Skip to main content

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը

 

Հարավային Կովկասը մարդկության պատմության հնագույն ժամանակներից եղել է տարբեր պետությունների միջև պայքարի հիմնական թատերաբեմերից: Այստեղով է անցել տարբեր տերությունների ու կայսրությունների միջև սահմանագիծը, ինչը պայմանավորված էր տարածաշրջանի աշխարհագրական դիրքով և ռելիեֆով: Բարձր լեռնազանգվածներով ծածկված այս տարածքը ոչ միայն բնական սահման է, այլև միաժամանակ գերիշխող դիրք ունի հարակից տարածաշրջանների վրա: Ուստի տարբեր ժամանակաշրջաններում Հարավային Կովկասը նվաճելու փորձերը պայմանավորված էին, առաջին հերթին, սահմանակից պետությունների՝ հարակից գոտիներում իրենց քաղաքական ու ռազմական ազդեցությունը տարածելու ցանկությամբ: Այն հարմար հարթակ է դեպի Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի խորքը ներթափանցելու, դեպի Սև ու Կասպից ծովերի ավազաններ ծավալվելու համար: Հարավային Կովկասն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ մշտապես հանդիսացել է նաև եվրասիական հաղորդակցային ենթակառուցվածքների հիմնական ուղիներից ու առանցքային քաղաքական-տնտեսական հանգույցներից մեկը:

Այս տարածաշրջանին տիրելու համար աշխարհաքաղաքական պայքարի վերջին մեծ փուլի մեկնարկը կարելի է համարել 16-րդ դարը, երբ Օսմանյան կայսրությունը և Պարսկաստանը փոփոխական հաջողություններով պայքար սկսեցին Հարավային Կովկասը գրավելու համար: Երկկողմ այս հակամարտությունը վերածվեց եռակողմ և բարդ մրցակցության, երբ 18-րդ դարասկզբին Հարավային Կովկասը նվաճելու հետևողական քաղաքականություն սկսեց Ռուսական կայսրությունը: 3 կայսրությունների համար Հարավային Կովկասը նվաճումը գրեթե նույնիմաստ էր:

Ռուսաստանի համար այն բնական դարպաս էր, որի գրավումը թույլ էր տալիս ապահովել Ռուսական կայսրության հարավային սահմանների անվտանգությունը արևմուտքից և հարավից եկող սպառնալիքներից: Միաժամանակ այն կարևոր հենակետ էր դեպի Մերձավոր Արևելքի խորքը ռուսական նվաճումները շարունակելու և Հնդկական օվկիանոս դուրս գալու համար:

Իրանը, ունենալով քաղաքական, մշակութային և կրոնական մեծ ազդեցություն Հարավային Կովկասի ժողովուրդների վրա, փորձում էր վերականգնել իր խարխլված դիրքերը՝ նպատակ ունենալով ապահովել իր հյուսիսային սահմանների անվտանգությունը, չեզոքացնել հյուսիսից իրեն սպառնացող թուրքական և ռուսական ծավալապաշտական սպառնալիքները, հնարավորություն ստանալ վերահսկել Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ հաղորդակցային ուղիները:

Օսմանյան կայսրության համար Հարավային Կովկասը երկրի ողնաշարը հանդիսացող Փոքր Ասիա թերակղզու արևելյան սահմանային գոտին էր, որի հանդեպ վերահսկողությունն ապահովում էր պետության անվտանգությունն ու կենսունակությունը: Իսկ սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից, Հարավային Կովկասը Օսմանյան կայսրության կողմից դիտարկվում էր որպես գլխավոր օղակ իր նոր արտաքին քաղաքական հայեցակարգի՝ պանթյուրքիզմի իրականացման համար: Ըստ պանթյուրքական ծրագրի՝ տիրելով Հարավային Կովկասին՝ Օսմանյան կայսրությունը հնարավորություն էր ստանում իր անմիջական ազդեցությունը տարածել հարակից գրեթե բոլոր այն տարածքների վրա, որտեղ առկա էր, իսկ երբեմն մեծամասնություն էր կազմում թյուրքախոս իսլամադավան բնակչությունը, և դրանք աստիճանաբար ինտեգրել իր կազմում:

Երկկողմ մի շարք պատերազմների արդյունքում Ռուսական կայսրությունը 19-րդ դարի առաջին կեսին նվաճեց գրեթե ողջ տարածաշրջանը՝ այդպիսով հաստատվելով Հարավային Կովկասի բնական սահմանների ողջ երկայնքով և ստանալով Իրանի ու Օսմանյան կայսրության, ամբողջ եվրասիական տարածաշրջանի գործընթացների վրա ազդելու հավելյալ գործիքներ: Եթե չհաշվենք 1917-1920 թվականների եռամյա փուլը, ապա կարելի է ասել, որ Հարավային Կովկասի վրա իր տոտալ վերահսկողությունը Ռուսաստանը շարունակեց պահել մինչև 1991 թվականը, երբ դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Միությունը:

Սակայն այդ ողջ ընթացքում Իրանը և առավելապես՝ Օսմանյան կայսրությունը, փորձում էին վերականգնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում: Խորհրդային Միության փլուզումից հետո Իրանը և Թուրքիան շարունակեցին ու ակտիվացրին իրենց ջանքերը՝ վերահաստատվելու հարավկովկասյան տարածաշրջանում: Եվ չնայած Ռուսաստանն այլևս ռազմական իմաստով չէր տիրում Հարավային Կովկասին, սակայն շարունակում էր հանդիսանալ այս տարածաշրջանում ամենաազդեցիկ տերությունը՝ դիտարկելով այն որպես իր կարևորագույն ազդեցության գոտիներից մեկը:

Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ այս մրցակցությունն ընթացել է աշխարհաքաղաքական ամենատարբեր ձևաչափերով: Դրանցում հնարավոր էին երկկողմ համագործակցության դրվագներ՝ ընդդեմ երրորդ կողմի, որոնք կարող էին զուգորդվել մեկ այլ հարցում նույն այդ 2 կողմերի միջև սուր հակամարտությամբ: Եվրասիական աշխարհաքաղաքականության մասնակիցների համար Կովկասի կարևորությունը, հետևաբար վերջինիս համար ընթացող պայքարը գրեթե անփոփոխ է մնացել վերջին մի քանի խոշոր պատմական շրջափուլերում՝ առաջին աշխարհամարտի նախօրյակից մինչև սառը պատերազմ, ապա ԽՍՀՄ փլուզումից մինչև նոր գլոբալ հակամարտություն. որ ծավալվում է մեր օրերում:

Այսպիսով, թե՛ տարածաշրջանի աշխարհագրական առանձնահատկությունները, թե՛ դրա համար մրցակցող պետությունների աշխարհաքաղաքական կշիռը Հարավային Կովկասը վերածում են աշխարհի քաղաքական քարտեզի վրա գտնվող ամենակարևոր կետերից մեկի: Ուստի, պատահական չէ, որ Հարավային Կովկասում ու դրա շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները հաճախ բնութագրվում են որպես եվրասիական տարածքի «Մեծ խաղերից» մեկը, իսկ այստեղ ընթացող պատերազմները՝ «համաշխարհային նշանակություն ունեցող»:

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...