտոնը (1927-2008թթ.) իր «Քաղաքակրթությունների բախումը» հոդվածում առաջ քաշեց, ապա
1996թ. հրատարակված համանուն աշխատության մեջ զարգացրեց ճիշտ հակադիր տեսակետը: Նա նշում էր, որ ապագայում պատերազմները ոչ միայն չեն բացառվում, այլև սպասվում են ավելի խոշոր պատերազմներ՝ բախումներ քաղաքակրթությունների միջև: Ընդ որում, Արևմուտքի դեմ կարող է հանդես գալ մնացյալ աշխարհը: Նրա կարծիքով՝ բաժանարար գծերն անցնելու են ոչ թե պետությունների, այլ՝ քաղաքակրթությունների միջև: Քաղաքակրթությունների բախման առավել հավանական սցենար կարելի է համարել մահմեդական և քրիստոնյա կրոնների հետևորդների բախումը եվրոպական այն երկրներում, որտեղ կան մեծաքանակ մահմեդական ներգաղթյալներ: 2015թ. հունվարի 7-ին Փարիզում հենց այդպիսի պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվեց, երբ ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրությունը «Twitter»-ում տեղադրեց «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարը: Դրանից մի քանի ժամ անց շաբաթաթերթի խմբագրությունը ենթարկվեց ահաբեկչական զինված հարձակման, որի արդյունքում զոհվեց 12 մարդ, ներառյալ երկու ոստիկան և շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Շարբոնյեն: Ի նշան ահաբեկչության դատապարտման և ի հիշատակ զոհվածների, եվրոպական մի քանի տասնյակ պետությունների (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Ուկրաինա) ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ: Միջադեպի վերաբերյալ միջազգային հանրության վերաբերմունքը, սակայն, միանշանակ չէր: Կային տեղի ունեցածը խստորեն դատապարտողներ, ովքեր հանդես եկան խոսքի ազատությունը պաշտպանելու դիրքերից՝ իբրև կարգախոս օգտագործելով «Ես Շառլի եմ» արտահայտությունը: Եղան նաև հավասարակշռության կողմնակիցներ, ովքեր, դատապարտելով ահաբեկչությունը, այնուամենայնիվ, համարում էին, որ խոսքի ազատությունը չի կարելի վեր դասել հավատացյալների կրոնական զգացմունքի նկատմամբ հարգանքից: Այս իմաստով, երգիծական շաբաթաթերթի քայլը գնահատվում էր սադրիչ, միջկրոնական կրքեր բորբոքող, ինչպես նաև խոսքի ազատության ընկալումը ձևախեղող արարք: Բուռն էր նաև եվրոպական երկրների մահմեդական բնակչության արձագանքը: Վիրավորված իրենց հավատի ու կրոնական զգացմունքների նկատմամբ ծաղրական վերաբերմունքից՝ մահմեդականները ևս դուրս եկան եվրոպական մայրաքաղաքների փողոցներ «Ես Շառլի չեմ, ես Մուհամմեդ եմ» կարգախոսի ներքո: Ակնհայտ էր, որ իրավիճակի սրումը կարող էր առաջ բերել բախումներ քրիստոնյաների ու մահմեդականների միջև: Բարեբախտաբար, այդպիսի բան տեղի չունեցավ: Չի բացառվում, որ կրոնական բախումները հրահրում են որոշ քաղաքական ուժեր՝ իրենց ռազմաքաղաքական ծրագրերն իրագործելու նպատակով: Քաղաքակրթական բախման մեկ այլ դրսևորում էլ հանդիսանում է
2015թ. ամռանից Մերձավոր Արևելքից դեպի եվրոպական երկրներ (Հունաստան, Իտալիա, Հունգարիա, Ավստրիա, Գերմանիա) մահմեդականների աննախադեպ գաղթը, որն ուղղորդվում է հմտորեն քողարկված քաղաքական ուժի կողմից և հիմնավորվում Մերձավոր Արևելքում քաղաքական իրադրությունն ապակայունացնելու համար արևմտաեվրոպական երկրներից վրեժ լուծելու անխուսափելի անհրաժեշտությամբ:
Թեև քաղաքական գործիչները չափից դուրս անիրատեսական են համարում Ֆուկույամայի գաղափարները, սակայն միաժամանակ՝ չափից դուրս վտանգավոր՝ Հանդինգտոնի գաղափարախոսությունը, այնուամենայնիվ, չեն կարող չխոստովանել մարդկության առջև ծառացած վտանգն ու չփորձել փրկության ուղիներ փնտրել: Դրա արդյունքում առաջ է քաշվել Իրանի նախագահ Խաթամիի «քաղաքակրթությունների երկխոսություն» գաղափարը, իսկ այժմ շրջանառության մեջ է դրվել «քաղաքակրթությունների դաշինք» հասկացությունը: Սակայն ապագա զարգացումները կախված են նրանից, թե ինչպիսին կլինի «նոր աշխարհակարգը»: Իսկ այն ձևավորվում է որպես ամերիկյան աշխարհակարգ, որում ԱՄՆ-ն առաջինն է հավասարների մեջ: ԱՄՆ-ն իր տնտեսական, ռազմական, քաղաքական և մշակութային ներուժով էականորեն գերազանցում է մյուս խոշոր երկրներին: Սակայն մարդկության առջև ծառացած են որոշ մարտահրավերներ, որոնք միայնակ կարգավորել չի կարող անգամ ԱՄՆ-ի նման գերտերությունը: Հետևաբար, հակամարտությունից համագործակցության անցնելու միտում կա: Դա առաջին հերթին վերաբերում է ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին:
Երեք «աշխարհները»
«Սառը պատերազմի» տարիներին
դասական երկբևեռ համակարգում գոյություն ունեին 2 աշխարհ՝ «առաջին աշխարհը», որի մեջ
մտնում էին Արևմուտքի զարգացած կապիտալիստական երկրները, և «երկրորդ աշխարհը», որի
մեջ ընդգրկված էին սոցիալիստական ճամբարի պետությունները: Դրանց համապատասխանաբար մարմնավորում
էին 2 ռազմաքաղաքական միությունները՝ ՆԱՏՕ-ն և Վարշավյան դաշինքը: Գաղութային համակարգի
փլուզումը և բազմաթիվ նորանկախ պետությունների ստեղծումը եկան նոր երանգներ հաղորդելու
Յալթա-Պոտսդամյան համակարգին: Նոր իմաստ ու բովանդակություն ստացավ «երրորդ աշխարհ»
հասկացությունը, որը քաղաքական շրջանառության մեջ էր դրել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար
Համմարշելդը: Եթե սկզբում այդպես բնորոշում էին վերջին երկու հարյուրամյակի ընթացքում
ապագաղութացման պայքարի բովով անցած Ասիայի և Լատինական Ամերիկայի աղքատ երկրներն,
ապա երկբևեռ աշխարհի պայմաններում այս հասկացությամբ սկսեցին բնորոշել ապագաղութացված
նորանկախ այն պետությունները, որոնք, ընտրելով զարգացման կա՛մ կապիտալիստական, կա՛մ
սոցիալիստական ուղին, այդպես էլ չկողմնորոշվեցին և ոչ մի ճամբարի կողմը, իրենց ճակատագիրը
չկապեցին գերտերությունների հետ, չդարձան նրանց միջև խաղաքարտ, այլ ընթացան ինքնուրույն
դիրքորոշման և քաղաքականության ուղիով: Վերջինիս հիմքում ընկած էր միջուկային զենքին
տիրապետող ու այն բազմապատկող գերտերությունների մտադրություններին չվստահելու, «սառը
պատերազմում» չեզոքություն պահպանելու հայեցակարգը: «Երրորդ աշխարհի» պետությունները
ձգտում էին խուսափել «սառը պատերազմից», սակայն չէին ցանկանում հայտնվել համաշխարհային
քաղաքականությունից դուրս: Ի վերջո, նրանց հաջողվեց ստիպել ԽՍՀՄ-ին ու ԱՄՆ-ին՝ համաշխարհային
քաղաքականության մեջ ընկալելու իրենց այն դերում, որ նորանկախ երկրներն էին իրենց համար
ընտրել:
Հետսառըպատերազմյան աշխարհակարգի
պայմաններում արտաքին ասպարեզում պետությունների գործունեության հիմնական նպատակը պայքարն
է քաղաքական ազդեցության ամրապնդման և ապրանքների վաճառահանման եկամտաբեր շուկաների
համար: Այդ պայքարում նրանց վրա էապես ազդում են միջազգայնացման, ինտեգրման և գլոբալացման
գործընթացները, որոնք թերևս քիչ կանխատեսելի են:
Միջազգայնացումը առևտրային շուկաների
և ֆինանսական ռեսուրսների ընդհանուր շրջանառության ապահովումն է:
Ինտեգրումը տարբեր տնտեսական
միավորների և տնտեսական գործունեության տարբեր փուլերի միավորումն է մեկ ընդհանուր
գործընթացի մեջ:
Գլոբալացումը ֆինանսաներդրումային
և տեղեկատվական գործունեության նույնականացումն է, այդ գործընթացը կառավարելի դարձնելու
ձգտումը:
Վերոնշյալ գործընթացների ազդեցությամբ պայմանավորված՝ պետությունների բաժանումը 3 խմբի պահպանվում է,
բայց այն ձեռք է բերել նոր բովանդակություն:
Զարգացած
երկրներ կամ «ոսկե միլիարդ»
Այս խմբի մեջ մտնում են Հյուսիսային Ամերիկայի,
Արևմտյան Եվրոպայի զարգացած կապիտալիստական երկրները և Ճապոնիան՝ «սառը պատերազմի»
ժամանակաշրջանի «առաջին աշխարհի»
երկրները, որոնք առաջնորդվում են ժողովրդավարության արժեքներով:
Այս պետություններն ազդեցիկ են թե՛ իրենց,
թե՛ մնացյալ երկու «աշխարհներում», նրանք միջազգայնացման և գլոբալացման հիմնական տարածողներն են: «Առաջին աշխարհն» ամենաազդեցիկն է քաղաքական,
տնտեսական և ռազմական առումներով,
գերիշխող է մյուս երկու աշխարհների նկատմամբ:
Այն ինտեգրված է ու հանդիսանում է բևեռների ու ուժային կենտրոնների ամբողջություն:
Միջին զարգացվածության պետություններ
Այս խմբում են այն պետությունները,
որոնք գտնվում են բարեփոխումների փուլում կամ անցում են կատարում կառավարման հին՝ սոցիալիստական ձևից նորին՝ կապիտալիստականին: «Երկրորդ աշխարհի»
մեջ մտնում են Հնդկաստանը,
Չինաստանը, Արևելյան Եվրոպայի երկրները,
ԱՊՀ-ն,
Բալթյան երկրները:
Այս երկրները ինտեգրված չեն,
սակայն նրանք ենթակա են միջազգայնացման օրենքներին,
նրանք գլոբալացման օբյեկտ են:
«Երկրորդ աշխարհի»
պետություններից Ռուսաստանն ու Չինաստանը հավակնում են դառնալ «առաջին աշխարհի»
մաս: «Երկրորդ աշխարհը» զգալիորեն թույլ է «առաջին աշխարհից»:Նրա մասը հանդիսացող պետությունները վերջինիս նկատմամբ տածում են «սիրո և ատելության» զգացումներ.
մի կողմից ձգտում են նմանվել «առաջին աշխարհի»
պետություններին, բայց մյուս կողմից էլ պայքարում են հանուն սեփական ինքնուրույնության: «Երկրորդ աշխարհը»
միասնական չէ,
չունի ընդհանուր քաղաքականություն և աչքի չի ընկնում դաշնակցային հարաբերություններով: Այն շատ փոփոխական է,
քանի որ նրա անդամ պետությունները կարող են հայտնվել կամ զարգացած,
կամ էլ զարգացող երկրների թվում:
Զարգացող
պետություններ
Զարգացող են համարվում Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի, Հարավային Ասիայի երկրները:
Նրանց միավորում է սոցիալ-տնտեսական զարգացման միևնույն աստիճանի վրա գտնվելը,
միջազգային հարաբերությունների օբյեկտ լինելը:
«Երրորդ աշխարհում»
ինտեգրացիոն գործընթաց դեռևս չկա,
այն միջազգայնացման և գլոբալացման օբյեկտ է:
«Երրորդ աշխարհի»
պետություններում տնտեսավարման ձևերը բազմազան են: Այսպես,
աֆրիկյան պետությունները նոր են անցում կատարել ավատատիրությունից կապիտալիզմին,
Հարավային Ասիայում կապիտալիզմը տնտեսության մեջ զուգակցվում է տոտալիտարիզմով ներքաղաքական կյանքում,
իսկ Լատինական Ամերիկայում կապիտալիզմը քրեական է:
Պետությունների տնտեսական զարգացման և դրանց արտաքին քաղաքական ազդեցության մակարդակից զատ արդեն
20-րդ դարի վերջից պետությունների դասակարգման հիմքում ընդունված է դնել նաև դրանց ժողովրդավարության աստիճանը:
Ըստ այդմ,
պետությունները կամ ժողովրդավարական են,
կամ ոչ ժողովրդավարական: Երկրորդ խմբի պետություններն, իրենց հերթին բաժանվում են անցումային, ավտորիտար և տոտալիտար պետությունների:
Աշխարհի մոտ 40 պետություն կայացած ժողովրդավարական է:
Մի քանիսը տոտալիտար են,
իսկ մյուսները՝ ավտորիտար, կամ գտնվում են անցումային փուլում:
Պետությունը կարող է համարվել ժողովրդավարական,
եթե.
