1991 թվականի երկրորդ կեսը հարուստ էր դրամատիկ
իրադարձություններով, որոնք փոխեցին պատմության ընթացքն ու նոր աշխարհաքաղաքական իրավիճակ
ստեղծեցին հետսովետական տարածքում: Կենտրոնական իշխանությունը, թեկուզ խիստ թուլացած,
միևնույն է՝ զսպող գործոն էր: Նրա վերջնական անկումը կատարյալ քաղաքական քաոսի ու լայնածավալ
պատերազմի հանգեցրեց Հարավային Կովկասում: Մենք տագնապով արձագանքեցինք Մոսկվայում
օգոստոսի 19-21-ը տեղի ունեցած հեղաշրջման փորձին՝ հասկանալով, որ հաջողվելու դեպքում
այն զանգվածային բռնաճնշումների է բերելու. այլ եղանակով երկիրը նախկին վիճակին վերադարձնել
արդեն չի հաջողվի: Մեզ համար դա ճնշումների ու հայերի բռնագաղթի նոր ալիք էր նշանակում:
Պոլյանիչկոյի կազմկոմիտեն անմիջապես հանդես
եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն ԳԿՉՊ-ի: Խռովարարները Ղարաբաղը երկրի ցնցման
գործոն էին համարում, իսկ մեզ՝ ծայրահեղական-ազգայնականներ, որոնց պետք է արագ բանտ
նետել: Ղարաբաղում բոլորի համար գլխավոր թեմա դարձան Մոսկվայի իրադարձությունները,
ու մենք լարված հետևում էինք դրանց զարգացմանը՝ հասկանալով, որ այնտեղ է վճռվում նաև
մեր ճակատագիրը: Խռովարարների գործողությունների թեժ քննարկումներ էին լինում՝ առանձնապես
կենտրոնանալով նրանց անվստահության ու անվճռականության վրա: Յանաևի դողացող ձեռքերը
ո՛չ վախ էին ներշնչում, ո՛չ հարգանք, բայց և այնպես… Երբ խռովությունը տապալվեց, թեթևացած
շունչ քաշեցինք, բայց հասկանում էինք, որ հիմա կենտրոնախույս ուժերը կակտիվանան, ու
մենք կհայտնվենք միանգամայն նոր իրավիճակում:
Ինքնիշխանության մասին հայտարարելու շքերթ սկսվեց:
Օգոստոսի 30-ին ՍՍՀՄ կազմից դուրս գալու որոշում ընդունեց Ադրբեջանը, ինչից հետո շատ
հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց: Բանն այն է, որ Ադրբեջանը ոչ թե պարզապես հայտարարել
էր իր անկախության, այլ «1918-1920 թվականների ադրբեջանական պետականության վերականգնման»
մասին: Իսկ այդ տարիներին Ղարաբաղը ամենևին էլ նրա կազմում չէր: Ստացվում էր, որ դե
յուրե մենք դուրս էինք գալիս այդ նոր, անկախ Ադրբեջանից: ՍՍՀՄ կազմից դուրս գալու որոշումը
հանրապետության գլխավոր օրենսդիր մարմնի կողմից ընդունվել էր առանց դրան նախորդող հանրաքվեի:
Իհարկե, ԼՂԻՄ-ի հետ որևէ բանակցություն կամ խորհրդատվություն չէր եղել:
Անմիջապես հարց ծագեց. իսկ մե՞նք: Սովետական
սահմանադրությունը նախատեսում էր ՍՍՀՄ կազմից դուրս գալու՝ միութենական հանրապետության
իրավունքը, իսկ կարգը սահմանվել էր 1990 թվականի ապրիլին ընդունված օրենքով: Օրենքում
հստակ նշվում էր, որ նման դեպքում ինքնավար կազմավորումները պահպանում են ոչ միայն
ՍՍՀՄ կազմում մնալու հարցն ինքնուրույն որոշելու, այլև իրենց պետաիրավական կարգավիճակի
խնդիրը բարձրացնելու իրավունքը: Հանրաքվեի արդյունքները պետք է առանձին հաշվի առնվեին
նույնիսկ կոմպակտ ապրող ազգային խմբերի համար: Պետք էր արագ գործել՝ պահը բաց չթողնելու
համար, քանի դեռ հնարավոր էր հիմնվել ՍՍՀՄ սահմանադրության և օրենքների վրա, ու մենք
չհապաղեցինք:
Սեպտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի որոշումից 2 օր
անց, միանգամայն օրինական հիմունքներով, ՍՍՀՄ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան,
ԼՂԻՄ մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստում մենք հայտարարեցինք
ԼՂՀ ստեղծման մասին:
Հայկական ՍՍՀ-ի հետ վերամիավորվելու մասին
