Ինձ
համար մի առանձնահատուկ ու մարդկայնորեն կարևոր խնդիր էր նաև աղետի գոտին՝ 1988 թվականի
աղետալի երկրաշարժից տուժած հյուսիսային շրջանները՝ Սպիտակ, Գյումրի, Վանաձոր քաղաքներով:
Հայաստանի
համար դա չափազանց ցավոտ խնդիր էր, քանի որ ավերված քաղաքների ու գյուղերի վերականգնման
բոլոր աշխատանքները դադարեցվել էին ՍՍՀՄ փլուզումից հետո: Տարբեր միութենական հանրապետություններից
Հայաստան ուղարկված շինարարները մի ակնթարթում անհետացան, ու նրանց հետ՝ նաև հավատը,
որ այդ գոտում մարդիկ երբևէ կանոնավոր կացարան կունենան: Պատերազմն ու էներգետիկ ճգնաժամը
սպանեցին վերջին հույսը, որ խնդիրը կհաջողվի լուծել սեփական ուժերով: Տասնյակ հազարավոր
մարդիկ տարիներ շարունակ ապրում էին ժամանակավոր հյուղակներում, առանց աշխատանքի ու
կեցության միջոցների: Աղետի գոտին օբյեկտիվորեն Հայաստանի ամենից չարացած ու բողոքավոր
տարածաշրջանն էր դարձել, որը բավական հսգս էր պատճառում իշխանություններին:
Աղետի գոտում ստեղծված վիճակն առաջին անգամ իմ ուշադրությունից գրավեց
դեռ վարչապետ դառնալուց առաջ՝ 1995 թվականի դեկտեմբերին, Հայաստանի նախագահի մոտ անցկացվող
Անվտանգության խորհրդի նիստերից մեկի ժամանակ: Այդպիսի նիստեր հաճախ էին լինում. Տեր-Պետրոսյանին դուր էր գալիս
դրանց ձևաչափը, ու նա
հաճախակի էր Անվտանգության խորհրդում քննարկման դնում երկրի համար հրատապ բազմաթիվ հարցեր: Ես նիստերին
մասնակցում էի միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղին
առնչվող հարցեր էին քննարկվում. այդ անգամ
հենց դրա համար էլ կանչել էին: Անվտանգության խորհուրդը հավաքվում էր հենց
նախագահի աշխատասենյակում, նեղ շրջանով,
10-12 հոգով: Ոչ պաշտոնական ոճով էինք շփվում, իրար դիմում ոչ թե
տիտղոսներով, այլ անունով:
Այդպիսի բաց մթնոլորտի շնորհիվ բոլորը կարող էին ազատ արտահայտվել. հասկանում էին,
որ սեղանի շուրջ զինակիցներ են նստած: Հենց աշխատասենյակում էլ ծխում
էին, ու սենյակն
այնպես էր լցվում ծխով, որ ժամանակ
առ ժամանակ ստիպված էինք լինում բացել պատուհանը, որ չխեղդվենք,
ընդ որում՝ ամենից շատ ծխում էր հենց ինքը՝ նախագահը: Ինձ՝ չծխողիս համար շատ դժվար
էր այդ նիստերին, ուր ենթարկվում
էի ծխախոտային խոր ապխտման: Եվ ահա, խորհրդակցության ամենավերջում, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ օրակարգը
սպառված է, ու կարելի
է ցրվել, Վազգեն Սարգսյանը հանկարծ ասում է.
-Սպասե՛ք: Շուտով դեկտեմբերի 7-ն
է: Եկեք որոշենք՝ այս տարի
ո՞վ է գնալու Գյումրի:
Դեկտեմբերի 7-ը
Սպիտակի երկրաշարժի տարելիցն է, այդ օրը
Հայաստանում միշտ հիշում են զոհվածներին, նրանց հիշատակին սգո արարողություններ են
կազմակերպվում աղետյալ շրջաններում, ծաղկեպսակներ են խոնարհում
հուշակոթողներին: Կառավարության ու խորհրդարանի
պաշտոնական ներկայացուցիչները անպայման մասնակցում են այդ արարողություններին: Վազգենն ընդամենը հիշեցրեց, որ
պետք է ընտրել մեկնումեկին այդ ուղևորության
համար, բայց ի պատասխան
այդ պարզ հարցի՝ սենյակում մեռյալ լռություն կախվեց: Տեսնեմ՝ բոլորն ասես շունչը պահել են,
քարացել ու ջանում են չնայել իրար աչքերի:
-Հը, ո՞վ է գնալու: Ցանկացողներ կա՞ն,- շտապեցնում
է Վազգենը:
Եվ այստեղ, համարյա միաժամանակ, ասես հրամանով,
բոլորի հայացքները սևեռվում են վարչապետ Հրանտ Բագրատյանին: Հրանտը, դա նկատելով, կծկվում
է աթոռին, վեր պարզում ձեռքերն ու սարսափած հարցնում.