1.երկրի հասուն բնակչության 50%-ից ավելին ունի ընտրելու և ընտրվելու իրավունք
2.պետության գործող օրենսդիր և գործադիր բարձրագույն իշխանությունը ձևավորվել է իրարից անկախ առնվազն երկու կուսակցությունների միջև ազնիվ,
օրինական ընտրապայքարի արդյունքում
3.այդ երկրում օրենսդիր և գործադիր բարձրագույն իշխանությունը մի կուսակցությունից մյուսին առնվազն մեկ անգամ արդեն անցել է խաղաղ սահմանադրական ճանապարհով:
Միջազգային հարաբերությունների կառուցվածքային զարգացման փուլերը
Մի շարք հետազոտողներ
միջազգային հարաբերությունների ձևավորման գործընթացի սկիզբ համարում են Հռոմեական կայսրության
անկումը, իսկ այդ գործընթացի ավարտ՝ Վեստֆալյան հաշտության կնքումը, որի արդյունքում
ձևավորված նոր աշխարհակարգի գերիշխող միավոր դարձավ ինքնիշխան պետությունը: Վեստֆալյան
համակարգում բացակայում էր վերազգային մարմինը, և պետություններն ինքնուրույն էին ոչ միայն իրենց սահմաններում քաղաքականություն
իրականացնելիս, այլև արտաքին ասպարեզում գործելիս: Պետությունների միջև լարված մրցակցության
պայմաններում, որը Վեստֆալյան համակարգի հիմնական շարժիչ ուժն էր, կարևորվում էր պետության
կողմից ուրիշների գործերին չմիջամտելու սկզբունքը, որը միշտ էլ հրատապ մնաց: Պատահական
չէ, որ ժամանակի ընթացքում պետությունները մշակեցին միջազգային հարաբերությունները
կարգավորող համակարգ՝ միջազգային իրավունքը: Պետությունների միջև մրցակցությունն, ինչպես
այն ժամանակ, այնպես էլ մեր օրերում ընթանում է հանուն գերիշխանության աշխարհում: Երբ
այդ պայքարում պետությունների մի խմբի շահերը հակասության մեջ էին մտնում մեկ այլ խմբի
ազգային շահերի հետ, անխուսափելի էր դառնում պատերազմը: Յուրաքանչյուր պատերազմ առաջացնում
էր նոր միջազգային հավասարակշռություն, որը տևում էր մինչև հաջորդ պատերազմը: Պատահական
չէ, որ Վեստֆալյան համակարգը համեմատում են
բիլիարդի գնդակի հետ, որի հիմնական սկզբունքն ազգային շահն էր, իսկ հիմնական չափորոշիչը՝
ռազմական ուժը: Նշված առաջնահերթությունները պահպանվեցին նաև 17-18-րդ դարերում, երբ
ընթանում էր ֆրանս-բրիտանական մրցակցությունը գաղութների համար, ապա՝ «եվրոպական ազգերի
համերգի» կամ Վիեննայի համակարգի ընթացքում՝ 19-րդ դարում, այնուհետև՝ Վերսալ-վաշինգտոնյան
համակարգի կարճատև գոյության ընթացքում՝ 20-րդ դարի սկզբին և Յալթա-պոտսդամյան համակարգի
ընթացքում՝ 20-րդ դարի երկրորդ կեսին:
20-րդ դարի վերջին աշխարհում տեղի ունեցած արմատական փոփոխությունները հիմք դարձան հայտարարելու միջազգային հարաբերությունների նոր համակարգի՝ հետսառըպատերազմյան կամ հետժամանակակից համակարգի ձևավորման մասին: Վերջինիս բնորոշ է անկայունությունը, քիչ կանխատեսելի լինելը, ոչ պետական սուբյեկտների ակտիվ ներգրավվածությունը միջազգային հարաբերություններում և, ի վերջո, ըստ էության, դեռևս չբացահայտված լինելը:
Բևեռայնության խնդիրը միջազգային հարաբերություններում
Համաշխարհային պատմության ընթացքում
գոյություն են ունեցել միջազգային հարաբերությունների համակարգերի հետևյալ կառուցվածքային
տիպերը.
1.Միաբևեռ համակարգ կամ աշխարհ, որտեղ.
Կենտրոնական պետությունն է սահմանում
«խաղի» կանոնները, նա իշխում է մյուսներին՝ օգտագործելով իշխանության ռազմական ու տնտեսական
լծակները
Կենտորանական պետությունն է
տնօրինում բոլոր հիմնահարցերի լուծումը, կարգավորում մյուս պետությունների միջև հարաբերությունները
Կենտրոնական պետությունը խոչընդոտում է այլ պետությունների անկախական ձգտումների իրագործմանը
2.Երկբևեռ համակարգ կամ աշխարհ, որտեղ.
Երկու բևեռների միջև հարաբերությունները
լարված են, թշնամական
Միմյանց ազդեցությունը նվազեցնելը
հակադիր բևեռների փոխադարձ ձգտումն է, նրանց արտաքին քաղաքականության կարևորագույն
նպատակը
Այս համակարգում գործում են «զրոյական ելքով» խաղի կանոններ, երբ մի բևեռի ազդեցության աճը հանգեցնում է մյուս բևեռի թուլացման նույն չափով:
3.Եռաբևեռ համակարգ կամ աշխարհ, որտեղ.
Կողմերից յուրաքանչյուրը ձգտում
է սերտ հարաբերություններ ունենալ մյուսների հետ կամ գոնե խուսափում է թշնամական հարաբերություններից
և բախումներից
Կողմերից յուրաքանչյուրը ձգտում է թույլ չտալ մյուս երկու մասնակիցների հարաբերությունների սերտացում
4.Բազմաբևեռ համակարգ կամ աշխարհ, որտեղ.
Ցանկացած պետություն, որը գերտերություն
դառնալու հավակնություն ունի, փորձում է ուժեղացնել սեփական դիրքերը կամ գոնե բացառել
դրանց թուլացումը
Մի քանի պետություններ, որոնք
հավակնում են առաջնորդի դերին, հակադրվում են միմյանց ցանկությանը
Նույնիսկ հակամարտության դեպքում բոլոր մասնակիցները ձգտում են թույլ չտալ հարաբերությունների ապակայունացում
Հեգեմոն պետության գաղափարը միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի օրինակով
«Սառը պատերազմի» ավարտով դադարեց
գոյություն ունենալ դասական երկբևեռ աշխարհը: Սակայն կասկած չհարուցող այդ պատմական
իրադարձությամբ չդադարեցին գիտաքաղաքական վեճերն աշխարհի միաբևեռ կամ երկբևեռ կառուցվածքի
վերաբերյալ: Հենվելով երկբևեռ աշխարհի բևեռներից մեկի վերացման վերաբերյալ Ջորջ Բուշ
Ավագի՝ իրաքյան պատերազմի առնչությամբ 1990-ական թթ. սկզբին արված հայտարարության վրա՝
ամերիկյան քաղաքագետ, սոցիոլոգ և պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկին իր «Մեծ շախմատային
տախտակ» գրքում արձանագրեց, որ «հակառակորդի կործանման արդյունքում ԱՄՆ-ն հայտնվել
է բացառիկ իրավիճակում: Նա դարձել է առաջին և միակ գերտերությունը: Եվ, եթե նույնիսկ
ԱՄՆ-ի գերազանցությունը սկսի նվազել, ապա քիչ հավանական է, որ ինչ-որ պետություն ստանա
այնպիսի համաշխարհային գերիշխանություն, ինչպիսին ունի ԱՄՆ-ն»: Պատահական չէ, որ հենց
այս ժամանակ շրջանառության մեջ դրվեց ամերիկյան աշխարհի կամ Pax Americana-ի
տեսությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն գլխավորելու է միաբևեռ աշխարհի ստեղծումը: Հանդինգտոնի
կարծիքով, ԱՄՆ-ի առաջնորդությունն արտացոլված է նրա սոցիալ-տնտեսական զարգացման և հասարակության
ազատության բարձր մակարդակով: Միաժամանակ, մի շարք հետազոտողներ էլ կարևորում են ԱՄՆ-ի
պատասխանատվությունն աշխարհում ընթացող գործընթացների վրա հենց այն պատճառով, որ նա
ամենահզոր պետությունն է աշխարհում: Ավելին, նրանք բարձրացնում են առաջնորդ-պետության
կողմից նման պատասխանատվություն ստանձնելու նպատակահարմարությունը՝ հղում կատարելով
ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնին, ով ժամանակին հայտարարել էր, թե այլ պետությունների
շահերի մեջ ներգրավվելը խորթ է ամերիկյան էությանը:
Միաբևեռ աշխարհի գաղափարը, սակայն, քննադատվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև նրա սահմաններից դուրս: Ավելին, տեսական բանավեճերից բացի, խնդիրը նաև գործնական նշանակություն ունի, քանի որ բևեռ-պետություն դառնալու հավակնություն հանդես են բերում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, ԵՄ-ն և Իրանը: Վերջին ժամանակաշրջանում հաճախ խոսվում է նաև Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի համաձայնեցված գործողությունների մասին, որոնք միտված են այդ պետություններին վերածելու նոր բևեռի միջազգային հարաբերություններում: Այդ հեռանկարը գործնական հիմքի վրա դրվեց 2015թ. հուլիսին, երբ Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ կայացավ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան հանրապետության, Բրազիլիայի (BRICS), Շանհայի համագործակցության կազմակերպության և ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Հայաստանը դարձավ Շանհայի համագործակցության գործընկեր պետություն: Հիմք դրվեց 2 ատոմային ու մրցակից պետությունների՝ Հնդկաստանի և Պակիստանի՝ Շանհայի համագործակցությանն անդամակցության գործընթացին: Ռուսաստանը, որին Ուկրաինական ճգնաժամի պատճառով դուրս են թողել «Մեծ ութնյակից» և ձգտում են ծնկի բերել տնտեսական սանկցիաների քաղաքականության միջոցով, ոչ միայն կարողանում է հակազդել պատժամիջոցներին, այլև ձևավորում է իր ութնյակը: Վերջինիս մեջ մտնող երկրները միասին զբաղեցնում են երկրագնդի տարածքի ու բնակչության կեսը, ապահովում են համաշխարհային ՀՆԱ-ի 1/3-ը: BRICS-ը հզոր ու հեռանկարային տնտեսական և քաղաքական կազմակերպություն է՝ հիմնված որոշումները կոնսենսուսով կայացնելու սկզբունքի վրա:
«Գլոբալ ժողովրդավարական ալիք». հասկացությունը, փուլերը, հատկանիշները, ընթացքի առանձնահատկությունները: Ավտորիտար պետություններն արդի աշխարհում
ԱՄՆ նախագահ Լինքոլնը ժողովրդավարությունը
սահմանել է որպես «ժողովրդի կառավարում՝ ընտրված ժողովրդի կողմից՝ հանուն ժողովրդի
շահերի»: Ժողովրդավարության այս ընկալման բովանդակությունը անցած ժամանակի ընթացքում
անեշեղորեն մշակել, զարգացրել ու կատարելագործում են հասարակական-քաղաքական զարգացման
ժողովրդավարական ուղին ընտրած պետությունները:
Գլոբալ ժողովրդավարական ալիք
է անվանվում որոշակի ժամանակահատվածում աշխարհի պետությունների որոշակի խմբի անցումը
հասարակական-քաղաքական կառավարման ոչ ժողովրդավարական ձևից ժողովրդավարականին կամ նրանցում
գործող քաղաքական համակարգերի լիբերալացումը՝ մասնակի ժողովրդավարացումը, որը քանակապես
գերակշռում է նույն ժամանակահատվածում աշխարհի պետություններում հակառակ ուղղությամբ
ընթացող փոփոխություններին:
Ըստ միջազգային հարաբերությունների
ամերիկյան տեսաբան Հանդինգտոնի, համաշխարհային պատմության ընթացքում տեղի է ունեցել
գլոբալ ժողովրդավարական երեք ալիք: Ընդ որում, որպես օրինաչափություն, դրանց հետևել
է ժողովրդավարության անկումը և հասարակության հետընթացը դեպի ավտորիտար վարչակարգեր:
Այսպես.
1.1828-1926թթ.- գլոբալ ժողովրդավարության
առաջին և երկար ալիքը, որին հաջորդել է առաջին՝ 1922-1942թթ. հետընթացը
2.1943-1962թթ.- գլոբալ ժողովրդավարության
երկրորդ և կարճ ալիքը, որին հետևել է երկրորդ՝ 1958-1975թթ. հետընթացը
3.1974թ. սկսված ու մինչ օրս
շարունակվող գլոբալ ժողովրդավարացման երրորդ ալիքը
Անկախ պատմական ժամանակաշրջանից,
գլոբալ ժողովրդավարության ալիքներին բնորոշ են.
