Skip to main content

Հնդկաստանի տեղն ու դերը աշխարհում

 

Որևէ պետության հետ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, հնարավորությունները, տեսլականը հասկանալու համատեքստում շատ կարևոր է պատկերացում կազմել, թե տվյալ երկիրն այսօր աշխարհում ինչ դեր և ինչ հավակնություններ ունի: Հնդկաստանն արագ ու կայուն զարգացման ուղով ընթացող պետություն է՝ բավական լուրջ ռեսուրսներով: Հաշվի առնելով այս ամենը՝ ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է Հնդկաստանի տեղն այսօրվա փոփոխվող աշխարհում:

Բավական հավակնոտ՝ դրա համար եղած շատ լուրջ ու օբյեկտիվ նախադրյալներով: Այդ օբյեկտիվ նախադրյալների շարքում առաջինը ժողովրդագրական պատկերն է. ներկայումս Հնդկաստանն արդեն աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրն է: Սա, անշուշտ, կանխատեսելի էր, և վերջին տասնամյակների դինամիկան հենց դա էր հուշում: Որպես գործոն՝ սա կարող է փոքր թվալ, բայց իրականում շատ կարևոր է, որովհետև ինչ աստիճանի էլ տնտեսությունը, տեխնոլոգիաները և/կամ այլ ուղղություններ զարգանան, միևնույն է, մարդկային գործոնն անփոխարինելի է:

Հնդկաստանի պարագայում հաջորդն իր նշանակությամբ տնտեսությունն է, և այստեղ էլ տեսնում ենք, թե ինչ արագությամբ է այն զարգանում: Իհարկե, Հնդկաստանն իր տնտեսական աճի ցուցիչով դեռ չի հայտնվել առաջին տեղերում, բայց կրկին, երբ հարցը դիտարկում ենք դինամիկայի մեջ, տենդենցներին ենք հետևում, ապա այստեղ էլ լուրջ հայտ կա:

Բնականաբար, խոսելով Հնդկաստանի մասին, չենք կարող մոռանալ, որ գործ ունենք միջուկային տերության հետ՝ դրանից բխող ընկալումներով, աշխարհայացքով: Շատ կարևոր հանգամանք. խոսում ենք ասիական տարածաշրջանում՝ Հարավային Ասիայում գտնվող բավական լուրջ տերության մասին, կուզեք՝ անվանեք տարածաշրջանային տերություն, որը միաժամանակ նաև բոլորի կողմից ընկալվում է որպես ժողովրդավարական երկիր, ունի զգալի հավակնություններ՝ սկսած, օրինակ, ՄԱԿ ԱԽ մշտական անդամի կարգավիճակ ստանալուց մինչև աշխարհում իր դերակատարման աճ: Եվ եթե այս ամենին հավելում ենք, որ միաբևեռ աշխարհի մասին խոսելն այլևս անցյալում է, պատկերը միանգամայն այլ է դառնում: Բազմաբևեռ աշխարհում նման հավակնություններ ունեցող երկրների համար նոր հորիզոններ են բացվում, առավել իմաստավորվում, կարևորվում են համագործակցային ձևաչափերը, որի հետաքրքիր օրինակներից է ԲՐԻԿՍ-ը, որի հիմնադիր անդամ է նաև Հնդկաստանը: Մենք հիմա տեսնում ենք «գլոբալ հարավ» գաղափարի «միս ու արյուն» ստանալը, ինչի կայացման գործում կարևոր դեր ու նշանակություն ունի Հնդկաստանը:

Ինչպես նշեցիք՝ Հնդկաստանը բավական լուրջ ռեսուրսներ, հնարավորություններ, դրանցից բխող՝ նաև հավակնություններ ունի, բայց, այնուամենայնիվ, Հնդկաստանը գերտերություն չէ: Հետևաբար, բանաձևը, որը կիրառում էինք գերտերությունների մասին խոսելիս, այն է՝ չկա տարածաշրջան, որտեղ նման պետությունները շահեր չունենան, տվյալ պարագայում կիրառելի չէ: Այս դեպքում ինչպիսի՞ն է Հնդկաստանի հայացքն իրենից ավելի հեռու գտնվող տարածաշրջաններին: Ի՞նչ տեղ ունի Հարավային Կովկասը Հնդկաստանի արտաքին քաղաքականության մեջ:

Այստեղ նույնպես կան հարթություններ, որոնցից յուրաքանչյուրին պետք է փորձենք թեկուզ համառոտ, բայց անդրադառնալ: Նախ, Հարավային Կովկասը Հնդկաստանից այն հեռավորության վրա չի գտնվում, որ մենք զարմանանք նրա կողմից հետաքրքրության կամ ներգրավվածության ցանկության վրա: Այն իրականում շատ մոտ տարածաշրջան է՝ այն էլ այսօրվա ավելի «փոքրացած» աշխարհում: Այո, Հնդկաստանը գերտերություն չէ, բայց Հնդկաստանը տարածաշրջանային տերություն է, իսկ նման պարագայում հարևան տարածաշրջանում շահեր չունենալն առնվազն նորմալ չէ: Բայց եթե անգամ մի կողմ դնենք այս տեսական մասը, ապա Հնդկաստանի հետաքրքրվածությունը Հարավային Կովկասով իր շատ պրակտիկ, «հողի վրա» դրսևորումներն էլ ունի: Հարավային Կովկասը թե՛ արևելք-արևմուտք, թե՛ հյուսիս-հարավ ճանապարհներն իրար կապող լոգիստիկ բավականին լուրջ հանգույց է, և, հետևաբար, Հնդկաստանի նման պետության համար կարևոր է այստեղ ազդեցություն ու ներգրավվածություն ունենալ՝ տնտեսականից մինչև քաղաքական բոլոր գործոնները հաշվի առնելով: Եվ, բնականաբար, Հնդկաստանում նաև շատ լավ հասկանում են, որ իրենց բացակայությունը շատ արագ կլրացվի այլոց կողմից՝ չի բացառվում նաև իրենց դեմ ուղղված օրակարգեր առաջ մղելով: Ի դեպ, բացարձակ պարտադիր չէ, որ այդ բացը լրացնողները լինեն տարածաշրջանային դերակատարները:

Երկրորդ էական հանգամանքն այն է, որ ձևավորվում են բնական դաշնակցային հարաբերություններ: Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ, օրինակ, Հնդկաստանի համար Իրանը շատ լուրջ դեր ու նշանակություն է ստանում: Եվ այստեղ չմոռանանք, որ Հարավային Կովկասն Իրանի անմիջական հարևանն է: Եթե սրան գումարենք լոգիստիկ բաղադրիչը, հասկանալի է դառնում, թե ինչ դեր ու նշանակություն ունի մեր տարածաշրջանը Հնդկաստանի համար: Ի դեպ, Իրանի առնչությամբ ոչ պակաս կարևորություն ունի նաև չինական գործոնը կամ Իրան-Չինաստան հարաբերություններում եղած վիճակը: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում այստեղ էլ բավական սերտացում կա, բայց այստեղ առավել կարևոր է Հնդկաստանի վերաբերմունքն այդ ամենին: Մի կողմից Հնդկաստանը Չինաստանի հետ ունի համագործակցության բավական լայն դաշտ, հիմնականում՝ տնտեսական ոլորտում, բայց մյուս կողմից ունի նաև խնդիրներ, լուրջ մրցակցություն: Ավելին, Հնդկաստանի տեսանկյունից Չինաստանը Պակիստանի հետ ունի հարաբերությունների այնպիսի վիճակ և որակ, որն իր մեջ բալանսների խախտման վտանգ է պարունակում: Հետևաբար, Իրանի հետ Հնդկաստանի հարաբերություններում հաշվի առնվո՞ւմ է այս ամենը բալանսավորելու կարևորությունը, հարաբերությունների հաստատման միջոցով իրավիճակն ու զարգացումներն ավելի կանխատեսելի դարձնելու խնդիրը: Բնականաբար, այո՛:

Հնդկաստանի համար տարածաշրջանի կարևորության մասին խոսելիս մեկ այլ գործոն էլ կա, որն իր կշռով ու կարևորությամբ, իհարկե, համադրելի չէ նշվածների հետ: Խոսքը վերջին տարիներին Ադրբեջան-Պակիստան շատ սերտացած համագործակցության մասին է: Ի դեպ, համագործակցություն, որն ունի երկկողմից բացի նաև մի քանի բազմակողմ բաղադրիչներ՝ ֆորմալիզացված կամ չֆորմալիզացված, օրինակ՝ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ձևաչափը: Չմոռանանք, որ Պակիստանը Հնդկաստանի համար բավական լուրջ մրցակից է, երկիր, որի հետ կա կոնֆլիկտային իրավիճակ, չավարտված, չլուծված հարցեր: Փաստացի, Ադրբեջանի միջոցով Պակիստանը «մուտք է գործել» Հարավային Կովկաս: Հիմա կարո՞ղ է Պակիստանը փորձել այս տարածաշրջանում ունեցած ներուժը հակադրել Հնդկաստանի շահերին. իհարկե, կարող է: Հետևաբար՝ Հնդկաստանը խնդիր ունի առնվազն հակազդելու, թույլ չտալու իր շահերի ոտնահարում:

Իհարկե, սրանք բոլորը կարևոր գործոններ են, և եթե հավելենք նաև այն, որ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, դառնում է ինչ-որ իմաստով «տոքսիկ», երբ աշխարհի բևեռները, ուժային կենտրոններն այստեղ շահերի բավական լուրջ բախում են ստեղծում, վտանգը շատ ավելի է մեծանում: Սա կրկնապատկվում է, եթե այնտեղ որևէ ներգրավվածություն, ներկայություն չունես, որովհետև եթե դա չունես, չունես նաև կանխարգելիչ գործիքակազմ:

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Աշխարհաքաղաքական գրավիտացիա»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...