-Ի՞նչ, նորից ե՞ս: Չէ՛, ավելի լավ է՝ թող հիմա
մեկ ուրիշը գնա:
Եվ բոլորն անմիջապես սկսեցին բուռն ու հախուռն
իրար վրա գցել Գյումրի մեկնելու պարտականությունը:
Ես սկզբում չհասկացա՝ ինչ է կատարվում. մտածում
էի՝ կատակում են, լիցքաթափվում նիստից հետո, բայց երբ տեսա, որ լուրջ է, շատ զարմացա:
Հարցնում եմ Վազգենին. «Ինչի՞ են վիճում»:
Եվ նա ասաց՝ նրա համար, որ մարդիկ աղետի գոտում այս բոլոր տարիներին ապրում են ծանրագույն
պայմաններում, բացասաբար են տրամադրված իշխանության նկատմամբ, պարզ ասած՝ խիստ չարացած
են նրա վրա, դրա համար էլ շատ վատ են դիմավորում իշխանության ցանկացած ներկայացուցչի,
կարող են ձվեր կամ պոմիդոր էլ շպրտել: Այդպիսի դեպքեր արդեն պատահել էին, և այնտեղ
մեկնելը տհաճ փորձություն էր:
Չգիտեմ, թե այդ անգամ հատկապես ով գնաց Գյումրի,
որովհետև անհետաձգելի գործեր ունեի ու դուրս եկա՝ չսպասելով զոհի ընտրությանը: Բայց
այդ պատմությունը, որի ականատեսը դարձա պատահմամբ, շատ խոր տպավորություն թողեց ինձ
վրա ու երկար ժամանակ հանգիստ չէր տալիս: Արցախն էլ էր խիստ տուժել պատերազմից, բայց
չկար մի գյուղ, որտեղ ինձ կամ ղեկավարության այլ ներկայացուցիչների վատ ընդունեին:
Այդպիսի իրավիճակ նույնիսկ չէի կարող պատկերացնել Ղարաբաղում: Այդ դեպքն այնպես խրվեց
հիշողությանս մեջ, որ Հայաստանի վարչապետ նշանակվելուս առաջին իսկ ամսին մեկնեցի աղետի
գոտի: Մինչ այդ երբեք այնտեղ չէի եղել, գիտեի միայն, որ իրավիճակը չափազանց ծանր է,
ու թվում էր՝ պատրաստ եմ տեսնել ինչ ասես: Բայց տեսածս պարզապես ցնցեց ինձ:
Շուրջը առաջվա պես ամենուր ավերակներ էին: Մարդիկ
արդեն որերորդ տարին ապրում էին սարսափելի պայմաններում, մշտականի վերածված «ժամանակավոր»
կացարաններում՝ խարխուլ փայտաշեն վագոն-տնակներում, որոնք արդեն կիսով չափ փտել էին
այդ տարիներին: Երկիրն ինչպե՞ս կարող է զարգանալ, եթե նրա մի մասը, ընդ որում՝ նշանակալի
մասը, այդպիսի սարսափելի վիճակում է: Այդպես չի լինում: Դա ընտանիքի պես է, եթե տանը
հիվանդ կա, ընտանիքը չի կարող անհոգ ու երջանիկ ապրել:
Ինձ շատ ջերմ ընդունեցին: Ես այդ գոտու բնակիչների
համար զուգորդվում էի Ղարաբաղի հետ. չէ՞ որ նոր էի տեղափոխվել Հայաստան, և ինձ պատասխանատու
չէին համարում այդ ողբալի վիճակի համար: Բայց հրաշալի հասկանում էի, որ միայն հիմա
է այդպես, 1-2 տարուց մեղավոր կհամարվեմ, որ ոչինչ չի փոխվում: Մարդիկ շրջապատում էին
ինձ, տանում իրենց վագոն-տնակները, և ամեն ինչ սեփական աչքերով տեսա՝ թե՛ կատարյալ
ընչազրկությունը, թե՛ ջղաձիգ տարիների ընթացքում կուտակված չարությունը: Շուրջս հավաքվել
էին տանջված, հուսահատ ու դրանից էլ չարացած մարդիկ: Բոլորի դեմքերին լքվածության ու
հուսահատության արտահայտություն էր: Տուն չկա, փող չկա, աշխատանք չկա… Նույնպիսի աղետալի
պատկեր էր բոլոր քաղաքներում, բայց ամենավատը Գյումրիի վիճակն էր: Կենտրոնի փոխարեն՝
ավերված շենքերի փլված պատեր, ավերակույտեր, քարակույտեր, ասես ողբերգությունը բոլորովին
վերջերս էր եղել:
Երկրաշարժից հետո Սովետական Միությունը վերականգնման
համար այստեղ ահռելի միջոցներ էր ուղարկել տարբեր հանրապետություններից՝ տեխնիկա, շինանյութեր,
աշխատուժ: Բայց շատ քիչ բան հասցրին վերականգնել. երկիրը շուտով դադարեց գոյություն
ունենալ: Ասենք՝ խնդիրն էլ սովետական կարգով էին դրել՝ կարճ ժամկետում բնակարաններով
ապահովել բոլոր տուժածներին: Ամեն ինչ հընթացս էր արվում, հապճեպ, առանց միասնական