1.ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական
վարչակարգերի միջև բաժանարար գծի առկայությունը, որը հնարավորություն է տալիս հստակ
գնահատել դրա երկու կողմերում գտնվող յուրաքանչյուր պետության կառավարման ձևը, նրա
ներքին ու արտաքին քաղաքականությունը
2.ժողովրդավարության բովանդակության
աստիճանական փոփոխությունը և խորացումը, հասունացումը: Օրինակ՝ ամերիկյան և ֆրանսիական
հեղափոխություններից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարությունն
իր նախնական ձևից, այն է՝ կանոնավոր բազմակուսակցական ընտրություններ, կատարելագործվել
ու հասունացել է մինչև ժողովրդավարության արդի՝ արևմտաեվրոպական տիպը
3.անգամ ամենաառաջավոր ժողովրդավարական
համակարգերում թերությունների առկայությունը
4.տարբեր երկրներում ժողովրդավարությանն
անցման մեկնարկային դիրքերի, նշված գործընթացի խորության, տեմպերի, արդյունքների, հետևաբար
նաև ավտորիտարիզմի հնարավոր ռեցիդիվների հավանականության տարբերությունները: Օրինակ՝
Սոմալիում, Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում գործող ռեժիմների տապալումն այդ երկրները
դուրս մղեց ինտեգրման գործընթացից, նրանք ներքաշվեցին քաղաքացիական պատերազմի մեջ:
Իսկ Եթովպիայում, Գանայում, Նիկարագուայում, Զաիրում և մի քանի այլ աֆրիկյան պետություններում
կառավարման ավտորիտար ձևից հրաժարվելու գործընթացն ունի տարբեր բովանդակություն, խորություն
և տեմպեր
5.ժողովրդավարությանն անցման
գործընթացի մասշտաբայնությունը և մի շարք պետությունների համար դրա համաժամանակյա լինելը:
Այս տեսանկյունից գլոբալ ժողովրդավարության ալիքներից երրորդն ամենամասշտաբայինն է
համաշխարհային պատմության մեջ: Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ ժողովրդավարության
գլոբալ գործընթացն ընդգրկել է երկրագնդի տարածքի կեսը, որի վրա գտնվում են աշխարհի
տնտեսապես զարգացած, գիտատեխնիկական ու ռազմական առումով հզոր պետությունները:
6.Ժողովրդավարության առաջընթացի
զրոյական ազդեցությունը միջպետական հակասությունների ու կոնֆլիկտների վրա: Օրինակ՝
Հնդկաստանի և Պակիստանի, Հունաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունները
պահպանվում են, չնայած այդ երկրներում ժողովրդավարության առաջընթացին:
Ժողովրդավարության ալիքը կարող է ընթանալ հետևյալ սցենարներով.
1. մեկ պատճառ (single cause)
Օրինակ՝ բրիտանական կայսրության փլուզումը պատճառ դարձավ մի շարք ժողովրդավարական պետությունների առաջացման համար:
2. զուգահեռ
զարգացում (parallel development)
Այս տարբերակը բնորոշ է զարգացման որոշակի աստիճանի հասած այն տարածաշրջաններին, որտեղ հարևան պետությունները մեկը մյուսի ետևից դառնում են ժողովրդավարական: Օրինակ՝ Հարավարևելյան Ասիայում 1975թ. Լաոսի անկախացումից հետո
1979թ. անկախ ժողովրդավարական պետություն հռչակվեց Կամբոջան:
3. ձնագունդ
(snowball)
1980-ական թթ.
վերջին Լեհաստանում ժողովրդական հեղափոխությունից հետո այս գործընթացը տարածվեց Չեխիայում և Հունգարիայում, իսկ հետագայում՝ նաև ողջ Արևելյան Եվրոպայում:
4. Ժամանակի ոգի (zeit geist)
Ժողովրդավարացման այս ուղին բնորոշ է գունավոր հեղափոխություններին,
քանի որ դրանցով անցած հասարակություններում ժողովրդավարությունն ընկալվում է իբրև համամարդկային արժեք և որպես այդպիսին ընդունվում բոլորի կողմից,
քանի որ այդ է թելադրում ժամանակի ոգին:
Մեր օրերում անցումը իշխանության մի ձևից մեկ այլ ձևի կատարվում է հիմնականում խաղաղ ճանապարհով, սակայն դրա համար անհրաժեշտ են որոշակի նախադրյալներ կամ նպաստող գործոններ, ինչպիսին են՝
1.իշխանափոխության
համար նպաստավոր ներքին պայմանների առկայության պարագայում բարենպաստ արտաքին ճնշումն
իրեն սպառած իշխանության նկատմամբ
2.ընդդիմության
ներգրավվածությունը պետական իշխանության մարմիններում
3.տնտեսական
էլիտաների միջև խզումը
4.նախկին
վարչակարգի բարոյազրկումը և հեղինակազրկումը
5.արդի տեղեկատվական
տեխնոլոգիաներին տիրապետող խարիզմատիկ միասնական առաջնորդի առկայությունը
Հարկ է նշել,
որ ժողովրդավարական երրորդ ալիքի ժամանակաշրջանում հեղափոխություններն իրականացվեցին
հենց այս 5 նախադրյալների առկայության պայմաններում:
Ժողովրդավարական
ալիքի վերջին փուլը կապվում է երկբևեռ աշխարհի փլուզման հետ: Մի շարք ավտորիտար պետություններ,
որոնք գոյատևում էին բևեռներից մեկի՝ կամ ԽՍՀՄ-ի, կամ ԱՄՆ-ի բարեհաճ կեցվածքի շնորհիվ,
իրենց հովանավոր գերտերության ֆինանսական և գաղափարաքաղաքական աջակցության (ինչը տրվում
էր նրանց որոշակի գաղափարաքաղաքական կողմնորոշման՝ կամ «հակաիմպերիալիստական», կամ
«հակակոմունիստական» կողմնորոշման դիմաց) բացակայության պայմաններում հեշտորեն անցում
կատարեցին ժողովրդավարության: Դրանց թվում էին Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան,
Եթովպիան, Քենիան, Նիկարագուան: Ավտորիտար պետությունների մի մասն էլ հայտնվեց քաղաքացիական
պատերազմի մեջ (Աֆղանստան, Սուդան) կամ գրեթե դադարեց գոյություն ունենալ (Սոմալի):
1980-ական
թթ. ժողովրդավարական ալիքը պայմանավորված էր նաև մի շարք երկրներում ռազմական ուժի
վրա հիմնված պետական իշխանությունը ընտրովի իշխանությամբ փոխարինելու նպատակով ընթացող
պայքարով (Բրազիլիա, Արգենտինա, Ֆիլիպիններ, Թայլանդ, Հարավային Կորեա, Ուգանդա,Գանա):
Վերը բերված
փաստերը վկայում են, որ յուրաքանչյուր երկիր ունի ժողովրդավարության՝ իր համար առավել
ընկալելի չափանիշներ, սակայն բոլորն էլ ընդունում են, որ համաշխարհային հանրության
ընթացքը դեպի ժողովրդավարություն անհրաժեշտ է ու անխուսափելի:
Միջազգային
հարաբերությունների մի շարք տեսաբաններ, հիմնվելով պատերազմների պատմության վրա, պաշտպանում
են այն տեսակետը, ըստ որի ժողովրդավարական պետություններն իրար դեմ չեն պատերազմում:
Նրանք միջպետական խնդիրները լուծում են խաղաղ դիվանագիտական ուղիով: Այս օրինաչափությունից
միակ շեղումը եղել է ժողովրդավարական Աթենքի և Սիրակուզի միջև պատերազմը Ք.ա. Vդ.:
Այս տեսակետի քննադատների հիմնական փաստարկն այն է, որ ժողովրդավարական պետությունների
թիվը պատմության ընթացքում մեծ չի եղել, ինչի հետևանքով էլ, բնականաբար, մեծ չէր կարող
լինել նրանց միջև պատերազմների հավանականությունը: Ավելին, եթե անգամ ժողովրդավարական
պետությունը հայտնվել է պատերազմի մեջ, ապա նրա հակառակորդը կամ հակառակորդները ժողովրդավարական
չեն եղել: Անհնար է կանխատեսել, թե ինչպես կդրսևորեն իրենց ժողովրդավարական պետությունները
ոչ ժողովրդավարական վարչակարգերի բացակայության կամ դրանց կողմից վտանգի ծավալների
կրճատման պայմաններում:
Ժողովրդավարական
աշխարհի տեսության կողմնակիցներից է Ֆրենսիսս Ֆուկույաման, ում կարծիքով, աշխարհում
ժողովրդավարության վերջնական հաղթանակը իր հետ բերելու է գլոբալ հավերժական խաղաղություն:
Աշխարհի քաղաքական
քարտեզի վրա դեռևս պահպանվել են մի շարք ավտորիտար պետություններ, որոնց ղեկավարումն
իրականացնում է մեկ անձ, իսկ հասարակության զարգացումն ընթանում է համընդհանուր գաղափարների
և արժեքների պարտադրման ճանապարհով: Այս պետությունները թեև կարող են նույնիսկ ազատ
լինել տնտեսական առումով, սակայն քաղաքական տեսակետից նրանք ազատություն չունեն: Այնուամենայնիվ,
տնտեսական ազատության շնորհիվ տնտեսական արագ զարգացումը որոշակի հիմք է հանդիսանում
հետագայում ժողովրդավարության անցնելու հույս տածելու համար:
Պետություններն
ավտորիտար են դառնում ռազմական հեղաշրջումների արդյունքում, երբ պետական իշխանությունը
կենտրոնանում է զինվորականության ձեռքում, ապա նաև դառնում ժառանգական (Սիրիա, Լիբիա,
Պանամա, Գրենադա):
Ավտորիտար
պետության մեկ այլ տեսակ է ժառանգական միապետությունը, որտեղ պետական իշխանությունը
կենտրոնացված է թագավորական տոհմի ներկայացուցիչների ձեռքում (Սաուդյան Արաբիա, Օմանի
սուլթանություն, Քաթար): Կառավարման այս ձևն ունեցող պետություններում իշխանությունները
որոշ չափով համագործակցում են ընդդիմության հետ, ուստի պետությունը ձեռք է բերում ժողովրդավարության
որոշակի հատկանիշներ:
Ավտորիտար
պետության մեկ այլ տարատեսակ էլ կրոնապետությունն է (Վատիկան): Վատիկանն ընտրովի միապետություն
է՝ հիմնված կրոնական սկզբունքների վրա: Կրոնապետության հաջողված օրինակ է նաև Իրանի
իսլամական հանրապետությունը: Պատահական չէ, որ Աֆղանստանում և Սուդանում ազդեցիկ իսլամական
շարժումները ձգտում են ընդօրինակել Իրանի փորձը:
Անկախ իրենց առաջացման ընթացքից, ավտորիտար պետություններն ապահովում են որոշակի ներքին ու արտաքին կայունություն: Սակայն վտանգավոր են, այսպես կոչված, «գորշ գոտու» երկրները, որոնք հրաժարվել են ավտորիտարիզմից, բայց դեռևս չեն հասել ժողովրդավարության:
Ուժի գործոնի պատմական մեկնաբանությունը
Քաղաքականության մեջ «ուժը»
բազմավեկտոր հասկացություն է: Օրինակ՝ «քաղաքական ռեալիզմի» դպրոցի հիմնադիր, ամերիկյան
պատմաբան Հենրի Մորգենթաուն ուժը բնութագրում է որպես միջազգային կարգավորման լծակ,
«իշխանություն մարդկանց մտքերի ու գործողությունների նկատմամբ»: Մեկ այլ հայտնի ամերիկյան
քաղաքական տեսաբան՝ դիվանագետ Հենրի Քիսինջերն ուժը բնութագրում է որպես ազդեցության
միջոց:
Միջազգային հարաբերություններում
պատմականորեն կիրառվել են ուժի բազմաթիվ ձևեր, բայց դրանցից ամենաազդեցիկը եղել է ռազմական
ուժը: Մարդկության պատմության ողջ ընթացքում պատերազմները յուրահատուկ սահմանաբաժան
են հանդիսացել: Պատերազմների ընթացքում ռազմական լուծում են ստացել պետությունների
միջև առկա տարաձայնությունները, իսկ առավել մասշտաբային և նշանակալի պատերազմների արդյունքում
ստեղծվել են միջազգային հարաբերությունների նոր համակարգեր, որոնք արտացոլել են այդ
ժամանակ գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական և ռազմական հավասարակշռությունը:
Ռազմական ուժը ներկայումս էլ հանդիսանում է պետության հզորության կարևորագույն ցուցանիշը
և պետական իշխանությունը պահպանելու հիմնական միջոց իշխող վերնախավի համար:
Ռազմական ուժը ոչ միայն իշխանությունը
պահպանելու, այլև իշխանություն ձեռք բերելու միջոց է: Ռազմական ուժի հայտնի տեսաբան
Ֆոն Կլաուզևիցի բնորոշմամբ պատերազմը քաղաքականության շարունակությունն է բռնի միջոցներով.