1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը կորցնում էր հրատապությունը: Ակնհայտ էր, որ
երկրի փլուզման դեպքում մեր անկախության իրավական հիմքն է դառնալու ինքնորոշման իրավունքի
իրացումը: Հռչակագրի վրա ես էի աշխատել՝ Կարեն Բաբուրյանի հետ: Խորհրդակցել էինք Հայաստանի
փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի իրավաբանների հետ: Հիմնավոր քաղաքական-իրավական
փաստաթուղթ ստացվեց, որը բռնեց ժամանակի փորձությունն ու դարձավ ԼՂՀ կազմավորման հիմքը:
Մենք հանրապետություն ստեղծեցինք, բայց սրընթաց
փոխվող իրավիճակում հռչակագրում գիտակցաբար բաց թողեցինք ՍՍՀՄ կազմից դուրս գալու կամ
մնալու հարցը: Տեղի ունեցածը նշանակում էր, որ ՍՍՀՄ փլուզման ընթացքում նախկին Ադրբեջանական
ՍՍՀ տարածքում հայտնվել է 2 պետական կազմավորում՝ Ադրբեջանի Հանրապետությունն ու ԼՂՀ-ն:
ԼՂՀ գործկոմի նախագահ ընտրեցինք Լեոնարդ Պետրոսյանին:
Շուտով՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանում անցկացվեց
անկախության հանրաքվեն: Համարյա 100 տոկոսանոց մասնակցությամբ անկախությունն ընտրեց
քվեարկածների 99 տոկոսը:
Հետաքրքիր ժամանակ էր. Սովետական Միությունը
կարծես դեռ գոյություն ուներ, բայց արագորեն ուժ էր հավաքում ԳԿՉՊ-ին մարտահրավեր նետած
ու հաղթած Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը. նրա ազդեցությունը դուրս էր
եկել Ռուսաստանի Դաշնության սահմաններից և արդեն առնչվում էր բազմաթիվ հոգեվարող միութենական
մարմինների:
Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ որպես
միջնորդ հանդես գալու Ելցինի որոշումը սաղմնավորվող նոր աշխարհաքաղաքական իրականության
արտահայտություններից մեկը դարձավ: Ելցինի ու Նազարբաևի ներկայացուցիչները մի քանի
օր առաջ եկան Ստեփանակերտ՝ այցը նախապատրաստելու: Իսկ նախագահները ժամանեցին 1991 թվականի
սեպտեմբերի 22-ին: Նախագահական ինքնաթիռով նրանց Բաքվից հասցրին Կիրովաբադ, իսկ այնտեղից՝
ռազմական ուղղաթիռով՝ Ստեփանակերտ: Մեր կողմից հյուրերին դիմավորում էին Լեոնարդ Պետրոսյանը,
Օլեգ Եսայանն ու Զորի Բալայանը, որն այդ ժամանակ ՍՍՀՄ ժողովրդական պատգամավոր էր: Ես
այդ ժամանակ գործկոմի շենքում էի: Փողոցից աղմուկ էր լսվում. շենքին հարող հրապարակը
լիքն էր մարդկանց հոծ բազմությամբ, թվում էր՝ ամբողջ քաղաքն է հավաքվել այնտեղ:
Բոլորի տրամադրությունը հանդիսավոր ու համարյա
թե տոնական էր. շատերը Ելցինի այցի հետ իրավիճակի բարելավման հույսեր էին կապում: Հրապարակը
շրջապատել էին զինվորականները, բայց սովորաբար նման իրավիճակներում ծագող լարվածություն
չէր զգացվում: Մարդիկ հանգիստ կանգնել էին, ոչ մի կարգախոս չէին բղավում, պարզապես
զրուցում էին իրար հետ: Շատերի ձեռքին Ելցինին ու Նազարբաևին ուղղված ողջույններով
պաստառներ կային:
Պարզվեց՝ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների
հետ ժամանել է նաև Մութալիբովը: Նախագահների այցը նախապատրաստած անձանց առաջին խումբը
միանգամից հայտարարեց, որ հանդիպմանը պետք է մասնակցի նաև Ադրբեջանի նախագահը: Մենք
կտրականապես մերժեցինք: Նրանք փորձեցին պայման առաջ քաշել. Մութալիբովին չընդունեք,
Ելցինի հետ հանդիպումը չի կայանա, բայց մենք անհողդողդ էինք՝ չէ, ուրեմն՝ չէ: Մենք
Մութալիբովին չենք հրավիրել, թող փողոցն անցնի ու շփվի Պոլյանիչկոյի հետ: Այդ ժամանակ
նրանք պահանջեցին գործկոմի վրայից իջեցնել Հայաստանի դրոշը: Օլեգ Եսայանին ասում են.