պլանի ու հստակ համակարգման: Կառուցապատման համար շինհրապարակներ էին ընտրում ավերված
քաղաքների շուրջը ու զրոյից սկսում ամբողջական բնակելի թաղամասեր բարձրացնել: Ու հանկարծ
այդ ամենը միանգամից, մի ակնթարթում կանգ առավ: Արդյունքում ստացանք հատվածական թաղամասեր,
որոնք իրար հետ կապված չէին ո՛չ ենթակառուցվածքներով, ո՛չ քաղաքային միջավայրով, ո՛չ
սկսած ու լքված անհամար շենքերով ու բետոնալիցք հիմքերով, որ այլանդակում էին լանդշաֆտը:
Պարզվեց՝ գյուղերում վիճակը մի քիչ ավելի բարվոք է. այնտեղ բավական շատ բան էին հասցրել
վերականգնել:
Երկրաշարժին համարյա անմիջապես հաջորդեցին Ղարաբաղի
պատերազմը, էներգետիկ ճգնաժամը, տնտեսության քայքայումը: Ի՛նչ շինարարություն, երբ
բոլորի մտքին միայն ձմռանը մարդկանց տաքացնելն է: Միայն 1995 թե 1996 թվականի ամռանը
իշխանությունները կարողացան վարկային ծրագիր իրացնել Համաշխարհային բանկի հետ, ու քաղաքում
մի քանի նոր շենք հայտնվեց: Միջոցները բավականացրել էին միայն անպատուհան ու անդուռ
բետոնե տուփերին: Ի՞նչ անի այդպիսի շենքում տեղավորված մարդը: Պատուհան դնելու փող
չկա՛: Մարդիկ պատուհանախորշերին պոլիէթիլենային թաղանթ էին ձգում: Մենք Ղարաբաղում
էինք այդպես անում ուժգին հրետակոծությունների ժամանակ… Բայց այստեղ պատերազմ չէր,
չէ՞:
Աղետի գոտու վերականգնումը երկար տարիներ ինձ
համար դարձավ նախագահի պաշտոնում իմ գործունեության ոչ միայն ամենաառաջնահերթ խնդիրներից
մեկը, այլ նաև պատվի գործ: Տարին մի քանի անգամ մեկնում էի այնտեղ, իրավիճակը մեռյալ
կետից շարժելու ցանկացած հնարավորություն փնտրում: Ստիպված էի ոչ միայն միջոցներ գտնել
շինարարության համար, այլև վերահսկել, որ առավելագույն արդյունավետությամբ ծախսվեն:
Մենք զգալիորեն ավելացրինք բյուջետային գումարների հատկացումը, և բյուջեի մեծացմանը
զուգընթաց այդ գումարներն ավելի ու ավելի զգալի էին դառնում: Պահանջվում էր ֆինանսավորման
այլ աղբյուրներ գտնել, և դրանց ներգրավումը առաջնահերթ խնդիր դարձավ ինձ համար: Սփյուռքի
կարողությունների համախմբումը ամենաակնհայտ լուծումն էր թվում:
Մեծ հաջողություն էր, որ կարողացա պայմանավորվել
Քըրք Քըրքորյանի հետ, և աղետի գոտու վերականգնումը դարձավ նրա բարեգործական ծրագրի
մասը: Տասնյակ միլիոնավոր դոլարներ ուղարկեց նա Գյումրիում բնակելի թաղամասերի կառուցման,
Գյումրիում ու Սպիտակում դպրոցների շինարարության, թատրոնների ու թանգարանների վերականգնման
համար: Շատ բան արեց նաև խոշոր գործարար, մորմոն Ջոն Հանթսմանը՝ Յուտայից, որի հետ
նույնպես ջերմ բարեկամական հարաբերություններ էին հաստատվել: Նա առաջին անգամ Հայաստան
էր եկել 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո, աղետի չափերից ցնցված՝ պատկառելի
գումար էր փոխանցել տուժածներին: Եվ ահա Ջոնը նորից էր եկել: Նա խոստացավ Գյումրիում
մի ամբողջ թաղամաս կառուցել՝ դպրոցով, ու լիովին կատարեց խոստումը: Մեր շփումները Քըրքորյանի
ու Հանթսմանի հետ շարունակվեցին իմ նախագահության ամբողջ ընթացքում, ու ես շնորհակալ
եմ նրանց այն ամենի համար, որ արեցին ի նպաստ Հայաստանի: Նրանց հետ հարաբերություններ
հաստատելու և հետագա համագործակցության գործում մեծ դեր խաղաց արտաքին գործերի նախարար
Վարդան Օսկանյանը:
Զուգահեռ աշխատանք էր տարվում USAID-ի հետ,
ու մենք մի քանի տարի բնակելի հավաստագրերի խիստ արդյունավետ ծրագիր էինք իրականացնում.