«Պատերազմն առանձին զբաղմունք չէ, այն քաղաքականության մի մասն է և վերջինս է որոշում
պատերազմի բնույթը»:
Այսպիսով, մարդկության պատմությունը
կարելի է պատկերացնել որպես պատերազմների շղթա, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածները՝
բարենպաստ իրավիճակ հաջորդ պատերազմին պատրաստվելու համար:
Արդի աշխարհում գլոբալացման
և տեղեկատվական հեղափոխության ընթացքն անխուսափելիորեն ծնունդ է տվել ուժի օգտագործման
նոր ձևերի ու մեթոդների, որոնք միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում
դրսևորվում են որպես «կոշտ ուժ» և «փափուկ ուժ»: Առաջինը ենթադրում է այլ պետությունների
վրա ազդելու կարողություն, ազգային-պետական նպատակների իրագործում սեփական կամքի պարտադրման,
բռնության այնպիսի գործիքների կիրառմամբ, ինչպիսին են պատերազմի սպառնալիքն ընդհուպ
մինչև ռազմական գործողությունների սկսում, քաղաքական ճնշումը, հակառակորդի մեկուսացումն
արտաքին աշխարհից, նրա տնտեսական հյուծումը: «Կոշտ ուժի» գործադրման օրինակներ են՝
ԽՍՀՄ-ի գործողությունները Հունգարիայի, Չեխոսլովակիայի, ապա նաև Աֆղանստանի դեմ, ԱՄՆ-ինը՝
Վիետնամի, այնուհետև Իրաքի դեմ, ՆԱՏՕ-ինը՝ Հարավսլավիայի դեմ:
Արդի աշխարհում «կոշտ ուժի»
գործադրման հնարավորություններն էապես պակասում են, այդ պատճառով էլ միջազգային քաղաքականության
մեջ ամրապնդվում է «փափուկ ուժի» գործնական դերն ու նշանակությունը: Այն բնորոշվում
է որպես միջազգային հարաբերությունների ակտորի (պետություն, միջազգային կազմակերպություն,
կոալիցիա) կարողություն՝ միջազգային հարցերում հասնելու ցանկալի արդյունքի համոզելու,
շահագրգռելու, բայց ոչ ճնշման կամ պարտադրանքի միջոցով:
Այսպիսով, միջազգային հարաբերություններում ուժն առաջին հերթին պետության կարողությունն է՝ ազդելու մեկ այլ պետության վարքագծի վրա կամ հասնելու գերիշխանության նրա նկատմամբ: Պետություններն ուժի գործադրման՝ իրենց քաղաքական զինանոցում ունեցած ձևերն օգտագործում են ընտրողաբար:
Ռազմական ուժի դերը երկբևեռ աշխարհում: Միջուկային զենքի զսպիչ դերը
1940-ական
թթ. կեսերին ռազմական ուժի դերն աշխարհում էապես աճեց՝ կապված երկբևեռ աշխարհի ձևավորման
և միջուկային զենքի ստեղծման հետ:
Երկրորդ համաշխարհային
պատերազմի ավարտից հետո հակահիտլերյան կոալիցիայի առաջատար պետությունները չկարողացան
կայուն ու անվտանգ աշխարհակարգ հաստատել: Ավելին, ԽՍՀՄ-ն ձգտում էր ազատվել Յալթա-պոտսդամյան
համակարգից և իր ազդեցությունը տարածել այն տարածքներում (Արևմտյան Եվրոպա, Արևմտյան
Բեռլին, Պարսկաստան, Թուրքիա, Հունաստան), որոնք բաժին էին հասել մյուս գերտերություններին:
Այդ երկրի արտաքին քաղաքական առաջին խոշոր հաջողությունը նշված ժամանակահատվածում,
թերևս, կոմունիստական կուսակցության մենիշխանության հաստատումն էր Չինաստանում, ինչին
հետևեց աշխարհի բաժանումը 2 հակադիր ռազմաքաղաքական խմբավորումների՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի
գերիշխանությամբ: Խորհրդա-ամերիկյան հարաբերությունները գերիշխող դարձան համաշխարհային
քաղաքականության մեջ՝ էապես ազդելով հետագա 15 տարիների միջազգային քաղաքական դեպքերի
ընթացքի վրա: Այս պայմաններում պատերազմների ավանդական նպատակն է՝ այն է՝ հումքի աղբյուրներով
հարուստ տարածքների և եկամտաբեր շուկաների նվաճումը, ետին պլան մղվեց և կարևորվեց հզոր
պետության գաղափարաքաղաքական ազդեցության տարածման նպատակը: Սրան համապատասխան վերանայվեց
նաև ռազմական ուժի դերն աշխարհում: Քանի որ զանգվածային ոչնչացման միջուկային զինատեսակների
առկայության պայմաններում մեծ էր նոր համաշխարհային պատերազմի վտանգն, ուստի դրանից
խուսափելու համար պետությունները սկսեցին գիտակցաբար խուսափել պատերազմներից: Ավելին,
միջուկային զենքի աննախադեպ ավերիչ ուժը կասկած առաջացրեց ընդհանրապես դրա օգտագործման
նպատակահարմարության վերաբերյալ: Հարցն այն է, որ միջուկային պատերազմն աղետալի հետևանքներ
կունենար ոչ միայն 2 գերտերությունների, այլև՝ ողջ մարդկության համար: Պատահական չէ,
որ միջուկային զենքը սկսեց զսպող դեր կատարել միջազգային հարաբերություններում: Այս իմաստով շրջադարձային եղավ Կարիբյան ճգնաժամը. ԱՄն-ն և ԽՍՀՄ-ն հենց այս ճգնաժամի օրերին դրսևորեցին միջուկային պատերազմից, ինչպես նաև դրա վտանգից գիտակցաբար խուսափելու կամք: Այսպիսով, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ միջուկային զենքի
վերահսկման միջոցով հնարավոր էր զսպել հակառակորդին, երբ միջուկային զենքը պետք էր
օգտագործել որպես զսպման և ոչ թե որպես հարձակման միջոց: Միջուկային տերությունները գիտակցում էին, որ իրենց հարձակողական հարվածին կհետևի պատասխան հարված, որն անիմաստ կդարձնի առաջինը հասցված հարվածը: Այս իրողության գիտակցումը ստիպեց գիտակցել նաև անգամ սովորական
զինատեսակների կիրառման վտանգավորությունը, քանի որ փոքր ռազմական բախումն անգամ կարող
էր հանգեցնել միջուկային պատերազմի: Ստեղծված իրավիճակը կոչվեց «միջուկային փակուղի»:
Երկու հակադիր ռազմաքաղաքական խմբավորումներն էլ փորձում էին ելք գտնել «միջուկային
փակուղուց»: Ուրվագծվում էր 2 հնարավոր տարբերակ՝
կամ մեկ հարվածով ամբողջությամբ ոչնչացնել հակառակորդին, կամ ստեղծել այնպիսի պաշտպանական
համակարգ, որը պաշտպանի սեփական երկիրը պատասխան միջուկային հարվածից:
Այս ուղղությամբ
տարվող աշխատանքների անմիջական արդյունքը եղավ միջուկային սպառազինությունների կատաղի
մրցավազքը 2 գերտերությունների միջև և հնարավորինս շատ զենքի կուտակումը 2 երկրներում:
Եթե 1950-ական թթ. ԱՄՆ-ն ուներ 35.000 միջուկային միավոր, ապա 1960-ական թթ. ԽՍՀՄ-ն
ուներ 60.000 միջուկային միավոր: Միջուկային սպառազինությունների մրցավազքը կործանարար
էր հատկապես ԽՍՀՄ-ի համար, քանի որ երկրի տնտեսությունը
տարեցտարի դժվարությամբ էր դիմանում ռազմական
ծախսերին: Խնդիրը մտահոգիչ էր նաև այն առումով, որ սպառազինությունների արտադրության
ընդլայնումը հակառակորդ կողմերից և ոչ մեկին վճռական առավելություն չէր տալիս, մինչդեռ
նույնիսկ այդ պայմաններում գոյություն ունեցող զենքը բավարար էր ողջ աշխարհը մի քանի
անգամ կործանելու համար: Միաժամանակ, գերտերություններից յուրաքանչյուրը շահագրգռված
էր պահպանել միջուկային և սովորական մի շարք զինատեսակների արտադրման մենաշնորհը: Կարևորվում
էր նաև երկու հակադիր ռազմաքաղաքական ճամբարներում դրսևորվող շահագրգռվածությունը պահպանել
երկբևեռ աշխարհը, քանի որ այն միջազգային հարաբերություններում որոշակի կայունություն
ապահովելու երաշխիք էր: Այս խնդիրները ստիպեցին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ կառավարություններին նստել
բանակցությունների սեղանի շուրջ և ելք գտնել «միջուկային փակուղուց»: Խորհրդա-ամերիկյան
բանակցություններն արևմուտքում ստացան «միջուկային վերահսկողություն», իսկ ԽՍՀՄ-ում՝
«պայքար ապառազմականացման համար» անվանումը: Թեև բանակցությունները ծանր ու դժվար ընթացք
ունեին, այնուամենայնիվ, միայն դրանց տեղի ունենալու փաստը կարևոր էր միջազգային ասպարեզում
ձևավորելու համար անմիջական շփման և վստահության մթնոլորտ 2 հակադիր ռազմաքաղաքական
բլոկների միջև: Բանակցությունների համար լուրջ խթան էր նաև հանրային կարծիքի հսկայական
ճնշումը:
Միջուկային
սպառազինությունների վերահսկողության վերաբերյալ առաջին պայմանագիրը կնքվեց 1963թ.
ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև: Այն արգելում էր միջուկային փորձարկումներն օդում,
տիեզերքում և ստորջրյա տարածքում: Այս պայմանագրում շրջանցվում էին ստորգետնյա փորձարկումները,
որոնք այդ տարիներին ամենամեծաքանակն էին ու հանդիսանում էին փորձարկումների հիմնական
տեսակը:
1972թ. մայիսի
12-ին և 1979թ. հունիսի 18-ին ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև կնքվեց 2 նոր պայմանագիր ստրատեգիական
սպառազինությունների կրճատման վերաբերյալ: Պայմանագրերը վերաբերում էին 2 երկրների
միջև քաղաքական, տնտեսական և ստրատեգիական հարաբերություններին: Քաղաքական առումով
պայմանագրերը նպաստեցին նշված պետությունների մերձեցմանը: Պայմանագրերի տնտեսական մասը
նախատեսում էր ոչ թե առկա սպառազինությունների կրճատում, այլ՝ դրանց կառավարման բարելավում
և ավելացման զսպում: Արգելվում էր նոր մեկնարկային հրապարակներ կառուցել միջմայրցամաքային
հրթիռների համար: ԽՍՀՄ-ն կարող էր ունենալ 2372 հրթիռ, դրանց համար նախատեսված 950
մեկնարկային հրապարակ և 62 միջուկային սուզանավ, իսկ ԱՄՆ-ն՝ 1710 հրթիռ, 710 մեկնարկային
հրապարակ և 44 միջուկային սուզանավ: Այս հարաբերակցության հիմքում ընկած էր ամերիկյան
սպառազինությունների որակական առավելությունը խորհրդայինի համեմատ և խորհրդային սպառազինությունների
քանակական առավելությունն ամերիկյանի համեմատ: Խորհրդա-ամերիկյան երկրորդ պայմանագիրը
վերաբերում էր «հակահրթիռային նոր համակարգերի ստեղծումն արգելելուն»: Այս պայմանագրի
համաձայն՝ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն պարտավորվում էին չստեղծել այնպիսի համակարգեր, որոնք թույլ
կտային նրանց լիովին պաշտպանվել հակառակորդի միջուկային հարվածից, բացառությամբ կողմերի
միջև նախապես համաձայնեցված 2 վայրի՝ պայմանավորվող պետությունների մայրաքաղաքների
և միջուկային զենքի տեղակայման որևէ այլ շրջանի: Կողմերը նաև պարտավորվում էին չշարունակել
գիտական հետազոտությունները հակահրթիռային պաշտպանական համակարգերի որոշ ուղղությունների
որակական կատարելագործման ուղղությամբ: Այդ կերպ փորձ էր արվում ապահովել անվտանգության
փոխադարձ երաշխիքներ միջուկային հարձակման սպառնալիքի դեպքում: Այս պայմանագիրը գործեց
մինչև 2006թ., երբ ամերիկյան վարչակարգը հայտարարեց այն դադարեցնելու մասին, պատճառաբանելով,
որ երկիրը պարտավոր է պաշտպանվել ահաբեկչական խմբավորումների հնարավոր միջուկային հարվածից:
Դեռևս
1968թ. հունիսի 12-ին Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև կնքվել էր «Միջուկային
զենքի չտարածման մասին» պայմանագիրը, որով միջուկային զենք ունեցող պետությունները
պարտավորվում էին չփոխանցել այն այլ պետությունների և չաջակցել նրանց այդ զենքի մշակման
գործում, իսկ միջուկային զենքին չտիրապետող պետությունները պարտավորվում էին չարտադրել
և ձեռք բերել այն:
Այսպիսով,
