Skip to main content

Հայ-հնդկական հարաբերություններ

 

Տարածաշրջանային քաղաքականության համատեքստում Ձեր կողմից առանձնացված գործոնները, կարծում եմ, այսպես թե այնպես, պայմանավորում են նաև հայ-հնդկական հարաբերությունները՝ նույն բնական դաշնակցի փնտրտուքը, Ադրբեջան-Պակիստան հարաբերությունների զարգացումն ու Հնդկաստանի հայացքն այդ ամենին, Իրանի գործոնը: Սա հաշվի առնելով՝ ինչպիսի՞ն են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները և ի՞նչ առանձնահատկություններ ունեն դրանք:

Այն ամենը, ինչը կարող է լավ մեկնարկային պայմաններ ապահովողը լինել որևէ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, այստեղ առկա է, դեռ մի բան էլ ավել: Խոսքը պատմական կապերի, միմյանց նկատմամբ հարգանքի, ժողովուրդների փոխադարձ ճանաչելիության որոշակի աստիճանի մասին է: Անշուշտ, այս ամենին ժամանակին գումարվեց նաև Հնդկաստան պետության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր՝ դրսևորվող զգայուն հարցերի նկատմամբ իր նրբանկատությամբ: Այսինքն, հիմքը, նաև՝ էմոցիոնալ բաղադրիչն առավել քան առկա է: Սրան նպաստում է նաև Հնդկաստանի հայ համայնքի գոյությունն ու փաստը, որ թեև ժամանակի ընթացքում զգալիորեն կրճատվել է, բայց, այնուամենայնիվ, շարունակում է կարևոր դեր ու նշանակություն ունենալ: Ընդհանրապես, Հնդկաստանում հայերի կյանքի ու գործունեության, համայնքի հետ կապված, բավական շատ հետաքրքիր փաստեր ու դրվագներ կան: Ուշագրավ է այն, թե Հնդկաստանի համար պետական ու հանրային մակարդակով հարգված որքան հայեր կան, ինչ սերտ կապեր են նրանք ունեցել Հայ առաքելական սուրբ եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, և նաև այդ դրա շնորհիվ որքան լուրջ է եղել վերաբերմունքը հենց Հնդկաստանի ղեկավարության կողմից: Պատահական չէ, որ, օրինակ, Խորհրդային Միություն այցելությունների ընթացքում Հնդկաստանի նախագահը՝ Սարվեպալի Ռադհակրիշնան ու վարչապետ Ինդիրա Գանդին այցելել են Խորհրդային Հայաստան, Սուրբ Էջմիածին, անգամ ժամանակին ասում էին՝ Ինդիրա Գանդին աշխատանքային սերտ շփումներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Սրանք բոլորը գործոններ են, որոնք չեն մոռացվում: Դրանք հերթական հիմնասյուներն են, որոնք հարաբերությունները զարգացնելու լավագույն հնարավորություններն են ընձեռում:

Փոփոխվող աշխարհում դրանց, անշուշտ, գումարվում են նաև այլ չափորոշիչներ, օրինակ՝ իրավիճակը, ուժերի բալանսն այսօր Հարավային Կովկասում, ուժերի բալանսը Հնդկաստանի հիմնական մրցակիցների մասնակցությամբ և ներգրավվածությամբ, բնական դաշնակցության, բնական գործընկերության ոգին, որը նաև ուղղակիորեն կապվում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտի խնդիրներին: Այս ամենը ստեղծում է հարաբերությունների այն վիճակը, որն անհրաժեշտ է, իսկ եթե դրան գումարվում են փոխադարձ լրջությունն ու հետևողականությունը, այն ինչ-որ պահից սկսում է նաև որակ դրսևորել՝ հաղորդելով հարաբերություններին խորացման միտում և ստեղծելով հնարավորություններ:

Խոսեցիք խորհրդային շրջանից, այդ ընթացքում ու դրանից հետո ձևավորված ճանաչելիությունից: Իհարկե, այդ ամենը չափազանց կարևոր է, բայց կարծում եմ ոչ պակաս կարևոր է այն, թե ինչ է անում արդեն անկախ, ինքնիշխան պետությունը եղած հիմքերը զարգացնելու, առավել կայացնելու ուղղությամբ: Օրինակ, դիտարկենք վերջին տարիները և, մասնավորապես, Հնդկաստանից բավական մեծաքանակ աշխատուժի Հայաստան գալը: Դրա առավել ակտիվ փուլում կարելի էր անգամ կարծել, որ հայ հասարակության մոտ հնդիկներն ու Հնդկաստանն առավելապես ասոցացվում են հենց այս գործոնի հետ: Սա խնդիր չէ՞ և չի՞ խոսում արդյոք փոխադարձ ճանաչելիությունը խթանելուն ուղղված քաղաքականության բացակայության, եղած հնարավորությունները լիարժեք չկապիտալիզացնելու մասին:

Մենք գործ ունենք մի քանի զուգահեռ ընթացող գործընթացների հետ: Առաջին՝ Հնդկաստանի քաղաքացին նույն Խորհրդային Միության շրջանից սկսած հայ հասարակության համար ճանաչելի էր, որովհետև Խորհրդային Հայաստանի բուհական համակարգում, տարբեր համամասնություններով, բայց առավելապես բժշկական ինստիտուտում, կային քվոտայով սովորող հնդիկ ուսանողներ (այսօր ևս կան): Ճանաչելի էր նաև մշակույթի, մասնավորապես՝ լայն տարածում ունեցող հնդկական ֆիլմերի միջոցով: Ավագ սերնդի ներկայացուցիչները դա միանշանակ կփաստեն: Այս հանգամանքը բերո՞ւմ էր ինչ-որ նյարդային, էմոցիոնալ ֆոն, էֆեկտ, ինչի մասին մենք խոսում ենք այսօր և ինչն առկա էր Ձեր հարցի մեջ: Իհարկե՝ ոչ: Նորմալ, բնականոն վիճակ էր, շատ լավ հարաբերություններ էին ձևավորվում:

Այն, ինչին ականատեսն ենք հիմա, էապես տարբերվում է: Իսկ հիմնական տարբերությունը հարցադրման մեջ է՝ թե այս մարդկանց հետ կապված որ երկիրն ինչ քաղաքականություն է վարում, և արդյոք վարվո՞ւմ է որևէ քաղաքականություն: Անկեղծ ասած՝ չեմ կարծում, թե Հնդկաստանը հետևողական քայլեր է իրականացնում իր հանրության ծանր սոցիալական վիճակում գտնվող հատվածի համար դեպի Հայաստան ներգաղթի ճանապարհ հարթելու ուղղությամբ: Եթե անդրադառնանք ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությանը, ապա այն առավել լայն՝ միգրացիոն հոսքերը կառավարելու տեսանկյունից պիտի դիտարկենք, որտեղ, այո՛, ունենք խնդիրներ: Այդ խնդիրներն ու դրանցից բխող անորոշություններն էլ որոշ իրավիճակներում դառնում են հասարակությանն այս կամ այն չափով անհանգստացնող: Բայց սրանք խնդիրներ չեն ուղղված դեպի Հնդկաստան կամ հնդիկներ:

Դուք տևական ժամանակ ղեկավարել եք հասարակական կազմակերպություն, այս ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել: Հետաքրքիր է՝ Ձեր դիտարկմամբ Հայաստան-Հնդկաստան, հայ ժողովուրդ-հնդիկ ժողովուրդ հարթություններում հասարակական կազմակերպությունները, հանրային սեկտորը հետաքրքրվա՞ծ են եղել: Ինչպիսի՞ն է Ձեր փորձառությունը:

Ես առիթ ունեցել եմ տարաբնույթ ծրագրերի շրջանակներում շատ հետաքրքիր առնչություններ ու շփումներ ունենալ հնդիկ գործընկերների հետ, թեև նրանք եղել են եվրոպական երկրներում մշտապես աշխատող մարդիկ: Ի դեպ, հետաքրքիր է՝ ունեցել եմ այդ շփումների հնարավորությունը 2 տարբեր հարթություններում՝ և՛ որպես ՀԿ ղեկավար՝ ներգրավված միջազգային տարբեր ծրագրերում, և՛ որպես հետազոտող՝ իմ հիմնական մասնագիտական ոլորտում: Տպավորություններս շատ դրական ու ջերմ են, թեև դրանք բացառապես անձնական շփումների արդյունք են. հնդկական ոչ կառավարական կազմակերպությունների, ՀԿ-ների հետ սերտ աշխատանքի փորձ, ցավոք, չեմ ունեցել:

Այն շրջանում, երբ ՀԿ նախագահ էի ու մասնակցում էի նման ծրագրերի, Հայաստանում այդ մշակույթը նոր էր ձևավորվում, և շատ բնական պատճառներից ելնելով, առաջին հերթին հայացքն ուղղվում էր դեպի Արևմուտք՝ Եվրոպա, ԱՄՆ: Արևմտյան փորձն էր բերվում Հայաստան, ինչը, կարծում եմ, առավել քան բնական ու հասկանալի էր՝ հաշվի առնելով այն, որ ոչ կառավարական կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացման հարցերը, և այդ մշակույթն ավելի լայն իմաստով ներկայումս հենց Արևմուտքում է հասել իր առավելագույն կայացմանը:

Կարելի՞ էր արդյոք ինչ-որ նախաձեռնություններ ունենալ հնդկական կողմի հետ: Այո, բայց երևի այլ ոլորտներում շփումները ժամանակի ընթացքում պիտի բերեին, հասցնեին դրան: Տպավորություն ունեմ, որ հիմա նման իրավիճակին բավականին մոտ ենք, և մոտակա տարիներին այդպիսի համագործակցությունը կսկսի դիտարկվել ոչ թե որպես բացառիկ օրինակ, այլ որպես օրինաչափություն: Նույնը վերաբերում է գիտնականների, փորձագետների, ուղեղային կենտրոնների, լրատվամիջոցների համագործակցությանը: Ի դեպ, վերջինիս հետ կապված հետաքրքիր օրինակներից մեկն էլ ինքս եմ իրականացրել: Երբ ղեկավարում էի «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը, ծրագրային փաթեթ ունեինք՝ «Երկրների ծրագրեր» աշխատանքային անվանումով: Ծրագրի շրջանակներում մեր լրագրողական խումբը մեկնում էր տվյալ երկիր, նկարահանումներ իրականացնում, պետական, ոչ պետական ոլորտի ներկայացուցիչների հետ զրուցում և արդյունքում ստեղծում նյութեր, որոնց միջոցով հայ հանրությանը ներկայացնում էինք տվյալ երկիրը, Հայաստանի հետ նրա կապերն ու հարաբերությունների զարգացման պոտենցիալը՝ տարբեր ասպեկտներից: Երբ նման ծրագրով դիմեցինք ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատուն, նախաձեռնությունն ընդունվեց բավական մեծ ոգևորությամբ, և արդյունքում ունեցանք Հնդկաստանին նվիրված հետաքրքիր ծրագիր: Շատ գեղեցիկ համագործակցության ոգի ձևավորվեց Հնդկաստանի գործընկերների հետ, իսկ ծրագրում ընդգրկված գործիչները երկրից, մարդկանցից, հյուրընկալությունից ստացած շատ դրական, ջերմ տպավորություններով վերադարձան Երևան:

Ընդհանուր առմամբ, դեպի Հնդկաստան կապեր հաստատելու հետաքրքրություն, համագործակցելու ցանկություն միշտ եղել է, բայց այժմ կարևոր է այն զարգացնել և լայն թափ հաղորդել, ինչն, իհարկե, երկուստեք աշխատանք է պահանջում:

Անդրադառնանք միջպետական հարաբերություններին: Ցանկացած երկրի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս մեր զրույցների ընթացքում առաջին հարցը միշտ լինում է այն, թե բավարա՞ր է եղել արդյոք այն ամենը, ինչ արվել է նախորդիվ: Այժմ անդրադառնանք Հնդկաստանի հետ համագործակցությանը: Այն Հայաստանի նորանկախ շրջանում առաջին կարևորության ուղղություն չի եղել՝ օբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված: Արդյոք սա կարելի՞ է բավարար համարել, և երկրորդը՝ որո՞նք էին այն ոլորտները, որոնք նորանկախ շրջանից սկսած կարևորվեցին Հնդկաստանի հետ հարաբերույթուններ կառուցելու համատեքստում:

Ընդհանրապես, ցանկացած ուղղության մասին խոսելիս, երբ անդրադառնում ենք հարցին, թե կարելի՞ է արդյոք արածը բավարար համարել, պատասխանը նույնն է լինում՝ միշտ կա ավելին անելու տեղ: Այս պարագայում Հնդկաստանը բացառություն չէ:

Հայաստանը նորանկախ շրջանում, հաշվի առնելով բազմաթիվ դժվարությունները, բավարար ռեսուրսներ չուներ զուգահեռաբար բոլոր ուղղություններով հնարավոր առավելագույնն անելու: Սրանք օբյեկտիվ պատճառներ են: Անշուշտ, կարող էին լինել նաև սուբյեկտիվ պատճառներ՝ սկսած որևէ ուղղության կամ հարցի առնչությամբ ունեցած վերաբերմունքից մինչև դրա համար պատասխանատու անձանց անձնական ներդրում, գիտակցում, նվիրում: Իհարկե, այս ամենն առավել քան հասկանալի է, բայց, հաշվի առնելով այսօրվա աշխարհում Հնդկաստանի աճող դերը, մեր երկկողմ հարաբերությունները պետք է ժամանակին համահունչ լինեն, արդյունքի և ակնկալիքի շատ ավելի բարձր նշաձող սահմանեին: Սա պետք է մշտական նպատակ լինի, հակառակ դեպքում որոշակի կարճ ժամանակահատվածում արձանագրված արդյունքը կարող է այդպես էլ ժամանակավոր մնալ, անգամ հետընթաց ապրել, եթե հարաբերությունների զարգացումը սահմանված չէ որպես հետևողական աշխատանքի կարևոր խնդիր՝ ակնկալող կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ արդյունքներ:

Ռազմավարական մոտեցման կարիք կա: Հակառակ դեպքում ցանկացած դրական դիմանիկա ժամանակավոր է լինելու: Իսկ ռազմավարական համագործակցություն ունենալու բոլոր նախադրյալները կան՝ հաշվի առնելով թե՛ հարաբերությունների զարգացման պոտենցիալը, թե՛ Հնդկաստանի տեղը, դերը, նշանակությունը, և թե՛ դրա աճը համաշխարհային ասպարեզում:

Վերջին տարիներին հատկապես խոսվում է Հնդկաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության մասին: Սրան դեռ կանդրադառնանք, բայց հետաքրքիր է՝ որո՞նք են, վերոնշյալից զատ, համագործակցության հիմնական ուղղությունները:

Հնդկաստանի հետ համագործակցությունը բավական դրական ընթացք ու զարգացում ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, գիտության տարբեր ուղղություններում, օրինակ՝ բժշկության, դեղագործության, թանկարժեք քարերի մշակման, ադամանդագործության ոլորտներում:

Հայաստան-Հնդկաստան տնտեսական համագործակցությունը եղել է և շարունակում է մնալ զարգացման մեծ պոտենցիալ ունեցող ուղղություն՝ չնայած եղած փոքր ծավալներին: Նման պոտենցիալի ոչ լիարժեք իրացումը կարելի է առավելապես օբյեկտիվ համարել՝ հաշվի առնելով կոմունիկացիաների, ճանապարհների, թողունակության սահմանափակումները: Իսկ ինչ վերաբերում է օդային բեռնափոխադրումներին, ապա, կարծում եմ, հասկանալի է, որ դրանք, չնայած հարմարավետությանը, գնի աճի հետ կապված լրացուցիչ խնդիրներ են ստեղծում, հետևաբար ևս լավագույն տարբերակը չեն: Բայց, անգամ նման օբյեկտիվ գործոնները հաշվի առնելով, չենք կարող չնշել, որ եղած պոտենցիալի ու հնարավորությունների համեմատ համագործակցության չափը, խորությունը, ներառված ուղղությունները, իհարկե, չի կարելի բավարար համարել:

Հայաստանը Հնդկաստանի հետ նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցության բավական մեծ պոտենցիալ ունի, և այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվել են: Օրինակ, պարբերաբար քննարկման թեմա է դառնում Հայաստան-Հնդկաստան-Իրան-Վրաստան լոգիստիկ համագործակցության հնարավորությունը, Հնդկաստանը խորացնում է համագործակցությունը ԵԱՏՄ հետ, խոսվում է նաև այլ ձևաչափերի ու հնարավորությունների մասին:

Այո, բազմակողմ մի քանի ձևաչափեր տարբեր ժամանակներում քննարկվել են: Փորձեր արվել են Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափով համագործակցության օրակարգ սահմանելու և միասին ընթանալու ուղղությամբ: Այստեղ չենք կարող չնշել «Հյուսիս-Հարավ» նախագծի մասին, որն Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի միջոցով Հնդկաստանի համար կարևոր տրանսպորտային միջանցք կապահովի դեպի Աֆղանստան և Կենտրոնական Ասիա, միաժամանակ՝ դեպի Ռուսաստան և Եվրոպա: Քննարկվել են ձևաչափեր նաև Վրաստանի մասնակցությամբ:

Ձեր կողմից նշված այդ ծրագրերը շատ հավակնոտ են, բայց արդյունք դեռևս չունենք: Դա հետևանք է ոչ հետևողական մոտեցմա՞ն, թե՞ օբյեկտիվ գործոններ էլ կան:

Այդտեղ շատ գործոններ կային, և առաջին տեղում, ըստ իս, բոլորովին էլ հետևողականության պակասը չէր: Չմոռանանք, որ Հնդկաստանն Արևմուտքի հետ սերտ փոխհարաբերությունների մեջ է: Ի դեպ, այս տեսանկյունից շատ հետաքրքիր է այն, որ Հնդկաստանին, գոնե մինչ այս պահը, հաջողվել է զերծ մնալ «ճամբարային» մոտեցմամբ աշխարհի բաժանման փորձերից, ինչն իր վերելքի կարևորագույն բաղադրիչներից է: Պատահական չէ, որ Հնդկաստանը Չմիավորման շարժման հիմնադիրներից է: Մի կողմից՝ ունենալով բավական սերտ համագործակցություն Արևմուտքի հետ՝ թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, Հնդկաստանը նաև բավական լավ համագործակցային դաշտ է ունեցել սկզբից ԽՍՀՄ-ի, իսկ վերջինիս փլուզումից հետո՝ ՌԴ-ի ու հետխորհրդային երկրների հետ: Նման «ճամբարային բաշխման» մեջ չընկնելն իրենց հնարավորություն է տվել բավական ճկուն գտնվել և առաջընթաց ապահովել:

Բայց, միևնույն ժամանակ, Արևմուտք-Իրան հարաբերությունները, տարաբնույթ պատժամիջոցները, քաղաքականից ռազմական հակազդեցության անցնելու ռիսկը թեկուզ չհայտարարված, բայց իրենց դերն ունեցել են Իրանի հետ Հնդկաստանի համագործակցության հարցերում: Դա առաջին գործոնն է՝ բարդացնող մեր տարածաշրջանի հետ Հնդկաստանի հարաբերությունները: Երկրորդ, Իրանի տեսանկյունից՝ Արևմուտքի հետ երկարաժամկետ հակադրությունը Թեհրանի համար բավական մեծ խնդիրներ է ստեղծում և արդյունքում օրակարգի առաջնահերթ կետերի ընտրության լրիվ այլ մեխանիզմ է գործում՝ ինչ-որ տեղ ավելի «ֆորս-մաժորի» մեխանիզմ: Երրորդը Վրաստանի ներգրավման անհրաժեշտությունն է, որի վրա էլ լուրջ ազդեցություն են թողել վերջինիս արտաքին կողմնորոշումների որոշակի փոփոխությունները՝ արևմտամետ քաղաքական գծի որդեգրումը, այս ուղղությամբ եղած զարգացումները, և, արդյունքում, որոշակի ժամանակահատվածում Արևմուտքի դերակատարման զգալի աճը:

Այսինքն, օբյեկտիվ գործոնների քանակը բոլորովին քիչ չէ: Կարող են, իհարկե, երկրներից յուրաքանչյուրի պարագայում լինել նաև սուբյեկտիվ գործոններ: Բայց միայն այն փաստը, որ պետական մակարդակով այս երկրները հասել են գիտակցման, որ իրենք ունեն միացյալ օրակարգ և դրա վրա աշխատելու դաշտ, ինքնին ոչ միայն գովելի է, այլև՝ շատ կարևոր: Իսկ ընդհանրապես, ես կարծում եմ, որ այստեղ գործ ունենք իրավիճակի հետ, երբ համագործակցության պոտենցիալը որևէ կերպ սպառված չէ, հետևաբար օրակարգի զարգացման վրա աշխատանք պետք է իրականացվի և որ ամենակարևորն է՝ հետևողական աշխատանք: Սրանք ուղղություններ են, որոնք մշտական ուշադրություն են պահանջում: Բնականաբար, նման ձևաչափերը երկկողմին փոխարինող չեն և որևէ պարագայում չեն էլ կարող լինել, բայց, միաժամանակ, կարող են նոր հնարավորություններ բացել կողմերից յուրաքանչյուրի համար:

Իսկ ինչպիսի՞ն է հայ-հնդկական փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Կա՞ համագործակցության մշակույթ, դրա կարևորության գիտակցում:

Այստեղ ևս շատ անելիքներ կան: Կարծում եմ՝ այսօր կարիք ունենք քաղաքական խորհրդատվությունների միջոցով ստանալ մի վիճակ, որ երկրներից յուրաքանչյուրն ակտիվորեն աշխատի և գործընկերոջ օրակարգերն առաջ մղի կամ առնվազն կարողանա դիմագրավել հակառակ, թշնամական տարաբնույթ նախաձեռնություններին այնպիսի կազմակերպություններում, որոնցում մյուս կողմը չկա: Օրինակ՝ խոսեցինք Չմիավորման շարժման մասին: Հիշում ենք, չէ՞, թե ինչ ակտիվությամբ էր աշխատում Ադրբեջանն այս կառույցի շրջանակներում հակահայկական նախաձեռնություններ առաջ մղելու ուղղությամբ: Արդյո՞ք նույն Չմիավորման շարժման շրջանակներում Հնդկաստանը, որպես կառույցի ներսում առանցքային դերակատարում ունեցող պետություն, իրապես ու հետևողականորեն հակադրվել է այդ օրակարգերին: Կարծում եմ՝ ո՛չ: Կա՞ այստեղ աշխատանքի դաշտ ու հնարավորություն՝ միանշանակ, այո՛: Եվ բացի այդ, նման աշխատանքն ու արձանագրված արդյունքը կլինի համագործակցության շատ լուրջ խթան թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներով:

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, որոնցում երկու պետություններն էլ անմիջականորեն ներգրավված են, ապա այդպիսիք, իրականում, շատ քիչ են, եթե, առավել ևս, չդիտարկենք ՄԱԿ-ին իր մասնագիտացված կառույցներով ու ինստիտուտներով: Այսինքն, հատումները շատ չեն, և հետևաբար քաղաքականությունը պետք է կառուցվի փոխլրացման վրա՝ օգտագործելով բարեկամական ու գործընկերային ողջ ռեսուրսը:

Խոսեցիք Ադրբեջանի հակահայկական նախաձեռնություններից: Դրանց զգալի մասն առնչվում էր արցախյան խնդրին: Միաժամանակ, Հնդկաստանը ևս ունի կոնֆլիկտներ ու չկարգավորված տարածքային խնդիրներ, օրինակ՝ Քաշմիրի հարցը: Ինչպիսի՞ն է կողմերի վերաբերմունքը միմյանց համար զգայուն այս թեմաների առնչությամբ:

Եթե դեպի ղարաբաղյան հիմնախնդիր, ապա Հնդկաստանն ուներ շատ բալանսավորված դիրքորոշում: Այս մոտեցումը պայմանավորված էր ոչ միայն և ոչ առաջին հերթին Հայաստանի կամ հայության նկատմամբ վերաբերմունքով. կար ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող կառույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն՝ ի դեմս իր համանախագահության, և Հնդկաստանը ցանկացած պատեհ առիթ օգտագործում էր՝ հանրայնացնելու իր դիրքորոշումն առ այն, որ վստահում է, պատրաստ է աջակցել Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, և որ հույս ունի, որ վերջինս կկարողանա գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին՝ խաղաղության հաստատմանը: Հայաստանն էլ, իր հերթին, ուղղակի կամ անուղղակի, պաշտպանել է Հնդկաստանի դիրքորոշումը Քաշմիրի հիմնախնդրի հետ կապված:

Խոսենք 2018 թվականից հետո ձևավորված իրավիճակից: Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից ու իշխանափոխությունից հետո արտաքին քաղաքական շատ ուղղություններում մոտեցումներ փոխվեցին: Հնդկաստանը ՀՀ արտաքին քաղաքական այն ուղղություններից էր, որտեղ ոչ միայն բացասական միտումներ չէին արձանագրվել նորանկախ շրջանից ի վեր, այլև դրական ընթացք ունեինք՝ ի դեմս ստորագրված տասնյակ պայմանագրերի ու հուշագրերի, իրականացված ծրագրերի, բարձր մակարդակով փոխայցելությունների: Վերջին տարիներին, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, խոսվում է մասնավորապես ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների մասին: ՀԱՊԿ-ից ու ՌԴ-ից հրաժարվելու մասին հայտարարությունների ֆոնին՝ իշխանությունները Հնդկաստանի հետ այս ուղղությամբ համագործակցության խորացումը ներկայացնում են որպես անվտանգային դիվերսիֆիկացիա: Սա նո՞ր երևույթ է: Դիվերսիֆիկացիայի այս հնարավորությունն անցնող տարիների ընթացքում եղե՞լ է Հայաստանի իշխանությունների աչքի առաջ և որքանո՞վ կայուն ու երկարաժամկետ կարող է այն լինել:

Թեմաները, որոնք բարձրաձայնում եք՝ զենքի առևտուր, սպառազինությունների ձեռքբերում, զինատեսակների հետ կապված պայմանագրեր, այնպիսիք չեն, որոնց մասին տեղեկատվությունը հանրային ու բաց է լինում: Հետևաբար, ես կդժվարանամ ասել՝ նախորդ շրջաններում սրա հետ կապված զարգացումներ եղե՞լ են, թե՞ ոչ, և դա համարում եմ առավել քան բնական: Անդրադառնալով մեր օրերում տեղի ունեցողին՝ Հնդկաստանի հետ այդ ուղղությամբ ցուցադրվող, ներկայացվող զարգացումներին, բազմաթիվ անպատասխան հարցեր ունեմ. սա առավելապես հանրությանը ներկայացնելու համա՞ր է, թե՞ լրջության զգալի տոկոս ունի իր մեջ, ինչպիսի՞ն կլինի իրական արդյունավետությունը, արդյոք սրանով հնարավո՞ր է իրապես դիվերսիֆիկացիա ապահովել, և ընդհանրապես, մի ուղղությունից սպառազինությունների ձեռքբերումն ավելացնելով ի՞նչ դիվերսիֆիկացիայի մասին կարող է խոսք լինել: Այսօր ես չունեմ այս հարցերի պատասխանները: Եվ գլխավոր պատճառներից մեկն այն է, որ տևական ժամանակ մենք ականատեսն ենք բոլոր ուղղություններում ՀՀ իշխանությունների այնպիսի ձեռագրերի, որտեղ PR գործոնը շատ ավելի կարևորված է, քան իրական բովանդակությունն ու խորքայինը: Կոնկրետ այս դեպքում գործ ունենք անձամբ ինձ համար բավական անհասկանալի ու անտրամաբանական երևույթի հետ՝ երբ PR-ի է ենթարկվում անգամ ռազմական համագործակցությունը: Հիմա այս բոլոր բաղադրիչներն իրականում որտե՞ղ են հատվում, և սրա արդյունավետության իրական խորությունը որքա՞ն է՝ շատ բարդ է գնահատել:

Իրականում, այս թեմայի շրջանակներում մի այլ հետաքրքիր բաղադրիչ էլ կա: Հնդկաստանը տասնամյակներ շարունակ զենքի հիմնական գնորդ-ներկրողներից է եղել աշխարհում: Վերջին շրջանում, սակայն, Հնդկաստանն առավելապես դիրքավորվում է որպես ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական ուղղությամբ զարգացող ու արդյունքների հասած երկիր՝ մեծ հավակնություններով դեպի զենքի վաճառքի հարցերում աճող դերակատարման: Սա Նյու Դելիի համար կարևոր է մի շարք ասպեկտներով՝ թե՛ տնտեսական օգուտի իմաստով, ինչը քիչ չէ, թե՛ իմիջի բարձրացման տեսանկյունից՝ որպես երկրի նոր «այցեքարտ»: Բայց այս թեմայի մեջ մի հետաքրքիր բաղադրիչ կա՝ ի դեմս ռուսական գործոնի: Ուսումնասիրման ենթակա հարցեր են, թե, օրինակ, Հնդկաստանում արտադրվող լուրջ զինատեսակների որ մասն է եղել կամ հիմա էլ հանդիսանում ՌԴ հետ համատեղ ձեռնարկության արտադրանք, տեխնոլոգիաների հիմնական մասը սեփակա՞ն են, ռուսակա՞ն, նախկին խորհրդայի՞ն, թե՞ այլ: Եվ հասկանալի է, չէ՞, որ նման իրավիճակում, երբ խոսում ենք երկրի մասին, որը ՌԴ հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը փորձում է փոխարինել հնդկականով, արդյոք տեխնիկական ու տեխնոլոգիական հարցերում հակադրությունների չի՞ հանդիպի, և հետ անցումը, եթե նման որոշում լինի, առնվազն դժվարությունների չի՞ հանդիպի:

Բայց դա միաժամանակ նաև «փափուկ» ու «նուրբ» անցման հնարավորություն է, եթե իրապես կա որոշում ապահովելու այդ անցումը:

Իհարկե: Ի դեպ, սա մեկ այլ հետաքրքիր հարց էլ է առաջ բերում առ այն, թե բացի սեփական շահը, քանի կողմից կարող էր նույն Հնդկաստանը նման նախաձեռնության ազդակ ստանալ: Եվ ընդհանրապես, սա ՀՀ իշխանությունների նախաձեռնությո՞ւնն է, թե՞ իրականում հնդկական նախաձեռնությունն է, որի համար մոտիվները ևս քիչ չեն: Կարող է, անշուշտ, լինել մոտեցում, թե դա այնքան էլ էական չէ, կարևորը՝ արդյունք լինի: Բայց քաղաքական գործընթացներում սրա ճիշտ տեղը, դերը հասկանալու համար, պիտի հասկանալ նաև սա ինչ է՝ անցման ինչ-որ շրջա՞ն է, «պատուհա՞ն» է մի պարագայում, երբ Արևմուտքը, քաղաքական հավակնություններով հանդերձ, չի լուծում անվտանգային խնդիրները, եթե «պատուհան» է, ապա արդյոք իրակա՞ն «պատուհան» է… Սրանք բոլորը հարցեր են, որոնք գործընթացները հասկանալու տեսանկյունից շատ կարևոր են: Ձեր ասածն իր ողջ խորությամբ պատկերացնել, հասկանալ, վերլուծել առանց այս հարցերի պատասխանն ունենալու, հնարավոր չէ:

Միաժամանակ, իհարկե, չենք կարող շնորհակալ չլինել Հնդկաստանին, որն այս բարդ իրավիճակում դիրքավորվում է որպես Հայաստանին բարեկամ ու Հայաստանի կողքին գտնվող երկիր:

Ինչ վերաբերում է իրական անվտանգային դիվերսիֆիկացիային, ապա այստեղ դեռ բազմաթիվ հարցեր կան: Հնարավոր դարձե՞լ է Հնդկաստանի, Ֆրանսիայի կամ այլ երկրների հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության արդյունքում ամբողջովին լրացնել անվտանգության արտաքին բաղադրիչը: Թեև սա հարց է, որը լիովին հանրայնացվող չէ կամ չպիտի լինի, բայց առնվազն կան զուգահեռ տեսանելի գործընթացներ, հանգամանքներ, որոնք կարող են որոշակի հուշումներ պարունակել: Եթե իշխանությունները հաջողել են անվտանգային դիվերսիֆիկացիայի հարցում, եթե պաշտպանությանն առնչվող խնդիրները լուծել են կամ մոտ են դրանց լուծմանը, ինչո՞վ բացատրել նույն այդ իշխանությունների կեցվածքը բանակցային կոչված գործընթացներում, ինչո՞վ բացատրել ակնհայտ հարկադրանքի ներքո բանակցային սեղանի շուրջ նստելը, զիջումների պատրաստակամությունը:

Սա, անշուշտ, չի ասվում Հնդկաստանի կամ մեր կողքին գտնվող մյուս բարեկամ, գործընկեր պետությունների արածը նսեմացնելու նպատակով: Պարզապես անհրաժեշտ է սթափ գնահատել իրավիճակը, ունեցածը, հնարավորություններն ու ռիսկերը:

Հնդկաստանի կողմից ինչպե՞ս է ընկալվում ՀՀ իշխանությունների այսօրվա մոտեցումն ու վարվող քաղաքականությունը: Ի դեպ՝ քաղաքականություն ավելի լայն կտրվածքով՝ արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխություն, հակառուսական կեցվածք, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարգավորման գործընթացներում որդեգրած դիրքորոշում, հնարավոր զիջումների շրջանակ, անորոշ հարցեր: Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում ու Հայաստանի շուրջ, Հնդկաստանի համար խնդրահարո՞ւյց է, ո՞րն է իրենց մոտեցումը:

Պատկերն ամբողջապես հասկանալու համար փորձենք մի քանի զուգահետ գործընթաց դիտարկել: Հնդկաստանի այսօրվա քաղաքականությունը, մասնավորապես՝ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը ՀՀ հետ, ինչ-որ առումով հետևանք է նաև նրա, որ, այդ թվում՝ ՀՀ վարած քաղաքականության արդյունքում հնարավոր դարձավ տարածաշրջանում Ադրբեջանի դիրքերի այս աստիճան ամրապնդում, 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակ, ինչն էլ, իր հերթին, վերջինիս կախվածության մեջ դրեց իրեն օժանդակած երկրներից՝ Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից…

Այսինքն՝ Հնդկաստանը կանգնեց Հարավային Կովկասում բալանսները վերականգնելու կամ պահպանելու խնդրի առա՞ջ:

Ինչ-որ իմաստով՝ այո: Եվ, ըստ էության, այդ խնդիրները Հնդկաստանի համար առաջացան նույն Հայաստանի վարած քաղաքականության հետևանքով: Ասածս որևէ կերպ պետք չէ ընկալել էմոցիանոլ հարթության մեջ, հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության կտրվածքով: Մենք հիմա խոսում ենք ռեալպոլիտիկի մասին: Եվ հաշվի առնելով այս ամենը՝ կարծել, թե Հնդկաստանը պիտի դրական վերաբերմունք ունենար 2018 թվականից հետո ՀՀ կողմից իրականացված քայլերի, որդեգրած քաղաքականության նկատմամբ, այնքան էլ տրամաբանական չի լինի:

Իհարկե, այս ամենի ներքո Հնդկաստանի համար առանձին հետաքրքրության դաշտ է Իրանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը, ուժային կենտրոնների հետ շփումներում ստեղծած քաոսը, անհետևողականությունը, իրարամերժ հայտարարություններն ու լրջության պակասը: Կարո՞ղ է այս ամենը դրական դիտվել. իհարկե՝ ո՛չ: Կարո՞ղ է ընկալելի լինել, որ պարտված իշխանությունը մնում է իշխանության. իհարկե՝ ո՛չ: Այլ հարց է, որ որպես պետություն՝ Հնդկաստանը ցանկացած իրավիճակում փորձում է իր համար ստեղծված հնարավորություններն օգտագործել առավելագույն չափով:

Այնուամենայնիվ, կարծում եմ՝ կան հարցեր, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն: Խոսեցինք Հնդկաստանի համար հարավկովկասյան կոմունիկացիաների կարևորության մասին: Այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումները Նյու Դելիի համար որքանո՞վ են կարևոր:

Շատ կարևոր են: Եթե այդ միջանցքը դառնալու է թյուրքական հարկադրանքով կամ վերահսկողությամբ կիրառվող գործիք, բնականաբար, դրանից օգտվելու են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ առկա գործընկերության շնորհիվ՝ նաև Պակիստանը: Այս գործոնն ինքնին առավել քան խոսուն է:

Իսկ եթե նման միջանցք է տրվում ռուսակա՞ն վերահսկողությամբ:

Կարևոր է, թե ինչն ինչի հետ ենք համեմատում: Եթե կա տարբերակ առանց որևէ երրորդ կողմի վերահսկողության, բնականաբար, դա ավելի նախընտրելի է: Եթե տեսականորեն խոսում ենք, օրինակ, թուրքական կամ ռուսական վերահսկողությունից, Հնդկաստանի համար նախընտրելի է երկրորդը:

Ընդհանրապես, նման իրավիճակները, նման թեմաների առկայությունն ու քննարկումն, այսպես թե այնպես, ձևավորում են վերաբերմունք առաջին հերթին գործող իշխանության նկատմամբ: Սա էլ պայմանավորում է գործընթացներում համապատասխան գործիքակազմերի կիրառումն՝ իր արդյունավետության այս կամ այն ցուցիչով: Օրինակ, եթե թվարկածս գործոնները չլինեին, գուցե մենք այսօր ավելի վստահ լինեինք հայ-հնդկական համագործակցության արդյունավետության, խորության վրա: Եթե այդ գործոններն ու հանգամանքները չլինեին, այլ շարժառիթներով պայմանավորված կլիներ նաև Հնդկաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Այստեղ շատ լուրջ տարբերություններ կան:

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Աշխարհաքաղաքական գրավիտացիա»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...