աղետի գոտում բնակարան ձեռք բերելու հավաստագրեր էին տրվում ընտանիքներին: Դա, իր հերթին,
անմիջապես աշխուժացրեց անշարժ գույքի շուկան. գներն այլևս չէին ընկնում, կառուցելը
շահավետ դարձավ, հայտնվեցին առաջին մասնավոր ներդրումները:
Աղետի գոտում ավելի ակտիվ սկսեցին գործել նաև
«Հայաստան» համահայկական բարեգործական հիմնադրամն ու Սփյուռքի այլ բարեգործական կազմակերպություններ:
Այդպես կարողացանք միջոցներ ներգրավել ամենատարբեր աղբյուրներից, բայց դա միայն գործի
կեսն էր. պետք էր դրանք արդյունավետ օգտագործել, որպեսզի ոչ ոք չկասկածեր միջոցների
նպատակային օգտագործմանն ու կատարվող աշխատանքների որակին: Առաջին հերթին փորձեցինք
կացարանից զրկված ընտանիքների ճշգրիտ հաշվարկ անել, որպեսզի ճիշտ գնահատենք շինարարական
աշխատանքների նախատեսվող ծավալը: Այստեղ ամեն ինչ անկարելի խճճված էր. նույնիսկ կարիքավորների
հավաստի ցուցակներ չկային:
Պարզվեց, որ ժամանակավոր տնակներում բնակվելը
բոլորովին չէր նշանակում, թե ընտանիքը տնազուրկ է դարձել երկրաշարժի ժամանակ: Ժամանակավոր
կացարանները տարիներ շարունակ վերավաճառվում էին բնակարանների երկրորդային շուկայում.
ոմանք պարզապես վաճառում ու մեկնում էին, մյուսները բնակարան ստանում ու վաճառում էին
կացարանը, իսկ երրորդներն էլ բնակարան ստանում ու տնակը պահում էին երեխաների համար՝
ևս մի բնակարան ստանալու հույսով: Ժամանակավոր կացարանում ապրելը կարիքավորների ցուցակում
հայտնվելու, ուրեմնև՝ բնակարանի հերթի իրական հնարավորություն էր տալիս:
Ես հասկացա, որ շրջանը երբեք չի փակվի, մինչև
բնակարան կամ հավաստագիր ստանալու պայման չդառնա ժամանակավոր կացարանի ապամոնտաժումը:
Ժամանակավոր կացարանները աղետի գոտու խորհրդանիշ էին դարձել, շարունակվող ողբերգության
զգացողություն էին պարտադրում, մարդկանց մեջ հավերժ զոհի հոգեբանություն ձևավորում:
Եկել էր ամեն գնով այդ խարխուլ տնակներից ազատվելու ժամանակը: Բացի դրանից՝ դա հրապարակներ
կազատեր կենտրոնում կոմերցիոն շինարարության համար, ինչը նշանակում էր, որ նոր կառույցներ,
հետևաբար և լրացուցիչ աշխատատեղեր կհայտնվեին: Իհարկե, ժամանակավոր կացարանները քանդելը
հարուցեց նրանց դժգոհությունը, ովքեր դրանցով վաստակելու հույս ունեին, բայց դա չկանգնեցրեց
մեզ. քանդում էին միանշանակ, առանց բացառություններ անելու:
Փոխվեց նաև վերականգնման աշխատանքների փիլիսոփայությունը:
Մենք պատրաստվում էինք քաղաքը վերականգնել որպես կենսամիջավայր, ոչ թե պարզապես մարդկանց
տանիք տալու հնարավորություն: Գյումրին ու Սպիտակը միայն պայմանականորեն կարելի էր
քաղաք անվանել, որովհետև այդպես էր նշված փաստաթղթերում: Իրականում այնտեղ բացակայում
էր ներքին էությունը, որը միավորում է մարդկանց՝ ստեղծելով քաղաքին պատկանելու առանձնահատուկ