հաստատվում էր ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի՝ միջուկային զենք
ունենալու մենաշնորհը: Ճիշտ է, պայմանագիրն էապես սահմանափակեց միջուկային զենքի տարածման
հնարավորությունները, բայց ի զորու չեղավ վերջնականորեն բացառելու դրա հավանականությունը:
Մի շարք երկրներ ևս արդեն կամ տիրապետում են միջուկային զենքի արտադրությանը (Հնդկաստան,
Պակիստան, Իսրայել), կամ մոտ են դրա ստեղծմանը (Հյուսիսային Կորեա, Իրան):
Արժանահիշատակ է նաև 1972թ. ապրիլի 10-ին ստորագրման համար բացված և 1975թ. մարտի 26-ին ուժի մեջ մտած պայմանագիրը կենսաբանական ու քիմիական զենքի օգտագործումն արգելելու, այդ զինատեսակների գոյություն ունեցող պաշարները ոչնչացնելու վերաբերյալ, որին ներկայումս միացել է աշխարհի 163 պետություն:
Հասարակ սպառազինությունների դերը ժամանակակից աշխարհում
Ժամանակակից
աշխարհում համընդհանուր խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված լուրջ վտանգ է ներկայացնում
ոչ միայն միջուկային զենքն, այլև՝ հասարակ սպառազինությունը, որի հսկայական պաշարներ
ունեն աշխարհի շատ պետություններ: Դեռևս 1990թ. նոյեմբերի 19-ին ՆԱՏՕ-ի անդամ 16 և
Վարշավայի պայմանագրային կազմակերպության 6 անդամ պետությունների միջև Փարիզում կնքվեց
Եվրոպայում հասարակ սպառազինությունների մասին պայմանագիրը, որը կոչված էր թուլացնելու
երկու հակադիր ռազմաքաղաքական ճամբարների միջև ռազմական բախման, մասնավորապես՝ անակնկալ
հարձակման և լայնամասշտաբ հարձակողական գործողությունների իրականացման հնարավորությունը:
Պայմանագրով որոշվեց Եվրոպան բաժանել ռազմական 4 տարածաշրջանների ու դրանց համար սահմանել
զինամթերքի, մասնավորապես՝ տանկերի, զրահամեքենաների, հրետանային համակարգերի, մարտական
ինքնաթիռների և ուղղաթիռների քվոտաներ՝ նորմատիվային թվեր:
Առաջին գոտին
ներառում էր Կենտրոնական Եվրոպան՝ Գերմանիան, Բենիլյուքսի երկրները, Լեհաստանը, Հունգարիան,
Չեխոսլովակիան: Հենց այս գոտում էր կենտրոնացված հարձակողական հիմնական զինուժը, ինչը
կարող էր նպաստել երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը: Երկրորդ գոտին ներառում
էր Հյուսիսային Եվրոպան՝ Դանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և ԽՍՀՄ-ի արևմտյան
մասը: Այս գոտին տեսականորեն պետք է պատերազմի մեջ մտներ այն դեպքում, երբ արդեն ոչնչացված
լիներ առաջին գոտու ռազմական ներուժը:
Երրորդ գոտին
ներառում էր Իսպանիան, Պորտուգալիան, Ռուսաստանի մոսկովյան ու ուրալյան շրջանները:
Չորրորդ կամ
թևային 2 գոտիներից մեկում ընդգրկվեցին ՆԱՏՕ-ի անդամ պետություններից Իսլանդիան, Նորվեգիան,
Հունաստանը, Թուրքիան, իսկ Վարշավայի պայմանագրային կազմակերպության անդամ պետություններից՝
Բուլղարիան, Ռումինիան, Հարավային Կովկասի հանրապետությունները, ՌԽՖՍՀ-ի Լենինգրադի,
Հյուսիսկովկասյան և Օդեսայի ռազմական շրջանները: Պայմանագրում վերոնշյալ 4 զինատեսակների
համար սահմանված թվերը նորմատիվային են ու պարբերաբար վերաբաշխվում են պետությունների
տարածքին ու բնակչության թվին համապատասխան: Հայաստանի մասնաբաժինն է՝ 220 տանկ,
220 զրահամեքենա, 265 հրետանային համակարգ, 100 մարտական ինքնաթիռ և 50 մարտական ուղղաթիռ:
2011թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի հասարակ սպառազինությունների իրական պատկերը
հետևյալն է. 110 տանկ, 140 զրահամեքենա, 239 հրետանային համակարգ, 16 մարտական ինքնաթիռ
և 15 մարտական ուղղաթիռ:
1997թ. տեղի ունեցած բանակցությունների արդյունքում այս պայմանագիրն արդիականացվեց: Սակայն 2007թ. ՌԴ-ն դուրս եկավ պայմանագրից ի պատասխան ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք ընդլայնման ու Արևմտյան Եվրոպայում ամերիկյան զինատեսակների տեղակայման:
Ռազմական ուժի դերը հետսառըպատերազմյան աշխարհում: Անվտանգության գործոնը 20-րդ դարի վերջին-21-րդ դարի սկզբին
Երկրորդ համաշխարհային
պատերազմի ավարտից հետո ռազմական ուժի դերի վերաբերյալ ձևավորված մոտեցումը վերանայվեց
ԽՍՀՄ փլուզումից հետո: Ներկայումս միջազգային հարաբերություններում ընթացող գործընթացները
տանում են ռազմական ուժի նշանակության անկման: Ռազմական ուժն օգտագործվում է տեղային
մակարդակով և չափավոր կերպով: Առավելապես կարևորվում են տարածաշրջանային համարտությունները:
Դրանց մեծ մասը ներքին քաղաքացիական պատերազմներ են, որոնց հիմքում ընկած է կա՛մ ինքնորոշման
ձգտող ժողովուրդների պայքարը հանուն ազատության, կա՛մ առանձին քաղաքական ուժերի պայքարը
հանուն իշխանության: Իրենց բնույթով այդպիսին էին նախկին ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի տարածքում
բոլոր հակամարտությունները: Դրանք երկար տարիներ զսպվել էին կենտրոնական բռնատիրական
իշխանության կողմից:
Հակամարտությունների
մյուս տեսակը թույլ պետություններում տնտեսական ծանր դրության պատճառով ընթացող զինված
պայքարն է, օրինակ՝ աֆրիկյան մի շարք պետություններում:
Կան նաև երկարաժամկետ
հակամարտություններ՝ հակամարտությունների ավանդական տեսակը, ինչպիսին են արաբա-իսրայելական,
Շրի Լանկայի, Քաշմիրի հակամարտությունները:
Հակամարտության
մեկ այլ տեսակ է «սառեցված» հակամարտությունը,
որը զինված բախում կամ պատերազմ չի առաջացնում, սակայն չի էլ լուծվում և ցանկացած պահի
կարող է բռնկվել (ղարաբաղյան և մակեդոնական հակամարտություններ):
Թեև լոկալ
հակամարտությունները շատ դեպքերում արյունալի են, սակայն 1990-ական թթ. կեսերից դրանց
ուժգնությունը որոշակիորեն թուլացել է: Դա կապված է, առաջին հերթին, այն բանի գիտակցման
հետ, որ ռազմական միջոցներով նպատակին հասնել գրեթե անհնար է: Մեկ այլ կարևոր գործոն
է միջազգային հանրության վերաբերմունքը, որը կարող է ազդել հակամարտության լուծման
թե՛ արագության և ընթացքի, թե՛ լուծման տարբերակի վրա: Հակամարտությունների քանակի
և ուժգնության նվազմանը զուգահեռ փոխվում է նաև դրանց բնույթը: Որոշ հակամարտություններ
ձեռք են բերում նոր որակ, երբ դրանց մասնակից կողմերը միմյանց նկատմամբ գործում են
միջազգային հանցագործություն: Օրինակ՝ 1996թ. Ռուանդայում խութու ցեղը ցեղասպանություն
իրագործեց թութսիների նկատմամբ:
Այսպիսով,
թեև հակամարտությունները ավելի հազվադեպ են դառնում, սակայն աշխարհը դեռևս ապահովագրված
չէ նոր հակամարտությունների առաջացումից նույնիսկ այն տարածաշրջաններում, որտեղ նախկինում
իրավիճակը թվում էր կայուն:
20-րդ դարի
վերջից նկատվում է պետության պաշտպանունակությանն ուղղված ծախսերի նվազում և համընդհանուր
ապառազմականացում: Դա բացատրվում է աշխարհում գաղափարաքաղաքական լարվածության թուլացմամբ
և ռազմական ծախսերի անարդյունավետության գիտակցմամբ: Գործող միջազգային պայմանագրերի
շրջանակում և երկկողմ համաձայնությունների միջոցով տեղի է ունենում զենքի բոլոր տեսակների
կրճատում, ու բոլոր պետությունները ձգտում են իրենց մտավոր, ֆինանսական, նյութական
ներուժն օգտագործել տնտեսական զարգացման նպատակով և ոչ թե ռազմական ոլորտում: Այնուամենայնիվ,
միջուկային զենքը շարունակում է պահպանել իր զսպիչ դերը: Օրինակ՝ 1998թ. գարնանը Պակիստանը
և Հնդկաստանը իրականացրին միջուկային զենքի փորձարկում, ինչն էապես բարձրացրեց նրանց
անվտանգության մակարդակը: Ապահովագրված լինելով միջուկային զենքով՝ այդ պետությունները
հեշտությամբ սկսեցին բանակցել միմյանց հետ: Միաժամանակ, «երրորդ աշխարհում» ավելացավ
այն պետությունների թիվը, որոնք ցանկանում են ունենալ և իրագործել ատոմային իրենց ծրագիրը,
քանի որ միջուկային զենքն ընկալվում է իբրև սեփական անվտանգության երաշխիք:
Ներկայումս
առաջատար և մյուս բոլոր պետությունների միջև սպառազինությունների քանակի ու որակի հսկայական
խզում է առաջացել, ինչն ակնառու կերպով դրսևորվեց Պարսից ծոցի ու Բալկանյան ճգնաժամերի
ընթացքում: Հարցն այն է, որ ժամանակակից պատերազմներում զինվորների քանակն ու խիզախությունը
բնավ էլ նախկին կարևորությունը չունեն: Դրա փոխարեն կարևորվում են զենքի առավել կատարելագործված,
դիպուկ, հեռահար, ճշգրիտ տեսակների ստեղծումն ու կիրառումը: Այս տեսակետից ԱՄՆ-ի ֆինանսատնտեսական
հզորությունը, սպառազինությունների բարձր որակը, զորամիավորումների արագ տեղափոխման
ունակությունը, հզոր ռազմածովային նավատորմը, ռազմաօդային ուժերը («ստրատեգիական եռյակ»),
դաշնակիցների հետ ամուր հարաբերությունները նրան իրավամբ դարձնում են աշխարհի միակ
գերտերությունը ռազմական տեսակետից:
20-21-րդ դարի
սահմանագլխին ավելացան ազգային և միջազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները:
«Հին» սպառնալիքներին, որոնք բխում էին առաջին հերթին հզոր տերությունների և դրանց
միությունների միջև ընթացող մրցակցությունից, գումարվել և առավել վտանգավոր են մի շարք
նոր մարտահրավերներ՝ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, սովն ու աղքատությունը, միջազգային
ահաբեկչությունը, կրոնական արմատականությունը, միգրացիոն և ժողովրդագրական տեղաշարժերը,
անդրազգային հանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, կիբեռհանցագործությունը,
էներգետիկ և ջրային ռեսուրսների սակավությունը, բնապահպանական աղետը, համաճարակները,
զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, տարածաշրջանային հակամարտությունները: Այդ
իսկ պատճառով «անվտանգություն» հասկացության նոր ընկալման և ըմբռնման անհրաժեշտություն
է առաջացել:
Ամենալայն իմաստով անվտանգությունը հիմնարար արժեքների՝ վերը թվարկված սպառնալիքներից պաշտպանվածությունն է: «Անվտանգություն» եզրույթը ներառում է 2 փոխկապակցված կատեգորիա՝ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները և դրանցից պաշտպանվելու կառուցակարգերը: Ինչպես նշում է միջազգային հարաբերությունների տեսաբան Ցիգանկովը, ազգային անվտանգությունն ածանցվում է ազգային շահերից: Ազգային անվտանգությունը կոչված է նախ և առաջ ապահովելու հիմնարար, կենսական կարևոր շահերի՝ ազգային ինքնուրույնության, պետության տարածքի անվտանգության, երկրի ազգաբնակչության պաշտպանվածության անխոցելիության գործուն երաշխիքներ: Դա նշանակում է, որ ազգային անվտանգությունն ազգային այն շահերի պաշտպանությունն է, հանուն որոնց պետությունն ավելի շուտ կդիմի առճակատման և ռազմական գործողությունների, քան՝ որևէ փոխզիջման: Այլ կերպ ասած, ազգային անվտանգությունը ռազմավարություն է՝ ուղղված պետության, ազգի կենսական շահերի պաշտպանությանը:
Արդի միջազգային հարաբերությունների իրավաքաղաքական համակարգը
Դեռևս մինչև
միջազգային իրավունքի ձևավորումը մարդկությունը փորձել է մշակել իրավական նորմեր՝ հասարակության
գործունեությունն առավել անվտանգ ու արդյունավետ դարձնելու նպատակով: Սակայն, երբ ձևավորվեց
միջազգային իրավունքը, սկսվեցին և մինչ օրս էլ շարունակվում են վեճերը նրա գոյության
անհրաժեշտության շուրջ: Մի կողմից՝ հայտարարվում էր, որ միջազգային իրավունքը պետք
է որոշակի դեր ունենա պետությունների գործունեության մեջ, իսկ մյուս կողմից էլ՝ այն
օգտագործվում էր հզոր պետությունների ռազմական նվաճումներն արդարացնելու համար:
Քանի որ միջազգային իրավունքը կոչված է կանոնակարգելու միջազգային հարաբերությունները, ուստի հրատապ ու արդիական է ազդեցիկ վերազգային մարմնի անհրաժեշտությունը՝ միջպետական «խաղի» կանոնների պահպանմանը հետևելու համար: Հարցն այն է, որ միջազգային հանրային իրավունքում պարտականությունների բարեխիղճ կատարման պարտավորվածությունը ավելի թույլ է, չկան ո'չ բարձրագույն դատավոր և ո'չ էլ կատարածու ի տարբերություն ներքին օրենսդրության, որտեղ իրավախախտի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ են կիրառվում: Բացի այդ, կան նաև վիճահարույց խնդիրներ: Այսպես, միջազգային իրավունքն արգելում է պատերազմները, սակայն այս արգելքը խախտելու համար պատժամիջոցներ կիրառելը խնդրահարույց է: Ավելին, միջազգային հարաբերությունների մասնակիցների թվի ավելացումը, գլոբալացումը, տնտեսական հարաբերությունների աճող կարևորությունը ստիպում են վերանայել պետությունների ինքնիշխանության ու նրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները: Այս փաստերի համատեքստում ավելի է արժևորվում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, քանի որ երբեմն, երբ տեղի է ունենում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում, անխուսափելի է դառնում պետության սուվերենության խախտումը հանուն մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության: Երբեմն պետության ինքնիշխանությունը խախտվում է նաև անհատների կողմից, երբ վերջիններս քաղաքացիական հայցեր են ներկայացնում միջազգային դատական ատյաններին իրենց պետության դեմ: Մասնավոր ընկերությունները ևս երբեմն խախտում են պետության ինքնիշխանությունը: Օրինակ՝ որոշ հեռուստաընկերություններ հեռարձակում են իրականացնում որևէ պետության տարածքում առանց այդ պետության թույլատրության:
Պատերազմի և խաղաղության հիմնախնդիրը միջազգային հարաբերություններում «սառը պատերազմի» տարիներին
20-րդ դարի սկզբին իշխում էր այն տեսակետը, որ պետությունների իրավահավասարությունը նրանց տալիս է հավասար ազատություն նաև իրենց քայլերում, ներառյալ ռազմական ուժին դիմելու իրավունքը: 1928թ. Բրիան-Քելլոգի պակտով, որը ստորագրել էր 62 պետություն, առաջին անգամ իրավականորեն արգելվեց ռազմական ուժի գործադրումն իբրև ազգային-պետական նպատակներին հասնելու միջոց: Ավելի ուշ այս նորմը վերահաստատվեց Նյուրնբերգի դատավարության ժամանակ, որի արդյունքում պատերազմը հայտարարվեց ծանրագույն միջազգային հանցագործություն: Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հիմնախնդիրը կարևորվում էր նաև ՄԱԿ-ի ստեղծման ժամանակ: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի Կանոնադության 2.4 հոդվածում այն ստացավ հետևյալ ձևակերպումը. «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»: Միաժամանակ, ՄԱԿ-ի Կանոնադրությունը նախատեսում է դեպքեր, երբ ռազմական ուժի կիրառումը, որոշակի վերապահումներով, թույլատրելի է: Կանոնադրության 51-րդ հոդվածով ՄԱԿ-ը «ոչնչով չի խաթարում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը ՄԱԿ-ի որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ»: ՄԱԿ-ի Կանոնադրության 39-42-րդ հոդվածներում ներկայացվում են կոլեկտիվ պարտադրանքի այն մեխանիզմները, որոնք «խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայության» դեպքում կարող են կիրառել ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամ-պետությունները փոխհամաձայնեցված կերպով՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման:
ՄԱԿ-ի ստեղծումից
անմիջապես հետո սկսված «սառը պատերազմը» խանգարեց վերոնշյալ մեխանիզմների բնականոն
կիրառմանը: 1946-1990թթ. ՄԱԿ-ի ԱԽ-ն միայն երկու որոշում ընդունեց, որոնք արձանագրում
էին խաղաղության խախտում՝ 1950թ. Կորեայում (82-րդ բանաձև), 1982թ. Արգենտինայում (502-րդ
բանաձև): Նույն ժամանակահատվածում միայն 2 պետությունների՝ Իսրայելի և Հարավաֆրիկյան
հանրապետության գործողությունները համարվեցին ագրեսիվ: Ինչ վերաբերում է խաղաղության
վտանգմանն, ապա արձանագրվեց այդպիսի 7 դեպք. Պաղեստին՝ 1948թ. (54-րդ բանաձև), Կոնգո`
1961թ. (61-րդ բանաձև), Հարավային Ռոդեզիա (Զիմբաբվե)՝ 1966թ. (101-րդ բանաձև), Բանգլադեշ՝
1971թ. (307-րդ բանաձև), Կիպրոս՝ 1974թ. (353-րդ բանաձև), Հարավաֆրիկյան հանրապետություն՝
1977թ. (418-րդ բանաձև), Իսրայել՝ 1985թ. (573-րդ բանաձև):
45 տարվա ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ-ն միայն 2 անգամ կարողացավ համաձայնության գալ ոչ ռազմական պատժամիջոցներ կիրառելու հարցում. 1966-1979թթ. Հարավային Ռոդեզիան տնտեսական շրջափակման մեջ էր, իսկ 1977-1994թթ. ՀԱՀ-ի նկատմամբ գործում էր զենքի վաճառքի արգելք: Հաշվի առնելով, որ նշված ժամանակահատվածում մոտ 80 միջպետական բախում է տեղի ունեցել, իսկ հակամարտությունների քանակը անցնում է 300-ը, ապա պետք է արձանագրել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված կոլեկտիվ ջանքերը, մեղմ ասած, անարդյունավետ են: Այս պայմաններում հրատապ է դառնում ՄԱԿ-ի որոշումների իրագործումն ապահովող առավել արդյունավետ միջոցների ստեղծումը: 1956թ. ՄԱԿ-ը հիմնեց խաղաղության պահպանման ուժեր, որոնք օգտագործելու հատուկ լիազորությունները տրվեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Սակայն այս ուժերի գործառույթների բովանդակությունն էականորեն տարբերվում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսված խաղաղության պարտադրանքից: «Երկնագույն սաղավարտներն» օգտագործվում են միայն հակամարտող կողմերի բաժանման համար, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո երկու կողմերի համաձայնությամբ: Նրանք իրավունք ունեն զենք կիրառել միայն ինքնապաշտպանության նպատակով: Այս մեխանիզմն ընդունելի է մեծ տերությունների համար, քանի որ թույլ է տալիս «սառեցնել» իրենց այդքան էլ չհետաքրքրող հակամարտությունները: Միաժամանակ, ՄԱԿ-ի անդամ-պետությունները շարունակում են ռազմական ուժի գործադրումը միջազգային հարաբերություններում՝ հիմնավորելով դա ինքնապաշտպանության շահերով, մասնավորապես՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու կամ էլ՝ դաշնակցային պարտավորությունները կատարելու անհրաժեշտությամբ:
Ճգնաժամի կարգավորումը խաղաղապահ գործողության և հումանիտար ինտերվենցիայի միջոցով
Շատ քաղաքական
ճգնաժամեր, միջպետական հակամարտություններ լուծվում են միջազգային հանրության ներգրավվածության՝
խաղաղապահ գործողությունների շնորհիվ: Վերջիններս իրականացվում են միջազգային կազմակերպությունների
(ՄԱԿ, ԵԱՀկ, ՆԱՏՕ, ԱՊՀ) միջոցով և ՄԱԿ-ի լիազորությամբ, այսինքն՝ խաղաղապահ գործողություն
իրականացնող պետությունը կամ պետությունները պետք է ստացած լինեն ՄԱԿ-ի մանդատը: Խաղաղապահ գործողությունը
կոլեկտիվ ռազմական ուժի օգտագործման նոր ձև է՝ խաղաղության վերականգնման և պահպանման
համար, ինչպես նաև՝ հակամարտությունը դադարեցնելու նպատակով: Կարող է իրականացվել նաև
«խաղաղության պարտադրում», ինչի դասական օրինակ է Իրաքի կողմից բռնազավթված Քուվեյթի
ազատագրման գործողությունը: Հաջողված օրինակ է նաև Բոսնիական ճգնաժամի դադարեցումը:
Միջազգային հանրության միջամտության ոչ բոլոր դրսևորումներն են հաջողվում: Այսպես,
անհաջողությամբ ավարտվեցին Սոմալիի կամ Աֆրիկյան մեծ լճերի շրջանում էթնիկական բախումները
կանխելու փորձերը: Այս հանգամանքը սակայն չի նսեմացնում միջազգային հարաբերություններում
նկատվող այն դրական միտումը, երբ ռազմական ուժը գործադրվում է ոչ թե տարածքի կամ հումքի
աղբյուրների, եկամտաբեր շուկաների նվաճման համար, այլ՝ միջազգային անվտանգության ապահովման
նպատակով:
Միաժամանակ, ի հայտ են գալիս պետությունների ներգրավվածության այնպիսի ձևեր, երբ արհամարհվում է ՄԱԿ-ի մանդատի կարևորությունը, և որոշ պետություններ իրենց հայեցողությամբ են նախաձեռնում նման գործողություններ, օրինակ՝ ԱՄՆ-ի գործողությունը Կոսովոյում և Իրաքում, ՌԴ գործողությունը Հարավային Օսեթիայում: Այս գործողություններն ի հայտ են բերել ժամանակակից միջազգային հարաբերությունների իրավաքաղաքական կառուցվածքի անարդյունավետությունը:
Իրաքյան առաջին ճգնաժամը
1990-ական թթ. սկզբին, երբ «սառը պատերազմն» ավարտվում էր, ՄԱԿ-ը բոլոր հնարավորություններն ուներ առավելագույն արդյունավետությամբ իրականացնելու իր գործառույթները: 1990թ. օգոստոսին Իրաքի կողմից Քուվեյթի տարածքի բռնազավթումը զայրույթով ընդունվեց համաշխարհային հանրության կողմից, և ՄԱԿ-ը պահանջեց Իրաքից զորքերը դուրս բերել Քուվեյթից: Բաղդադը հրաժարվեց: Այն ժամանակ ՄԱԿ-ի որոշմամբ Իրաքի նկատմամբ կիրառվեցին պատժամիջոցներ: Նրան շրջափակեցին Պարսից ծոցի կողմից և զրկեցին նավթ արտահանելու հնարավորությունից: Միաժամանակ, ամերիկյան ռազմածովային նավատորմի նավերը ծովից շրջափակեցին Իրաքը՝ այդպիսով ապահովելով Իրաքի նկատմամբ ՄԱԿ-ի մտցրած առևտրական էմբարգոյի իրագործումը: Այն պետք է ստիպեր Իրաքին հեռանալ Քուվեյթից մինչև 1991թ. հունվարի 15-ը: Սակայն ոչինչ չէր ներազդում Իրաքի կառավարության վրա: Այդ ժամանակ զինված ուժով իրաքյան ուժերը Քուվեյթից դուրս մղելը դարձավ անխուսափելի: Դեռևս 1990թ. նոյեմբերին ՄԱԿ-ի ԱԽ-ն չորս «կողմ» և մեկ «ձեռնպահ» (Չինաստան) հարաբերակցությամբ ընդունել էր 678 բանաձևը, որը ՄԱԿ-ի անդամ պետություններին լիազորում էր կիրառել անհրաժեշտ միջոցներ Քուվեյթի անկախությունը վերականգնելու համար: 1991թ. փետրվարին ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, սիրիական, եգիպտական և մի քանի այլ արաբական երկրների զինված ուժերի կողմից կազմված կոալիցիան (ընդամենը 28 երկիր) պատերազմական գործողություններ սկսեց Իրաքի դեմ, որոնք ստացան «Անապատահողմ» անվանումը: Պատերազմն Իրաքի դեմ վերականգնեց ստատուս քվոն Պարսից ծոցի շրջանում: Այս գործողությունը համարվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի արդյունավետ գործունեության խորհրդանիշ և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը կոլեկտիվ ջանքերով վերականգնելու առաջին հաջողված օրինակ:
Բոսնիական ճգնաժամը
1991թ. հունիսին
Սլովենիան ու Խորվաթիան հայտարարեցին Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին: Խորվաթիայում
ապրող սերբերը, օգնություն ստանալով Բելգրադից, ռազմական գործողություններ սկսեցին
Խորվաթիայի դեմ: Վերջինիս խնդրանքով ՄԱկ-ի ԱԽ-ն որոշում ընդունեց խաղաղապահ ուժեր ուղարկելու
այդ երկիր՝ հակամարտող կողմերի միջև հաստատված զինադադարը պահպանելու համար:
1992թ. մարտին
իր անկախությունը հռչակեց Բոսնիան: Տեղի սերբերը ռազմական ուժի գործադրման միջոցով
կարողացան իրենց վերահսկողությունը ենթարկել գրեթե ամբողջ Բոսնիան: Ռազմական գործողություններ սկսեցին նաև
բոսնիական խորվաթները: Հունիսին ՄԱԿ-ի ԱԽ-ն իր խաղաղապահ մանդատը տարածեց Բոսնիայի
տարածքի վրա: Խնդիր էր դրված ապահովել զինադադարի պայմանների կատարումը և հումանիտար
բեռների անվտանգ մատակարարումը: Օգոստոսին խաղաղապահ ուժերին տրվեցին բոլոր անհրաժեշտ
միջոցները կիրառելու լիազորություններ, իսկ հոկտեմբերին պատերազմող կողմերին արգելվեց
օգտագործել Բոսնիայի օդային տարածքը: Քանի որ ռազմական գործողությունները չէին դադարում,
ՄԱԿ-ը արգելք սահմանեց պատերազմող կողմերին զենք մատակարարելու վրա, տնտեսական պատժամիջոցներ
կիրառեց Հարավսլավիայի նկատմամբ: Բացի այդ, ՄԱԿ-ը ջանքեր գործադրեց աշխուժացնելու բանակցային
գործընթացը և մի քանի հատուկ պատվիրակություն ուղարկեց հակամարտության տարածաշրջան:
Ավելին, Բոսնիայի մի քանի շրջաններ էլ հայտարարվեցին անվտանգության գոտի: Սակայն ՄԱԿ-ի
ընդունած որոշումները կյանքի չէին կոչվում: UN PROFOR-ը չուներ պարտադրման լիազորություններ,
քանի որ ԵՄ-ն հրաժարվում էր ռազմական ուժի գործադրման մանդատ տրամադրել, իսկ ԱՄՆ-ն
չէր ցանկանում իր վրա վերցնել այն դերը, որը կատարել էր «Անապատահողմ» գործողության
ժամանակ: Ռոսաստանը համաձայնում էր ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր որոշումներին, սակայն դեմ էր սերբերի
դիրքերի ռմբակոծմանը:
Այս հակամարտության
ընթացքում բեկում տեղի ունեցավ 1994թ. սկզբին: Փետրվարին սերբական ուժերը ռմբակոծեցին
Սարանովայի կենտրոնական շուկան: Զոհվեց 68 մարդ: Մարտին սկսվեցին Հորաժդե քաղաքի ռմբակոծումները,
չնայած, որ քաղաքը մտնում էր անվտանգության գոտու մեջ: Այս գործողությունը լայնորեն
լուսաբանվեց բազմաթիվ հեռուստաալիքներով և հատկապես CNN-ով, ինչը համաշխարհային հանրային
կարծիքի վրա ազդող գործոն դարձավ: ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք պետություններ ընդունեցին
«խաղաղության պարտադրանքի» վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերն իրագործելու որոշում:
Ծրագիրը ղեկավարելու էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, դրա իրագործմանն օժանդակելու էին
ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները: Սեպտեմբերի վերջին ՆԱՏՕ-ի օդուժը ոչնչացրեց սերբական ինքնաթիռները
և ռմբակոծեց սերբական դիրքերը:
1996թ. հունիսին սերբերը գրավեցին Սրեբրինիցա քաղաքը և, այնտեղից դուրս բերելով բոլոր տղամարդկանց, գնդակահարեցին: Այս ոճրագործությունը դարձավ միջազգային հանրությանը սերբերի դեմ տրամադրող վերջին կաթիլը: Օգոստոսին հարձակման անցան խորվաթները, որոնք վտարեցին սերբական Կրաինայում ապրող 150 հազար սերբերի: Խորվաթները միավորվեցին Բոսնիայի մահմեդականների հետ, որոնք, ստանալով ՆԱՏՕ-ի օժանդակությունը, կարողացան փոխել ուժերի հարաբերակցությունը: Երբ սկսվեցին սերբական քաղաքների ռմբակոծությունները, սերբերը տեղի տվեցին, և 1995թ. նոյեմբեր-դեկտեմբերին ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի ռազմաբազայում կողմերի միջև սկսվեցին բանակցություններ՝ կրակը դադարեցնելու և հաշտություն կնքելու վերաբերյալ: Բանակցություններին մասնակցում էին երաշխավոր-պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները: 1995թ. դեկտեմբերի 14-ին Փարիզում ստորագրվեց հաշտության պայմանագիր: Ըստ դրա, Բոսնիայում ստեղծվում էր ֆեդերատիվ պետություն՝ կազմված երկու մասից՝ Բոսնիայի և Հերցեգովինայի համադաշնություն ու Սերբական հանրապետություն՝ Սարաևո մայրաքաղաքով: Պետության տարածքում երեք էթնիկ խմբերն ունենալու էին հավասար իրավունքներ: ՄԱԿ-ի ԱԽ-ի 1035 բանաձևի համաձայն՝ Բոսնիա-Հերցեգովինայի տարածքում տեղակայվում էր ՆԱՏՕ-ի 60 հազարանոց խաղաղապահ զորքը: Այսպիսով, ավարտվեց 1992-1995թթ. քաղաքացիական պատերազմը Բոսնիայում ու Հերցեգովինայում՝ Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում տեղի ունեցած ամենաարյունահեղ պատերազմը: ՄԱԿ-ի «խաղաղության պարտադրման» գործողությունը որոշակիորեն հասավ իր նպատակին: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ բոսնիական գործողությունն էապես տարբերվում է իրաքյան գործողությունից: Այն ներքին էթնիկ հակամարտություն էր արտաքին ուժերի որոշակի ներգրավվածությամբ: Բացի այդ, այս դեպքում առավել ընդգծված էր հումանիտար գործոնը. քաղաքացիական բնակչության զանգվածային տեղահանություն, նրա հետևողական բնաջնջում կրոնական կամ ազգային հատկանիշների հիման վրա, սննդամթերքի ու դեղորայքի հասանելիության շատ ցածր մակարդակ: ՄԱԿ-ն այս դեպքում շատ անվճռական գտնվեց ու երկար ժամանակ չէր կարողանում գտնել անհրաժեշտ միջոցներ արյունահեղությունը կանխելու համար: Բացի այդ, Բալկանները երկրորդական տեղ են գրավում ազդեցիկ պետությունների տնտեսական հետաքրքրություններում: Պատահական չէ, որ նույնիսկ ԱՄՆ-ն, որն ամենաակտիվն է ՄԱԿ-ի նախաձեռնություններում, խանդավառված չէր բոսնիական գործողությամբ:
Արևելյան Թիմորի ճգնաժամը
Հարավարևելյան
Ասիայի Թիմոր կղզին, որի արևելյան կեսում գտնվում է Արևելյան Թիմորի ժողովրդավարական
հանրապետությունն (Թիմոր-Լեշտե) իր էքսկլավի հետ միասին, դեռևս 18-րդ դարի սկզբին Պորտուգալիայի
գաղութն էր: 1859թ. Լիսաբոնի պայմանագրի համաձայն՝ կղզին բաժանվում է Նիդեռլանդների
ու Պորտուգալիայի միջև: Այդ պետությունների կողմից Թիմորում իրենց պատկանող տարածքների
վերջնական սահմանագծումը կատարվում է 1914թ.:
Երկրորդ համաշխարհային
պատերազմի ժամանակ՝ 1942թ. կղզին գրավում են ճապոնացիները, որոնց օկուպացիան շարունակվում
է մինչև 1945թ.: Պատերազմի ավարտից հետո կղզում վերականգնվում է Պորտուգալիայի իշխանությունը,
որը պահպանվում է մինչև 1974թ.: Պորտուգալիայում ավտորիտար վարչակարգի անկումը հիմնավոր
նախադրյալ էր՝ հասնելու պորտուգալական Թիմորի ապագաղութացման: 1975թ. նոյեմբերի
28-ին Արևելյան Թիմորը հռչակվում է անկախ: Սակայն 9 օր անց երկիրը ենթարկվում է ինդոնեզական
բանակի հարձակմանը, որի արդյունքում Արևելյան Թիմորը հայտարարվում է Ինդոնեզիայի
27-րդ նահանգը: Այդ ներխուժման, ինչպես նաև դրան հետևած բռնաճնշումների հետևում կանգնած
էր ԱՄՆ-ն: Նա էր զինում և մարզում ինդոնեզական հատուկջոկատայիններին: Ինդոնեզիայի գործողությունները
պաշտպանում և արտասահմանում Թիմորի ազատագրական շարժման դեմ պայքարում էր Ավստրալիան:
1975թ. դեկտեմբերին Արևելյան Թիմորի ու Ինդոնեզիայի հարաբերությունների առնչությամբ
Ինդոնեզիա է ժամանում ԱՄՆ նախագահ Ֆորդը: Այցը նոր ազդակ հանդիսացավ ամերիկա-ինդոնեզական
ռազմաքաղաքական գործակցության համար: Դրա վկայությունն այն է, ԱՄՆ նախագահի մեկնումի
հաջորդ օրն ամերիկյան կողմնորոշում ունեցող բռնապետ Սուխարտոյի՝ ամերիկյան զենքով զինված
բանակը ներխուժեց կղզի՝ այն բռնազավթելու նպատակով: Մինչև 1989թ. Թիմորում ոչնչացվեց
200 հազար անմեղ մարդ՝ կղզու բնակչության 1/3 մասը, նույնքան մարդ էլ դարձավ փախստաական:
Ինդոնեզական տիրապետությունը Թիմորում տևեց 27 տարի: 1999թ. ՄԱԿ-ի ճնշմամբ Արևելյան Թիմորում անցկացվեց անկախության հանրաքվե: Դրա արդյունքում բնակչության 78.5%-ը քվեարկեց հօգուտ անկախության: Կղզում իրադրությունը կրկին սրվեց, սկսվեց բռնությունների նոր ալիք հին վարչակարգի կողմնակից ուժերի և անկախությունը պաշտպանող բնակչության միջև: ՄԱԿ-ի ԱԽ-ն անհապաղ որոշում կայացրեց Թիմոր միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկելու մասին: 2002թ. մայիսի 20-ին նախկին պորտուգալական գաղութը պաշտոնապես հայտարարվեց անկախ պետություն:
Կոսովոյի ճգնաժամը
Եթե իրաքյան և բոսնիական ճգնաժամերի
պարագայում ՄԱԿ-ը գործում էր անկախ Քուվեյթի և Բոսնիայի կառավարությունների կողքին,
ապա Կոսովոյի դեպքում հակամարտությունը բացառապես ներքին էր, ուստի միջազգային կազմակերպությունների
ուղղակի միջամտությունն օրինական չէր կարող լինել:
1989թ. Միլոշեվիչի կառավարությունը
վերացրեց Կոսովոյի ինքնավարությունը և սաստկացրեց բնակչության մեծամասնությունը կազմող
ալբանացիների ճնշման քաղաքականությունը: 1990թ. կեսերին ալբանացիները ստեղծեցին գործող
իշխանությանը զուգահեռ համակարգ, Կոսովոյի նախագահ ընտրեցին Ռուգովային (2002-2006թթ.)
և ստեղծեցին Կոսովոյի ազատագրական բանակ:
Բելգրադի և Կոսովոյի միջև բռնկված
պատերազմի հիմնական զոհը դարձավ խաղաղ բնակչությունը: Սերբերը պնդում էին, որ իրականացնում
են հակաահաբեկչական գործողություններ, իսկ ալբանացիները խոսում էին էթնիկ զտումների
մասին: ՄԱԿ-ի ԱԽ-ն 1998թ. երեք բանաձև ընդունեց (1160,1199, 1203), որոնցում դատապարտվում
էր Կոսովոյում հումանիտար իրավիճակի վատթարացումը, մարդու իրավունքների խախտումը, կոչ
էր արվում Կոսովոյից դուրս բերել սերբական անվտանգության ուժերը, ապահովել միջազգային
դիտորդների մուտքը հակամարտության գոտի և աջակցել տեղահանված բնակչության վերադարձին
իրենց մշտական բնակության վայրեր: Միաժամանակ, ՄԱԿ-ը դատապարտեց Կոսովոյի ազատագրական
բանակի ահաբեկչական գործողությունները: Մեծ տերությունները փորձեցին կարգավորել իրավիճակը
բոսնիական սցենարով, սակայն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի ջանքերն անհաջող էին, ու 1998թ.