«Հրաման տուր, թող դրոշը հանեն»: Օլեգը պատասխանեց. «Եթե այդպիսի հրաման տամ, բոլոր դրոշները կհանեն, Հայաստանինը
կթողնեն: Ձեռք մի՛ տվեք: Թող մնա»:
Վերջապես «Ալֆա» խմբի ուղեկցությամբ ժամանեցին
նախագահները: Հրապարակում հավաքված ժողովուրդը շատ ջերմ ողջունեց Ելցինին, և նա, ակնհայտորեն
այդպիսի ընդունելության չսպասելով, հուզվել էր: Ելցինն ու Նազարբաևը մտան գործկոմի
շենք, ու Մութալիբովին այլ բան չմնաց, քան կազմկոմիտե գնալը: Ելցինի ու Նազարբաևի հետ
հանդիպմանը մեր կողմից մասնակցում էին Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Զորի Բալայանը
և ես, իսկ հանդիպումը գործկոմի նախագահի աշխատասենյակում էր: Փոքրիկ սեղան էլ էինք
բացել՝ մեր ավանդական թթի օղիով ու նախուտեստով:
Մեր գլխավոր, կենսականորեն կարևոր խնդիրն էր՝
կանխել սովետական զորքերը Ղարաբաղի դեմ օգտագործելու ամենափոքր հնարավորությունն անգամ:
Երկիրն առկախված վիճակում է, անհասկանալի է՝ Սովետական Միությունը դեռ կա՞, թե՞ արդեն՝
ոչ, դրա համար էլ բացարձակապես անհասկանալի է՝ ինչ է կատարվելու միութենական զորքերի
հետ ամենամոտ ապագայում. ձգտում էինք առավելագույն անվտանգություն ապահովել մեզ համար:
Ելցինին ներկայացրինք ընթացիկ վիճակը՝ ամենայն մանրամասնությամբ, փաստերով ու թվերով:
Պատմեցինք ու կոնկրետ օրինակներով ցույց տվեցինք, որ սովետական զորքերը Ղարաբաղում
պատժիչ գործիք են Ադրբեջանի ձեռքին, խոսեցինք նաև հայ բնակիչների դեմ իրականացվող ահաբեկչության
մասին: Փորձում էինք բացատրել, որ ստիպված էինք պաշտպանվել, ու եթե ոչինչ չփոխվի, իրավիճակը
վերաճելու է զինված հակամարտության՝ երկու կողմից ահռելի զոհերով:
Ելցինը շատ ուշադիր էր լսում, խոսակցությունը
շիտակ ու բաց էր, և ինձ թվաց, որ Բորիս Նիկոլաևիչը անկեղծորեն անհանգստացած է այդ ամենի
համար ու պատրաստ է աջակցել մեզ: Մի պահի նա կանչեց շրջանի պարետին,- կարծեմ այդ ժամանակ
պաշտոնը զբաղեցնում էր Կոսոլապովը, ու նրանք մի քանի րոպե ցածրաձայն, համարյա շշուկով
ինչ-որ բան էին քննարկում, բայց լսեցինք, որ Ելցինը մեզ հետ համագործակցելու հանձնարարական
տվեց:
Պայմանավորվեցինք, որ բանակցությունները կշարունակվեն
Հյուսիսային Կովկասում՝ Ժելեզնովոդսկում, ուր Ելցինն ու Նազարբաևը թռչելու էին հաջորդ
օրը: Թթի օղի առաջարկեցինք հյուրերին, Ելցինը հաճույքով մի բաժակ խմեց, Նազարբաևը հրաժարվեց,
ու բոլորն անցան նիստերի դահլիճ: Այնտեղ Օլեգ Եսայանի նախագահությամբ հանդիպում էր
կազմակերպվել մարզի, ավելի ճիշտ՝ արդեն Հանրապետության՝ ԼՂՀ պատգամավորների և ակտիվի
հետ:
Հրապարակում հավաքված ժողովուրդն այդ ընթացքում
չէր ցրվում. սպասում էին Ելցինի դուրս գալուն: Հույս ունեինք, որ նախագահը կհամաձայնի
հանդես գալ հավաքվածների առաջ, ու, համենայն դեպս, ինքնաշեն հարթակ էինք պատրաստել՝
