Skip to main content

Եղբայրս

 

Մարտի վերջը շատ ծանր էր ինձ համար: Ինքնաշեն նռնակի փորձարկման ժամանակ լուրջ վնասվածք ստացավ եղբայրս:

Ես ու Վալերան պարզապես եղբայրներ չէինք, այլ նաև մտերիմ ընկերներ, չնայած բնավորությամբ շատ տարբեր էինք: Նա սիրում էր նշել ծննդյան օրերը, իսկ ես դրանք տանել չէի կարողանում ու միշտ հրաժարվում էի տոնելուց: Նա հյուրեր ու մեծ ընկերախմբեր էր սիրում, իսկ ես նախընտրում էի մեկուսի շրջել սարերում: Ասենք, Վալերան սարերն ինձնից պակաս չէր սիրում, ու միասին բազում հետաքրքիր տեղեր էինք եղել: Հատկապես սիրում էր քարանձավներ գտնել և ուսումնասիրել:

Ինձ միշտ դուր էին եկել ճշգրիտ գիտությունները, իսկ եղբայրս գրականություն էր սիրում: Հրաշալի պատմող էր, օժտված արտակարգ երևակայությամբ ու կարող էր հենց տեղում աներևակայելի գրավիչ պատմություն հորինել, իսկ նույն անեկդոտը նրա կատարմամբ ամեն անգամ ներկայանում էր նոր մանրամասներով, այնքան զվարճալի, որ բոլորը կարող էին անվերջ լսել և ամեն անգամ քրքջալ: Վալերան արդեն սպա էր, երբ սկսեց շատ հետաքրքիր պատմվածքներ գրել ու ամբողջ կյանքում գրում էր: Տպագրվում էր, մի քանի գիրք հրատարակեց: Ստեղծագործական տաղանդը նրա մեջ զուգորդվում էր ահռելի ուժի հետ: Սպորտի մեծ սիրահար էր, մանկուց լրջորեն զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով ու սամբոյով: Հրապուրվեց դելտապլաներիզմով. նրան միշտ ձգում էին էքստրեմալ մարզաձևերը: Մեր զորամասում սպաներից մեկը դելտապլան էր հավաքել, ու Վալերան սովորեց թռչել:

Նրա մեջ զարմանալիորեն հակադիր հակասություններ էին համատեղվում. ռոմանտիզմը, նույնիսկ որոշակի միամտությունը և, միևնույն ժամանակ, հմտությունն ու պրագմատիզմը, որն ի հայտ եկավ հետագայում, երբ սկսեց լրջորեն զբաղվել գործարարությամբ: Եղբայրս մանկուց երազում էր օդաչու դառնալ, բայց ավիացիոն ուսումնարան ընդունվելու համար պիտի մաթեմատիկայից ու ֆիզիկայից քննություն հանձներ: Բացառիկ հումանիտար օժտվածություն ուներ, բայց տեխնիկական առարկաները նրան այնքան էլ հեշտ չէին տրվում, և ընտրեց զինվորականի կարիերան: Ավարտեց ՍՍՀՄ ՆԳՆ Լենինգրադի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանն ու ծառայության անցավ ներքին զորքերում, նախ՝ Վրաստանում, ապա՝ Ադրբեջանում: Հորս մահվանից հետո, երբ մայրս մենակ մնաց, եղբայրս զորացրվեց, որ նրա կողքին լինի, ու մի քանի տարի աշխատեց «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունում: Ավելի ուշ ծառայության անցավ Ստեփանակերտի միլիցիայում:

Երբ սկսվեց Ղարաբաղի անկախության շարժումը, իսկ հետո նաև պարտիզանական շարժումը, Վալերան ՆԳ վարչության հասարակական կարգի պահպանման բաժնի պետն էր: Մեզ շատ օգնեց այդ շրջանում միլիցիան, որտեղ մեր տղաներն էին ծառայում, արժանապատվորեն պահեց իրեն: Եղբորս պրոֆեսիոնալ գիտելիքներն ու փորձագիտական կարծիքը, հատկապես սպառազինության հարցերում, շատ պետք եկան մեր ջոկատներին: Պատերազմի առաջին շրջանում, երբ մեզ աղետալի կերպով չէր բավականացնում զենքը, Վալերան անձամբ սկսեց զենք սարքել: Լավ էր հասկանում պայթուցիկ նյութերից. դրանց հանդեպ պրոֆեսիոնալ սեր ուներ, որ դեռ մանկությունից էր գալիս: Կարծում եմ՝ Վալերան զինվորական էլ դարձել էր, որովհետև սիրում էր զենքը և դրա հետ կապված ամեն ինչ՝ հրաձգություն, պայթեցումներ: Դեռ երեխա ժամանակ մեր բակում վտանգավոր փորձեր էր անում պայթուցիկ նյութերով, և դրանց հետևանքով, ի վերջո, ոտքի մեջ 2 բեկոր մնաց: Եղբայրս սկզբում բեկորների մասին չէր էլ իմացել, վերքը փակվելուց հետո էին գտել, ռենտգենով: Բժիշկները զարմացել էին, բայց չհեռացրին. «Եթե չի խանգարում, ավելի լավ է՝ ձեռք չտանք»:

1992 թվականի մարտի վերջին Ղարաբաղ եկավ Վազգեն Սարգսյանը: Վազգենի, Զորի Բալայանի ու Սերժի հետ պատրաստվում էինք ինչ-որ տեղ գնալ, բայց Վալերան համոզեց, որ տեսնենք իր «փորձադաշտը». այդպես էր կոչում լճակի ափի փոքրիկ տարածքը, որտեղ իր զենքերն էր սարքում ու փորձարկում: Եղբայրս նռնակի նոր պայթուցիչ էր հնարել ու շատ էր ուզում ցույց տալ. «Կարծես նորմալ է ստացվել, եկեք մի րոպեով գնանք, նայեք»: Ես հրաժարվեցի, ասում եմ՝ պետք չի, չգիտես ինչու՝ գնալ չէի ուզում: Բայց Վալերան այնպես ոգևորված ու հպարտ էր իր գյուտով, այնպես անհամբեր էր ուզում ցուցադրել, որ չհամաձայնել չէինք կարող:

Հասանք տեղ, Վալերան սկսեց ցույց տալ, որ փորձարկման ժամանակ նռնակը ձեռքի մեջ պայթեց: Վալերան հրաշքով ողջ մնաց, բայց վնասվածքը շատ ծանր էր. կտրվել էր ձեռքի թաթը, պոկվել ազդրի մի մասը՝ ազդրոսկրը փշրելով, աչքը թափվել էր, մի խոսքով, ամբողջ մարմինը փշրվել ու խեղվել էր: Ձեռքի տակ ունեցածով եղբորս արագ վիրակապելով՝ շտապեցինք հոսպիտալ, ու Վալերային անմիջապես տարան վիրահատարան: Դա իմ կյանքի ամենասև օրերից էր: Չէի հավատում, որ ողջ կմնա: Վիրահատությունը երկար ժամեր տևեց, և ամեն ժամն օր էր թվում: Աղոտ եմ հիշում այդ ժամերը:Պարզապես միջանցքում նստել ու սպասում էի: Հետո վիրահատարանից դուրս եկավ Զորի Բալայանը, որն այդ դժվար ժամանակ հաճախ էր օգնում վիրաբույժներին, մոտեցավ ինձ ու ասաց. «Կապրի»:

Երբ Վալերան մի քիչ լավ զգաց, ուղարկեցինք Երևան: Այնտեղ նրան վիճակվեց մկանների փոխպատվաստման մի քանի ծանր վիրահատություն տանել՝ ոտքը փրկելու համար: Միկրովիրաբույժներ Արտո Սահակյանն ու Արթուր Քոչարյանը արեցին հնարավորն ու անհնարինը: Հետո էլի մի քանի վիրահատություն Գերմանիայում՝ ազդրոսկրի վերականգնման համար: Եղբայրս արիաբար էր տանում դրանք:

Շատ երկար բուժվում էր: Մորիցս խնամքով թաքցնում էինք տեղի ունեցածը, չէինք համարձակվում ասել: Սկզբում հիվանդանոցում հերթով հերթապահում էին Երևանում ապրող զարմուհիներս: Շատ օգնեց Զորի Բալայանը: Ի վերջո, մորս էլ ասացինք, ու նա անմիջապես մեկնեց Վալերային խնամելու:

Միայն 2 տարի անց եղբայրս ոտքի կանգնեց: Ձեռնափայտ էր օգտագործում, մի ձեռնաթաթի տեղը՝ պրոթեզ, մյուս ձեռքի մի քանի մատը չկար, մի ոտքը՝ մյուսից կարճ: Մի տարի էլ գնաց լիարժեք վերականգնմանը: Առաջին շրջանում Վալերան, իհարկե, ճնշված վիճակում էր, բայց հենց մի քիչ հավաքեց իրեն, լավատեսական խառնվածքը հաղթեց: Աներևակայելի ոգու ուժ ուներ: Նորից սովորեց քայլել, ինքն էր մեքենան վարում՝ չնայած պրոթեզին, իսկ ձախ ձեռքով, 3 մատով շատ լավ կրակում էր ատրճանակից:

Մի անգամ նրանից 25 քայլի վրա շիշ դրեցինք: Վալերան ասում է. «Բերանին» ու կրակեց իր ՊՍՄ-ից ու թռցրեց շշի բերանը: Նա միշտ էլ լավ հրաձիգ էր եղել, բայց չէի պատկերացնի, որ վիրավորվելուց հետո էլ կպահպաներ վարպետությունը:

Եղբայրս փորձեց գործարարությամբ զբաղվել ու հաջողեց. մի քանի լավ նախագիծ մտածեց և իրականացրեց: Կրկին հորդեցին նրան հատուկ երևակայությունն ու հմտությունը:

Վալերան ծանոթացել էր Բուլղարիայից ինչ-որ մեկի հետ, ու որոշեցին համատեղ բիզնես կազմակերպել: Եղբայրս մեկնեց Բուլղարիա ու ծովափին մոտոդելտապլան էր տեսել, որով մարդկանց զբոսանքի էին տանում: Դելտապլան, այն էլ շարժիչո՜վ: Վալերան անմիջապես ոգևորվել էր, մեկը գնել ու բերել Հայաստան: Դելտապլանը ոգեշնչել էր նրան: Չէ՞ որ մանկուց երազում էր օդաչու դառնալ, բայց երազանքն այդպես էլ չէր իրականացել: Բացի դրանից՝ թռչելիս կարող էր մոռանալ այն բոլոր դժվարությունների մասին, որ գետնի վրա զգում էր վնասվածքների պատճառով:

Այդ օրվանից Վալերան ամեն շաբաթ կանոնավոր կերպով մեքենայով գնում էր Արզնի, որտեղ մարզական ինքնաթիռների թռիչքուղի կար, ու թռչում էր: Հաճախ հրավիրում էր ընկերներին, նստեցնում կողքին, ման տալիս: Շուտով լրիվ յուրացրեց մոտոդելտապլանը, ու պարզապես թռչելը սկսեց ձանձրացնել նրան: Եղբայրս որոշեց թռիչքի տարբեր բարդ հնարքներ սովորել: Հրաշալի վարորդ լինելով՝ հիմա նույնպիսի դելտապլաներիստ դարձավ: Պաշտում էր վտանգավոր հնարքները. օրինակ, դելտապլանը գցել կտրուկ անկման մեջ, հետո միանգամից ճախրել վեր: Երևի նրան դուր էր գալիս ազատ անկման զգացողությունը: 1999 թվականի հունվարի սկզբի մի օր Վալերան հերթական անգամ գնաց թռչելու: Շրջան արեց սարերի վրայով, հետո, սովորականի պես, կտրուկ անկում, բայց երբ փորձել էր դուրս գալ անկումից, ինչ-որ բան չէր ստացվել: Գուցե շատ կտրուկ էր դարձրել վեր, գուցե անսպասելի ուժեղ հանդիպակաց քամի էր բարձրացել: Դելտապլանը շրջվել էր, թևերը ծալվել էին, ու մեքենան ընկել էր գետին:

Վալերան զոհվեց:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...