աշնանը ռազմական գործողությունները վերսկսվեցին : Սերբերն օգտագործում էին ծանր հրետանի
և զրահատեխնիկա, ինչի հետևանքով 300 հազար կոսովյան ալբանացիներ փախան իրենց բնակության
վայրերից, ապաստանեցին լեռներում, որտեղ մոտալուտ ձմեռը սպառնում էր ոչնչացնել նրանց
մեծ մասին: ՆԱՏՕ-ի խորհուրդն այս դրությունը որակեց իբրև հումանիտար աղետ և հայտարարեց
սերբերին օդային հարվածներ հասցնելու պատրաստակամության մասն: Այդպիսով, ՄԱԿ-ը փորձում
էր իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքում պահել ու խնդիրը կարգավորել խաղաղ միջոցներով:
Այս առումով հատկանշական էր Դեյթոնյան համաձայնության հեղինակ, ամերիկյան դիվանագետ
Հոլբրուկի այցը տարածաշրջան, որի արդյունքում գտնվեց խնդրի միջանկյալ լուծման տարբերակ:
Սերբերը համաձայն էին զիջումների գնալ, բայց այս անգամ էլ դեմ էին ալբանացիները:
1999թ. հունվարին վերսկսված ռազմական գործողությունները եզրափակվեցին ՆԱՏՕ-ի խորհրդի
որոշմամբ, որը կազմակերպության գլխավոր քարտուղար Սոլանային և զորքերի հրամանատար Քլարքին
հրահանգում էր օդային հարվածներ հասցնել սերբական քաղաքներին: 1999թ. մարտի 24-ին սկսված
գործողությունը, որն անվանվել էր «Դաշնակցային ուժ», Ռուսաստանի նախաձեռնությամբ դատապարտվեց
ՄԱկ-ի ԱԽ-ի անդամ մի քանի պետությունների կողմից, որպես միջամտություն Սերբիայի ներքին
գործերին և ագրեսիայի ակտ: Այդ մասին հայտարարության մեջ նշվում էր, որ խնդրո առարկա
իրադարձություններն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև՝ համաշխարհային նշանակություն,
քանի որ առաջին անգամ տարածաշրջանային կազմակերպությունը խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը
և առանց նրա թույլատրության միջամտել այլ պետության ներքին գործերին:
1999-2008թթ. Կոսովոն ՄԱԿ-ի վարչական կառավարման և ՆԱՏՕ-ի փաստացի ռազմական վերահսկողության տակ էր: 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միակողմանի կարգով հայտարարեց Սերբիայից անկախանալու որոշման մասին: Հաջորդ օրը մի շարք պետություններ, այդ թվում՝ նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճանաչեցին Կոսովոյի անկախությունը: 2020թ. դրությամբ Կոսովոն ճանաչել է 98 պետություն: Սերբիան այդ որոշումը չի ընդունում: Նրան սատարում են Ռուսաստանն ու Չինաստանը: Չնայած հնչող քննադատությանը, Կոսովոյի խնդրի կարգավորման գործում ակնառու դեր կատարած ՄԱԿ-ի աշխատակից, 1994-2000թթ. Ֆինլանդիայի նախագահ Ախթիսաարը, ով կազմել էր Կոսովոյի անջատման պլանը, վերջին 3 տասնամյակների ընթացքում տարբեր մայրցամաքներում ընթացող միջազգային հակամարտությունների կարգավորման գործում ներդրված կարևոր ջանքերի համար արժանացավ Խաղաղության նոբելյան մրցանակի: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ռայսը հայտարարեց, որ Կոսովոյի դեպքը յուրահատուկ է ու չի կարող նախադեպ լինել նմանատիպ մյուս դեպքերի համար:
Ուժի միակողմանի կիրառումը հակամարտությունների լուծման նպատակով
Վերջին տարիներին ակտիվորեն
շրջանառվում է այն տեսակետը, որ միջազգային հանրությունն իրավունք ունի միջամտելու
պետությունների ներքին գործերին ոչ միայն միջազգային խաղաղության ու անվտանգության
ապահովման նպատակով, այլ նաև հումանիտար նկատառումներով: Հումանիտար ներխուժումը Կարմիր
խաչի կազմակերպության կողմից բնորոշվում է իբրև «միջամտություն, որը պատճառաբանվում
է հումանիտար նկատառումներով, մարդկանց տանջանքները թեթևացնելու և բացառելու համար»:
Նրա կողմնակիցները հղում են կատարում հաջողված պատմական նախադեպերին, համարելով, որ
նույնիսկ «սառը պատերազմի» ժամանակ առանձին պետություններ սեփական շահերը բավարարելու
համար ներխուժում էին իրականացնում այս կամ այն երկիր, և այդ քայլերը բերում էին դրական
հումանիտար արդյունք:
1971թ. Արևելյան Պակիստանում
բռնկվեց ապստամբություն: Պակիստանի կենտրոնական կառավարությունը ճնշեց այն հսկայական
զոհերի գնով: 9 միլիոն մարդ էլ անցավ Հնդկաստանի սահմանը՝ կյանքը փրկելու համար: Հնդկաստանը
մեծ դժվարություններ ունեցավ պակիստանցի փախստականներին ընդունելու գործում և ստիպված
էր զորք մտցնել Արևելյան Պակիստան: Պակիստանյան բանակը ջախջախվեց, ապահովվեց փախստականների
վերադարձը հայրենիք, իսկ Արևելյան Պակիստանում ստեղծվեց Բանգլադեշ պետությունը: Այդպիսով,
Հնդկաստանը ոչ միայն լուծեց փախստականների խնդիրն, այլև թուլացրեց իր ավանդական հակառակորդ
պետությունը՝ Պակիստանը: Թեև ՄԱԿ-ը դատապարտեց Հնդկաստանի միջամտությունը Պակիստանի
ներքին գործերին, այնուամենայնիվ, անուրանալի է այդ միջամտության հումանիտար նշանակությունը:
1971-1979թթ. Ուգանդայում իշխում
էր նախագահ Դադա Ումե Իդի Ամինի ամբողջատիրական վարչակարգը, որն Աֆրիկայի պատմության
մեջ երբևէ հայտնի ամենադաժան վարչակարգն է: Նշված ժամանակահատվածում սպանվել է այս
փոքրիկ պետության 300000-500000 քաղաքացի, ընդ որում, նրանցից 2.000-ը սպանվել է անձամբ
նախագահի ձեռքով: Ուգանդայի բռնապետը 20-րդ դարի ամենածայրահեղ և էպատաժային գործիչներից
մեկն է: Նրա անձը, գործունեությունը պարուրված են տարօրինակություններով, ծայրահեղություններով,
հակամարդկային արարքներով: Իդի Ամինին բնութագրելու համար բավական է նշել, որ նրա իդեալը
եղել է Հիտլերը, որ նա եղել է կաննիբալիստ (ուտում էր սպանված թշնամիների, ռազմագերիների,
ցեղակիցների մարմինների տարբեր մասերը՝ հավատալով, որ սպանվածի ուժը և այլ հատկանիշներ
իբր փոխանցվում են նրա միսն ուտողին), իր երկար տիտղոսաշարում իրեն մեծարել է նաև իբրև
«աշխարհի բոլոր գազանների» և «Մեծ Բրիտանիայի տիրակալ»:
1978թ. հոկտեմբերին Ուգանդայի
բանակը փորձեց բռնազավթել հարևան Տանզանիայի մի մասը: Այս հարձակումը ոչ միայն ետ մղվեց,
այլև, համալրվելով Իդի Ամինից դժգոհ ուգանդացի մեծաթիվ վտարանդիների ուժերով, Տանզանիայի
զորքը ներխուժեց Ուգանդա և վերացրեց Ամինի իշխանությունը: Տանզանիան միջազգային պատժամիջոցներից
խուսափեց՝ իր գործողությունը բացատրելով «ագրեսիային հակադրվելու անհրաժեշտությամբ»:
1975-1978թթ. Վիետնամի ու Կամբոջայի
սահմանամերձ տարածքներում տեղի էին ունենում պատերազմական գործողություններ: Ռազմատենչ
հայտարարություններով, ինչպես նաև իր տարածքում գրեթե բոլոր էթնիկ վիետնամցիներին ոչնչացնելու
գործողությամբ Կամբոջան հրահրեց Վիետնամին 1979թ. ագրեսիա իրականացնելու Կամբոջայի
նկատմամբ, որի արդյունքում վերացվեց այդ երկրում իշխող Պոլ Պոտի վարչակարգը: Այս գործողությունը
ևս ուներ հումանիտար նշանակություն, քանի որ Պոլ Պոտի կառավարման տարիներին ոչնչացվել
էր այդ երկրի բնակչության 1/3-ը:
Հումանիտար աղետների վերացմանն
ուղղված գործողությունները երբեմն նաև անհաջողության են մատնվել:
1988թ. Սոմալիում սկսված պայքարը
Մոհամեդ Սիադ Բարրեի բռնապետության դեմ վերածվեց բազմակողմ քաղաքացիական պատերազմի:
Հակամարտող խմբավորումների ու քրեական միավորումների բախումների հետևանքով ուղղակի
վերացավ այդ երկրի կենտրոնական իշխանությունը: ՄԱկ-ի ԱԽ-ն 1992թ. ապրիլի 24-ին ընդունած
751 բանաձևի համաձայն, Սոմալի ուղարկեց խաղաղապահ 4 գումարտակ: Այս առաքելության նպատակն
էր՝ կանխել հումանիտար աղետը Սոմալիում ՝ ապահովելով հումանիտար բեռների տեղափոխումը:
Սակայն իրավիճակը չբարելավվեց, քանի որ UNOSOM I առաքելությունը չուներ ռազմական
ուժ կիրառելու լիազորություն: Նույն թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն ստիպված էր ընդունել նոր բանաձև
Սոմալի ամերիկյան զորամիավորումներ ուղարկելու վերաբերյալ: 1993թ. հունվարին ապստամբական
ուժերը գեներալ Մոհամեդ Ֆարաք Այդիդի գլխավորությամբ հարձակում իրականացրին UNOSOM I առաքելության ուժերի տեղակայման վայրերի վրա և սպանեցին մի քանի տասնյակ խաղաղապահների:
Ամերիկյան զորքը հրահանգ ստացավ պատժելու Մոհամմեդ Այդիդին, սակայն պատժիչ գործողության
ընթացքում զոհվեց 18 ամերիկյան զինվոր, իսկ 1-ը գերի ընկավ: Երբ ամերիկյան հեռուստաընկերությունները
ցուցադրեցին նրա սպանության կադրերը, հանրային ճնշման տակ ԱՄՆ նախագահ Քլինթոնը ստիպված
էր ընդունել ամերիկյան զորքը Սոմալիից դուրս բերելու որոշում: Սոմալիի ողբերգությունը
մասամբ բացատրում է նաև ՄԱԿ-ի անգործությունը Ռուանդայում, որտեղ թութսի և խութու ցեղերի
միջև 1994թ. սկսված բախումների հետևանքով ոչնչացվեց մոտավորապես 1 միլիոն մարդ: Թեև
ՄԱԿ-ի ԱԽ-ն ստեղծված իրավիճակի առնչությամբ բոլոր պետություններին իրավունք էր տվել
օգտագործելու հնարավոր բոլոր միջոցները՝ Ռուանդայում ներքին իրադրությունը կայունացնելու
նպատակով, սակայն դա չխանգարեց խութուներին բնաջնջելու Ռուանդայի ողջ վերնախավը: Վերջինս
ներկայացնում էին թութսիները: Ամերիկացիները հրաժարվեցին գնալ Ռուանդա, բելգիացիներն
իրենց զորքը դուրս բերեցին այդ երկրից, իսկ
ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատից օգտվող ֆրանսիացիները բացահայտորեն պաշտպանում էին խութուներին:
ՄԱԿ-ի կողմից լիազորված գործողությունների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում 1994թ. ներխուժումը Հայիթի: Այն տարբերվում է մյուսներից, քանի որ վերաբերում էր ոչ թե հումանիտար աղետի կանխմանը կամ խաղաղության ու անվտանգության պահպանման անհրաժեշտությունը,
այլ նպատակ ուներ իր պաշտոնում վերականգնել օրինական ընտրված նախագահ Արիստիդին:
Վերջինս պաշտոնանկ էր արվել
1991թ. ռազմական խունտայի կողմից:
Երկրում հաստատվել էր բռնապետական վարչակարգ, որի վարած քաղաքականության պատճառով սկսվել էր իշխող վարչակարգից դժգոհողների և դրա կողմից երկրից վտարվածների մեծ հոսք դեպի ԱՄՆ: ՄԱԿ-ի ԱԽ-ն անդամ-պետություններին լիազորեց ռազմական ուժ կիրառել Հայիթիում,
սակայն մինչ այդ երկրի պետական իշխանություններին ուղղված վերջնագրի ժամկետի լրանալը,
ռազմական իշխանությունը հրաժարական տվեց,
և օրինական նախագահը վերականգնվեց իր պաշտոնում:
Վերը ներկայացված բոլոր օրինակները առաջացնում են
2 սկզբունքային հարց.
1. արդյո՞ք հումանիտար աղետը հիմք է հանդիսանում այլ պետության կամ պետությունների կողմից խախտելու տվյալ պետության ինքնիշխանությունը
2. արդյո՞ք որևէ միջազգային կազմակերպություն կամ առանձին պետություն իրավասու է որոշում ընդունել այլ պետությունների ներքին գործերին միջամտելու վերաբերյալ
Դեռևս
1960-ական թթ-ից ազդեցիկ է այն տեսակետը, որ պետության ինքնիշխանությունը, նրա ներքին
կարգը երբեք բացարձակ հասկացություններ չեն եղել: Այս տեսակետի կողմնակիցներից է ամերիկյան
միջազգայնագետ Ֆալքը: Ըստ նրա, «ինքնիշխանությունը ազգին օժտում է լոկ գլխավոր
իրավասությամբ, բայց այն չի հանդիսանում և երբեք չի եղել բացարձակ իրավասություն»:
Իսկ հումանիտար պատճառներով պետությունների ներքին գործերին միջամտության սկզբունքային
ջատագով, միջազգային իրավունքի մասնագետ Դելյուպիսն ավելացնում է. «Ոչ մի պետություն
Նյուրնբերգյան դատավարությունից հետո չի կարող պնդել, որ միջազգային իրավունքը նույնիսկ
պայմանագրերի բացակայության դեպքում չունի վայրագությունները և ցեղասպանությունները
արգելող կանոններ»:
Այս հարցերն ավելի դժվար ընկալելի են դառնում, երբ փորձ է արվում դրանց վերաբերյալ մշակել բոլոր պետությունների համար ընդհանուր որոշակի չափորոշիչներ: Այդ դժվար լուծելի հարցերից մեկը հետևյալն է. քանի՞ հարյուր հազար կամ միլիոն մարդ պետք է տեղահանվի կամ սպանվի, որպեսզի իրավիճակը որակվի հումանիտար աղետ: Մյուս հարցը բխում է տրամաբանորեն. ո՞վ պետք է իրավասություն ունենա նման բնորոշում սահմանելու համար: Լուծման կարոտ խնդիրներ են նաև վերոնշյալ 2 հարցերի վերաբերյալ քաղաքական շահարկումների, հումանիտար պատճառներով ներխուժման հետևանքով վնասների առաջացման բացառումը: Միակողմանի ուժի գործադրման հակառակորդները պնդում են, որ հումանիտար ներխուժումը կիրառելի է միայն գործողության համընդհանուր լինելու դեպքում, քանի որ հակառակ դեպքում ոչ մի պետություն չի հանդգնի ներխուժում իրականացնել որևէ միջուկային տերություն, եթե այնտեղ առաջանա հումանիտար աղետ: Բացի այդ, մարդու իրավունքների խախտման ոչ բոլոր դեպքերում են միջազգային ուժերը կարողանում միջամտություն իրականացնել: Եվ վերջապես, ինչու՞, օրինակ, պատժել Սերբիային ալբանացիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի համար և ոչ մի ուշադրություն չդարձնել գրեթե նույն քաղաքականությունն իրականացնող Թուրքիային՝ քրդերին ճնշելու առնչությամբ:
Comments
Post a Comment