իջեցված թափքակողերով բեռնատար՝ զարդարված գորգերով ու դրոշներով: Հանդիպումից հետո,
երբ դուրս եկանք, ու Ելցինը տեսավ, թե հազարավոր աչքեր ինչ հույսով են նայում իրեն,
մեր խնդրանքը մերժել չէր կարող ու համաձայնեց մասնակցել ինքնաբուխ հանրահավաքին: Հարթակ
բարձրանալով՝ Նազարբաևին ասաց. «Բաքվում ելույթ չունեցանք, բայց արի այստեղ խոսենք մարդկանց հետ»: Ու կատակեց՝
լավ է գոնե՝ բեռնատար է, ոչ թե տանկ, ինչպես վերջերս Մոսկվայում: Ելցինը կարճ խոսեց,
բայց շատ զգացմունքային, ու տեսա, որ իսկապես հուզված է ջերմ ընդունելությունից: Այսքան
տարիներ անց ելույթի մանրամասները, իհարկե, ջնջվել են իմ հիշողությունից, բայց հիշում
եմ, որ սկսեց «Մենք մեր հայ եղբայրների հետ…» բառերով ու խոսում էր այն մասին, թե ինչքան
ուրախ է, որ եկել է մեզ մոտ ու իր աչքով տեսել մարդկանց տրամադրությունը Ղարաբաղում:
Դիմելով զինվորականներին՝ Ելցինը կոչ արեց «ավելի խնամքով վերաբերվել հայ եղբայրներին»:
Հանրահավաքից հետո 2 նախագահները Մութալիբովի ու Պոլյանիչկոյի հետ մեկնեցին Շուշի,
հետո՝ Երևանով՝ Ժելեզնովոդսկ:
Այդ այցից հետո զգացինք, որ արմատապես փոխվեց
զինվորական պարետատան հրամանատարության՝ նրա վերնախավի վերաբերմունքը մեր հանդեպ: Միջին
օղակի հետ մինչ այդ էլ լավ հարաբերություններ ունեինք, իսկ բարձրաստիճանները մեզ չափազանց
զուսպ ու զգուշավոր էին վերաբերվում: Հատուկջոկատայիններն էլ, որ իրենց մեկուսի էին
պահում, ուղղակի ենթարկվում էին հատուկ շրջանի պարետին, ուստի մեր հանդեպ վերաբերմունքը
գործող պարետի անձից էր կախված: Սաֆոնովի օրոք վերաբերմունքն առանձնակի վատ էր, և մենք
անընդհատ բախումներ էինք ունենում զինվորականների հետ, մյուս պարետների օրոք կյանքն
ավելի հեշտ էր: Իսկ հիմա ամեն ինչ կտրուկ փոխվեց: Ռուսաստանի առաջին անձի շուրթերից
հնչած՝ ռեժիմը մեղմացնելու ցուցումը ակնթարթորեն ազդեց:
Մեկնելով՝ Ելցինն ու Նազարբաևը մեզ մոտ մեկական
ներկայացուցիչ թողեցին Ռուսաստանից ու Ղազախստանից, որոնց հանձնարարվեց հետևել հանրապետությունում
օրինականության պահպանմանը: Բայց ի՞նչ կարող էին անել ներկայացուցիչները տվյալ իրավիճակում:
Անասնագողությունը, գյուղերի կողոպուտը, պատանդառությունը առաջվա պես շարունակվում
էր: Փոխարենը դադարեցին անձնագրային ռեժիմի ստուգումները, դադարեց ձերբակալությունների
ալիքը և, ընդհանրապես, շփումը զինվորական ղեկավարության հետ ուրիշ դարձավ՝ ավելի բաց
ու բարյացակամ: Հետագայում, երբ արդեն Հայաստանի նախագահն էի, Ելցինին հիշեցրի Ղարաբաղ
իր այցն ու պատմեցի, թե ոտքի վրա տրված հանձնարարականն ինչպես է հեշտացրել մեր կյանքը:
Նա խոստովանեց, որ չի իմացել այդպիսի ազդեցության մասին, և շատ ուրախ է դրա համար:
Ժելեզնովոդսկի բանակցություններին ես ու Լեոնարդ
Պետրոսյանը գնացինք Հայաստանով՝ հանրահավաքից անմիջապես հետո՝ այնտեղ թռչելով Երևանից
հատուկ ուղարկված ուղղաթիռով: Ժելեզնովոդսկյան նախաձեռնությունը բանակցային գործընթաց
սկսելու առաջին ու վերահաս պատերազմը սանձելու վերջին փորձն էր: Ելցինից ու Նազարբաևից
բացի, հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ,
և Ադրբեջանի պատվիրակությունը՝ Մութալիբովը, խորհրդարանի նախագահ Թամեռլան Կարաևն ու
արտաքին գործերի նախարար Հասան Հասանովը: Կարաևն ինձ վրա հանգիստ ու հավասարակշիռ մարդու
տպավորություն թողեց, իսկ Հասանովն իրեն հիստերիկ ու ագրեսիվ էր պահում, ու նրա հետ
շփվելը չափազանց տհաճ էր: Նախատեսվում էր, որ բանակցությունները կավարտվեն համատեղ
հռչակագրի ստորագրումով, բայց ադրբեջանական կողմը փորձեց մեզ համար անընդունելի կետեր
մտցնել փաստաթղթի մեջ, ու ես ստիպված էի հանդես գալ կտրուկ առարկություններով: Ընդմիջման
ժամանակ կարճ ու բավական կոշտ խոսակցություն ունեցա Հասանովի հետ: Նա ու Կարաևը մոտեցան
ինձ ու Լեոնարդին, ու Հասանովը մարտահրավերով ասաց. «Համաձայնեք, քանի ուշ չէ: Մտածեք, թե ինչ եք անելու և որտեղ
եք հայտնվելու, երբ ռուսները հեռանան»:
Ես բավական կտրուկ հակադարձեցի. «Առայժմ ռուսները միայն ձեզ են օգնում: Կսպասենք՝
գնան, հետո կտեսնենք, թե ով որտեղ կհայտնվի»: Մի քանի տարի անց, Մոսկվայում, Կոզիրևի,
Ալիևի, Ղուկասյանի ու Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ բանակցությունների հերթական փուլին
Հասանովին հիշեցրի խոսակցությունը: Այդ ժամանակ արդեն ազդեցիկ հաղթանակներ էինք տարել
ադրբեջանական բանակի նկատմամբ, ու մեր զորքերը ԼՂԻՄ-ը կրկնակի գերազանցող տարածքներ
էին վերահսկում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրեն հատուկ
զգացմունքային ոճով որոտ ու կայծակ էր տեղում՝ հիշատակելով «օկուպացված տարածքները»:
«Բայց ինչի՞ ես նյարդայնանում, Հասա՛ն,- ասացի:- Տեսա՞ր՝ ամեն ինչ ինչով վերջացավ:
Ռուսները հեռացան, և ինչպես քեզ զգուշացրել էի Ժելեզնովոդսկում՝ այսօր ով որտե՞ղ է
հայտնվել»:
Ժելեզնովոդսկում բանակցությունների արդյունքներով
ստորագրվեց «խաղաղ կարգավորման պլանը» ու լայնորեն հայտնի Ժելեզնովոդսկի կոմյունիկեն՝
հակամարտությունը կարգավորելու՝ կողմերի նպատակների յուրատեսակ հռչակագիր: Բայց որևէ
գործնական իմաստ այդ փաստաթուղթը չունեցավ, և կարելի է ասել՝ Ելցինի ու Նազարբաևի միջնորդական
առաքելությունն անարդյունք ավարտվեց: Ժելեզնովոդսկի հանդիպումից ընդամենը 1 օր անց
սկսվեցին Ստեփանակերտի զանգվածային հրետակոծությունները: Ադրբեջանը բացահայտ ռազմական
գործողությունների անցավ Ղարաբաղի դեմ:
Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»
Comments
Post a Comment