նույնականություն: Գյումրիի ու Սպիտակի կիսակառույց թաղամասերը մեռյալ էին, ո՛չ հոգի
կար այնտեղ, ո՛չ էներգիա:
Քաղաքի ամենագլխավոր մասը կենտրոնն է: Չէ՞ որ
կյանքի բնական ընթացքով հենց այնտեղից դեպի արվարձաններն աճելով են ստեղծվել բոլոր
քաղաքները: Քաղաք չի լինի, եթե չկա կենտրոն. այն ոչ միայն ու ոչ այնքան ֆիզիկապես է
կապում քաղաքի բոլոր մասերը: Գյումրին շրջապատող հատվածական նորակառույցներից ոտքով
չես հասնի զբոսայգի, որտեղ մարդիկ սովոր են հավաքվել, և ընդհանրապես, ոչ մի տեղ չես
հասնի: Իսկ նոր շրջաններում մարդիկ ոչինչ չունեն՝ տանիքից բացի: Ահա և ստացվում էր,
որ քաղաքում կյանք չկա. ինչպե՞ս կարող է լինել, եթե բնակելի թաղամասերը ցաքուցրիվ են,
ու ոչինչ նրանց չի կապում իրար: Գիտակցելով այդ խնդիրը՝ միանգամից բոլոր միջոցներն
ուղարկեցինք քաղաքային կենտրոնների կառուցմանը: Սկսեցինք ամրացնել ու վերականգնել կույր
պատուհանախորշերով վթարային շենքերը գլխավոր պատմական փողոցներում, իսկ բուն փողոցներն
ազատեցինք ժամանակավոր կացարանների կուտակումներից: Գյումրիի ու Սպիտակի կենտրոնական
շրջանները համատարած շինհրապարակ դարձան, այնքան մեծ, որ աշխատուժը չէր բավականացնում,
չնայած շինարարներ ուղարկվում էին Հայաստանի բոլոր կողմերից:
Մեր ծրագիրը գործեց: Իրենց կենտրոնների հետ քաղաքներն էլ սկսեցին կենդանություն առնել, հայտնվեցին խանութներ, սրճարաններ, պուրակներ, մի խոսքով՝ այն ամենը, ինչը սովորաբար հատուկ է քաղաքային կենտրոններին: Իսկ ամենագլխավորը՝ ժպիտ հայտնվեց մարդկանց դեմքին: Զուգահեռ վերականգնեցինք քաղաքային ամբողջ ենթակառուցվածքը, կառուցեցինք մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, գրադարաններ, ակումբներ: Վերջապես շնչեց նաև փոքր ու միջին բիզնեսը, սկսեցին նոր աշխատատեղեր բացվել:
Նախագծում նշանակալի դեր ունեցավ, առաջին հերթին,
այդ ժամանակվա քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, Լոռու և Շիրակի մարզպետեր Հենրիկ
Քոչինյանն ու Ֆելիքս Փիրումյանը, ինչպեսև Գյումրու ու Վանաձորի քաղաքապետերը: Ես հնարավոր
ամեն ինչ արեցի, որպեսզի «աղետի գոտի» անվանումը չքանա կենցաղից: Անթույլատրելի է,
որ հայրենիքդ «աղետի գոտի» կոչվի և ընկալվի որպես այդպիսին:
Գյումրի և Սպիտակ քաղաքների «երկրորդ ծնունդը»
նախագահության տարիների իմ ամենագլխավոր ձեռքբերումներից եմ համարում: Եվ դա պարզապես
արված գործերի ցուցակի տող չէ, այլ այն, ինչով իսկապես հպարտանում եմ: Գիտեմ, որ կարող
եմ այցելել այդ քաղաքներից յուրաքանչյուրը, հանգիստ շրջել փողոցներով ու նայել մարդկանց
աչքերին, որովհետև արել եմ ինձնից կախված ամեն ինչ՝ նրանց կյանքը լավացնելու համար:
Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»
Comments
Post a Comment